Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ 228-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ 228-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԿԴ/3246/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3246/02/13             2014 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Ի. Վարդանյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Ս. Անտոնյանի  

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անի Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անի Հակոբյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 19.11.2013 թվականի թիվ 1018-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անի Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության աշխատակազմի ղեկավարի 19.11.2013 թվականի թիվ 1018-Ա հրամանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 18.02.2014 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2014 թվականի որոշմամբ Անի Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.02.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անի Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ 228-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին, իսկ Անի Հակոբյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել 23.12.2013 թվականին: Ավելին, Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Դատարանը վճիռ կայացնելիս, ըստ էության, սխալ իրավունքի նորմ է կիրառել, հանգել է այն հետևության, որ դա չի հանգեցրել գործի սխալ լուծմանը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով կայացված որոշումը, ըստ որի` այն վեճերը, որոնք կրում են աշխատանքային բնույթ և ներառված են աշխատանքային օրենսդրության կարգավորման տիրույթում, ընդդատյա են ոչ թե ՀՀ վարչական դատարանին, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործի փաստերը վկայում են, որ տվյալ վեճի քննությունն ընդդատյա է վարչական դատարանին, քանի որ սույն վեճը կապված է հանրային ծառայություն իրականացնելու հետ, այն է` Անի Հակոբյանը վիճարկել է իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կիրառված «նախազգուշացում» կարգապահական տույժի հրամանը, այլ ոչ թե` ծառայությունից ազատելու հետ կապված հրամանը:

Հետևաբար, հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ թեև Դատարանը վճիռը կայացնելիս, ըստ էության, սխալ իրավունքի նորմ է կիրառել, սակայն դա չի հանգեցրել գործի սխալ լուծմանը, և բոլոր դեպքերում կայացվել է իրավաչափ դատական ակտ` հաշվի առնելով, որ կիրառման ենթակա օրենքով ևս նախատեսված է եղել առարկայական ընդդատության նույն կանոնը:

Այսպիսով, ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը ճիշտ են կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 15.02.2013 թվականի թիվ 50-Ա հրամանով Անի Հակոբյանը նշանակվել է Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության` դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:

2) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 19.11.2013 թվականի թիվ 1018-Ա հրամանի համաձայն` Անի Հակոբյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` «նախազգուշացում»: Հրամանի հիմքում դրվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը (հատոր 1-ին, գ.թ. 10):

3) Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Տ. Մարկոսյանի զեկուցագրի համաձայն` 17.10.2013 թվականին Նախարարություն է մուտքագրվել թիվ ՎԴ/3675/05/12 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 07.10.2013 թվականի որոշումը (մտից թիվ 33995-13), որը «Սահմանված կարգով ընթացք տալ» հանձնարարությամբ 21.10.2013 թվականին մակագրվել է Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության` դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Անի Հակոբյանին: Միաժամանակ զեկուցագրում նշվել է, որ Անի Հակոբյանը 07.10.2013 թվականի որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացրել, ինչը հանգեցրել է Նախարարության կողմից թիվ ՎԴ/3675/05/12 վարչական գործով վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացնելու իրավունքի կորստին (հատոր 1-ին, գ.թ. 20-21):

4) Անի Հակոբյանի 14.11.2013 թվականի բացատրության համաձայն` Անի Հակոբյանը քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում առաջարկել է վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնել (հատոր 1-ին, գ.թ. 22-25):

5) Կարգապահական տույժ կիրառելու 19.11.2013 թվականի հրամանի ընդունման ժամանակ Անի Հակոբյանը քաղաքացիական ծառայող է եղել (հանրային ծառայող):

6) Դատարանի 23.12.2013 թվականի որոշմամբ Անի Հակոբյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 18.02.2014 թվականի ժամը 11:30-ին (հատոր 1-ին, գ.թ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն գործի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդիրներին.

1. Հանրային ծառայության ոլորտում աշխատանքային օրենսդրության կիրառման շրջանակներին և բնույթին ինչպես նաև սույն գործի նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի թիվ ՎԴ2087/05/12 որոշման մեջ առկա իրավական հիմնավորումների կիրառելիությանը,

2. 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառման շրջանակներին և բնույթին:

1. Անդրադառնալով հանրային ծառայության ոլորտում աշխատանքային օրենսդրության կիրառման շրջանակներին և բնույթին» Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները:

i

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում, ինչպես նաև օրենքներով նախատեսված այլ ծառայություններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

Վերոնշյալ հոդվածները, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտները, դրա մեջ ներառել են նաև քաղաքացիական և պետական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները: Այսինքն` նշված ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները դուրս չեն աշխատանքային օրենսդրության կարգավորման շրջանակներից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառումը հանրային ծառայության նկատմամբ ամբողջական չէ, և հանրային ծառայությունը և դրա տեսակները կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են այդ իրավական ակտերով նախատեսված կանոնակարգումները: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի տրամաբանության լույսի ներքո աշխատանքային օրենսգրքի դրույթները հանրային ծառայության ոլորտում կիրառվում են ոչ թե սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով, այլ հակառակը` դրանք նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով ներառված են աշխատանքային օրենսդրության կարգավորման ոլորտում, և այդ հարցերի վերաբերյալ հանրային ծառայության օրենսդրության նորմերը պետք է կիրառվեն սուբսիդիարության (լրացուցիչ) կարգով` աշխատանքային հարաբերությունների ոլորտում դրանց միասնական և տարբերակված կարգավորման սկզբունքների հիման վրա:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ օրենսդրական վերոնշյալ կանոնակարգումը չպետք է դիտարկվի և մեկնաբանվի որպես հանրային ծառայության հետ կապված բոլոր իրավահարաբերությունների ներառում հանրային իրավունքի կարգավորման ոլորտում, քանի որ գործող օրենսդրական կանոնակարգումների ընդհանուր տրամաբանության համատեքստում հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից` դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ, և հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումները հիմնավորվում են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի և հանրային ծառայության և դրա տեսակները կարգավորող օրենսդրության համակարգային ուսումնասիրությամբ:

Մասնավորապես` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ նույն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են նույն օրենսգրքով սահմանված կարգով: Հատուկ ծառայողների, քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում նույն օրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն օգտագործում է աշխատանքային պարտականություններ (5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ), քաղաքացիական աշխատանք (5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ) եզրույթները, հանրային ծառայողին ընձեռում է աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու իրավունք, աշխատանքի, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության իրավունք (20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 7-րդ կետեր), օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելու պարտականություն (21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ), ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների երաշխիք (26-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետ) և այլն:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերոնշյալ իրավական կարգավորումներն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավունքների և կանոնակարգումների դրսևորումներ են հանրային ծառայության ոլորտում, քանի որ վերոնշյալ կանոններն առավել մանրամասն նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հանրային ծառայողի գործունեության հետ կապված հարցերը, որոնք չեն բխում նրա վարչաիրավական կարգավիճակից, կրում են աշխատանքային բնույթ, իսկ դրանց իրավակարգավորման հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է և հանրային ծառայության վերաբերյալ օրենքների համապատասխան դրույթները: Հետևաբար դրանք պետք է դիտարկվեն միասնության մեջ` որպես մեկ իրավակարգավորում (տե՛ս, Արտաշես Արտաշեսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/208 7/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 որոշումը):

Սույն գործով Դատարանը, քաղաքացիական գործի վարույթի կարճման հիմքում դնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, հանգել է այն հետևության, որ քաղաքացիական ծառայությունն ընդգրկվում է պետական ծառայության շրջանակում, պետական ծառայությունն իր հերթին ընդգրկվում է հանրային ծառայության մեջ, ինչից բխում է, որ քաղաքացիական ծառայությունն ընդգրկվում է հանրային ծառայության մեջ, ուստի տվյալ գործի քննությունը ենթակա է վարչական դատարանին:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելիս, պատճառաբանել է, որ սույն գործով վիճարկվել է հանրային ծառայություն իրականացնելու հետ կապված, այն է` Անի Հակոբյանի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կիրառված «նախազգուշացում» կարգապահական տույժի հրամանը, և ինչպես գործող, այնպես էլ մինչև 07.01.2014 թվականը գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սույն գործի փաստերով վեճի քննությունն ընդդատյա է վարչական դատարանին:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեև Դատարանը վճիռ կայացնելիս, ըստ էության, սխալ իրավունքի նորմ է կիրառել, սակայն դա չի հանգեցրել գործի սխալ լուծմանը:

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի կիրառելիությանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և վճռաբեկ դատարանի, և ՄԻԵԴ դատական ակտով տրված իրավական մեկնաբանության համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս, դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար, և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինելու կամ չլինելու հարցը (տե՛ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ի ընդդեմ Սոս Բաղդասարյանի 3-480 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 որոշումը):

Վերը հիշատակված թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Գուգարքի տարածքային մաքսատան կապի խմբի ավագ մաքսային տեսուչ-կապավոր-խմբի ղեկավար Արտաշես Արտաշեսյանը 30.06.2011 թվականին աշխատանքից ազատվելու ժամանակ հանդիսացել է հանրային ծառայող, որը, դիմելով դատարան, խնդրել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան հատուցել իրեն պատճառված վնասը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Սույն գործի փաստերի համաձայն` Անի Հակոբյանը զբաղեցրել է Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության` դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը և 19.11.2013 թվականին կարգապահական տույժ կիրառելու ժամանակ հանդիսացել է քաղաքացիական ծառայող (հանրային ծառայող):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե՛ սույն քաղաքացիական գործի և թե՛ ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի թիվ ՎԴ/2087/05/12 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական են: Մասնավորապես, ինչպես սույն գործով Անի Հակոբյանը, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով Արտաշես Արտաշեսյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի հիմքով հանրային ծառայողներ են, և առաջացած վեճը վերաբերում է հանրային ծառայության ոլորտին:

Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանն իր 04.07.2013 թվականի թիվ ՎԴ/2087/05/12 վարչական գործով կայացված որոշմամբ արձանագրելով, որ հանրային ծառայողի գործունեության հետ կապված հարցերը, որոնք չեն բխում նրա վարչաիրավական կարգավիճակից, կրում են աշխատանքային բնույթ, իսկ դրանց իրավակարգավորման հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է և հանրային ծառայության վերաբերյալ օրենքների համապատասխան դրույթները, հանգել է այն հետևության, որ նմանատիպ գործերի ենթակայության հարցը լուծելիս դատարանները պետք է առաջնորդվեն վիճելի իրավահարաբերության բնույթով: Այսինքն` այն գործերը, որոնք կրում են աշխատանքային բնույթ, ենթակա են քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Այսպիսով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Անի Հակոբյանի հայցադիմումը վարույթ է ընդունվել 23.12.2013 թվականին մինչև 2014 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդունումը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի են ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի թիվ ՎԴ/2087/05/12 որոշման հիմնավորումները, որոնք էլ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով պարտադիր են ստորադաս դատարանի համար: Միաժամանակ վերը նշված նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով վիճելի իրավահարաբերության բնույթին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն, ըստ էության, աշխատանքային վեճ է և ենթակա է քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ վիճելի, իրավահարաբերության բնույթը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն ոչ միայն այդ իրավահարաբերության մասնակիցների կազմը, այլև` իրավահարաբերության բովանդակությունը կազմող սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների շրջանակը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում, ինչպես նաև օրենքներով նախատեսված այլ ծառայություններ:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

դ) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

ե) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

ը) քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը.

թ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

ժ) սահմանված կարգով և ժամկետներում մասնակցել ատեստավորմանը և վերապատրաստմանը:

04.07.2013 թվականի թիվ ՎԴ/2087/05/12 նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք կարելի է տարանջատել`

1) ընդհանուր բնույթի պարտականությունների, որոնք որևէ կերպ պայմանավորված չեն հանրային ծառայողի առանձնահատուկ կարգավիճակով և կիրառելի են ցանկացած աշխատանքային հարաբերությունում` անկախ այն հանգամանքից` հանրային է այն, թե` մասնավոր (օրինակ` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ», «ե» կետերով սահմանված պարտականությունները).

2) հատուկ բնույթի պարտականությունների, որոնք անմիջականորեն պայմանավորված են հանրային ծառայողի կարգավիճակով (օրինակ` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «է», «ը», «թ» կետերով սահմանված պարտականությունները):

Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը բխում է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի իրավակարգավորումից, համաձայն որի` աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին:

i

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը` նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում, զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում մեկ աստիճանով:

i

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է քաղաքացիական ծառայողին նախազգուշացման տեսքով կարգապահանական տույժի ենթարկելու մասին հրաման, վիճելի իրավահարաբերության բնույթը որոշելիս դատարանները նախ և առաջ պետք է պարզեն` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որ պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար է քաղաքացիական ծառայողը ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Մասնավորապես, եթե պատասխանատվության հիմքում ընկած պարտականությունն իր բնույթով զուտ աշխատանքային է, պայմանավորված չէ քաղաքացիական ծառայողի կարգավիճակով, վիճելի իրավահարաբերությունը քաղաքացիաիրավական բնույթի է և դրանից բխող վեճը ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանում:

Սույն գործի փաստերի համաձայն` Անի Հակոբյանը քաղաքացիական ծառայող է և վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքում դրված է եղել ծառայողական (աշխատանքային) պարտականությունների ոչ պատշաճ կատարումը: Մասնավորապես` գործում առկա զեկուցագրի և բացատրագրի ուսումնասիրությունից հետևում է, որ Անի Հակոբյանը չի կատարել վերադաս մարմնի կողմից իրեն տրված հանձնարարականը` դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պարտականությունը զուտ աշխատանքային բնույթի է, որևէ կերպ պայմանավորված չի եղել Անի Հակոբյանի` որպես քաղաքացիական ծառայողի առանձնահատուկ կարգավիճակով, հետևաբար սույն գործով վիճելի, իրավահարաբերությունն աշխատանքային բնույթի է և ենթակա է քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

 

2. Անդրադառնալով 07.01.2014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կիրառման շրջանակներին և բնույթին Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը:

07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ` հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ նախկինում գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն էր հանձնել հանրային իրավահարաբերություններից ծագող գործերը` հանրային ծառայության անցնելու և իրականացնելու հետ կապված վեճերը, մինչդեռ 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով վկայակոչված հոդվածը փոփոխելով` օրենսդիրը ՀՀ վարչական դատարանի ընդդատությանն է հանձնել նաև ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը: Այսինքն` օրենսդիրը, 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ավելացնելով «ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը» օրենսդրական ձևակերպումը, նպատակ է հետապնդել հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը, անկախ իրավահարաբերության բնույթից, լուծել վարչական դատավարության կարգով:

Հաշվի առնելով առկա օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև վերահաստատելով նշված վեճերի առնչությամբ արտահայտած դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի թիվ ՎԴ/2087/05/12 որոշման հիմնավորումները դատարանների համար պարտադիր են մինչև 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև 07.01.2014 թվականը ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում 04.07.2013 թվականի թիվ ՎԴ/2087/05/12 նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան արդեն իսկ հարուցված գործերի հետագա քննության կարգին, փաստում է հետևյալը.

ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կբեուզն ընդդեմ Լեհաստանի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում

(տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով ՄԻԵԴ-ի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՄԻԵԴ-ի վերը նշված դիրքորոշումից հետևում է, որ դատարանի մատչելիության իրավունքը մարմնավորում է ոչ միայն հայց հարուցելու, այլև արդեն իսկ հարուցված հայցով գործի ըստ էության քննության և լուծման իրավունքը: Հետևաբար, նշված իրավունքի ապահովման նկատառումով բոլոր այն դեպքերում, երբ դատարանը վարույթ է ընդունել և քննում է վեճ, որի ենթակայությունը գործի քննության որևէ փուլում փոփոխվել է և հատուկ իրավակարգավորում այդ կապակցությամբ նախատեսված չէ օրենսդրի կողմից, դատարանը պետք է շարունակի քննել և ըստ էության լուծել վեճը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ԵԿԴ/3246/02/13
Որոշում