Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 48-ՐԴ, 61...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ, 48-ՐԴ, 61-ՐԴ, 242-ՐԴ Հ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի դատարանի որոշում
ՇԴ/0097/01/13
Քրեական գործ թիվ   ՇԴ/0097/01/13
Նախագահող դատավոր`  Լ.Թադևոսյան 
                  Դատավորներ`  Ա.Խաչատրյան
                                                Ա.Դանիելյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Դ.Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե.Դանիելյանի
Հ.Ասատրյանի
Ս.Ավետիսյանի
Ա.Պողոսյանի
Ս.Օհանյանի
 
քարտուղարությամբ Հ.Պետրոսյանի
մասնակցությամբ տուժողի Ա.Մարտիրոսյանի
ներկայացուցիչ

                   

2014 թվականի օգոստոսի 15-ին ք. Երևանում

 

i

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Կարեն Գրիգորի Վխկրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ մեղադրող Ա. Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

i

1. 2013 թվականի փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 18106713 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2013 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ Կարեն Գրիգորի Վխկրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածով:

2013 թվականի սեպտեմբերի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

i

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճռով Կ. Վխկրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Կ. Վխկրյանը դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով` զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Կ. Վխկրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով:

Տուժողի իրավահաջորդ Գ.Հովսեփյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, ամբաստանյալ Կ.Վխկրյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձվել է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ` որպես հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսեր: Մնացած մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության` տուժողի իրավահաջորդ Գ.Հովսեփյանին, ինչպես նաև տուժող Ն. ՈՒղուրլյանին իրավունք վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:

3. Ամբաստանյալ Կ. Վխկրյանի պաշտպան Թ. Յայլոյանի, մեղադրող Ա. Պողոսյանի և տուժողի իրավահաջորդ Գ. Հովսեփյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա.Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 2-ի որոշմամբ մեղադրող Ա. Պողոսյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

i

5. Ամբաստանյալ Կ. Վխկրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա, 2013 թվականի փետրվարի 17-ին` ժամը 19-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, վարելով իրեն պատկանող «BMW 525» մակնիշի 29 ՍՕ 063 պ/հ ավտոմեքենան և ընթանալով Գյումրու Գորկու անվան զբոսայգու կողմից Անի թաղամասի ուղղությամբ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն ու թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՃԵԿ-ի 65, 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ, նախապես հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես` ճանապարհային ծածկույթի վիճակը և չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, որի արդյունքում ավտոմոբիլը, դառնալով անկառավարելի, Գյումրու Շիրակացի փողոցի 66ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել հանդիպակաց ուղեմասի հարակից մայթ և այնտեղ վրաերթի ենթարկել հետիոտներ Թերեզա Գագիկի ՈՒղուրլյանին ու Նաիրի Պերճի ՈՒղուրլյանին և բախվել ճանապարհին կայանված «Mersedes Beոc» մակնիշի 90 ԼՏ 770 պ/հ ավտոմոբիլին, որն էլ բախվել է Շիրակացի փողոցի 66/1 հասցեում գտնվող անվադողերի վերանորոգման կետին: (...) Դրանից անմիջապես հետո, իջնելով ավտոմոբիլից, լքել է դեպքի վայրը, դիմել փախուստի և դեպքից 3-4 ժամ անց ներկայացել է ոստիկանություն ու հաղորդում տվել տեղի ունեցածի վերաբերյալ: Վրաերթի արդյունքում Թերեզա և Նաիրի ՈՒղուրլյաններին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ 21.02.2013թ. Թերեզա Գագիկի ՈՒղուրլյանը, վրաերթից ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Վրաերթի հետևանքով Նաիրի Պերճի ՈՒղուրլյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 95):

i

6. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճռի համաձայն` «Դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելով` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Գրիգորի Վխկրյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներին (...):

Պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առնում կատարված հանցագործության բնույթը, որ այն համարվում է անզգույշ հանցագործություն, ինչպես նաև ամբաստանյալի անձը, որ նա նախկինում դատված չի եղել, առաջին անգամն է, խնամքին ունի 14.03.2005թ. ծնված երկու անչափահաս երեխաներ, հարևանների կողմից բնութագրվել է դրական, ինքն իր կատարած արարքի համար զղջացել է: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած 4.667.000 ՀՀ դրամի քաղ. հայցի դեմ առարկել է, հայտարարելով, որ քաղ. հայցը ընդունում է մասնակի` 1.500.000 ՀՀ դրամի չափով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 98):

i

7. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 24-ի որոշման համաձայն` «(...) ամբաստանյալ Կարեն Վխկրյանի նկատմամբ նշանակվող պատժի տեսակը և չափը որոշելիս, Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի է առել ամբաստանյալին վերագրվող արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները և արդյունքում նշանակել է վերջնական արդարացի ու համաչափ պատիժ, որը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքների ծանրությանն ու դրանք կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործումը, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալին վերագրվող հանցանքներն ալկոհոլի ազդեցության տակ կատարելու հանգամանքի առնչությամբ պաշտպանության կողմը փաստարկ է ներկայացրել այն մասին, որ ամբաստանյալ Կ.Վխկրյանն ալկոհոլն օգտագործել է դեպքից հետո` ոստիկանություն դիմելուց առաջ, որպիսի հանգամանքը հերքող որևէ ապացույց ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել, (...):

i

Վերաքննիչ դատարանը սույն որոշման պատճառաբանական մասում շարադրված հիմնավորումներով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը համարում է ճիշտ (...) և գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Գրիգորի Վխկրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճիռն, ինչպես արարքի որակման, այնպես էլ պատժի նշանակման առումով օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, այն բեկանելու կամ փոփոխելու, ինչպես նաև ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չկան» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 122-123):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

i

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, սույն գործով կայացված դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին: Ըստ բողոքաբերի` դատարաններն ամբաստանյալ Կ. Վխկրյանի նկատմամբ նշանակել են ակնհայտ մեղմ պատիժ, որը չի բխում արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից և չի կարող նպաստել պատժի նպատակների իրականացմանը:

Ի հիմնավորում իր փաստարկների` բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել Կ.Վխկրյանին վերագրվող արարքների հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը: Ստորադաս դատարանները Կ. Վխկրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, ի թիվս այլ հանգամանքների, չեն պարզել, թե ինչու է նա թողել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և արդյոք դրանով փորձել է խուսափել պատահարի փաստով պայմանավորված իր պարտավորությունների կատարումից, պատշաճ չեն գնահատել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, Կ. Վխկրյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը թույլ տված խախտման և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ: Մասնավորապես, դատարանները հաշվի չեն առել, որ կոնկրետ իրադրությունում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը Կ. Վխկրյանի համար եղել է հավանական, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և դրա արդյունքում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը` ակնհայտ:

Ամբաստանյալ Կ. Վխկրյանը հանցանքը կատարել է` գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վրաերթից հետո որևէ միջոց չի ձեռնարկել տուժողներին համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար, պատճառված նյութական վնասը հարթելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել: Նախաքննության ընթացքում Կ. Վխկրյանը, նպատակ ունենալով դժվարին դարձնել դեպքի հանգամանքների բացահայտմանն ուղղված աշխատանքները և դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից, տվել է հակասական, իրարամերժ, ոչ արժանահավատ ցուցմունքներ, որոնք ամբողջությամբ հերքվել են նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, որպիսի պայմաններում ամբաստանյալն իր դրսևորած վարքագծով փորձել է խուսափել նաև կատարված արարքի և դրա հետևանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանն աջակցելուց:

10. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել Կ. Վխկրյանի կողմից հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելու հանգամանքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ փաստական տվյալի ապացուցվածության առումով առկա է չփարատված կասկած, որը պետք է մեկնաբանել հօգուտ ամբաստանյալի: Վերաքննիչ դատարանը, սակայն, որևէ պատճառաբանություն չի նշել այդ հանգամանքը հաստատելիս Առաջին ատյանի դատարանի կողմից ակնհայտ սխալ թույլ տալու առումով, որի պայմաններում Վերաքննիչ դատարանն ըստ էության դուրս է եկել վերաքննիչ դատարանում գործի քննության սահմաններից:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է պատժի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 24-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Կ. Վխկրյանի նկատմամբ նշանակված պատիժը բխո՞ւմ է արդյոք արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից:

i

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

(...)»:

i

Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշված որոշումներում Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:

i

14. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելու ընթացքում դատարանի կողմից հաշվի առնվող հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է մի շարք որոշումներում: Մասնավորապես, Ա. Սահակյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով պատժի տեսակ և չափ ընտրելիս դատարանները պետք է հաշվի առնեն հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը:

(...) վերոնշյալ գործերով դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին, որի արդյունքում տեղի է ունեցել հանցագործությունը: Նշված հանգամանքի կարևորումը պայմանավորված է նրանով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված` ճանապարհային երթևեկության կանոնների առավել կոպիտ խախտումները (լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը և այլն) վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը կարևոր նշանակություն ունի նաև հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար:

(...) Վճռաբեկ դատարանը կարևորում է հանցագործության կատարումից անմիջապես հետո հանցանք կատարած անձի վարքագիծը, ինչպես նաև նրա վարքագիծը հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը պետք է գնահատի այն հանգամանքը, թե հանցագործության կատարումից անմիջապես հետո ամբաստանյալն արդյոք անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տուժողին, թե, թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի: Հետագա վարքագծի գնահատման համար դատարանը պետք է ուշադրության արժանացնի նաև այն, թե քրեական գործի քննության ընթացքում ամբաստանյալն արդյոք ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, դեպքի վերաբերյալ տվել ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ, արդյոք որոշակի քայլեր է ձեռնարկել տուժողի կամ նրա հարազատների հետ հաշտվելու ուղղությամբ կամ ինքնակամ հատուցել է հանցագործության արդյունքում տուժողի բուժման կամ հուղարկավորության ծախսերը: (...)» (տե՛ս Արամ Սերյոժայի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ, 22-րդ կետերը):

i

Զարգացնելով Ա. Սահակյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն Է. Ասատրյանի գործով որոշման մեջ շեշտել է, որ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել: Բացի այդ, դատարանները պետք է գնահատեն, թե տվյալ խախտման արդյունքում, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը և որքանով էր ակնհայտ տրանսպորտային միջոցը վարողի համար իր կողմից թույլ տված խախտման և հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման միջև պատճառական կապի զարգացման հավանականությունը: Այլ խոսքով` համապատասխան գնահատականի պետք է արժանացվի կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: (...)» (տե՛ս Էդմոն Գարասիմի Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 18-րդ կետը):

ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելու ընթացքում դատարանի կողմից հաշվի առնվող հանգամանքներին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Առաքելյանի գործով կայացված որոշմամբ, որի համաձայն` «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը նպատակ է հետապնդում պատժել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված այն անձանց, ովքեր, թողնելով դեպքի վայրը, խուսափել են ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելուց, չեն ցանկացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին և աջակցել կատարված արարքի, դրա հետևանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանը:

(...)

Հանցավորի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության մասին ճիշտ պատկերացում կազմելու համար դեռևս բավարար չէ այն հանգամանքի պարզաբանումը, որ տրանսպորտային միջոց վարող անձն առանց ծայրահեղ անհրաժեշտության թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Նման իրավիճակներում անձի նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու համար անհրաժեշտ է պարզել և համապատասխան գնահատականի արժանացնել այն, թե արդյոք հանցավորը, դեպքի վայրը թողնելով, փորձել է խուսափել`

ա) ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելուց,

բ) ճանապարհատրանսպորտային պատահարի մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելուց,

գ) կատարված արարքի և դրա հետևանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանն աջակցելուց:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելով, կարող է փորձել թաքցնել հանցագործության կատարման փաստը, խուսափել իր պարտավորությունների կատարումից, և հակառակ դրան` հանցավորը կարող է նման նպատակներ չհետապնդել, միջոցներ ձեռնարկել տուժած անձանց օգնություն ցույց տալու, պատահարի մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու ուղղությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով լքել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված երկու իրավիճակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը, հետևաբար պետք է իրենց արտացոլումը գտնեն քրեաիրավական ներգործության միջոցի ընտրության ժամանակ, այլապես կխախտվեն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները» (տե՛ս Արթուր Սերգեյի Առաքելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՆԴ/0122/01/12 որոշման 18-րդ-19-րդ կետերը):

i

15. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ և 244-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս դատարանները, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնեն`

ա) թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը,

բ) հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները,

գ) հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը,

դ) հանցագործությունը կատարելուն նպաստող պայմանները,

ե) հանցագործության կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը,

զ) կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,

է) ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը հանցավորի կողմից թողնելու նպատակը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ գործերով առանց վերոգրյալ հանգամանքները պարզելու և օբյեկտիվորեն հաշվի առնելու հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշված հանգամանքներից որևէ մեկն անտեսելու արդյունքում նշանակված պատիժը չի համապատասխանի արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին և չի ապահովի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժի նպատակների իրականացումը:

i

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Վխկրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ոգելից խմիչք օգտագործած վիճակում վարելով իրեն պատկանող ավտոմեքենան և ընթանալով Գյումրու Գորկու անվան զբոսայգու կողմից Անի թաղամասի ուղղությամբ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն ու թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, այն է` նախապես հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես` ճանապարհային ծածկույթի վիճակը և չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, որի արդյունքում ավտոմեքենան, դառնալով անկառավարելի, Գյումրու Շիրակացի փողոցի 66ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել հանդիպակաց ուղեմասի հարակից մայթ և այնտեղ վրաերթի ենթարկել հետիոտներ Թ. ՈՒղուրլյանին, Ն. ՈՒղուրլյանին և բախվել ճանապարհին կայանված այլ ավտոմեքենայի, որն էլ բախվել է Շիրակացի փողոցի 66/1 հասցեում գտնվող անվադողերի վերանորոգման կետին: Դեպքից անմիջապես հետո Կ. Վխկրյանը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, դիմել փախուստի և միայն 3-4 ժամ անց ներկայացել է ոստիկանության բաժին: Վրաերթի արդյունքում Թ. ՈՒղուրլյանը մահացել է, իսկ Ն. ՈՒղուրլյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Կ. Վխկրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածով և նրա նկատմամբ հանցանքների համակցությամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 2 տարի 3 ամիս ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով: Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելով` գտնում է, որ Կ. Վխկրյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել այն, որ կատարված հանցագործությունը համարվում է անզգույշ, ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, առաջին անգամն է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, բնութագրվում է դրականորեն, կատարած արարքի համար զղջացել է (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Կ. Վխկրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի է առել ամբաստանյալին վերագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող հանգամանքները և արդյունքում նշանակել է համաչափ պատիժ, որը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, համապատասխանում է կատարված հանցանքների ծանրությանն ու դրանք կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբաստանյալ Կ. Վխկրյանի նկատմամբ նշանակված պատժի առումով օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, հետևաբար այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

i

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով 13-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաստատված համարելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով նախատեսված արարքներ կատարելու մեջ ամբաստանյալ Կ. Վխկրյանի մեղքը` Առաջին ատյանի դատարանը, նրա նկատմամբ պատիժ նշանակելիս գնահատման չի ենթարկել թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ Կ. Վխկրյանի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, դեպքից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը, ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու նպատակը:

Վերոգրյալի փոխարեն Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Կ. Վխկրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել մի շարք հանգամանքներ, որոնք չեն բխում գործի փաստական տվյալներից կամ չեն կարող որպես այդպիսին հաշվի առնվել: Մասնավորապես, դատարանը հաշվի է առել այն, որ կատարված հանցագործությունը համարվում է անզգույշ, մինչդեռ Կ.Վխկրյանին վերագրվող արարքներից միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվածն է անզգույշ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված արարքը բնութագրվում է բացառապես մեղքի դիտավորյալ ձևով:

Առաջին ատյանի դատարանը Կ. Վխկրյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն, որ վերջինս կատարած արարքի համար զղջացել է, մինչդեռ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար եզրահանգելու, թե հատկապես ինչում է արտահայտվել հանցավորի զղջալը:

Վերաքննիչ դատարանն իր հերթին, անտեսելով պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումները, իր դատական ակտում ընդհանրական ձևակերպումներով շեշտել է, որ դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի է առել ամբաստանյալին վերագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող հանգամանքները և արդյունքում նշանակել է համաչափ պատիժ:

i

18. Հիմք ընդունելով սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կ. Վխկրյանի նկատմամբ նշանակված պատիժը չի բխում արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից: Ստորադաս դատարաններն ամբաստանյալ Կ. Վխկրյանի նկատմամբ պատիժ են նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության և պատասխանատվության անհատականացման, ինչպես նաև պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտմամբ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական և չհիմնավորված դատական ակտերի կայացմանը:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հիմք են Վերաքննիչ դատարանի 2014 թվականի փետրվարի 24-ի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

19. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ գործը պետք է ուղարկվի Վերաքննիչ դատարան` նոր քննության, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների խախտման վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

i

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Կարեն Գրիգորի Վխկրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ.Ավետիսյան
Դատավորներ` Ե.Դանիելյան
Հ.Ասատրյան
Ս.Ավետիսյան
Ա.Պողոսյան
Ս.Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.08.2014
N ՇԴ/0097/01/13
Որոշում