Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 369-ՐԴ ԵՎ 4...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 369-ՐԴ ԵՎ 411-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0248/02/13
2014 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0248/02/13   
Նախագահող դատավոր`   Լ.Գրիգորյան
Դատավորներ`                     Գ.Մատինյան
                                                 Ն.Տավարացյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե.Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Աողոմոնյանի

                   

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ժիրարմ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ժիրարմ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Վառմաշ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

i

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 13.580.685 ՀՀ դրամ` հաշվարկելով այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները` սկսած 18.05.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, տույժ, որը հաշվարկվում է վճարման ենթակա, բայց չվճարված ամբողջ գումարի նկատմամբ օրական 0,15 տոկոսի չափով սկսած 18.05.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.11.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 02.08.2013 թվականի վճիռը և փոփոխվել` պարտքի գումարի նկատմամբ օրական 0,15 տոկոսի չափով տույժի գումարը բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժվել է, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ և 411-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պայմանագրով սահմանված պատասխանատվության չափ (տուժանք) նախատեսված լինելու դեպքում պետք է գործի պայմանագրով սահմանված պատասխանատվության չափը, այլ ոչ թե` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի պատճառաբանել, թե ինչու պետք է կիրառվի օրենքով սահմանված տոկոսադրույքը, այլ ոչ թե` կողմերի միջև գրավոր համաձայնեցված տուժանքի չափը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.11.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` պարտքի գումարի նկատմամբ հաշվարկել պայմանագրով նախատեսված օրական 0,15 տոկոսի չափով տույժ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված տոկոսները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերության և Կազմակերպության միջև 15.04.2012 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է 2012 թվականի ընթացքում Կազմակերպությանը հանձնել 3-րդ համարի 60-70 և 85-100 մակնիշի նավթային բիտում` քանակությունն ըստ գնորդի պահանջի, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել և վճարել 1 ամսվա ընթացքում իր պահանջած ապրանքների համար: Պայմանագրի 2.7 կետի համաձայն` գնորդի կողմից ապրանքը ստանալուց հետո պայմանագրով սահմանված կարգով վճարումը չկատարելու կամ ոչ լրիվ կատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է տույժ` չփոխանցված կամ պակաս փոխանցված գումարի 0,15 տոկոսի չափով: Պայմանագրի 4.2 կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մինչև 30.12.2012 թվականը (գ.թ. 32-33).

2. 17.04.2012 թվականին կազմված թիվ Ա4120564682 ապրանքների մատակարարման հարկային հաշվի համաձայն` Ընկերությունը Կազմակերպությանը մատակարարել է 45,24 տոննա նավթային բիտում, որի համար վճարման ենթակա գումարը կազմում է 13.580.685 ՀՀ դրամ (գ.թ. 6-8).

3. Կազմակերպությունը չի կատարել 15.04.2012 թվականին Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների և պայմանագրով նախատեսված տույժի միաժամանակյա կիրառման հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` տուժանք է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում:

Վերոնշյալից հետևում է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող միջոց է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ` դրամական պատասխանատվություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: Վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածից հետևում է, որ վնասի հատուցման կամ պայմանագրային պարտավորությունները չկատարելու կետանցի համար սահմանված պատասխանատվության այլ կարգի առկայության դեպքում կամ եթե տոկոսի (տուժանքի) այլ չափ նախատեսված է պայմանագրով, ապա նույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգը չի գործում: Օրենսդրության նման ձևակերպումը կոչված է ապահովելու կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության սկզբունքը (տե՛ս «Թամամ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի` թիվ 3-27(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

i

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման ոչ միայն այն պարագայում, երբ կողմերի համաձայնությամբ նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ պարտավորությունների խախտման համար, այլ նաև այն դեպքում, երբ կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված է պատասխանատվություն պարտավորությունների խախտման համար, սակայն այդ պատասխանատվությունը որոշակի ժամանակահատվածով է նախատեսված: Վերջինիս պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման այդ ժամանակահատվածի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը: Այսինքն` օրենքով նախատեսված տվյալ պատասխանատվության միջոցը լրացուցիչ միջոց է, որը առաջ է գալիս այն դեպքում, երբ պարտավորությունների խախտումը շարունակվում է:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելով, արձանագրել է, որ Դատարանը, պարզելով, որ հայցվորի առջև պատասխանողն ունի դրամական պարտավորություններ, եկել է այն անհիմն եզրահանգման, որ նույն ժամանակահատվածի համար, այն է` նշված պարտավորության ծագման պահից մինչև դրա դադարման պահը պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է հաշվարկել և բռնագանձել դրամական միջոցների նկատմամբ հաշվեգրված և՛ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, և՛ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված տուժանքի գումարը, ինչը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ և 411-րդ հոդվածների պահանջներին: Վերը շարադրվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը պատասխանողից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձեր միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրված տոկոսները:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Կազմակերպության միջև 15.04.2012 թվականին կնքված պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է 2012 թվականի ընթացքում Կազմակերպությանը հանձնել 3-րդ համարի 60-70 և 85-100 մակնիշի նավթային բիտում` քանակությունն ըստ գնորդի պահանջի, իսկ գնորդը պարտավորվել է ընդունել և վճարել 1 ամսվա ընթացքում իր պահանջած ապրանքների համար: Նշված պայմանագրով նախատեսվել է, որ գնորդի կողմից պայմանագրով սահմանված կարգով վճարումը չկատարելու կամ ոչ լրիվ կատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկում է տույժ` չփոխանցված կամ պակաս փոխանցված գումարի 0,15 տոկոսի չափով: 17.04.2012 թվականին կազմված թիվ Ա4120564682 ապրանքների մատակարարման հարկային հաշվի համաձայն` Ընկերությունը Կազմակերպությանը մատակարարել է 45,24 տոննա նավթային բիտում, որի համար վճարման ենթակա գումարը կազմել է 13.580.685 ՀՀ դրամ, որը Կազմակերպության կողմից չի վճարվել:

Վերը շարադրված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերն իրենց միջև կնքված պայմանագրով պատասխանատվություն են նախատեսել մատակարարված ապրանքների դիմաց գնորդի կողմից վճարելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` պայմանագրի 2.7 կետում սահմանելով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չփոխանցված կամ պակաս փոխանցված գումարի 0,15 տոկոսի չափով տույժ վճարելու պարտականություն: Միաժամանակ, նկատի ունենալով, որ նշված պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 30.12.2012 թվականը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրով նախատեսված պատասխանատվությունը ենթադրել է ժամկետային որոշակի սահմանափակում:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերոնշյալ փաստերը, գործով սխալ հետևության է հանգել և կողմերի միջև կետանցի որոշակի ժամանակահատվածի համար պատասխանատվության այլ կարգ նախատեսված լինելու պարագայում նշված ժամանակահատվածի համար բռնագանձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն այն դեպքում, երբ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները կարող են հաշվարկվել 30.12.2012 թվականից հետո միայն, իսկ 18.05.2012 թվականից մինչև 30.12.2012 թվականը վճարումներ չկատարելու ժամանակահատվածի նկատմամբ ենթակա է հաշվարկման և բռնագանձման 15.04.2012 թվականին կնքված ապրանքի մատակարարման պայմանագրի 2.7 կետով նախատեսված օրական 0,15 տոկոսի չափով տույժի գումարը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նշված հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2013 թվականի որոշումը և այն փոփոխել. «Վառմաշ» ՍՊԸ-ից հօգուտ «Ժիրարմ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.603.852,22 ՀՀ դրամ` որպես 13.580.685 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ սկսած 18.05.2012 թվականից մինչև 30.12.2012 թվականն օրական 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժի գումար, իսկ 30.12.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը 13.580.685 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

2. «Վառմաշ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 92.077,04 ՀՀ դրամ` որպես 18.05.2012 թվականից մինչև 30.12.2012 թվականը 13.580.685 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ օրական 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժի գումարի երկու տոկոսը, ինչպես նաև 30.12.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը 13.580.685 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի երկու տոկոսի չափով գումար` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրք:

«Վառմաշ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 138.115,56 ՀՀ դրամ` որպես 18.05.2012 թվականից մինչև 30.12.2012 թվականը 13.580.685 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ օրական 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժի գումարի երեք տոկոսը, ինչպես նաև 30.12.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը 13.580.685 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի երեք տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. «Վառմաշ» ՍՊԸ-ից հօգուտ «Ժիրարմ» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

4. «Վառմաշ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 138.115,56 ՀՀ դրամ` որպես 18.05.2012 թվականից մինչև 30.12.2012 թվականը 13.580.685 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ օրական 0,15 տոկոսի չափով հաշվարկված տույժի գումարի երեք տոկոսը, ինչպես նաև 30.12.2012 թվականից մինչև պարտավորության դադարման օրը 13.580.685 ՀՀ դրամ պարտքի գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսագումարի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից գումար` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.03.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, որից հաշվանցել «Վառմաշ» ՍՊԸ-ից հօգուտ «Ժիրարմ» ՍՊԸ-ի բռնագանձման ենթակա վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված 20.000 ՀՀ դրամ պետական տուրքը:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԼԴ/0248/02/13
Որոշում