Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 30...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ԵՎ 366-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԱՐԴ/0089/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՐԴ/0089/01/12

Նախագահող դատավոր` Ե. Դարբինյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան

                       Ս. Չիչոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սիլվա Ռոբիկի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում 2011 թվականի սեպտեմբերի 16-ին հարուցվել է թիվ 48116311 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2012 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ Սիլվա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը որոշում է կայացվել Ս. Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

2012 թվականի հուլիսի 13-ին քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև Ս. Խաչատրյանին հայտնաբերելը:

2012 թվականի հուլիսի 19-ին Ս. Խաչատրյանը հայտնաբերվել է, և քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է: Նույն օրը Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի օգոստոսի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ս.Խաչատրյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ:

Նույն դատավճռով տուժողի ներկայացուցիչ Վ. Խեչյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության, և նրան իրավունք է վերապահվել քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:

3. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմինը Ս. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա. «(...) 2005 թ-ից հանդիսանալով ֆիզիկական անձ, բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 06.05.2009թ. իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: Իսկ 11.05.2009թ. արդեն Ա/Ձ Ս.Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 31.12.2011թ. Ս.Խաչատրյանը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում: Նշված ժամանակահատվածում Ս.Խաչատրյանն ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող 32.935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով հափշտակելով` ծախսել է իր անձնական կարիքների համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 201-210):

6. Առաջին ատյանի դատարանում դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 9-րդ կետով, հրաժարվել է Ս.Խաչատրյանին առաջադրված մեղադրանքից` Ս.Խաչատրյանի արարքում հանցակազմի բացակայության հիմնավորմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 9, դատական նիստի արձանագրման համառոտագրում և լազերային սկավառակ, թերթ 199-200 և 205):

7. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռի համաձայն` «(...) դատարանը (...) գտնում է, որ «ՄԱՊ» ՓԲԸ-ի և Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի միջև առկա վեճը ենթակա է լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով, ուստի Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի արարքին քրեաիրավական գնահատական տալիս, նախաքննական մարմինը հանգել է սխալ հետևության այն մասին, որ Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի արարքում առկա է յուրացնելու կամ վատնելու հանցակազմ:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող Գոռ Ալոյանը ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 4-րդ մասով և 54 հոդվածով` հայտարարեց, որ հրաժարվում է Սիլվա Ռոբիկի Խաչատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:

Վերը շարադրվածից ելնելով` դատարանը գտնում է, որ Ա/Ձ Սիլվա Խաչատրյանի վերաբերյալ պետք է կայացվի արդարացման դատավճիռ` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 207-215):

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման համաձայն` «Գործի նյութերով հիմնավորվել է, որ մեղադրողը դատական վիճաբանությունների փուլում իր ճառում հայտնել է, որ Դատարանում հետազոտված ապացույցներից պարզ է դարձել, որ Ս.Խաչատրյանի արարքում բացակայում է յուրացման հանցակազմը և հետո միայն հրաժարվել է Ս.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից, փաստորեն մեղադրողը Ս.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից հրաժարվել է վերջինիս գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, ուստի Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Խաչատրյանի վերաբերյալ կայացրած արդարացման դատավճիռը հիմնավորված է և օրինական և այն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:

(...) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասը] քրեադատավարական մյուս նորմերի նկատմամբ` այդ թվում նաև ընդհանուր մասում զետեղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի նկատմամբ, կիրառման առումով, ունի գերակայություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածն այստեղ իմպերատիվ պահանջ է դնում Դատարանի առջև` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության, ինչպես նաև դատախազի` մեղադրանքից հրաժարվելու դեպքում, կայացնել արդարացման դատավճիռ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով արդարացման դատավճիռ կայացնելու համար առկա են եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի` թե 2-րդ, և թե 4-րդ մասերով նախատեսված հիմքերը, ուստի Առաջին ատյանի դատարանը ցանկացած դեպքում պարտավոր էր կայացնելու արդարացման դատավճիռ:

(...) Իսկ ինչ վերաբերում է բողոքի այն պատճառաբանությանը, որ Դատարանը որպես արդարացման դատավճիռ կայացնելու հիմք դատավճռի եզրափակիչ մասում նշել է մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը մեղադրանքից հրաժարվել է արդարացնող` արարքում հանցակազմի բացակայության հիմքով և նման հետևության է հանգել նաև Առաջին ատյանի դատարանը (...):» (տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթ 266-274):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին, 7-րդ, 23-24-րդ, 35-րդ, 66-րդ, 306-րդ, 353-354-րդ, 366-րդ, 398-րդ հոդվածների պահանջները:

Համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Վարույթն առաջին ատյանի դատարանում» վերտառությամբ 9-րդ բաժնում ամրագրված նորմերը` բողոքաբերը եզրահանգել է, որ դատավճիռ կայացնելու համար դատարանը պետք է սպառի օրենքով նախատեսված դատական քննության բոլոր փուլերը, այսինքն` քրեական գործը պետք է անցնի դատական քննության բոլոր կառուցվածքային մասերով: Եթե դատարանը չի անցել այդ մասերը, ապա բացակայում են դատավճիռ կայացնելու պարտադիր նախադրյալները, ուստի այդ պայմաններում կայացված դատավճիռը ենթակա է բեկանման: Իսկ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանն իրավունք չունի շարունակելու վարույթը` ապահովելու համար դատավճիռ կայացնելու նախապայմանները (մասնավորապես ամբաստանյալի մասնակցությունը դատական վիճաբանություններին, նրա վերջին խոսքի իրավունքը): Դատական քննության առարկան դատախազի կողմից դատարան ներկայացված մեղադրանքի օրինականությունը, հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը ստուգելն է: Այն դեպքում, երբ դատախազը հրաժարվում է մեղադրանքից, ապա դատարանը չի կարող վարույթը շարունակել և պարտավոր է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:

10. Դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ մեղադրանքից հրաժարվելը բացառում է դատավճիռ կայացնելը` բողոքաբերը նաև կարծիք է հայտնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները վերաբերում են միայն մեղադրանքից մի ծավալով հրաժարվելու դեպքերին: Մի մասով մեղադրանքից հրաժարվելը մյուս մասով դատավարությունը շարունակելու խոչընդոտ չի հանդիսանում, ուստի դատարանը սպառում է դատավճիռ կայացնելու պատշաճ ընթացակարգը և կայացնում է մեղադրական դատավճիռ, որը մասամբ համարվում է արդարացման:

11. Բողոքաբերը վերլուծել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 66-րդ, 366-րդ հոդվածները և փաստել, որ ստորադաս դատարանները Ս.Խաչատրյանի նկատմամբ արդարացման դատավճիռ են կայացրել մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով` դրանով իսկ թույլ տալով դատավարական իրավունքի կոպիտ խախտում և օրենքի կամայական մեկնաբանություն: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ արդարացման հիմքերը չորսն են, որոնց շարքում դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելը նշված չէ, քանի որ դա դատավարական գործողություն է, այլ ոչ թե արդարացման հիմք:

12. Վերոգրյալի հիման վրա`բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 12-ի որոշումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով`մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու պատճառաբանությամբ կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` մեղադրողի կողմից դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքից հրաժարվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը Ս. Խաչատրյանի նկատմամբ պարտավոր էր կայացնել արդարացման դատավճի՞ռ, թե քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

i

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 306-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Մեղադրանքից դատախազի հրաժարվելու դեպքում դատարանը կարճում է քրեական գործով վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը, (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ»:

Մեջբերված քրեադատավարական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ դրանք մեղադրողի մեղադրանքից հրաժարվելու դեպքում տարբեր իրավական հետևանքներ են նախատեսում համապատասխան դատական ակտ կայացնելու տեսանկյունից: Նշված անհստակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Կ.Ստեփանյանի և Մ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ` ելնելով դատական քննության փուլի առջև դրված խնդիրներից և դատավճռի`որպես արդարադատության իրականացման կարևորագույն ակտի նշանակությունից և արձանագրել է, որ «(...) դատական քննության միջոցով դատարանն իրականացնում է արդարադատություն, որը նրա բացառիկ սահմանադրական իրավազորությունն է: Հետևաբար, դատական քննությունն արդարադատության իրականացման յուրահատուկ դատավարական ձև է, որի առարկան իրավական վեճն է պետության (տուժողի) և ամբաստանյալի միջև: Դատական քննությունը միտված է վերոնշյալ վեճի, ինչպես նաև դատական քննության խնդիրների լուծմանը և ավարտվում է դատավճռի կայացմամբ: Ընդ որում, դատավճիռ կայացնելով`դատարանը լուծում է ոչ միայն բուն դատական քննության առջև ծառացած անմիջական խնդիրները, այլև քրեական դատավարության և արդարադատության այլ խնդիրներ (կանխարգելիչ, դաստիարակչական և այլն):

Դատավճիռն արդարադատության իրականացման հիմնական ակտն է, որն իրենից ներկայացնում է կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի նորմի կիրառում: Սակայն, ի տարբերություն իրավակիրառման մյուս ակտերի, միայն դատավճռով է հնարավոր ամբաստանյալին մեղավոր ճանաչել և նրա նկատմամբ սահմանել պատիժ: Մյուս կողմից, եթե դատաքննության արդյունքում չի հաստատվում ամբաստանյալի մեղավորությունը, ապա դատարանը պարտավոր է կայացնել արդարացման դատավճիռ`ճանաչելով և հռչակելով հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը`այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Այլ խոսքով`արդարացման դատավճիռը ոչ այլ ինչ է, քան դատավարական գործունեության արդյունք, որով դատարանը փաստում է անձին ներկայացված մեղադրանքի անհիմն լինելը:

Արդարացման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի իրավասությունը, անշուշտ, անհրաժեշտ քրեադատավարական ինստիտուտ է, որը հնարավորություն է տալիս զերծ մնալ քրեական գործերն անտեղի դատաքննության փուլ տեղափոխելուց: Մինչդեռ, նշված հիմքով քրեական հետապնդման դադարեցումն արդեն իսկ սկսված դատաքննության պայմաններում, երբ հանցագործության փաստական հանգամանքները պարզելու նպատակով ուսումնասիրվում են ապացույցներ, արդարացված չէ և կարող է հանգեցնել ամբաստանյալի դատավարական երաշխիքների չեզոքացմանն ի համեմատ այն իրավիճակի, երբ նրա նկատմամբ կայացվեր արդարացման դատավճիռ: Խոսքը վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատավճռի (այդ թվում`արդարացման) նախադատելի նշանակությանը, ինչը ենթադրում է, որ դատարանի կողմից գործով հաստատված փաստերի մասին դատավճռում արված եզրահանգումները պարտադիր են նույն հանգամանքների առնչությամբ քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով գործեր քննող դատարանների և իրավակիրառ այլ մարմինների համար: Ավելին`քրեադատավարական օրենսդրությամբ առանձնակի կարգավորում է ստացել քաղաքացիական հայցով դատավճռի նշանակության խնդիրը, ըստ որի`նույն քաղաքացիական հայցով դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, որով հայցը մերժվել է, բացառում է քաղաքացիական հայցի հարուցումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մաս): Մինչդեռ, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նման հատկանիշներով օժտված չէ:

Վերոգրյալից բացի, միայն արդարացման դատավճիռը կարող է ամբողջապես ռեաբիլիտացնել ամբաստանյալին հասարակության աչքերում: Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, թեկուզև արդարացնող հիմքով, հասարակության մոտ կարող է նույնացվել անձի մեղքի «ապացուցված չլինելու» հետ, մինչդեռ դատական նիստում կայացված արդարացման դատավճիռը դատարանի հետևությունն է ամբաստանյալի անմեղության և ներկայացված մեղադրանքի հիմնազուրկ լինելու վերաբերյալ: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատաքննությունն սկսելուց հետո դատարանն ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության հարցի լուծումը կարող է տալ բացառապես դատավճռով:

i

(...) [Մ]եղադրանքից հրաժարվել դատախազը կարող է միայն այն դեպքում, երբ դատարանում հետազոտված փաստական տվյալների գնահատման արդյունքում գալիս է համոզման, որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված որևէ հիմք: Ընդ որում, քրեադատավարական օրենսդրությունը չի սահմանափակում մեղադրանքից հրաժարվելու դատախազի իրավասությունը դատական քննության փուլով, և մեղադրողը կարող է հրաժարվել մեղադրանքից ինչպես դատաքննությունն սկսելուց հետո, այնպես էլ նախքան այդ (նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ, օրինակ`տեղի է ունեցել արարքի ապաքրեականացում):

(...) [Կ]ախված այն հանգամանքից, թե դատական քննության հատկապես որ փուլում է դատախազն արտահայտում մեղադրանքից հրաժարվելու իր կամահայտնությունը, դրա իրավական հետևանքները պետք է տարբեր լինեն: Մասնավորապես,

ա) այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվում է նախքան դատաքննությունն սկսելը, դատարանը պետք է կայացնի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատավճիռը`որպես դատավարական գործունեության արդյունք, չի կարող կայացվել դատական նիստի նախապատրաստական փուլում.

բ) այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվում է դատաքննությունն սկսելուց հետո, դատարանը պետք է կայացնի արդարացման դատավճիռ, քանի որ դրա կայացումը հնարավոր է բացառապես քրեական գործն ըստ էության քննելու արդյունքում, իսկ գործող քրեադատավարական կարգավորումների պայմաններում դատարանում քրեական գործի ըստ էության քննությունն սկսվում է դատաքննության փուլով» (տե՛ս Կարեն Արարատի Ստեփանյանի և Մկրտիչ Աշոտի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ2/0030/01/13 որոշման 20-23-րդ կետերը):

15. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված և համապատասխանաբար Կ. Ստեփանյանի և Մ. Հովհաննիսյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված որևէ հիմքով մեղադրողի մեղադրանքից հրաժարվելը դատարանում գործի հետագա վարույթը բացառող հանգամանք է: Իսկ առաջին ատյանի դատարանում վարույթը, որպես կանոն, կարող է ավարտվել դատավճիռ կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով: Ընդ որում, այդ դատական ակտերի իրավական բնույթով պայմանավորված` դրանցից յուրաքանչյուրը կարող է կայացվել դատական քննության որոշակի փուլում: Ըստ այդմ, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ արդարացման դատավճիռ կայացնելու համար կանխորոշող է նաև այն փաստը, թե դատական քննության հատկապես որ փուլում է մեղադրողը հրաժարվում մեղադրանքից: Այն դեպքում, երբ դատախազը մեղադրանքից հրաժարվում է նախքան դատաքննությունն սկսելը, դատարանը պետք է կայացնի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Մինչդեռ, եթե դատախազը մեղադրանքից հրաժարվել է դատաքննությունն սկսելուց հետո, այդ թվում`դատական վիճաբանությունների փուլում, դատարանը պարտավոր է կայացնել արդարացման դատավճիռ:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն եզրահանգմանը, որ դատավճիռ կայացնելու համար դատարանը պետք է սպառի օրենքով նախատեսված դատական քննության բոլոր փուլերը, իսկ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ դատախազի հայտարարությունը բացառում է գործի վարույթը շարունակելը, հետևաբար նաև դատավճիռ կայացնելը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Կ. Ստեփանյանի և Մ. Հովհաննիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ. «Դատաքննությունն իր ամբողջության մեջ դատավարական (դատական) գործողությունների կատարման և որոշումների կայացման բարդ համակարգ է, որն իրականացվում է քրեադատավարական օրենքով ամրագրված իրավական կանոններին համապատասխան` նպատակ ունենալով պարզել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը: Այն դեպքում, երբ դատաքննության ընթացքում ի հայտ են գալիս ամբաստանյալի անմեղության մասին վկայող անհերքելի հանգամանքներ, որպիսին է նաև դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելը, դատական քննության հետագա փուլերը դառնում են առարկայազուրկ, հետևաբար դատարանը պետք է ավարտի գործի քննությունը` կայացնելով արդարացման դատավճիռ: Այլ խոսքով` արդարացման դատավճիռ կայացնելու համար դատարանը պարտավոր չէ սպառել օրենքով նախատեսված դատական քննության բոլոր փուլերը, ինչն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի այն պահանջից, որ «Դատարանը պարտավոր է սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ»» (տե՛ս նույն որոշման 24-րդ կետը):

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է բացառապես մեղադրանքից մի մասով հրաժարվելու դեպքերին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ հաստատում է Կ. Ստեփանյանի և Մ. Հովհաննիսյանի գործով որոշման մեջ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ. «(...) նշված քրեադատավարական նորմը չի նախատեսում, որ դատարանը կարող է արդարացման դատավճիռ կայացնել բացառապես այն դեպքում, երբ դատախազը մասնակիորեն է հրաժարվում մեղադրանքից, այլ ամրագրում է, որ դատախազի մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացման դատավճիռ: Այս դեպքում «մեղադրանքի այդ մասով» ձևակերպումը պետք է հասկանալ որպես ամբաստանյալին վերագրվող այն հանցավոր արարքը, որը դատախազի կարծիքով չի հաստատվել դատական քննության ընթացքում, որը կարող է լինել ինչպես ամբողջ մեղադրանքը, այնպես էլ դրա մի մասը» (տե՛ս նույն որոշման 24-րդ կետը):

i

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ նախաքննության մարմնի կողմից Ս. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-դ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանում`դատական վիճաբանությունների փուլում, մեղադրողը հայտարարել է, որ հրաժարվում է Ս. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքից`հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքից հրաժարվելու մասին մեղադրողի դիրքորոշումը, 2013 թվականի դեկտեմբերի 4-ին կայացրել է դատավճիռ, որով Ս. Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-դ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացվել է (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատարանը, արդարացման դատավճիռ կայացնելով, դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ չի տվել, 2014 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել դատախազի բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո`Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի կողմից դատական վիճաբանությունների փուլում մեղադրանքից հրաժարվելու պայմաններում Առաջին ատյանի դատարանը Ս.Խաչատրյանի նկատմամբ պարտավոր էր կայացնել արդարացման դատավճիռ և ոչ թե քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ ստորադաս դատարանները Ս. Խաչատրյանի արդարացման դատավճռի հիմքում դրել են քրեադատավարական օրենքով չնախատեսված հիմք, այն է` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելը (տես սույն որոշման 11-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մեղադրողը պատճառաբանված հրաժարվել է մեղադրանքից` արարքում հանցակազմի բացակայության հիմքով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հստակ նշել է, որ Ս. Խաչատրյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-դ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը: Այս հանգամանքն ընդգծել է նաև Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում (տես սույն որոշման 7-8-րդ կետերը): Իսկ ինչ վերաբերում է դատավճռում տեղ գտած այն ձևակերպմանը, որ «Սիլվա Խաչատրյանի վերաբերյալ պետք է կայացվի արդարացման դատավճիռ` մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով», ապա Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` արդարացման դատավճիռը (...) չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում, գտնում է, որ քրեադատավարական օրենքի այս խախտումը չի կարող հիմք ծառայել արդարացման` գործն ըստ էության ճիշտ լուծող դատավճիռը բեկանելու համար:

19. Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են և հիմնավորված, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը`թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Սիլվա Ռոբիկի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.08.2014
N ԱՐԴ/0089/01/12
Որոշում