Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿ ...

25.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2003  -ից մինչեւ   25.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 14.05.07 թիվ 97-Ն հրաման)

102.1270.110899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

9 օգոստոսի 1999 թվական թիվ 1270

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

1999 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 1270 հրամանով

 

i

ՈՐԴԵԳՐՄԱՆ (ԴՍՏԵՐԱԳՐՄԱՆ) ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Որդեգրման (դստերագրման) գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Որդեգրումը (դստերագրումը)` այսուհետ` որդեգրումը ենթակա է պարտադիր գրանցման ՔԿԱԳ տարածքային բաժնում` որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշման և ըստ այդ որոշումը կայացնելու վայրի, որդեգրողների կամ նրանցից մեկի համատեղ դիմումի հիման վրա:

Որդեգրման գրանցման մասին դիմումը պետք է տրվի գրավոր:

Որդեգրման գրանցումը կատարվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի հաղորդմամբ: Ստանալով որդեգրման մասին որոշման պատճենը (խնամակալության և հոգաբարձության մարմնի ուղեկցական նամակով կամ առանց դրա) ՔԿԱԳ տարածքային բաժինը պարզում է` չի կատարվել արդյոք այդ երեխայի նկատմամբ որդեգրման գրանցում:

Եթե նախկինում որդեգրման գրանցումը չի կատարվել, ապա որդեգրման մասին որոշման պատճենը ստանալու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ՔԿԱԳ տարածքային բաժինը գրանցում է որդեգրումը:

Որդեգրման գրանցման 19-րդ սյունակում կատարվում է նշում` «Գրանցումը կատարված է խնամակալության և հոգաբարձության մարմնի հաղորդմամբ» , իսկ եթե որդեգրման մասին որոշման պատճենը ստացվել է ուղեկցական նամակով, ապա նշվում է նաև այդ նամակի համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

2. Առանձին դեպքերում որդեգրումը կարող է գրանցվել` երեխայի ծնողի դիմումի համաձայն, երբ համայնքի ղեկավարի որոշմամբ երեխայի նկատմամբ պահպանվում են նրա իրավունքներն ու պարտականությունները և իր չափահաս դարձած երեխայի դիմումի համաձայն, եթե որդեգրումը նախկինում գրանցված չի եղել: Այդպիսի դեպքերում դիմողը պետք է ստորագրի որդեգրման գրանցման 19-րդ սյունակում, որտեղ նշվում է նաև դիմողի ազգանունը, անունը, հայրանունը, ում կողմից և երբ է տրված նրա անձը հաստատող փաստաթուղթը:

3. Որդեգրման գրանցման մասին քաղաքացիներից ստացված դիմումները և խնամակալության ու հոգաբարձության մարմիններից ստացված հաղորդումները, ինչպես նաև նրանց կցված որդեգրման մասին որոշումները ՔԿԱԳ տարածքային բաժինը գրանցում է հատուկ մատյանում:

4. Որդեգրման գրանցման մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը հավաստիանալով պատճենի իսկության հարցում պարտավոր է այն վավերացնել իր ստորագրությամբ և կնիքով:

Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր են համարվում` անձնագիրը (անձնագիրը փոխարինող փաստաթուղթը), զինծառայողի զինվորական գրքույկը:

5. Որդեգրումը գրանցելիս դիմողները պետք է ներկայացնեն որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշման պատճենը` հաստատված պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով, ինչպես նաև որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը: Եթե որդեգրման մասին որոշման պատճենն արդեն իսկ ստացվել է խնամակալության և հոգաբարձության մարմնից, ապա այն չպետք է պահանջել դիմողից:

6. Որդեգրվող երեխայի ծննդի գրանցման կորստյան դեպքում որդեգրման գրանցումը կարող է կատարվել սահմանված կարգով այն վերականգնելուց հետո միայն:

Կորցված գրանցումը վերականգնելու մասին ՔԿԱԳ տարածքային բաժին դիմում կարող են ներկայացնել երեխային որդեգրող անձինք, ծնողը` եթե համայնքի ղեկավարի որոշմամբ երեխայի նկատմամբ պահպանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, խնամակալության և հոգաբարձության մարմինը, 16 տարին լրացած որդեգրվողը, ինչպես նաև այն անձինք և հիմնարկները, որոնց դաստիարակության տակ է գտնվում երեխան:

7. ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է գրանցել որդեգրումն անկախ այն ժամկետից, որն անցել է որդեգրման մասին որոշումն ընդունելուց հետո և անկախ այն տարիքից, որին հասել է որդեգրվողը գրանցման պահին:

8. Որդեգրումը գրանցելիս սահմանված ձևով կազմվում է որդեգրման գրանցում` երկու օրինակից:

Որդեգրման վկայականը ՔԿԱԳ տարածքային բաժինը տալիս է ըստ որդեգրողների ցանկության: Եթե նրանք հրաժարվում են որդեգրման վկայականը ստանալուց, ապա որդեգրման գրանցման 19-րդ սյունակում համապատասխան նշում է կատարվում:

9. Որդեգրման գրանցումը կազմվում է հետևյալ կարգով.

9.1. Որդեգրման գրանցման 1-5-րդ սյունակներում որդեգրվողի վերաբերյալ տվյալները` «Մինչ որդեգրումը» հատվածում նշվում են երեխայի ծննդյան վկայականի հիման վրա, իսկ «Որդեգրումից հետո» հատվածում` որդեգրման մասին որոշմանը ճիշտ համապատասխան:

9.2. Որդեգրման գրանցման 6-9-րդ սյունակներում հոր և մոր վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են երեխայի ծննդյան վկայականի հիման վրա:

Եթե երեխայի մայրը մինչև որդեգրման գրանցումն ամուսնացել է որդեգրողի հետ և ընդունել է նրա ազգանունը, ապա որդեգրման գրանցման 6-րդ սյունակում նշվում է մոր մինչամուսնական ազգանունը, իսկ որդեգրման գրանցման 19-րդ սյունակում` ամուսնության գրանցման տեղն ու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ակտի գրանցման համարը, ինչպես նաև մոր ազգանունը` ամուսնության գրանցումից հետո:

9.3. Որդեգրման գրանցման 10-14-րդ սյունակներում որդեգրողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշման և որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերի հիման վրա:

Այն դեպքերում, երբ որդեգրման մասին որոշման մեջ նշված չէ որդեգրողների ազգությունը և որդեգրողների անձը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել (եթե դիմողները սույն հրահանգչական ցուցումների 2-րդ կետում նշված անձինք են կամ խնամակալության և հոգաբարձության մարմինն է), ապա որդեգրման գրանցման 13-րդ սյունակը չի լրացվում: Հետագայում այդ սյունակը կարող է լրացվել ՔԿԱԳ տարածքային բաժինը որդեգրողների կողմից իրենց անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոններին համապատասխան:

Որդեգրողներն իրենց ստորագրությունները դնում են որդեգրման գրանցման 17-րդ սյունակում` յուրաքանչյուրն իր հատվածում:

9.4. Եթե որդեգրվողի վերաբերյալ տեղեկությունները, որոնք նշված են որդեգրման մասին որոշման մեջ, չեն համապատասխանում ծննդյան վկայականում եղած նույնպիսի տեղեկություններին կամ որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերի տեղեկությունները չեն համապատասխանում նրան, ինչ գրված է որդեգրման մասին որոշման մեջ, ապա որդեգրման գրանցումը հետաձգվում է:

Պետք է առաջարկել որդեգրողներին դիմելու համապատասխան համայնքի ղեկավարին` ճշտելու որոշման մեջ եղած այդ տեղեկությունները:

9.5. Եթե որդեգրողը հանդիսանում է միայն տղամարդը (կինը), ապա համապատասխանաբար լրացվում է որդեգրման գրանցման մի կողմը (10-14-րդ սյունակները), երկրորդ կողմը մնում է չլրացված:

9.6. Որդեգրման գրանցման 15-րդ սյունակում («Գրանցվում են արդյոք որդեգրողները որպես երեխայի ծնողներ») որոշմանը համապատասխան նշվում է` «Այո» կամ «Ոչ»:

i

10. ՔԿԱԳ տարածքային բաժինը որդեգրման գրանցման հիման վրա նույն օրը փոփոխություն է կատարում երեխայի ծննդի գրանցման մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ հաղորդում ուղարկում որդեգրվողի ծննդի գրանցման երկրորդ օրինակում նույնպիսի փոփոխություններ կատարելու մասին: Հաղորդման մեջ հստակ կերպով նշվում է կոնկրետ ինչպիսի (որդեգրման մասին որոշմանը համապատասխան) փոփոխություններ պետք է կատարվեն ծննդի գրանցման մեջ: Որդեգրողներին տրվում է որդեգրվողի ծննդյան նոր վկայական, իսկ նախկին վկայականը չեղյալ է համարվում սահմանված կարգով:

(10-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

i

11. Այն դեպքում, երբ ծննդի գրանցումը գտնվում է այլ վայրում, ապա այդ գրանցման առաջին օրինակը գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին մեկամսյա ժամկետում պետք է հաղորդում ուղարկել որդեգրման գրանցման կապակցությամբ նրանում փոփոխություն կատարելու անհրաժեշտության և որդեգրողի ծննդյան նոր վկայական ուղարկելու մասին:

Ստանալով հաղորդումը ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է տասնօրյա ժամկետում ծննդի գրանցման մեջ կատարի անհրաժեշտ փոփոխություններ և ուղարկի ծննդյան նոր վկայականը` որդեգրողին հանձնելու համար: ՔԿԱԳ այդ տարածքային բաժինը միաժամանակ հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ` ծննդի գրանցման երկրորդ օրինակում նույնպիսի փոփոխություններ կատարելու համար:

(11-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

12. Որդեգրման գրանցմանը համապատասխան երեխայի ծննդի գրանցման մեջ փոփոխություն կատարելիս (այսինքն` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը, ծնողների մասին տեղեկությունները փոխելիս) որպես այդպիսի փոխման հիմք 23-րդ սյունակում նշվում է որդեգրման գրանցումը (որդեգրումը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը):

Փոխման ենթակա տեղեկությունները ջնջվում են նրանց վրա գիծ քաշելով, իսկ վերևում գրվում է նորը: Դա կատարվում է այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կարդալ ջնջված բառերը:

13. Որդեգրման մասին որոշմամբ ծննդավայրը փոխելու դեպքում որդեգրողների խնդրանքով որդեգրման որոշման մեջ նշված ծննդավայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում կազմվում է երեխայի ծննդի նոր գրանցում:

Այդպիսի խնդրանքով որդեգրողները դիմում են որդեգրումը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժին, որը ծանուցում է ուղարկում ՔԿԱԳ տարածքային այն բաժին, որտեղ որոշմանը համապատասխան պետք է կազմվի ծննդի նոր գրանցում:

Այդ գրանցումը կազմվում է ընթացիկ տարվա ծննդի վերականգնման գրանցման գրքում, իսկ 13-րդ սյունակում որպես նրա կազմման հիմք նշվում են` որդեգրման մասին որոշումը (համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, որոշման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը), ինչպես նաև որդեգրման գրանցումը (որդեգրումը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժինը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը):

Ծննդի նոր կազմված գրանցման 16-րդ սյունակում նշվում է ծննդի նախկին գրանցման վայրը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Որդեգրված երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև նրա ծնողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են որդեգրման մասին որոշմանը համապատասխան:

Ծննդի նոր գրանցում կազմելու դեպքում դիմողին, նրա խնդրանքով, տրվում է որդեգրվողի ծննդյան վկայական:

14. Որդեգրվողի նկատմամբ ծննդի նոր գրանցումը կազմելուց հետո ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է տասնօրյա ժամկետում ծանուցում ուղարկի ինչպես ՔԿԱԳ տարածքային այն բաժին, որտեղ գտնվում է որդեգրման գրանցման առաջին օրինակը, այնպես էլ ծննդի նախկին գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Այդպիսի ծանուցում ստանալով, ՔԿԱԳ տարածքային բաժինը տասնօրյա ժամկետում պետք է համապատասխան փոփոխություններ կատարի վերը նշված ակտերի գրանցումներում, իսկ «Նշումների համար» սյունակում նշի ծննդի նոր գրանցում կազմելու վայրը, ակտի գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Բացի այդ, ծննդի նախկին գրանցման «Նշումների համար» սյունակում նշվում է որոշում ընդունած համայնքի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը, որոշման ամիսը, ամսաթիվը տարեթիվը և համարը:

Այդ գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին ուղարկվում են ծանուցումներ` նրանցում նույնպիսի փոփոխություններ կատարելու համար:

15. Համայնքի ղեկավարի կողմից ի լրումն որդեգրման մասին ընդունած նախորդ որոշման, նոր լրացուցիչ որոշում ընդունելու դեպքում, ըստ որի օրենքին համապատասխան որդեգրողները պետք է գրվեն որպես որդեգրվողի ծնողներ կամ փոխվում են երեխայի ազգանունը, անունը, հայրանունը և ծննդավայրը, ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու որդեգրվողի որդեգրման և ծնունդների նախկինում կազմված գրանցումներում փոփոխություններ կատարելը:

Այդպիսի լրացուցիչ որոշում իրավասու է ընդունել միայն այն համայնքի ղեկավարը, որն ընդունել է որդեգրման մասին որոշումը:

Սույն կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ որդեգրումը գրանցվում է արդեն որդեգրման մասին լրացուցիչ որոշում ընդունելուց հետո:

16. Եթե որդեգրման մասին որոշման մեջ չի նշվում որդեգրվողների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը փոխելու կամ ծնողների վերաբերյալ տեղեկությունների մասին, ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է միայն կազմի որդեգրման գրանցում և որդեգրողին տա որդեգրման վկայական: Ընդ որում, որդեգրվողի ծննդի գրանցման մեջ նշում է կատարվում որդեգրումը գրանցելու մասին:

17. Այն դեպքում, երբ որդեգրման որոշման մեջ չի նշվում այն մասին, որ որդեգրողները ծնունդների գրանցման գրքում պետք է գրանցվեն որպես որդեգրվողի ծնողներ, ՔԿԱԳ տարածքային բաժինը ծննդյան վկայականի կրկնակի վկայական տալիս նշում է նրա փաստացի ծնողներին: Ընդ որում, նշանակություն չունի փոխվել են արդյոք երեխայի ազգանունը` որդեգրողի ազգանվամբ և հայրանունը` որդեգրողի անվամբ:

18. Եթե որպես որդեգրվածի ծնողներ որոշման համաձայն գրվում են որդեգրողները, սակայն որդեգրվողի ազգանունը և նրա հայրանունը չեն փոխվում, ապա երեխայի ծննդյան կրկնակի վկայական տալու դեպքում (չնայած երեխայի և ծնողների ազգանունների տարբերությանը և նրա հայրանվան անհամապատասխանությանը որդեգրողի անվանը) որպես ծնողներ նշվում են որդեգրողները:

19. Որդեգրման մասին որոշումը ՔԿԱԳ տարածքային բաժնում ստացվելու դեպքում որդեգրման գրանցումը պարտադիր է: Եթե որոշումից երևում է, որ այն ընդունվել է Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 111, 120 և 210 հոդվածների խախտումով (այսինքն, որդեգրման մասին որոշում ընդունելու պահին որդեգրվողի 18 տարին լրացել է, երեխայի ազգանունը և հայրանունը որոշվել են ոչ թե որդեգրողի, այլ մեկ ուրիշ անձի ազգանվամբ կամ որդեգրվողի ծննդավայրը որոշվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումով, որի տարածքում ընդունված է որդեգրման մասին որոշումը), որդեգրման գրանցումը կասեցվում է, իսկ որդեգրման մասին որոշման պատճենը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին այն բողոքարկելու համար:

ՔԿԱԳ տարածքային բաժինը պետք է նյութերն ուղարկի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին նաև այն դեպքում, եթե համայնքի ղեկավարը նոր որոշում է ընդունել անչափահասի որդեգրման մասին` առանց դատարանի կողմից վերացնելու այդ երեխայի մեկ այլ անձի կողմից որդեգրելու մասին նախկինում ընդունած որոշումը:

20. Այն դեպքում, երբ որդեգրողը հանդիսանում է միայն կինը (տղամարդը) և Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, 125 հոդվածին համապատասխան որդեգրման մասին որոշման մեջ նշված է, որ երեխայի նկատմամբ պահպանվում են հոր (մոր) իրավունքներն ու պարտականությունները, ապա ծննդի գրանցման մեջ հոր (մոր) մասին տեղեկությունները փոխման ենթակա չեն:

Եթե չեն պահպանվում երեխայի հոր իրավունքներն ու պարտականությունները կամ ծննդի գրանցման մեջ բացակայում են հոր մասին տեղեկությունները, ապա կին որդեգրողի գրավոր դիմումի համաձայն հոր մասին տեղեկությունները ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից կարող են նշվել Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված կարգով, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցումները փոխելու, լրացնելու և ուղղելու կանոնների 3-րդ կետի «է» ենթակետով և 14-րդ կետով նախատեսված կարգով` առանց եզրակացություն կազմելու:

Այն դեպքում, երբ հոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի գրանցման մեջ նշված են Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված կարգով, ապա կին որդեգրողի դիմումի համաձայն, որը համայնքի ղեկավարի որոշմանը համապատասխան գրվում է որպես երեխայի մայր, այդ տեղեկությունները ՔԿԱԳ տարածքային բաժինը կարող է փոխել առանց եզրակացություն կազմելու, հոր ազգանունը գրվում է կին որդեգրողի ազգանվամբ, իսկ հոր անունը, հայրանունը և ազգությունը` նրա ցուցումով: Այդ կապակցությամբ փոխվում է նաև երեխայի հայրանունը:

Երբ երեխայի նկատմամբ չեն պահպանվում նրա մոր իրավունքներն ու պարտականությունները կամ մոր մասին տեղեկությունները երեխայի ծննդի գրանցման մեջ կատարվել են ծննդի գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների 15-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված կարգով, այդ տեղեկությունները ՔԿԱԳ տարածքային բաժինը կարող է փոխել տղամարդ որդեգրողի գրավոր դիմումի համաձայն, որը որդեգրման որոշմանը համապատասխան գրվում է որպես երեխայի հայր: Այս դեպքերում մոր ազգանունը գրվում է տղամարդ որդեգրողի ազգանվամբ, իսկ նրա անունը, հայրանունը և ազգությունը` տղամարդ որդեգրողի ցուցումով: Փոփոխությունները կատարվում են առանց եզրակացություն կազմելու:

21. Նախազորակոչիկի որդեգրման կապակցությամբ նրա ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև ծննդավայրը փոխելու դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատ, որտեղ հաշվառման է վերցված նախազորակոչիկը:

22. Որդեգրումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև որդեգրումը վերացնելը կատարվում է միայն դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 138 հոդվածին համապատասխան որդեգրումն անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում այդպիսի վճռի պատճենը դատարանի կողմից ուղարկվում է այն ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ գրանցվել է որդեգրումը:

23. Որդեգրումն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը ՔԿԱԳ տարածքային բաժնում ստացվելիս որդեգրման գրանցումը վերացվում է` վրան շեղակի գիծ քաշելով: Միաժամանակ որդեգրման գրանցման երեսի կողմի վրա վերին մասում նշվում է` «Գրանցումը վերացված է»:

Որդեգրման գրանցման 19-րդ սյունակում նշվում է` «Որդեգրումն անվավեր է ճանաչված

դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը»:

Այդ գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

24. Որդեգրման գրանցումը վերացնելու մասին տասնօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում այն ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ գտնվում է երեխայի ծննդի գրանցման առաջին օրինակը, որը նույն ժամկետում գրանցման մեջ վերականգնում է երեխայի ծնողների վերաբերյալ, ինչպես նաև իր` երեխայի մասին նախկինում եղած տեղեկությունները (նրա ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը), եթե դրանք փոխվել էին որդեգրման կապակցությամբ, իսկ որդեգրման գրանցման 23-րդ սյունակում կատարում է սույն հրահանգչական ցուցումների 23-րդ կետի երկրորդ պարբերությունում նախատեսված նշումը:

Բացի այդ, որդեգրման գրանցումն անվավեր ճանաչելու մասին տասնօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում երեխայի որդեգրման և ծնունդների գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի, որը նույն ժամկետում վերացնում է որդեգրման գրանցման երկրորդ օրինակը, ինչպես նաև համանման փոփոխություններ և նշումներ կատարում ծննդի գրանցման երկրորդ օրինակում:

i

25. Եթե որդեգրման որոշմանը համապատասխան փոխվել է որդեգրվողի ծննդավայրը, որի կապակցությամբ կազմվել է երեխայի ծննդի նոր գրանցում, ՔԿԱԳ տարածքային այն բաժինը, որը վերացրել է որդեգրման գրանցումը, հաղորդում է ուղարկում ծննդի նոր կազմված գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` այդ ակտի գրանցումը վերացնելու համար:

Այն վերացնելուց հետո ՔԿԱԳ տարածքային այդ բաժինը տասնօրյա ժամկետում ծանուցում է ուղարկում ծննդի նախկին գրանցման մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և նրանցում նախկին տեղեկությունները վերականգնելու համար, ինչպես նաև ծննդի կրկնակի կազմված գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության համապատասխան արխիվ` այդ ակտի գրանցումը վերացնելու համար:

(25-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

26. Դատարանի կողմից որդեգրումը վերացնելու դեպքում ՔԿԱԳ տարածքային բաժինը տասնօրյա ժամկետում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը ստացվելու օրվանից որդեգրման գրանցման 19-րդ սյունակում նշում է կատարում`

«Որդեգրումը վերացված է

դատարանի անվանումը, որոշման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը»:

Այդ գրանցումը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

Որդեգրման գրանցման երեսի կողմի վրա վերին մասում նշվում է «Որդեգրումը վերացված է»:

i

27. Որդեգրման վերացման մասին տասնօրյա ժամկետում հաղորդում է ուղարկվում երեխայի ծննդի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ նույն ժամկետում երեխայի ծննդի գրանցման մեջ պետք է վերականգնվի երեխայի ծնողների, ինչպես նաև իր` երեխայի մասին նախկինում եղած տեղեկությունները, եթե դրանք փոխվել են որդեգրման կապակցությամբ:

Այն դեպքում, երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ նշված է, որ պահպանվում են որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, այդ տեղեկությունները փոխման ենթակա չեն: Որդեգրման գրանցման 23-րդ սյունակում կատարվում է սույն հրահանգչական ցուցումների 26-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված նշումը:

Բացի այդ, որդեգրումը վերացնելու մասին տասնօրյա ժամկետում հաղորդվում է որդեգրման և ծնունդների գրանցումների երկրորդ օրինակների գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ: Այն նույն ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության հանրապետական արխիվում այդ ակտերի գրանցումների երկրորդ օրինակներում պետք է կատարվեն համապատասխան նշումներ:

(27-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

i

28. Եթե որդեգրման որոշմանը համապատասխան փոխվել է որդեգրվողի ծննդավայրը, որի կապակցությամբ կատարվել է երեխայի ծննդի նոր գրանցում, ՔԿԱԳ տարածքային բաժինը, որտեղ ստացվել է որդեգրումը վերացնելու մասին ծանուցումը, այդ մասին ծանուցում է ուղարկում ծննդի նոր գրանցում կատարած` առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:

Ծանուցում ստանալով, ՔԿԱԳ տարածքային բաժինը տասնօրյա ժամկետում որդեգրումը վերացնելու մասին նշում է կատարում սույն հրահանգչական ցուցումների 26-րդ կետով նախատեսված կանոնների համաձայն: Այդ նույն ժամկետում որդեգրումը վերացնելու մասին հաղորդվում է ծննդի տվյալ գրանցման երկրորդ օրինակի գտնվելու վայրի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ` վերը նշված կարգով որդեգրումը վերացնելու մասին նշում կատարելու համար, ինչպես նաև սկզբնական գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին` վերը նշված կանոնների համաձայն երեխայի ծնողների մասին տեղեկությունները վերականգնելու համար:

(28-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

29. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 133 հոդվածին համապատասխան որդեգրման վերացումը, որպես կանոն, չի թույլատրվում, եթե այն վերացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին լրացել է որդեգրվողի 18 տարին:

Սակայն, եթե որդեգրումը վերացնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած ՔԿԱԳ տարածքային բաժնում ստացվել է որդեգրվողի չափահաս դառնալուց հետո, ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է կատարել բոլոր անհրաժեշտ նշումները:

30. Այն կապակցությամբ, որ դատարանի որդեգրումը վերացնելիս իրավունք ունի նախկին որդեգրողին պարտավորեցնելու երեխայի համար ապրուստի միջոց վճարել, անհրաժեշտության դեպքում ծնողներից մեկին, խնամակալին (հոգաբարձուին), այն մանկական հիմնարկին, որտեղ տեղավորված է երեխան, կարող է տրվել որդեգրումը վերացված լինելու մասին տեղեկանք` ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի ստորագրությամբ և կնիքով:

31. Դատարանի կողմից որդեգրումն անվավեր ճանաչելու և այդ կապակցությամբ երեխայի հոր մասին տեղեկությունները վերականգնելու անհրաժեշտության դեպքում, եթե այդպիսիք նշված են եղել Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 57 հոդվածով նախատեսված կարգով, ՔԿԱԳ տարածքային բաժինը երեխայի մորը նպաստ ստանալու համար տալիս է համապատասխան տեղեկանք` սոցիալական ապահովության մարմնին ներկայացնելու համար: Այդպիսի տեղեկանքներ տրվում են նաև որդեգրումը վերացնելու դեպքում, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում չի նշվում, որ նախկին որդեգրողը պարտավոր է երեխայի համար ապրուստի միջոց վճարել:

32. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 127 հոդվածին համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժինների աշխատողները որդեգրումը գրանցելիս, ինչպես նաև որդեգրման գրանցումներում որևէ նշումներ կատարելիս պարտավոր են ապահովել որդեգրման գաղտնիությունը:

33. Որդեգրման վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

34. Որդեգրման գրանցման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հաստատված է

ՀՀ արդարադատության նախարարի

1999 թվականի օգոստոսի 9-ի

թիվ 1270 հրամանով

 

i

ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Մահվան գրանցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճիշտ կիրառման, ինչպես նաև միասնական պրակտիկայի ապահովման նպատակով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային բաժինները պետք է ղեկավարվեն հետևյալով.

1. Մահվան գրանցումը կատարվում է այն վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում, որտեղ ապրել է մահացածը կամ որտեղ տեղի է ունեցել մահը:

Մահվան փաստը հաստատելու կամ քաղաքացուն մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահվան գրանցումը կատարվում է վճիռ կայացնող դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում:

Երևան քաղաքում մահվան գրանցումը կատարվում է հատուկ սպասարկման բաժնում:

Օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մահվան գրանցումը կատարվում է տվյալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հաստատությունում:

2. ՔԿԱԳ տարածքային բաժինը իրավունք չունի մերժելու մահվան գրանցումն այն պատճառաբանությամբ, թե այդպիսի գրանցումը նպատակահարմար է կատարել ՔԿԱԳ տարածքային մեկ այլ բաժնում:

3. Մահվան գրանցման համար հիմք է հանդիսանում հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

ա) մահվան մասին բժշկական հիմնարկի տեղեկանքը.

բ) մահվան փաստը հաստատելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

գ) քաղաքացուն մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը.

դ) տարերային աղետի (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ և այլն) հետևանքով մահացած անձանց մահը գրանցելու համար` տարերային աղետի վերացման գծով համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը.

ե) սպանության, ինքնասպանության, դժբախտ պատահարի հետևանքով մահացած անձանց մահը գրանցելու համար` բժիշկ-փորձագետի եզրակացությունը:

Մահվան գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի վրա դրվում է մահվան գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և այն կցվում մահվան գրանցման երկրորդ օրինակին:

4. Մահվան մասին բժշկական տեղեկանքը պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները` մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ինչպես նաև մահվան վայրը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, մահվան պատճառը, տեղեկանքը տալու ամիսը, ամսաթիվը և տարեթիվը: Տեղեկանքը պետք է հաստատված լինի բժշկական հիմնարկի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով:

5. Մահվան գրանցումը կատարվում է մահացածի հարազատների, նրա հարևանների, բնակշահագործման կազմակերպության աշխատողների հայտարարության հիման վրա, ինչպես նաև ըստ այն հիմնարկի վարչակազմի հաղորդման, որտեղ տեղի է ունեցել մահը կամ ներքին գործերի մարմինների և այլ անձանց հաղորդման հիման վրա:

6. Մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի մահը տեղի ունենալու կամ մահացածին հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

Մահվան գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար:

Եթե մահվան գրանցման մասին հայտարարություն տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև մեկ տարին լրանալը, ապա մահը գրանցվում է ընդհանուր կարգով` մահվան ընթացիկ գրանցման մատյանում:

Այն դեպքում, երբ մահվան գրանցման մասին հայտարարություն ստացվել է մահվանից մեկ տարի անց, ապա մահվան գրանցումը կատարվում է մահվան վերականգնված գրանցումների մատյանում` ընդհանուր կարգով` որպես սկզբնական գրանցում, սակայն հերթական համարից հետո լրացնելով` «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» բառերը:

Մեկ տարուց առաջ մահացած, ինչպես նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած ճանաչված անձանց մահվան գրանցումը կատարում է այդ անձանց վերջին հայտնի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը:

7. Եթե մահը գրանցելիս հայտնի է դառնում մահացածի առանց խնամքի մնացած անչափահաս երեխաների մասին, ապա ՔԿԱԳ տարածքային բաժինը պարտավոր է նույն օրը այդ մասին հայտնել երեխաների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

8. Զինծառայողների մահվան գրանցումը խաղաղ ժամանակ կատարվում է ընդհանուր կարգով` ՔԿԱԳ տարածքային բաժիններում:

9. Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած ճանաչված անձանց մահը գրանցելիս, մահվան գրանցման մեջ որպես մահվան ժամանակ ցույց է տրվում դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը, եթե մահվան ժամանակը դատարանի վճռով չի որոշված: Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է անձի մահվան փաստի որոշակի ժամանակը և որոշակի տեղը, ապա մահվան գրանցման մեջ նշվում է դատարանի վճռի մեջ ցույց տրված մահվան ժամանակը և տեղը:

Նշված դեպքերում մահվան գրանցման 12-րդ սյունակում նշվում է դատարանի անվանումը և նրա կայացրած վճռի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը:

i

10. Անհայտ (չճանաչված) անձանց մահը գրանցելիս մահվան գրանցման մեջ լրացվում են միայն գրանցման համար անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնք պարունակվում են մահվան մասին բժշկական հիմնարկի եզրակացության մեջ:

Եթե մահացածը հետագայում կճանաչվի, ապա նրա վերաբերյալ պակասող տեղեկությունները մահվան գրանցման մեջ լրացվում են իրավասու մարմնի եզրակացության հիման վրա: ՔԿԱԳ տարածքային բաժինը կատարված լրացումների հիման վրա տալիս է մահվան վկայական և հաղորդում է ուղարկում ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվ:

(10-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

11. Եթե մահը տեղի է ունեցել ծովային, գետային նավում կամ օդանավում գտնվելու ժամանակ, ինչպես նաև գնացքում, ապա կապիտանը (նավի հրամանատարը, գնացքի պետը) երկու վկայի ու բժշկի կամ բուժակի մասնակցությամբ (եթե նավում, գնացքում կա բժիշկ կամ բուժակ) կարող է ակտ կազմել մահվան մասին: Այդ ակտը ներկայացվում է մահը գրանցող ՔԿԱԳ տարածքային բաժնին` մահվան մասին բժշկական տեղեկանքի փոխարեն:

12. Քրեական պատիժն իրականացնող հիմնարկում մահացած անձանց մահվան գրանցումը կատարվում է մինչև կալանավորվելը նրանց վերջին բնակության վայրի, իսկ բնակության այդ վայրը պարզելն անհնարին լինելու դեպքում, քրեական պատիժն իրականացնող հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնում` այդ հիմնարկի վարչակազմի գրավոր ծանուցման հիման վրա:

13. Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահվան գրանցումը կատարվում է ընդհանուր կարգով:

14. Եթե մահացածն անձնագիր կամ զինվորական գրքույկ է ունեցել, մահը գրանցելիս ՔԿԱԳ տարածքային բաժինը վերցնում է այդ փաստաթղթերը և առաջին էջի վրա նշում մահվան գրանցման համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

Մահացած անձանց անձնագրերն ամիսը մեկ անգամ ցուցակով հանձնվում են ըստ վերջին բնակության վայրի ներքին գործերի անձնագրային բաժանմունքներին, իսկ զինվորական գրքույկը 10-օրյա ժամկետում հանձնվում են զինվորական կոմիսարիատին, որտեղ հաշվառման մեջ է գտնվել մահացածը:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրերն ամիսը մեկ անգամ ցուցակով հանձնվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` համապատասխան պետությունների իրավասու մարմիններին փոխանցելու համար:

15. Մահացածի անձնագիրը, զինվորական գրքույկը չհանձնելն արգելք չի հանդիսանում մահը գրանցելու համար: Անձնագիրը, զինվորական գրքույկը չհանձնելու դեպքում ներկայացվում է տեղեկանք ներքին գործերի անձնագրային բաժնին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

i

16. Մահը գրանցվում է երկու օրինակից: Մահվան գրանցման երկրորդ օրինակը սահմանված կարգով հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվին:

(16-րդ կետը փոփ. 02.04.03 թիվ 151-Ն հրաման)

17. Մահը գրանցելուց հետո տրվում է մահվան վկայական: Մահվան վկայականի սերիայի և համարի մասին մահվան գրանցման 14-րդ սյունակում կատարվում է համապատասխան նշում:

18. Զինապարտի կամ զորակոչիկի մահվան գրանցման դեպքում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ տարածքային բաժինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին պետք է հայտնի զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

19. Մահվան վկայականի կրկնօրինակներ կարող են տրվել նաև սահմանված կարգով վավերացված լիազորագիր ունեցող անձանց:

i

20. Սոցիալական ապահովության մարմիններ ներկայացնելու համար ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից տրվում է մահվան մասին տեղեկանք:

ՔԿԱԳ տարածքային բաժիններն ամեն ամիս սոցիալական ապահովության մարմիններին տրամադրում են մահացածների վերաբերյալ տեղեկանքներ:

(20-րդ կետը լրաց. 06.10.00 թիվ 631 հրաման)

 

------------------------------------------------------------

հեղինակների կողմից - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
09.08.1999
N 1270
Հրաման