Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                            Վարչական գործ թիվ

    ՀՀ վարչական վերաքննիչ                            ՎԴ/5539/05/11

    դատարանի որոշում                                 2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5539/05/11

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

Գ. Ղարիբյան

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Աբաղյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ Տիգրան Աբաղյանի հայցի ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի (այսուհետ` Վարչական շրջանի ղեկավար), երրորդ անձ Անուշ Տարախչյանի` Վարչական շրջանի ղեկավարի 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Աբաղյանը պահանջել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել Վարչական շրջանի ղեկավարի 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 16.04.2013 թվականի վճռով Վարչական շրջանի ղեկավարի 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է, իսկ մնացած մասով հայցը բավարարվել է` Վարչական շրջանի ղեկավարի 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումը ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2013 թվականի որոշմամբ Անուշ Տարախչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 16.04.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Աբաղյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անուշ Տարախչյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ և 8-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածները, չի կիրառել նույն օրենքի 35-րդ, 38-րդ, 63-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վարչական շրջանի ղեկավարը, հիմք ընդունելով միայն Անուշ Տարախչյանի հայտարարությունն այն մասին, որ Տիգրան Աբաղյանը գտնվում է արտերկրում, և վերջինիս բնակության վայրի մասին շուրջ երկու տարի որևէ տեղեկություն հայտնի չէ, չի կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Այսինքն` Վարչական շրջանի ղեկավարի կողմից ցուցաբերվել է անգործություն, չի իրականացվել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում, որի արդյունքում խախտվել է վարչական վարույթի ընթացքում Տիգրան Աբաղյանի լսված լինելու իրավունքը, հետևաբար նշված վարչական վարույթի արդյունքում կայացված վարչական ակտը չի կարող իրավաչափ լինել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 16.04.2013 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վերաքննիչ դատարանի 31.10.2013 թվականի որոշումն ամբողջովին հիմնավոր է, բխում է արդարադատության շահերից, քանի որ Վերաքննիչ դատարանն ուսումնասիրության առարկա է դարձրել Դատարանի կողմից անտեսված մի շարք կարևոր հանգամանքներ:

Բացի այդ, շուրջ երկու տարի երեխան կրում է «Տարախչյան» ազգանունը, այդ ազգանվամբ նա հաճախում է դպրոց և տարբեր խմբակներ, և ազգանվան փոփոխությունը կարող է լուրջ հոգեբանական հետք թողնել երեխայի վրա:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի տարածքային բաժնի կողմից 04.10.2005 թվականին տրված թիվ ԱԱ 066345 ծննդյան վկայականի համաձայն` Արեգ Տիգրանի Աբաղյանը ծնվել է 26.09.2005 թվականին` Երևան քաղաքում, հայրը` Տիգրան Աբաղյան, մայրը` Անուշ Տարախչյան (հատոր 1-ին, գ.թ. 62):

2) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՄԴ/0980/02/08 քաղաքացիական գործով 21.01.2009 թվականի վճռով Տիգրան Աբաղյանի և Անուշ Տարախչյանի ամուսնությունը լուծվել է, Տիգրան Աբաղյանից հօգուտ անչափահաս Արեգ Տիգրանի Աբաղյանի` որպես ապրուստի միջոց, բռնագանձվել է ալիմենտ աշխատավարձի և այլ եկամուտի մեկ քառորդի չափով` մինչև երեխայի չափահաս դառնալը (հատոր 1-ին, գ.թ. 12-14):

3) Անուշ Տարախչյանը 24.03.2011 թվականին դիմել է Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի ղեկավարին իր անչափահաս որդու` Արեգ Տիգրանի Աբաղյանի ազգանունն իր ազգանվամբ փոփոխելու խնդրանքով` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երեխայի հայրը շուրջ երկու տարի գտնվում է արտերկրում, չի կատարում իր ծնողական պարտականությունները, այդ թվում` չի վճարում դատարանի վճռով սահմանված ալիմենտը (հատոր 1-ին, գ.թ. 63):

4) Վարչական շրջանի ղեկավարի 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 551-Ա որոշման համաձայն` Վարչական շրջանի ղեկավարը, Անուշ Տարախչյանի դիմումի հիման վրա, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, հաշվի առնելով Վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` կարծիքը, որոշել է թույլատրել Անուշ Տարախչյանին փոխել իր անչափահաս որդու` Արեգ Տիգրանի Աբաղյանի ազգանունը «Արեգ Տիգրանի Տարախչյան» ազգանվամբ (հատոր 1-ին, գ.թ. 99):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը կարող է արդյո՞ք իրավաչափ հիմք հանդիսանալ վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:

Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե`

1) հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը.

2) նա զրկված է ծնողական իրավունքներից.

3) նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ.

4) նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն`

1. Վարչական վարույթի մասնակիցներ են`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

2. Նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:

Նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի համաձայն`

1. Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

2. Լսումներ կարող են չանցկացվել, եթե`

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն.

բ) դիմումն ակնհայտ անհիմն է.

գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ:

3. Լսումներ չեն անցկացվում, եթե`

ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման.

բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ:

4. Լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարույթին մասնակցող անձի` լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կտա վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Այս եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես այն առումով, որ պաշտպանության միջոցներից օգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ (տե՛ս, Իվանովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 24.11.2006 թվականի վճիռը, պարբ. 70): Հետևաբար, վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս, ըստ հայցի ՀՀ աշխատանքի պետական տեսչության ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սակայն օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքների պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Այսպիսով, իրավական պետության պայմաններում պատշաճ վարչական վարույթի պարտադիր նախապայման է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը գործնականում իրացնելը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթը հարուցվել է Անուշ Տարախչյանի 24.03.2011 թվականի դիմումի հիման վրա, որում վերջինս խնդրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին իր անչափահաս որդու` Արեգ Տիգրանի Աբաղյանի ազգանունը փոխել իր ազգանվամբ: Վարչական շրջանի ղեկավարն առանց անչափահաս Արեգ Տիգրանի Աբաղյանի հորը` Տիգրան Աբաղյանին, հարուցված վարչական վարույթի մասին ծանուցելու 08.04.2011 թվականին ընդունել է «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 551-Ա որոշումը, որի համաձայն` Անուշ Տարախչյանին թույլատրվել է փոխել իր անչափահաս որդու` Արեգ Տիգրանի Աբաղյանի ազգանունը «Արեգ Տիգրանի Տարախչյան» ազգանվամբ: Վարչական շրջանի ղեկավարն իր վերը նշված որոշումն ընդունելիս ղեկավարվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վարչական շրջանի ղեկավարը 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 551-Ա որոշումն ընդունել է առանց լսելու և հաշվի առնելու անչափահաս Արեգ Տիգրանի Աբաղյանից առանձին ապրող ծնողի` Տիգրան Աբաղյանի կարծիքը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջինս առանց հարգելի պատճառների, խուսափում է իր երեխային դաստիարակելուց ու պահելուց:

Դատարանը բավարարել է Վարչական շրջանի ղեկավարի 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 551-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին Տիգրան Աբաղյանի պահանջը` պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտն ընդունելուն ուղղված վարչական վարույթի ընթացքում ակնհայտ է եղել, որ ընդունվող վարչական ակտով շոշափվելու են նաև Տիգրան Աբաղյանի իրավունքները և օրինական շահերը, քանի որ վերջինս հանդիսանում է անչափահաս Արեգ Աբաղյանի հայրը, մինչդեռ Տիգրան Աբաղյանը չի ծանուցվել հարուցված վարչական վարույթի մասին և զրկված է եղել այդ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունից, այսինքն` վիճարկվող վարչական ակտն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների պահանջների խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական մարմինը չի խախտել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների պահանջները և իր գործողություններով որևէ կերպ չի խոչընդոտել Տիգրան Աբաղյանի արտահայտվելու իրավունքին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վարչական մարմինն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ծանուցելու Տիգրան Աբաղյանին հարուցված վարչական վարույթի և դրա իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման մասին, քանի որ Տիգրան Աբաղյանը գտնվել է արտերկրում և նրա բնակության հասցեն անհայտ է եղել: Ըստ Վերաքննիչ դատարանի` նման պայմաններում վարչական մարմինը չէր կարող անորոշ ժամկետով հետաձգել դիմումի քննարկումը, քանի որ դրանով կխախտվեին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մատնանշել է նաև հետևյալը. «(...) ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն` երեխայի ազգանվան փոփոխման հարցն ամեն դեպքում լուծում է լիազոր մարմինը` հաշվի առնելով երկու կողմերի կարծիքը, որոնք նա պարտավոր է հաշվի առնել, սակայն դրանցից և ոչ մեկը նրա համար պարտադիր չէ: Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումն ընդունվել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի դրույթներին համապատասխան (...)»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ փաստարկներն անհիմն են` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ երեխայի ազգանվան փոփոխության հարցում լիազոր մարմինը կարող է հաշվի չառնել երեխայից առանձին ապրող ծնողի կարծիքը միայն այն դեպքում, եթե հարուցված վարչական վարույթի ընթացքում ապացուցվի, որ վերջինս առանց հարգելի պատճառների, խուսափում է իր երեխային դաստիարակելուց ու պահելուց: Այլ կերպ ասած` երեխայի ազգանվան փոփոխության հարցում երեխայից առանձին ապրող ծնողի կարծիքը հաշվի առնելու հարցը լուծելու համար լիազոր մարմինը նախ պետք է պարզի ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված պայմանի առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն` լիազոր մարմինը, կատարելով վարչական վարույթի ընթացքում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու օրենքով սահմանված իր պարտականությունը, պետք է նախ և առաջ պարզի, թե արդյոք երեխայից առանձին ապրող ծնողն առանց հարգելի պատճառների խուսափում է իր երեխային դաստիարակելուց ու պահելուց, թե` ոչ, և ըստ այդմ, որոշի երեխայի ազգանվան փոփոխության հարցում այդ ծնողի կարծիքը հաշվի առնելու հարցը: Երեխայից առանձին ապրող ծնողի` իր երեխային դաստիարակելուց ու պահելուց առանց հարգելի պատճառների խուսափելու հանգամանքը պարզելու լիազոր մարմնի պարտականության պատշաճ կատարումն ապահովելու համար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարևոր է այդ ծնողին երեխայի ազգանվան փոփոխությանն ուղղված վարչական վարույթին մասնակից դարձնելը և նրան այդ վարչական վարույթի ընթացքում լսված լինելու հնարավորություն ընձեռելը:

Մինչդեռ սույն գործի փաստերից ակնհայտ է, որ վարչական մարմինը` Վարչական շրջանի ղեկավարը, որևէ փորձ չի ձեռնարկել Տիգրան Աբաղյանին հարուցված վարչական վարույթի մասին ծանուցելու համար` հիմնվելով միայն Անուշ Տարախչյանի դիմումի վրա, որի համաձայն` Տիգրան Աբաղյանը գտնվում է արտերկրում և առանց հարգելի պատճառների խուսափում է իր երեխային դաստիարակելուց ու պահելուց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին Տիգրան Աբաղյանին ծանուցելու և այդ վարչական վարույթի ընթացքում վերջինիս լսված լինելու իրավունքի երաշխավորված իրացումն ապահովելու դեպքում միայն վարչական մարմինը կարող էր կատարել վարչական վարույթի ընթացքում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում ապահովելու օրենսդրական պահանջը: Այսպես, միայն որպես երրորդ անձ ներգրավված լինելու միջոցով խնդրո առարկա վարչական վարույթին մասնակցելու դեպքում Տիգրան Աբաղյանը կարող էր արտահայտել իր դիրքորոշումը` քննարկվող հարցերի կապակցությամբ, ինչպես նաև ներկայացնել անհրաժեշտ ապացույցներ և այլ նյութեր, որոնց միջոցով վարչական մարմինը կարող էր պարզել Տիգրան Աբաղյանի` իր երեխային` Արեգ Աբաղյանին, դաստիարակելուց ու պահելուց առանց հարգելի պատճառների խուսափելու հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը: Նշված հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը պարզելուց հետո միայն Վարչական շրջանի ղեկավարը կարող էր լուծել երեխայի ազգանվան փոփոխության հարցում Տիգրան Աբաղյանի կարծիքը հաշվի առնելու կամ հաշվի չառնելու հարցը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իր վճռում իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում թվարկված լսումներ չանցկացնելու հիմքերը բացակայել են: Համաձայնելով Դատարանի նման դիրքորոշմանը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրված վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու պահանջը որևէ կերպ չի կարող խաթարել վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացումը: Այլ կերպ ասած` վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս անձի իրավունքների գործնականում պատշաճ իրացման, մասնավորապես` վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վարչական շրջանի ղեկավարը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածների ուժով պարտավոր էր ծանուցել Տիգրան Աբաղյանին 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 551-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի հարուցման մասին և ապահովել այդ վարչական վարույթի ընթացքում վերջինիս լսված լինելու իրավունքի պատշաճ իրացումը, քանի որ նշված վարչական վարույթի ընթացքում քննարկվել է Տիգրան Աբաղյանի երեխայի ազգանվան փոփոխության հարցը, և ընդունվող վարչական ակտով կարող էին շոշափվել նրա իրավունքները և օրինական շահերը:

Բացի այդ, ինչպես նշվեց, սույն գործում առկա չէ որևէ ապացույց Տիգրան Աբաղյանին նշված վարչական վարույթին մասնակից դարձնելու և նրան վարույթի մասին ծանուցելու վերաբերյալ: Այսինքն` Վարչական շրջանի ղեկավարը չի կատարել Տիգրան Աբաղյանին վարչական վարույթին մասնակից դարձնելու և նրան ծանուցելու` օրենքով սահմանված իր պարտականությունը, ինչի արդյունքում չի ապահովվել Տիգրան Աբաղյանի լսված լինելու իրավունքը` վերջինիս զրկելով իր իրավունքները լիարժեք պաշտպանելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական շրջանի ղեկավարի 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 551-Ա որոշումն ընդունվել է օրենքի, մասնավորապես` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածների խախտմամբ: Հետևաբար, Դատարանն իր վճռում իրավացիորեն է եզրահանգել, որ Վարչական շրջանի ղեկավարի 08.04.2011 թվականի «Ազգանվան մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 551-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է և պետք է ճանաչվի անվավեր:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 31.10.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 16.04.2013 թվականի վճռին:

2. Երևան համայնքից հօգուտ Տիգրան Աբաղյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևան համայնքից հօգուտ Տիգրան Աբաղյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ՎԴ/5539/05/11
Որոշում