Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ Մ ...

 

 

020.1176.021214

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 95-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 96-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 դեկտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Ս. Գրիգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի և գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի և 96-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի` 2014 թվականի հունիսի 30-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ մաքսային օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2000 թվականի հուլիսի 6-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2000 թվականի օգոստոսի 9-ին, ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 1-ից: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված և 2013 թվականի հունվարի 6-ին ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-224-Ն ՀՀ օրենքով ՀՀ մաքսային օրենսգրքի վիճարկվող խմբագրությամբ 95-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ 96-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվել են լրացումներ:

ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի և 96-րդ հոդվածի 2-րդ մասի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործը:

Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի` սույն գործով վիճարկվող դրույթը սահմանում էր. «Ապրանքներ տեղափոխող անձի գրավոր դիմումի հիման վրա, հինգ օրվա ընթացքում, մաքսային մարմինները պարտավոր են գրավոր տեղեկացնել մաքսային արժեքի չափի և դրա որոշման եղանակի մասին»:

ՀՀ մաքսային օրենսգրքի վիճարկվող 96-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս, հայտարարագրի ներկայացման օրը կազմում և հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. քաղաքացի Սերգեյ Գրիգորյանը (այսուհետ` դիմող) 19.05.2012թ. Ճապոնիայում ձեռք է բերել 2004թ. արտադրության ավտոմեքենա (այսուհետ` գույք): Ըստ դիմողի` գործարքը փաստաթղթավորվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով նախատեսված պահանջներին համապատասխան` հաշիվ-ապրանքագրի տեսքով: Այնուհետև, դիմողի կողմից գույքի տեղափոխման և ՀՀ մաքսային սահման հասցնելու ընթացքում գույքի վրա կատարված բոլոր ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ներկայացվել են մաքսային մարմիններին:

20.07.2012թ. գույքի մաքսազերծումն իրականացնելու նպատակով դիմողը ներկայացել է մաքսային ձևակերպումների բաժին, որտեղ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ըստ դիմողի` տեղեկացել է, որ գույքի մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման պրակտիկան մաքսային մարմիններում բացառվում է:

Նույն օրը դիմողը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ՀՀ մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածով նախատեսված կարգով, ներկայացնելով գույքի փաստաթղթերը և կատարելով ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդով կատարված գույքի մաքսային արժեքի հաշվարկը, և խնդրել է կիրառել օրենքով սահմանված հաշվարկը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 25.07. 2012թ. թիվ 23001/8-1 գրությամբ մերժել է դիմողի դիմումը` որպես մերժման պատճառաբանություն նշելով, որ «ներկայացված փաստաթղթերում բացակայում է Վրաստանի Փոթի նավահանգստում կատարված ավտոմեքենայի բեռնաթափման և մինչև ՀՀ մաքսային սահման Ձեր կողմից ավտոմեքենայի տեղափոխման համար կատարված հիմնավոր ծախսերը»:

Դիմողը նշված գրությունը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան` որպես վարչական ակտ, դատարանին խնդրելով անվավեր ճանաչել հիշյալ վարչական ակտը:

15.03.2013թ. վճռով ՀՀ վարչական դատարանը հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ դիմողի կողմից մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերում բացակայել են գույքի բեռնման և բեռնաթափման, ինչպես նաև ձեռք բերված վառելանյութի ծախսերը հավաստող փաստաթղթերը: Վարչական դատարանի եզրահանգումը հիմնվել է նաև այն հանգամանքի վրա, որ դիմողի կողմից մաքսային մարմիններին չէր ներկայացվել հայտարարագիր, հետևաբար` մաքսային մարմինների կողմից չէր կարող մերժված լինել նման հայտարարագիրը:

Դիմողը վերը նշված վճիռը բողոքարկել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որը 24.09.2013թ. որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի` անվավեր է ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 25.07.2012թ. թիվ 23001/8-1 գրությունը և վերջինիս պարտավորեցրել է գույքի մաքսային արժեքի հաշվարկման նպատակով կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված գործարքի գնի մեթոդը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 26.12.2013թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն` բեկանելով վարչական վերաքննիչ դատարանի 24.09.2013թ. որոշումը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 25.07.2012թ. թիվ 23001/8-1 գրությունն անվավեր ճանաչելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գույքի մաքսային արժեքի հաշվարկման նպատակով ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված գործարքի գնի մեթոդը կիրառելուն պարտավորեցնելու մասով և կարճելով վարչական գործի վարույթը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 25.07.2012թ. թիվ 23001/8-1 գրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով` ուժի մեջ թողնելով ՀՀ վարչական դատարանի որոշումը:

3. Դիմողը գտնում է, որ սույն գործով իր նկատմամբ կիրառված նորմերն ակնհայտորեն չեն բավարարել իրավական որոշակիության պահանջները, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 8 և 31-րդ հոդվածներով սահմանված` իր սեփականության իրավունքը, որի իրացումը շարունակաբար խոչընդոտվում է գույքն օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու անհնարինության պատճառով:

Դիմողի կարծիքով` ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխանը չի կարող դիտվել որպես վարչական ակտ, չի բխել ոչ օրենքի տեքստի նշանակությունից, ոչ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված իմաստից:

Այն, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի պատասխանը հանդիսացել է վարչական ակտ, ըստ դիմողի` փաստվում է նախ նրանով, որ միայն այդպիսի վարչական ակտերով է հնարավոր ստանալ ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված գործարքի գնի եղանակով գույքի մաքսազերծման թույլտվություն (սույն հարցին իր որոշման մեջ անդրադարձել է նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը): Բացի դրանից, ըստ դիմողի` «հենց ՊԵԿ 20/07/2012թ.-ի գրությունն ինքնին փաստում է առ այն, որ իրավաչափորեն պրակտիկա է եղել նման դիմումներով մաքսազերծման մեթոդի ընտրությունը կատարելը, և, որ ՊԵԿ ուղղված դիմումի պատասխանը, միաժամանակ, եղել է նաև ցուցում հենց մաքսատան պետին...»:

Ինչ վերաբերում է մաքսազերծման մեթոդի ընտրության հարցում 86-րդ հոդվածին, 128-րդ հոդվածի առաջին մասին, 134-րդ հոդվածին, 96-րդ հոդվածի 2-րդ մասին, դիմողի կարծիքով` այդ նորմերով նախատեսված մաքսազերծման համար ներկայացվող հայտարարագրի ներկայացումը հանդիսանում է 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի պատասխանին հաջորդող փուլը, այլ ոչ` գործարքի գնի մեթոդի ընտրության համար անհրաժեշտ պայման: Ըստ դիմողի` ավելին, ոչ միայն վարչական պրակտիկայում, այլ նաև հենց մաքսային օրենսգրքի ամբողջ տեքստից չի բխում, որ մաքսազերծման մեթոդի ընտրության հարցում հայտարարագրի ներկայացումը պարտադիր պայման է: Դա հնարավոր չէ պատկերացնել նաև գործնականում, քանի որ առանց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված դրական պատասխանի հնարավոր չէ գույքը մաքսազերծել մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված մեթոդով:

Դիմողը գտնում է, որ նման անորոշության մեկ այլ ապացույց են հանդիսանում նաև այս հարցի վերաբերյալ դատարանների իրարամերժ դիրքորոշումները: Ըստ դիմողի` Ազգային ժողովի 05.12.2012թ. «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-224-Ն օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է նրանով, որ իրավական որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով հարկավոր է դադարեցնել 95-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը, որով և օրենսդրի կողմից փաստվել է, որ դրա գործողությունը ստեղծում է իրավական անորոշություն:

Դիմողը նաև ուշադրություն է հրավիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված` սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հիմնական սկզբունքների ու չափորոշիչների վրա:

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ քննարկվող նորմերով սահմանված կարգավորումների համատեղ ամրագրումը մաքսային օրենսգրքով և կիրառումը մաքսային իրավահարաբերություններում չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին և չի խախտում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 82, 128, 134 և 96-րդ հոդվածների վերլուծության արդյունքում պատասխանողը գտնում է, որ օրենսգիրքը հստակ սահմանել է ապրանքի մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով որոշելու որոշակի ընթացակարգ, այն է` հայտարարագիր ներկայացնելու և այն մաքսային մարմնի կողմից ընդունելու ձևը: Այդ դեպքում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հայտարարագրում է ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը, որից հետո մաքսային մարմինների կողմից որոշվում է գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքն ընդունելու հարցը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության արդյունքում պատասխանողը եզրակացնում է, որ մաքսային մարմինների կողմից տրված գրավոր եզրակացությունը որևէ կերպ չի կարող հանդիսանալ վարչական ակտ, այդ թվում` նաև միջամտող վարչական ակտ: Նշված տեղեկությունն ունի բացառապես խորհրդատվական նշանակություն, դրանով անձի իրավունքները որևէ կերպ չեն սահմանափակվում, նրա համար որևէ պարտականություն չի առաջանում: Նշված տեղեկատվությունն անձի կողմից կարող է օգտագործվել բացառապես օրենսգրքի 73-րդ հոդվածում նշված նպատակներով:

5. Սահմանադրական դատարանն անդրադառնալով օրենսգրքի` դիմողի կողմից սույն գործով վիճարկվող 95-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին, հարկ է համարում արձանագրել, որ օրենսգրքի` դիմողի մասնակցությամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ տեքստի 86 և 87-րդ հոդվածների, 88-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, 95-րդ հոդվածի 5-րդ մասի, 96-րդ հոդվածի 1-ին մասի, 128-134-րդ հոդվածների վերլուծությունից բխում է, որ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխողը պարտավոր էր հայտարարագրել մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը, և առկա չէր որևէ խոչընդոտ, որպեսզի վերջինս մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը հաշվարկեր գործարքի գնի մեթոդով կամ ինքնուրույնաբար ընտրեր մաքսային արժեքի որոշման եղանակը` առանց ՀՀ մաքսային օրենսգրքի նախորդ խմբագրությամբ տեքստի 95-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` մաքսային արժեքի չափի և դրա որոշման եղանակի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ մաքսային մարմիններին դիմում ներկայացնելու:

Այլ խնդիր է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների հնարավոր անհամաձայնությունը, որպիսի իրավահարաբերությունը կարգավորված էր և ներկա պահին կարգավորվում է ՀՀ մաքսային օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով:

Ավելին, ավտոմեքենան երբևէ հայտարարագրված չլինելու և դիմողի` 20.07.2012 թվականի դիմումը ՀՀ մաքսային օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված լինելու հանգամանքն ընդունել է նաև դիմողը, ինչը հաստատված է դիմողի գործով ընդունված վերջնական դատական ակտով, այն է` ՀՀ վճռաբեկ դատարանի` 26.12.2013 թվականի թիվ ՎԴ/5445/05/12 վարչական գործով կայացրած որոշմամբ:

i

Վերոգրյալը համադրելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի, 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 7-րդ մասի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների հետ, սահմանադրական դատարանն ակնհայտ անհիմն է համարում օրենսգրքի նախորդ խմբագրությամբ տեքստի` դիմողի կողմից վիճարկվող 95-րդ հոդվածի 1-ին մասի հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները:

Միաժամանակ, վերլուծելով միջազգային իրավական ակտերով, մասնավորապես, «Առևտրի և սակագների մասին» 1994թ. Գլխավոր համաձայնագրով (VII գլուխ), ՄԱԿ-ի 1973 թվականի «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» կոնվենցիայով և այլ փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների համատեքստում վիճարկվող նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմերի սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով տեղափոխման կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդն ընդհանուր կանոն է, իսկ մաքսային արժեքի որոշման մյուս այլ մեթոդները` բացառություն ընդհանուր կանոնից:

Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, մաքսային իրավակարգավորումների նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից:

Վերոգրյալի հիման վրա և միջազգային իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների համատեքստում սահմանադրական դատարանը գտնում է, որ մաքսային արժեքի որոշման ընդհանուր կանոնին համապատասխան` գործարքի գնի մեթոդի կիրառման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել այն տրամաբանությամբ, որ այդ գործարքի իրականացման ժամանակ վճարային փաստաթղթերով ներկայացված տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել դրանց անարժանահավատ կամ ոչ հավաստի լինելը:

6. Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում կարևորում է նաև վեճի առարկա հոդվածների և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ մաքսային օրենսգրքի այլ հոդվածների համադրված վերլուծության անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև դրանց հաճախակի փոփոխման հանգամանքը: Ի դեպ, ուսումնասիրությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում առավել հաճախակի փոփոխվող օրենքներից են հատկապես մաքսային և հարկային իրավահարաբերությունները կարգավորող օրենքները: Այսպես, օրինակ, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը 06.07.1998 թվականից մինչև 05.12.2013 թվականը փոփոխվել կամ լրացվել է 43 անգամ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը 19.06.1998 թվականից մինչև 21.06.2014 թվականը` 152 անգամ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը 08.09.1997 թվականից մինչև 21.06.2014 թվականը` 70 անգամ և այլն: Սույն գործի շրջանակներում վիճարկման առարկա դարձած ՀՀ մաքսային օրենսգիրքը 26.12.2000 թվականից մինչև 21.06.2014 թվականը փոփոխվել և լրացվել է 40 տարբեր օրենքներով:

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության` մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում: Մասնավորապես, սահմանադրական դատարանը կարևորում է սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթների փոփոխության, լրացման համատեքստում օրենսդրական նորմերի հստակության ու որոշակիության ապահովումը` հայտարարատուի կողմից մաքսային արժեքի հայտարարագրման համար ներկայացվող հայտարարագրի, մաքսային մարմիններից խորհրդատվական բնույթի տեղեկատվության ստացման, մաքսային մարմինների կայացրած ակտերի բողոքարկելիության դեպքերի, հիմքերի և կարգի կանոնակարգման հարցում:

Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 96-ի առնչությամբ դիմողի կողմից բարձրացված հարցադրումների տեսանկյունից նշված հոդվածի նախկին և առկա իրավակարգավորումներն էականորեն չեն տարբերվում: Միաժամանակ, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ում և հոդված 68-ի 9-րդ մասում համապատասխանաբար ամրագրված` գործի հանգամանքների ի պաշտոնե պարզման և վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականության գնահատման վերաբերյալ դրույթներով` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ օրենսգրքի գործող խմբագրությամբ 96-րդ հոդվածի 2-րդ, 2.1-րդ և 3-րդ մասերով կանոնակարգվող իրավահարաբերությունների ներքին փոխհարաբերակցության և ներդաշնակության հիմնահարցերին: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած այնպիսի իրավիճակի հաղթահարման անհրաժեշտությամբ, երբ ապրանքի մաքսային արժեքի որոշման` օրենքով նախատեսված հիմնական կանոնը փաստացի դառնում է բացառություն, իսկ բացառությունը` հիմնական կանոն:

Այսպես, օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ տարածքային (տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային) մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում վերջիններս, սույն օրենսգրքով սահմանված ժամկետում կազմում և հայտարարատուին են տրամադրում վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն: Մերժման եզրակացության հետ միասին տարածքային մաքսային մարմինները հայտարարատուին ներկայացնում են մաքսային արժեքի չափը և որոշման եղանակը` հիմնավորելով նաև սույն օրենսգրքի 94 հոդվածով նախատեսված հերթականությամբ մաքսային արժեքի որոշման մեթոդներով ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինությունը»:

«ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 05.12.2012 թվականի ՀՕ-224-Ն ՀՀ օրենքով օրենսգրքի 96-րդ հոդվածը լրացվեց 2.1 մասով, որով սահմանվեց «Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու մերժման վերաբերյալ մինչև վերջնական որոշում ընդունելը, բայց ոչ ուշ, քան սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտարարատուին գրավոր ներկայացնում են գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքները և առաջարկում են հայտարարատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, որոնց քննության արդյունքում, նշյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում են որոշում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ կամ ընդունում են հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը»:

Օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ անհամաձայնության դեպքում հայտարարատուն, մերժման եզրակացությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և տեղյակ պահել հայտարարատուին: Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից»:

Անդրադառնալով նշված դրույթներում առկա իրավակարգավորումներին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննարկվող հոդվածի 2-րդ, 2.1-րդ և 3-րդ մասերի համադրված վերլուծությունից պարզ չի դառնում հայտարարատուին վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով մերժման եզրակացության տրամադրման, և մինչև վերջնական որոշում ընդունելը հայտարարատուին գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքների վերաբերյալ գրավոր տեղեկացման հերթականության և հոդվածի համապատասխան մասերում գործածվող «մերժման եզրակացություն» և «վերջնական որոշում» հասկացությունների փոխհարաբերակցության հարցը: Նման վիճակը կարող է վարչական մարմինների հայեցողության սահմանների ոչ իրավաչափ ընդլայնման և մարդու իրավունքների խախտման վտանգ ստեղծել:

Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող հոդվածի 2.1-րդ մասում առկա կանոնակարգումը, այն է` մինչև վերջնական որոշում ընդունելը գործարքի գնի մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի ընդունմանը խանգարող հանգամանքների վերաբերյալ հայտարարատուին տեղեկացնելը և վերջինիս լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ գրավոր ներկայացնելու առաջարկը պետք է նախորդեն հոդվածի 2-րդ մասում սահմանված մերժման եզրակացության կայացմանը:

Ինչ վերաբերում է օրենսգրքի քննարկվող հոդվածում «վերջնական որոշում», «որոշում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ» և «մերժման եզրակացություն» հասկացությունների գործող օրենսդրական կանոնակարգումներին, ապա դրանցից պարզ չի դառնում, թե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ձևով և բովանդակությամբ միևնույն, թե տարբեր ակտերին: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության:

Նշված կարգավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախքան 2012 թվականի ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելը 96-րդ հոդվածով սահմանված էր միայն «մերժման եզրակացություն» հասկացությունը, իսկ 2.1-րդ մասով նշյալ հասկացությունը չի հիշատակվում, այլ գործածվում են «վերջնական որոշում» և «որոշում մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ» հասկացությունները: Վերոնշյալ կարգավորումների համաձայն` նշված երկու ակտերն ընդունվում են տարածքային մաքսային մարմինների կողմից: Միաժամանակ 96-րդ հոդվածի 3-րդ մասը չի նախատեսում նույն հոդվածի 2.1-րդ մասով սահմանված տարածքային մարմինների կողմից ընդունված որոշումների բողոքարկման հնարավորություն` նախատեսելով միայն մերժման եզրակացության բողոքարկումը: Օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ, 2.1-րդ և 3-րդ մասերում սահմանված ոչ հստակ կարգավորումները կարող են հանգեցնել հայտարարատուների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացման արգելափակմանը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու` Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չպետք է որևիցե կերպ ոտնահարվի օրենսդրական տեխնիկայի նման թերությունների և բացթողումների պատճառով: Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ վերադասության կամ դատական կարգով պետք է բողոքարկելի լինեն և «մերժման եզրակացությունը» (նման դատական բողոքարկման հնարավորություն նախատեսված է օրենսգրքի քննարկվող հոդվածի 3-րդ մասում), և «վերջնական որոշումը» կամ «մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելը մերժելու վերաբերյալ որոշումը», որոնք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդված 53-ի համաձայն` դիտվում են որպես վարչական ակտեր: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքները:

Սահմանադրական դատարանը միաժամանակ փաստում է, որ, առաջնորդվելով իրավունքի գերակայության սկզբունքով, մաքսային մարմինը, հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափի կամ որոշման եղանակի հետ կապված անհամաձայնության դեպքում, պարտավոր է օրենսգրքով սահմանված ժամկետներում դրա վերաբերյալ կայացնել պատճառաբանված եզրակացություն և/կամ որոշում, և անկախ հայտարարատուի գրավոր կամ բանավոր պահանջից` պետք է հայտարարատուին տրամադրի նշյալ եզրակացությունը և/կամ որոշումը` վերջինիս կողմից Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ համարժեք միջոցներ ձեռնարկելու համար: Իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի սահմանադրաիրավական առումով իրավաչափ նման մոտեցմամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 32, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի և 96-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը` ՀՀ մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի մասով կարճել:

2. ՀՀ մաքսային օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 դեկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1176

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.12.2014
N ՍԴՈ-1176
Որոշում