Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ՏԴ1/0046/02/13 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0046/02/13

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Կ. Չիլինգարան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արծրուն Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արծրուն Պողոսյանի ընդդեմ «ԳԻՏԻ-ՏՕՍՏՕ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` շարժական գույքը վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արծրուն Պողոսյանը պահանջել է Ընկերությունից վերադարձնել 01.09.2012 թվականին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով հանձնված գույքն ամբողջությամբ:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչիկյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.10.2013 թվականի որոշմամբ Արծրուն Պողոսյանի և Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 29.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արծրուն Պողոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, վերլուծելով Ընկերության և Բանկի միջև կնքված վարկային պայմանագիրը, գնահատման հաշվետվությունը, հանգել է այն հետևության, որ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագրով Բանկը նկատի է ունեցել այն գույքը, որը նշվել է կատարված գնահատման արդյունքում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագրով Ընկերության վարկային պարտավորության մի մասի դիմաց է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեի անշարժ գույքը հանձնվել Բանկին: Տվյալ դեպքում վարկային պայմանագիրը և այդ ընթացքում կատարված գրավի առարկայի գնահատումը չեն կարող էական նշանակություն ունենալ սույն իրավահարաբերության համար, քանի որ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին կողմերի միջև կնքվել է առանձին պայմանագիր, որում հստակ նշվել է միայն անշարժ գույքը պարտքի դիմաց Բանկին հանձնելու մասին Ընկերության համաձայնությունը, իսկ վիճելի շարժական գույքի վերաբերյալ նշված պայմանագիրը որևէ նշում չի պարունակում:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքի գնահատման կապիտալավերածման մեթոդի կիրառմամբ գույքի արժեքն ավելացել է ընդամենը 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամով, մինչդեռ շարժական գույքի շուկայական արժեքը 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ է:

Վերաքննիչ դատարանը, ամբողջական վերլուծության չենթարկելով գործում առկա փաստերը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ 03.12.2012 թվականին, այսինքն` մինչև անշարժ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագիր կնքելը, Ընկերությունը Բանկին տեղեկացրել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շարժական գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արծրուն Պողոսյանին:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով հիմնավորվում է շարժական գույքը սեփականության իրավունքով հայցվոր Արծրուն Պողոսյանին պատկանելու հանգամանքը, անտեսել է այն, որ վիճելի շարժական գույքը սեփականության իրավունքով հայցվորին պատկանելու հանգամանքը որևէ անձի կողմից չի վիճարկվել:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.10.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 01.09.2012 թվականին Արծրուն Պողոսյանի և Ընկերության տնօրեն Գրիգոր Ոսկանյանի միջև անորոշ ժամկետով կնքվել է գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), համաձայն որի` Ընկերության (փոխառուի) ժամանակավոր, անհատույց օգտագործմանն է հանձնվել նույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող թիվ 1 հավելվածում նշված գույքը: Պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագրի 1.2 կետում նշված գույքը սեփականության իրավունքով պատկանում է փոխատուին` Արծրուն Պողոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 11-17).

2) 31.08.2012 թվականին Բանկի (այսուհետ` Գրավառու), Ընկերության (այսուհետ` Վարկառու) և Գրիգոր Ոսկանյանի (այսուհետ` Գրավատու) միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ Կ2605/3 պայմանագրի (այսուհետ` Հիփոթեքի պայմանագիր) 1.1 կետի համաձայն` վարկատուի կողմից հատկացվող վարկի շրջանակներում ապահովվել է Բանկի (վարկատու) և Ընկերության (վարկառու) միջև 21.08.2012 թվականին կնքված թիվ Կ2605 գլխավոր վարկային պայմանագրի կատարումը: Հիփոթեքի պայմանագրի 1.2 կետի համաձայն` գրավադրվել է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 բնակելի տունը (հատոր 2-րդ, գ.թ. 75).

3) 03.12.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումով Ընկերության տնօրեն Գրիգոր Ոսկանյանը հայտնել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, գրավի առարկա չհանդիսացող շարժական գույքը հանդիսանում է Արծրուն Պողոսյանի սեփականությունը, որը վերջինիս կողմից հանձնվել է Ընկերության անհատույց օգտագործմանը, և խնդրել է թույլատրել նշված շարժական գույքը հանել գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի ներսից (հատոր 1-ին, գ.թ. 18).

4) Բանկի 11.12.2012 թվականի թիվ 12-54 գրությամբ Ընկերությանը հայտնվել է, որ դիմումը ենթակա է մերժման, քանի որ «Գնահատողների Միություն» ՓԲԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությունը կազմվել է` կիրառելով նաև գույքից ստացվող եկամուտների կապիտալավերածման մեթոդը, իսկ նշված անշարժ գույքից հնարավոր չէ ակնկալել միևնույն եկամուտն առանց պատկանելիք հանդիսացող շարժական գույքի: Նշված գրության 1-ին պարբերությամբ նշվել է նաև, որ Ընկերության կողմից որպես գրավ առաջարկվել է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 19).

5) Ի պատասխան Արծրուն Պողոսյանի նույնաբովանդակ դիմումի` Բանկի 28.12.2012 թվականի գրությամբ վերջինիս հայտնվել է, որ ներկայացված առաջարկը չի կարող քննարկվել` անհիմն լինելու պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 20).

6) Բանկի վարչության նիստի 12.12.2012 թվականի թիվ 159 արձանագրության եզրափակիչ մասի 1-ին կետի համաձայն` որոշվել է Ընկերության վարկային պարտավորության մի մասի դիմաց ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդունել Բանկին ի սեփականություն` 927.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Նույն արձանագրության եզրափակիչ մասի 4-րդ կետով որոշվել է գույքագրված շարժական գույքը ձևակերպել Բանկի արտահաշվեկշռում` որպես մեկ միավոր (հատոր 1-ին, գ.թ. 36).

7) 25.12.2012 թվականին նոտարական կարգով վավերացված գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագրի համաձայն` Ընկերությունը 31.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ Կ2605/3 պայմանագրով գրավադրված ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը պարտավորության մի մասի` 377.289.000 ՀՀ դրամի դիմաց հանձնել է Բանկին` ի սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյո՞ք անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի գրավադրումը ենթադրում է նաև այլ անձի սեփականության իրավունքով պատկանող, սակայն գրավադրված անշարժ գույքի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպության անհատույց օգտագործմանը հանձնված շարժական գույքի գրավադրում:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականության իրավունքից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Նշված դրույթների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:

Վերոգրյալով է պայմանավորված սեփականատիրոջ կողմից իր գույքի նկատմամբ իրավունքների ու շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճորեն իրականացնելու իր օգտագործման, տնօրինման և տիրապետման իրավազորությունը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գույքի անհատույց օգտագործման պայմանագրով (փոխատվության պայմանագիր) մի կողմը (փոխատուն) պարտավորվում է գույքը հանձնել կամ հանձնում է մյուս կողմի (փոխառուի) անհատույց ժամանակավոր օգտագործմանը, իսկ վերջինս պարտավորվում է այդ գույքը վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գույքն անհատույց օգտագործման հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը և օրենքով կամ սեփականատիրոջ կողմից դրա համար լիազորված այլ անձանց:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի անհատույց օգտագործման համար ստացված գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը միայն փոխատուի համաձայնությամբ` պատասխանատու մնալով փոխատուի առջև:

Նշված դրույթների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ գույքի անհատույց օգտագործման պայմանագրով գույքի սեփականատերը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) անհատույց ժամանակավոր օգտագործմանն է հանձնում (կամ պարտավորվում է հանձնել) գույք, որի նկատմամբ բացառիկ իրավունքը (տնօրինման իրավազորությունը) պատկանում է գույքի սեփականատիրոջը կամ դրա համար լիազորված այլ անձանց: Միաժամանակ փոխառուն, հանդիսանալով անհատույց օգտագործման պայմանագրով հանձնված գույքի բացառապես օգտագործման իրավունք կրող սուբյեկտ, զրկված է առանց փոխատուի համաձայնության վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնելու իրավունքից, որպիսի իրավունքի չարաշահման արդյունքում փոխառուն է հանդիսանում դրա հետևանքների ռիսկը կրող սուբյեկտ:

Այսպիսով, փոխառուն կարող է անհատույց օգտագործման համար ստացված գույքը հանձնել երրորդ անձի բացառապես օգտագործման իրավունքով և այն էլ միայն փոխատուի համաձայնությամբ` պատասխանատու մնալով փոխատուի առջև:

Տվյալ դեպքում Դատարանը, հաստատված համարելով, որ 01.09.2012 թվականին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրին կից թիվ 1 հավելվածով հաստատված գույքը հանդիսացել է Արծրուն Պողոսյանի սեփականությունը, որը վերջինս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է Ընկերությանը, հանգել է այն հետևության, որ վիճելի շարժական գույքը հանդիսացել է գրավադրված գույքի հիմնական մասը` որպես գլխավոր գույքի պատկանելիք, հետևաբար գրավի առարկա գույքի նկատմամբ գրավատուի իրավունքները (գրավի իրավունքը) տարածվում են նաև դրա պատկանելիքների վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին» պայմանագրով Գրիգոր Ոսկանյանը Բանկին ի սեփականություն է հանձնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև նույն հասցեում գտնվող շարժական գույքը` առանց Բանկին տեղեկացնելու վիճելի շարժական գույքի սեփականատեր չհանդիսանալու մասին, Դատարանն արձանագրել է, որ Բանկը շարժական գույքը ձեռք է բերել օրինական հիմքերով, հետևաբար բացակայում է նշված շարժական գույքը բարեխիղճ ձեռքբերողից վերադարձնելու հիմքերը:

Վերաքննիչ դատարանը 17.10.2013 թվականի որոշմամբ պատճառաբանել է, որ Գրիգոր Ոսկանյանի կողմից Բանկին գույքի գնահատման ակտ ներկայացնելու պահին հայտնի է եղել, որ գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը գնահատվում է դրանում առկա շարժական գույքի հետ միասին, մինչդեռ վերջինիս կողմից ինչպես Բանկին, այնպես էլ վիճելի շարժական գույքի սեփականատիրոջը` Արծրուն Պողոսյանին, չի տեղեկացվել նշված փաստի մասին: Պատճառաբանելով, որ վիճելի շարժական գույքն Արծրուն Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանելու վերաբերյալ առկա չէ որևէ ապացույց, իսկ վարկային պայմանագիրը կնքելիս Ընկերությունը սահմանափակված չի եղել Բանկին տեղեկություն տալու գրավադրված անշարժ գույքում առկա շարժական գույքն այլ անձի պատկանելու վերաբերյալ, ինչը չի արել, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանն իրականացրել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` կողմերի հավասարության և մրցակցության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննություն` կայացնելով օրինական, արդար և պատճառաբանված դատական ակտ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ 01.09.2012 թվականին Արծրուն Պողոսյանի և Ընկերության տնօրեն Գրիգոր Ոսկանյանի միջև անորոշ ժամկետով կնքված Պայմանագրի համաձայն` Ընկերության ժամանակավոր, անհատույց օգտագործմանն է հանձնվել նույն պայմանագրի անբաժանելի մաս կազմող թիվ 1 հավելվածում նշված գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է փոխատու Արծրուն Պողոսյանին:

31.08.2012 թվականին կնքված Հիփոթեքի պայմանագրի 1.1 կետի համաձայն` վարկատուի կողմից հատկացվող վարկի շրջանակներում ապահովվել է Բանկի (վարկատու) և Ընկերության (վարկառու) միջև 21.08.2012 թվականին կնքված թիվ Կ2605 գլխավոր վարկային պայմանագրի կատարումը, և գրավադրվել է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 բնակելի տունը:

25.12.2012 թվականին նոտարական կարգով վավերացված գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագրի համաձայն` Ընկերությունը 31.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ Կ2605/3 պայմանագրով գրավադրված ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը պարտավորության մի մասի` 377.289.000 ՀՀ դրամի դիմաց հանձնել է Բանկին` ի սեփականություն:

Վերոգրյալից հետևում է, որ ինչպես Հիփոթեքի, այնպես էլ գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագրերի առարկան հանդիսացել է միայն ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 հասցեի անշարժ գույքը, իսկ նշված հասցեում առկա վիճելի շարժական գույքը սեփականության իրավունքով պատկանել է Արծրուն Պողոսյանին և վերոնշյալ գրավի պայմանագրի կնքումից հետո է միայն 01.09.2012 թվականին կնքված Պայմանագրով հանձնվել Ընկերության ժամանակավոր, անհատույց օգտագործմանը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Ընկերության տնօրենը Բանկին չի տեղեկացրել շարժական գույքն այլ անձին պատկանելու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության տնօրենի կողմից 03.12.2012 թվականին Բանկին հասցեագրված դիմումի համաձայն հայտնվել է, որ գրավի առարկա չհանդիսացող շարժական գույքը հանդիսանում է Արծրուն Պողոսյանի սեփականությունը, որը տրված է եղել Ընկերության անհատույց և ժամանակավոր օգտագործմանը, միաժամանակ պահանջ է ներկայացվել նշված շարժական գույքը գրավի առարկա անշարժ գույքի ներսից հանելու վերաբերյալ, որպիսի պահանջը Բանկի 11.12.2012 թվականի թիվ 12-54 գրությամբ մերժվել է: Այսինքն` գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին պայմանագիրը կնքելու ժամանակ` 25.12.2012 թվականին, Բանկը տեղյակ է եղել վիճելի շարժական գույքն այլ անձի պատկանելու մասին, ավելին` Բանկն իր գործողություններով մերժել է վիճելի շարժական գույքը սեփականատիրոջը վերադարձնելու մասին Ընկերության պահանջը:

Հաշվի առնելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ շարժական գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրով հանձնված գույքի տնօրինման իրավունքը բացառապես պատկանում է գույքի սեփականատիրոջը` փոխատուին, և վերջինիս համաձայնության բացակայության պայմաններում այն չի կարող տնօրինվել փոխառուի կողմից այն պատճառաբանությամբ, որ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը ենթադրում է հանձնված գույքի` փոխառուի միայն օգտագործման իրավունքը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը, արձանագրում է, որ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել սեփականատիրոջ` փոխատուի գույքի սեփականության իրավունքի իրացման և փոխառուի օգտագործման իրավունքի միջև հավասարակշռությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, դրանք չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Միաժամանակ հաշվի առնելով, որ ստորադաս դատարանների կողմից հայցի մերժման հիմքում դրվել է նաև այն հանգամանքը, որ վիճելի շարժական գույքը գրավադրված գույքի պատկանելիքն է, որը հետևել է գրավի առարկայի ճակատագրին, ուստի Բանկից այն հետ պահանջելու իրավական հիմքը բացակայում է, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն`գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի առարկա գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները (գրավի իրավունքը) տարածվում են նաև դրա պատկանելիքների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն` այլ (գլխավոր) գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը (պատկանելիք) հետևում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գրավը պարտավորության կատարման ապահովման միջոց է, որով կարող է գրավադրվել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ այն գույքի, որն օրենքով սահմանված կարգով գրավադրման ենթակա չէ, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: Ընդ որում, օրենսդիրը, գրավի առարկայի նկատմամբ սահմանելով գրավառուի իրավունքները, ամրագրել է նաև գրավառուի իրավունքները գրավի առարկայի պատկանելիքների վրա` նշելով մեկ բացառություն, այն է` պայմանագրով այլ բան նախատեսված լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի առարկայի պատկանելիքների վրա գրավառուի գույքային իրավունքների տարածման հարցը լուծելիս դատարանները նախ պետք է պարզեն տվյալ գործով գրավի առարկան, որից հետո նոր միայն որոշեն այլ գույքի` գրավի առարկայի (գլխավոր իրի) պատկանելիք լինելու հարցը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ յուրաքանչյուր առանձին դեպքում այս կամ այն իրի պատկանելիք լինելու հարցը պարզելու համար անհրաժեշտ է վեր հանել այդ իրի կապն այն իրի հետ, որը հանդիսանում է գործով վիճելի իրավահարաբերության օբյեկտը: Ընդ որում, իրի պատկանելիքները հարկ է տարբերակել իրի բաղկացուցիչ մասերից:

Այսպես` եթե մի քանի իր միմյանց հետ փոխկապակցված են որոշակի տնտեսական նշանակությամբ, ապա գլխավոր հանդիսանում է այն իրը, որն ունի ինքնուրույն նշանակություն և կախված չէ այլ իրերից, իսկ պատկանելիք է այն իրը, որը ծառայում է ի օժանդակություն գլխավորին և լրացնում է այն: Պատկանելիքը, փոխկապակցված լինելով գլխավոր իրի հետ, ծառայում է այդ իրի տնտեսական նշանակությանը և բարձրացնում դրա օգտագործման օգտակարությունը` ավելացնելով ոչ միայն օգտագործվող իրի նյութական, այլև էսթետիկական կողմը: Ընդ որում, պատկանելիքը չլինելով գլխավոր իրի բաղկացուցիչ մաս, այլ ծառայելով գլխավոր իրին, վերջինիս հետ հանդես է գալիս որպես մեկ ամբողջություն: Դա է պատճառը, որ օրենսդիրն ամրագրել է պատկանելիքի` գլխավոր գույքի ճակատագրին հետևելու դրույթը` բացառություն նախատեսելով պայմանագրում այլ բան նախատեսված լինելը:

Ի տարբերություն իրի (գույքի) բաղկացուցիչ մասի, պատկանելիքն ունի ինքնուրույն նշանակություն: Բացի այդ, ֆիզիկապես և՛ գլխավոր իրը, և՛ պատկանելիքը կարող են գոյություն ունենալ առանձին (օրինակ` ակնոցն ու իր պատյանը, որում ակնոցը` գլխավոր, իսկ պատյանը` պատկանելիք, շախմատը, որում խաղատախտակը` գլխավոր, իսկ խաղաքարերը` պատկանելիք):

Սույն գործով ստորադաս դատարանները, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գնահատման հաշվետվությանը կից հավելվածով Բանկին ներկայացվել են նաև գույքի լուսանկարները, որոնցից երևում են հայցվորի կողմից նշված շարժական գույքի մի մասը, հանգել են այն հետևության, որ վիճելի շարժական գույքը գրավադրված հիմնական գլխավոր գույքի պատկանելիքն է, հետևաբար գրավի առարկա գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները (գրավի իրավունքները) տարածվում են նաև դրա պատկանելիքների վրա:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հաշվետվությունից պարզ չէ, թե ինչպիսի շարժական գույք է գնահատվել գնահատման եկամուտների կապիտալավերածման եղանակն օգտագործելիս: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ 01.09.2012 թվականի Պայմանագրի թիվ 1 հավելվածում նշված թվով 80 անուն շարժական գույքը նույնական է գնահատման եկամուտների կապիտալավերածման եղանակով գնահատված շարժական գույքի հետ, որի դեպքում միայն հնարավոր կլիներ որոշել այդ իրի կապը գրավի առարկայի հետ, այսինքն` վիճելի շարժական գույքի պատկանելիք լինելու փաստը:

Բացի այդ, ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ վիճելի թվով 80 անուն շարժական գույքի վերաբերյալ անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվել է 01.09.2012 թվականին, այսինքն` ավելի ուշ, քան կատարվել է վերոնշյալ գնահատումը:

Ավելին, ստորադաս դատարանները որևէ կերպ չեն հիմնավորել վիճելի շարժական գույքի և սույն գործով գրավի առարկայի, այն է` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Դեմիրճյան թաղամասի 8-րդ փողոցի թիվ 1 բնակելի տան որոշակի տնտեսական նշանակությամբ փոխկապակցվածության փաստը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճի առարկա թվով 80 անուն շարժական գույքի պատկանելիք լինելու հարցը սույն գործով հաստատված համարելիս ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ՏԴ1/0046/02/13
Որոշում