Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԲԱՑԱՏՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐՎԱԾ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵՇԴ/1342/02/11            2014 թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵՇԴ/1342/02/11

     Նախագահող դատավոր`   Լ. Գրիգորյան
                        Դատավորներ`    Գ. Մատինյան
                                                         Ա. Թումանյան

   

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի

                 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Կուրղինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ Արմեն Կուրղինյանի հայցի ընդդեմ Սեդա Խուրշուդյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Կուրղինյանը պահանջել է Սեդա Խուրշուդյանից հօգուտ իրեն բռնագանձել փոխառությամբ տրամադրված 4.800.000 ՀՀ դրամ:

Արմեն Կուրղինյանը, ավելացնելով հայցային պահանջների չափը, պահանջել է Սեդա Խուրշուդյանից բռնագանձել «նաև 417.000 (չորս հարյուր տասնյոթ հազար) ՀՀ դրամ թիվ 065081, թիվ 079433, թիվ 068668, թիվ 000044, թիվ 029807, թիվ 000177 անդորրագրերի համաձայն որպես փաստաբանին խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների, ինչպես նաև տրանսպորտային և փոստային առաքումներին ուղղված ծախսերի համար վճարման ենթակա դատական ծախս կազմող գումարի` (վնասի) հետևանք և 4.398.500 ՀՀ դրամի նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկված տոկոսները մինչև պարտավորության լրիվ մարումը», ընդամենը` 5.660.365 ՀՀ դրամ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Սեդա Խուրշուդյանից հօգուտ Արմեն Կուրղինյանի բռնագանձել 4.398.500 ՀՀ դրամ որպես փոխառության գումար, ինչպես նաև Սեդա Խուրշուդյանից հօգուտ Արմեն Կուրղինյանի բռնագանձել չկատարված պարտավորությունների գումարի` 4.398.500 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` հաշվարկը սկսելով 10.12.2011 թ-ից մինչև պարտավորությունների փաստացի կատարումը` համապատասխան ժամանակահատվածի համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.11.2012 թվականի որոշմամբ Սեդա Խուրշուդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2012 թվականի վճիռը և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 21.06.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2013 թվականի որոշմամբ Արմեն Կուրղինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Կուրղինյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

«Վերաքննիչ դատարանը խախտել է, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ, 880-րդ հոդվածները, ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 132-րդ, 220-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 86-րդ, 206-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել Արմեն Կուրղինյանի, Սեդա և Սուսաննա Խուրշուդյանների կողմից նախաքննության ընթացքում քրեական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության վերաբերյալ նախազգուշացված լինելու պարագայում տրված ցուցմունքներին, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չգնահատելով գործում առկա ապացույցները, մասնավորապես` Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի 30.06.2011 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» թիվ 11110711 որոշումը, հետաքննության ընթացքում տրված բացատրությունները համարել է արժանահավատ և առավել ապացուցողական նշանակություն ունեցող, քան նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները:

Մինչդեռ Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի 30.06.2011 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» թիվ 11110711 որոշումը չի բողոքարկվել և վերադասության կարգով չի վերացվել, հետևաբար դրանում արձանագրված ցուցմունքները գերակա ուժ ունեն հետաքննության ընթացքում տրված բացատրությունների հանդեպ, որպիսի պարագայում ցուցմունքները և դրանցում պարունակվող տեղեկությունները սույն գործով թույլատրելի և վերաբերելի ապացույցներ են:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Արմեն Կուրղինյանի և Սեդա Խուրշուդյանի մոտ առկա չէ որևէ փաստաթուղթ փոխառության գումարը վերադարձնելու և փոխառության պարտավորությունները դադարած լինելու մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2013 թվականի որոշումը և փոփոխել այն «բավարարել հայցապահանջն ըստ էության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նոտարական կարգով վավերացված 28.08.2010 թվականին Արմեն Կուրղինյանի և Սեդա Խուրշուդյանի միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրով Սեդա Խուրշուդյանին փոխառությամբ տրամադրվել է 4.800.000 ՀՀ դրամ ցպահանջ ժամկետով, իսկ վերջինս, ի ապահովումն ստանձնած պարտավորության կատարման, գրավադրել է Երևանի Շարուրի 8-րդ շենքի թիվ 17 հասցեում գտնվող 30,8 քմ մակերեսով բնակարանը, որի նկատմամբ գրավի իրավունքը 24.09.2010 թվականին ստացել է պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 9, 13):

2) ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Ղազարյանի կողմից 03.02.2011 թվականին «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրությամբ Արմեն Կուրղինյանը հայտնել է, որ «երբ ես դիմեցի ոստիկանություն, մինչև ինձ կկանչեին` իմ դիմումի հետ կապված, այդ ընթացքում Սեդան հանդիպել է ինձ, մենք միասին ընդհանուր հայտարարի ենք եկել, նա վերադարձրել է իմ գումարը, և մեր միջև պարտք ու պահանջի որևէ խնդիր այլևս չկա, և դրա հետ կապված որևէ բողոք չունեմ և հրաժարվում եմ հաղորդում տալուց» (հատոր 1-ին, գ.թ. 61-62):

3) ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննիչ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ղազարյանի կողմից 03.03.2011 թվականին «Լրացուցիչ բացատրություն վերցնելու մասին» արձանագրությամբ Սեդա Խուրշուդյանը հայտնել է, որ «ես հավատացած եմ, որ Սուսանը մարել է ողջ գումարը, սակայն Արմենը հերքում է այդ փաստը» (հատոր 1-ին, գ.թ. 65-69):

4) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի 21.06.2011 թվականի «Վկայի լրացուցիչ հարցաքննության» արձանագրությամբ Արմեն Կուրղինյանը որպես վկա նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-339-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին, և հայտնել է, որ «նշված տասնմեկ հազար դոլարը Սուսաննային եմ հանձնել շահույթ ստանալու նպատակով, այդ գումարի դիմաց ամսական հինգ տոկոս տոկոսադրույքով և 2 անգամ` օգոստոս ամսին ստացել եմ սեպտեմբեր ամսվա 550 դոլար տոկոսը, իսկ հոկտեմբեր ամսվա վերջում ստացել եմ հոկտեմբեր ամսվա տոկոսը: Բացի այդ երկու գումարից, որը կազմում է հազար հարյուր դոլար, ուրիշ որևէ եկամուտ և մայր գումարս չեմ ստացել` ինչպես գումարային, այնպես էլ այլ տեսքով: Սուսաննան ստում է, նա ինձ որևէ ոսկեղեն չի տվել, և իր կողմից նշված օրը ես 3-րդ մասի տարածք չեմ եկել և իրեն ու իր մորը չեմ հանդիպել: Ես մեծ ծավալի գումար եմ հանձնել ու այն կստանամ դատական կարգով» (հատոր 1-ին, գ.թ. 70):

5) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի 30.06.2011 թվականի «Տուժողի լրացուցիչ հարցաքննության» արձանագրությամբ Սուսաննա Խուրշուդյանը որպես տուժող նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-339-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին, և հայտնել է, որ «ինչ վերաբերում է գումարային վիճելի հարցերին, ապա դրանք կլուծեմ քաղաքացիաիրավական հարցերով դատարանի միջոցով» (հատոր 1-ին, գ.թ. 158):

6) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Կ.Շառոյանի 30.06.2011 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» թիվ 11110711 որոշմամբ Արմեն Կուրղինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել, և քրեական գործի վարույթը կարճվել է` Ս.Խուրշուդյանի հետ հաշտվելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 117-118):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետաքննության ընթացքում տրված բացատրության և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքի` քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցների թույլատրելիության հարցին և դրանց արժանահավատության գնահատման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հետաքննության և նախաքննության ընթացքում տրված բացատրությունները և ցուցմունքները, քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, թույլատրելի են: Նշված ապացույցները, սակայն, Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ արժանահավատության գնահատման առումով ունեն որոշակի առանձնահատկություններ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախ նշել, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով: Մասնավորապես` եթե վկայի ցուցմունքը գնահատելիս դատարանը նախ և առաջ պետք է հաշվի առնի վկայի անձնական հատկանիշները (ունակ է արդյոք նա ընկալել և վերարտադրել համապատասխան փաստը, ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց հետ և այլն), ապա գրավոր ապացույցների պարագայում դատարանը նախ և առաջ պետք է պարզի այդ ապացուցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը գրավոր ապացույցների տեսակների բավականին լայն շրջանակ է նախատեսել, ընդ որում` ոչ սպառիչ, գտնում է, որ վերջիններիս գնահատման, այդ թվում նաև արժանահավատության առումով, չափորոշիչները ևս բազմազան են: Այսպես, օրինակ, եթե որպես գրավոր ապացույց ներկայացվել է պաշտոնական փաստաթուղթ, դատարանը նախ պետք է պարզի` արդյոք տվյալ փաստաթուղթը տրվել է իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, և արդյոք պահպանված են նմանատիպ փաստաթղթերի կազմմանը ներկայացվող պահանջները: Որոշակի առանձնահատկություններ ունեն նաև հետաքննության և նախաքննության ընթացքում տրված բացատրությունները և ցուցմունքները, որոնց արժանահավատության ստուգումն իրականացնելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև դրանց ձեռքբերման` քրեադատավարական իրավանորմերով սահմանված ընթացակարգը:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` բացատրությունը բանավոր կամ գրավոր փաստարկումներն են, որոնք բերում են դատավարության մասնակիցները և դիմողները` հիմնավորելու համար իրենց կամ ներկայացվող անձի պահանջները, ինչպես նաև այլ անձանց բանավոր կամ գրավոր հաղորդումները, որոնք տրվում են մինչև քրեական գործ հարուցելը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել ՀՀ Սահմանադրությունը, նույն օրենսգիրքը և մյուս օրենքները:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` տուժողը, նույն օրենսգրքով սահմանված կարգով, ի թիվս այլ իրավունքների, իրավունք ունի նաև տալ ցուցմունքներ, տալ բացատրություններ:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն` վկան, օրենքով նախատեսված ի թիվս այլ իրավունքների և պարտականությունների, պարտավոր է նաև ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով, տալ ճշմարտացի ցուցմունքներ` հայտնել գործով իրեն ամբողջ հայտնի դարձածը և պատասխանել առաջադրված հարցերին, ստորագրությամբ հաստատել քննչական կամ այլ դատավարական գործողության, արձանագրության մեջ իր տված ցուցմունքների գրառումների ճշտությունը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն` քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Քրեական դատավարությունում որպես ապացույցներ թույլատրվում են` կասկածյալի ցուցմունքները, մեղադրյալի ցուցմունքները, տուժողի ցուցմունքները, վկայի ցուցմունքները, տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները, դատապարտյալի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատական գործողությունների արձանագրությունները, այլ փաստաթղթերը: Քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել նույն օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն` քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հաղորդվում է, որ նա պարտավոր չէ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունքներ: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն` տուժողի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար` նույն օրենսգրքով սահմանված կանոններով:

Վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ բացատրությունը և ցուցմունքը քրեադատավարական տարբեր հասկացություններ են: Մասնավորապես` ցուցմունքը քրեադատավարական վարույթում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի հիմքով ապացույց է, իսկ բացատրությունը` ոչ: Վերը նշվածով պայմանավորված` ցուցմունքի ձեռքբերման համար օրենսդիրն ամրագրել է այնպիսի ընթացակարգ, որը գործուն երաշխիքներ է բովանդակում վերջինիս արժանահավատության ապահովման առումով: Այսպես, թե՛ վկան և թե՛ տուժողը նախքան հարցաքննությունը տեղեկացվում են, թե որ դեպքի (փաստի) առթիվ է հարուցված քրեական գործը և պարզաբանման ենթակա որ հանգամանքների շուրջ են հարցաքննվում, ինչպես նաև նախազգուշացվում են տվյալ գործով իրենց հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության և սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Քրեական պատասխանատվության վերաբերյալ նախազգուշացման նպատակը դատավարության մասնակիցներից գործի հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ ստանալն է: Մասնավորապես` ցուցմունք տալ պատրաստվող դատավարության մասնակիցը, նախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ըստ էության պետք է գիտակցի ճիշտ ցուցմունք տալու կարևորությունը և այն չպահպանելու իրավական հետևանքները:

Մինչդեռ բացատրության պարագայում, պայմանավորված քրեադատավարական վարույթում վերջինիս առանձնահատկություններով (տրվում է հետաքննության փուլում, դատավարության մասնակիցների և դիմողների` պահանջի հիմնավորմանն ուղղված բանավոր կամ գրավոր փաստարկումներն են), քրեական պատասխանատվության վերաբերյալ նախազգուշացման մասով վերը նշված ընթացակարգը կիրառելի չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացատրությունը և ցուցմունքը քաղաքացիական դատավարությունում որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ գնահատելիս դատարանները պարտավոր են հաշվի առնել դրանց ձեռքբերման` քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգը, մասնավորապես` այն, որ ցուցմունքի պարագայում դրա ձեռքբերման ընթացակարգն առավել հիմնավոր երաշխիքներ է բովանդակում այդ ապացույցի արժանահավատությունն ապահովելու առումով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածը, 877-րդ հոդվածի 1-ին կետը, 880-րդ հոդվածը, արձանագրել է, որ կողմերի միջև 28.08.2010 թվականին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրի համաձայն` պատասխանողը հայցվորից ստացել է 4.800.000 ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել` հայցվորի կողմից պահանջ ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում` սկսած 28.08.2010 թվականից: Որպես փոխառության պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման միջոց` գրավադրվել է պատասխանողի` Երևանի Շարուրի փողոցի 8-րդ շենքի թիվ 17 բնակարանը: Հայցվորը 03.02.2011 թվականին բացատրություն է տվել ոստիկանությունում, որում նշել է, որ վերը նշված փոխառության գումարն ամբողջությամբ ստացել է և դրա հետ կապված որևէ պահանջ չունի: Պատասխանողը խնդրել է դատարանին նշված գրավոր փաստաթուղթն ընդունել որպես փոխառության գումարը վերադարձնելու մասին հայցվորի կողմից տրված փաստաթուղթ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ Սեդա Խուրշուդյանն ամբողջությամբ վերադարձրել է Արմեն Կուրղինյանից փոխառությամբ վերցված վերը նշված գումարը, ինչն ապացուցվում է Արմեն Կուրղինյանի կողմից կամովին ոստիկանությունում տրված բացատրությամբ այն մասին, որ փոխառության գումարն ամբողջությամբ ստացել է և այլևս որևէ պահանջ դրա վերաբերյալ չունի, հիմնավոր են:

Վերը շարադրված վերլուծությունների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննիչ ոստիկանության ավագ լեյտենանտի կողմից 03.02.2011 թվականին «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրությամբ Արմեն Կուրղինյանը հայտնել է, որ «երբ ես դիմեցի ոստիկանություն, մինչև ինձ կկանչեին` իմ դիմումի հետ կապված, այդ ընթացքում Սեդան հանդիպել է ինձ, մենք միասին ընդհանուր հայտարարի ենք եկել, նա վերադարձրել է իմ գումարը, և մեր միջև պարտք ու պահանջի որևէ խնդիր այլևս չկա, և դրա հետ կապված որևէ բողոք չունեմ և հրաժարվում եմ հաղորդում տալուց»:

Գործում առկա` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի 21.06.2011 թվականի «Վկայի լրացուցիչ հարցաքննության» արձանագրությամբ Արմեն Կուրղինյանը, նախազգուշացվելով որպես վկա սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-339-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին, հայտնել է, որ «նշված տասնմեկ հազար դոլարը Սուսաննային եմ հանձնել շահույթ ստանալու նպատակով, այդ գումարի դիմաց ամսական հինգ տոկոս տոկոսադրույքով և 2 անգամ` օգոստոս ամսին ստացել եմ սեպտեմբեր ամսվա 550 դոլար տոկոսը, իսկ հոկտեմբեր ամսվա վերջում ստացել եմ հոկտեմբեր ամսվա տոկոսը: Բացի այդ երկու գումարից, որը կազմում է հազար հարյուր դոլար, ուրիշ որևէ եկամուտ և մայր գումարս չեմ ստացել` ինչպես գումարային, այնպես էլ այլ տեսքով: Սուսաննան ստում է, նա ինձ որևէ ոսկեղեն չի տվել, և իր կողմից նշված օրը ես 3-րդ մասի տարածք չեմ եկել և իրեն ու իր մորը չեմ հանդիպել: Ես մեծ ծավալի գումար եմ հանձնել ու այն կստանամ դատական կարգով»:

Գործում առկա մեկ այլ` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի 30.06.2011 թվականի «Տուժողի լրացուցիչ հարցաքննության» արձանագրությամբ Սուսաննա Խուրշուդյանը, նախազգուշացվելով որպես տուժող սուտ ցուցմունք տալու, ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-339-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին, հայտնել է, որ «ինչ վերաբերում է գումարային վիճելի հարցերին, ապա դրանք կլուծեմ քաղաքացիաիրավական հարցերով դատարանի միջոցով»:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Կ.Շառոյանի 30.06.2011 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» թիվ 11110711 որոշմամբ Արմեն Կուրղինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել և քրեական գործի վարույթը կարճվել է Ս.Խուրշուդյանի հետ հաշտվելու հիմքով: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում միջնորդություն է հարուցվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` թույլատրելու «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ից ստանալու 26.08.2010 թվականից մինչև 15.12.2010 թվականն ընկած ժամանակահատվածում Սուսաննա Խուրշուդյանի բջջային 093-57-50-18 հեռախոսահամարի, Արմեն Կուրղինյանի բջջային 098-90-02-04 հեռախոսահամարի և Սեդա Խուրշուդյանի բջջային 093-36-26-46 հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները, զանգ կատարած բաժանոդների տվյալները և տեղակայման հասցեները: Նշված միջնորդությունը բավարարվել է և ուղարկվել բջջային հեռախոսների օպերատորներին կատարման: Ստացված վերծանումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ս.Խուրշուդյանը 30.11.2010 թվականին Շենգավիթի վարչական շրջանի տարածք չի եկել և Ա.Կուրղինյանի հետ չի հանդիպել, իսկ Ա.Կուրղինյանը Ս.Խուրշուդյանի կողմից նշված ժամանակահատվածում գտնվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի տարածքում: Հետևաբար, հերքվել է այն հանգամանքը, որ իբր Ս.Խուրշուդյանն Ա.Կուրղինյանին հանձնել է շուրջ 14.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկեղեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ ատյանում գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու պահին գործող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի և մյուսների թիվ 3-1843 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, հիմք ընդունելով միայն Արմեն Կուրղինյանի կողմից ՀՀ ոստիկանության Շենգավիթ բաժնի հետաքննիչ Ա.Ղազարյանին 03.02.2011 թվականին տրված բացատրությունը, ոչ միայն չեն անդրադարձել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի 21.06.2011 թվականի «Վկայի լրացուցիչ հարցաքննության» արձանագրությամբ Արմեն Կուրղինյանի` որպես վկա տված ցուցմունքին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչի 30.06.2011 թվականի «տուժողի լրացուցիչ հարցաքննության» արձանագրությամբ Սուսաննա Խուրշուդյանի տված ցուցմունքին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Կ. Շառոյանի 30.06.2011 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» թիվ 11110711 որոշմանը, այլ նաև չեն հիմնավորել, թե ինչու են նշված ապացույցները մերժվում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Խուրշուդյանի` 21.06.2011 թվականին որպես վկա տված ցուցմունքը, Սուսաննա Խուրշուդյանի` 30.06.2011 թվականին տված ցուցմունքը, «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» թիվ 11110711 որոշումը սույն գործով վերաբերելի և թույլատրելի ապացույցներ են և ենթակա են հետազոտման ու գնահատման գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի հետազոտություն, ինչն ազդել է գործի ելքի վրա, ուստի առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նոր քննության ժամանակ գործում առկա` ՀՀ ոստիկանությունում կողմերի տված բացատրությունները և ցուցմունքները` որպես թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, ենթակա են հետազոտման և գնահատման քաղաքացիադատավարական կանոններով` հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.02.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԵՇԴ/1342/02/11
Որոշում