Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                            Վարչական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ՎԴ/5666/05/11

    Վարչական գործ թիվ ՎԴ/5666/05/11                  2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Հ. Բեդևյան

                       Ա. Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ի

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Արա և Մանուկ Մարգարյանների` վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետը պահանջել է Արա և Մանուկ Մարգարյաններից Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշմամբ նշանակված վարչական տուգանքը բռնագանձելու համար արձակել վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը 14.10.2011 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մանուկ Մարգարյանը պահանջել է մասնակիորեն` իր մասով, վերացնել Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշումը:

ՀՀ վարչական դատարանը 28.10.2011 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարել հայցային վարույթի և հակընդդեմ հայցը վերադարձրել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 17.06.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.02.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.06.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքում չեն կարող դրվել տվյալ ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը, քանի որ վարչական ակտի առ ոչինչ լինելը պետք է հիմնավորվի հենց դրանում առկա ակնառու կոպիտ սխալներով, իսկ տվյալ դեպքում վարչական ակտն առ ոչինչ լինելու եզրահանգմանը Դատարանը հանգել է վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում` նշելով, որ պատասխանողների վերաբերյալ առանձին վարչական վարույթներ չեն իրականացվել: Ավելին, Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշումը երբևէ չի վիճարկվել և չի վերացվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը հայցը մերժելիս, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

Բացի այդ, բողոքարկվող որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-101 (ՎԴ) և 27.05.2009 թվականի ՎԴ/2068/05/08 որոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակից Ռուբեն Կիրակոսյանի կողմից 01.06.2011 թվականին կազմված թիվ 004313 արձանագրության համաձայն` հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված «հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու» իրավախախտում: Արձանագրության համաձայն` իրավախախտումը դրսևորվել է հետևյալում. «Հանգուցյալ Հ. Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 133 տան բնակիչներ Մանուկ և Արա Մարգարյանների կողմից իրենց տան հարևանությամբ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գոյություն ունեցող շինությանը կից երկաթբետոն» սյան կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվել` առանց քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի» (1-ին հատոր, գ.թ. 7-8):

2) Քաղաքապետի 29.06.2011 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-22/5 որոշմամբ Մանուկ և Արա Մարգարյանները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել են վարչական պատասխանատվության. նշանակվել է տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով (1-ին հատոր, գ.թ. 5): Որոշումը վարչական կամ դատական կարգով չի վիճարկվել:

 

i

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը սխալ մեկնաբանելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք կարող է առ ոչինչ համարվել պատասխանատվություն սահմանող այն վարչական ակտը, որը հասցեագրված է մեկից ավելի անձանց:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ լինելու հարցին, մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ անձը համարում է, որ վարչական ակտով իր վրա պարտականություն է դրվել օրենքի խախտմամբ, այդ թվում օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, վերջինս վարչական-դատավարական կարգով կարող է պահանջել անվավեր ճանաչել այդպիսի ոչ իրավաչափ պարտականություն դնող վարչական ակտը: Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության պետի 11.09.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման չվիճարկման պայմաններում այն ենթակա է կատարման (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Կարապետ Գևորգյանի թիվ ՎԴ/4608/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը.

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես, հետևյալ ակնառու կոպիտ սխալը` ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում:

Նշված նորմի վերլուծությունը վկայում է այն մասին, որ վարչական ակտի առոչնչության հատկանիշն առկա է, երբ ակտի բովանդակությունից հնարավոր չէ ճշտել, թե կոնկրետ որ անձն է դրա հասցեատերը: Ակտում մեկից ավելի հասցեատեր նշված լինելու դեպքում, երբ պարզ է, թե կոնկրետ ովքեր են այդ հասցեատերերը, քննարկվող նորմի առումով ակտի առոչնչության հատկանիշն առկա չէ, քանի որ այդ դեպքում ակտից պարզ է, որ այն ունի մեկից ավելի հասցեատեր, այսինքն` ակտը հասցեագրված է մեկից ավելի անձանց: Ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, ո՛չ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չեն պարունակում որևէ դրույթ այն մասին, որ եթե իրավախախտումը կատարվել է մեկից ավելի անձանց կողմից, ապա յուրաքանչյուր անձի նկատմամբ պետք է հարուցվի և իրականացվի առանձին վարչական վարույթ: Դա նշանակում է, որ միևնույն իրավախախտումը կատարելու դեպքում հնարավոր է մեկ վարույթի շրջանակներում պատասխանատվության ենթարկել իրավախախտումը կատարած մեկից ավելի անձանց: Այլ հարց է, որ պատասխանատվության ենթարկելիս վարչական մարմինը պարտավոր է յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ ճիշտ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, այդ թվում` ըստ մեղքի պատասխանատվության, անձնական պատասխանատվության, պատասխանատվության անհատականացման սկզբունքները: Վարչական մարմնի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի վերոհիշյալ պահանջները չպահպանելու դեպքում առկա կլինի օրենքի խախտում, ինչը կարող է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն վարչական ակտի անվավերության հիմք հանդիսանալ: Վարչական ակտն օրենքի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքն իր հերթին կարող է քննարկվել և պարզվել այդ ակտի վիճարկման վարույթում, իսկ եթե ակտը չի վիճարկվել, ապա դրա առ ոչինչ լինելը հաստատված չլինելու դեպքում այն ենթակա է կատարման:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի աշխատակից Ռուբեն Կիրակոսյանի կողմից 01.06.2011 թվականին կազմված թիվ 004313 արձանագրության համաձայն` հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված «հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու» իրավախախտում: Արձանագրության համաձայն` իրավախախտումը դրսևորվել է հետևյալում. «Հանգուցյալ Հ. Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 133 տան բնակիչներ Մանուկ և Արա Մարգարյանների կողմից իրենց տան հարևանությամբ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գոյություն ունեցող շինությանը կից երկաթբետոնե սյան կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվել` առանց քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի»:

i

Քաղաքապետի 29.06.2011 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-22/5 որոշմամբ Մանուկ և Արա Մարգարյանները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել են վարչական պատասխանատվության. նշանակվել է տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով: Որոշումը վարչական կամ դատական կարգով չի վիճարկվել:

Քաղաքապետարանը 11.10.2011 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է Մանուկ և Արա Մարգարյաններից հօգուտ Երևան համայնքի վարչական տուգանքի գումարը բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն` հիմքում դնելով Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշումը:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ պատասխանողների վերաբերյալ առանձին վարչական վարույթներ չեն իրականացվել և պարզ չէ, թե Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշմամբ պատասխանողներից ով է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության: Դատարանը, միաժամանակ փաստելով, որ պարզ չէ, թե պատասխանողներից յուրաքանչյուրին որքան պարտավորություն է առաջադրվել, եզրակացրել է, որ Քաղաքապետի որոշմամբ դրա հասցեատերերի վրա դրվել է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշմամբ պարզ չէ, թե վարչական պատասխանատվության ենթարկելը որոշակիորեն ում է հասցեագրված` Մանուկ Մարգարյանին, թե Արա Մարգարյանին, այսինքն` նշված որոշման բովանդակությունից ակնհայտորեն պարզ չէ և կասկածի տեղիք է տալիս դրանով կարգավորվող հարցի հասցեավորվածությունը, պարզ չէ, թե վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ով է ենթարկվել վարչական պատասխանատվության. նշված հոդվածի սանկցիայով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը` 400.000 ՀՀ դրամ տուգանքը, որոշակիորեն ում նկատմամբ է կիրառվել` Մանուկ Մարգարյանի, թե Արա Մարգարյանի, ընդ որում, պարզ չէ նաև, թե ում վրա է դրված նշված որոշմամբ նշանակված տուգանքի գումարի վճարման պարտականությունը:

Նշված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանը գտել է, որ Քաղաքապետի որոշման մեջ առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով ամրագրված վարչական ակտի առ ոչինչ լինելը պայմանավորող` ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, ակնառու կոպիտ սխալը:

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշմամբ Մանուկ և Արա Մարգարյանների վրա դրված պարտականությունն ակնհայտ ոչ իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրությամբ հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է: Իրավական պետությունում գործող կարևորագույն սկզբունքներից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է: Իրավական որոշակիության սկզբունքը տարածվում է բոլոր իրավական ակտերի վրա: Օրենսդիրը վարչական ակտերի համար իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը կոնկրետացրել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում: Օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, միաժամանակ, վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը` մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում: (...) Որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը. տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Եթե նույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-4-րդ կետերում թվարկված մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու մասին հարցը լուծելիս միաժամանակ լուծվում է մեղավորի կողմից գույքային վնասը հատուցելու հարցը, ապա գործի որոշման մեջ նշվում է գանձման ենթակա վնասի չափը, դրա հատուցման ժամկետն ու կարգը:

Գործի որոշման մեջ պետք է լուծված լինի վերցված իրերի և փաստաթղթերի հարցը:

Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը ստորագրում է գործը քննող պաշտոնատար անձը, իսկ կոլեգիալ մարմնի որոշումը` նախագահողը և քարտուղարը:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

i

Այսպիսով, վարչական իրավախախտման վերաբերյալ որոշմանը ներկայացվող պահանջները սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածում:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը վարչական ակտ է, քանի որ համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված վարչական ակտի հասկացության սահմանմանը, այն է` վերաբերում է որոշակի անձի, ունի արտաքին ներգործություն, ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում ամրագրված վարչական ակտի որոշակիության պահանջը տարածվում է նաև վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումների վրա:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածում ամրագրված վարչական ակտի որոշակիության պահանջն իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի մասնավոր դրսևորում է: Հաշվի առնելով վարչական ակտի որոշակիության սկզբունքի կարևորությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որևէ վարչական ակտ չի կարող համարվել իրավաչափ, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է, որ ոչ իրավաչափ վարչական ակտերը հանդես են գալիս երկու ձևով` որպես անվավեր և որպես առ ոչինչ վարչական ակտեր: Օրենսդիրը, հաշվի առնելով վարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջի կարևորությունը, նախատեսել է, որ առանձին դեպքերում վարչական ակտի որոշակիության պահանջի չպահպանումը հանգեցնում է վարչական ակտի առ ոչինչ լինելուն: Այսպես` եթե վարչական ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում, ապա այդ վարչական ակտն ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի և «գ» կետի առ ոչինչ վարչական ակտ է: Սակայն, եթե վարչական ակտը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, և միաժամանակ, առկա չեն օրենսդրի կողմից սահմանված վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքերը, իրավական որոշակիության պահանջին չհամապատասխանող վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշումը հստակ չի պարունակում հասցեատերերից յուրաքանչյուրի համար նշանակվող տուգանքի չափը, այսինքն` չի համապատասխանում վարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջներին, այնուամենայնիվ, դա դեռևս չի նշանակում, որ վերը նշված վարչական ակտով դրված պարտականությունն ակնհայտ ոչ իրավաչափ է: Քաղաքապետն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթներին համապատասխան, Մանուկ և Արա Մարգարյաններին ենթարկել է պատասխանատվության` նշանակելով տուգանք` պատասխանատվություն սահմանող իրավական նորմի սանկցիայի սահմաններում: Այսինքն` Քաղաքապետը, օրենքով սահմանված պատասխանատվության միջոցը կիրառելով պատասխանողների նկատմամբ, նրանց վրա չի դրել ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետի 29.06.2011 թվականի թիվ Վ-22/5 որոշումից պարզ է, որ այն հասցեագրված է և՛ Արա Մարգարյանին, և՛ Մանուկ Մարգարյանին, դրանով նշանակված տուգանքը վճարելու պարտականությունը դրված է նշված երկու անձանց վրա, նշանակված տուգանքի չափը համապատասխանում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն սահմանող նորմի սանկցիային, ընդ որում, որոշումը որևէ նշում չի պարունակում համապարտ պատասխանատվության մասին, հետևաբար տվյալ դեպքում առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված ակնառու կոպիտ սխալները: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ տվյալ դեպքում պահպանված չէ պատասխանատվության անհատականացման սկզբունքը, ապա դա ևս անհիմն է, քանի որ նշված հարցը կարող էր քննարկվել վարչական ակտի վիճարկման (անվավերության) վարույթում, իսկ տվյալ դեպքում, քանի որ վարչական ակտը չի վիճարկվել, գումարի բռնագանձման վերաբերյալ վարույթում այդ հարցն այլևս քննարկման ենթակա չէ, իսկ վարչական ակտը ենթակա է կատարման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու` գործի փաստերը վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո պարզելու և գնահատելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.02.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ՎԴ/5666/05/11
Որոշում