Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿ ...

25.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2003  -ից մինչեւ   25.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 14.05.07 թիվ 97-Ն հրաման)

i

102.1270.110899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

9 օգոստոսի 1999 թվական թիվ 1270

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Մինչև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կանոնակարգելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 5-րդ կետի «ժէ» ենթակետով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

ա) Ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

բ) Ամուսնության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

գ) Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

դ) Հայրության որոշման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

ե) Որդեգրման (դստերագրման) գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

զ) Մահվան գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները.

է) Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոնները.

ը) Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու կանոնները (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել`

i

- Հայկական ՍՍՀ արդարադատության մինիստրի 1986 թվականի օգոստոսի 29-ի «Զագսի մարմինների կողմից որդեգրումը գրանցելու հարցերի վերաբերյալ» հրահանգը.

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1996 թվականի սեպտեմբերի 27-ի «Ամուսնադրության ժամկետի կրճատման կարգը հաստատելու մասին» թիվ 474 հրամանը:

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

1999 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 1270 հրամանով

 

i

ԾՆՆԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ծննդի գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Ծնունդը ենթակա է պարտադիր գրանցման ՔԿԱԳ տարածքային բաժնում:

Օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների ծննդի գրանցումը կատարվում է տվյալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հաստատությունում:

2. Ծննդի գրանցումը ծնողների ցանկությամբ կատարվում է երեխաների ծննդավայրի կամ ծնողների (նրանցից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժիններում:

Այն դեպքում, եթե ծնողները միմյանց հետ ամուսնության մեջ չեն գտնվում, ծնունդը կարող է գրանցվել նաև իրեն երեխայի հայր ճանաչած անձի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում` եթե ծննդի գրանցման մասին դիմումի հետ միաժամանակ դիմում է տրվում նաև հայրությունը որոշելու համար:

ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու ծննդի գրանցումն այն պատճառաբանությամբ, թե այդպիսի գրանցումը նպատակահարմար է կատարել ՔԿԱԳ տարածքային մեկ այլ բաժնում:

3. Եթե երեխայի ծնունդը գրանցվում է ոչ նրա փաստացի ծննդավայրում, այլ ծնողների կամ նրանցից մեկի բնակության վայրում, ծննդի գրանցման 6-րդ` «Ծննդյան վայրը» , սյունակում նշվում է ծնողների մշտական բնակության վայրը: Այս կանոնը դիմումն ընդունելու ժամանակ պետք է պարզաբանվի այն անձանց, ովքեր դիմել են երեխային ծնունդը գրանցելու համար:

4. Ծննդի գրանցման մասին դիմումը պետք է տրվի երեխային ծննդյան օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ ծննդի գրանցումը մերժելու համար:

Եթե ծննդի գրանցման մասին դիմումը տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև երեխայի մեկ տարին լրանալը, ապա ծնունդը գրանցվում է ընդհանուր կարգով` ծննդի ընթացիկ գրանցման մատյանում:

Այն դեպքում, երբ ծննդի գրանցման մասին դիմումը ստացվել է երեխայի ծննդյան օրվանից մեկ տարի անց, բայց մինչև նրա 16 տարին լրանալը, ապա ծննդի գրանցումը կատարվում է միայն երեխայի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` ծննդի վերականգնված գրանցումների մատյանում` ընդհանուր կարգով` որպես սկզբնական գրանցում, սակայն հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» բառերը: Ընդ որում, դիմողը պետք է բժշկական տեղեկանք ներկայացնի երեխայի ծննդի և կենդանության մասին և տեղեկանք` երեխային բնակության վայրից: Այդ դեպքում ծննդի գրանցման 6-րդ` «Ծննդյան վայրը» , սյունակում նշվում է երեխային բնակության վայրը:

16 տարեկանից բարձր անձանց ծննդի գրանցումը նույնպես կատարվում է միայն ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու կանոններով սահմանված կարգով:

5. Ծննդի գրանցման մասին հայտարարություն տրվում է ծնողների կամ նրանցից մեկի կողմից` բանավոր կամ գրավոր, իսկ ծնողների հիվանդության, մահվան կամ այլ պատճառներով նրանց կողմից հայտարարություն կատարելու անհնարինության դեպքում` ազգականների, հարևանների, այն բժշկական հիմնարկի վարչակազմի կողմից, որտեղ գտնվել է մայրը երեխան ծնվելիս, ինչպես նաև այլ անձանց կողմից:

6. Ծնունդը գրանցելիս, անկախ այն բանից, թե ով է հայտարարություն տվողը, պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

- երեխայի ծննդի մասին բժշկական հիմնարկի տեղեկանք.

- ծնողների անձը հաստատող փաստաթղթեր.

- փաստաթղթեր, որոնք հիմք կարող են հանդիսանալ հոր մասին տվյալները գրանցելու համար.

- հայտարարություն տվողի անձը հաստատող փաստաթուղթ:

6.1. Երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքը երեխայի մոր մասին պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները` անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև երեխայի ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվն ու սեռը, տեղեկանքը տալու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Տեղեկանքը պետք է հաստատված լինի բժշկական հիմնարկի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով:

Եթե երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքում նշված է մոր մինչամուսնական ազգանունը, իսկ անձնագրում (անձնագիրը փոխարինող փաստաթղթում)` ծննդի գրանցման պահին մոր կողմից ամուսնությունը գրանցելիս ստացած ազգանունը, ապա դիմողի կողմից պետք է պարտադիր կարգով ներկայացվի ամուսնության վկայականը, որը կհաստատի, որ տվյալ բժշկական տեղեկանքը տրված է այն կնոջը, որի անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը) ներկայացվել է ՔԿԱԳ տարածքային բաժին:

Եթե ամուսնությունը գրանցելիս կնոջը տրվել է ամուսնու ազգանունը, սակայն նա անձնագիրը նոր ազգանունով չի փոխել և երեխային ծննդի մասին բժշկական տեղեկանքում նույնպես մոր մինչամուսնական ազգանունն է նշված, ապա դիմողի կողմից պարտադիր կարգով պետք է ներկայացվի ամուսնության վկայականը: ՔԿԱԳ տվյալ տարածքային բաժնում ծնողների ամուսնության գրանցման առկայության դեպքում ամուսնության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

Սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ծննդի գրանցման մեջ մոր ազգանունը նշվում է ըստ ամուսնության վկայականի (ամուսնության գրանցման), ընդ որում, ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» սյունակում կատարվում է հետևյալ գրանցումը` «Ներկայացված բժշկական տեղեկանքում նշված է մոր մինչամուսնական ազգանունը» կամ «Ներկայացված բժշկական տեղեկանքում և մոր անձնագրում նշված է նրա մինչամուսնական ազգանունը» և նշվում է մոր մինչամուսնական ազգանունը:

Եթե երեխան ծնվել է ոչ բժշկական հիմնարկում և ծննդաբերության ժամանակ առանց բժշկական օգնություն ցույց տալու, ծնունդը կարող է գրանցվել վկաների ցուցմունքների և երեխայի ծննդի և կենդանության մասին բժշկական տեղեկանքի առկայության դեպքում: Այդպիսի դեպքերում ծննդյան փաստը հաստատվում է մեկ կամ երկու վկայի ստորագրությամբ` ծննդի գրանցման 10-րդ` «Երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթեր» , սյունակում նշելով վկայի ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը: Այդ տվյալները նշվում են վկայի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Վկայի ներկայանալն անհնարին լինելու դեպքում, տվյալ մորից երեխայի ծննդյան փաստի գրավոր հաստատման վերաբերյալ վկայի ստորագրության իսկությունը պետք է վավերացվի նոտարական կարգով, օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (երկարատև գործուղում և այլն) ստորագրությունը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության կողմից, զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից, Հայաստանի Հանրապետության դրոշի տակ նավարկող ծովային նավերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ նավերի կապիտանների կողմից, հետախուզական և համանման այլ արշավախմբերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ արշավախմբերի պետերի կողմից, բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում ստացիոնար բուժման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ հիմնարկների վարչակազմերի կողմից:

Եթե երեխան ծնվել է ծովային, գետային նավում կամ օդանավում մոր գտնվելու ժամանակ, ինչպես նաև գնացքում, ապա կապիտանը (նավի հրամանատարը, գնացքի պետը) երկու վկայի ու բժշկի կամ բուժակի մասնակցությամբ (եթե նավում, գնացքում կա բժիշկ կամ բուժակ) կարող է ակտ կազմել երեխայի ծննդի մասին: Այդ ակտը ներկայացվում է ծնունդը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժնին` ծննդի մասին բժշկական տեղեկանքի փոխարեն:

6.2. Ծնողների անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), սպաների, ենթասպաների, գերակետիկ ծառայության զինծառայողների զինվորական գրքույկը, դիվանագիտական անձնագիրը:

Բացառիկ դեպքերում, երբ ծնողներից մեկի անձը հաստատող փաստաթուղթ չի կարող ներկայացվել (հայտնի չէ նրա գտնվելու վայրը, երկարատև գործուղում և այլն), ՔԿԱԳ տարածքային բաժինն իրավունք չունի մերժել ծննդի գրանցումը: Ծնողի մասին տեղեկությունները, եթե նրա անձը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, գրանցվում են ամուսնության վկայականի հիման վրա կամ ՔԿԱԳ տվյալ տարածքային բաժնում ծնողների ամուսնության գրանցման առկայության դեպքում` այդ ակտի գրանցման հիման վրա:

Այն դեպքում, երբ ծնողի մասին տեղեկությունները գրանցվում են ամուսնության վկայականի հիման վրա, ծննդի գրանցման 15-րդ` «Ազգությունը» , սյունակը չի լրացվում: Ընդ որում, դիմողին պարզաբանվում է, որ բացակայող ծնողի անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում Հոր (մոր) ազգության մասին տեղեկություններով գրանցումը կարող է կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոններով սահմանված կարգով: Ծնողների բնակության վայրի, ինչպես նաև կրթության մասին տվյալները գրանցվում են դիմողի բանավոր հայտարարությամբ: Այդ դեպքերում ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է` «Հոր (մոր) անձը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել, հոր (մոր) մասին տեղեկությունները լրացված են ամուսնության վկայականի (ամուսնության գրանցման) հիման վրա»:

6.3. Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող հայրն ու մայրը` նրանցից որևէ մեկի դիմումով, գրանցվում են որպես երեխայի ծնողներ: Այդպիսի գրանցման համար հիմք են հանդիսանում ամուսնության վկայականը և ծնողների կամ նրանցից մեկի անձը հաստատող փաստաթղթերը: Նույն կարգով գրանցվում են ծնողների մասին տեղեկությունները, եթե նրանք ամուսնալուծված են, ամուսնությունը դատարանի կողմից անվավեր է ճանաչվել կամ ամուսինը մահացել է և եթե ամուսնալուծության, ամուսնությունն անվավեր ճանաչելու կամ ամուսնու մահվան պահից անցել է 10 ամսից ոչ ավել ժամանակ: Դիմողի կողմից համապատասխանաբար պետք է ներկայացվի ամուսնալուծության վկայականը, ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքը (պատճենը) կամ ամուսնու մահվան վկայականը: Ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է ամուսնալուծության կամ մահվան գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, տեղը և ակտի գրանցման համարը կամ դատարանի անվանումն ու ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Եթե երեխան ծնվել է ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու օրվանից 10 ամիս անցնելուց հետո, ապա նախկին ամուսինը որպես երեխայի հայր կարող է գրանցվել միայն հայրության որոշման գրանցման հիման վրա:

6.4. Եթե ծննդի գրանցումը կատարվում է ոչ թե ծնողների, այլ ուրիշ անձի կողմից, ապա պետք է ներկայացվի դիմողի անձը հաստատող փաստաթուղթ: Այդ դեպքում, ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ում կողմից է տրված:

7. Եթե երեխայի մայրը, որը գտնվում է գրանցված ամուսնության մեջ, երեխայի ծննդի գրանցման ժամանակ հայտարարում է, որ իր ամուսինը երեխայի հայրը չէ ու խնդրում է երեխայի ծննդի գրանցման մեջ նրան հայր չնշել, ապա նրա խնդրանքը կարող է բավարարվել միայն այդ մասին մոր և նրա ամուսնու գրավոր դիմումի առկայության դեպքում:

Տրված դիմումի մասին ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» , սյունակում նշում է կատարվում` «Երեխայի մայրը ամուսնության մեջ է գտնվում քաղաքացի ______________ -ի հետ, որը, համաձայն ամուսինների դիմումի, չի հանդիսանում երեխայի հայրը»: Ամուսինները ստորագրում են այդ սյունակում:

Եթե երեխայի մոր հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող քաղաքացին անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին այդպիսի դիմում տալու համար, ապա երեխայի հայր չլինելու փաստը հաստատող նրա դիմումը կարող է վավերացվել սույն հրահանգչական ցուցումների 6.1-րդ ենթակետի վեցերորդ պարբերությամբ սահմանված կարգով:

i

8. Եթե ծնողները միմյանց հետ ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի մոր մասին գրանցումը կատարվում է մոր կամ այլ անձի հայտարարությամբ, իսկ հոր մասին գրանցումը` հայրության որոշման գրանցման հիման վրա և այն կարգով, որը նախատեսված է հայրության որոշման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումներով:

Ամուսնության մեջ չգտնվող կնոջից երեխա ծնվելու դեպքում, եթե ՔԿԱԳ տարածքային բաժնում չի լուծվում նաև հայրության որոշման հարցը, ապա ծննդի գրանցման մատյանում երեխայի հոր մասին գրանցումը կատարվում է մոր ազգանունով, իսկ հոր անունը, հայրանունն` մոր ցուցումով:

Եթե ամուսնության մեջ չգտնվող երեխայի մայրը` չնայած ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատողի կողմից նրան տրված համապատասխան իրավական ակտի պարզաբանմանը, հրաժարվում է նշել երեխայի հոր անունը, հայրանունն ու ազգությունը, ապա ծննդի գրանցումը կատարվում է առանց ծննդի գրանցման մեջ հոր մասին այդ տեղեկությունները լրացնելու և տրվում է ծննդյան վկայական:

Երեխայի ծնունդը ոչ թե երեխայի մոր, այլ մեկ այլ անձի հայտարարությամբ գրանցելու դեպքում, հոր մասին տեղեկությունները գրանցվում են մոր կողմից սահմանված կարգով տրված գրավոր հայտարարության հիման վրա` սույն հրահանգչական ցուցումներով սահմանված կարգով:

Սույն կետի երկրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում դիմողին նպաստ ստանալու համար ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրվում է համապատասխան տեղեկանք` սոցիալական ապահովության մարմիններին ներկայացնելու համար:

(8-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

9. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն հասել ամուսնական տարիքի, ապա երեխայի ծնունդը գրանցվում է ընդհանուր կարգով: Երեխայի ծննդի գրանցման վերաբերյալ անչափահաս ծնողների հոր կամ մոր (խնամակալների) համաձայնությունը չի պահանջվում:

10. Ծննդի գրանցման ժամանակ երեխայի ազգանունը որոշվում է միայն ծնողների ազգանունով: Ծնողների ազգանունները տարբեր լինելու դեպքում երեխայի ազգանունը` ծնողների համաձայնությամբ, գրանցվում է հոր կամ մոր ազգանունով, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմինների ցուցումով:

Չի թույլատրվում երեխային շնորհել երկու ազգանուն: Սակայն, եթե ծնողները (կամ նրանցից մեկը) կրկնակի ազգանուն են կրում, ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու երեխային շնորհելու այդ ազգանունը:

11. Երեխային անուն է տրվում ծնողների համաձայնությամբ, իսկ ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում` երեխային անուն տալու հարցը լուծվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:

Երեխային տրվում է միայն մեկ անուն: Մեկից ավելի անուն տալն արգելվում է:

ՔԿԱԳ տարածքային բաժինն իրավունք չունի մերժելու երեխային ծնողների ընտրած անունը շնորհելու այն պատճառաբանությամբ, որ այն անունը նշված չէ անձնական անունների տեղեկատույում:

12. Երեխային հայրանուն է շնորհվում հոր անունով կամ այն անձի անունով, որը գրանցված է որպես հայր:

13. Ծննդի գրանցման հիման վրա դուրս է գրվում ծննդյան վկայական, որը տրվում է երեխայի ծնունդը գրանցելու մասին դիմում տված անձին:

14. Երկվորյակներ ծնվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրի համար պետք է ներկայացվի ծննդի մասին բժշկական տեղեկանք, որի հիման վրա կատարվում են ծննդի առանձին գրանցումներ և տրվում են առանձին ծննդյան վկայականներ:

15. Գտնված երեխայի ծնունդը գրանցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, մանկական հիմնարկի վարչակազմի (որտեղ տեղավորված է երեխան), ներքին գործերի մարմնի կամ երեխան գտնող անձի հայտարարության հիման վրա:

Գտնված երեխայի ծնունդը գրանցելիս ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել խնամակալության և հոգաբարձության մարմնին: Ծնունդը գրանցելիս պետք է ներկայացվի ակտ, արձանագրություն կամ տեղեկանք, որտեղ նշված լինի երեխայի հայտնաբերման ժամանակը, տեղը և հանգամանքները, ինչպես նաև բժշկական տեղեկանք` երեխայի տարիքի մասին:

Գտնված երեխայի ծննդի գրանցումը պետք է կատարվի գտնելու օրվանից եռօրյա ժամկետում:

Գտնված երեխայի, որի ծնողները հայտնի չեն, ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև նրա ծնողների ազգանունը, անունը, հայրանունը և ազգությունը գրանցվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի, մանկական հիմնարկի վարչակազմի (որտեղ տեղավորված է երեխան), ներքին գործերի մարմնի կամ երեխան գտնող անձի ցուցումով (ծնողների մասին մնացած տվյալները չեն գրանցվում): Ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» , սյունակում կատարվում է գրանցում` «Երեխան գտնված է» , ինչպես նաև, թե ում ցուցումով է տեղեկություններ լրացվել ծնողների մասին: Երեխայի ազգանունը պետք է համապատասխանի ծնողների գրանցված ազգանուններին, հայրանունը` գրանցված հոր անվանը:

16. Մեռելածինները և կյանքի առաջին շաբաթվա ընթացքում մահացած երեխաները եռօրյա ժամկետում պետք է գրանցվեն ՔԿԱԳ տարածքային բաժիններում` բժշկական հիմնարկների վարչակազմի, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը կամ որտեղ մահացել է երեխան, դիմումի հիման վրա: Սակայն, եթե այդպիսի հայտարարությամբ դիմում են ծնողները կամ այլ անձ` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու գրանցումը:

Մահացած երեխայի ծնունդը` մեռելածնության մասին բժշկական տեղեկանքի հիման վրա, գրանցվում է միայն ծննդի գրանցման գրքում:

Եթե երեխայի մահը վրա է հասել նրա ծննդից հետո (եթե նույնիսկ նա ապրել է մի քանի րոպե), ապա պետք է կազմվեն երկու գրանցումներ` ծննդի` ծննդի մասին բժշկական հիմնարկի տեղեկանքի հիման վրա և մահվան` պերինատալ մահվան վկայականի հիման վրա: Այդ դեպքում ծննդի գրանցման մեջ պետք է նշված լինեն ծնողների մասին բոլոր տեղեկությունները, իսկ սույն պարբերությամբ նախատեսված դեպքում նշում է կատարվում նաև այն մասին, որ երեխան մահացել է (ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» , սյունակում):

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքում դիմողին միայն տրվում է մահվան վկայական: Հետագայում նույնպես միայն տրվում են մահվան վկայականի կրկնօրինակներ:

Եթե ծնողներին անհրաժեշտ է ստանալ երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ (մահացած կամ կենդանի երեխայի, որը սակայն մահացել է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում), ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը ծննդի մասին տալիս է տեղեկանք` նշելով մեռելածնության կամ երեխայի մահվան մասին:

17. Այն դեպքերում, երբ երեխայի հոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի մայրը մահացել է կամ երեխային հանձնել է պետության լրիվ խնամքին և դաստիարակությանը, այսինքն` հրաժարվել է երեխային վերցնել ծննդատնից կամ անհայտ է նրա բնակության վայրը, իսկ հայրությունը չի որոշվել, երեխայի ծննդի գրանցումը կատարվում է բժշկական հիմնարկի վարչակազմի (որտեղ երեխայի ծննդյան ժամանակ գտնվել է մայրը) դիմումի հիման վրա կամ մանկական հիմնարկի վարչակազմի կամ այն անձի հայտարարության հիման վրա, որի խնամքի տակ է գտնվել երեխան: Մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի մասին բժշկական տեղեկանքին համապատասխան, իսկ երեխայի և հոր ազգանունը` մոր ազգանունով, երեխայի և հոր անունը, հայրանունը, ինչպես նաև ծնողների ազգությունը` դիմողի ցուցումով: Այդ դեպքում երեխայի հայրանունը պետք է համապատասխանի հոր անվանը (ծնողների մասին մնացած տվյալները չեն գրանցվում): Այդպիսի երեխայի ծննդի գրանցման մասին ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է անմիջապես հայտնի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

18. Եթե հետագայում դատարանը որոշում կայացնի ծննդի գրանցումից հոր (մոր) մասին տեղեկությունները հանելու մասին, ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա փոփոխություններ է կատարում ծննդի գրանցման մեջ` հոր (մոր) մասին տվյալները ջնջվում են և 23-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է`

«դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը

որոշման հիման վրա հոր (մոր) մասին տեղեկությունները հանված են»: Այս դեպքում, մոր դիմումի հիման վրա, ծննդի գրանցման մեջ հայրը կարող է գրվել մոր ազգանունով: Հոր անունը, հայրանունը և ազգությունը գրանցվում են մոր ցուցումով: Հոր մասին մյուս տեղեկությունները չեն լրացվում: Այդ դեպքում մորը նպաստ ստանալու համար տրվում է համապատասխան տեղեկանք` սոցիալական ապահովության մարմիններին ներկայացնելու համար:

Ծննդի գրանցման մեջ կատարված բոլոր փոփոխությունները հաստատվում են ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

19. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ծննդի գրանցման 23-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է` «Ծնողները (հայրը, մայրը) ծնողական իրավունքներից զրկված են

դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը»:

Կատարված գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով (ծնողների մասին տեղեկությունները ծննդի գրանցումից չեն հանվում): Ծնողական իրավունքներից զրկված ծնողներին երեխաների ծննդյան վկայականների կրկնօրինակներ չեն տրվում: Դրանք կարող են տրվել երեխայի խնամակալին (հոգաբարձուին):

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ծնողական իրավունքների վերականգնման դեպքում ծննդի գրանցման մեջ նշում է կատարվում`

«Ծնողների (հոր, մոր) ծնողական իրավունքները վերականգնվել են

դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը»:

Կատարված գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 13.08.01 թիվ 375 հրաման)

i

21. Ծննդյան վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

22. Ծննդի գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

1999 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 1270 հրամանով

 

i

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ամուսնության գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Ամուսնության պարտադիր պայմաններ են` ամուսնացող անձանց փոխադարձ համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի հասնելը:

2. Ամուսնանալու մասին դիմումը` ամուսնացողների ընտրությամբ, տրվում է նրանցից մեկի կամ նրանց ծնողների բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Այն դեպքում, երբ ամուսնացողները դիմում են իրենցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, ապա ամուսնանալու մասին դիմումին կից պետք է ներկայացնեն նաև իրենց անձնագրերի (անձնագիրը փոխարինող փաստաթղթերի) պատճենները: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Այն դեպքում, երբ ամուսնացողները դիմում են ծնողների կամ նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, ապա ամուսնանալու մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև ծնողի անձնագիրը` տվյալ վայրում նրա հաշվառման մասին նշումով:

Ամուսնանալու մասին դիմումի վրա, ինչպես նաև ամուսնության գրանցման 16-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է` անձնագիր ներկայացնող ծնողի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի համարն ու սերիան, երբ և ում կողմից է այն տրված, ինչպես նաև որտեղ և երբ է հաշվառված այդ անձը:

3. Ամուսնանալու մասին դիմումը պետք է լրացվի սահմանված ձևի բլանկի վրա: Բլանկում զետեղված բոլոր հարցերին պետք է տրվեն սպառիչ և ստույգ պատասխաններ: Դիմումը պետք է լրացված լինի հստակ և ընթեռնելի ձեռագրով:

4. Դիմումն ընդունելիս ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է ամուսնանալ ցանկացողներին ծանոթացնել ամուսնության գրանցման պայմաններին ու կարգին, նրանց պարզաբանել իրենց իրավունքներն ու պարտականությունները` որպես ապագա ամուսիններ և ծնողներ, հավաստիանալ, որ նրանք փոխադարձաբար իրազեկ են միմյանց առողջական վիճակի և ընտանեկան դրության մասին:

Ամուսնացողները պարտադիր կարգով նախազգուշացվում են ամուսնությանն արգելք հանդիսացող խոչընդոտները թաքցնելու համար պատասխանատվության ենթարկվելու մասին:

Ընդհանուր երեխաներ ունեցող անձանց ամուսնանալու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է նաև նրանց բացատրել հայրությունը որոշելու կարգը:

5. Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք պետք է ՔԿԱԳ տարածքային բաժին ներկայացնեն նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ: Դա կարող է լինել ամուսնալուծության վկայականը, ամուսնու մահվան վկայականը կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

6. Օրենքով արգելվում են ամուսնություններն ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, ինչպես նաև որդեգրողների և որդեգրվածների միջև:

Այդ կապակցությամբ ՔԿԱԳ տարածքային բաժնի դիմում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է մանրակրկիտ կերպով պարզել, թե ազգականներ չեն համարվում արդյոք ամուսնացողները, որոնց միջև ամուսնությունն օրենքով արգելված է: Հատկապես դա պետք է ուշադիր ստուգել միանման ազգանունների կամ այլ զուգադիպող հանգամանքների դեպքում:

Ամուսնություններ չեն թույլատրվում նաև այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանն անգործունակ է ճանաչել:

7. Ամուսնանալ ցանկացող անձանց համաձայնությամբ ՔԿԱԳ տարածքային բաժինը նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը (օրն ու ժամը), որի մասին նշում է կատարվում դիմումի վրա, ինչպես նաև դիմումների հաշվառման մատյանում:

Ամուսնության գրանցման ժամանակը նշանակվում է այն հաշվարկով, որպեսզի այն չհամընկնի այդ նույն աշխատասենյակում մահվան կամ ամուսնալուծության գրանցման ժամերի հետ:

Ամուսնության գրանցման ժամանակը նշանակելիս ՔԿԱԳ տարածքային բաժինը ամուսնացող անձանց միջոցով պարզում է, թե նրանք ցանկանում են արդյոք ամուսնությունը գրանցել հանդիսավոր պայմաններում: Հանդիսավոր պայմաններում ամուսնության գրանցումը կատարվում է միայն ամուսնացող անձանց համաձայնությամբ:

Ամուսնության գրանցումը` ամուսնացող անձանց ցանկությամբ, կատարվում է ազգականների, ծանոթների ներկայությամբ: Ամուսնության գրանցումը ստորագրող վկաների թիվը, որպես կանոն, չպետք է գերազանցի երկու մարդուց:

8. Դիմում տալիս պետք է ներկայացվեն ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթերը` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), զինծառայողների զինվորական գրքույկը:

i

9. Օտարերկրյա քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս ներկայացնում է անձնագիրը և տվյալ պետության համապատասխան մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված տեղեկանք ամուսնության գրանցում չունենալու մասին` վավերացված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում` եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես ներկայացնում են տեղեկանք` տրված այն պետության կողմից, որտեղ նրանք մշտապես բնակվում են:

Օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս պետք է ներկայացնեն իրենց մշտական բնակության վայրի պետության իրավասու մարմնի կողմից տրված և տվյալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հաստատությունում վավերացված ամուսնության գրանցում չունենալու մասին տեղեկանք:

Եթե ներկայացված տեղեկանքը կազմված չէ հայերեն լեզվով, ապա դրա թարգմանությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից եռամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցելու համար դիմում, ինչպես նաև սույն կետով նախատեսված փաստաթղթեր ներկայացնում են և ամուսնության մասին թույլտվություն ստանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության կենտրոնական մարմնի կողմից: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության թույլտվության հիման վրա օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը գրանցվում է ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը գրանցելու ժամկետը կրճատելու (երկարացնելու) թույլտվություն տալիս է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետը:

(9-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

10. Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման կետը:

11. Առանց հաշվառման կամ ժամկետանց հաշվառմամբ ապրող քաղաքացիների ամուսնության մասին դիմումները չեն քննարկվում` բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի:

Այն դեպքում, երբ նախկին բնակավայրից ամուսնացողներից մեկի հաշվառումից դուրս գալու պահից անցել է մեկուկես ամսից ոչ ավելի ժամանակ, իսկ երկրորդը մշտապես կամ ժամանակավորապես հաշվառված է ամուսնությունը գրանցելու վայրում` ՔԿԱԳ տարածքային բաժինն ընդունում է ամուսնության մասին դիմումը և սահմանված կարգով կատարում գրանցում:

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից, տրված տեղական ինքնակառավարման մարմինների, բնակշահագործման մարմինների, համատիրությունների ղեկավարների, թաղային լիազորների, այգեգործական ընկերությունների տնօրենների, ինչպես նաև ժամանակավոր բնակության վայրերի (հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան) տնօրինության կողմից:

12. Եթե դիմում տալիս ամուսնացողների ներկայությունը ՔԿԱԳ տարածքային բաժնում որևէ պատճառով անհնարին կամ ծայրահեղորեն դժվար է (միմյանցից հեռու ապրելը, ծանր հիվանդությունը, զինվորական ծառայության մեջ գտնվելը և այլն), ապա դիմումը` ստորագրված ամուսնացող երկու անձանց կողմից, կարող է տալ նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի այդ անձի բնակավայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով: Ընդ որում, ստուգվում է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը` նրանում եղած տեղեկությունները համեմատվում են դիմումում նշվածների հետ:

Բացի դրանից, բացակայող անձի ստորագրությունը կարող է վավերացվել հետևյալ կարգով`

- օտարերկրյա պետությունում գտնվող (երկարատև գործուղում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` Հայաստանի Հանրապետության դեսպանի կամ հյուպատոսի կողմից.

- զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից.

- Հայաստանի Հանրապետության դրոշի տակ նավարկող ծովային նավերի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ նավերի նավապետերի կողմից:

Ստորագրության իսկությունը կարող է վավերացվել նաև նոտարական կարգով:

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը դիմողն ուղարկում է ամուսնության գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին հանձնելու համար:

Այս դեպքում` սույն հրահանգչական ցուցումների 4-6-րդ և 13-րդ կետերով նախատեսված գործողությունները ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում են ամուսնության գրանցումից անմիջապես առաջ:

13. ՔԿԱԳ տարածքային բաժիններում ամուսնության մասին դիմումը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որտեղ նշվում է ամուսնացողների ազգանունը, անունը և հայրանունը, դիմումն ընդունելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը ու ամուսնությունը գրանցելու համար նշանակված ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, իսկ հետագայում նաև` ամուսնության գրանցման համարը:

Ստանալով ամուսնության մասին դիմումը ՔԿԱԳ տարածքային բաժինը ստուգում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերը, դիմումին կցված փաստաթղթերի լրիվությունն ու ճշտությունը:

i

14. Ամուսնության գրանցումը տեղի է ունենում ՔԿԱԳ տարածքային բաժնում` մեկամսյա ժամկետում:

Ամուսնությունը գրանցելու համար մեկամսյա ժամկետի ընթացքը սկսվում է ՔԿԱԳ տարածքային բաժին ամուսնության մասին դիմում տալու օրվան հաջորդող օրվանից և լրանում է հաջորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե, այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

Հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնության գրանցման ժամկետը կարող է կրճատվել կամ երկարացվել:

Ամուսնության գրանցման ժամկետը կարող է կրճատվել ամուսնացողների համատեղ խնդրանքով` հարգելի պատճառների առկայության դեպքում, որոնց մասին պետք է նշված լինի ամուսնության մասին դիմումի մեջ:

Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ են համարվում`

- ծանր հիվանդությունը.

- համատեղ երեխաներ ունենալը.

- ամուսնացող կնոջ հղիությունը (20 շաբաթական).

- բանակ զորակոչվելը.

- ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը:

Ամուսնության գրանցման ժամկետը` ելնելով կոնկրետ հանգամանքներից, կարող է կրճատվել նաև բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությամբ:

Սույն կետով նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան վկայական և այլն):

Ամուսնության գրանցման ժամկետի կրճատման համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ համարվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցվում են ամուսնության մասին դիմումին:

Սույն կետում նշված հարգելի պատճառների առկայության դեպքում ամուսնության գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժիններում կատարվում է եռօրյա ժամկետում կամ կարող է կատարվել ամուսնացողների ցանկացած օրը (ժամկետում):

(14-րդ կետը փոփ. 30.01.02 թիվ 44, 02.04.03 թիվ 151-Ն հրամաններ)

15. Ամուսնության գրանցման ժամկետը երկարացնելու հարցը քննության է առնվում ամուսնացողների խնդրանքով, որը նրանց կողմից անմիջականորեն շարադրվում է համապատասխան դիմումի մեջ:

Առանձին դեպքերում, բավարար հիմքերի առկայության պայմաններում, ամուսնության գրանցման ժամկետի երկարացումը հնարավոր է նաև ՔԿԱԳ տարածքային բաժնի նախաձեռնությամբ:

16. Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու (երկարացնելու) մասին դիմումների հաշվառման մատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները:

Մեկամսյա ժամկետը կրճատելու կամ երկարացնելու թույլտվությունը տրվում է ամուսնության մասին դիմումի հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի կողմից` մակագրության ձևով:

i

17. Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին նրա կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխադրվում է մի այլ ժամանակ: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա և դիմումների հաշվառման մատյանում: Չներկայանալու պատճառը հարգելի է համարվում ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի որոշմամբ:

Եթե ամուսնության գրանցման համար նշանակված օրը չներկայանալու պատճառն անհարգելի է համարվել, ապա այդ անձինք կարող են ամուսնության գրանցման համար մեկ անգամ ևս դիմել ՔԿԱԳ տարածքային բաժին, որը նորից նշանակում է մեկամսյա ժամկետ:

Եթե դիմում տվողները չեն ներկայացել ՔԿԱԳ տարածքային բաժին` ամուսնության դիմում տալու օրվանից հետո եռամսյա ժամկետում և չեն հայտնել չներկայանալու պատճառը` դիմումը կորցնում է իր ուժը:

(17-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

18. Ամուսնությունը գրանցվում է միայն ամուսնացող անձանց ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:

19. Առանձին դեպքերում, ամուսնության գրանցումը կարող է կատարվել հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում` ամուսնանալ ցանկացողների ներկայությամբ:

Հիվանդանոցում, տանը կամ այլ վայրերում ամուսնությունը գրանցելու մասին նշվում է ամուսնության գրանցման 16-րդ սյունակում:

20. Եթե ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնության գրանցմանն արգելք հանդիսացող խոչընդոտների վերաբերյալ փաստաթղթերով հաստատված և հիմնավորված դիմում ստացվի, ապա ամուսնության գրանցումը հետաձգվում է: Այդ դեպքում դիմողը պարտավոր է որոշակի ժամկետում համապատասխան ապացույցներ ներկայացնել: ՔԿԱԳ տարածքային բաժինը, շահագրգիռ անձանց խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ, կարող է անհրաժեշտ ստուգում կատարել: Ամուսնության գրանցումը հետաձգելու մասին ծանուցվում են ամուսնանալու մասին դիմում տված անձինք: Ամուսնության գրանցմանն արգելք հանդիսացող խոչընդոտների առկայության դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը մերժում է ամուսնության գրանցումը: Եթե այդպիսի խոչընդոտների մասին տեղեկությունները չեն հաստատվում, ամուսնության գրանցումը կատարվում է ընդհանուր կարգով: Հիշյալ հանգամանքների ստուգումը պետք է ավարտվի երեք ամսից ոչ ավելի ժամկետում:

21. Ամուսնություն գրանցելիս և ամուսնության ամբողջ ընթացքում ամուսիններին` իրենց ցանկությամբ, տրվում է ամուսիններից մեկի ազգանունը` որպես նրանց ընդհանուր ազգանուն կամ յուրաքանչյուրի համար պահպանվում է մինչամուսնական ազգանունը:

Ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժնի պաշտոնատար անձը պարտավոր է ամուսնացողներին բացատրել նշված ազգանուններից ցանկացածն ընտրելու նրանց իրավունքը և նախազգուշացնել, որ ամուսնությունը գրանցելուց հետո իրենց կողմից ընտրված ազգանունների նոր փոխումը կարող է թույլատրվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավունք տրված չէ ամուսնանալիս ընդունելու կրկնակի ազգանուն: Սակայն, եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու մյուս ամուսնուն ընտրելու այն` որպես իրենց ընդհանուր ազգանուն:

Ընդհանուր ազգանուն կրելու ամուսնացողների ցանկությունը պետք է արտահայտված լինի ամուսնության մասին դիմումի մեջ:

Այն դեպքում, երբ ամուսնանալ ցանկացող անձանց տրվում է ընդհանուր ազգանուն, ամուսնության գրանցումից հետո ՔԿԱԳ տարածքային բաժինները պարտավոր են այդ մասին տեղյակ պահել իրենց գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին:

22. Ամուսնությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

23. Եթե ամուսնացողներից մեկն ընդունել է մյուսի ազգանունը, ապա նրա անձնագրի առաջին էջում և զինծառայողի զինվորական գրքույկում գրառում է կատարվում այն մասին, որ անձնագիրը, զինվորական գրքույկը ենթակա են փոխանակման մեկամսյա ժամկետում: Այդ գրառումը վավերացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով կամ դրվում է համապատասխան դրոշմակ:

Ամուսնության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված զինապարտը կամ զորակոչիկը:

i

24. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված ամուսնության պայմանները խախտելու, ինչպես նաև առանց ընտանիք կազմելու մտադրության ամուսնություն (կեղծ ամուսնություն) գրանցելու դեպքում ամուսնությունն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը ՔԿԱԳ տարածքային բաժինը ստանալուն պես պետք է չեղյալ համարի ամուսնության գրանցումը (այն անկյունագծով ջնջելով):

Միաժամանակ գրանցման երեսի կողմի վերևի մասում նշվում է` «Գրանցումը չեղյալ համարել»:

Ամուսնության գրանցումը չեղյալ համարելու մասին 16-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է, թե որտեղ, երբ և որ դատարանի կողմից է կայացվել ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ: Այդ մասին հաղորդվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվին, որը նույն կարգով գրանցման երկրորդ օրինակը համարում է չեղյալ:

Դատարանի կողմից ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում կրկին անգամ ամուսնության վկայական չի տրվում: Անհրաժեշտության դեպքում դատարանի և իրավասու այլ մարմինների հարցումներով նրանց ուղարկվում է անվավեր ճանաչված ակտի գրանցման պատճենը, նշելով այն մասին, որ ամուսնությունն անվավեր է ճանաչված:

(24-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

25. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ամուսնության գրանցման մասին կատարվում է համապատասխան նշումներ` մատնանշվում է մյուս ամուսնու ազգանունը, անունը և հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ամուսնության գրանցման համարը, տեղը և ժամանակը:

26. Ամուսնության վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

27. Դատապարտյալների ամուսնության գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

------------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.08.1999
N 1270
Հրաման