Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿ ...

25.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2003  -ից մինչեւ   25.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 14.05.07 թիվ 97-Ն հրաման)

102.1270.110899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

9 օգոստոսի 1999 թվական թիվ 1270

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

1999 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 1270 հրամանով

 

i

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ամուսնալուծության գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

 

I. Ամուսնալուծության գրանցումը անչափահաս երեխաներ չունեցող

ամուսինների փոխադարձ համաձայնությամբ

 

1. ՔԿԱԳ տարածքային բաժինները իրավունք չունեն ընդունելու ամուսնալուծության մասին դիմում այն ամուսիններից, որոնք դիմում տալու պահին ունեն 18 տարին չլրացած (բացառությամբ այն անչափահասների, որոնք օրենքով սահմանված կարգով ճանաչվել են գործունակ) ինչպես հարազատ, այնպես էլ նրանց կողմից համատեղ որդեգրված ընդհանուր երեխաներ: Ընդ որում, նշանակություն չունի այն, թե որդեգրող ամուսինները գրանցված են որպես այդ երեխաների ծնողներ, թե ոչ: Այդպիսի դեպքերում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով:

Ամուսնալուծությունն ամուսինների միջև դատական կարգով կատարվում է նաև, եթե նրանցից մեկը նախկին ամուսնությունից ունի անչափահաս երեխա (ներ), որը (որոնք) որդեգրված են եղել մյուս ամուսնու կողմից: Այն դեպքերում, երբ այդ երեխաները երկրորդ ամուսնու կողմից որդեգրված չեն եղել, ամուսնությունը լուծվում է ՔԿԱԳ տարածքային բաժնում:

2. Համատեղ ապրող ամուսիններն ամուսնալուծությունը գրանցում են իրենց բնակավայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում:

Առանձին ապրող ամուսինների ամուսնալուծությունը գրանցվում է նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում:

3. Ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:

Եթե ամուսիններից մեկը հարգելի պատճառով հնարավորություն չունի ներկայանալու ՔԿԱԳ տարածքային բաժին` ամուսնալուծության մասին դիմում տալու համար (ծանր հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման մեջ գտնվելու, հեռավոր վայրում բնակվելու և այլնի կապակցությամբ), ապա ներկայացող ամուսինը պետք է երկուսի անունից ներկայացնի համատեղ դիմում կամ ամուսնալուծության մասին ամուսինների առանձին դիմումները: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի այդ անձի բնակավայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով: Ընդ որում, ստուգվում է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ` նրանում եղած տեղեկությունները համեմատվում են դիմումում նշվածների հետ:

Բացի դրանից, բացակայող անձի ստորագրությունը կարող է վավերացվել հետևյալ կարգով`

- օտարերկրյա պետությունում գտնվող (երկարատև գործուղում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` Հայաստանի Հանրապետության դեսպանի կամ հյուպատոսի կողմից.

- զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից.

- Հայաստանի Հանրապետության դրոշի տակ նավարկող ծովային նավերի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ նավերի նավապետերի կողմից:

Ստորագրության իսկությունը կարող է վավերացվել նաև նոտարական կարգով:

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը դիմողն ուղարկում է ամուսնալուծության գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին հանձնելու համար:

4. Ամուսնալուծության մասին դիմումում ամուսինները պարտավոր են հաստատել ամուսնալուծության մասին իրենց փոխադարձ համաձայնությունը և նրանց` մինչև 18 տարեկան երեխաների բացակայությունը: Մինչև 18 տարեկան երեխաների բացակայության վերաբերյալ ամուսինները բնակության վայրից տեղեկանք են ներկայացնում ՔԿԱԳ տարածքային բաժին:

(4-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

5. Եթե ամուսնալուծության համար համաձայնություն տված ամուսինների միջև առկա է վեճ` նրանց ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման կամ կարիքավոր անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոց վճարելու վերաբերյալ, ապա ամուսնալուծության հարցը որոշում է դատարանը:

6. Եթե ամուսիններից մեկը, չնայած, որ ամուսնալուծության դեմ առարկություններ չունի, բայց խույս է տալիս ՔԿԱԳ տարածքային բաժիններում ամուսնալուծվելուց (հրաժարվում է համապատասխան դիմում տալուց կամ դիմում տալով չի ցանկանում ներկայանալ ամուսնալուծությունը գրանցելու համար և, ընդ որում, չի միջնորդում իր բացակայությամբ ամուսնալուծությունը գրանցելու մասին) կամ երբ հայտնի չէ երկրորդ ամուսնու բնակության վայրը` ամուսնալուծության հարցը լուծում է դատարանը:

7. Ամուսնալուծության մասին դիմումին պետք է կցված լինի ամուսնության վկայականը:

Ամուսինները իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հետ վերցնել ամուսնալուծության մասին իրենց դիմումը, ինչպես նաև ժամանակավորապես` ամուսնության վկայականը:

8. Ամուսնալուծության գրանցումը և ամուսիններին ամուսնալուծության վկայականներ տալը կատարվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից երեք ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժամկետը հաշվարկելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ կանոններով` եռամսյա ժամկետի ընթացքը սկսվում է ՔԿԱԳ տարածքային բաժին ամուսնալուծության մասին դիմում տալու օրվան հաջորդող օրվանից և լրանում է երրորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

9. Եթե ամուսինները չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին` ամուսնալուծությունը գրանցելու սահմանված օրը, իրենց խնդրանքով գրանցման ժամկետը փոխադրվում է այլ ժամանակ: Ամուսնալուծությունը գրանցվում է և ամուսիններին ամուսնալուծության վկայական է տրվում ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից երեք ամիս անցնելուց հետո, բայց ոչ ուշ ամուսնալուծության համար նշանակված օրվանից երեք ամսից հետո: Նշված ժամկետում ամուսնալուծությունը չգրանցելու դեպքում ամուսնալուծվողները կարող են նորից ամուսնալուծության մասին դիմում տալ ՔԿԱԳ տարածքային բաժին, որի դեպքում ամուսնալուծության գրանցման համար նորից նշանակվում է եռամսյա ժամկետ:

10. Ամուսնալուծության գրանցումը կարող է կատարվել ամուսիններից մեկի բացակայությամբ, եթե այդ ամուսինը հարգելի պատճառով (ծանր հիվանդություն, զինվորական ծառայություն, երկարատև գործուղում, հեռավոր վայրում ապրելը և այլն) չի կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին և եթե նրա անունից ամուսնալուծվելու իր համաձայնությունը հաստատող դիմում ստացվի` ամուսնալուծությունն իր բացակայությամբ գրանցելու խնդրանքով:

Եթե ամուսիններից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին` ոչ ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու, ոչ էլ ամուսնալուծությունը գրանցելու համար, ապա նա պետք է այդ մասին նշի ամուսնալուծության մասին դիմումում:

Այդ դեպքերում բացակայող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի սույն հրահանգչական ցուցումների 3-րդ կետով սահմանված կարգով:

Ամուսնալուծությունը գրանցելիս բացակայող և ամուսնալուծությունից հետո իր մինչամուսնական ազգանունը կրել ցանկացող ամուսինը պետք է այդ մասին նշի ամուսնալուծության մասին դիմումում:

11. Ամուսնալուծությունը գրանցելիս, ամուսնության ժամանակ իր ազգանունը փոխած ամուսնուն կարող է նրա ցանկությամբ տրվել մինչամուսնական ազգանուն:

12. Մինչև ամուսնալուծության գրանցումը գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով: Տուրքը մուծվում է ամուսիններից մեկի կամ երկուսի կողմից` նրանց միջև եղած պայմանավորվածության համաձայն:

13. Ամուսնալուծությունը գրանցելուց հետո նախկին ամուսիններին տրվում են ամուսնալուծության վկայականներ:

 

II. Ամուսնալուծության գրանցումը ամուսիններից

մեկի դիմումի հիման վրա

 

14. ՔԿԱԳ տարածքային բաժիններում ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնությունը լուծվում է այն դեպքերում, եթե երկրորդ ամուսինը`

- դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

- դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

- դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

Նշված դեպքերում ամուսնալուծությունը կատարվում է անկախ ամուսինների անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքից:

15. Անգործունակ ամուսնու խնամակալը իրավունք ունի ՔԿԱԳ տարածքային բաժին դիմում տալու նրա ամուսնալուծության մասին, եթե երկրորդ ամուսինը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

16. Դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձի հետ ամուսնալուծության գրանցման օրենքով նախատեսված կարգը տարածվում է սահմանափակ գործունակ ճանաչված անձանց հետո ամուսնալուծության գրանցման դեպքերի վրա:

17. Ամուսնալուծությունն այն անձանց հետ, որոնք հանցագործություն կատարելու համար դատապարտվել են ազատազրկման ոչ պակաս, քան երեք տարի` կատարվում է ՔԿԱԳ տարածքային բաժիններում` եթե դատապարտյալը պատիժը կրում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում:

18. Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)` մյուս ամուսնուն անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին, մյուս ամուսնուն ոչ պակաս, քան երեք տարի ժամանակով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը), ինչպես նաև ամուսնության վկայականը: Այդպիսի վկայականի բացակայության դեպքում կիրառվում են սույն հրահանգչական ցուցումների 7-րդ կետով նախատեսված կանոնները: Անթույլատրելի է ընդունել այն դիմումները, որոնց անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի փոխարեն կցված են բժշկական տեղեկանքներ:

Դիմողը պետք է դիմումում նշի դատապարտված ամուսնու, անգործունակ ամուսնու խնամակալի բնակության վայրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալի բնակության վայրը:

19. Դիմում ընդունող ՔԿԱԳ տարածքային բաժինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պարտավոր է ստացված դիմումի մասին տեղեկացնել քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվող ամուսնուն կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալին, ինչպես նաև անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալին: Եթե օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին խնամակալ չի նշանակված, ապա ծանուցումը ուղարկվում է անգործունակ ճանաչված անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Ծանուցման մեջ պետք է նշվի, որ նրա ստացողը սահմանված ժամկետից ոչ ուշ ՔԿԱԳ տարածքային բաժնին պետք է հայտնի, արդյոք վեճ կա երեխաների, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման, կարիքավոր անաշխատունակ ամուսնուն ապրուստի միջոց վճարելու վերաբերյալ, ինչ ազգանուն է նա ցանկանում կրել ամուսնալուծությունից հետո (իր մինչամուսնական ազգանունը, թե ցանկանում է թողնել իր ամուսնու ազգանունը):

ՔԿԱԳ տարածքային բաժինը դիմողին հայտնում է համապատասխան ծանուցում ուղարկելու, ինչպես նաև ծանուցման պատասխանը ստանալու համար սահմանված ժամկետի մասին: Պատասխանը ստանալու համար սահմանված ժամկետը հաշվի առնելով, դիմողին առաջարկվում է ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին` ամուսնալուծությունը գրանցելու համար:

Վեճի բացակայության մասին տեղեկություններ ստանալու, ինչպես նաև ծանուցագրով սահմանված ժամկետում դատապարտյալից կամ անգործունակ ամուսնու խնամակալից (խնամակալության և հոգաբարձության մարմնից), անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալից պատասխան չստանալու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը դիմողի ներկայությամբ պետք է գրանցի ամուսնալուծությունը:

20. Եթե ՔԿԱԳ տարածքային բաժինը ստացել է երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտված ամուսնու հետ ամուսնալուծվելու մասին դիմում, ապա դիմումի ստացման մասին ծանուցումը դատապարտյալին ուղարկելու հետ մեկտեղ ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմին խնդրի նշանակված ժամկետում հաստատել, որ դատապարտյալը ծանուցում ստանալու պահին` իսկապես գտնվում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում, ինչպես նաև այն, որ նրան հանձնված է ՔԿԱԳ տարածքային բաժնի ծանուցումը` ամուսնալուծության մասին ստացված դիմումի վերաբերյալ:

Եթե դատապարտյալի քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվելը հաստատող պատասխանը նշանակված ժամկետում չստացվի, ամուսնալուծության գրանցումը հետաձգվում է, իսկ քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմին ուղարկվում է հիշեցում:

21. Քրեական պատիժն իրականացնող հիմնարկից ամուսնու ազատվելու վերաբերյալ ՔԿԱԳ տարածքային բաժնում տեղեկություն ստացվելու դեպքում` այդ մասին հաղորդվում է դիմողին, որի վերաբերյալ դիմումի վրա կատարվում է նշում: Այդ դեպքում ամուսնալուծությունը կատարվում է ընդհանուր կարգով, որը պարզաբանվում է դիմողին:

22. Եթե քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվող ամուսինը կամ անգործունակ ամուսնու խնամակալը վեճ կհարուցեն երեխաների, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման կամ օգնության կարիք ունեցող անգործունակ ամուսնուն ապրուստի միջոց վճարելու մասին, ապա ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով:

23. ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի ամուսնալուծությունը գրանցել առանց կնոջ համաձայնության, իսկ եթե կինը անգործունակ է ճանաչված, ապա առանց նրա խնամակալի համաձայնության, կնոջ հղիության ժամանակ և մեկ տարվա ընթացքում` երեխա ծնվելուց հետո: Այդ կանոնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ երեխան ծնվել է մահացած կամ չի ապրել մինչև մեկ տարի:

24. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնուն` իր ցանկությամբ (իսկ անգործունակ ամուսնու նկատմամբ` նրա խնամակալի ցանկությամբ), տրվում է մինչամուսնական ազգանուն:

Եթե դատապարտված ամուսինը հայտնել է, որ ամուսնալուծությունից հետո նա ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը, ապա այդ դեպքում` պատիժը կրելուց հետո, նրա մշտական բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը նրան ամուսնալուծության կրկնակի վկայական տալու ժամանակ նրա մոտ եղած վկայականի հիման վրա, անձնագրում պետք է գրառում կատարի, որ ազգանվան փոխման կապակցությամբ անձնագիրը ենթակա է փոխանակման: Այդպիսի գրառումը վավերացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով կամ համապատասխան դրոշմակով:

25. Ամուսնալուծությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

26. Դատապարտյալների միջև ամուսնալուծության օրենքով սահմանված հատուկ կարգը, իրենց դատապարտյալներին, իրավունք չի տալիս նույն կարգով դնելու ամուսնալուծության մասին հարցը: Ամուսնալուծությունը դատապարտյալների դիմումներով կատարվում է ընդհանուր կարգով:

27. Եթե ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ամուսնալուծություն է գրանցվել անհայտ բացակայող ճանաչված ամուսնու հետ, ապա նրա ի հայտ գալու և նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` այդ ամուսնու դիմումի համաձայն, նրան պետք է տրվի ամուսնալուծության վկայական, նշելով ամուսնալուծության նույն ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ինչ որ մյուս ամուսնու վկայականում է:

 

III. Ամուսնալուծության գրանցումը դատարանի օրինական ուժի

մեջ մտած վճռի հիման վրա

 

28. Ամուսնությունը դադարում է ամուսնալուծության մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում ամուսնալուծությունը գրանցելու պահից, այսինքն` ամուսնությունը դադարելու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը համարվում է ոչ թե ամուսնալուծության մասին դատարանի վճռի արձակման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, այլ ամուսիններից թեկուզև մեկի կողմից ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնալուծության գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

29. Ամուսնալուծության գրանցում կարող է կատարվել անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն արձակելուց հետո անցած ժամկետից:

30. Ամուսնալուծության գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն, ամուսինների ընտրությամբ` նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում:

ՔԿԱԳ տարածքային բաժինն իրավունք չունի ամուսնալուծության գրանցումը մերժելու, եթե ամուսինը ամուսնալուծության գրանցման համար դիմել է ոչ թե իր բնակության վայրի, այլ մյուս ամուսնու բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Եթե ամուսնալուծության մասին դիմումը տրվում է ըստ մյուս ամուսնու բնակության վայրի, որը ամուսնալուծությունը դեռ չի գրանցել ՔԿԱԳ տարածքային բաժնում, ապա դիմողը պետք է ներկայացնի մյուս ամուսնու բնակության վայրը հաստատող փաստաթուղթ: Իսկ եթե ամուսնալուծությունը ՔԿԱԳ տարածքային տվյալ բաժնում արդեն իսկ գրանցված է եղել ամուսիններից մեկի կողմից, այդպիսի փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր չէ:

31. Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը) և պետական տուրքը վճարելու անդորրագիրը:

32. Եթե ՔԿԱԳ տարածքային բաժնին հայտնի է, որ մյուս ամուսինն արդեն գրանցել է ամուսնալուծությունը, ապա ստացված դիմումը վճռի պատճենի (քաղվածքի) հետ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ուղարկվում է ամուսնալուծության գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` դրանում պակասող տեղեկությունները լրացնելու համար: Այդպիսի նյութեր ստացած ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է տասնօրյա ժամկետում լրացնել ամուսնալուծության գրանցումը և այն ուղարկել դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` նրան ամուսնալուծության վկայական տալու համար, նշելով ամուսնալուծության նույն ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ինչ որ մյուս ամուսնունն է:

i

33. Ամուսնալուծության գրանցումը լրացնելուց հետո ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է այդ մասին հայտնել ամուսնալուծության գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայր` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ:

(33-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

34. Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնու ցանկությամբ նրան տրվում է մինչամուսնական ազգանուն:

35. Եթե ամուսնալուծությունը գրանցվում է ամուսիններից մեկի կողմից, ապա գրանցումը կատարելիս նրա մեջ լրացվում են այդ ամուսնուն վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Երկրորդ ամուսնու վերաբերյալ նշվում են միայն նրա ազգանունը` մինչ ամուսնալուծվելը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Այդ դեպքում ամուսնալուծության վկայականի մեջ նշվում է այն ազգանունը, որը ամուսնալուծությունից հետո տրվել է միայն ամուսնալուծություն գրանցող ամուսնուն:

36. Ամուսնալուծության և ամուսնալուծությունից հետո մինչամուսնական ազգանունը կրելու համար պետական տուրքը պետք է վճարված լինի ամուսինների կամ նրանցից մեկի կողմից` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

IY. Ամուսնալուծության գրանցման վերաբերյալ ընդհանուր հարցեր

 

37. Ստանալով ամուսնալուծության մասին դիմումը, ՔԿԱԳ տարածքային բաժինը ստուգում է դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, դիմումին կցված փաստաթղթերի լրիվությունն ու ճշտությունը և գրանցում այդ դիմումը:

Ամուսնալուծության մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), զինծառայողների զինվորական գրքույկը:

38. Ամուսնալուծության մասին դիմումը պետք է գրանցվի դիմումների հաշվառման հատուկ մատյանում, որում նշվում է դիմողի (դիմողների) ազգանունը, անունը, հայրանունը, դիմումն ընդունելու և ամուսնալուծության գրանցման համար նշանակված ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, իսկ հետագայում նաև նշվում է ամուսնալուծությունը գրանցելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և ակտի գրանցման համարը:

39. Եթե ամուսնալուծության մասին դիմումը տրվում է զինծառայողի ծառայության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, ապա զինծառայողի բնակության վայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման կետը:

40. Առանց հաշվառման կամ ժամկետանց հաշվառմամբ ապրող քաղաքացիների ամուսնալուծության մասին դիմումները չեն քննարկվում` բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի:

Այն դեպքերում, երբ նախկին բնակավայրից ամուսնալուծվողներից մեկի հաշվառումից դուրս գրվելու պահից անցել է մեկուկես ամսից ոչ ավելի ժամանակ ՔԿԱԳ տարածքային բաժինն ընդունում է դիմումը և սահմանված կարգով գրանցում ամուսնալուծությունը:

Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնալուծության գրանցումը կատարվում է ամուսնալուծվող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից, տրված տեղական ինքնակառավարման մարմինների, բնակշահագործման մարմինների, համատիրությունների ղեկավարների, թաղային լիազորների, այգեգործական ընկերությունների տնօրենների, ինչպես նաև ժամանակավոր բնակության վայրերի (հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան) տնօրինության կողմից:

41. Ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում: Սակայն, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժնում ամուսնալուծությունն ամուսիններից մեկի կողմից արդեն գրանցված է եղել, ապա այդ ակտի գրանցումը մյուս ամուսնու վերաբերյալ պակասող տեղեկություններով լրացնելը` բացառիկ (ծանր հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման մեջ գտնվելու, հեռավոր վայրերում բնակվելու պատճառով և այլն) դեպքերում, կարող է կատարվել ամուսնալուծության գրանցման վերաբերյալ մյուս ամուսնու լիազորագրով` հաստատված նոտարական կարգով` ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը) և պետական տուրքը վճարելու մասին անդորրագիրը ներկայացնելուց հետո:

42. Ամուսնալուծության գրանցումը պետք է կատարվի ՔԿԱԳ միայն մի տարածքային բաժնում: Յուրաքանչյուր ամուսնալուծության համար կազմվում է մեկ ակտի գրանցում: Ամուսնալուծության գրանցումը կազմվում է դիմողի փաստաթղթերին լրիվ համապատասխան: Ամուսնալուծության գրանցման 11-րդ սյունակը («Մինչև 18 տարեկան ընդհանուր երեխաների թիվը») լրացվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Դիմողի փաստաթղթերում նրա կրթության մասին տվյալները գրանցվում են դիմողի ներկայացրած տվյալներին համապատասխան:

43. Այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ամուսինը ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը, ՔԿԱԳ տարածքային բաժինը նրա անձնագրի առաջին էջում, զինծառայողի զինվորական գրքույկում նշում է կատարում այն մասին, որ փաստաթուղթը ենթակա է փոխանակման` ազգանվան փոխման կապակցությամբ: Այդ գրառումը վավերացվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով կամ համապատասխան դրոշմակով:

44. Այն դեպքում, երբ ամուսնալուծությունից հետո ամուսինը ցանկանում է կրել իր մինչամուսնական ազգանունը ամուսնալուծությունը գրանցելուց հետո ՔԿԱԳ տարածքային բաժինները պարտավոր են այդ մասին տեղյակ պահել իրենց գտնվելու վայրի ներքին գործերի մարմիններին:

45. Ամուսնալուծության կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխվելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

i

46. Ամուսնալուծությունը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է տասնօրյա ժամկետում ամուսնալուծության մասին ծանուցում ուղարկի ամուսնության գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Այդպիսի ծանուցում ստանալով, ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է տասնօրյա ժամկետում ամուսնության գրանցման «Նշումների համար» սյունակում գրանցում կատարի ամուսնալուծության մասին, նշի, թե երբ և որ ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից է գրանցվել ամուսնալուծությունը, ակտի գրանցման համար: Միաժամանակ գրանցման երեսի կազմի վերևում պետք է նշել` «Ամուսնությունը լուծվել է» որպեսզի հետագայում թույլ չտրվի սխալմամբ ամուսնության կրկնակի վկայական տալ:

Այդպիսի նշում կատարելուց հետո ՔԿԱԳ տարածքային բաժինն ամուսնալուծության մասին ծանուցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ, որտեղ գտնվում է ամուսնության գրանցման երկրորդ օրինակը և որը, ինչպես ՔԿԱԳ տարածքային բաժինը, նույն կարգով նշում է կատարում երկրորդ օրինակում:

(46-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

47. Եթե ամուսնալուծությունը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից գրանցվել է, որի մասին նշում կա ամուսնության գրանցման մեջ, ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի ամուսնության կրկնակի վկայականներ տալու: Անհրաժեշտության դեպքում, մասնավորապես` նախկին ամուսնու կողմից իր մինչամուսնական ազգանունը հաստատելու համար, ՔԿԱԳ տարածքային բաժինը` դիմողի հարցումով, տեղեկանք է ուղարկում, ինչը հաստատում է, որ տվյալ անձը գտնվել է ամուսնության մեջ, որը հետագայում լուծվել է: Տեղեկանքում պետք է նշվեն երկու ամուսինների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ամուսնությունից հետո նրանց տրված ազգանունը, ամուսնության գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, ամուսնության գրանցման համարը, ինչպես նաև տվյալ ամուսնալուծության գրանցման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ամուսնալուծությունը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, ամուսնալուծության գրանցման համարը և ամուսինների ազգանունը` ամուսնալուծվելուց հետո:

i

48. Ամուսնալուծության մասին դատարանի վճիռը բեկանվելու դեպքում, երբ ամուսնալուծությունն արդեն գրանցվել է ՔԿԱԳ տարածքային բաժնում, ամուսնալուծության գրանցումը կարող է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա չեղյալ համարվել: Գրանցումը չեղյալ համարվելու մասին նշում է կատարվում ամուսնալուծության գրանցման «Նշումների համար» սյունակում, ընդ որում, նշվում է, երբ և որ դատարանի կողմից է կայացվել վճիռը:

Միաժամանակ ամուսնալուծության գրանցման երեսի կողմի վերևի մասում նշվում է` «Գրանցումը չեղյալ է համարվել» , իսկ գրանցումն անկյունագծով ջնջվում է:

Նույն կարգով կատարվում է նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ամուսնալուծության գրանցումների չեղյալ համարումն այլ դեպքերում:

Ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու մասին հայտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ, որն այդ նույն կարգով նշում է կատարում ակտի գրանցման երկրորդ օրինակում:

Ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու դեպքում ամուսնության գրանցման ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրինակում նշումներ են կատարվում ամուսնալուծության գրանցումը չեղյալ համարելու մասին («Նշումների համար» սյունակում) նաև գրանցման երեսի կողմի վերևի մասում:

(48-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

49. Ամուսնալուծության վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

50. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերում ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ամուսնալուծության գրանցման մասին կատարվում է համապատասխան նշումներ:

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

1999 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 1270 հրամանով

 

i

ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Հայրության որոշման գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 52 հոդվածին համապատասխան, երեխայի սերումը` միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող ծնողներից, հաստատվում է ծնողների ամուսնության մասին գրանցումով:

Երեխայի սերումը` ամուսնության մեջ չգտնվող ծնողներից, հաստատվում է երեխայի հոր և մոր կողմից համատեղ դիմում տալու միջոցով, իսկ մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մորը ծնողական իրավունքներից զրկելու կամ նրա բնակության վայրը պարզելու անհնարինության դեպքում` հոր դիմումով:

Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը, հայրությունը որոշվում է դատական կարգով` երեխայի ծնողներից մեկի կամ խնամակալի (հոգաբարձուի), չափահաս դարձած երեխայի, ինչպես նաև այն անձանց դիմումով, որոնց խնամքի տակ գտնվում է երեխան:

2. Հայրության որոշման մասին դիմումը տրվում է ՔԿԱԳ տարածքային բաժնին:

 

I. Հայրության որոշման գրանցումը երեխայի հոր և մոր

համատեղ դիմումի հիման վրա

 

3. Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումը տրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին: Այն դեպքում, երբ համատեղ դիմում տալը դժվար է երեխայի հոր և մոր կողմից ՔԿԱԳ տարածքային բաժնին կարող են տրվել առանձին դիմումներ:

4. Եթե ծնողներից մեկը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ ՔԿԱԳ տարածքային բաժին` հայրության որոշման գրանցման համար (բնակության վայրի հեռավորության, հիվանդության, զինվորական ծառայության, երկարատև գործուղման կապակցությամբ և այլն), ապա դիմումի տակ դրված բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի այդ անձի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով: Ընդ որում, ստուգվում է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը` նրանում եղած տեղեկությունները համեմատվում են դիմումում նշվածների հետ:

Բացի դրանից, բացակայող անձի ստորագրությունը կարող է վավերացվել հետևյալ կարգով`

- օտարերկրյա պետությունում գտնվող (երկարատև գործուղում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` Հայաստանի Հանրապետության դեսպանի կամ հյուպատոսի կողմից.

- զինծառայողներինը` համապատասխան զորամասի հրամանատարի կողմից.

- Հայաստանի Հանրապետության դրոշի տակ նավարկող ծովային նավերի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինը` այդ նավերի նավապետերի կողմից:

Ստորագրության իսկությունը կարող է վավերացվել նաև նոտարական կարգով:

Վերոհիշյալ կարգով վավերացված դիմումը դիմողն ուղարկում է հայրության որոշման գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Այդպիսի դեպքերում, հայրության որոշման գրանցման 19-րդ` «Նշումների համար» , սյունակում նշվում է` երբ և ում կողմից է հաստատված ստորագրությունը:

5. Չի թույլատրվում հայրության որոշման գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:

6. Այն դեպքում, երբ երեխայի ծննդից հետո հայրության որոշման մասին ծնողների դիմում տալը կարող է անհնար կամ դժվար լինել (ծնողներից մեկի ծանր հիվանդության, երկարատև գործուղման, մշտական բնակության վայր տեղափոխվելու և այլ պատճառով), թույլատրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնին նրանց համատեղ (կամ առանձին) նախնական դիմում տալը` դեռևս չծնված երեխայի վերաբերյալ` մոր հղիության ժամանակ, որը հաստատված է բժշկական տեղեկանքով: Այդպիսի դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում և պահվում է ընդհանուր կարգով: Երեխայի ծնվելուց հետո հայրության որոշման մասին ծնողների կողմից նոր դիմում տալ չի պահանջվում` այդ դեպքում երեխայի հայրության որոշման գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է ծննդի գրանցման հետ միաժամանակ, եթե նախապես տրված դիմումը հետագայում, ծնողների կամ նրանցից մեկի կողմից հետ չվերցվի: Հետ վերցված դիմումը մնում է ՔԿԱԳ տարածքային բաժնում, որի վրա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից նշում է կատարվում` «Դիմումը կորցրել է իր ուժը» , որը հաստատվում է այդ դիմումը հետ պահանջած ծնողի (ծնողների) ստորագրությամբ կամ նրա գրավոր դիմումով, որի տակ դրված ստորագրությունը հաստատվում է սույն հրահանգչական ցուցումների 4-րդ կետով սահմանված կարգով:

Եթե երեխայի հոր կամ մոր բնակության վայրի փոխման պատճառով ծննդի և հայրության որոշման գրանցումները կատարվում են ՔԿԱԳ այլ տարածքային բաժնում, ապա նրա հարցումով ՔԿԱԳ տարածքային բաժինը, որտեղ պահվում է նախապես տրված դիմումը, այն ուղարկում է ըստ նշանակության:

7. Հայրության որոշման մասին ծնողների դիմումին պետք է կցված լինի երեխայի ծննդյան վկայականը և ծննդի գրանցման պատճենը: Եթե հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ, ապա ծննդյան վկայականը չի կցվում:

8. Հայրության որոշման գրանցումը ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կատարվում է երկու ծնողների ներկայությամբ, բացառությամբ սույն հրահանգչական ցուցումների 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի` դիմում տալու օրը:

 

II. Հայրության որոշման գրանցումը երեխայի հոր

դիմումի հիման վրա

 

9. Հոր դիմումի հիման վրա երեխայի հայրության որոշման գրանցումը կատարվում է`

- մոր մահվան, մորը մահացած ճանաչելու.

- մորն անգործունակ ճանաչելու.

- մորը ծնողական իրավունքներից զրկելու.

- մոր բնակության վայրը պարզելու անհնարինության դեպքերում:

10. Հայրության որոշման գրանցումը կատարվում է իրեն երեխայի հայր համարող անձի գրավոր դիմումով, պահպանելով սույն հրահանգչական ցուցումների 21-րդ կետի պահանջները:

Եթե երեխայի խնամակալ (հոգաբարձու) է նշանակված, ապա դիմումի մեջ նշվում է նրա ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը:

11. Դիմումին պետք է կցված լինեն հետևյալ փաստաթղթերը`

- եթե երեխայի ծնունդը նախկինում գրանցված է եղել` նրա ծննդյան վկայականը.

- մոր մահվան կամ մորը մահացած ճանաչելու դեպքում` մահվան վկայականը կամ մորը մահացած ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

- մորն անգործունակ ճանաչելու կամ մորը ծնողական իրավունքներից զրկելու դեպքերում` դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի պատճենը.

- մոր բնակության վայրը պարզելու անհնարինության դեպքում` մորն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ ներքին գործերի մարմինների տեղեկանքը կամ նրա վերջին բնակության վայրից տեղեկանքը, որից երևում է, որ մայրը հեռացել է առանց նոր հասցեն նշելու: Անհրաժեշտության դեպքում դիմողի խնդրանքով և ՔԿԱԳ տարածքային բաժնի նախաձեռնությամբ, կարող են հարցումներ (գրավոր, հեռագրային) ուղարկվել նրա գտնվելու ենթադրյալ բնակության վայր: Նշված միջոցառումները պետք է ձեռնարկվեն մեկ ամիսը չգերազանցող ժամկետում:

Հայրության որոշման գրանցման 19-րդ սյունակում նշվում է մոր մահը (մահացած ճանաչելու), նրան անգործունակ ճանաչելը, ծնողական իրավունքներից զրկած լինելը կամ նրա բնակության վայրը պարզելու անհնարինությունը հաստատող` դիմումին կից ներկայացված փաստաթուղթը:

Բացի այդ, դիմումին կցվում է տեղեկանք` երեխայի բնակության վայրից, որում պետք է նշված լինի, թե որտեղ և ում հետ է ապրում երեխան: Այս դեպքում հայրության որոշումը գրանցվում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում:

Նշված դեպքերում, հայրության որոշման գրանցումից հետո, այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացվում է երեխայի խնամակալին (հոգաբարձուին), իսկ եթե խնամակալ (հոգաբարձու) չի նշանակված, ապա երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններին:

 

III. Հայրության որոշման գրանցումը դատարանի օրինական ուժի մեջ

մտած վճռի հիման վրա

 

12. Հայրության որոշման գրանցումը կատարվում է հայրության որոշման մասին, ինչպես նաև հայրության փաստի որոշման և հայրության ընդունման փաստի հաստատման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

13. Դիմումին կցվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը, երեխայի ծննդյան վկայականը և ծննդի գրանցման պատճենը:

14. Դատարանի վճռի հիման վրա հայրության որոշման մասին դիմումով ՔԿԱԳ տարածքային բաժին կարող են դիմել սույն հրահանգչական ցուցումների 1-ին կետի երրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

15. Հայրության որոշման գրանցման ժամանակ հոր մասին տեղեկությունները նշվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին համապատասխան:

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում հոր ազգության մասին տեղեկությունների բացակայության դեպքում հայրության որոշման գրանցման 12-րդ` «Ազգությունը» , սյունակը լրացվում է երեխայի ծննդի գրանցման 15-րդ սյունակին համապատասխան, որի մասին նշում է կատարվում հայրության որոշման գրանցման 19-րդ սյունակում: Հոր մշտական բնակության վայրը նշվում է դիմողի բանավոր հայտարարությամբ:

Հետագայում երեխայի հոր ազգության մասին գրանցման փոխումը հնարավոր է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոններով սահմանված կարգով:

 

IY. Հայրության որոշման գրանցման վերաբերյալ

ընդհանուր հարցեր

 

16. Հայրության որոշման մասին դիմումը, դիմողների ընտրությամբ, տրվում է երեխայի ծնողներից մեկի բնակության վայրի կամ երեխայի ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, իսկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հայրության որոշման դեպքում` նաև դատարանի վճռի կայացման վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Ծնողներից մեկի հաշվառման բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ հայրության որոշման դիմումի ընդունման և գրանցման մերժման համար:

17. Հայրության որոշման մասին դիմումը պետք է կազմված լինի սահմանված ձևի բլանկի վրա: Բլանկի պարունակած բոլոր հարցերին պետք է տրվեն լրիվ և ճիշտ պատասխաններ: Դիմումը լրացվում է հստակ և ընթեռնելի ձեռագրով, այն ստորագրվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի այն աշխատողի ներկայությամբ, որը նրա մեջ նշված տեղեկությունները համեմատում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերի հետ:

Հայրության որոշման մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), զինծառայողների զինվորական գրքույկը:

Յուրաքանչյուր դիմում` նրա ստացման օրը, պետք է գրանցվի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից` դիմումների հաշվառման հատուկ մատյանում:

18. Այն անձանց նկատմամբ հայրության որոշման գրանցումը, ովքեր դիմում տալու օրը չափահաս են դարձել, կարող է կատարվել միայն նրանց համաձայնությամբ: Այդ դեպքում ծնողների դիմումին անպայման պետք է կցված լինի չափահաս անձի համաձայնությունը: Այդպիսի համաձայնությունը կարող է արտահայտված լինել այդ անձի առանձին դիմումում կամ ծնողների (հոր դիմումի) համատեղ դիմումի տակ դրված նրա ստորագրությամբ: Միաժամանակ չափահասը նշում է` ընդունում է արդյոք նա հոր ազգանունը, թե ցանկանում է մնալ մոր ազգանունով: Այդ մասին համապատասխան նշում է կատարվում հայրության որոշման գրանցման 19-րդ սյունակում:

19. Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, թե երեխայի հայրը ամուսնության մեջ է, թե ոչ, այդ իսկ պատճառով հայրության որոշման գրանցման վերաբերյալ նրա կնոջ համաձայնությունը չի պահանջվում:

20. ՔԿԱԳ տարածքային բաժինը հայրության որոշման մասին դիմում ընդունելուց, եթե երեխայի ծննդի գրանցման մեջ որպես հայր նշված է որոշակի անձ, պարտավոր է երեխայի ծննդի գրանցման հիման վրա ստուգել հոր մասին նախկինում նշված տեղեկությունների հիմքերը:

Այդպիսի ստուգումը պարտադիր կարգով կատարվում է, եթե`

- մայրը, որի երեխայի նկատմամբ որոշվում է հայրությունը, գտնվում է գրանցված ամուսնության մեջ.

- մայրը գրանցված ամուսնության մեջ չի գտնվում, իսկ երեխայի ծննդյան վկայականում նշված է երեխայի հայրը, որի ազգանունը սակայն չի համապատասխանում մոր ազգանվանը:

Եթե ծննդի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ այլ տարածքային բաժնում, ապա նշված տեղեկությունները ճշտելու և դիմումին կցելու համար եռօրյա ժամկետում պետք է պահանջվի դրա պատճենը: Այդ դեպքում դիմումը ընդհանուր կարգով` նրա ստացման օրը, գրանցվում է մատյանում, իսկ հայրության որոշումը կատարվում է դիմողների (դիմողի) ներկայությամբ` ծննդի գրանցման պատճենը ստանալուց անմիջապես հետո: Ծննդի գրանցման պատճենը պահանջելու մասին հաղորդվում է դիմողներին (դիմողին) և դրա ստացման ռեալ հնարավորությունները հաշվի առնելով, նշանակվում է հայրության որոշման գրանցման օրը:

Այն դեպքում, երբ երեխայի ծննդի գրանցման մեջ որպես հայր նշված է դիմող կնոջ ամուսինը կամ այլ անձ, հայրության որոշման գրանցումը պետք է մերժվի, մինչև դատարանի կողմից կորոշվի երեխայի ծննդի գրանցումից հոր մասին տեղեկությունները հանելու հարցը:

21. Չի թույլատրվում հայրությունը որոշել այն անձի դիմումով, որը դատական կարգով անգործունակ է ճանաչվել, ինչպես նաև այդ անգործունակ անձի խնամակալի դիմումով:

22. Եթե երեխային ծննդի գրանցումը կորել է, ապա հայրության որոշման գրանցումը հնարավոր է միայն սահմանված կարգով նրա վերականգնումից հետո:

23. Ծննդի և հայրության որոշման միաժամանակյա գրանցման դեպքում ծննդի մասին և հայրության որոշման մասին պարտադիր կարգով կազմվում են առանձին գրանցումներ: Այդ դեպքում ծննդի գրանցման մեջ երեխայի ազգանունը նշվում է մոր ազգանունով, իսկ նրա հայրանունը և հոր մասին տեղեկությունները` հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումի (հոր դիմումի) համաձայն: Իսկ եթե ծնողները (հայրը) ցանկանում են երեխային կոչել հոր ազգանունով, ապա այն ուղղվում է հայրության որոշման գրանցման հիման վրա:

i

24. Ծնողների համատեղ դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

Հոր դիմումով հայրության որոշման գրանցման դեպքում երեխայի ազգանունը որոշվում է հոր ցուցումով:

Այն մասին, թե ինչ ազգանուն պետք է կրի երեխան, պետք է նշված լինի հայրության որոշման մասին դիմումի մեջ:

Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման գրանցման դեպքում երեխային շնորհվում է այն ազգանունը, որը նշված է վճռում, իսկ այդպիսի գրանցման բացակայության դեպքում` դիմողի ցուցումով: Այդ հարցով վեճ լինելու դեպքում ազգանունը գրանցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով:

Երեխայի հայրանունը, այդ թվում նաև չափահաս երեխաների նկատմամբ, փոխվում է հոր անվամբ:

Այն դեպքում, երբ երեխայի հայրանունը մոր ցուցումով է նախկինում նշվել նրա ծննդի գրանցման մեջ, բայց չի համապատասխանում այն անձի անվանը, որը որպես երեխայի հայր է որոշվում, ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի հայրության որոշման գրանցումը և երեխայի հոր անվամբ հայրանունը շնորհելը մերժելու և այդ հարցի վերաբերյալ ծնողներից բացատրություններ պահանջելու:

(24-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

25. Հայրության որոշման գրանցման ժամանակ սահմանված ձևով կազմվում է երկու օրինակից հայրության որոշման գրանցում:

Հայրության որոշման վկայականը` ծնողների ցանկությամբ, տրվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից և նրանց խնդրանքով` յուրաքանչյուրին առանձին:

26. Հայրության որոշման գրանցման մեջ մոր մասին տեղեկությունները նշվում են երեխայի ծննդի գրանցման կամ ծննդյան վկայականի հիման վրա, այդ թվում և այն դեպքում, երբ մայրը հայրության որոշման գրանցումը ամուսնացել է և ընդունել ամուսնու ազգանունը: Այդ դեպքում հայրության որոշման գրանցման 19-րդ սյունակում նշվում է ամուսնության գրանցման վայրը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ինչպես նաև մոր այն ազգանունը, որը ամուսնանալու կապակցությամբ շնորհվել է նրան:

Հայրության որոշման մասին ծնողների համատեղ դիմումում, որը տրվել է այն ժամանակ, երբ մայրը ամուսնանալուց հետո ընդունել է ամուսնու ազգանունը` մոր ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթին համապատասխան, իսկ փակագծերում գրվում է` «(Մոր մինչամուսնական ազգանունը ____________)»:

27. Երեխայի ծննդի գրանցման մեջ մոր ազգանվան ուղղումն այն դեպքերում, երբ երեխայի ծնողները ամուսնացել են մինչև հայրության որոշումը կամ հայրությունը որոշելուց հետո և ամուսնության ժամանակ մայրն ընդունել է ամուսնու ազգանունը, կատարվում է առանց եզրակացություն կազմելու: Ուղղում կատարելու համար հիմք է հանդիսանում ամուսնության գրանցումը:

28. Եթե երեխայի ծնողները ամուսնացել են նրա ծնվելուց հետո, չի թույլատրվում երեխայի ծննդի գրանցման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնել` առանց հայրության որոշման գրանցման:

i

29. Հայրության որոշման գրանցման հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժինը հենց նույն օրը տեղեկություններ է լրացնում հոր մասին և դրա հետ կապված փոփոխություններ` երեխայի ծննդի գրանցման մեջ և տալիս է ծննդյան նոր վկայական: Այս դեպքում ծննդյան նախկին վկայականը սահմանված կարգով չեղյալ է համարվում:

Եթե երեխայի ծննդի գրանցումը գտնվում է այլ վայրում, ապա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տասնօրյա ժամկետում այդ գրանցման առաջին օրինակի գտնվելու վայր ծանուցագիր է ուղարկվում հայրության որոշման գրանցման կապակցությամբ գրանցման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու և ծննդյան նոր վկայական ուղարկելու համար:

Ստացված ծանուցագրի հիման վրա ՔԿԱԳ տարածքային բաժինը տասնօրյա ժամկետում համապատասխան ուղղում է կատարում ծննդի գրանցման մեջ և ուղարկում ծննդյան նոր վկայական: Միաժամանակ նա ծանուցագիր է ուղարկում ծննդի գրանցման երկրորդ օրինակի մեջ նույն փոփոխությունները կատարելու համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ:

(29-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

30. Հայրության որոշման գրանցման կապակցությամբ զինապարտների կամ զորակոչիկների ազգանվան կամ հայրանվան փոխման դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է այդ մասին հայտնել զինվորական կոմիսարիատին, որտեղ զինապարտը կամ զորակոչիկը գտնվում է հաշվառման մեջ:

31. Անչափահաս երեխաների նկատմամբ հայրության որոշման գրանցման մասին հաղորդվում է երեխայի մոր բնակության վայրի սոցիալական ապահովության բաժնին:

32. Հայրության որոշման գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

i

33. Հայրության որոշման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից հայրության որոշման գրանցումը չեղյալ է համարվում:

Հայրության որոշման մասին դատարանի նախկին վճռի բեկանման վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, ինչպես նաև հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ստանալու դեպքում, գրանցումն անվավեր ճանաչելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժինը նրա վրա անկյունագծային ջնջում է կատարում: Ընդ որում, գրանցման առաջին երեսի վրա` վերևի մասում, նշվում է` «Գրանցումը չեղյալ է համարված» և գրանցման 19-րդ սյունակում նշում է կատարվում` որտեղ և որ դատարանի կողմից է վճիռ կայացվել:

Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու մասին հաղորդվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվին, որը նույն կարգով չեղյալ է համարում այդ գրանցման երկրորդ օրինակը:

Հայրության որոշման գրանցման չեղյալ համարելու մասին տասնօրյա ժամկետում հաղորդվում է երեխայի ծննդի գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, որը նույն ժամկետում պարտավոր է համապատասխան նշում կատարել ակտի գրանցման մեջ` վերականգնելով նախկին տեղեկությունները (փոխվում է երեխայի ազգանունը, եթե այն փոխվել է հայրության որոշման կապակցությամբ, ինչպես նաև նրա հայրանունը և հոր մասին տեղեկությունները):

Կատարված նշումների մասին հաղորդվում է ծննդի գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ:

Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը երեխայի մորը նպաստ ստանալու համար տալիս է համապատասխան տեղեկանք` սոցիալական ապահովության բաժին ներկայացնելու համար:

Հայրության որոշման գրանցումը չեղյալ համարելու դեպքում այն անձին, ով նախկինում գրանցվել է որպես երեխայի հայր, այդ երեխայի ծննդյան կրկնակի վկայականներ չեն տրվում:

(33-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

34. Հայրության որոշման վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

 

------------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.08.1999
N 1270
Հրաման