Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (3- ...

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ XVII
ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 71

 

ՀԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքները հարկվում են անուղղակի հարկերով:

2. Անդամ պետությունները փոխադարձ առևտրի մեջ հարկերը, մյուս հավաքագրումներն ու վճարները գանձում են այնպես, որ հարկումն այն անդամ պետությունում, որի տարածքում իրականացվում է մյուս անդամ պետությունների ապրանքների իրացումը, լինի ոչ պակաս բարենպաստ, քան այն հարկումը, որը կիրառվում է այդ անդամ պետության կողմից նույն հանգամանքներում իր տարածքի ծագման նույնանման ապրանքների նկատմամբ:

3. Անդամ պետությունները սահմանում են փոխադարձ առևտրի վրա ազդեցություն ունեցող հարկերի մասով օրենսդրության ներդաշնակեցումն իրականացնելու ուղղությունները, ինչպես նաև ձևերն ու կարգը, որպեսզի չխախտվեն մրցակցության պայմանները, և չխոչընդոտվի ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժն ազգային մակարդակով կամ Միության մակարդակով` ներառյալ.

1) առավել զգայուն ենթաակցիզային ապրանքների ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը),

2) փոխադարձ առևտրում ավելացված արժեքի հարկի գանձման համակարգի հետագա կատարելագործումը (այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ):

 

ՀՈԴՎԱԾ 72

 

ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով:

Ապրանքների արտահանման ու ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձումը և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմն իրականացվում են սույն Պայմանագրի 18-րդ հավելվածով սահմանված կարգի համաձայն:

2. Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է այն անդամ պետությունում, որի տարածքը ճանաչվում է աշխատանքների իրականացման, ծառայությունների մատուցման վայր:

Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է սույն Պայմանագրի 18-րդ հավելվածով նախատեսված կարգով:

3. Անուղղակի հարկերի լրիվ չափով վճարումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումն անդամ պետությունների հարկային մարմինների միջև իրականացվում է առանձին միջազգային միջգերատեսչական պայմանագրին համապատասխան, որով սահմանվում են նաև տեղեկությունների փոխանակման կարգը, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման հայտարարության ձևը, դա լրացնելու կանոններն ու փոխանակման ձևաչափի վերաբերյալ պահանջները:

4. Որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում անուղղակի հարկերը գանձվում են այն անդամ պետության հարկային մարմինների կողմից, որի տարածք ներմուծվում են ապրանքները, եթե ակցիզային դրոշմանիշերով (հսկիչ դրոշմապիտակներով, նշաններով) դրոշմավորման ենթակա ապրանքների մասով այդ անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

5. Փոխադարձ առևտրում անդամ պետության տարածք ապրանքներ ներմուծելու ժամանակ անուղղակի հարկերի դրույքաչափերը չպետք է գերազանցեն անուղղակի հարկերի այն դրույքաչափերը, որոնցով հարկվում են նույնանման ապրանքներն այդ անդամ պետության տարածքում դրանց իրացման ժամանակ:

6. Անուղղակի հարկեր չեն գանձվում, երբ անդամ պետության տարածք են ներմուծվում`

1) ապրանքներ, որոնք այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դրա տարածք ներմուծելու դեպքում ենթակա չեն հարկման (ազատվում են հարկումից),

2) ապրանքներ, որոնք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվում են անդամ պետության տարածք ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով,

3) ապրանքներ, որոնց ներմուծումը որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվում է դրանց` մեկ իրավաբանական անձի շրջանակներում փոխանցման հետ կապված (անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի ապրանքների ներմուծման (արտահանման) մասին հարկային մարմիններին ծանուցելու պարտավորություն):

 

ՀՈԴՎԱԾ 73

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՈՒՄԸ

 

Եթե որևէ անդամ պետություն, իր օրենսդրությանը և միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան, իրավունք ունի հարկելու մյուս անդամ պետության հարկային ռեզիդենտի (կացության մշտական վայր ունեցող անձի) կողմից` նշված առաջին անդամ պետությունում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված եկամուտը, ապա այդպիսի եկամուտն առաջին անդամ պետությունում վարձու աշխատանքի առաջին օրվանից հարկվում է այդ առաջին անդամ պետության ֆիզիկական անձանց` հարկային ռեզիդենտների (կացության մշտական վայր ունեցող անձանց) այդպիսի եկամուտների համար նախատեսված հարկային դրույքաչափերով:

Սույն հոդվածի դրույթները կիրառվում են անդամ պետությունների քաղաքացիների կողմից վարձու աշխատանքի հետ կապված եկամուտների հարկման նկատմամբ:

 

ԲԱԺԻՆ XVIII
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 74

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն բաժնի առարկան անդամ պետությունների տարածքներում հակամրցակցային գործունեության, ինչպես նաև երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասաբար անդրադարձող գործունեության հայտնաբերումն ու կանխումն ապահովող մրցակցության ընդհանուր սկզբունքներ ու կանոններ սահմանելն է:

2. Սույն բաժնի դրույթները տարածվում են անդամ պետությունների տարածքներում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունների և այն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասնակցությամբ հարաբերությունների վրա, որոնք ունեն կամ կարող են ունենալ բացասական ազդեցություն երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա: Հանձնաժողովի իրավասությունը որոշելու նպատակով շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչները սահմանվում են Բարձրագույն խորհրդի որոշմամբ:

3. Անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությամբ սահմանելու սույն Պայմանագրի 75-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված արգելքների նկատմամբ լրացուցիչ արգելքներ, ինչպես նաև լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ:

4. Անդամ պետությունները երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) գործողությունների նկատմամբ իրականացնում են համաձայնեցված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականություն, եթե այդպիսի գործողությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ անդամ պետությունների ապրանքային շուկաներում մրցակցության վիճակի վրա:

5. Սույն բաժնում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես ցանկացած անդամ պետության համար ցանկացած այնպիսի միջոց ձեռնարկելուն ուղղված խոչընդոտ, որն այն անհրաժեշտ է համարում երկրի պաշտպանության կամ պետության անվտանգության կարևորագույն շահերը պաշտպանելու համար:

6. Սույն բաժնի դրույթները կիրառվում են բնական մենաշնորհի սուբյեկտների նկատմամբ` հաշվի առնելով սույն Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները:

7. Սույն բաժնի դրույթների կատարումն իրականացվում է սույն Պայմանագրի 19-րդ հավելվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 75

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Անդամ պետություններն իրենց մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության նորմերը կիրառում են անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ հավասար պայմաններով նույն կերպ և հավասար չափով` անկախ այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմակերպաիրավական ձևից և գրանցման վայրից:

2. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են նաև արգելքներ`

1) պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմինների կամ կազմակերպությունների կամ դրանց և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև համաձայնությունների առնչությամբ, եթե այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցությունն արգելելուն, սահմանափակելուն կամ վերացնելուն` բացառությամբ սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

2) պետական կամ մունիցիպալ առանձնաշնորհումների տրամադրման առնչությամբ` բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները:

3. Անդամ պետությունները արդյունավետ միջոցներ են ձեռնարկում սույն հոդվածի 2-րդ կետի առաջին ենթակետով նախատեսված գործողությունների (անգործության) կանխարգելման, հայտնաբերման և կանխման ուղղությամբ:

4. Անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան ապահովում են տնտեսական համակենտրոնացման նկատմամբ արդյունավետ հսկողություն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է յուրաքանչյուր անդամ պետության տարածքում մրցակցության պաշտպանության և զարգացման համար:

5. Յուրաքանչյուր անդամ պետություն ապահովում է պետական իշխանության այնպիսի մարմնի առկայությունը, որն իրավասու է մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման և (կամ) անցկացման համար, ինչն, ի թիվս այլոց, ենթադրում է այդպիսի մարմնին` հակամրցակցային գործունեության և անբարեխիղճ մրցակցության նկատմամբ արգելքը պահպանելու, տնտեսական համակենտրոնացման նկատմամբ վերահսկողական լիազորությունների վերապահում, ինչպես նաև մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտումները կանխարգելելու և հայտնաբերելու, նշված խախտումները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և այդպիսի խախտումների համար պատասխանատվության ենթարկելու լիազորությունների վերապահումը (այսուհետ` անդամ պետության լիազորված մարմին):

6. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են տուգանային պատասխանատվության միջոց` տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ու իշխանության մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ հակամրցակցային գործունեություն իրականացնելու համար` հիմք ընդունելով արդյունավետության, համաչափության, ապահովվածության, անխուսափելիության և որոշակիության սկզբունքները, և ապահովում են դրանց կիրառման նկատմամբ հսկողությունը: Ընդ որում, անդամ պետություններն ընդունում են, որ տուգանային պատասխանատվության միջոցներ կիրառելու դեպքում առավել բարձր տուգանային պատասխանատվության միջոցներ պետք է սահմանվեն մրցակցության համար ամենամեծ վտանգ ներկայացնող խախտումների համար (մրցակցությունը սահմանափակող համաձայնություններ, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից իրենց գերիշխող դիրքի չարաշահում), ընդ որում, նախապատվությունը տրվում է տուգանային պատասխանատվության այն միջոցներին, որոնք հաշվարկվում են` հիմք ընդունելով իրավախախտի կողմից այն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարից կամ իրավախախտի կողմից այն ապրանքը ձեռք բերելու համար ծախսերի գումարից, որի շուկայում կատարվել է իրավախախտումը:

7. Անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան ապահովում են իրենց կողմից իրականացվող մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության տեղեկատվական թափանցիկությունը, այդ թվում` անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեության մասին տեղեկությունները զանգվածային լրատվամիջոցներում և ինտերնետ ցանցում տեղադրելու միջոցով:

8. Անդամ պետությունների լիազորված մարմիններն իրենց պետության օրենսդրությանը և սույն Պայմանագրին համապատասխան իրականացնում են փոխգործակցություն` ծանուցումներ, տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումներ ուղարկելու, խորհրդակցություններ անցկացնելու, մյուս անդամ պետության շահերին առնչվող ուսումնասիրությունների (գործերի քննության) մասին տեղեկացնելու, անդամ պետություններից մեկի լիազորված մարմնի պահանջի հիման վրա ուսումնասիրություններ (գործերի քննություն) անցկացնելու և դրա արդյունքների մասին տեղեկացնելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 76

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Արգելվում է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից այնպիսի գործողությունների (անգործության) իրականացումը, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցությունն արգելելուն, սահմանափակելուն, վերացնելուն և (կամ) այլ անձանց շահերը ոտնահարելուն, այդ թվում` հետևյալ գործողությունները (անգործությունը)`

1) ապրանքի բարձր կամ ցածր մենաշնորհային գին սահմանելը, պահպանելը,

2) ապրանքը շրջանառությունից հանելը, եթե դրա արդյունքում ապրանքի գինը բարձրացել է,

3) կոնտրագենտին պայմանագրի` իր համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը,

4) ապրանքի արտադրությունը տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված կրճատելը կամ դադարեցնելը, եթե այդ ապրանքը պահանջարկ ունի կամ դրա մատակարարման համար պատվերներ են տրվել` դրա շահութաբեր արտադրության հնարավորության առկայության դեպքում, ինչպես նաև եթե ապրանքի արտադրության այդպիսի կրճատումը կամ դադարեցումն ուղղակիորեն նախատեսված չէ սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով,

5) առանձին գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության կամ մատակարարման հնարավորության առկայության դեպքում` հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները,

6) միևնույն ապրանքի համար տնտեսապես, տեխնոլոգիապես կամ այլ կերպ չհիմնավորված տարբեր գներ (սակագներ) սահմանելը, խտրական պայմաններ ստեղծելը` հաշվի առնելով սույն Պայմանագրով և (կամ) անդամ պետությունների այլ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձնահատկությունները,

7) այլ տնտեսավարող սուբյեկտների համար ապրանքային շուկայի հասանելիության ապահովման կամ ապրանքային շուկայից դուրս գալու խոչընդոտներ ստեղծելը:

2. Չի թույլատրվում անբարեխիղճ մրցակցություն, այդ թվում`

1) կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկություններ տարածելը, որոնց պատճառով տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը) կարող է կրել կորուստներ, կամ որոնք կարող են վնաս հասցնել նրա գործարար համբավին,

2) ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ մոլորության մեջ գցելը,

3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ոչ կոռեկտ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների և այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջև:

3. Մեկ ապրանքային շուկայում գործող, մրցակից հանդիսացող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում են այնպիսի համաձայնությունների կնքումը, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել`

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների սահմանմանը կամ պահպանմանը,

2) աճուրդի ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը,

3) ապրանքային շուկայի բաժանմանը` ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների վաճառքի կամ գնման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) կազմի,

4) ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը,

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների (պատվիրատուների) հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն:

4. Արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև «ուղղահայաց» համաձայնությունների կնքումը` բացառությամբ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան թույլատրելի համարվող «ուղղահայաց» համաձայնությունների, եթե`

1) այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը` բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը,

2) այդպիսի համաձայնությամբ նախատեսվում է գնորդի` այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) ապրանքը չվաճառելու պարտավորությունը, որը վաճառողի մրցակիցն է: Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից` ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա:

5. Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև արգելվում են այլ համաձայնություններ` բացառությամբ սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան թույլատրելի համարվող «ուղղահայաց» համաձայնությունների, եթե սահմանված է, որ այդպիսի համաձայնությունները հանգեցնում կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը:

6. Ֆիզիկական անձանց, առևտրային կազմակերպություններին և ոչ առևտրային կազմակերպություններին արգելվում է համակարգել անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեությունը, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված ցանկացած հետևանքի, որը չի կարող համարվել թույլատրելի` սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան: Անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրությամբ սահմանելու տնտեսական գործունեության համակարգման նկատմամբ արգելք, եթե այդպիսի համակարգումը հանգեցնում կամ կարող է հանգեցնել նաև սույն հոդվածի 5-րդ կետում նշված հետևանքներին, որոնք չեն կարող թույլատրելի համարվել` սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով սահմանված թույլատրելիության չափանիշներին համապատասխան:

7. Հանձնաժողովը, սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով նախատեսված կարգով, կանխում է անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), ինչպես նաև անդամ պետությունների` ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից սույն բաժնով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները, եթե այդպիսի խախտումներն ունեն կամ կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու կամ ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա` բացառությամբ ֆինանսական շուկաների:

 

ՀՈԴՎԱԾ 77

 

ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Գների պետական կարգավորում ներմուծելու, ինչպես նաև այն ներմուծելու մասին անդամ պետությունների որոշումները վիճարկելու կարգը սահմանվում է սույն Պայմանագրի 19-րդ հավելվածով:

 

ԲԱԺԻՆ XIX
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

 

ՀՈԴՎԱԾ 78

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

1. Անդամ պետությունները բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեությունը կարգավորելիս առաջնորդվում են սույն Պայմանագրի 20-րդ հավելվածով նախատեսված նորմերով և դրույթներով:

2. Սույն բաժնի դրույթները տարածվում են անդամ պետությունների միջև առևտրի վրա ազդող և սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտում անդամ պետությունների բնական մենաշնորհի սուբյեկտների, սպառողների, գործադիր իշխանության մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների վրա:

3. Բնական մենաշնորհի կոնկրետ ոլորտներում իրավահարաբերությունները սահմանվում են սույն բաժնով` հաշվի առնելով սույն Պայմանագրի XX և XXI բաժիններով նախատեսված առանձնահատկությունները:

4. Անդամ պետություններում բնական մենաշնորհի ոլորտներից են նաև սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 2-րդ հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտները:

Սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 2-րդ հավելվածում նշված բնական մենաշնորհի ոլորտների առնչությամբ կիրառվում են անդամ պետությունների օրենսդրության պահանջները:

5. Բնական մենաշնորհի ոլորտներին դասվող բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների ցանկը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:

6. Անդամ պետությունները ձգտում են ներդաշնակեցնել սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված բնական մենաշնորհի ոլորտները` դրանց կրճատման և սույն Պայմանագրի XX և XXI բաժիններում անցումային շրջանի հնարավոր սահմանման միջոցով:

7. Անդամ պետություններում բնական մենաշնորհի ոլորտների ընդլայնումն իրականացվում է`

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, եթե անդամ պետությունը մտադիր է բնական մենաշնորհի ոլորտին դասել այն ոլորտը, որը մյուս անդամ պետությունում բնական մենաշնորհի ոլորտ է և նշված է սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին կամ 2-րդ հավելվածում,

Հանձնաժողովի որոշմամբ, եթե անդամ պետությունը համապատասխան կերպով Հանձնաժողով դիմելուց հետո մտադիր է բնական մենաշնորհի ոլորտին դասել բնական մենաշնորհի այլ ոլորտ, որը նշված չէ սույն Պայմանագրի 20-րդ հավելվածի 1-ին կամ 2-րդ հավելվածում:

8. Սույն բաժինը չի տարածվում անդամ պետությունների միջև գործող երկկողմ միջազգային պայմանագրերով կարգավորվող հարաբերությունների վրա: Անդամ պետությունների միջև նոր կնքվող երկկողմ միջազգային պայմանագրերը չեն կարող հակասել սույն բաժնին:

9. Սույն Պայմանագրի XVIII բաժնի դրույթները կիրառվում են բնական մենաշնորհի սուբյեկտների նկատմամբ` հաշվի առնելով սույն բաժնով նախատեսված առանձնահատկությունները:

 

ԲԱԺԻՆ XX
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

 

ՀՈԴՎԱԾ 79

 

ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

1. Անդամ պետությունների վառելիքաէներգետիկ համալիրների ներուժն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ազգային տնտեսություններն էներգետիկ պաշարների հիմնական տեսակներով (էլեկտրաէներգիա, գազ, նավթ և նավթամթերքներ) ապահովելու նպատակով անդամ պետություններն ապահովում են էներգետիկայի ոլորտում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացումը, վարում են համակարգված էներգետիկ քաղաքականություն, իրականացնում են էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների փուլ առ փուլ ձևավորում` սույն Պայմանագրի 81-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով նախատեսված միջազգային պայմանագրերին համապատասխան` հաշվի առնելով էներգետիկ անվտանգության ապահովումը` ըստ հետևյալ հիմնական սկզբունքների`

1) էներգետիկ պաշարների շուկայական գնագոյացման ապահովում,

2) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաներում մրցակցության զարգացման ապահովում,

3) էներգետիկ պաշարների, համապատասխան սարքավորումների, տեխնոլոգիաների և դրանց առնչվող այլ ծառայությունների առևտրի գործընթացում տեխնիկական, վարչական և այլ խոչընդոտների բացակայություն,

4) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ապահովում,

5) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար ոչ խտրական պայմանների ապահովում,

6) անդամ պետությունների էներգետիկ համալիրում ներդրումներ ներգրավելու համար բարենպաստ պայմանների ստեղծում,

7) էներգետիկ պաշարների ընդհանուր շուկաների տեխնոլոգիական և առևտրային ենթակառուցվածքի գործունեության ազգային նորմերի և կանոնների ներդաշնակեցում:

2. Էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթի և նավթամթերքների ոլորտներում իրենց գործունեությունն իրականացնող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների` սույն բաժնով չկարգավորվող հարաբերությունների առնչությամբ կիրառվում է անդամ պետությունների օրենսդրությունը:

3. Սույն Պայմանագրի XVIII բաժնի դրույթները կիրառվում են էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթի և նավթամթերքների ոլորտներում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ` հաշվի առնելով սույն Պայմանագրի սույն բաժնով և XIX բաժնով նախատեսված առանձնահատկությունները:

 

ՀՈԴՎԱԾ 80

 

ԳԱԶԻ, ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՆԴԻԿԱՏԻՎ (ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ) ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԸ

 

1. Էներգետիկ ամբողջական ներուժի արդյունավետ օգտագործման և էներգետիկ պաշարների միջպետական մատակարարումներն օպտիմալացնելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինները մշակում և համաձայնեցնում են`

Միության գազի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը,

Միության նավթի ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը,

Միության նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվեկշիռների մշակումն իրականացվում է Հանձնաժողովի մասնակցությամբ և սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մշակվող և անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից համաձայնեցվող` գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 81

 

ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Անդամ պետություններն իրականացնում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի փուլ առ փուլ ձևավորումը զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա` հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները:

2. Անդամ պետությունները մշակում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից:

3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 82

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Առկա տեխնիկական հնարավորության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայություններից անարգել օգտվելու հնարավորություն` էլեկտրական էներգիայի (հզորության) մասով անդամ պետությունների ներքին պահանջներն ապահովելու համար նշված ծառայություններն առաջնահերթորեն օգտագործելու պայմանով` սույն Պայմանագրի 21-րդ հավելվածի համաձայն միասնական սկզբունքներին և կանոններին համապատասխան:

2. Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության սկզբունքներն ու կանոնները` ներառյալ սույն Պայմանագրի 21-րդ հավելվածում շարադրված գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքները գործում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առնչությամբ: Նոր անդամների` Միությանն անդամակցելու դեպքում նշված հավելվածում համապատասխան փոփոխություններ են կատարվում:

 

ՀՈԴՎԱԾ 83

 

ՄԻՈՒԹՅԱՆ` ԳԱԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Անդամ պետություններն իրականացնում են Միության` գազի ընդհանուր շուկայի փուլ առ փուլ ձևավորումը 22-րդ հավելվածի համաձայն` հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները:

2. Անդամ պետությունները մշակում են Միության` գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից:

3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության` գազի ընդհանուր շուկայի ձևավորման հաստատված հայեցակարգի ու ծրագրի դրույթների վրա:

4. Առկա տեխնիկական հնարավորությունների, գազափոխադրման համակարգերի ազատ հզորությունների սահմաններում, հաշվի առնելով Միության գազի համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը և հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտների քաղաքացիաիրավական պայմանագրերը` անդամ պետությունները, սույն Պայմանագրի 22-րդ հավելվածով նախատեսված միասնական սկզբունքների, պայմանների և կանոնների հիման վրա, ապահովում են գազի փոխադրման նպատակով անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերից անարգել օգտվելու` մյուս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հնարավորությունը:

 

ՀՈԴՎԱԾ 84

 

ՄԻՈՒԹՅԱՆ` ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Անդամ պետություններն իրականացնում են Միության` նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների փուլ առ փուլ ձևավորումը` սույն Պայմանագրի 23-րդ հավելվածի համաձայն` հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները:

2. Անդամ պետությունները մշակում են Միության` նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից:

3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության` նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հաստատված հայեցակարգի և ծրագրի դրույթների վրա:

4. Առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, հաշվի առնելով Միության նավթի համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը, Միության նավթամթերքների համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը և հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտների քաղաքացիաիրավական պայմանագրերը` անդամ պետությունները, սույն Պայմանագրի 23-րդ հավելվածով նախատեսված միասնական սկզբունքների, պայմանների և կանոնների հիման վրա, ապահովում են անդամ պետությունների տարածքներում տեղակայված նավթի և նավթամթերքների փոխադրման համակարգերից անարգել օգտվելու` մյուս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հնարավորությունը:

 

ՀՈԴՎԱԾ 85

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Էներգետիկայի ոլորտում Հանձնաժողովն իրականացնում է սույն բաժնի կատարման դիտանցում:

 

ԲԱԺԻՆ XXI
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ

 

ՀՈԴՎԱԾ 86

 

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն, որն ուղղված է տնտեսական ինտեգրման ապահովմանը, միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլ առ փուլ ձևավորմանը` մրցակցության, բաց լինելու, անվտանգության, հուսալիության, հասանելիության ու էկոլոգիականության սկզբունքների հիման վրա:

2. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության խնդիրներն են`

1) տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծումը,

2) տրանսպորտի և լավագույն փորձի կիրառման ոլորտում ընդհանուր առավելությունների ապահովմանն ուղղված համաձայնեցված միջոցների ընդունումը,

3) անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի ինտեգրումը համաշխարհային տրանսպորտային համակարգին,

4) անդամ պետությունների տարանցիկ փոխադրման ներուժի արդյունավետ օգտագործումը,

5) տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացումը,

6) տրանսպորտում անվտանգության ապահովումը,

7) շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը,

8) բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը:

3. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական գերակայություններն են`

1) միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը,

2) եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծումն ու զարգացումը,

3) Միության շրջանակներում տարանցիկ փոխադրման ներուժի օգտագործումը և զարգացումը,

4) տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգումը,

5) փոխադրման գործընթացների օպտիմալացումն ապահովող լոգիստիկ կենտրոնների և տրանսպորտային կազմակերպությունների ստեղծումը,

6) անդամ պետությունների կադրային ներուժի ներգրավումը և օգտագործումը,

7) տրանսպորտի ոլորտում գիտության և նորարարությունների զարգացումը:

4. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականությունը ձևավորվում է անդամ պետությունների կողմից:

5. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններն ու իրականացման փուլերը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից:

6. Անդամ պետությունների կողմից համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման դիտանցումն իրականացնում է Հանձնաժողովը:

 

ՀՈԴՎԱԾ 87

 

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն բաժնի դրույթները կիրառվում են ավտոմոբիլային, օդային, ջրային և երկաթուղային տրանսպորտի նկատմամբ` հաշվի առնելով սույն Պայմանագրի XVIII և XIX բաժինների դրույթները և սույն Պայմանագրի 24-րդ հավելվածով նախատեսված առանձնահատկությունները:

2. Անդամ պետությունները ձգտում են փուլ առ փուլ ազատականացնել անդամ պետությունների միջև տրանսպորտային ծառայությունները:

Ազատականացման կարգը, պայմանները և փուլայնությունը սահմանվում են Միություն շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով` հաշվի առնելով սույն Պայմանագրի 24-րդ հավելվածով նախատեսված առանձնահատկությունները:

3. Տրանսպորտում անվտանգության (տրանսպորտային անվտանգության և տրանսպորտի շահագործման անվտանգության) պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

 

ԲԱԺԻՆ XXII
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 88

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

1. Անդամ պետությունները պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում (այսուհետ` գնումներ) սահմանում են կարգավորման հետևյալ նպատակներն ու սկզբունքները`

գնումների ոլորտում հարաբերությունների կարգավորում անդամ պետության` գնումների մասին օրենսդրությամբ և անդամ պետությունների միջազգային պայմանագրերով,

անդամ պետություններում գնումների նպատակով օգտագործվող միջոցների օպտիմալ և արդյունավետ ծախսման ապահովում,

անդամ պետություններին գնումների ոլորտում ազգային ռեժիմի տրամադրում,

գնումների ոլորտում երրորդ երկրներին` անդամ պետություններին տրամադրվող ռեժիմից առավել բարենպաստության ռեժիմի տրամադրման անթույլատրելիություն,

գնումների մասին բաց և թափանցիկ տեղեկությունների ապահովում,

էլեկտրոնային ձևով իրականացվող գնումներին` հնարավոր մատակարարների և անդամ պետությունների մատակարարների անարգել մասնակցության ապահովում` որևէ անդամ պետության կողմից մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման միջոցով,

գնումների ոլորտում անդամ պետության իշխանության` կարգավորող և վերահսկող լիազորված մարմինների առկայության ապահովում (թույլատրվում է այդ ֆունկցիաների իրականացումը մեկ մարմնի կողմից),

անդամ պետությունների` գնումների մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության սահմանում,

գնումների ոլորտում մրցակցության խթանում, ինչպես նաև կոռուպցիային և այլ չարաշահումների հակազդում:

2. Սույն Պայմանագրի գործողությունը չի տարածվում այն գնումների վրա, որոնց վերաբերյալ տեղեկություններն անդամ պետությունների օրենսդրությամբ պետական գաղտնիք են համարվում:

3. Գնումներն անդամ պետություններում իրականացվում են սույն Պայմանագրի 25-րդ հավելվածի համաձայն:

4. Սույն բաժնի գործողությունը չի տարածվում անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից իրականացվող գնումների վրա` հաշվի առնելով սույն կետի երկրորդից չորրորդ պարբերությունների դրույթները:

Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերը գնումներ են իրականացնում վարչատնտեսական կարիքներն ապահովելու, շինարարական աշխատանքներ և կապիտալ վերանորոգում կատարելու համար` գնումներ իրականացնելու իրենց ներքին կանոններին (այսուհետ` «Գնումների մասին» հիմնադրույթ) համապատասխան: «Գնումների մասին» հիմնադրույթը չպետք է հակասի սույն հոդվածում շարադրված նպատակներին ու սկզբունքներին, այդ թվում` պետք է հավասար հասանելիություն ապահովի անդամ պետությունների հավանական մատակարարների համար: Բացառիկ դեպքերում ազգային (կենտրոնական) բանկի բարձրագույն մարմնի որոշմամբ կարող են բացառումներ սահմանվել նշված սկզբունքներից:

«Գնումների մասին» հիմնադրույթը պետք է պարունակի գնումներին ներկայացվող պահանջները, այդ թվում` գնումների ընթացակարգերը նախապատրաստելու և իրականացնելու կարգը (ներառյալ գնման եղանակները) և դրանք կիրառելու պայմանները, պայմանագրեր կնքելու կարգը:

Ընդ որում, «Գնումների մասին» հիմնադրույթը և անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից պլանավորվող և իրականացված գնումների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են ինտերնետ ցանցում` անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի պաշտոնական կայքերում` «Գնումների մասին» հիմնադրույթով սահմանված կարգով:

 

ԲԱԺԻՆ XXIII
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 89

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անդամ պետությունները համագործակցում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում և իրենց տարածքում ապահովում են դրանց նկատմամբ իրավունքների պահպանությունն ու պաշտպանությունը` Միության իրավունքը կազմող միջազգային իրավունքի նորմերին, միջազգային պայմանագրերին ու ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական խնդիրները լուծելու համար`

անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում,

անդամ պետությունների` մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունք ունեցող անձանց շահերի պաշտպանություն:

2. Անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով`

1) գիտական և նորարարական զարգացմանն աջակցություն,

2) մտավոր սեփականության օբյեկտների առևտրայնացման և օգտագործման մեխանիզմների կատարելագործում,

3) անդամ պետությունների` հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմանների ստեղծում,

4) Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման վայրի տեղանունների գրանցման համակարգի ներդրում,

5) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովում, այդ թվում` ինտերնետ ցանցում,

6) մաքսային մարմնի կողմից` մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովում, այդ թվում` անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստր վարելու միջոցով,

7) կեղծված արտադրանքի շրջանառությունը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համակարգված միջոցների իրականացում:

3. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պահպանություն ու պաշտպանություն ապահովելու նպատակներով անդամ պետությունների համար անցկացվում են Հանձնաժողովի կողմից կազմակերպվող խորհրդակցություններ:

Խորհրդակցությունների արդյունքների հիման վրա մշակվում են անդամ պետությունների համագործակցության ընթացքում հայտնաբերված խնդրահարույց հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններ:

 

ՀՈԴՎԱԾ 90

 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ

 

1. Որևէ անդամ պետության անձանց մյուս անդամ պետության տարածքում տրամադրվում է ազգային ռեժիմ այն մասով, որը վերաբերում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական ռեժիմին: Դատական և վարչական ընթացակարգերի մասով անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ազգային ռեժիմից բացառություններ` ներառյալ նամակագրության համար հասցեի նշումը և ներկայացուցչի նշանակումը:

2. Անդամ պետությունները կարող են իրենց օրենսդրությամբ նախատեսել այնպիսի նորմեր, որոնք ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան նախատեսված է անդամ պետությունների նկատմամբ կիրառելի միջազգային իրավական ակտերով, ինչպես նաև Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով:

3. Անդամ պետությունները մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում իրականացնում են գործունեություն` հետևյալ հիմնարար միջազգային պայմանագրերին համապատասխան`

«Գրական և գեղարվեստական երկերի պահպանության մասին» 1886 թվականի սեպտեմբերի 9-ի Բեռնի կոնվենցիա (1971 թվականի խմբագրությամբ),

«Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին» 1977 թվականի ապրիլի 28-ի Բուդապեշտի պայմանագիր,

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` «Հեղինակային իրավունքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագիր,

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության` «Կատարումների և հնչյունագրերի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագիր,

«Արտոնագրային իրավունքի մասին» 2000 թվականի հունիսի 1-ի պայմանագիր,

«Արտոնագրային համագործակցության մասին» 1970 թվականի հունիսի 19-ի պայմանագիր,

«Հնչյունագրեր արտադրողների իրավունքները իրենց հնչյունագրերի անօրինական պատճենահանումից պաշտպանելու մասին» 1971 թվականի հոկտեմբերի 29-ի կոնվենցիա,

«Նշանների միջազգային գրանցման մասին» 1891 թվականի ապրիլի 14-ի Մադրիդյան համաձայնագիր և «Նշանների միջազգային գրանցման մասին» Մադրիդյան համաձայնագրի 1989 թվականի հունիսի 28-ի արձանագրություն,

«Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պահպանության մասին» 1961 թվականի հոկտեմբերի 26-ի միջազգային կոնվենցիա,

«Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիա,

«Ապրանքային նշանների վերաբերյալ օրենքների մասին» 2006 թվականի մարտի 27-ի Սինգապուրի պայմանագիր:

Նշված միջազգային պայմանագրերի մասնակից չհանդիսացող անդամ պետություններն ստանձնում են դրանց միանալու պարտավորություն:

4. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում հարաբերությունների կարգավորումը, այդ թվում` մտավոր սեփականության օբյեկտների առանձին տեսակների նկատմամբ կիրառող իրավական ռեժիմի առանձնահատկությունների սահմանումն իրականացվում են սույն Պայմանագրի 26-րդ հավելվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 91

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Անդամ պետություններն իրավակիրառ միջոցներ են իրականացնում` ապահովելու համար մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:

2. Անդամ պետություններն իրականացնում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին, ինչպես նաև Միության իրավունքը կազմող այն միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, որոնցով կարգավորվում են մաքսային իրավահարաբերությունները:

3. Անդամ պետությունների` մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում լիազորություններով օժտված լիազորված մարմինները համագործակցում և փոխգործակցում են` անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումները կանխարգելելուն, հայտնաբերելուն և կանխելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով:

 

ԲԱԺԻՆ XXIV
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 92

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Անդամ պետություններն ինքնուրույն մշակում, ձևավորում և իրականացնում են ազգային արդյունաբերական քաղաքականություն, այդ թվում` ձեռնարկում են արդյունաբերության զարգացման ազգային ծրագրեր և արդյունաբերական քաղաքականության այլ միջոցներ, ինչպես նաև սահմանում են արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման այնպիսի եղանակներ, ձևեր և ուղղություններ, որոնք չեն հակասում սույն Պայմանագրի 93-րդ հոդվածին:

Միության շրջանակներում անդամ պետությունները ձևավորում են արդյունաբերական քաղաքականություն` ըստ արդյունաբերական համագործակցության` Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող հիմնական ուղղությունների, և իրականացնում են այն Հանձնաժողովի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության և իրականացվող համակարգման միջոցով:

2. Միության շրջանակներում անդամ պետություններն արդյունաբերական քաղաքականությունն իրականացնում են հետևյալ սկզբունքների հիման վրա`

1) իրավահավասարություն և անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնում,

2) փոխշահավետություն,

3) բարեխիղճ մրցակցություն,

4) անխտրականություն,

5) թափանցիկություն:

3. Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացման նպատակներն են արդյունաբերական զարգացման արագացումը և կայունության բարձրացումը, անդամ պետությունների արդյունաբերական համալիրների մրցունակության բարձրացումը, նորարարական ակտիվության բարձրացմանն ուղղված արդյունավետ համագործակցության իրականացումը, արդյունաբերական ոլորտում, այդ թվում` անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների տեղաշարժման ճանապարհին խոչընդոտների վերացումը:

4. Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացման նպատակներն իրագործելու համար անդամ պետությունները կարող են`

1) միմյանց տեղեկացնել արդյունաբերության զարգացման պլանների մասին,

2) կազմակերպել անդամ պետությունների` ազգային արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու լիազորված մարմինների ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումներ (խորհրդակցություններ), այդ թվում` Հանձնաժողովի շրջանակներում,

3) մշակել և իրականացնել տնտեսական գործունեության` արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ տեսակների զարգացման համատեղ ծրագրեր,

4) մշակել և համաձայնեցնել զգայուն ապրանքների ցանկը,

5) իրականացնել համատեղ նախագծեր, այդ թվում` անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և արդյունաբերական կոոպերացիան խորացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ,

6) զարգացնել տեխնոլոգիական և տեղեկատվական ռեսուրսներն արդյունաբերական համագործակցության նպատակների համար,

7) իրականացնել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքներ` բարձր տեխնոլոգիական արտադրությունները խթանելու նպատակով,

8) իրականացնել խոչընդոտների վերացմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված այլ միջոցներ:

5. Անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 4-րդ կետում նշված միջոցների իրականացման համապատասխան կարգեր են մշակվում` համաձայն Միջկառավարական խորհրդի որոշման:

6. Անդամ պետությունները մշակում են Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները (այսուհետ` Հիմնական ուղղություններ), որոնք հաստատվում են Միջկառավարական խորհրդի կողմից, և որոնցում, ի թիվս այլոց, ներառված են տնտեսական գործունեության` արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ տեսակները և զգայուն ապրանքները:

Հանձնաժողովը կատարում է Հիմնական ուղղությունների իրականացման տարեկան դիտանցում ու վերլուծություն և, անհրաժեշտության դեպքում, անդամ պետությունների հետ համաձայնեցնելով, պատրաստում է Հիմնական ուղղությունները ճշգրտելու վերաբերյալ առաջարկություններ:

7. Առևտրային, մաքսասակագնային, մրցակցային, պետական գնումների, տեխնիկական կանոնակարգման, ձեռնարկատիրական գործունեության, տրանսպորտի ու ենթակառուցվածքի և այլ ոլորտներում քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս հաշվի են առնվում անդամ պետությունների արդյունաբերության զարգացման շահերը:

8. Նախքան արդյունաբերական քաղաքականության շրջանակներում միջոցներ ձեռնարկելը` անդամ պետությունները զգայուն ապրանքների մասով խորհրդակցություններ են անցկացնում` միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու նպատակով:

Անդամ պետությունները, զգայուն ապրանքների հաստատված ցանկի համաձայն, նախապես միմյանց տեղեկացնում են ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին:

Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ մշակում են նշված խորհրդակցություններն անցկացնելու և (կամ) միմյանց տեղեկացնելու կարգը, որը հաստատվում է Հանձնաժողովի Խորհրդի կողմից:

9. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցություն իրականացնելու նպատակով անդամ պետությունները Հանձնաժողովի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության և համակարգման միջոցով կարող են մշակել և կիրառել հետևյալ գործիքները`

1) փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիայի խթանում բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով,

2) համատեղ ծրագրեր և նախագծեր անդամ պետությունների` փոխշահավետ հիմունքներով մասնակցությամբ,

3) համատեղ տեխնոլոգիական հարթակներ և արդյունաբերական համախմբեր,

4) այլ գործիքներ, որոնք նպաստում են արդյունաբերական համագործակցության զարգացմանը:

10. Սույն հոդվածը կատարելու համար անդամ պետությունները Հանձնաժողովի մասնակցությամբ կարող են մշակել լրացուցիչ փաստաթղթեր և մեխանիզմներ:

11. Հանձնաժողովն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններով անդամ պետություններին տրամադրում է խորհրդատվական աջակցություն և համակարգում է նրանց գործունեությունը սույն Պայմանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում` համաձայն սույն Պայմանագրի 27-րդ հավելվածի:

Սույն հոդվածի նպատակների համար հասկացություններն օգտագործվում են սույն Պայմանագրի 27-րդ հավելվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 93

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԸ

 

1. Անդամ պետությունների տնտեսությունների կայուն և արդյունավետ զարգացման համար պայմաններ, ինչպես նաև անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի զարգացմանը և բարեխիղճ մրցակցությանը նպաստող պայմաններ ապահովելու նպատակներով անդամ պետությունների տարածքներում գործում են արդյունաբերական ապրանքների համար, այդ թվում` սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի համաձայն` արդյունաբերական ապրանքների արտադրության, իրացման և սպառման հետ անմիջականորեն կապված ծառայությունների մատուցման կամ ստացման դեպքում սուբսիդիաների տրամադրման միասնական կանոններ:

2. Սույն հոդվածից և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածից բխող` անդամ պետությունների պարտավորությունները չեն տարածվում անդամ պետությունների` երրորդ երկրների հետ իրավահարաբերությունների վրա:

3. Սույն հոդվածի նպատակներով` սուբսիդիա ասելով ենթադրվում է`

ա) անդամ պետության սուբսիդիա տրամադրող մարմնի (կամ անդամ պետության կողմից լիազորված կառույցի) կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի արդյունքում առավելություններ են ստեղծվում (ապահովվում), և որն իրականացվում է`

դրամական միջոցների ուղղակի փոխանցման (օրինակ` անվերադարձ տրամադրվող փոխատվությունների, վարկերի) կամ կանոնադրական կապիտալում մասնաբաժին ձեռք բերելու կամ այն մեծացնելու կամ այդպիսի միջոցներ փոխանցելու պարտավորության (օրինակ` վարկային երաշխիքների) միջոցով,

այն վճարների գանձումից ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու միջոցով, որոնք պետք է մուտքագրվեին անդամ պետության եկամուտների կազմի մեջ (օրինակ` հարկային արտոնություններ, պարտքի դուրսգրում): Ընդ որում, արտահանվող արդյունաբերական ապրանքն այն տուրքերից և հարկերից ազատելը, որոնք գանձվում են ներքին սպառման համար նախատեսված նույնանման ապրանքի համար, կամ այդպիսի տուրքերը և հարկերը նվազեցնելը, կամ այդպիսի տուրքերը և հարկերը փաստացի հաշվեգրված գումարը չգերազանցող չափով վերադարձնելը չի դիտարկվում որպես սուբսիդիա,

ապրանքների կամ ծառայությունների տրամադրման միջոցով (բացառությամբ ընդհանուր ենթակառուցվածքի պահպանման և զարգացման համար նախատեսված ապրանքների կամ ծառայությունների),

արդյունաբերական ապրանքներ ձեռք բերելու միջոցով.

բ) եկամուտների կամ գների պահպանման ցանկացած այլ ձև, որն (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) ազդում է ցանկացած անդամ պետության տարածքից արդյունաբերական ապրանքի ներմուծման ծավալների կրճատման կամ ցանկացած անդամ պետության տարածք արդյունաբերական ապրանքի արտահանման ծավալների մեծացման վրա, որի արդյունքում առավելություն է տրամադրվում:

Սուբսիդիաների տեսակները նախատեսվում են սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով:

4. Սուբսիդիա տրամադրող մարմինը ցանկացած այլ կազմակերպության կարող է հանձնարարել կամ պատվիրակել իրեն վերապահված մեկ կամ մի քանի` սուբսիդիաների տրամադրման հետ կապված գործառույթների իրականացումը: Այդպիսի կազմակերպության գործողությունները դիտարկվում են որպես սուբսիդիա տրամադրող մարմնի գործողություններ:

Անդամ պետության ղեկավարի` սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ ակտերը դիտարկվում են որպես սուբսիդիա տրամադրող մարմնի գործողություններ:

5. Անդամ պետության տարածքում տրամադրվող սուբսիդիաների` սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների հետ համապատասխանության վերլուծության նպատակով ուսումնասիրությունն իրականացվում է սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով նախատեսված կարգով:

6. Հանձնաժողովն ապահովում է սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների կատարման նկատմամբ հսկողությունը, և դրան վերապահվում են հետևյալ լիազորությունները`

1) անդամ պետությունների օրենսդրության` սուբսիդիաների տրամադրման առնչությամբ սույն Պայմանագրի դրույթներին համապատասխանության մասով դիտանցման իրականացում և համեմատական-իրավական վերլուծության անցկացում, ինչպես նաև անդամ պետությունների կողմից սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների պահպանման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների կազմում.

2) սուբսիդիաների տրամադրման բնագավառում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման հարցերի շուրջ անդամ պետությունների համար խորհրդակցությունների կազմակերպման գործընթացում աջակցության տրամադրում.

3) անդամ պետությունների կողմից պարտադիր կատարման ենթակա` սույն Պայմանագրի 28-րդ հավելվածով նախատեսված որոշումների ընդունում` տրամադրման համար նախատեսվող և տրամադրված հատուկ սուբսիդիաների կամավոր համաձայնեցման գործընթացի արդյունքների համաձայն, այդ թվում`

հատուկ սուբսիդիաների թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ որոշման ընդունում` սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 6-րդ կետին համապատասխան սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված` Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանված չափորոշիչների հիման վրա,

քննության անցկացում հատուկ սուբսիդիաների տրամադրման փաստերի հիման վրա և դրանց վերաբերյալ պարտադիր որոշումների ընդունում` սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված` Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում,

սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների կատարման հետ կապված հարցերի շուրջ տարաձայնությունների լուծում և դրանց կիրառման վերաբերյալ պարզաբանումների տրամադրում.

4) սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի 7-րդ կետով նախատեսված` Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով սահմանվող կարգով ու պայմաններով տրամադրվող սուբսիդիաների վերաբերյալ հարցումների ուղարկում և տեղեկությունների ստացում:

Սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը կիրառվում են` հաշվի առնելով սույն Պայմանագրի 105-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված անցումային դրույթները:

7. Սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթների հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով: Եթե վեճը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով չի կարգավորվում դրանց անցկացման վերաբերյալ` վեճն սկսած անդամ պետության կողմից պատասխանող պետությանը հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում, ապա հայցվոր պետությունն իրավունք ունի այդ վեճը հանձնելու Միության դատարանի քննությանը:

Եթե Միության դատարանի որոշումները սահմանված ժամկետում չեն կատարվում, կամ եթե Միության դատարանը որոշում է, որ այն միջոցները, որոնց մասին տեղեկացրել է պատասխանող պետությունը, չեն համապատասխանում սույն հոդվածի և սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի դրույթներին, ապա հայցվոր պետությունն իրավունք ունի ձեռնարկելու համաչափ պատասխան միջոցներ:

8. Այն ժամկետը, որի ընթացքում անդամ պետությունները կարող են վիճարկել սույն Պայմանագրի 28-րդ հավելվածի խախտմամբ տրամադրված հատուկ սուբսիդիան, հատուկ սուբսիդիայի տրամադրման ամսաթվից հաշվարկված 5 տարի է:

 

ԲԱԺԻՆ XXV
ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 94

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ (ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ) ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Ագրոարդյունաբերական համալիրը և գյուղական տարածքներն ի նպաստ յուրաքանչյուր անդամ պետության և ընդհանրապես Միության բնակչության շահերի զարգացնելու, ինչպես նաև Միության շրջանակներում տնտեսական ինտեգրումն ապահովելու նպատակներով իրականացվում է համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականություն, ինչը ենթադրում է նաև սույն Պայմանագրով և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Միության շրջանակներում կնքվող միջազգային այլ պայմանագրերով նախատեսված կարգավորման մեխանիզմների կիրառում, անդամ պետությունների կողմից միմյանց և Հանձնաժողովին այն «զգայուն» գյուղատնտեսական ապրանքներից յուրաքանչյուրի արտադրության զարգացման պլանների (ծրագրերի) տրամադրում, որոնց ցանկը կազմվում է անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա և հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:

2. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակը մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության ծավալների օպտիմալացման համար անդամ պետությունների ռեսուրսային ներուժի արդյունավետ իրացումը, ընդհանուր ագրարային շուկայի կարիքների բավարարումը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ավելացումն է:

3. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմամբ ապահովվում է հետևյալ խնդիրների լուծումը`

1) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության ու շուկաների հավասարակշռված զարգացում,

2) անդամ պետությունների սուբյեկտների միջև արդար մրցակցության, այդ թվում` ագրարային շուկայի հասանելիության հավասար պայմանների ապահովում,

3) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի շրջանառության հետ կապված պահանջների միասնականացում,

4) ներքին և արտաքին շուկաներում անդամ պետությունների արտադրողների շահերի պաշտպանություն:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
29.05.2014
Միջազգային պայմանագիր