Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԻՍՏԵՐԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԻՍՏԵՐԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ...

 

 

---.0558.040714

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        07            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

12 հունիսի 2014 թվականի N 558-Ն

 

i

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԻՍՏԵՐԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել կենդանիների լիստերիոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

2014 թվականի հունիսի 12-ի

N 558-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԻՍՏԵՐԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լիստերիոզը (Listeriosis) գյուղատնտեսական և վայրի կենդանիների, ինչպես նաև թռչունների ինֆեկցիոն հիվանդություն է, որը դրսևորվում է կենտրոնական նյարդային համակարգի, սեռական օրգանների, կաթնագեղձի ախտահարումներով և սեպսիսով: Լիստերիոզը առավել հաճախ հանդիպում է ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ձիերի, վայրի մուշտակամորթ կենդանիների, ճագարների, ընտանի և վայրի թռչունների մոտ: Լիստերիոզի նկատմամբ ընկալունակ է նաև մարդը:

2. Հիվանդության հարուցիչը լիստերիա մոնոցիտոգենես (Listeria monocytogenes) շարժուն, սպոր և պատիճ չառաջացնող, ֆակուլտատիվ աերոբ, պոլիմորֆ, կլոր ծայրերով գրամ դրական մանրէ է:

3. Հիվանդության հարուցիչը բավականին կայուն է արտաքին միջավայրի անբարենպաստ ազդակների նկատմամբ: Ցածր ջերմաստիճանի պայմաններում կարող է բազմանալ մահացած հյուսվածքներում և սիլոսի մեջ: Հողում և գոմաղբում հարուցիչը մնում է կենսունակ մինչև 11 ամիս, խոտի մեջ` 20 ամիս, սիլոսում և մսոսկրային ալյուրում` մինչև 4 ամիս, վարսակում` 9 ամիս, կենդանիների դիակներում` մինչև 4 ամիս, կանգնած ջրերում` մինչև 1 տարի: Արևի ուղիղ ճառագայթները վնասազերծում են լիստերիային 2-15 օրում, 2,5%-անոց ֆորմալինի կամ կծու նատրիումի լուծույթը` 20 րոպեում, 3% ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթը` 1 ժամում, 75-90oC ջերմաստիճանային պայմանները` 20 րոպեում, 100oC ջերմաստիճանում` 5-10 րոպեում:

4. Հիվանդությունը սովորաբար նկատվում է հատուկենտ դեպքերով, սակայն ոչխարների մոտ կարող է արտահայտվել համաճարակի ձևով: Ոչխարների լիստերիոզը կրում է սեզոնային բնույթ` առավել հաճախ գրանցվում է ձմռանը և գարնանը: Այլ կենդանիների պարագայում հստակ ընդգծված սեզոնայնություն չի դիտվում:

5. Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ և հիվանդացած առողջացած կենդանիները, որոնք հիվանդության հարուցիչը արտաքին միջավայր են արտազատում քթի լորձահոսքով, մեզի, արտաթորանքի, աչքերի, կաթի և սեռական օրգանների արտազատուկի միջոցով: Բնական օջախների պահպանման հարցում մեծ է նաև վայրի կենդանիների և թռչունների, ինչպես նաև կրծողների դերը, որոնք իրենց արտաթորանքով ախտոտում են կերը և ջուրը, որոնց միջոցով վարակվում են գյուղատնտեսական կենդանիները: Հիվանդության փոխանցողներ են հանդիսանում նաև արյունածուծ հոդվածոտանիները, հատկապես արոտային տզերը:

6. Կենդանիները վարակվում են բերանի, քթի, աչքերի լորձաթաղանթի միջոցով, մարսողական ուղիներով և ամբողջականությունը խախտված մաշկի միջոցով:

7. Հիվանդացած առողջացած ոչխարների և խոզերի մոտ լիստերիակրությունը տևում է 30 օրից ոչ պակաս, կրծողների մոտ` մինչև 260 օր, իքսոդային տզերի մոտ` ավելի քան 500 օր: Լիստերիոզային մաստիտների դեպքում հարուցիչները հայտնաբերվում են ոչխարների կաթի մեջ մինչև 90 օր, կովերի կաթի մեջ` մինչև 300 օր:

8. Մարդը հիմնականում հիվանդանում է վարակակիր և հիվանդ կենդանիներից ստացված, ոչ բավարար ջերմային մշակում անցած, մթերքները (կաթ, միս) օգտագործելիս: Վտանգ է ներկայացնում նաև ջերմային մշակում չանցած բանջարեղենը, որը հավաքված է հիվանդության հարուցչով ախտահարված տարածքից և/կամ գոմաղբով պարարտացված տնտեսություններից: Վարակման բարձր ռիսկ ունեն անասնաբույժները, սպանդանոցների և անասնապահական տնտեսությունների աշխատակիցները:

9. Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 7-30 օր, իսկ ընթացքը արտահայտվում է սուր, ենթասուր և քրոնիկ ձևերով: Հիվանդությունը դրսևորվում է կամ նյարդային, կամ սեպտիկ կամ դրանց խառը ձևերով, առանց նշանների, ինչպես նաև գերազանցապես սեռական օրգանների և կաթնագեղձի ախտահարումներով: Որպես կանոն, խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների մոտ հիվանդությունը ընթանում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններով: Ընդհանուր նշաններին 1-7 օր հետո հաջորդում են կենդանիների չներդաշնակեցված, երբեմն շրջանաձև շարժումները, կարող են կորցնել հավասարակշռությունը, դրսևորել գրգռվածության նոպաներ, դող, առանձին մկանախմբերի պարալիզ, կորցնել տեսողությունը, դրսևորվի աչքերի և բերանի լորձաթաղանթի բորբոքում, մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ կամ պահպանվել նորմայի սահմաններում: Հիվանդությունը տևում է մինչև 10 օր և հաճախ վերջանում կենդանու անկումով: Սեռական ուղիների ախտահարումները դրսևորվում են վիժումներով, ընկերքի պահումով: Կրծի ախտահարման դեպքում տևական ժամանակ կաթի հետ արտազատվում է հիվանդության հարուցիչը: Հորթերի և գառների մոտ հիվանդությունը դրսևորվում է փորլուծով և տենդով, իսկ առանձին դեպքերում նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով:

10. Լիատերիոզ հիվանդությունն ախտորոշվում է կլինիկական նշանների, համաճարակաբանական տվյալների և լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա (մանրէաբանական, սերոլոգիական): Լաբորատոր ախտորոշման համար օգտագործվում են շճաբանական մեթոդներ` ագլյուտինացիայի ռեակցիա (ԱՌ), կոմպլեմենտի կապման ռեակցիա (ԿԿՌ), անուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիա (ԱՀՌ): Ախտորոշման գործում վճռորոշ դեր ունեն մանրէաբանական փորձը` լիստերիաների մաքուր կուլտուրայի անջատումը և համալիր ախտորոշումը:

11. Լաբորատոր ախտորոշման նպատակով ախտորոշիչ անասնաբուժական լաբորատորիա է ուղարկվում հակաբիոտիկներով և սուլֆանիլամիդներով բուժում չստացած կենդանիներից, իսկ դիակների դեպքում` անկումից 3-5 ժամից ոչ ուշ վերցված լյարդը, փայծաղը, երիկամը, լիմֆատիկ հանգույցները, թոքերի ախտահարված հատվածները, վիժված պտուղը կամ նրա թաղանթը, վիժած կենդանիների սեռական օրգանների արտազատուկը, հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների արյունը կամ շիճուկը, մանր կենդանիների ամբողջական դիակը, շոգ եղանակին նմուշները կոնսերվացվում են գլիցերինի 40%-անոց ջրային ստերիլ լուծույթով:

12. Լաբորատոր հետազոտության ուղարկվող ախտաբանական նյութը հերմետիկ փակվում է, ուղեկցվում փաստաթղթով, որտեղ նշվում է կենդանու տեսակը, ախտաբանական նյութի անունը և քանակը, պահածոյացնող նյութը, նմուշառման ժամկետը և ուղարկողի մասին տվյալներ, տեղադրվում է սառույցով կամ սառեցուցիչով հատուկ տուփերի մեջ:

13. Ախտաբանական նյութի հետազոտությամբ լիստերիայի մանրէների հայտնաբերման և հիվանդության ախտորոշման դեպքում` լաբորատորիան անհապաղ տեղեկացնում է անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (այսուհետ` լիազոր մարմին):

14. Հակալիստերիոզային սահմանափակող միջոցառումները կազմակերպվում են ըստ անապահով կետի և վարակի օջախի, որոնց սահմանները որոշում է լիազոր մարմինը, հաշվի առնելով տնտեսական կապերը, տարբեր բնապահպանական և աշխարհագրական պայմանները, ինչպես նաև բոլոր համաճարակաբանական գործոնները և անասնապահության վարման առանձնահատկությունները:

15. Լիստերիոզի նկատմամբ անապահով կետ է համարվում անասնապահական տնտեսությունները և դրանց տարածքները, անասնապահական ֆերմաներն իրենց օժանդակ հարմարություններով, արոտավայրերով, ջրամբարներով, երբեմն առանձին արոտավայրեր, կենդանիների տեղափոխման երթուղիների որոշակի հատվածներ և այլ տարածքներ, բնակավայրը իր վարչատարածքային բաժանմամբ, որոնց սահմանում արձանագրվել է լիստերիոզ հիվանդությունը:

16. Վարակի օջախ է համարվում շինությունը, առանձին անասնապահական ֆերման, զբոսաբակը, ամառային ճամբարը, արոտավայրը կամ դրա մի հատվածը, սպանդանոցները կամ այլ տարածքները, որտեղ առկա են լիստերիոզով հիվանդ կենդանիներ կամ նրանցից ստացված չվարակազերծված մթերք և հումք:

17. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

 

II. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԻՍՏԵՐԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

18. Լիստերիոզի հսկողության և հիվանդության ներթափանցման կանխարգելման, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքի բացառման նպատակով անասնատերերը, ֆերմերային գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (մարմինները) պարտավոր են ապահովել`

1) կենդանիների շարժը` համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ.

2) նոր ձեռքբերված, այդ թվում` ներկրված բոլոր կենդանիների 30-օրյա կարանտինում պահելը մյուս կենդանիներից մեկուսացված պայմաններում` այդ ընթացքում լիստերիոզի ախտորոշման լաբորատոր մեթոդների կիրառմամբ.

3) նոր ձեռքբերված կամ ներկրած կենդանիների` մյուս կենդանիների հետ պահելը կամ արածեցնելը միայն լիստերիոզ հիվանդության ախտորոշման լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի հիման վրա` տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժի գիտությամբ.

4) համայնքի տարածքում պահվող կենդանիների շփումը միայն ապահով տնտեսությունների կենդանիների հետ.

5) տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժի համար ստեղծել անասնաբուժական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտ պայմաններ.

6) կենդանիների խնամքի, պահման անասնաբուժասանիտարական և զոոհիգիենիկ կանոնների կատարումը.

7) անկումների և հիվանդացության դեպքերում կենդանու մեկուսացումը մյուս կենդանիներից` այդ մասին հայտնելով սպասարկող անասնաբույժին և լիազոր մարմնին.

8) կերերի (հատկապես խտացված կերերի և սիլոսի) հսկողություն, կերերում սատկած կրծողներ հայտնաբերելու դեպքում կրծողների և կերերի մանրէաբանական հետազոտությունների իրականացումը.

9) տոհմային կենդանիների վաճառքը լիստերիոզ հիվանդության նկատմամբ շիճուկաբանական հետազոտությունների բացասական արդյունքի առկայության դեպքում.

10) լիստերիոզով հիվանդ կամ հիվանդության վերջնական ախտորոշում չունեցող կենդանիների տեղափոխման, վաճառքի բացառումը, իսկ անապահով տարածքներում կամ համայնքներում կենդանիների տոնավաճառների և շուկաների կազմակերպման արգելումը.

11) լիստերիոզի նկատմամբ շիճուկաբանական հետազոտությունների ենթարկված կենդանիներ ձեռք բերելու կամ դրանց վաճառքի (իրացման) դեպքում ուղեկցող փաստաթղթերում շիճուկաբանական հետազոտությունների արդյունքների նշումը.

12) տնտեսություններում` աշխատակիցների շրջանում անձնական և աշխատանքային հիգիենայի պահպանման նպատակով բացատրական աշխատանքների անցկացումը.

13) տնտեսություններում մաքրության պահպանումը, պարբերաբար ախտահանության իրականացումը, միջատների դեմ պայքարը` միջատազերծումը, կրծողների դեմ պայքարը (դեռատիզացիա), անասնաշենքի և անասնապահական տարածքների սանիտարական մաքրումը և ախտահանությունը, անասնաբուժասանիտարական այլ միջոցառումները: Ախտահանության, կրծողազերծման, միջատազերծման նպատակով համապատասխան միջոցների օգտագործումը` համաձայն դրանց օգտագործման հրահանգների:

 

III. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԻՍՏԵՐԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

19. Տնտեսությունում (անասնապահական համալիրում, ֆերմայում, առանձին հոտում, խոզանոցում, թռչնանոցում, անհատական տնտեսությունում և այլն) լիստերիոզի մեջ կասկածվող կամ հիվանդ գյուղատնտեսական կենդանու, ինչպես նաև կրծողների հայտնաբերման դեպքում անասնապահական տնտեսությունը և/կամ համայնքը սպասարկող անասնաբույժը կապի ցանկացած միջոցով այդ մասին տեղեկացնում է կենդանիների սեփականատիրոջը և վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին:

20. Լիազոր մարմնի կողմից հիվանդությունն ախտորոշելուց կամ ախտորոշումը հաստատելուց հետո լիազոր մարմինը`

1) որոշում է անապահով տարածքի սահմանները.

2) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից լիստերիոզի նկատմամբ տնտեսության կամ տարածքի անապահով ճանաչելու, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների և առողջացման պլանը հաստատելու և իրականացնելու նպատակով վերջինիս ներկայացնում է հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունները.

3) առաջարկում է լիստերիոզի դեմ պայքարի միջոցառումների համալիրում պարտադիր իրականացման ենթակա սահմանափակումները:

21. Սահմանափակումների պահանջներով արգելվում է`

1) անապահով տնտեսություն կամ տարածք նոր կենդանիների մուտքը, անապահով տնտեսության կամ տարածքների կենդանիների փոխադրումը, վաճառքը, իրացումը, արտահանումը և տարանցումը.

2) անապահով տնտեսությունների կամ ֆերմաների ներսում կամ տարածքներում կենդանիների վերախմբավորումը, այլ տնտեսությունների կամ տարածքների կենդանիների հետ համատեղ պահվածքը և արածեցումը.

3) անապահով տնտեսություններից և տարածքներից խոտի, ծղոտի և այլ կոպիտ կերերի տեղափոխումը, առուվաճառքը այլ տարածքներ և տնտեսություններ.

4) անապահով տնտեսությունից կամ տարածքից գոմաղբի դուրսբերումը` առանց բիոթերմիկ մշակման.

5) անապահով տնտեսություններից կաթի և այլ անասնապահական մթերքի իրացումը վաճառքի նպատակով, իսկ վերամշակման համար թույլատրվում է միայն առողջ կենդանիներից ստացված կամ վնասազերծված մթերքի օգտագործումը.

6) արոտային պահվածքի ժամանակ 3 ամիսների ընթացքում այն արոտավայրերի օգտագործումը, որտեղ արածել են հիվանդ կենդանիները.

7) հիվանդ կենդանիներին ջրելու համար օգտագործված չհոսող բաց կամ փակ ջրելատեղերի օգտագործումը առողջ կենդանիներին ջրելու նպատակով` ջրելը դադարացնելուց հետո 3 ամսվա ընթացքում.

8) հիվանդությունից անկած կենդանիների դիակների տեղափոխումը անապահով տնտեսության կամ տարածքի սահմաններից դուրս` բացառությամբ լաբորատոր ախտորոշման դեպքերի: Դիակները ենթակա են անհապաղ ոչնչացման լիազոր մարմնի հսկողությամբ:

22. Հիվանդության բռնկման դեպքում անապահով կետում և օջախում կենդանու սեփականատերերը ապահովում են`

1) հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների անասնագոմերի մուտքի մոտ ախտահանիչ արգելապատնեշների տեղադրումը` կոշիկները, անիվները ախտահանելու նպատակով.

2) անապահով հոտի (խմբի) բոլոր կենդանիների կլինիկական զննումը և ջերմաչափումը: Հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներին մեկուսացնելը, ապահովումը սպասարկող անձնակազմով, գործիքներով, ախտահանիչներով և այլ պարագաներով.

3) բոլոր հիվանդ, նրանց հետ շփված և համատեղ պահվածքի կենդանիների բուժումը այնպիսի հակաբիոտիկներով, որոնց նկատմամբ զգայուն է լիստերիոզ հիվանդության հարուցիչը կամ հակալիստերիոզային շիճուկով` բուժիչ դոզայով (վերջինիս առկայության դեպքում) կամ հիվանդ և հիվանդացության մեջ կասկածվող կենդանիների հարկադիր մորթը.

4) հակաբիոտիկների և հակալիստերիոզային շիճուկի կիրառումը` համաձայն դրանց օգտագործման հրահանգների, ըստ անհրաժեշտության յուրահատուկ բուժման զուգակցումը ախտանշանային բուժումով.

5) անապահով տնտեսության տարածքում գտնվող մինչև 3 ամսական հորթերին ներարկումը հակալիստերիոզային շիճուկով` բուժիչ դոզայով և կերակրումը միայն առողջ կենդանիներից ստացված կաթով.

6) անապահով ճանաչված տնտեսությունում հակալիստերիոզային շիճուկ ստացած բոլոր կենդանիներին շիճուկաբուժումից 14 օր հետո իմունականխարգելումը` ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի (պատվաստանյութի առկայության դեպքում).

7) ընթացիկ և եզրափակիչ ախտահանության իրականացումը.

8) հիվանդության նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում կրծողների դեմ պայքարի միջոցառումների պարբերաբար իրականացումը:

23. Ախտահանության համար օգտագործում են 2% ակտիվ քլոր պարունակող թարմ հանգեցված կրի կամ քլորակրի 10-20%-անոց լուծույթներ, նատրիումի հիդրօքսիդի 2%-անոց լուծույթ, 0,5%-անոց ֆորմալդեհիդի լուծույթ, 5%-անոց կրեոլինի տաք լուծույթ, ինչպես նաև այնպիսի ախտահանիչ նյութեր և միջոցներ, որոնց նկատմամբ զգայուն է լիստերիոզ հիվանդության հարուցիչը:

24. Գոմաղբը և մինչև 70% խոնավություն ունեցող գոմաղբի պինդ ֆրակցիան ենթարկում են բիոթերմիկ վարակազերծման պինդ անջրաթափանց ծածկույթով` հրապարակներում դարսակավորման եղանակով (դարսակում ջերմաստիճանը 60oC-ի հասնելուց հետո տաք եղանակին պահվում է 2 ամիս, իսկ ցուրտ եղանակին` 3 ամիս):

25. 70-88% խոնավություն ունեցող գոմաղբը կոմպոստավորում և պահում են դարսակներում 6 ամիս:

26. Հեղուկ, կիսահեղուկ գոմաղբը և գոմաղբային հեղանյութը վարակազերծել քիմիական ճանապարհով` քլորակրի լուծույթի օգնությամբ (1մ3 գոմաղբին 0,5 լ քլորակրի նոսրացված լուծույթ` 25մգ/լ ակտիվ քլոր պարունակող, 12-18 ժամ տևողությամբ):

27. Սպասարկող անձնակազմի արտահագուստի ախտահանության համար օգտագործում են հոսող գոլորշի (1,5 ժամ գոլորշու խցում), եռացում (2%-անոց կալցիացված սոդայի լուծույթում 1 ժամ), ընկղմում 1%-անոց քլորամինի լուծույթի մեջ (2 ժամով, 5լ լուծույթ 1կգ-ին):

28. Լիստերիոզ հիվանդության նկատմամբ անապահով տնտեսության խոտը, սիլոսը, համակցված կերը ստուգում են կրծողների առկայության նկատմամբ, իսկ դրանց բացահայտման դեպքում անցկացնում են դեռատիզացիոն աշխատանքներ և վարակազերծում 1000 C ջերմաստիճանի պայմաններում 30 րոպե տևողությամբ: Սիլոսի նմուշները ուղարկվում են մանրէաբանական հետազոտության լիստերիաների նկատմամբ:

29. Սիլոսային զանգվածի վարակվածության դեպքում այն ախտահանում են բիոթերմիկ եղանակով, ինչի համար այն տեղափոխել հատուկ տարածք, դարսում 1,2 մետր լայնքով և 1 մետր բարձրության կտորներով, որից հետո խոնավացնել ջրով` 20-30 լիտր 1մ3 հաշվարկից ելնելով: Այդ ճանապարհով վարակազերծումը տևում է 1 ամիս:

30. Ընթացիկ ախտահանությունն իրականացվում է`

1) անասնաշենքերում կենդանիների հիվանդության կամ անկման դեպքի գրանցումից անմիջապես հետո` ներառյալ հատակը, պատերը, սարքավորումները, կերատաշտերը կամ մսուրները, սպասարկող անձնակազմի համազգեստը, կոշիկները և այն ամենը, ինչի հետ շփվել են հիվանդ կենդանիները.

2) տարածքներում, որտեղ պահվում են հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիները, յուրաքանչյուր առավոտ` մեխանիկական մաքրման աշխատանքներին զուգահեռ` ներառյալ հատակը, պատերը, սարքավորումները, կերատաշտերը կամ մսուրները, սպասարկող անձնակազմի համազգեստը, կոշիկները և այն ամենը, ինչի հետ շփվել են հիվանդ կենդանիները.

3) անասնաշենքերում և գյուղատնտեսական կենդանիների համար նախատեսված զբոսահրապարակներում, որտեղ պահվում են հիվանդության մեջ կասկածվող, սակայն պայմանական առողջ կենդանիները` հիվանդության յուրաքանչյուր նոր դեպքի հաստատումից կամ անկումից հետո, իսկ մինչև սահմանափակումների հանելը` յուրաքանչյուր 10 օրը մեկ.

4) ախտահանության կատարումն հավաստող փաստաթղթավորմամբ:

31. Հիվանդությունից անկած կենդանիների դիակները ոչնչացվում են, օգտահանման կամ բիոթերմիկ հորի միջոցով:

32. Անապահով տնտեսությունում կամ տարածքում սահմանափակումները հանելուց առաջ իրականացվում են հետևյալ միջոցառումները, որոնց պատշաճ կատարումն արձանագրվում և հավաստվում է համապատասխան փաստաթղթավորմամբ`

1) գյուղատնտեսական կենդանիների համար նախատեսված զբոսահրապարակների, փարախների և տարածքների մեխանիկական մաքրում` հետագա ախտահանումով և հողի վերավարում.

2) եզրափակիչ ախտահանություն, որն ուղեկցվում է նաև անասնաշենքերում կոսմետիկ` սպիտակեցման, փայտե կամ մաշված և ոչ պիտանի գույքի, կոնստրուկցիաների փոխարինման կամ նորոգման, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի մեծ աշխատանքներ), եզրափակիչ ախտահանությունն իրականացվում է սույն հրահանգի 23-րդ կետում նշված նյութերով:

33. Տնտեսությունից (տարածքից) սահմանափակումները հանվում են և տնտեսությունը համարվում է առողջացած կենդանիներ հիվանդացության կամ անկման կամ բուժման վերջին դեպքից և եզրափակիչ ախտահանության ավարտից 2 ամիս հետո:

34. Առողջացած տնտեսությունների գլխաքանակը, տարին մեկ անգամ շիճուկաբանական եղանակով հետազոտվում է լիստերիոզ հիվանդության նկատմամբ: Դրական արդյունքի դեպքում կենդանիները մեկուսացվում են, բուժվում կամ ուղարկվում սանիտարական սպանդի:

 

IV. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԻՍՏԵՐԻՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄՍԻ, ԵՆԹԱՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Հարկադիր սպանդի ենթարկված, սակայն կլինիկական նշանների, մսում ու օրգաններում ախտաբանաանատոմիական փոփոխությունների բացակայության դեպքում միսը և ներքին օրգանները թույլատրվում է օգտագործել ջերմային վերամշակումից հետո երշիկների և այլ եփած մթերքների արտադրություններում:

36. Արգելվում է հիվանդ կամ հիվանդացության մեջ կասկածվող կենդանիների սպանդից ստացված մսի տեղափոխումը հում վիճակում:

37. Հարկադիր մորթի ենթարկված կենդանիների գլուխը և ախտահարված ներքին օրգանները ենթակա են օգտահանման, մսեղիքի կամ մսի ախտաբանական փոփոխությունների` աբսցեսների, մեռուկների և այլ ախտահարումների առկայության դեպքում դրանք ևս ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

38. Մսեղիքում և օրգաններում ախտաբանական փոփոխությունների բացակայության դեպքում սպանդից ստացված մսի և սպանդային մթերքի օգտագործումը թույլատրվում է մանրէաբանական հետազոտության արդյունքներով սննդում օգտագործման համար պիտանի ճանաչվելուց հետո:

39. Մանրէաբանական հետազոտությամբ մսեղիքում և/կամ ներքին օրգաններում լիստերիաներ հայտնաբերելու դեպքում դրանք ենթակա են ոչնչացման ամբողջությամբ:

40. Լիստերիոզով հիվանդ կենդանու մսեղիքում և/կամ ներքին օրգաններում նաև սալմոնելաների հայտնաբերման դեպքում ներքին օրգանները ենթակա են ոչնչացման, իսկ մսեղիքը` ջերմային մշակումից հետո օգտագործման երշիկների, պահածոների կամ մսային հացերի արտադրություններում:

41. Լիստերիոզով հիվանդ կենդանու մսեղիքում և/կամ ներքին օրգաններում սալմոնելաների բացակայության դեպքում դրանք ենթակա են օգտագործման եփած կամ եփած-ապխտած երշիկների պատրաստման արտադրություններում:

42. Լիստերիոզի նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում առկա անապահով գլխաքանակի կաթից ստացված կարագի պատրաստման ժամանակ ստացվող թանը և յուղազերծ կաթը ենթակա են օգտագործման միայն տվյալ տնտեսության կենդանիների կերակրման համար 15 րոպե եռացնելուց հետո, և արգելվում է դրանց դուրսբերումը, իրացումը և օգտագործումը այլ տնտեսություններում:

43. Հիվանդության մեջ կասկածվող կամ հիվանդ կենդանիներից ստացված կաթը պաստերիզացվում է տնտեսությունում 90oC ջերմաստիճանային պայմաններում` 5 րոպե և հետագայում օգտագործվում է բացառապես կենդանիների կերակրման նպատակով:

44. Անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների կաշին վարակազերծվում է 25%-ից ոչ պակաս կերակրի աղի` բացված 1%-անոց աղաթթվի լուծույթով (1 միավոր կաշվին` 4 միավոր լուծույթ): Կաշիները պահվում են ախտահանիչ լուծույթում 48 ժամ` 17-20oC ջերմաստիճանային պայմաններում: Կաշվի վերամշակման գործարան տեղափոխումը թույլատրվում է բացառապես հերմետիկ փակ տարայով:

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
12.06.2014
N 558-Ն
Հրաման