Սեղմել Esc փակելու համար:
ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 43

 

24. ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ մտադրությունների մասին հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն արձանագրային որոշման 1-ին կետում նշված հուշագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թ. հոկտեմբերի 16-ի նիստի

N 43 արձանագրային որոշման

 

ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 

____________ ___________-ի, երկու հազար տասնչորս թվական

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան

 

Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ տեքստում կհիշատակվի որպես Կառավարություն), որի անունից հանդես է գալիս__________________________,

 

«Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ տեքստում կհիշատակվի որպես նաև Քրոնիմետ)` ի դեմս Օպերատիվ տնօրեն պարոն Մհեր Պոլոսկովի,

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային Կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ տեքստում կհիշատակվի որպես ԶՊՄԿ)` ի դեմս գլխավոր տնօրեն պարոն Նիլ Ստիվենսոնի,

 

VSEI ձեռնարկությունների խումբը (այսուհետ տեքստում կհիշատակվի որպես Ներդրող)` ի դեմս պարոն Եվգենի Գինների,

 

«ԱԼՅՈՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ տեքստում կհիշատակվի որպես Ընկերություն)` ի դեմս հիմնադիր` միակ մասնակից, պարոն Վարդան Շահնազարյանի և գլխավոր տնօրեն պարոն Մանվել Ոսկանյանի,

 

(Կառավարությունը, Քրոնիմետը, ԶՊՄԿ-ն, Ներդրողը և Ընկերությունը այսուհետ տեքստում կհիշատակվի որպես Կողմեր)

 

Հաշվի առնելով, որ`

- Ընկերությունը ունի տեխնոլոգիական մշակումներ, որոնք վերաբերում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կուտակված և կուտակվող ապարների արդյունավետ մշակմանը, և այդ տեխնոլոգիաների նկատմամբ իրավունքները պատկանում են Ընկերությանը.

- Ընկերությունն արդեն ներդրումներ է կատարել նշված տեխնոլոգիայի մշակման համար և պատրաստակամ է շարունակել ու խորացնել այդ ծրագիրը` Հայաստանի Հանրապետությունում կառուցելով և շահագործելով մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կուտակված ապարների վերամշակման գործարան (այսուհետ` նաև Ծրագիր).

- Քրոնիմետը և ԶՊՄԿ-ն մտադրություն ունեն համագործակցելու Ընկերության հետ ծրագրի իրականացման հետ կապված հարցերում, ինչի շուրջ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ.

- Ընկերությունը երաշխավորում է, որ Ծրագիրը որևէ կերպ չի խոչընդոտի ԶՊՄԿ-ի բնականոն գործունեության իրականացմանը և վերջինիս համար չի առաջացնի լրացուցիչ պարտավորություններ.

- Ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ է համապատասխան իրավական ակտերի ընդունմամբ լիարժեք կերպով կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերում (պոչամբար) կուտակված և կուտակվող ապարների մշակման հետ կապված հասարակական հարաբերությունները.

 

Կնքեցին սույն հուշագիրը հետևյալի մասին.

 

1. Կառավարությունը, Քրոնիմետը, ԶՊՄԿ-ն, Ներդրողը և Ընկերությունը վերահաստատում են իրենց մտադրությունը և համաձայնվում համագործակցել Ծրագրի իրագործման հարցում:

2. Ներդրողը հավաստում է, որ Ծրագրի իրականացման համար արդեն իսկ կատարել է և շարունակելու է կատարել անհրաժեշտ ներդրումները, որոնց չափը կազմելու են առնվազն 200 (երկու հարյուր) միլիոն ԱՄՆ դոլար: Դա ներառում է վերամշակման գործարանի նախագծումը, կառուցումը և շահագործման սկիզբը: Հետագայում, Մաստեր պլանով նախատեսված և անհրաժեշտ գումարները կշարունակեն ներդրվել` ապահովելու համար ծրագրի լիարժեք իրագործումը` Ներդրողի կողմից սահմանված և Ընկերության հետ համաձայնեցված կարգով և պայմաններով:

3. Ծրագրի իրականացման համար էական նշանակություն ունի, որ Ընկերությունը դառնա Ողջիի և Փուխրուտի կոնսերվացված (իսկ կոնսերվացումից հետո` նաև Արծվանիկի) արտադրական լցակույտերի սեփականատեր` առանց, այդ թվում, ԶՊՄԿ-ին հատուցում տրամադրելու` պայմանով, որ նշված արտադրական լցակույտերը փոխանցելու գործարքը հարկային, բնապահպանական, տեխնիկական անվտանգության կամ այլ պարտավորություններ և ռիսկեր չառաջացնի ԶՊՄԿ-ի համար:

4. Քրոնիմետը և ԶՊՄԿ-ն հաստատում են, որ արտադրական լցակույտերի նկատմամբ իրավունքների փոխանցման դիմաց որևէ ակնկալիք չունեն` 3-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում:

5. Կողմերը համաձայնվում են, որ արտադրական լցակույտերի (պոչամբար) և դրանց ենթակառուցվածքների համար ամբողջ պատասխանատվությունը (ներառյալ` դրանց պահպանման և շահագործման համար նախատեսված պահանջները պահպանելու, բնապահպանական կամ այլ վճարներ կատարելու, ռեկուլտիվացիայի պարտավորությունները,) անցնում է Ընկերությանը` դրանց նկատմամբ բոլոր իրավունքները վերջինիս կողմից ձեռք բերելու պահից: Ընկերությանը փոխանցված արտադրական լցակույտերի (պոչամբարներ) հետ կապված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ԶՊՄԿ-ի կողմից կատարված հատկացումների հետագա տնօրինման վերաբերյալ հարցերը ևս Կողմերի քննարկումների օրակարգում են:

6. Քրոնիմետը և ԶՊՄԿ-ն պատրաստակամություն են հայտնում թույլատրել Ընկերությանը դեպի Արծվանիկի պոչամբար տանող պոչատարից անհատույց վերցնելու հնարավոր քանակի արտադրական լցակույտի զանգված` փոխադարձ համաձայնեցված կարգով օգտագործելով նաև ԶՊՄԿ-ի համապատասխան ենթակառուցվածքները` կրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված` նշված ենթակառուցվածքների շահագործումից բխող ամբողջ պատասխանատվությունը, և պայմանով, որ նշված արտադրական լցակույտերը փոխանցելու գործարքը հարկային, բնապահպանական, տեխնիկական անվտանգության կամ այլ պարտավորություններ և ռիսկեր չառաջացնի ԶՊՄԿ-ի համար:

7. ԶՊՄԿ-ի ենթակառուցվածքների` Ընկերության կողմից օգտագործման դեպքում ենթադրվում է հատուցելիություն:

8. Քրոնիմետը և ԶՊՄԿ-ն համաձայնվում են արտադրական լցակույտերի նկատմամբ իրավունքները փոխանցելու նպատակով բանակցություններ չվարել այլ անձանց հետ, քանի դեռ Կողմերը բանակցում և համագործակցում են Ծրագրի իրականացման հետ կապված հարցերի շուրջ:

9. Ընկերությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը վերը նշված արտադրական լցակույտերի (պոչամբար) տարածքները վերադարձնել ԶՊՄԿ-ին` դրանցում առկա ապարների կուտակումները հնարավոր չափով վերամշակելուց հետո` պատշաճ կերպով վերականգնելով ԶՊՄԿ-ից Ընկերությանը փոխանցման պահին դրանցում առկա բոլոր ենթակառուցվածքները:

Միաժամանակ, Ընկերությունը պատրաստակամ է ֆինանսապես օժանդակել ԶՊՄԿ-ին` նոր արտադրական լցակույտերի կառուցման հարցում:

10. Ծրագրի այն բոլոր հատվածները (ներառյալ նախագծային լուծումները և միջոցառումները), որոնք որևէ առնչություն ունեն կամ կարող են ունենալ ԶՊՄԿ-ի ենթակառուցվածքներին և/կամ արտադրական գործընթացներին, կամ կարող են որևէ ազդեցություն ունենալ դրանց վրա, նախապես համաձայնեցվում են ԶՊՄԿ-ի հետ:

11. Ծրագրի արդյունավետության հարցը չի վերաբերում ԶՊՄԿ-ին և Քրոնիմետին: Ծրագրի արդյունավետ իրականացման համար ամբողջ պատասխանատվությունը և ռիսկերը կրում են Ներդրողը և Ընկերությունը` իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան: Միևնույն ժամանակ Կողմերը համաձայնվում են գործադրել հնարավոր ողջամիտ բոլոր ջանքերը` Ծրագրի հաջող իրականացման համար:

12. Ընկերությունը երաշխավորում է, որ Ծրագիրը կիրականացվի սահուն և պատշաճ կերպով, կձևավորվեն ժամանակակից ենթակառուցվածքներ, որոնք համապատասխանում են անվտանգության, աշխատանքի անվտանգության, բնապահպանական և սահմանված այլ պահանջներին:

13. Եթե կառաջանան ենթածրագրեր, որոնցում ԶՊՄԿ-ն հետաքրքրված կլինի կամ անհրաժեշտություն կառաջանա ձևափոխել կամ վերազինել ԶՊՄԿ-ի ենթակառուցվածքները (Ծրագրի իրականացմանը նպաստելու նպատակով), ապա կքննարկվի համատեղ ֆինանսավորման հնարավորությունը:

14. ԶՊՄԿ-ն որևէ կերպ կաշկանդված չէ Ծրագրի իրականացման հանգամանքով և ազատ է ընդերքօգտագործման (այդ թվում` հանքաքարի հարստացման) ծավալների փոփոխության, տեխնոլոգիաների ընտրության, դրանց զարգացման և այլ հարցերում:

15. Ծրագիրը կիրագործվի Մաստեր պլանի հիման վրա, որը կներառի նաև բիզնես պլանը` գործողությունների ծրագրի և ժամկետների նշումով, և կներկայացվի Կառավարությանը մինչև ____________________ թվականի _________ամիսը:

16. Ընկերությունը և Ներդրողը պատրաստակամ են սեփական նախաձեռնությամբ իրականացնելու տեղական ու հանրապետական սոցիալական և բնապահպանական ծրագրեր, և/կամ միանալու ու համատեղ իրականացնելու այդպիսիք, այդ թվում որոնք արդեն իսկ սկսել ու իրականացվում են ԶՊՄԿ-ի կողմից:

17. Մինչև 2014 թվականի___________________-ը Կողմերը կձևավորեն աշխատանքային խումբ` Մաստեր Պլանի իրագործման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով` մասնավորապես, կապված մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում առաջացած և առաջացող լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման, դադարման, փոխանցման (դատարկ տարածքների հետ վերադարձման), այդ լցակույտերի հետագա շրջանառության, պահպանության, վերամշակման և վերամշակման լիցենզավորման հարաբերությունների, ինչպես նաև հարակից այլ հարաբերությունների իրավական կարգավորման հետ:

18. Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա Կառավարությունը կնախաձեռնի, որ սահմանվեն այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք կբացառեն ԶՊՄԿ-ի համար հարկային պարտավորությունների և այլ ռիսկերի առաջացումը` կապված արտադրական լցակույտերի (դրանց նկատմամբ իրավունքների) փոխանցման (դատարկ տարածքների հետ վերադարձման) գործարքի հետ, և Ընկերության համար լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացումը (բացառությամբ այն պարտադիր վճարների, տուրքերի և հարկերի, որոնք ուղղվում են համայնքային բյուջեներ)` կապված արտադրական լցակույտերի (դրանց նկատմամբ իրավունքների) ձեռքբերման, վերամշակման, պահպանության հետ:

19. Սույն հուշագրով նախատեսված աշխատանքների համակարգման նպատակով Կառավարությունը կնշանակի Պատասխանատու անձի, ով կապող օղակ կհանդիսանա Կառավարության և Կողմերի միջև, կհամակարգի օրենսդրական փոփոխությունների վրա աշխատող համատեղ Աշխատանքային խմբի գործունեությունը:

20. Սույն հուշագրով Կողմերը արտահայտում են իրենց վերաբերմունքը Ծրագրի նկատմամբ: Կողմերից յուրաքանչյուրը ստորագրում է սույն հուշագիրը իր իրավասությունների շրջանակներում` ի հաստատումն իր կողմից արտահայտված մտադրությունների:

21. Սույն հուշագիրը կազմված է հայերեն, անգլերեն և ռուսերեն` յուրաքանչյուր լեզվով հնգական օրինակ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է սույն հուշագրի մեկական օրինակ` յուրաքանչյուր լեզվով:

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն ______________________________

 

«Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական

ընկերություն

 

Օպերատիվ տնօրեն

    Մհեր Պոլոսկով                            ______________________________

 

VSEI ձեռնարկությունների խումբ

 

    Եվգենի Գիներ                             ______________________________

 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

ՓԲԸ

 

Գլխավոր տնօրեն

    Նիլ Ստիվենսոն                            ______________________________

 

«ԱԼՅՈՏԻԳ» ՍՊԸ

Հիմնադիր` միակ մասնակից

    Վարդան Շահնազարյան                       ______________________________

 

Գլխավոր տնօրեն

    Մանվել Ոսկանյան                          ______________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2014
N 43
Արձանագրային որոշում