Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ...

 

 

020.1165.160914

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 սեպտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի մարտի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2014 թվականի հունիսի 25-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2014 թվականի մարտի 10-ին` Երևանում: Կոնվենցիայի նպատակը` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է և դրանով պայմանավորված` միջազգային առևտրի ու ներդրումների վրա եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցության նվազեցումը, ինչպես նաև կանխատեսելի և կայուն հարկային դաշտի ստեղծումը:

2. Կոնվենցիայով սահմանվում են պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց` հարկման ենթակա գույքը և եկամուտների տեսակները, որոնց կապակցությամբ էլ պայմանավորվող պետությունները ձեռք են բերում համապատասխան իրավունքներ և պարտականություններ: Կոնվենցիայի համաձայն` պայմանավորվող կողմը պարտավորություն է ստանձնում ձեռնպահ մնալ պայմանավորվող կողմերից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց ստացած այն եկամուտը հարկելուց, որի հարկման իրավունքը Կոնվենցիայով վերապահված է մյուս պայմանավորվող կողմին, և` ընդհակառակը:

Կոնվենցիան կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված շահութահարկի, եկամտահարկի և գույքահարկի նկատմամբ, իսկ Սերբիայի Հանրապետությունում` կորպորատիվ շահութահարկի, ֆիզիկական անձանց եկամտահարկի և գույքահարկի նկատմամբ:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Կոնվենցիան կիրառել նաև այն հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն Կոնվենցիան ստորագրելուց հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն, և որոնք նմանատիպ կլինեն սույն Կոնվենցիայով նախատեսված հարկերին.

- Սերբիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները հարկել միայն այն դեպքում, երբ համապատասխան գործունեությունն իրականացվել է Հայաստանում գտնվող մշտական հաստատության (ավելի, քան 12 ամիս գործունեություն ծավալող) միջոցով և համապատասխան շահույթը վերագրվել է համապատասխան հաստատությանը.

- ձեռնպահ մնալ միջազգային փոխադրումներում Սերբիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից նավերի, օդանավերի և ավտոճանապարհային փոխադրամիջոցների շահագործումից ստացված շահույթը հարկելուց.

- Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները, տոկոսները կամ ռոյալթիները հարկել ոչ ավելի, քան շահաբաժինների, տոկոսների կամ ռոյալթիների համախառն գումարի 8 տոկոսի չափով.

- ձեռնպահ մնալ Կոնվենցիայով նախատեսված պայմանների առկայության դեպքում Սերբիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանում իրականացվող մասնագիտական ծառայություններից, այլ անկախ բնույթի գործունեությունից ստացված վարձատրությունը, Սերբիայի Հանրապետության ռեզիդենտի կողմից Հայաստանում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը, ինչպես նաև Հայաստանում բացառապես ուսման, վերապատրաստման, դասավանդման կամ հետազոտություն կատարելու նպատակով գտնվող անձանց կողմից ստացված վճարումները հարկելուց.

- բացառել կրկնակի հարկումը և իր ռեզիդենտի եկամտահարկից կամ գույքահարկից հանել Սերբիայի Հանրապետությունում վճարված հավասար գումար.

- բացառել խտրականության դրսևորումը Սերբիայի Հանրապետության ռեզիդենտների նկատմամբ, մասնավորապես`այլ կամ ավելի ծանր որևէ հարկի կամ որևէ այլ պարտավորության սահմանումը.

- Կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով տեղեկատվություն փոխանակել կիրառվող ցանկացած տեսակի հարկերի վերաբերյալ:

4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը կրում է ֆինանսական պարտավորություններ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է չհարկել Սերբիայի Հանրապետության ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստացված առանձին տեսակի եկամուտները կամ հարկել նվազեցված դրույքաչափով:

5. Միջազգային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան` Կոնվենցիայի գործողությունը չի տարածվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անդամների վրա:

6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8 և 9-րդ հոդվածների դրույթներին, կոչված են զարգացնելու կողմերի միջև բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունները, նաև ստեղծելու իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2014 թվականի մարտի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 սեպտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1165

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.09.2014
N ՍԴՈ-1165
Որոշում