Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                            Վարչական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ՎԴ/4842/05/12

    Վարչական գործ թիվ ՎԴ/4842/05/12                  2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ի

դռնբաց դատական նիստում, քննելով Սուրեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վահե Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.01.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուրեն Սիմոնյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 27.06.2012 թվականի թիվ Վ-20/20 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուրեն Սիմոնյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 27.06.2012 թվականի թիվ Վ-20/20 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 15.08.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.01.2014 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 15.08.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վահե Մնացականյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 63-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, թե կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 27-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 1-ին մասը, 113-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:

Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ միայն հիմնավորված չէ գործում առկա ապացույցներով և պատճառաբանված չէ գործի հանգամանքների ուսումնասիրության արդյունքում արված հետևություններով, այլև ամբողջությամբ հակասում է գործով հետազոտված ապացույցներին, ինչպես նաև չի համապատասխանում իրականությանը:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հիմնավորված է համարել Վերաքննիչ բողոքի հիմքում ընկած Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը: Ինչպես նաև որոշմամբ ամրագրել է, որ «վճռի հիմքում դրված միակ փաստը` պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նպատակով դրանք տեսանելի վայրում ցուցադրված լինելը չհիմնավորված լինելու մասին, հիմնավորված չէ: Այսինքն` հիմնավորված չէ վճիռը: ՈՒստի այն ենթակա է բեկանման»:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցվոր կողմը որևէ միջնորդություն չի ներկայացրել հայցի հիմքերը լրացնելու մասին, անգամ որևէ հղում չի կատարել պիտանիության ժամկետն անցած ապրանքները վաճառքի նպատակով տեսանելի վայրում ցուցադրված չլինելուն առնչվող որևէ փաստի` որպես հայցի հիմքի: Մինչդեռ թե' հայցադիմումում, թե' Դատարանում և թե' Վերաքննիչ դատարանում դատական քննության ժամանակ բազմիցս շեշտադրվել է, որ հայտնաբերված ապրանքները պարզապես առանձնացված են եղել մատակարարին հետ վերադարձնելու նպատակով և վաճառքի ենթակա չեն եղել: Առկա գործարար շրջանառության սովորույթների համաձայն` առևտրի վաճառքով զբաղվող խանութներն իրավունք ունեն մատակարարած կազմակերպությանը հետ վերադարձնել չվաճառվելու հետևանքով պիտանիության ժամկետներն անցած ապրանքները, իսկ վերջիններս պարտավոր են դրանք հետ ընդունել: Այսինքն` ընկերությունը ժամկետանց ապրանքներ վաճառելու ոչ մի միտում չէր կարող հետապնդել:

Վերաքննիչ դատարանը, նշելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը` արձանագրել է, որ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է: Այսինքն` Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանության արդյունքում է կիրառել վերը նշված հոդվածը, քանի որ հայցվորը վիճարկել է գործում առկա նկարների իսկությունն ու իրավական կապը վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 002546 արձանագրության հետ:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 15.08.2013 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետի 14.06.2012 թվականի թիվ 72 հանձնարարագրով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցներ Ա. Զոհրաբյանին և Հ. Խաչատրյանին հանձնարարվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի համաձայն` օրենքի պահանջների կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ում (գ.թ. 64):

2) 14.06.2012 թվականին կազմվել է թիվ 002546 արձանագրությունը, համաձայն որի` հսկողություն է իրականացվել «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի Մամիկոնյանց թիվ 35 շենքին կից գտնվող առևտրի օբյեկտում և արձանագրվել է.,... «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սիմոնյանի կողմից Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքին կից գտնվող առևտրի օբյեկտում իրականացվում էր պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառք (Graոd Caոdy տորթ, հալած պանիր, վիոլա հալած պանիր, հոլանդական հալած շերտավոր պանիր, ազնվական երկնագույն բորբոսով)ե (գ.թ. 8):

3) Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կողմից 27.06.2012 թվականին կազմվել է թիվ Վ-20/20 արձանագրությունը, համաձայն որի`,... Սուրեն Սիմոնյանի կողմից` Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքին կից գտնվող սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտում իրականացվել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների (պանիր, հալած պանրի տեսականի) իրացում (գ.թ. 61):

4) Հաշվի առնելով 14.06.2012 թվականին կազմված թիվ 002546 արձանագրությունը` 27.06.2012 թվականին Երևանի քաղաքապետի թիվ Վ-20/20 որոշմամբ «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սիմոնյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 170.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 7, 8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված զանցակազմի վերաբերյալ` կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրման պարզաբանումը. արդյո՞ք խանութում պիտանիության ժամկետն անցած ապրանքների գտնվելու փաստն ինքնին բավարար է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված զանցանքը կատարված համարելու և անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումն արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը...:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը) լուծում է հետևյալ հարցերը` 1) տվյալ գործի քննությունը վերաբերում է արդյոք իր իրավասությանը, 2) ճիշտ են կազմվել արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը, 3) գործի քննությանը մասնակցող անձինք ծանուցվել են արդյոք դրա քննության ժամանակի և տեղի մասին, 4) պահանջվել են արդյոք անհրաժեշտ լրացուցիչ նյութեր, 5) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի, տուժողի, օրինական ներկայացուցիչների, փաստաբանի միջնորդությունների մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է արդյոք գույքային վնաս, հիմքեր կան արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե առաջին` բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ` այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:

Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավանորմերի և դրանց վերլուծության հիման վրա գտնում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայության համար անհրաժեշտ է ապրանքների վաճառքի փաստի առկայություն, այսինքն` վաճառք իրականացնող սուբյեկտի (վաճառողի) կողմից ապրանքների վաճառքին ուղղված գործողությունները, մասնավորապես` ապրանքի ուղղակի վաճառքի փաստի առկայությունը` վաճառողի կողմից գնորդին ապրանք հանձնելու և գնորդի կողմից այդ ապրանքն ընդունելու և դրա համար ապրանքի գինը վաճառողին վճարելու փաստը կամ գնորդների համար տեսանելի (հասանելի) վայրում ապրանքները տեղադրված (ցուցադրված) լինելու` ապրանքի վաճառքի հրապարակային օֆերտայի փաստի առկայությունը, ինչպես նաև վաճառվող և/կամ վաճառված ապրանքների պիտանիության ժամկետի անցած լինելու, առանց պիտանիության ժամկետի, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով կամ հայերեն մակնշումն արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված փաստի միաժամանակյա առկայությունը: Այսպիսով, յուրաքանչյուր կոնկրետ գործով Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է պարզի վերը նշված փաստերի միաժամանակյա առկայությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` իրավասու վարչական մարմինը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման առկայության համար պետք է պարզեր` արդյո՞ք համապատասխան սուբյեկտն իրականացրել է ապրանքների վաճառքին ուղղված գործողությունները, մասնավորապես` առկա է արդյո՞ք ապրանքի ուղղակի վաճառքի փաստի առկայությունը` վաճառողի կողմից գնորդին ապրանք հանձնելու և գնորդի կողմից այդ ապրանքն ընդունելու և դրա համար ապրանքի գինը վաճառողին վճարելու փաստի առկայություն կամ գնորդների համար տեսանելի վայրում ապրանքները տեղադրված (ցուցադրված) լինելու` ապրանքի վաճառքի հրապարակային օֆերտայի փաստի առկայություն, ինչպես նաև վաճառվող և/կամ վաճառված ապրանքների պիտանիության ժամկետի անցած լինելու փաստի առկայություն և միայն այս փաստերի միաժամանակյա առկայության պայմաններում վարչական մարմինն իրավասու է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված զանցանքի առկայությունը համարել հաստատված:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է պատճառաբանությունն այն մասին, որ Դատարանն ըստ էության գործի քննության ընթացքում պարտավոր էր մատնանշել այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պետք է պահանջեր ներկայացնել այդ փաստերի ապացույցները, ինչպես նաև պետք է անմիջականորեն գնահատեր և հետազոտեր գործում եղած բոլոր ապացույցները և որոշեր փաստի հաստատված լինելու հարցը, այնուհետև վճռի մեջ պետք է պատճառաբաներ իր համոզմունքի ձևավորումը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «հայցվոր կողմը որևէ միջնորդություն չի ներկայացրել հայցի հիմքերը լրացնելու մասին, որևէ անգամ հղում չի կատարել պիտանիության ժամկետն անցած ապրանքները վաճառքի նպատակով տեսանելի վայրում ցուցադրած չլինելուն առնչվող որևէ փաստի` որպես հայցի հիմքի մատնանշում, Դատարանը գործի ողջ քննության ընթացքում չի առաջադրել պիտանիության ժամկետն անցած ապրանքները վաճառքի նպատակով տեսանելի վայրում ցուցադրած լինելուն կամ չլինելուն առնչվող որևէ փաստ` որպես ապացուցման ենթակա փաստ, գործի ողջ քննության ընթացքում կողմերից չի պահանջվել ներկայացնելու պիտանիության ժամկետն անցած ապրանքները վաճառքի նպատակով տեսանելի վայրում ցուցադրած լինելուն կամ չլինելուն վերաբերող ապացույցներ:

Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ Դատարանի դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ վարչական մարմնին չի հաջողվել հիմնավորվել պիտանիության ժամկետն անցած ապրանքները վաճառքի նպատակով տեսանելի վայրում ցուցադրած լինելը, անհիմն է, հետևաբար վճիռը հիմնավորված չէ: Վերաքննիչ դատարանը, գտել է նաև, որ «վարչական վարույթի ընթացքում կրելով որոշակի ապացուցման բեռ` հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորեր իր կողմից վարչական իրավախախտումը կատարված չլինելու փաստը:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «տվյալ դեպքում առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված զանցանքի կազմը, այսինքն` հայցվորը ենթակա է եղել վարչական տույժի և վիճարկվող որոշմամբ այդ տույժը կիրառվել է: Ընդ որում, հայցով չեն ներկայացված և գործով էլ առկա չեն այնպիսի հիմքեր, որոնցից կհետևեր, թե այդ որոշման ընդունմանն ուղղված վարչարարությունն իրականացվել է ընթացակարգի այնպիսի խախտումներով, որոնց ուժով դրա արդյունք հանդիսացող վարչական ակտը կդառնար ոչ իրավաչափ»:

Վերը շարադրված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում Սուրեն Սիմոնյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտում թույլ տալու մասին որևէ ապացույց առկա չէ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերության վերլուծությունից հետևում է, որ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական մարմինը պետք է հիմնավորի, որ տվյալ խանութում կատարվել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառք և միայն այս փաստերի միաժամանակյա առկայության պայմաններում է վարչական մարմինն իրավասու հաստատված համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված զանցանքի կատարումը համապատասխան անձի կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական մարմինը պետք է հիմնավորի, որ տվյալ խանութում կատարվել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառք-իրացում, մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն վարչական մարմինը չի հիմնավորել այդ փաստերի առկայությունը: Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցչի հայտարարությանը, որ «... նշված ապրանքները ստուգման պահին ոչ թե իրացվել են, այլ դրված են եղել հաճախորդների համար տեսանելի և հասանելի վայրում...», ապա թե վարչական վարույթի նյութերով, թե դատաքննության ընթացքում չի հաջողվել ապացուցել, որ պիտանիության ժամկետն անցած ապրանքները` պանիր, հալած պանրի տեսականի, վաճառքի համար դրված են եղել վաճառասրահի` հաճախորդների համար տեսանելի վայրում, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն է արժանահավատ համարել դատաքննության ընթացքում հայցվորի պնդումն այն մասին, որ նշված ապրանքները դրված են եղել հաճախորդների համար ոչ տեսանելի, վաճառասրահին կից առանձնացված վայրում` մատակարարող ընկերություններին հետ վերադարձնելու նպատակով:

Անդրադառնալով նաև վարչական մարմնի ակտին կից ներկայացված լուսանկարներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա թվով ութ լուսանկարների պատճենները «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից մթերային խանութում պիտանիության ժամկետն անցած ապրանքներ` պանիր, հալած պանրի տեսականի ունենալու և դրանք վաճառելու փաստը հիմնավորող վերաբերելի բավարար ապացույց չեն կարող հանդիսանալ, քանի որ առաջին` այդ լուսանկարներից հստակ պարզ չէ, թե այդ լուսանկարները ե՞րբ և որտե՞ղ են կատարվել, մասնավորապես` արդյոք նշված լուսանկարները կատարվել են «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի մթերային խանութում իրականացված վերահսկողության ժամանակ, թե ոչ, թիվ 002546 արձանագրության մեջ որևէ նշում չկա այն մասին, որ հայտնաբերված խախտման փաստն արձանագրելիս այն ամրագրվել է նաև համապատասխան լուսանկարներով, և երկրորդ` այդ լուսանկարներից պարզ չէ, թե արդյոք այդ ապրանքները լուսանկարահանվել են դրանք փաստացի գնորդին վաճառվելու և/կամ գնորդների համար տեսանելի (հասանելի) վայրում տեղադրված (ցուցադրված) լինելու վիճակում և վերջապես` այս լուսանկարներից առհասարակ հնարավոր չէ պարզել դրանց կապը Սուրեն Սիմոնյանի կողմից 14.06.2012 թվականի իրավախախտման կատարման փաստը հաստատելու հետ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ լուսանկարները չեն կարող հայցվորի կողմից կատարված իրավախախտման փաստը հաստատող ապացույց հանդիսանալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը վեճը լուծելիս իրավացիորեն եզրահանգել է, որ «ինչպես վարչական վարույթի նյութերով, այնպես էլ դատաքննության ընթացքում վարչական մարմնի կողմից չապացուցվեց, որ գործում առկա լուսանկարները կատարվել են հենց Երևանի Մամիկոնյանց թիվ 35 շենքին կից գտնվող Սուրեն Սիմոնյանին պատկանող առևտրի օբյեկտում և հենց 14.06.2012 թվականին: Դատարանը եզրակացնում է, որ լուսանկարները չեն կարող հանդիսանալ հայցվորի կողմից կատարված իրավախախտման փաստը հաստատող ապացույց, քանի որ դրանք չեն բովանդակում որևէ վավերապայման այն մասին, որ կատարվել են 14.06.2012 թվականին, հսկողության շրջանակներում, հսկողություն իրականացնող անձանց կողմից, տվյալ հասցեի վերաբերյալ»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սննդամթերքի վաճառքով զբաղվող խանութում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքը ոչ մի ձևով չի հիմնավորվել, իսկ դրանց խանութում ֆիզիկապես գտնվելու փաստն ինքնին չի կարող վարչական պատասխանատվության ենթարկելու համար բավարար հիմք հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սիմոնյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ղեկավարվելով օրենքով` գնահատեր գործով ձեռք բերված ապացույցները և պարզեր ու հաստատված համարեր «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի սննդամթերքի խանութում պիտանիության ժամկետն անցած ապրանքներ` պանիր, հալած պանրի տեսականի ունենալու և դրանք փաստացի վաճառելու և/կամ գնորդների համար տեսանելի (հասանելի) վայրում տեղադրած (ցուցադրած) լինելու` ապրանքների վաճառքի հրապարակային օֆերտա անելու, փաստերի միաժամանակյա առկայությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ նշված փաստերի միաժամանակյա առկայության հանգամանքը հաստատելու և ըստ դրա «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սիմոնյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված զանցանքը կատարված լինելու հարցը պարզված համարելու ու վերջինիս նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 002546 արձանագրությունը բավարար հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ ինչպես արդեն նշվել է, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին պարբերության դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման դեպքի առկայության` պիտանիության ժամկետն անցած ապրանքները վաճառելու փաստի բացահայտումը ենթադրում է իրավասու վարչական մարմնի կողմից ստեղծված իրադրության կապակցությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով որոշակի փաստական տվյալների, տեղեկությունների հավաքագրման և ամրագրման միջոցով հանգամանալից հետազոտության և գնահատման արդյունքում արված եզրահանգում, իսկ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ պետք է նշվի վարչական իրավախախտման էությունը և գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները, որպիսի նշումը տվյալ դեպքում չպետք է եզրափակվի միայն պիտանիության ժամկետն անցած ապրանքները վաճառելու մասին նշագրումով, այլ պետք է հստակ պարունակի պիտանիության ժամկետն անցած ապրանքների անվանացանկը (ապրանքի ֆիրմային անվանումը, տեսակային հատկանիշները), հայտնաբերված իրավախախտման կատարման եղանակը` պիտանիության ժամկետն անցած ապրանքների ուղղակի վաճառքի փաստը և/կամ դրանց վաճառքի վերաբերյալ հրապարակային օֆերտայի փաստն ու դրանց հանգամանքները` վաճառքի հրապարակային օֆերտայի դեպքում պիտանիության ժամկետն անցած ապրանքների գնորդների համար տեսանելի և/կամ հասանելի վայրում տեղադրված (ցուցադրված) լինելու մասին տեղեկությունները, որպիսի տեղեկությունները 14.06.2012 թվականի թիվ 002546 արձանագրությունից բացակայում են:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանին չեն ներկայացվել բավարար ապացույցներ առ այն, որ «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Սիմոնյանի խանութում առկա պիտանիության ժամկետն անցած ապրանքները փաստացի վաճառվել են գնորդին և/կամ տեղադրված (ցուցադրված) են եղել գնորդների համար տեսանելի վայրում` ապրանքների վաճառքի հրապարակային օֆերտա, և վարչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթով չի ապահովվել տվյալ գործով հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը, չի հաստատվել «Լիլիթ և եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սիմոնյանի կողմից իրավախախտման կատարման փաստը, ինչի արդյունքում էլ վարչական մարմինն ընդունել է ոչ իրավաչափ, վարչական ակտ, այսինքն` Դատարանի եզրահանգումն այս հարցի վերաբերյալ հիմնավոր է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ: Տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի հոդվածի 1-ին պարբերության սխալ կիրառմամբ և ենթակա է անվավեր ճանաչման, հետևաբար հայցի բավարարումը Դատարանի կողմից իրավաչափ է և հիմնավորված:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.01.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 15.08.2013 թվականի վճռին:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ՎԴ/4842/05/12
Որոշում