Սեղմել Esc փակելու համար:
1951 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԸՆԴՈՒՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1951 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻ ...

 

 

020.1164.160914

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1951 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱԱԳԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 սեպտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Գեղամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված` Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի հունիսի 18-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կանոնադրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունն (այսուհետ` Կանոնադրություն) ընդունվել է Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի (այսուհետ` Հաագայի խորհրդաժողով) յոթերորդ նստաշրջանում` 1951 թվականի հոկտեմբերի 31-ին և ուժի մեջ է մտել 1955 թվականի հուլիսի 15-ին:

Կանոնադրության փոփոխություններն ընդունվել են Հաագայի խորհրդաժողովի քսաներորդ նստաշրջանում` 2005 թվականի հունիսի 30-ին և ուժի մեջ են մտել 2007 թվականի հունվարի 1-ին:

2. Ըստ Կանոնադրության 1-ին հոդվածի` Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի նպատակն է աշխատել միջազգային մասնավոր իրավունքի նորմերի շարունակական միասնականացման ուղղությամբ:

3. Կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն` Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի անդամներն այն պետություններն են, որոնք արդեն մասնակցել են Խորհրդաժողովի մեկ կամ մի քանի նիստերի, և որոնք ընդունել են սույն Կանոնադրությունը: Նոր անդամ պետության ընդունման հարցը որոշվում է անդամ պետությունների կառավարությունների կողմից, նրանցից մեկի կամ մի քանիսի առաջարկով, ձայների մեծամասնությամբ, առաջարկը ներկայացնելուց հետո 6 ամսվա ընթացքում: Ընդունումն ուժի մեջ է մտնում անդամ պետության կողմից Կանոնադրությունն ընդունելուց հետո:

Կանոնադրության 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հաագայի խորհրդաժողովի անդամ պետությունները ձայների մեծամասնությամբ որպես Խորհրդաժողովի անդամ կարող են ընդունել Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպության, որը գործում է իր անդամ պետությունների կողմից իրեն փոխանցված իրավասությունների շրջանակներում:

4. Կանոնադրության 4-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան` Հաագայի խորհրդաժողովի ղեկավարումն իրականացնում է բոլոր անդամներից կազմված Ընդհանուր հարցերի և քաղաքականության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ): Խորհուրդն այդ ղեկավարումն ապահովում է Մշտական բյուրոյի միջոցով:

Ընդհանուր հարցերի և քաղաքականության խորհրդի ղեկավարման ներքո Մշտական բյուրոն պատասխանատու է Հաագայի խորհրդաժողովի նիստերի և Խորհրդի ու ցանկացած Հատուկ հանձնաժողովի հանդիպումների նախապատրաստման և կազմակերպման, նիստերի և վերոնշյալ հանդիպումների քարտուղարության իրականացման և քարտուղարության աշխատանքների հետ կապված բոլոր հարցերի կարգավորման համար:

5. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- նշանակել ազգային մարմին Հաագայի խորհրդաժողովի անդամների և Մշտական բյուրոյի միջև հաղորդակցությունը դյուրացնելու նպատակով (հոդվ. 7),

- մասնակցել Հաագայում գտնվող իր դիվանագիտական ներկայացուցչության միջոցով Խորհրդաժողովի բյուջեի ծախսերի բաշխմանը (հոդվ. 10),

- վճարել Հաագայի խորհրդաժողովի բյուջեի ծախսերի իր մասնաբաժինը (հոդվ. 9),

- վճարել Հաագայի խորհրդաժողովի կողմից որոշված` Հայաստանի Հանրապետության հետ բանակցված, իր անդամակցությունից բխող լրացուցիչ վարչական ծախսերը (հոդվ. 9):

i

Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակում, մասնավորապես, Հաագայի խորհրդաժողովի, ինչպես նաև Ընդհանուր հարցերի և քաղաքականության խորհրդի և հատուկ հանձնաժողովների նիստերին մասնակցող պատվիրակությունների գործուղման ծախսերի (հոդվ.հոդվ. 9 և 11) վճարման մասով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության համաձայն` գործուղումների, միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների ընդունելության, բնակարանների և այլ գույքի վարձակալության ծախսերը չեն համարվում որպես ֆինանսական պարտավորություններ:

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովը` հանդիսանալով որպես մշտական գործող միջկառավարական կազմակերպություն, կարևոր դեր է ապահովում միջազգային հանրային իրավունքի կոդիֆիկացման ու միասնական կիրառման գործում և նպաստում միջազգային մասնավոր իրավունքի ընդհանուր նորմերի զարգացմանն ու իրականացմանը, մասնավոր իրավունքի տարբեր համակարգերի միջև հարաբերությունների համակարգմանը:

Հայաստանի Հանրապետությունը` դեռևս չանդամակցելով Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի այս կազմակերպությանը և միաժամանակ օգտվելով վերջինիս կողմից ընդունված կոնվենցիաներին ինքնուրույն միանալու իրավասությունից, վերջին տարիների ընթացքում միացել է այս կազմակերպության մի շարք կոնվենցիաների, այդ թվում` Քաղաքացիական դատավարության մասին (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 29-ից), Կտակային հանձնարարությունների ձևին վերաբերող իրավունքների հակասությունների (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 1-ից), Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 1-ից), Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007 թվականի հունիսի 1-ից), Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 14-ից) և այլն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությանը միանալը, հետևաբար, այդ կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը հնարավորություն կապահովի մասնակցել այդ կազմակերպության և նրա մարմինների գործունեությանը, միջազգային մասնավոր իրավունքի բնագավառում կազմակերպության մյուս անդամ պետությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև միջազգային մասնավոր իրավունքի այլ ակտերին ներպետական օրենսդրության համապատասխանեցմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված` Միջազգային մասնավոր իրավունքի մասին Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 սեպտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1164

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.09.2014
N ՍԴՈ-1164
Որոշում