Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ ԵՎ 36...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ ԵՎ 365-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ԵՇԴ/0906/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0906/02/13             2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան

    Դատավորներ`        Ի. Վարդանյան

                       Ն. Տավարացյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Երևանի քաղաքապետարանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Դպրոց) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սեյրան Ստեփանյանի ընդդեմ Դպրոցի` 05.06.2013 թվականի թիվ 07-Ա ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի, վերջնահաշվարկի, տուժանքի և օվերդրաֆտի տույժի գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սեյրան Ստեփանյանը պահանջել է անվավեր ճանաչել Դպրոցի տնօրենի 05.06.2013 թվականի թիվ 07-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկինում զբաղեցրած աշխատանքում և Դպրոցից բռնագանձել 208.408 ՀՀ դրամ` որպես աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման պարտականությունը նախապես չկատարելու համար սահմանված տուժանք, 104.204 ՀՀ դրամ` որպես մեկ ամսվա չափով հարկադիր պարապուրդի գումար, 125.000 ՀՀ դրամ` որպես վերջնահաշվարկի գումար և 33.000 ՀՀ դրամ` որպես օվերդրաֆտի տույժի գումար:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ի. Բարսեղյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2014 թվականի որոշմամբ Սեյրան Ստեփանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է`բեկանվել է Դատարանի 11.10.2013 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դպրոցը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սեյրան Ստեփանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ և 220-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 335-րդ, 337-րդ և 340-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ սույն գործով հայցվորն իր իրավունքի պաշտպանության համար դատարան դիմելու օրենքով սահմանված ժամկետի ընթացքում փորձել է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել արտադատարանական, մասնավորապես վարչական կարգով` դիմելով պետական մարմիններին, որոնց կողմից իրականացված գործողությունների արդյունքները ստանալուց (Երևանի քաղաքապետարանի գրությունը ստացվել է 18.07.2013 թվականին) անմիջապես հետո` 19.07.2013 թվականին (հրամանը ստանալու պահից մեկ ամիս 12 օր հետո) հայց է ներկայացրել Դատարան: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորը, դիմելով տարբեր պետական մարմինների, փորձել է իրականացնել իր իրավունքների պաշտպանությունն արտադատարանական կարգով, սակայն անտեսել է այն հանգամանքը, որ Սեյրան Ստեփանյանը 12 օր ուշացումով է դիմել դատարան:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն` աշխատանքից ազատման հրամանը վերացնելու և նախկին աշխատանքում վերականգնելու իրավասությունը վերապահված է միայն դատարանին, հետևաբար ՀՀ օրենսդրությամբ այլ պետական մարմինները լիազորված չեն անձի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել կամ նախկին աշխատանքում վերականգնել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Սեյրան Ստեփանյանը Դատարանին միջնորդություն չի ներկայացրել` հայցային վաղեմության ժամկետի բացթողնման պատճառը հարգելի համարելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Դատարանը հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժելու դեպքում չպետք է անդրադառնար հայցի այլ հիմքերին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.10.2013 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ Դատարանը հայցային վաղեմություն չպետք է կիրառեր: Մասնավորապես` ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչություն, Երևանի քաղաքապետարան դիմելն ընդհատում և կասեցնում է դատարան դիմելու իրավունքի մեկամսյա ժամկետը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սեյրան Ստեփանյանին աշխատանքից ազատելու մասին թիվ 07-Ա հրամանից 05.06.2013 թվականին արված քաղվածքի համաձայն` 05.06.2013 թվականից Սեյրան Ստեփանյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով ազատվել է աշխատանքից, լուծվել է 01.09.2006 թվականին վերջինիս հետ կնքված թիվ 47 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 73):

2. Դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սեյրան Ստեփանյանին աշխատանքից ազատելու մասին թիվ 07-Ա հրամանը փոստային առաքման եղանակով 06.06.2013 թվականին հանձնվել է Սեյրան Ստեփանյանին (հատոր 1-ին, գ.թ. 74):

3. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության 03.07.2013 թվականի թիվ 04/24.2/7257-13 գրության համաձայն` Սեյրան Ստեփանյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչություն է դիմել 13.06.2013 թվականին և խնդրել է ձեռնարկել միջոցներ` իր աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար (հատոր 1-ին, գ.թ. 13):

4. Սեյրան Ստեփանյանի կողմից 05.06.2013 թվականի թիվ 07-Ա ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի, վերջնահաշվարկի, տուժանքի և օվերդրաֆտի տույժի գումար բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումը Դատարան է մուտքագրվել 19.07.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 2):

5. Դպրոցի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը դիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով հայցը մերժել հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 105-106):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ աշխատանքային վեճերով հայցային վաղեմության կիրառման առանձնահատկություններին և այն իրավական խնդրին, թե արդյոք արտադատարանական կարգով աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով պետական մարմիններին դիմելն ընդհատում կամ կասեցնում է ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված հայցային վաղեմության ժամկետների ընթացքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմությունն իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցային վաղեմություն չի տարածվում աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար սահմանելով հայցային վաղեմության ընդհանուր` երեք տարվա ժամկետ, նախատեսել է նաև որոշակի բացառություններ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դեպքերի համար: Այսպես, աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների վրա հայցային վաղեմություն ընդհանրապես չի տարածվում, իսկ որոշ պահանջների համար հնարավոր է համարել օրենքով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետների համեմատ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետների նախատեսումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` դատարան դիմելու մեկամսյա ժամկետին, նախկինում կայացրած իր որոշմամբ նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը չի կարգավորում մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանության հարցը, սակայն հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դրանով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն: Հետևաբար, այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերի համար վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է եղել ընդհանուր վաղեմության ժամկետի համեմատությամբ կրճատ` մեկամսյա վաղեմության ժամկետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաղեմության մեկամսյա ժամկետը` որպես հայցային վաղեմության հատուկ ժամկետ, տարածվում է միայն նույն հոդվածով նախատեսված` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերով դատարան ներկայացրած հայցերի նկատմամբ, և որպես օրինական հիմքերի բացակայությամբ կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխվելու կամ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանք` հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջի վրա:

Անդրադառնալով աշխատանքային վեճերով հայցային վաղեմության կիրառման խնդրին` Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ նշել է նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որևէ դրույթ, ուստի աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթները (տե՛ս, Ադիկ Արդարյանն ընդդեմ Մարզադպրոցի թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դպրոցի տնօրենի 05.06.2013 թվականի թիվ 07-Ա հրամանը փոստային առաքման եղանակով 06.06.2013 թվականին հանձնվել է Սեյրան Ստեփանյանին, իսկ վերջինիս կողմից վերը նշված հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի, վերջնահաշվարկի, տուժանքի և օվերդրաֆտի տույժի գումար բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումը Դատարան է մուտքագրվել 19.07.2013 թվականին, այն է` հրամանը ստանալու պահից մեկ ամիս տասներկու օր հետո:

Դատարանը, նկատի ունենալով, որ Սեյրան Ստեփանյանն իր իրավունքների պաշտպանության հայցով դատարան է դիմել 19.07.2013 թվականին, այսինքն` բաց է թողել դատարան դիմելու` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը, իսկ վեճի կողմ հանդիսացող Դպրոցի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը դիմում է ներկայացրել` հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, գտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետի լրանալը և պատասխանողի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի ուժով հիմք են ըստ Սեյրան Ստեփանյանի ընդդեմ Դպրոցի` աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և դրանցով պայմանավորված` տուժանք և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջներով հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ սույն գործով հայցվորն իր իրավունքի պաշտպանության համար դատարան դիմելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում փորձել է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնել արտադատարանական, մասնավորապես` վարչական կարգով` դիմելով պետական մարմիններին, որոնց կողմից իրականացված գործողությունների արդյունքները ստանալուց (Երևանի քաղաքապետարանի գրությունը ստացվել է 18.07.2013 թվականին)` վարչական կարգով իրավունքների պաշտպանության եղանակները սպառելուց անմիջապես հետո` 19.07.2013 թվականին (հրամանը ստանալու պահից մեկ ամիս 12 օր հետո), հայց է ներկայացրել Դատարան: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ պայմաններում անձի աշխատանքային իրավունքների և դատարան դիմելու իրավունքի հաշվին տվյալ գործատուի մոտ աշխատանքային իրավահարաբերությունների կայունությունն ու որոշակիությունն ապահովելը (որպես հայցային վաղեմության ժամկետի նպատակի իրագործում), չի ապահովի հայցային վաղեմության` որպես սահմանափակման միջոցի և հետապնդված նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը, և եզրակացրել է, որ Դատարանը, կիրառելով հայցային վաղեմություն և չիրականացնելով գործի ըստ էության քննություն, թույլ է տվել Սեյրան Ստեփանյանի արդար դատաքննության իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

Վերոնշյալ իրավանորմի բովանդակությունից ելնելով` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը նախատեսել է աշխատանքային հարաբերություններում ծագած` անձի իրավունքների պաշտպանության միայն մեկ` դատական պաշտպանության եղանակը, մինչդեռ սույն գործով հայցվոր Սեյրան Ստեփանյանը Դպրոցի տնօրենի 05.06.2013 թվականի` իրեն աշխատանքից ազատելու մասին թիվ 07-Ա հրամանն օրենքով սահմանված կարգով և ժամկետում դատարանում վիճարկելու փոխարեն իր իրավունքների պաշտպանությունը փորձել է իրականացնել արտադատարանական կարգով, ինչի արդյունքում դատարան է դիմել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետի ավարտից հետո:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն առ այն, որ հայցվորը դատարան դիմել է իր իրավունքների պաշտպանության մյուս եղանակները սպառելուց հետո, քանի որ այն աշխատանքային վեճերով դատական պաշտպանությունից բացի որևէ այլ եղանակ աշխատանքային իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը չի նախատեսել:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ մի կողմից, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված վեճերի համար հատուկ` կրճատ հայցային վաղեմության ժամկետի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել գործատուի մոտ աշխատանքային իրավահարաբերությունների կայունությունն ու որոշակիությունը` կապված թափուր հաստիքը հնարավորինս արագ համալրելու, աշխատանքային բնականոն ընթացքն արագ վերականգնելու հետ, և այս առումով, հայցային վաղեմությունն իսկապես ուղղված է գործատուի շահերի պաշտպանությանը, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով, որ աշխատողն ունի ձեռք բերած աշխատանքից կամայականորեն չզրկվելու իրավունք, որպես սոցիալական ազատության երաշխիք` օրենսդրի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված վեճերի համար հատուկ` կրճատ հայցային վաղեմության ժամկետի սահմանումը պայմանավորված է նաև աշխատողի շահերի պաշտպանությամբ և ուղղված է աշխատողի իրավունքների, այդ թվում` աշխատանքի դիմաց ժամանակին վարձատրություն ստանալու իրավունքի արագ և արդյունավետ պաշտպանությանը:

Հետևաբար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված կրճատ ժամկետը պայմանավորված է թե՛ գործատուի և թե՛ աշխատողի իրավունքներով և օրինական շահերով:

Այս առումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված ժամկետն ապահովում է գործատուի և աշխատողի իրավունքների և օրինական շահերի միջև արդարացի հավասարակշռություն, հետևաբար Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հայցային վաղեմության ժամկետի` որպես սահմանափակման միջոցի և հետապնդված նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերի դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված ժամկետի կիրառման մասով վճռաբեկ բողոքը հիմնավոր է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սույն գործով հայցվորը Դպրոցի տնօրենի 05.06.2013 թվականի թիվ 07-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իրեն նախկինում զբաղեցրած աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջներից բացի ներկայացրել է նաև այլ գումարների` վերջնահաշվարկի, աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման պարտականությունը նախապես չկատարելու համար սահմանված տուժանքի, օվերդրաֆտի տույժի բռնագանձման պահանջներ, որոնց համար ոչ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ոչ այլ օրենքներով հատուկ վաղեմության ժամկետներ նախատեսված չեն, հետևաբար այդ պահանջների նկատմամբ կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված ընդհանուր` 3 տարվա հայցային վաղեմության ժամկետը:

Դատարանը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետի լրանալը և պատասխանողի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը հիմք ընդունելով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի ուժով մերժել է ոչ միայն Դպրոցի տնօրենի 05.06.2013 թվականի թիվ 07-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իրեն նախկինում զբաղեցրած աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջները, այլ նաև վերջնահաշվարկի, աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման պարտականությունը նախապես չկատարելու համար սահմանված տուժանքի, օվերդրաֆտի տույժի բռնագանձման պահանջները:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս օրինակ «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության թիվ 3-2504/ՏԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Մինչդեռ սույն գործով Դատարանի վճռում նշված չէ որևէ իրավական նորմ, որով ղեկավարվել է Դատարանը` վերջնահաշվարկի, աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման պարտականությունը նախապես չկատարելու համար սահմանված տուժանքի, օվերդրաֆտի տույժի բռնագանձման մասով հայցը մերժելիս:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք բերած հայցվորի` գումարների բռնագանձման վերաբերյալ փաստարկներին չի անդրադարձել` նշելով, որ դրանք չեն վերաբերում հայցային վաղեմություն կիրառելուն (որպիսի հիմքով մերժվել է հայցը), դատարանի կողմից չի իրականացվել գործի ըստ էության քննություն, ուստի այդ փաստարկները կարող են քննության առարկա դառնալ միայն գործի ըստ էության քննության ընթացքում:

Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջնահաշվարկի, աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցման պարտականությունը նախապես չկատարելու համար սահմանված տուժանքի, օվերդրաֆտի տույժի բռնագանձման մասով գործը պետք է ուղարկել նոր քննության` հայցապահանջի հիմնավորվածությունը պարզելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, Դպրոցի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2014 թվականի որոշումը` Սեյրան Ստեփանյանի հայցն ընդդեմ «Երևանի քաղաքապետարանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի` 05.06.2013 թվականի թիվ 07-Ա ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասով և այդ մասով այն փոփոխել` հայցն այդ մասով մերժել:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.04.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԵՇԴ/0906/02/13
Որոշում