Սեղմել Esc փակելու համար:
ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՅԿՈԶ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՅԿՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵ ...

 

 

---.0706.070814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ -----------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

14 հուլիսի 2014 թվականի N 706-Ն

 

i

ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՅԿՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2014 թվականի հուլիսի 14-ի

N 706-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՅԿՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզը` քրոնիկ, ուռուցքային բնույթի վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է օնկովիրուս C սեռի (Oncovirսs C), ռետրովիրիդե (Retroviridae) ընտանիքի ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) պարունակող վիրուսի կողմից: Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզի վիրուսը (այսուհետ` ԽԵԿԼՎ) արտաքին տեսքով նման է ձիերի, ոչխարների, խոզերի, ճագարների լեյկոզի վիրուսին, սակայն տարբերվում է դրանցից արյան մեջ առաջացնող հակամարմիններով:

2. ԽԵԿԼՎ-ը արտաքին միջավայրում անկայուն է: ԽԵԿԼՎ-ը 600 C-ում ոչնչանում է 1 րոպեում, 760 C-ում 16 վայրկյանում, 1000 C-ում վիրուսը ոչնչանում է վայրկենապես: ԽԵԿԼՎ-ը ոչնչանում է կծու նատրիումի 2-3%, 3% ֆորմալդեհիդի, 2% քլորի լուծույթներից և այլ ախտահանիչ նյութերի ազդեցությունից:

3. Հիվանդությունը բնորոշվում է հիվանդ կենդանու օրգանիզմում արյունաստեղծ օրգանների չարորակ գերաճով` ավշային հանգույցներում, փայծաղում, ինչպես նաև սրտում, երիկամներում ու այլ հյուսվածքներում նորագոյացնող տարրերի ներսփռանքով և ուռուցքներով:

4. Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդությունը ընթանում է գաղտնի, նախալեյկոզային, սկզբնական, տարածման և վերջնական փուլերով.

1) Գաղտնի շրջանի ընթացքում արյան մեջ հայտնաբերում են ինչպես ԽԵԿԼՎ-ը, այնպես էլ յուրահատուկ հակամարմինները: Գաղտնի շրջանի տևողությունը բնական վարակվածության դեպքում 2-6 տարի է.

2) Նախալեյկոզային փուլը ընթանում է առանց տեսանելի կլինիկական նշանների, որի դեպքում պահպանվում են կենդանու մթերատվությունը և վերարտադրողական ֆունկցիան: Այս փուլում ախտորոշումը իրականացվում է շիճուկաբանական հետազոտության մեթոդներով (իմունոդիֆուզիայի ռեակցիա, իմունոֆլուորեսցենցիայի ռեակցիա).

3) Սկզբնական փուլը ընթանում է արյունաբանական փոփոխություններով` ավելանում է լեյկոցիտների, լիմֆոցիտների քանակը, առաջանում են չտարբերակված, ոչ հասուն տարբեր մեծության ախտաբանական, ոչ լեյկոցիտներին բնորոշ ձևեր.

4) Տարածման փուլը ընթանում է ինչպես արյունաբանական փոփոխություններով, այնպես էլ կլինիկական նշաններով` կենդանիների ընդհանուր վիճակի վատացում, հյուծվածություն, ենթակրծոսկրային և միջծնոտային տարածքում ենթամաշկային այտուցներ.

5) Վերջնական փուլը բնորոշվում է կլինիկական նշանների ի հայտ գալով, ներքին օրգաններում զարգանում են քաղցկեղածին գոյացություններ` ուռուցքներ, որոնք առաջացնում են օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարումներ և մթերատվության կորուստ:

5. Վերջնական փուլում կենդանիների ընդհանուր առողջական վիճակը ծանրանում է. նկատվում է արագ հոգնածություն, իջնում է կովերի կաթնատվությունը, նկատվում է հյուծվածություն, խանգարվում է մարսողությունը (փորլուծություն, փորկապություն, տոնուսի թուլացում, նախաստամոքսների փքանք), սրտի աշխատանքը թուլանում է, տեսանելի լորձաթաղանթները կապտում են, շնչառությունը դժվարանում է, որովայնի, կրծի հատվածում առաջանում են այտուցներ, կենդանին կաղում է, դժվարանում է մեզի արտազատումը, հղիների մոտ առաջանում են վիժումներ` հետագայում անպտղություն:

6. Լեյկոզի բնորոշ նշաններն են` մակերեսային (հարականջային, ենթածնոտային, վերկրծային, վերծնկային) և ներքին (ռեկտալ հետազոտությամբ հայտնաբերվող) ավշային հանգույցների մեծացումը, կենդանու մարմնի տարբեր օրգան համակարգերում ուռուցքային գոյացությունները, փայծաղի և լյարդի մեծացումը:

7. Մատղաշի մոտ լեյկոզը հիմնականում ընթանում է սուր` կենդանին անկում է հիվանդության կլինիկական նշանների արտահայտվելուց մի քանի շաբաթ անց, իսկ հասակավոր կենդանիները անկում են փայծաղի հանկարծակի պատռվելու հետևանքով:

8. Լեյկոզ հիվանդությամբ հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, հազվադեպ` ոչխարները, ձիերը, խոզերը, շները և կատուները: Հիվանդության վարակման հիմնական աղբյուրը լեյկոզով վարակված խոշոր եղջերավոր կենդանիներն են:

9. Հարուցչի փոխանցման գործոններ են հանդիսանում վարակված արյունը, կաթը և կենդանիների խնամքի այլ պարագաները, որոնք կրում են ԽԵԿԼՎ-ով վարակված լիմֆոցիդային բջիջներ:

10. Կենդանիների վարակումը ԽԵԿԼՎ-ով տեղի է ունենում նաև հիվանդ և վարակված կենդանիներից առողջներին ԽԵԿԼՎ-ի փոխանցմանը նպաստող չվարակազերծված գործիքների օգտագործումից:

11. Լեյկոզ հիվանդության ախտորոշումը կատարվում է ախտաբանաանատոմիական և լաբորատոր հետազոտությունների (շիճուկաբանական, արյունաբանական, հյուսվածքաբանական և մոլեկուլային կենսաբանական մեթոդների) հիման վրա.

1) շիճուկաբանական հետազոտություններով (իմունոդիֆուզիայի ռեակցիա, իմունոֆլուորեսցենցիայի ռեակցիա, կոմպլեմենտի կապման ռեակցիա) որոշվում է հակամարմինների առկայությունը.

2) մոլեկուլային կենսաբանական մեթոդով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) որոշվում է ախտահարված հյուսվածքներում վիրուսի առկայությունը.

3) արյունաբանական հետազոտություններով հետազոտվում են լեյկոցիտները` արյան քսուքներում էլեկտրոնային հաշվիչներով կամ Գորյաևի ցանցով հաշվարկվում է լեյկոցիտների քանակությունը, լիմֆոցիտների տոկոսային հարաբերակցությունը, չտարբերակված, չհասունացված ախտաբանական ձևերի առկայությունը:

12. Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդության ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտության են ուղարկում կենդանու արյունը, արյան քսուքները, թարմ դիակը կամ առանձին օրգաններ (սիրտ, փայծաղ, երիկամներ, ավշային հանգույցներ):

13. Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդության նկատմամբ լաբորատոր հետազոտության նպատակով ախտաբանական նյութերը ներկայացվում են ուղեկցող փաստաթղթերով, որտեղ նշում են զգայունակ կենդանիների ընդհանուր և անկած կենդանիների քանակը, ախտաբանական նյութը վերցնելու ժամանակը:

14. Կենդանիների դիահերձումը և այլ ախտաբանական նյութի հետ աշխատանքներն անցկացնում են անձնական հիգիենայի խիստ պահպանման պայմաններում:

15. Շիճուկաբանական հետազոտությունների իրականացման նպատակով խոշոր եղջերավոր կենդանիների լծային երակից արյուն վերցնում են համընդհանուր մեթոդով: Արյունը վերցվում է մանրէաբանական փորձանոթներով, 1-2 ժամ պահվում է սենյակային ջերմաստիճանում (+400C-ից ոչ բարձր), որից հետո 20-24 ժամ` +40 C-ում: Շիճուկաբանական հետազոտությունների արագ կատարման անհնարինության դեպքում արյան շիճուկը պահածոյացվում է 2-4% բորաթթվով:

16. Հիվանդության ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտության արդյունքները լաբորատորիան հետազոտությունների ավարտից հետո 1 օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին:

17. Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդության ախտորոշումը հաստատում կամ ժխտում է անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին):

18. Լիազոր մարմինը խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդության առկայության մասին 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է ախտաբանական նմուշները ներկայացնողին:

19. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

 

II. ԱՊԱՀՈՎ ԿԵՏԵՐՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԼԵՅԿՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

20. ԽԵԿԼՎ-ի նկատմամբ ապահով է համարվում այն տարածքը, նախիրը, կոլեկտիվ և ֆերմերային տնտեսությունը, համայնքը, որտեղ 6 և ավելի ամիսների ընթացքում շիճուկաբանական մեթոդով չեն հայտնաբերվել ԽԵԿԼՎ-ի նկատմամբ հակամարմիններ, ինչպես նաև հիվանդությանը բնորոշ կլինիկա-արյունաբանական ցուցանիշներ ունեցող կենդանիներ:

21. Ապահով կետերում խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզի կանխարգելման միջոցառումները ներառում են.

1) Տնտեսությունը սպասարկող անասնաբույժի կողմից կենդանիների (նախրի) առողջական վիճակի նկատմամբ մշտական հսկողության սահմանումը.

2) Տարին մեկ անգամ բոլոր կովերին լեյկոզ հիվանդության նկատմամբ շիճուկաբանական մեթոդներով հակամարմինների առկայության որոշման հետազոտումը.

3) Կլինիկապես հիվանդ և շիճուկաբանական հետազոտության արդյունքում դրական հակազդած հիվանդ կենդանիների հարկադիր սպանդը.

4) ԽԵԿԼՎ-ի նկատմամբ հակամարմիններ հայտնաբերված ցուլերից ստացված սերմնահեղուկի ոչնչացումը.

5) Առանց սպասարկող անասնաբույժի գիտության լեյկոզի նկատմամբ շիճուկաբանական մեթոդներով չստուգված կենդանիների համայնքի, տնտեսության ներսում վերախմբավորման, տեղափոխման և այլ տնտեսությունների կամ տարածքների կենդանիների հետ համատեղ պահվածքի գործընթացների բացառումը.

6) Տնտեսություն բերվող նոր կենդանիների գլխաքանակի մոտ լեյկոզ հիվանդությամբ հիվանդ կամ վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող կենդանիներ հայտնաբերելու դեպքում սպասարկող անասնաբույժի կողմից այդ մասին մարզային կենտրոնի անասնաբույժ մասնագետին, ինչպես նաև կենդանիներ մատակարարող տնտեսության տեղեկացումը.

7) 6-րդ ենթակետի գլխաքանակի բացասական ռեակցիա տված կենդանիներին պահում են առանձին և 3 ամիս ընդմիջումով, շիճուկաբանական մեթոդով հետազոտում են մինչև ստացվի 2 իրար հաջորդող բացասական արդյունք, որից հետո նրանք համարվում են առողջ.

8) Անասնաբուժական, անասնաբուծական, սելեկցիոն-ժառանգական և կազմակերպչատնտեսական համալիր միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են կենդանիների ընդհանուր դիմադրողականության բարձրացմանը և լեյկոզ հիվանդության կանխարգելմանը:

22. Ապահով տնտեսություններում ԽԵԿԼՎ-ի ներթափանցման կանխարգելման նպատակով անասնատերը պարտավոր է`

1) Կենդանիների վաճառքի, սպանդանոց հանձնման, արոտավայրեր տանելու, այլ տեղափոխումների և վերախմբավորումների մասին տեղեկացնել համայնքը սպասարկող անասնաբույժին.

2) Ապահովել տնտեսություն նոր բերված կենդանիների մեկուսացված խնամքը և կերակրումը 30-օրյա կանխարգելիչ կարանտինային պայմաններում.

3) Խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդության (հյուծվածություն, մակերեսային ավշային հանգույցների մեծացում) կասկածի դեպքում կամ կենդանիների յուրաքանչյուր հիվանդացության դեպքի վերաբերյալ տեղեկացնել տարածքը սպասարկող անասնաբույժին.

4) Լիազոր մարմնի անասնաբույժ մասնագետի պահանջով ներկայացնել տեղեկատվություն նոր ձեռք բերված կենդանիների վերաբերյալ և ստեղծել պայմաններ նրանց հետազոտությունների համար.

5) Ապահովել կենդանիների լեյկոզի կանխարգելման սույն հրահանգի 21-րդ կետով նախատեսված սահմանափակումներով նախատեսված կազմակերպչական-տնտեսական, սանիտարական միջոցառումները, ինչպես նաև հիվանդության բռնկման դեպքում համաճարակային օջախի վերացման միջոցառումների կատարումը.

6) Ապահովել կենդանիների ամենամյա արյունաբանական, շիճուկաբանական հետազոտությունների (իմունոդիֆուզիայի ռեակցիա, իմունոֆլուորեսցենցիայի ռեակցիա, կոմպլեմենտի կապման ռեակցիա) իրականացումը:

23. Լեյկոզ հիվանդության նկատմամբ ապահով տնտեսություններից (ֆերմաներից) կենդանիներին այլ տնտեսություններ, վաճառքի կետեր տեղափոխելուց 30 օր առաջ հետազոտում են շիճուկաբանական եղանակներով:

24. Ապահով տնտեսություններում ԽԵԿԼՎ-ով վարակված կենդանիներ հայտնաբերելու դեպքում նրանց մեկուսացնում են ընդհանուր նախրից և 15 օրվա ընթացքում ենթարկում սպանդի, իսկ մնացած գլխաքանակը շիճուկաբանական մեթոդներով հետազոտում են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ մինչև ստացվի 2 իրար հաջորդող բացասական արդյունք, որից հետո նրանց համարում են առողջ:

 

IV. ԼԵՅԿՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

25. Լեյկոզ հիվանդության նկատմամբ անապահով են համարվում տարածքը, նախիրը, կոլեկտիվ և ֆերմերային տնտեսությունները, որտեղ ախտորոշումը հաստատվել է շիճուկաբանական, կլինիկա-արյունաբանական մեթոդներով:

26. Տարածքը, նախիրը, ֆերման, համայնքը, որտեղ հայտնաբերվել է ԽԵԿԼՎ-ի նկատմամբ հակամարմիններ ունեցող կենդանիներ, սակայն բացակայում են կլինիկական նշանները, համարվում են պոտենցիալ վտանգավոր լեյկոզ հիվանդության տեսանկյունից և իրականացվում են վարակի վերացմանն ուղղված միջոցառումներ:

27. Տնտեսությունները, որտեղ լիազոր մարմինը հաստատում է կենդանիների լեյկոզ հիվանդության առկայությունը, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ճանաչվում է անապահով, որոշվում են սահմանները և վերջիններիս ներկայացվում է հիվանդության դեմ պայքարի ու առողջացման միջոցառումների համալիր պլանը, որտեղ տրվում է տնտեսության կամ բնակավայրի անասնահամաճարակային վիճակը, տնտեսական, անասնաբուժական միջոցառումների կատարման ծավալները և ժամանակացույցը, անապահով կետերի առողջացման մեթոդները և ժամկետները, նշանակվում են աշխատանքների կատարման պատասխանատուներ:

28. Սահմանափակումների դեպքում արգելվում է`

1) Տնտեսության ներսում խոշոր եղջերավոր կենդանիները վերախմբավորել, տեղափոխել այլ տնտեսություններ, առանց տարածքը սպասարկող անասնաբույժի թույլտվության.

2) Լեյկոզ հիվանդությունից առողջ և հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիների համատեղ պահվածքը.

3) ԽԵԿԼՎ-ի նկատմամբ շիճուկաբանական մեթոդով դրական հակազդած կենդանիների արյան շիճուկի օգտագործումը բուժման, կանխարգելման և այլ նպատակներով.

4) Կենդանիների անասնաբուժական և անասնաբուծական միջոցառումների իրականացման դեպքում (արյուն վերցնել, արյան կամ տարբեր պատրաստուկների ներարկում, ամորձատում, եղջյուրների հեռացում, դաջում, սերմնահեղուկի ստացում, ծննդօգնություն և այլն) չվարակազերծված գործիքների, սարքավորումների օգտագործումը.

5) Կենդանիների ռեկտալ հետազոտություն կատարել առանց ձեռքերի համապատասխան մշակման կամ մեկանգամյա օգտագործման ձեռնոցները օգտագործել մեկ անգամից ավելի.

6) Արտադրող ցուլերի սպերմայի օգտագործումը:

29. Վարակված կենդանիներից և առողջացող տնտեսության կովերից ստացված կաթը հանձնում են կաթի վերամշակման գործարան կամ պաստերիզացիայից հետո օգտագործում են տնտեսության ներսում:

30. Շիճուկաբանական մեթոդներով ԽԵԿԼՎ-ի նկատմամբ բացասական հակազդած կովերի կաթը հանձնում են կաթի գործարան` սովորական տեխնոլոգիական ռեժիմով պաստերիզացիայի, որից հետո այդ կաթը թույլատրվում է նաև հորթերին կերակրելու համար:

31. Վարակված կենդանիներից և առողջացող տնտեսության կովերից ստացված սերնդին տեղափոխում են բտման, հաշվի առնելով դրանց դրական շիճուկաբանական հետազոտության արդյունքները:

32. Լեյկոզի կլինիկական կամ արյունաբանական մեթոդներով դրական հակազդած (առաջին հետազոտությունից հետո) կենդանիները համարվում են հիվանդ և 15 օրվա ընթացքում ենթարկվում սպանդի:

33. Վարակված նախրի կենդանիներին լեյկոզի նկատմամբ հետազոտում են շիճուկաբանական մեթոդներով և կովերի մինչև 30% ԽԵԿԼՎ-ով վարակվածության հայտնաբերման դեպքում նախիրը բաժանում են 2 խմբի.

1) Առաջին խումբ` լեյկոզ հիվանդությունից առողջ կենդանիներ, որոնց արյան շիճուկում չեն հայտնաբերվել հակամարմիններ.

2) Երկրորդ խումբ` ԽԵԿԼՎ-ով վարակված կենդանիներ, որոնց արյան շիճուկում հայտնաբերվել են հակամարմիններ:

34. 32-րդ կետի նշված կովերին և բոլոր հասակի մնացած խոշոր եղջերավոր կենդանիների.

1) 1-ին և 2-րդ ենթակետերի կովերից ստացված հորթերին 10 օրականից մինչև 6 ամսական հասակը պահում են առանձին անասնաշենքերում.

2) Հորթերին` սկսած 6 ամսականից, հետազոտում են շիճուկաբանական մեթոդներով և դրական հակազդած կենդանիներին տեղափոխում են բտման խումբ.

3) 1-ին խմբի (բացասական հակազդած) կովերին հետազոտում են երկու անգամ շիճուկաբանական մեթոդով 3 ամիս ընդմիջումով.

4) Շիճուկաբանական մեթոդով դրական հակազդած կենդանիներին սպանդի հանձնելուց և ամբողջ խմբի նկատմամբ 6 ամիսը մեկ անգամ շիճուկաբանական հետազոտություններով իրար հաջորդող երկու բացասական արդյունքներ ստանալուց հետո, նախիրը համարում են առողջ:

35. Հիվանդությունը վերջնական փուլ չանցնելու նպատակով 32-րդ կետի 2-րդ խմբի (դրական հակազդած) կենդանիներին, այդ թվում կովերին` սկսած երկու տարեկանից, տարին 2 անգամ, 6 ամիս ընդմիջումով հետազոտում են արյունաբանական մեթոդով: Առաջին հետազոտության արդյունքների հիման վրա` լեյկոզ հիվանդությանը բնորոշ արյան փոփոխությունների դեպքում, կենդանիներին մեկուսացնում են և 15 օրվա ընթացքում հանձնում սպանդի:

36. Այն համայնքներում (նախրում, ֆերմայում), որտեղ շիճուկաբանական մեթոդներով հայտնաբերում են 30%-ից ավելի ԽԵԿԼՎ-ի նկատմամբ դրական հակազդած կովեր, միավորում են 32-րդ կետի 2-րդ խմբի կենդանիներին: Այս խմբի հասակավոր կենդանիներին հետազոտում են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ արյունաբանական մեթոդով և հետազոտության արդյունքում հայտնաբերված հիվանդությանը բնորոշ արյան փոփոխություններով և կլինիկական նշաններով հիվանդ կենդանիներին 15 օրվա ընթացքում հանձնում են սպանդի:

37. Նոր նախրի ստեղծման համար բուծվող էգ մատղաշներին շիճուկաբանական եղանակով հետազոտում են 6, 12 ամսական հասակում, ինչպես նաև սերմնավորումից և նախիր փոխադրելուց առաջ:

38. Շիճուկաբանական մեթոդներով ԽԵԿԼՎ-ի նկատմամբ բացասական հակազդած երինջներին առանձնացնում են ԽԵԿԼՎ-ից զերծ անասնաշենքերում և հաջորդ հետազոտության արդյունքներով դրական հակազդած կենդանիներին տեղափոխում են բտման:

39. Լեյկոզով հիվանդ կենդանիներին սպանդի են ենթարկում սանիտարական սպանդանոցում, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ընդհանուր սպանդանոցներում առողջ կենդանիների սպանդից և սպանդային մթերքների հեռացումից հետո:

40. Սպանդի կենդանիների արյան, էնդոկրինային և այլ օրգանների օգտագործումը անասնաբուժական, բժշկական և սննդային նպատակների համար արգելվում է:

41. Հիվանդ կենդանիների սպանդից հետո անասնաշենքերը և արտադրամասի սարքավորումները մաքրում են և ախտահանում ֆորմալինի 5%-ոց ջրային կամ կծու նատրիումի 2%-ոց լուծույթներով` 1մ2 մակերեսի համար օգտագործելով 1լ լուծույթ, 2-3 ժամ ազդեցության տևողությամբ:

42. Սպանդանոցի սպասարկող անասնաբույժը հայտնաբերված լեյկոզի բոլոր դեպքերը, ինչպես նաև տարբեր ծագման ուռուցքների առկայության մասին տվյալները գրանցում է անասնաբուժասանիտարական փորձաքննության հաշվառման մատյանում:

43. Սպանդանոցը սպասարկող անասնաբույժը լեյկոզի հայտնաբերման դեպքում հայտնում է լիազոր մարմնին և այն տնտեսությանը ու տարածքը սպասարկող անասնաբույժին, որտեղից բերվել է կենդանին:

44. Լեյկոզով հիվանդ կենդանիների սպանդը իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշմամբ սահմանված կարգով:

45. Լեյկոզով հիվանդ կենդանիների մսի և այլ ենթամթերքների ոչնչացումը կատարվում է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշմամբ սահմանված կարգով:

46. Լեյկոզով հիվանդ կենդանիների սպանդից ստացված մսեղիքի, ներքին օրգանների և այլ մթերքների օգտահանումը կամ ոչնչացումը կախված է ախտահարման աստիճանից.

1) եթե ավշային հանգույցների, կմախքային մկանների և այլ օրգանների (լեյկոզի տարածված ուռուցքային ձևը) միաժամանակյա ախտահարված են, մսեղիքը և սպանդային բոլոր մթերքները ուղարկում են ոչնչացման.

2) եթե ախտահարվել են առանձին ավշային հանգույցներ և օրգաններ, բայց կմախքային մկաններում չկան ուռուցքային բնույթի տեսանելի փոփոխություններ, այդպիսի մսեղիքը, ներքին օրգանները և այլ մթերքները ուղարկում են տեխնիկական օգտահանման.

3) լեյկոզով հիվանդ կենդանիներից ստացված կաշին օգտագործվում է առանց սահմանափակումների` ոչնչացման ենթակա է միայն ուռուցքներով ախտահարված կաշին:

 

V. ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼԵՅԿՈԶԻ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

47. Առողջացման միջոցառումներն իրականացնում են ելնելով համայնքում, տնտեսությունում կենդանիների ԽԵԿԼՎ-ի տարածվածությունից, անասնապահության վարման ձևից, անասնաշենքերի, անասնաբակերի և կազմակերպչատնտեսական և տեղային առանձնահատկություններից:

48. Լեյկոզ հիվանդության նկատմամբ անապահով տնտեսություններում վարակված կենդանիներին մեկուսացնում են, իսկ հիվանդ կենդանիներին 15 օրվա ընթացքում հանձնում են սպանդի:

49. Տնտեսություններում, որտեղ հայտնաբերվել են մինչև 10% լեյկոզով վարակվածություն` վարակված և հիվանդ կենդանիներին ենթարկում են սպանդի: Այս տնտեսության հետագա շիճուկաբանական հետազոտությունները իրականացնում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, վարակված կենդանիներին պարտադիր մեկուսացնելով և ենթարկելով սպանդի:

50. Այն տնտեսությունում, որտեղ հայտնաբերվել են մինչև 30% ԽԵԿԼՎ-ով վարակված կովեր և երինջներ, վերջիններիս պահում են առողջ կենդանիներից առանձին և դրանց յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ հետազոտում են շիճուկաբանական մեթոդներով և ԽԵԿԼՎ-ի նկատմամբ դրական հակազդած կենդանիներին մեկուսացնելով ենթարկում են սպանդի:

51. 49-րդ կետի տնտեսության այն կենդանիներին, որոնք վարակված չեն ԽԵԿԼՎ-ով, հետագայում հետազոտում են միայն շիճուկաբանական մեթոդներով յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, յուրաքանչյուր հետազոտությունից հետո լեյկոզ հիվանդության նկատմամբ նոր հայտնաբերված դրական հակազդող կենդանիներին փոխադրում են վարակված կենդանիների խումբ:

52. Տնտեսություններում, որտեղ հաստատվել է լեյկոզ հիվանդությունը, տոհմային հորթերի աճեցումը կազմակերպում են մեծահասակ կենդանիներից առանձին, հատուկ մասնագիտացված տնտեսություններում կամ հորթանոցներում, շիճուկաբանական մեթոդով հսկելով վարակի առաջացումը: Առաջին շիճուկաբանական հետազոտությունը կատարվում է 6 ամսական հասակում, իսկ հետագայում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ և հայտնաբերված ԽԵԿԼՎ-ով վարակված կենդանիներին տեղափոխում են բտման խումբ:

53. Առողջացած տնտեսություններից թույլատրվում է կենդանիների իրացումը ոչ պակաս, քան 9 ամսական հասակից, պայմանով, որ նրանց բուծել են մեծահասակ կենդանիներից մեկուսացված անասնաշենքերում և շիճուկաբանական մեթոդով հետազոտությամբ ստացվել են բացասական արդյունքներ:

54. Առողջացող տնտեսություններում անասնապահական շինությունները, սարքավորումները ախտահանում են ֆորմալդեհիդի, կծու նատրիումի 2%-ոց տաք լուծույթներով և այլ ախտահանիչներով: Արյունոտված գործիքները ու առարկաները ախտահանվում են ֆորմալինի 5%-ոց ջրային կամ կծու նատրիումի 2%-ոց լուծույթներով: Գոմաղբը և կեղտաջրերը ախտահանում են բիոթերմիկ եղանակով 1 տարի տևողությամբ:

55. Շրջակա միջավայրում ԽԵԿԼՎ-ի ոչնչացման նպատակով տարին երկու անգամ` կենդանիներին արոտավայրեր տեղափոխելուց հետո և աշնանը մսուրային պահվածքի անցնելուց առաջ, կատարում են անասնաշենքերի ընթացիկ ախտահանություն կծու նատրիումի 2%-ոց լուծույթով 1մ2 մակերեսի համար օգտագործելով 1լ լուծույթ, 2-3 ժամ ազդեցության տևողությամբ:

56. Հիվանդության հարուցիչների փոխանցողների` մկնանման կրծողների ոչնչացման նպատակով տարին երկու անգամ կատարում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ, օգտագործելով զոոկումարինի 3%-ոց լուծույթով ներծծված գրավչանյութեր (օրինակ` գարի), յուրաքանչյուր խայծային կետում տեղադրելով 100-200 գրամ և այլ քիմիական միջոցներ:

57. Արոտային շրջանում արյունածուծ միջատների միջոցով ԽԵԿԼՎ-ի փոխանցումը կանխելու նպատակով խոշոր եղջերավոր կենդանիներին մշակում են նեոստոմազանի 0,1% լուծույթով և այլ քիմիական միջոցներով:

58. Նախիրը, ֆերման, համայնքը (տարածք) համարվում են առողջացած` վարակված և հիվանդ կենդանիներին սպանդի հանձնելուց, շիճուկաբանական մեթոդով 6 ամսականից բարձր հասակի ամբողջ անասնագլխաքանակի եռամսյակը մեկ անգամ բացասական երկու արդյունքների, ինչպես նաև անասնաշենքերի վերջնական ախտահանության ավարտից հետո: Տարածքից սահմանափակումները հանվում են առողջացումից 20 օր հետո:

 

VI. ՏՈՀՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

59. Տոհմային տնտեսություններում ամբողջ գլխաքանակը հետազոտում են շիճուկաբանական մեթոդներով 6 և 12 ամսական հասակում, ինչպես նաև տոհմային նպատակով վաճառքից առաջ, իսկ էգ մատղաշներին հետազոտում են նաև սերմնավորումից և նախիր տեղափոխելուց առաջ և դրական ռեակցիա տված կենդանիներին տեղափոխում են բտման խումբ:

60. Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ, 6 ամսականից բարձր կենդանիներին ենթարկում են շիճուկաբանական հետազոտության և յուրաքանչյուր հետազոտությունից հետո լեյկոզի նկատմամբ դրական հակազդած կենդանիներին հանձնում են սպանդի:

61. Տոհմային տնտեսությունը համարում են ԽԵԿԼՎ-ից առողջացած` եռամսյակը մեկ անգամ 6 ամսականից բարձր կենդանիների լեյկոզ հիվանդության նկատմամբ շիճուկաբանական հետազոտությունների երկու հաջորդական բացասական արդյունքների ստացման դեպքում:

62. Տոհմային տնտեսություններ նոր կենդանիներ բերվում են միայն ապահով տնտեսություններից:

63. Ներմուծված և կանխարգելիչ կարանտինում գտնվող անասնագլխաքանակը լեյկոզ հիվանդության նկատմամբ շիճուկաբանական մեթոդներով հետազոտում են կրկնակի (կարանտինացման սկզբում և 30 օր անց):

64. Տոհմային նպատակների համար կովերի վաճառքը թույլատրվում է, եթե եռամսյակը մեկ կատարված շիճուկաբանական հետազոտություններով ստացվել է 2 իրար հաջորդող բացասական արդյունք:

65. Արտադրող ցուլերի բուծման համար տոհմային արու մատղաշների ձեռքբերման դեպքում ընտրում են լեյկոզի նկատմամբ շիճուկաբանական ռեակցիաներով բացասական հակազդած կովերից ստացված կենդանիներին:

66. Լեյկոզ հիվանդության նկատմամբ շիճուկաբանական մեթոդներով դրական հակազդած բարձր մթերատվություն ունեցող տոհմային կովերից ստացված արու մատղաշների ձեռքբերումը թույլատրվում է լիազոր մարմնի թույլտվությամբ:

67. Նորածին արու հորթերին մինչև առաջին անգամ խիժով կերակրելը հետազոտում են շիճուկաբանական մեթոդներով և բացասական արդյունքով կենդանիներին առաջին 10 օրը պահում են կանխարգելիչ անհատական վանդակներում:

68. Տոհմային և արտադրական նպատակների համար կովերի վաճառքը թույլատրվում է` եթե 3 ամիս ընդմիջումով, շիճուկաբանական մեթոդներով հետազոտություններից հետո ստացվել է 2 իրար հաջորդող բացասական արդյունք:

69. Արտադրող ցուլերի աճեցման համար տոհմային արու մատղաշներին ընտրում են ԽԵԿԼՎ-ի նկատմամբ շիճուկաբանական մեթոդներով բացասական հակազդած կովերից ստացված հորթերից:

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
14.07.2014
N 706-Ն
Հրաման