Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՂԱԴՐՈՂԻ` ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵՂԱԴՐՈՂԻ` ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

    վերաքննիչ քրեական դատարանի որոշում                    ՏԴ/0030/01/13

Քրեական գործ թիվ ՏԴ/0030/01/13

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Ե. Դարբինյան

                       Գ. Ավետիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

 

2014 թվականի մայիսի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարեն Արարատի Ստեփանյանի և Մկրտիչ Աշոտի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2013 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 36101313 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ Կարեն Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Կ.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2013 թվականի փետրվարի 14-ին Մկրտիչ Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Մ. Հովհաննիսյանին նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2013 թվականի հուլիսի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճռով Կ.Ստեփանյանը և Մ. Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքներում արդարացվել են` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

3. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 25-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը:

Վճռաբեկ դատարանը 2014 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

 

5. Կ.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում` «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում, անչափահաս Մարինե Բեգլարյանի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու, բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 126):

Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի կեսին` գիշերը ժամը 2-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում` «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում, անչափահաս Մարինե Բեգլարյանի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու, բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 138):

6. Առաջին ատյանի դատարանում դատական վիճաբանությունների փուլում մեղադրողն իր ճառում հայտնել է. «(...) Քրեական գործի դատաքննության ընթացքում դատարանում հայտնաբերվեցին քրեական հետապնդումը բացառող բազմաթիվ հանգամանքներ: Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 9-րդ կետով` ես հրաժարվում եմ Կարեն Արարատի Ստեփանյանին և Մկրտիչ Աշոտի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքից և նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրման համառոտագրում և լազերային սկավառակ, թերթ 224-225 և 226):

7. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճռի համաձայն` «(...) Դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հերքվեց հանցագործության դեպքը, որի պատճառով մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից` հայտարարելով քրեական հետապնդումը դադարեցնելու իր դիրքորոշման մասին:

(...) Վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները և հիմք ընդունելով մեղադրանքից հրաժարվելու մասին մեղադրողի դիրքորոշումը` դատարանը գտավ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում Կարեն Արարատի Ստեփանյանին և Մկրտիչ Աշոտի Հովհաննիսյանին պետք է արդարացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 227-228):

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով արդարացման դատավճիռ կայացնելու համար առկա են եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված հիմքերը, ուստի Առաջին ատյանի դատարանը ցանկացած դեպքում պարտավոր էր կայացնել արդարացման դատավճիռ:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն պատճառաբանությանը, որ Դատարանը չպետք է ղեկավարվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասով, այլ պետք է ղեկավարվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով` կարճեր քրեական գործի վարույթը և դադարեցներ քրեական հետապնդումը, վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն`

«Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը»:

(...)

Վերը նշված հանգամանքների վերլուծությամբ վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործի քննության ընթացքում դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, այդ առումով դատավճիռն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, ուստի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 292-296):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ գործի քննության ընթացքում ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 7-րդ, 23-րդ, 24-րդ, 35-րդ, 66-րդ, 306-րդ, 353-354-րդ, 366-րդ, 398-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի` բողոք բերած անձը նշել է, որ մեղադրողի կողմից մեղադրանքից ամբողջ ծավալով հրաժարվելու հայտարարությունը դատարանի համար քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է, ինչը բացառում է վարույթը շարունակելը և դատավճիռ կայացնելը: Դատավճիռ կայացնելու համար դատարանը պետք է սպառի դատական քննության` օրենքով նախատեսված բոլոր փուլերը, այսինքն` քրեական գործը պետք է անցնի դատական քննության կառուցվածքային մասերով, հակառակ դեպքում բացակայում են դատավճիռ կայացնելու պարտադիր նախադրյալները, իսկ այդ պայմաններում կայացված դատավճիռն անվերապահորեն ենթակա է բեկանման: Դատական քննության առարկան դատախազի կողմից դատարան ներկայացված և պաշտպանվող մեղադրանքի օրինականությունը, հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը ստուգելն է, իսկ այն դեպքում, երբ դատախազը հրաժարվում է մեղադրանքից, դատական քննությունը դառնում է առարկայազուրկ, ինչից հետևում է, որ դատարանը չի կարող վարույթը շարունակել և հարկադրված է քրեական հետապնդումը դադարեցնել:

Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերը և 306-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերը` բողոքի հեղինակը գտել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից, պարտավոր էր կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն, անտեսելով վերոնշյալ դրույթների պահանջները, կայացրել է արդարացման դատավճիռ, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենսդրությամբ երաշխավորված օրինականության և մրցակցության սկզբունքների խախտման:

10. Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասին` բողոքաբերը կարծիք է հայտնել, որ նշված հոդվածի դրույթները վերաբերում են միայն մեղադրանքից մի ծավալով հրաժարվելու դեպքերին: Մի մասով մեղադրանքից հրաժարվելը մյուս մասով դատավարությունը շարունակելու խոչընդոտ չի հանդիսանում, ուստի դատարանը սպառում է դատավճիռ կայացնելու պատշաճ ընթացակարգը և կայացնում է մեղադրական դատավճիռ, որը մասամբ համարվում է արդարացման:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանությամբ կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի` ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մաս) և մեղադրանքից հրաժարվելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 3-րդ մաս) լիազորությունների բնութագրի և իրավական հետևանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. մեղադրողի կողմից դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքից հրաժարվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը Կ.Ստեփանյանի և Մ. Հովհաննիսյանի նկատմամբ պարտավոր էր կայացնել արդարացման դատավճի՞ռ, թե քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

 

I. Մեղադրողի` ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու և մեղադրանքից հրաժարվելու լիազորությունների բնութագիրը

 

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատախազը պարտավոր է հրաժարվել մեղադրանքից, եթե իր համոզմամբ այն չի հաստատվել դատական քննության ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 306-րդ հոդվածի 3-րդ մասի համադրված վերլուծությունից երևում է, որ դատարանում քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ հայտնաբերելու դեպքում մեղադրողն օժտված է հետևյալ լիազորություններով`

ա) հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին,

բ) հրաժարվել մեղադրանքից:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա. Բաղդասարյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը սահմանող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի վերլուծությունից երևում է, որ նշված հիմքերը դասակարգվում են երկու խմբի`

ա) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «արդարացնող» («ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 2-րդ մասով:

բ) քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու «ոչ արդարացնող» («ոչ ռեաբիլիտացիոն») հիմքեր, որոնք նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով: (...)» (տե՛ս Արմեն Պավլուշի Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 16-րդ կետը):

Վերոշարադրյալ դիրքորոշման լույսի ներքո մեկնաբանելով մեղադրողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ և 306-րդ հոդվածի 3-րդ մասերում ամրագրված լիազորությունները (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարել» և «մեղադրանքից հրաժարվել» ինստիտուտները տարբերվում են մի շարք առանձնահատկություններով: Մասնավորապես`

1) Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող «ոչ արդարացնող» («ոչ ռեաբիլիտացիոն») հիմքեր (օրինակ` անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն), շարունակում է պնդել հանցագործության առկայության և ամբաստանյալի կողմից այն կատարելու փաստի մասին: Նշված դեպքում, սակայն, դատախազը հայտարարում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին, քանի որ վերոնշյալ օբյեկտիվ հանգամանքների առկայությունը բացառում է քրեական հետապնդումը շարունակելու հնարավորությունը:

2) Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող «արդարացնող» («ռեաբիլիտացիոն») հիմքեր, հրաժարվում է մեղադրանքից: Մասնավորապես, մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, եթե դատական քննության ընթացքում հետազոտված փաստական տվյալների գնահատման արդյունքում պարզում է, որ բացակայում են հանցադեպը, հանցակազմը, կամ վնաս պատճառած արարքն օրենքով համարվում է իրավաչափ կամ կատարված հանցագործությանը կասկածյալի, կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չէ, և սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

16. Սույն որոշման նախորդ կետի (1) ենթակետում շարադրված վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին դատախազի հայտարարությունը քրեական գործի վարույթը բացառող անվերապահ հանգամանք չէ: Նման իրավիճակում դատարանը պետք է պարզի ինչպես դատախազի հայտարարության հիմքում ընկած` քրեական հետապնդումը բացառող հանգամանքի իրական լինելու փաստը, այնպես էլ դատավարության մյուս սուբյեկտների դիրքորոշումը: Մասնավորապես, այն դեպքում, երբ մեղադրողը վաղեմության ժամկետներն անցնելու կամ համաներման ակտ ընդունվելու հիմքով հայտարարում է քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին, դատարանը պարտավոր է պարզել ամբաստանյալի դիրքորոշումը, որն այս պարագայում վճռորոշ նշանակություն ունի, քանի որ վերջինս կարող է առարկել նշված հիմքերով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ և պահանջել շարունակել դատավարությունը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մաս):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը, անկախ նրանից, թե դատական քննության որ փուլում է այն արվել, հիմք է դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկման համար: Քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին դատախազի հայտարարությունն ինքնին քրեական գործի հետագա վարույթը բացառող հանգամանք չէ, և դատարանի կողմից պետք է քննության առնվի միջնորդությունների հարուցման և լուծման կարգը սահմանող քրեադատավարական նորմերի կիրառմամբ: Այլ խոսքով` նման հայտարարության դեպքում դատարանը պետք է պարզի դատախազի պատճառաբանություններում մատնանշված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-13-րդ կետերով նախատեսված քրեական հետապնդումը բացառող համապատասխան հանգամանքի իրական լինելու, ինչպես նաև նշված հիմքով գործի վարույթն ավարտելուն խոչընդոտող դատավարական արգելքների բացակայության փաստը (մեղադրյալի առարկություն, հատուցման ենթակա վնասի կապակցությամբ վեճի առկայություն և այլն), ինչի արդյունքում որոշում կայացնի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին կամ մերժի դատախազի միջնորդությունը:

Ինչ վերաբերում է մեղադրանքից հրաժարվելուն, ապա համապատասխան հիմքերի առկայության դեպքում (տե՛ս սույն որոշման նախորդ կետի (2) ենթակետը) դատախազի` որպես պետության անունից քրեական հետապնդում իրականացնող անձի դիրքորոշումը պարտադիր է դատավարության մյուս սուբյեկտների, այդ թվում` դատարանի համար: Մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի կամահայտնությունը հավասարազոր է մեղադրանքի (մեղավորության մասին վեճի) բացակայության, որպիսի պայմաններում քրեական դատավարությունը չի կարող շարունակվել, և դատարանը պարտավոր է ավարտել գործի վարույթն արդարացման հիմքով:

17. Հիմք ընդունելով սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարելու և մեղադրանքից հրաժարվելու մասին դատախազի լիազորությունները միմյանցից էականորեն տարբերվում են, այդ եզրույթները նույնացնելու ինչպես լեզվաբանական, այնպես էլ քրեադատավարական հիմքեր առկա չեն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես մեղադրանքի, այնպես էլ դրա պաշտպանության ծավալների վերաբերյալ մեղադրողի` որպես պետության անունից քրեական հետապնդում իրականացնող անձի դիրքորոշումը պետաիշխանական ակտ է, որը պարտադիր է դատավարության մյուս սուբյեկտների համար: Այլ խոսքով` եթե դատարանում հետազոտված փաստական տվյալների գնահատման արդյունքում մեղադրողը հրաժարվում է մեղադրանքից, ապա դատական քննությունը չի կարող շարունակվել, և դատարանը պետք է ավարտի գործի վարույթն արդարացման հիմքով` անկախ նրանից, թե համաձայն է մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի հայտարարության հիմքում ընկած դատողությունների հետ, կամ դրա դեմ առարկում են դատավարության այլ մասնակիցները, թե ոչ:

Մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի հայտարարությունը պետք է լինի պատճառաբանված: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անթույլատրելի է կամայական հայեցողությամբ մեղադրանքից հրաժարվելը, և չնայած այն հանգամանքին, որ դատախազը պետության քրեական քաղաքականությունն իրականացնող և դրա համար պատասխանատու պաշտոնատար անձ է, որին վերապահված է քրեական մեղադրանքը տնօրինելու իրավասություն (տե՛ս mutatis mutandis Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 19-րդ և 21-րդ կետերը), այդուհանդերձ, դա չի նշանակում, որ վերջինս բոլոր դեպքերում օժտված է մեղադրանքից հրաժարվելու բացարձակ հայեցողությամբ: Բացի այդ, մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանվածության պահանջն անհրաժեշտ նախապայման է կայացվելիք դատական ակտի հիմքում համապատասխան արդարացման հիմքի հստակ նախանշման համար: Հետևաբար, մեղադրանքից հրաժարվելը պետք է լինի պատճառաբանված, ինչը նշանակում է, որ դատախազը պետք է ներկայացնի դատական քննության ընթացքում ի հայտ եկած այն հանգամանքները, որոնցով իր համոզմամբ հաստատվում է ամբաստանյալի անմեղությունը, ինչպես նաև այն, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված հատկապես որ հիմքով է հրաժարվում մեղադրանքից:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը դատախազին իրավասություն է վերապահում քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել նաև գործը դատարան ուղարկելուց հետո, բայց մինչև դատական նիստում գործի քննությունն սկսելը: Այն դեպքում, երբ դատախազը չի օգտվում իր այս իրավունքից, ապա դատական նիստում գործի քննությունն սկսելուց հետո մեղադրանքից կարող է հրաժարվել միայն այն դեպքում, եթե հետազոտված ապացույցների կամ այլ փաստերի (օրինակ` արարքն ապաքրեականացվել է) գնահատման արդյունքում եզրահանգում է, որ առկա են օրենքով նախատեսված հրաժարման հիմքերը: Վերոգրյալն ուղղակիորեն բխում է մեղադրանքից հրաժարվելու մեղադրողի իրավասությունը սահմանող նորմի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 3-րդ մասի օրենսդրական ձևակերպումից, որը նախատեսում է, որ դատախազը պարտավոր է հրաժարվել մեղադրանքից, եթե իր համոզմամբ այն չի հաստատվել դատական քննության ընթացքում:

 

II. Մեղադրողի` ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու և մեղադրանքից հրաժարվելու լիազորությունների իրավական հետևանքները

 

i

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ»:

Մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունից երևում է, որ դատախազի` մեղադրանքից հրաժարվելու լիազորության իրավական հետևանքների ամրագրման առումով քրեադատավարական օրենսդրության նորմերը միանշանակ չեն: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, իսկ նույն օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասը պարտավորեցնում է դատարանին մեղադրանքի այդ մասով կայացնել արդարացնող դատավճիռ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշատակված քրեադատավարական դրույթների անհստակությունը պետք է լուծել դատական քննության փուլի առջև դրված խնդիրների և դատավճռի` որպես արդարադատության իրականացման կարևորագույն ակտի նշանակության լույսի ներքո:

20. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`»Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի (...) իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «[Դ]ատավճիռ[ը] դատական նիստում կայացված առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի որոշումներ[ն են] ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության, նրա նկատմամբ պատիժ կիրառելու կամ չկիրառելու և այլ հարցերով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը` այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ»:

Ա. Բաբայանի և Ս. Թումանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) քրեական դատավարության փուլային համակարգում հիմնական և վճռորոշ փուլը դատական քննությունն է: Դատական քննության փուլում են հետազոտվում մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, և ըստ էության այդ փուլում են պատասխան տրվում քրեական գործի հիմնական` ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցին:

Դատական քննությունը` որպես քրեական դատավարության կենտրոնական փուլ, իրենից ներկայացնում է դատավարական (դատական) գործողությունների կատարման և որոշումների կայացման բարդ համակարգ, որոնք իրականացվում են քրեադատավարական օրենքով ամրագրված իրավական կանոններին համապատասխան: Նշված կանոններն իրենց ամբողջության մեջ կազմում են դատական քննության ընդհանուր պայմանները և պարտադիր են դատական քննության ողջ ընթացքում: Վերոնշյալ պայմանների նախատեսումը նպատակ է հետապնդում ապահովել քրեական դատավարության բոլոր սկզբունքների կենսագործումը` դրանով իսկ հասնելով արդար դատական քննության հիմնարար արժեքի անխափան իրագործմանը» (տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 12-րդ կետը):

21. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և, համապատասխանաբար, Ա. Բաբայանի և Ս. Թումանյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական քննության միջոցով դատարանն իրականացնում է արդարադատություն, որը նրա բացառիկ սահմանադրական իրավազորությունն է: Հետևաբար, դատական քննությունն արդարադատության իրականացման յուրահատուկ դատավարական ձև է, որի առարկան իրավական վեճն է պետության (տուժողի) և ամբաստանյալի միջև: Դատական քննությունը միտված է վերոնշյալ վեճի, ինչպես նաև դատական քննության խնդիրների լուծմանը և ավարտվում է դատավճռի կայացմամբ: Ընդ որում, դատավճիռ կայացնելով` դատարանը լուծում է ոչ միայն բուն դատական քննության առջև ծառացած անմիջական խնդիրները, այլև քրեական դատավարության և արդարադատության այլ խնդիրներ (կանխարգելիչ, դաստիարակչական և այլն):

Դատավճիռն արդարադատության իրականացման հիմնական ակտն է, որն իրենից ներկայացնում է կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի նորմի կիրառում: Սակայն ի տարբերություն իրավակիրառման մյուս ակտերի, միայն դատավճռով է հնարավոր ամբաստանյալին մեղավոր ճանաչել և նրա նկատմամբ սահմանել պատիժ: Մյուս կողմից, եթե դատաքննության արդյունքում չի հաստատվում ամբաստանյալի մեղավորությունը, ապա դատարանը պարտավոր է կայացնել արդարացման դատավճիռ` ճանաչելով և հռչակելով հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը` այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Այլ խոսքով` արդարացման դատավճիռը ոչ այլ ինչ է, քան դատավարական գործունեության արդյունք, որով դատարանը փաստում է անձին ներկայացված մեղադրանքի անհիմն լինելը:

22. Արդարացման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի իրավասությունը, անշուշտ, անհրաժեշտ քրեադատավարական ինստիտուտ է, որը հնարավորություն է տալիս զերծ մնալ քրեական գործերն անտեղի դատաքննության փուլ տեղափոխելուց: Մինչդեռ, նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցումն արդեն իսկ սկսված դատաքննության պայմաններում, երբ հանցագործության փաստական հանգամանքները պարզելու նպատակով ուսումնասիրվում են ապացույցներ, արդարացված չէ և կարող է հանգեցնել ամբաստանյալի դատավարական երաշխիքների չեզոքացմանն ի համեմատ այն իրավիճակի, երբ նրա նկատմամբ կայացվեր արդարացման դատավճիռ: Խոսքը վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի (այդ թվում` արդարացման) նախադատելի նշանակությանը, ինչը ենթադրում է, որ դատարանի կողմից գործով հաստատված փաստերի մասին դատավճռում արված եզրահանգումները պարտադիր են նույն հանգամանքների առնչությամբ քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով գործեր քննող դատարանների և իրավակիրառ այլ մարմինների համար: Ավելին` քրեադատավարական օրենսդրությամբ առանձնակի կարգավորում է ստացել քաղաքացիական հայցով դատավճռի նշանակության խնդիրը, ըստ որի` նույն քաղաքացիական հայցով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, որով հայցը մերժվել է, բացառում է քաղաքացիական հայցի հարուցումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մաս): Մինչդեռ, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նման հատկանիշներով օժտված չէ:

Վերոգրյալից բացի, միայն արդարացման դատավճիռը կարող է ամբողջապես ռեաբիլիտացնել ամբաստանյալին հասարակության աչքերում: Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, թեկուզև արդարացնող հիմքով, հասարակության մոտ կարող է նույնացվել անձի մեղքի «ապացուցված չլինելու» հետ, մինչդեռ դատական նիստում կայացված արդարացման դատավճիռը դատարանի հետևությունն է ամբաստանյալի անմեղության և ներկայացված մեղադրանքի հիմնազուրկ լինելու վերաբերյալ: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատաքննությունն սկսելուց հետո դատարանն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցի լուծումը կարող է տալ բացառապես դատավճռով:

23. Ինչպես նշվել է սույն որոշման 15-րդ կետում, մեղադրանքից հրաժարվել դատախազը կարող է միայն այն դեպքում, երբ դատարանում հետազոտված փաստական տվյալների գնահատման արդյունքում գալիս է համոզման, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված որևէ հիմք: Ընդ որում, քրեադատավարական օրենսդրությունը չի սահմանափակում մեղադրանքից հրաժարվելու դատախազի իրավասությունը դատական քննության փուլով, և մեղադրողը կարող է հրաժարվել մեղադրանքից ինչպես դատաքննությունն սկսելուց հետո, այնպես էլ նախքան այդ (նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ, օրինակ` տեղի է ունեցել արարքի ապաքրեականացում):

Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կախված այն հանգամանքից, թե դատական քննության հատկապես որ փուլում է դատախազն արտահայտում մեղադրանքից հրաժարվելու իր կամահայտնությունը, դրա իրավական հետևանքները պետք է տարբեր լինեն: Մասնավորապես,

ա) այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվում է նախքան դատաքննությունն սկսելը, դատարանը պետք է կայացնի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավճիռը` որպես դատավարական գործունեության արդյունք, չի կարող կայացվել դատական նիստի նախապատրաստական փուլում.

բ) այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվում է դատաքննությունն սկսելուց հետո, դատարանը պետք է կայացնի արդարացման դատավճիռ, քանի որ դրա կայացումը հնարավոր է բացառապես քրեական գործն ըստ էության քննելու արդյունքում, իսկ գործող քրեադատավարական կարգավորումների պայմաններում դատարանում քրեական գործի ըստ էության քննությունն սկսվում է դատաքննության փուլով:

24. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից նախքան դատաքննությունը սկսելը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը, սահմանափակվելով մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանությունների հետազոտմամբ և դրա վերաբերյալ դատավարության այլ շահագրգիռ սուբյեկտների դիրքորոշումն ունկնդրելով, պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 4-րդ մասով:

Այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվելու մասին իր կամահայտնությունն արտահայտում է դատաքննությունն սկսելուց հետո, դատարանը պարտավոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ:

Այս առումով Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն դիրքորոշման հետ, որ դատավճիռ կայացնելու համար դատարանը պետք է սպառի օրենքով նախատեսված դատական քննության բոլոր փուլերը, իսկ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի հայտարարությունը բացառում է գործի վարույթը շարունակելը, հետևաբար նաև դատավճիռ կայացնելը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Դատաքննությունն իր ամբողջության մեջ դատավարական (դատական) գործողությունների կատարման և որոշումների կայացման բարդ համակարգ է, որն իրականացվում է քրեադատավարական օրենքով ամրագրված իրավական կանոններին համապատասխան` նպատակ ունենալով պարզել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը: Այն դեպքում, երբ դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս ամբաստանյալի անմեղության մասին վկայող անհերքելի հանգամանքներ, որպիսին է նաև դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելը, դատական քննության հետագա փուլերը դառնում են առարկայազուրկ, հետևաբար դատարանը պետք է ավարտի գործի քննությունը` կայացնելով արդարացման դատավճիռ: Այլ խոսքով` արդարացման դատավճիռ կայացնելու համար դատարանը պարտավոր չէ սպառել օրենքով նախատեսված դատական քննության բոլոր փուլերը, ինչն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի այն պահանջից, որ «Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ»:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է բացառապես մեղադրանքից մի մասով հրաժարվելու դեպքերին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված քրեադատավարական նորմը չի նախատեսում, որ դատարանը կարող է արդարացման դատավճիռ կայացնել բացառապես այն դեպքում, երբ դատախազը մասնակիորեն է հրաժարվում մեղադրանքից, այլ ամրագրում է, որ դատախազի մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացման դատավճիռ: Այս դեպքում «մեղադրանքի այդ մասով» ձևակերպումը պետք է հասկանալ որպես ամբաստանյալին վերագրվող այն հանցավոր արարքը, որը դատախազի կարծիքով չի հաստատվել դատական քննության ընթացքում, որը կարող է լինել ինչպես ամբողջ մեղադրանքը, այնպես էլ դրա մի մասը:

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Կ.Ստեփանյանին և Մ. Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նրանք անչափահաս Մ. Բեգլարյանի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու, բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել են սեռական հարաբերություն (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանում` դատական վիճաբանությունների փուլում, մեղադրողը հայտարարել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում ի հայտ են եկել քրեական հետապնդումը բացառող բազմաթիվ հանգամանքներ, և հրաժարվել է Կ. Ստեփանյանին և Մ. Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքներից (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքից հրաժարվելու մասին մեղադրողի դիրքորոշումը, 2013 թվականի դեկտեմբերի 25-ին կայացրել է դատավճիռ, որով Կ.Ստեփանյանը և Մ. Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքներում արդարացվել են` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատարանն արդարացման դատավճիռ կայացնելով դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չի տվել, 2014 թվականի փետրվարի 25-ին որոշում է կայացրել դատախազի բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

26. Սույն որոշման 25-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-23-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի կողմից դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքից հրաժարվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը Կ.Ստեփանյանի և Մ. Հովհաննիսյանի նկատմամբ պարտավոր էր կայացնել արդարացման դատավճիռ և ոչ թե քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

Հետևաբար, ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են և հիմնավորված, դրանցով քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտումներ թույլ չեն տրվել, հետևաբար բողոքը պետք է թողնել առանց բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Կարեն Արարատի Ստեփանյանի և Մկրտիչ Աշոտի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.05.2014
N ՏԴ/0030/01/13
Որոշում