Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆԴ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրոպական Միությունը, այսուհետ` «Միություն»,

մի կողմից,

և

Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ` «Հայաստան»,

մյուս կողմից,

այսուհետ` «Կողմեր»,

նկատի ունենալով, որ

(1) Հայաստանը կնքել է Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը (այսուհետ` «Համաձայնագիր»)` Եվրոպական համայնքների և դրանց Անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի միջև` մյուս կողմից, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ին,

(2) Եվրոպական խորհուրդը 2004թ. հունիսի 17-ից 18-ը Բրյուսելում տեղի ունեցած նիստի ընթացքում ողջունել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկները, և հաստատել է 2004թ. հունիսի 14-ի Խորհրդի եզրակացությունները,

(3) հետագա բազմաթիվ առիթներով, Խորհուրդը բազմիցս որոշումներ է կայացրել հօգուտ այս քաղաքականության,

(4) 2007թ. մարտի 5-ին Խորհուրդը հայտնել է իր աջակցությունը Եվրոպական հանձնաժողովի 2006թ. դեկտեմբերի 4-ի հաղորդագրությունում ուրվագծված ընդհանուր և գլոբալ մոտեցմանը, որը հնարավորություն է ընձեռում Եվրոպական հարևանության քաղաքականության գործընկեր երկրներին, համաձայն իրենց արժանիքների, մասնակցելու Համայնքի գործակալություններին և Համայնքի ծրագրերին` այն դեպքերում, երբ իրավական հիմքերը թույլ են տալիս,

(5) Հայաստանը ցանկություն է արտահայտել մասնակցելու Միության մի շարք ծրագրերին,

(6) հատուկ դրույթները և պայմանները, մասնավորապես` ֆինանսական ներդրումը և հաշվետվությունների ու գնահատման ընթացակարգերը, որոնք վերաբերում են Հայաստանի մասնակցությանը յուրաքանչյուր կոնկրետ ծրագրին, պետք է սահմանվեն Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի իրավասու մարմինների միջև Փոխըմբռնման հուշագրում,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Հայաստանը պետք է հնարավորություն ունենա մասնակցելու Միության այն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերին, որոնք բաց են Հայաստանի մասնակցության համար` համաձայն այդ ծրագրերի հաստատման վերաբերյալ համապատասխան դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հայաստանը պետք է ֆինանսական ներդրում ունենա Եվրոպական Միության ընդհանուր բյուջեում` այն կոնկրետ ծրագրերին համապատասխան, որոնց մասնակցում է Հայաստանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հայաստանի ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան, որպես դիտորդներ և Հայաստանին վերաբերող հարցերում, մասնակցելու այն ծրագրերի դիտարկման համար պատասխանատու կառավարման կոմիտեներին, որոնցում Հայաստանը ֆինանսական ներդրում ունի:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հայաստանից մասնակիցների կողմից ներկայացվող ծրագրերի և նախաձեռնությունների վրա հնարավորին չափով պետք է տարածվեն միևնույն պայմանները, կանոնները և ընթացակարգերը, որոնք տվյալ ծրագրերի նկատմամբ կիրառվում են Անդամ պետությունների դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Յուրաքանչյուր կոնկրետ ծրագրին Հայաստանի մասնակցությանն առնչվող հատուկ դրույթները և պայմանները, մասնավորապես` վճարման ենթակա ֆինանսական ներդրումը և հաշվետվությունների ու գնահատման ընթացակարգերը, պետք է սահմանվեն Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի իրավասու մարմինների միջև Փոխըմբռնման հուշագրում` հիմք ընդունելով տվյալ ծրագրերի կողմից հաստատված չափանիշները:

Եթե Միության կոնկրետ ծրագրի մասնակցելու նպատակով Հայաստանը դիմի Միության արտաքին աջակցության համար` հիմք ընդունելով Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006թ. հոկտեմբերի 24-ի 1638/2006 կանոնակարգի (ԵՀ) հոդված 3-ը, որով սահմանվում են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ընդհանուր դրույթները, կամ համաձայն Միության կողմից Հայաստանին արտաքին օգնություն տրամադրելու վերաբերյալ որևէ նմանատիպ կանոնակարգի, որը կարող է ընդունվել ապագայում, ապա Հայաստանի կողմից Միության արտաքին աջակցությունն օգտագործելու պայմանները պետք է սահմանվեն ֆինանսավորման համաձայնագրով` մասնավորապես հաշվի առնելով 1638/2006 կանոնակարգի (ԵՀ) հոդված 20-ը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հոդված 5-ի համաձայն կնքված յուրաքանչյուր Փոխըմբռնման հուշագիր, համաձայն Եվրոպական համայնքների ընդհանուր բյուջեի համար կիրառելի Ֆինանսական կանոնակարգման մասին 2002թ. հունիսի 25-ի 1605/2002 Խորհրդի կանոնակարգի (ԵՀ, Եվրատոմ), պետք է սահմանի, որ ֆինանսական վերահսկողությունը կամ աուդիտը կամ այլ ստուգումները, ներառյալ վարչական հետաքննությունները, կիրականացվեն Եվրոպական հանձնաժողովի, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի և աուդիտորների դատարանի կողմից կամ նրանց իրավասության ներքո:

Ֆինանսական վերահսկողության և աուդիտի, վարչական միջոցառումների, տուգանքների և վերականգնումների վերաբերյալ պետք է սահմանվեն մանրամասն դրույթներ` հնարավորություն ընձեռելով Եվրոպական հանձնաժողովին, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին և Աուդիտորների դատարանին ձեռք բերել Միությունում հիմնադրված շահառուների կամ կապալառուների նկատմամբ իրենց ունեցած իրավասություններին համարժեք իրավասություններ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Արձանագրությունը կիրառվում է Համաձայնագրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածում:

Կողմերը ստորագրում և հաստատում են սույն Արձանագրությունը` համաձայն իրենց համապատասխան ընթացակարգերի:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ համարել սույն Արձանագրությունը` այդ մասին գրավոր ծանուցելով պայմանագրային մյուս Կողմին:

Սույն Արձանագրությունը դադարում է գործել այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 6 ամիս հետո:

Կողմերից ցանկացածի կողմից չեղյալ հայտարարելուց հետո Արձանագրության դադարեցումը չպետք է ազդեցություն ունենա ստուգումների և վերահսկողության վրա, որոնք իրականացվելու են 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթների համաձայն` ըստ նպատակահարմարության:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ քան երեք տարի հետո, և դրանից հետո յուրաքանչյուր երեք տարին մեկ, Կողմերը կարող են վերանայել սույն Արձանագրության իրականացման գործընթացը` Միության ծրագրերին Հայաստանի փաստացի մասնակցության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Արձանագրությունը մի կողմից տարածվում է այն տարածքների վրա, որոնց նկատմամբ գործում է Եվրոպական միության գործունեության մասին պայմանագիրը` այդ Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, և մյուս կողմից` Հայաստանի տարածքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի` միմյանց ծանուցելու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Արձանագրությունը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մաս:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Արձանագրությունը կազմված է բուլղարերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատիշերեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն և հայերեն լեզուներով բնօրինակներից, ընդ որում տեքստերից յուրաքանչյուրը հավասարազոր է:

 

Կատարված է Բրյուսել քաղաքում, 2012թ. դեկտեմբերի 17-ին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 1-ին

 

 

pin
17.12.2012
Միջազգային պայմանագիր