Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10, 48-ՐԴ, 61-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10, 48-ՐԴ, 61-ՐԴ, 84-ՐԴ ԵՎ 36 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԱՎԴ4/0044/01/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՎԴ4/0044/01/13

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

    Դատավորներ`        Գ. Մելիք-Սարգսյան

                       Հ. Տեր-Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ տուժող      Խ. Տատոյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Վազգեն Գևորգի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ. Քոչարյանի պաշտպան Վ. Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 91158613 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ Վազգեն Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը որոշում է կայացվել Վ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել հրամանատարության հսկողության հանձնելը:

2013 թվականի նոյեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Վ. Քոչարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ նշանակել է պատիժ` կարգապահական գումարտակում պահելու ձևով` 6 (վեց) ամիս ժամկետով: Ամբաստանյալ Վ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է կալանավորմամբ, և նա արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում: Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ից:

3. Ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 25-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Վ. Քոչարյանի պաշտպան Վ. Զուռնաչյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Վ. Քոչարյանը դատապարտվել է այն բանի համար, որ «(...) նա 2013թ. հունիսի 22-ից 2013թ. հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ 70179 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հետախուզական դասակի 1-ին ջոկի հետախույզ-գնդացրորդի հաստիքը, կոչումով` շարքային, 2013թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 22:00-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` երեկոյան զբոսանքին չմասնակցելու և շարք չիջնելու համար անձնակազմի մյուս անդամներին շարահրապարակում պահելու պատճառով վիրավորանք է հասցրել իր նկատմամբ պետ հանդիսացող, նույն գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, օրվա պատասխանատու սպա, կապիտան Խաչատուր Հրայրի Տատոյանին, այն է` նշված ժամանակ գնացել է շարահրապարակ և այնտեղ գտնվող անձնակազմի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք տվել Խ.Տատոյանի մոր հասցեին, դրանով անպարկեշտ ձևով ստորացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 150-152):

6. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով Վ. Քոչարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 1 ամիս ժամկետով: Վ. Քոչարյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 135-139):

7. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռի ներածական մասում արձանագրված է, որ Վ. Քոչարյանը հանդիսանում է նախկինում դատված և դատվածություն չունեցող: Իսկ դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն. «(...) Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժն ինչպես ծանրացնող, այնպես էլ մեղմացնող հանգամանքները:

Որպես անձը բնութագրող տվյալներ` ամբաստանյալ Վազգեն Քոչարյանը կատարել է դիտավորյալ հանցագործություն, կատարածի համար զղջացել է, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է կալանքի և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվելով փորձաշրջան մեկ տարի ժամանակով, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 03-ի որոշման /այսուհետև` Համաներման ակտ/ 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով 2013 թվականի դեկտեմբերի 17-ի Դատարանի որոշմամբ ազատվել է մեկ ամիս ժամկետով կալանքի ձևով նշանակված պատժից, դատվածությունը մարված, միջնակարգ կրթությամբ, ամուրի, ֆիզիկապես առողջ, հրամանատարության կողմից բնութագրվել է բացասական` որպես անկարգապահ զինծառայող (...):

Տուժող Խ. Տատոյանը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել արարքին համարժեք օրենքով սահմանված պատիժ: (...)

Չնայած այն հանգամանքին, որ ամբաստանյալ Վազգեն Քոչարյանն իրեն մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարել է գտնվելով փորձաշրջանի մեջ, սակայն Դատարանը գտնում է, որ Համաներման ակտի կիրառմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառված` փորձաշրջանի մեջ գտնվող դատապարտյալ Վազգեն Քոչարյանին Դատարանի 17.12.2013թ. որոշմամբ պատժից ազատելու արդյունքում նաև նրա նկատմամբ սահմանված փորձաշրջանի վերացման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն, ամբաստանյալի դատվածությունը համարվում է մարված, և բացակայում է հանցագործությունների ռեցիդիվը:

ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է չորս հիմնական պատժատեսակ` զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձևով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքի ձևով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկման ձևով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

(...)

Դատարանը փաստում է, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող ամբաստանյալ Վազգեն Քոչարյանի կողմից արդեն իսկ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություն կատարելու համար վերջինիս նկատմամբ դատավճռով կալանքի ձևով նշանակված պատիժը չի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալը կրկին կատարել է համասեռ հանցագործություն, և Դատարանի համոզմամբ ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել մեղսագրվող արարքի համար նախատեսված կալանքից խիստ պատժատեսակ:

Միևնույն ժամանակ, Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող վերը նշված տվյալները, կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ելնելով պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, գտնում է, որ ամբաստանյալին մեղսագրված արարքի համար նախատեսված պատիժներից կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելու պայմաններում կարող է ապահովվել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 150-152):

8. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է հետևյալը. «(...) [Առաջին ատյանի դատարանն] իրավացիորեն փաստել է, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող ամբաստանյալ Վազգեն Քոչարյանի կողմից արդեն իսկ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված` ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով հանցագործություն կատարելու համար վերջինիս նկատմամբ դատավճռով կալանքի ձևով նշանակված պատիժը չի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված պատժի նպատակները` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալը կրկին կատարել է համասեռ հանցագործություն, և Դատարանի համոզմամբ ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել մեղսագրվող արարքի համար նախատեսված կալանքից խիստ պատժատեսակ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 48-52):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոգրյալ փաստարկի` բողոքաբերը շարադրել և Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումների լույսի ներքո վերլուծել է հիշատակված քրեաիրավական դրույթները, որից հետո եզրակացություն է արել այն մասին, որ ստորադաս դատարանները չեն պատճառաբանել, թե ինչու Վ. Քոչարյանին վերագրվող հանցագործության համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը չէր կարող ապահովել պատժի նպատակների իրագործումը: Ըստ բողոքաբերի` ամբաստանյալի նկատմամբ պատժի տեսակը և չափն ընտրելիս դատարանները հաշվի չեն առել Վ. Քոչարյանի անձը դրականորեն բնութագրող մի շարք փաստական տվյալներ, նրա ընտանեկան դրությունը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Բողոքի հեղինակը հիմնազուրկ է համարել նաև ստորադաս դատարանների այն դատողությունը, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել մեղսագրվող արարքի համար նախատեսված` կալանքից ավելի խիստ պատժատեսակը, քանի որ Վ. Քոչարյանն արդեն իսկ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է կատարել և նրա նկատմամբ նշանակվել է կալանքի ձևով պատիժ, որը չի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները: Այս կապակցությամբ բողոքաբերը շեշտել է, որ Վ. Քոչարյանի նախկին դատվածությունը մարվել է, հետևաբար չէր կարող հաշվի առնվել սույն գործով նրա նկատմամբ պատիժ նշանակելիս:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշումը, Վ. Քոչարյանի նկատմամբ նշանակել պատիժ կարգապահական գումարտակում պահելու ձևով` 3 ամիս ժամկետով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Վ. Քոչարյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել կարգապահական գումարտակում պահելու ձևով, քանի որ նա նախկինում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության համար արդեն իսկ դատապարտվել է կալանքի:

i

12. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:

(...)

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: (...)»:

13. Վճռաբեկ դատարանը Ս. Աղախանյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի] վերլուծությունից հետևում է, որ դատվածությունը բնորոշվում է որպես անձի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հանգամանք, հետևաբար դատվածություն ունեցող անձի համար նոր հանցագործություն կատարելու դեպքում ծագում են քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ: Միևնույն ժամանակ, նախկինում դատվածություն ունենալը չի նշանակում, որն անձն իր ամբողջ կյանքի ընթացքում համարվում է հանրային բարձր վտանգավորություն ունեցող: Քրեական օրենքը նախատեսում է դատվածությունը հանելու կամ մարելու հնարավորություն, որի դեպքում անձը օրենքի տեսանկյունից համարվում է որևէ հանցանք չկատարած, ուստի և նրա դատվածությունը չի կարող առաջացնել քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ, այդ թվում` չի կարող հաշվի առնվել նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս» (տե՛ս Սեյրան Կառլենի Աղախանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 21-22-րդ կետերը):

Վերահաստատելով և զարգացնելով Ս. Աղախանյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Ա.Շաքարյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը շեշտել է, որ «(...) մարված կամ հանված դատվածության պայմաններում անձի կողմից նախկինում հանցանք կատարած լինելը որպես նրա անձը բացասաբար բնութագրող հանգամանք հաշվի առնելն անթույլատրելի է: Նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագիր` դատարանը պարտավոր է այն ուղղակիորեն արտացոլել պատժի և պատասխանատվության անհատականացման ժամանակ: Մինչդեռ, մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում` չի կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա:

ՈՒստի, մարված կամ հանված դատվածության պայմաններում նախկինում հանցանք կատարած լինելը դիտելով որպես հանցավորի անձնավորությունը բացասաբար բնութագրող հանգամանք` դատարանը ոչ միայն կիմաստազրկի դատվածությունը հանելու, մարելու քրեաիրավական կառուցակարգերը, այլև կարող է խախտել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Արտաշ Իլյայի Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 15-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ. Քոչարյանը 2013 թվականի հունիսի 18-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 1 ամիս ժամկետով: Նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռում արձանագրել է, որ Վ. Քոչարյանի դատվածությունը մարված է: Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով` Վ. Քոչարյանն արդեն իսկ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է կատարել և նրա նկատմամբ կալանքի ձևով պատիժ է նշանակվել, որը չի ապահովել պատժի նպատակները, և ամբաստանյալը կրկին կատարել է համասեռ հանցագործություն: ՈՒստի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Վ. Քոչարյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել կալանքից խիստ պատժատեսակ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն փաստել է, որ Վ. Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար կալանքի ձևով նշանակված պատիժը չի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, ուստի ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել մեղսագրվող արարքի համար նախատեսված կալանքից խիստ պատժատեսակ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Փաստորեն, Վ. Քոչարյանը նախկինում դատապարտված է եղել և ստորադաս դատարաններն այդ դատվածությունը համարել են մարված: Չնայած այդ հանգամանքին` Վ. Քոչարյանի նկատմամբ պատժատեսակ ընտրելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում հանցագործություն է կատարել, նրա նկատմամբ նշանակվել է կալանքի ձևով պատիժ, որը չի ապահովել պատժի նպատակները, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել դա:

15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում, և համապատասխանաբար, Ս. Աղախանյանի և Ա.Շաքարյանի գործերով որոշումներում առկա իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ. Քոչարանի նախկին դատվածությունը ստորադաս դատարանների կողմից համարվել է մարված, որպիսի պայմաններում նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չէր կարող, այդ թվում` չէր կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա:

i

16. Միևնույն ժամանակ, սույն գործի փաստական տվյալները հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ. Քոչարյանին վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին: Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով Վ. Քոչարյանը նախորդ դատավճռով նշանակված պատժից ազատվել է, և նրա նկատմամբ սահմանված փորձաշրջանը վերացվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին: Նույն օրը Վ. Քոչարյանի նկատմամբ սույն գործով կայացվել է մեղադրական դատավճիռ (տե՛ս սույն որոշման 5-րդ և 7-րդ կետերը):

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Դատվածությունը մարվում է` պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում` փորձաշրջանն անցնելուց հետո»:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Եթե անձը մինչև դատվածությունը մարվելը նոր հանցանք է կատարում, ապա դատվածության մարման ժամկետն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը հաշվարկվում է վերստին` վերջին հանցագործության համար պատիժը (հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը լրանալը»:

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 9-րդ կետի 9-րդ ենթակետը նախատեսում է «Համաներումը չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»:

Ինչպես հետևում է սույն գործի փաստական տվյալներից` ամբաստանյալ Վ. Քոչարյանն իրեն մեղսագրվող դիտավորյալ հանցագործությունը կատարել է գտնվելով փորձաշրջանի մեջ, երբ նրա նախորդ դատվածությունը մարված չի եղել: Հետևաբար, Վ. Քոչարյանի առաջին դատվածության մարման ժամկետն ընդհատվել է, որպիսի պայմաններում ամբաստանյալի դատվածության մարված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

17. Վերոգրյալով հանդերձ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի (...) դատական ակտերը` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Սույն գործով կայացված դատական ակտերը վճռաբեկ վերանայման են ենթարկվում ամբաստանյալի պաշտպանի բողոքի հիման վրա, որով վերջինս խնդրել է Վ. Քոչարյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացման առումով փոփոխել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն իրավասու չէ իրավական հետևանք տալ սույն որոշման 16-րդ կետում արձանագրված խախտմանը:

18. Հիմք ընդունելով սույն որոշման 14-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը և եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ ամբաստանյալ Վ. Քոչարյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ, որը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Այդ առումով բողոքաբերի փաստարկները չեն բխում գործի փաստական տվյալներից և չեն կարող հիմք հանդիսանալ սույն գործով կայացված դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վ. Քոչարյանի պաշտպան Վ. Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Վազգեն Գևորգի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.08.2014
N ԱՎԴ4/0044/01/13
Որոշում