Սեղմել Esc փակելու համար:
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՀՀ ՔՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                             ԿԴ1/0053/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ1/0053/01/12

Նախագահող դատավոր` Մ. Ռեհանյան

    Դատավորներ`        Լ. Թադևոսյան

                       Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ պաշտպան     Ե. Մարգարյանի

 

    2014 թվականի մարտի 28-ին                   ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Սամվել Սամվելի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մայիսի 17-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Աբրահամյանի պաշտպաններ Լ.Մարգարյանի և Շ.Բրեյդիի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2012 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 20116712 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2012 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ Սամվել Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

2012 թվականի օգոստոսի 31-ին Ս.Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 29-ի դատավճռով Սամվել Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Ս.Աբրահամյանի պաշտպաններ Լ.Մարգարյանի և Շ.Բրեյդիի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մայիսի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 29-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մայիսի 17-ի որոշման դեմ ամբաստանյալ Ս.Աբրահամյանի պաշտպաններ Լ.Մարգարյանի և Շ.Բրեյդիի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ վերադարձվել է, և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու ժամկետ է սահմանվել:

Ամբաստանյալ Ս.Աբրահամյանի պաշտպաններ Լ.Մարգարյանը և Շ.Բրեյդին կրկին վճռաբեկ բողոք են ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ս.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2010 թվականի մայիսի 10-ին անցել է կցագրում Կոտայքի տարածքային զինկոմիսարիատում և նախազորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար: 2012 թվականի փետրվարի 15-ին Ս.Աբրահամյանն անցել է զորակոչային հանձնաժողով, որտեղ նախազորակոչային բժշկական հանձնաժողովը վերջինիս ճանաչել է պիտանի զինվորական ծառայության համար: 2012 թվականի մայիսի 18-ին Ս.Աբրահամյանը ներկայացրել է դիմում` ուղղված ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի տարածքային զինվորական կոմիսարին այն մասին, որ ինքը հանդիսանում է Եհովայի վկա աղանդավորական կազմակերպության անդամ և ըստ հավատքի` իր խիղճը դաստիարակել է Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, այն է` չպետք է զենք կրի և վարժվի պատերազմի ու հրաժարվել է ծառայել ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև հրաժարվել է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված այլընտրանքային ծառայությունից» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 68):

6. 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել համապատասխանաբար «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում:

7. 2013 թվականի հուլիսի 23-ին ամբաստանյալ Ս.Աբրահամյանն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Աբովյան քաղաքի զինվորական կոմիսարիատ (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 264):

8. Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ Ս.Աբրահամյանի դիմումը բավարարվել է, նա այլընտրանքային աշխատանքային ծառայության է նշանակվել «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում որպես բակի հավաքարար (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 289):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձինք նշել են, որ սույն գործով ամբաստանյալ Ս.Աբրահամյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 29-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 2013 թվականի հունիսի 8-ին ուժի մեջ է մտել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված օրենքը: Վերջինիս հիման վրա ստեղծվել է այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի նկատմամբ նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:

Բողոքի հեղինակները նշել են, որ Ս.Աբրահամյանը 2013 թվականի հուլիսի 23-ին այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, որն այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ բավարարվել է:

Բողոքի հեղինակները, վկայակոչելով «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ մասը, գտել են, որ Ս.Աբրահամյանի վերաբերյալ դատավճիռը ենթակա է վերանայման, իսկ քրեական գործի վարույթը` կարճման:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մայիսի 17-ի որոշումը, քրեական գործը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել և Ս.Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով կատարված փոփոխությունների և լրացումների պայմաններում Ս.Աբրահամյանի նկատմամբ կիրառելի՞ է արդյոք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելու համար` այդ ծառայությունից ազատվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքում այն ամրագրված է բլանկետային դիսպոզիցիայի միջոցով: Այսպես` անձը ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն դեպքում, երբ բացակայում են նրան ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերը: Բլանկետային դիսպոզիցիայի առկայությունը նշանակում է, որ անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը պայմանավորված է զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչի, վարժական հավաքի կամ զորավարժանքի հիմքերը, կարգը և պայմանները սահմանող համապատասխան իրավական ակտերում ամրագրված նորմերի բովանդակությամբ և ծավալով: Բլանկետային դիսպոզիցիաների վերոնշյալ առանձնահատկությամբ է բացատրվում քրեաիրավական նորմի և համապատասխան օրենսդրական և (կամ) ենթաօրենսդրական ակտում ամրագրված դրույթի միջև առկա կապն այն առումով, որ համապատասխան օրենքում և (կամ) ենթաօրենսդրական ակտում կատարված բովանդակային փոփոխություններն ազդում են քրեաիրավական նորմի բովանդակության և դրանով արգելված արարքների ծավալի ու շրջանակի վրա: Օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով անհրաժեշտ է դիմել «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթներին և դրանց վերլուծության հիման վրա պարզել, թե կոնկրետ դեպքում առկա՞ են արդյոք ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից ազատելու համապատասխան հիմք(եր)ը և, հետևաբար, կոնկրետ անձի արարքում առկա՞ են արդյոք զինվորական ծառայությունից կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու հատկանիշները:

13. «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`

«1. (...) այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:

2. Այլընտրանքային ծառայության տեսակներն են`

(...)

բ) այլընտրանքային աշխատանքային` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:

(...)»:

2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«(...)

Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

(...)»:

Նույն օրենքի 3-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ի մասը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող փետրվարի 1-ը կամ օգոստոսի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, և որի այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության: (...)»:

Նույն օրենքի 13-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը և շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«(...) 2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:

(...)»:

2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի վերոշարադրյալ դրույթների վերլուծությունից երևում է, որ դրանով էական փոփոխության են ենթարկվել այլընտրանքային աշխատանքային ծառայության բովանդակությունը, այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու հիմքերը, կարգն ու պայմանները:

14. ««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում, մասնավորապես`

ա) իրավական երաշխիքներ են սահմանվել առ այն, որ աշխատանքային ծառայությունը պարտադիր զինվորական ծառայության իրական այլընտրանք է, աշխատանքային բնույթ ունի, որևէ կերպ չի առնչվում զինվորական ծառայության հետ և իրականացվում է զինվորական վերահսկողությունից դուրս.

բ) հստակեցվել են այլընտրանքային ծառայության անցնելու հիմքերը: Այս կապակցությամբ սահմանվել է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, ում կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը.

գ) ամրագրվել է, որ աշխատանքային ծառայությունն ազատ է ցանկացած զինվորական կառույցի վերահսկողությունից.

դ) փոփոխությունների են ենթարկվել այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու կարգը և այլընտրանքային աշխատանքային ծառայողների իրավունքներն ու պարտականությունները: Այս կապակցությամբ ամրագրվել է, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար պետք է սահմանվեն աշխատանքային նույնպիսի պայմաններ, ինչ սահմանված են նույն բնույթի աշխատանքներ կատարող պայմանագրային կամ հաստիքային աշխատողների համար, աշխատանքային ծառայողին այսուհետ պետք է տրվի ամենամսյա ողջամիտ դրամական բավարարում (մինչև երեսուն հազար դրամի չափով), արձակուրդ (տարեկան 10 օրացուցային օր տևողությամբ), իսկ աշխատաժամանակի տևողությունը չի կարող 48 ժամից ավելի կամ պակաս լինել:

15. ««Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքով կատարված փոփոխությունների (տե՛ս սույն որոշման 13-14-րդ կետերը) և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված բլանկետային դիսպոզիցիայի առանձնահատկությունների (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը) համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված և նույն թվականի հունիսի 8-ին ուժի մեջ մտած ՀՕ-31-Ն օրենքով «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարվել են բովանդակային բնույթի այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցրել են քրեաիրավական նորմի` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակության և դրանով արգելված արարքների ծավալի ու շրջանակի փոփոխության: Արդյունքում տեղի է ունեցել արարքի մասնակի ապաքրեականացում այն անձանց մասով, ովքեր մինչ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը մեղադրվել կամ դատապարտվել են կրոնական համոզմունքների հիմքով զինվորական և այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար:

16. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքով լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն ՀՀ օրենքում: Նշված փոփոխությունների արդյունքում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով. «Կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին»:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի («Անցումային դրույթներ») համաձայն` «1. Սույն օրենքի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում լրացվող 12-րդ և 13-րդ մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են»:

Մեջբերված իրավադրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն օրենսդիրը կապել է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության հետ, այն է`

ա) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով արգելված արարքները կատարվել են մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը.

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 327-327.4-րդ հոդվածներով արգելված արարքների կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձինք մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ.

գ) լիազոր մարմինը որոշում է կայացրել վերոնշյալ անձանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 29-ի դատավճռով Ս.Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մայիսի 17-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով համապատասխանաբար «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարվելուց հետո` 2013 թվականի հուլիսի 23-ին, ամբաստանյալ Ս.Աբրահամյանն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Աբովյան քաղաքի զինվորական կոմիսարիատ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ Ս.Աբրահամյանի դիմումը բավարարվել է, նա այլընտրանքային աշխատանքային ծառայության է նշանակվել «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում որպես բակի հավաքարար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Սույն որոշման 12-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվել է կրոնական համոզմունքների պատճառով և՛ զինվորական, և՛ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Նշված արարքը կատարվել է մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-32-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը: Ս.Աբրահամյանն «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում է ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, որը բավարարվել է, և լիազոր մարմինը որոշում է կայացրել նրան այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին: Այսինքն` սույն գործով պահպանված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված պայմանները (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Այլընտրանքային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքներում 2013 թվականի մայիսի 2-ին ընդունված ՀՕ-31-Ն և ՀՕ-32-Ն ՀՀ օրենքներով կատարված փոփոխությունների և լրացումների պայմաններում Ս.Աբրահամյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը կիրառելի է:

19. Հիմք ընդունելով սույն որոշման 11-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սամվել Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մայիսի 17-ի որոշումը պետք է բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Ս.Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սամվել Սամվելի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունվարի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մայիսի 17-ի որոշումը բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և Սամվել Սամվելի Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.03.2014
N ԿԴ1/0053/01/12
Որոշում