Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ...

 

 

020.1178.021214

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`»ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 դեկտեմբերի 2014թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված` «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 27.11.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2014թ. օգոստոսի 6-ին:

2. Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 50.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:

3. Համաձայնագրի նպատակն է ՀՀ արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումը և ձեռնարկություններին տրամադրվող` որակի կառավարման ծառայությունների կարողությունների ամրապնդումը:

4. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել հիսուն միլիոն (50.000.000) ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` Համաձայնագրի Բաժին 2.07-ի դրույթների համաձայն, Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված ծրագրի («Ծրագիր») ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: Փակման ամսաթիվը 2020թ. հունիսի 30-ն է:

5. Համաձայնագիրն ունի չորս առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարում», Առդիր 3. «Մարման ժամանակացույց», Առդիր 4. «Հատկացումների հետ կապված ցուցանիշները», Հավելված և 2 Լրացուցիչ նամակներ:

6. Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից` Մաս Ա. «Առևտրի խթանման և որակի համակարգերի արդյունավետության բարելավում», Մաս Բ. «Ներդրումների և արտահանման խթանում», Մաս Գ. «Ազգային որակի ենթակառուցվածքի արդիականացում», Մաս Դ. «Ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում»:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. վճարել վճարման ենթակա սկզբնական վճարը Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդի (0.25%) չափով (Հոդված II. 2.03),

. կիսամյակային մուծումներով` յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, յուրաքանչյուր Տոկոսագումարի ժամանակահատվածի համար վճարել տոկոսը, որի դրույքը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված հաշվարկային դրույքին գումարած Փոփոխական սպրեդը` պայմանով, որ վարկի մայր գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասը փոխարկելու դեպքում փոխարկման ժամանակաշրջանում ՀՀ կողմից վճարման ենթակա տոկոսները կհաշվարկվեն Ընդհանուր պայմանների Հոդված IV-ի դրույթների համաձայն. չնայած վերոհիշյալին, եթե վարկի առհանված մնացորդի որևէ գումար չի վճարվում սահմանված ժամկետում, և նման չվճարումը շարունակվում է 30 օր ժամանակահատվածով, ապա վճարման ենթակա տոկոսները հաշվարկել Ընդհանուր պայմանների 3.02-րդ բաժնի ե) կետին համապատասխան (Հոդված II, կետեր 2.04 և 2.05),

. կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին` սկսած 2024 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2038 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ մարել Վարկի հիմնական գումարը 3.33%-ի չափով, իսկ 2039 թվականի փետրվարի 15-ին` 3.43%-ի չափով (Հոդված II, բաժին 2.06, Առդիր 3, կետ 1),

. մայր գումարի վճարման ամսաթվի դրությամբ Վարկի միջոցների ամբողջությամբ չառհանման դեպքում մարել մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված Վարկի գումարը` համաձայն Համաձայնագրի 3-րդ առդիրի 1-ին կետով նախատեսված կարգով, ինչպես նաև վճարման առաջին ամսաթվից հետո առհանված գումարը մարել առհանման ամսաթվին հաջորդող` Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Բանկի կողմից որոշված չափով` բազմապատկելով մասհանված յուրաքանչյուր գումարը կոտորակային թվով, որի համարիչում Մայր գումարի վճարման ամսաթվի համար Համաձայնագրի 3-րդ ժամանակացույցի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված մասնակի մարման սկզբնական մասնաբաժինն է (Մասնակի մարման սկզբնական մասնաբաժին), իսկ հայտարարում` այդ ամսաթվի դրությամբ կամ դրան հաջորդող Մայր գումարի վճարման ամսաթվերին մարման ենթակա բոլոր սկզբնական մասնակի մարման մասնաբաժինների հանրագումարը. անհրաժեշտության դեպքում նշված գումարները ճշգրտել` նվազեցնելով Համաձայնագրի 3-րդ առդիրի 4-րդ կետում նշվող այն գումարները, որոնց վրա տարածվում է արժույթի փոխարկումը (Առդիր 3, կետ 2),

. փաստել Ծրագրի նպատակի իրագործման` ՀՀ հանձնառության մասին և այս նպատակով, Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթների համաձայն, Ծրագիրն իրականացնել` Ծրագրի Ա, Գ և Դ մասերը Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) միջոցով` միաժամանակ համակարգելով Ծրագրի Գ մասի իրականացումը Չափագիտության ազգային ինստիտուտի (ՉԱԻ), Հավատարմագրման ազգային մարմնի (ՀԱՄ) և Ստանդարտացման ազգային ինստիտուտի (ՍԱԻ) հետ, Ծրագրի Բ.1 և Բ.2 մասերը` «Հայաստանի ներդրումների, արտահանման խթանման և արդյունաբերության զարգացման գործակալության» (ՆԱԽԳ) միջոցով, և Ծրագրի Բ.3 մասը ՆԱԽԳ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) միջոցով (հոդված III., 3.01),

. չսահմանափակելով Համաձայնագրի 3.01 Բաժնի դրույթները, և եթե Հայաստանի Հանրապետությունը և Բանկը ձեռք չեն բերում այլ համաձայնություն` ապահովել Ծրագրի իրականացումը Համաձայնագրի 2-րդ Առդիրի դրույթների համաձայն (հոդված III., 3.02),

. Ծրագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ստեղծել էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ գործող` Ծրագրի ղեկավար հանձնաժողով (ԾՂՀ), որը կգործի մինչև Ծրագրի ավարտը և կվերահսկի Ծրագրի իրականացումը (Առդիր 2, Բաժին I, մաս «Ա», կետ 1),

. ձևավորել Ծրագրի կառավարման գրասենյակ (ԾԿԳ) ԷՆ-ի կազմում, որը պատասխանատու կլինի Ծրագրի ընդհանուր համակարգման, դիտանցման ու գնահատման, ապահովության երաշխիքների համապատասխանության, Ծրագրի իրականացման մասին Բանկին և ԾՂՀ-ին հաշվետվությունների ներկայացման համար, ինչպես նաև ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում իր պարտականությունների կատարման համար ԾԿԳ-ն ապահովված լինի համապատասխան կարողություններով և միջոցներով (Առդիր 2, Բաժին I, մաս «Ա», կետ 1),

. ապահովել Ծրագրի իրականացումը` Կոռուպցիայի դեմ պայքարի ուղեցույցների դրույթներին համապատասխան (Առդիր 2, Բաժին I, մաս «Բ»),

. Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան` վարել ֆինանսական կառավարման համակարգ, չսահմանափակելով վերոհիշյալը` յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող քառասունհինգ օրվա ընթացքում կազմել և Բանկին ներկայացնել Ծրագրի` աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ տվյալ կիսամյակի համար` Բանկի համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ (Առդիր 2, Բաժին II, մաս «Բ», կետեր 1 և 2),

. Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել` Գնումների ուղեցույցների I բաժնում սահմանվող պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին III, մաս «Ա», կետ 1),

. Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա խորհրդատվական բոլոր ծառայությունները ձեռք բերել Գնումների ուղեցույցների I և IV բաժիններում սահմանվող պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին III, մաս «Ա», կետ 2):

8. Հաշվի առնելով, որ այս Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և ձեռնարկություններին տրամադրվող` որակի կառավարման ծառայությունների կարողությունները, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված` «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 դեկտեմբերի 2014 թվականի

ՍԴՈ-1178

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.12.2014
N ՍԴՈ-1178
Որոշում