Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ ԵՎ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԼԴ4/0280/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0280/02/12             2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուարա Դավթյանի ներկայացուցիչ Սիրուշ Աղվանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լուարա Դավթյանի ընդդեմ Արսեն Մակարյանի, Լիաննա Ղազարյանի և Ալլա Մակարյանի` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լուարա Դավթյանը պահանջել է հրապարակային սակարկություններով վաճառել Արսեն Մակարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև և Արսեն Մակարյանի բաժնեմասի գումարն ուղղել իր նկատմամբ ունեցած պարտավորության մարմանը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշմամբ Լիաննա Ղազարյանի, Արսեն և Ալլա Մակարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.03.2013 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 13.11.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2014 թվականի որոշմամբ Արսեն, Ալլա Մակարյանների և Լիաննա Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է Դատարանի 13.11.2013 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուարա Դավթյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես` պատշաճ գնահատման չի արժանացրել հայցադիմումին կից ներկայացված գումարի բռնագանձման պահանջի բավարարման մասին վճիռը, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) որոշումները, համասեփականատերերին հայցվորի կողմից ներկայացված անշարժ գույքը գնելու գրավոր առաջարկը, փորձագետի եզրակացությունն ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության և ընդհանուր գույքի շուկայական արժեքի վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, ամբողջական վերլուծության չենթարկելով գործում առկա փաստերը, հաշվի չի առել, որ ընդհանուր գույքի բոլոր համասեփականատերերը տեղեկացված են եղել իրենց իրավունքներին վերաբերող դատավարության մասին, նրանց մի մասն ընդհանուր գույքից բաժնեմաս բնեղենով չի պահանջել և համաձայն է եղել Դատարանի ցանկացած որոշման հետ:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործով չի պարզվել պարտապանն այլ գույք ունի, թե ոչ` անտեսելով գործում առկա Ծառայության որոշումը, համաձայն որի այլ գույք չի հայտնաբերվել, բացառությամբ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան 23-րդ փողոցի թիվ 76 բնակարանից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.11.2013 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2011 թվականի թիվ ԼԴ4/0174/02/11 վճռով Լուարա Դավթյանի հայցն ընդդեմ Արսեն Մակարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 7-8).

2) Ծառայության կողմից 09.10.2012 թվականի թիվ 11405 գրությամբ պարտատիրոջը` Լուարա Դավթյանին, հայտնվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արսեն Մակարյանը հանդիսանում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան 23-րդ հասցեում գտնվող բնակելի տան, տնամերձ հողամասի, մառանի, լոգարանի, զուգարանի և կաթսայատան համասեփականատերը, և առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան` վերջինիս բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 21).

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու տարածքային ստորաբաժանման կողմից 28.12.2005 թվականին տրված թիվ 1164797 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան թիվ 76 հասցեի բնակելի տան (նախկին հասցեն եղել է ՀՀ Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Մյասնիկյան թիվ 23) նկատմամբ գրանցված է Արսեն Մակարյանի, Լիաննա Ղազարյանի և Ալլա Մակարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 40-41).

4) «ՈՒնիկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից 14.11.2012 թվականին տրված մասնագիտական եզրակացության համաձայն` ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Մյասնիկյան թիվ 76 հասցեում գտնվող բնակելի տնից Արսեն Մակարյանի բաժինը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել` առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու և առանց լրացուցիչ շինարարական աշխատանքներ իրականացնելու (հատոր 1-ին, գ.թ. 26-31).

5) Լուարա Դավթյանի գրությունների համաձայն` վերջինս ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից` Լիաննա Ղազարյանից և Ալլա Մակարյանից, պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի` Արսեն Մակարյանի բաժինը: Նշված գրությունները հասցեատերերի կողմից չեն ստացվել (հատոր 1-ին, գ. թ. 46-49).

6) Դատաքննության ընթացքում ընդհանուր սեփականության մասնակիցներ Լիաննա Ղազարյանը և Ալլա Մակարյանը հայտնել են Դատարանին, որ Արսեն Մակարյանի բաժնեմասը գնելու հնարավորություն չունեն (հատոր 2-րդ, գ.թ. 84-89, 91):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու հայցապահանջով պարտապանի մոտ այլ գույքի առկայության փաստը վիճելի լինելու դեպքում, ո՞վ պետք է կրի դրա բացասական հետևանքները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պարտատիրոջ պահանջի իրավունքը ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված այն դեպքի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակից պարտապանի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման համար: Նման իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների իրավունքների առավելագույն պաշտպանությունն իրենց հետ ընդհանուր գույքում բաժին ունեցող պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում:

Օրենսդիրը, ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների համար իրավունքների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ սահմանելով հանդերձ, որոշակի հանգամանքների առկայության պայմաններում, այն է ընդհանուր գույքից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության, ինչպես նաև ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից պարտապանի բաժինը գնելուց հրաժարվելու պարագայում, նախատեսել է այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն, որի նպատակն է ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների և պարտատիրոջ իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելը: Նման իրավիճակում օրենսդիրը պարտատիրոջ իրավունքների պաշտպանության միակ հնարավոր միջոց է համարել պարտատիրոջ իրավունքը պահանջելու ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով վաճառել դրանից ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաշխելով և բռնագանձումը պարտապանի բաժին գումարի վրա տարածելով:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն իրավական հարցին, թե երբ է կարելի պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով վաճառել: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտել է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`

1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,

2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,

3. պարտատերն ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,

4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Դերենիկ Մարգարյանի և մյուսների թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար Դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավադրույթների և դրանց մեկնաբանմանն ուղղված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով պարտապանի մոտ այլ գույքի առկայության փաստն ապացուցելու պարտականության բաշխման խնդրին Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետևում է, որ պարտատերն ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնելու իր իրավունքը կարող է իրացնել միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում, հետևաբար և պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտատերը: Միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է նշված փաստի դեմ վկայակոչելով այլ գույքի առկայությունը, վերջինս է կրում այլ գույքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում դրանից բխող բացասական հետևանքները:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2011 թվականի թիվ ԼԴ4/0174/02/11 վճռով Լուարա Դավթյանի հայցն ընդդեմ Արսեն Մակարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Դատարանի կողմից տրված կատարողական թերթը ներկայացվել է Ծառայություն, սակայն վճռի պահանջներն ամբողջությամբ կատարել հնարավոր չի եղել պարտապան Արսեն Մակարյանի մոտ այլ գույքի անբավարարության հիմքով, և Լուարա Դավթյանին առաջարկվել է ընդհանուր գույքում` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան 23-րդ հասցեում գտնվող բնակելի տան, Արսեն Մակարյանի բաժինն առանձնացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնել դատարան: Լուարա Դավթյանը դիմել է դատարան` պահանջելով ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Մյասնիկյան 23-րդ հասցեում գտնվող բնակելի տունը հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ, Արսեն Մակարյանի բաժնեմասին համաչափ գումարն ուղղել իր նկատմամբ ունեցած պարտավորության կատարմանը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու տարածքային ստորաբաժանման կողմից 28.12.2005 թվականին տրված թիվ 1164797 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան թիվ 76 հասցեի բնակելի տան նկատմամբ գրանցված է Արսեն Մակարյանի, Լիաննա Ղազարյանի և Ալլա Մակարյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Միաժամանակ «ՈՒնիկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից 14.11.2012 թվականին տրված մասնագիտական եզրակացության համաձայն` ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան թիվ 76 հասցեում գտնվող բնակելի տնից Արսեն Մակարյանի բաժինը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել` առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու և առանց լրացուցիչ շինարարական աշխատանքներ իրականացնելու:

Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցապահանջը, հաստատված է համարել, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.11.2011 թվականի վճռով Արսեն Մակարյանից հօգուտ Լուարա Դավթյանի ենթակա է բռնագանձման 2.050.000 ՀՀ դրամ, որի վերաբերյալ հարուցվել է թիվ 06/1453/11 կատարողական վարույթը: Միաժամանակ Դատարանը, հաստատված համարելով, որ Արսեն Մակարյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեի բնակելի տունը, ինչպես նաև այն, որ Արսեն Մակարյանի բաժինը տեխնիկապես հնարավոր չէ առանձնացնել առանց գույքին վնաս պատճառելու, գտել է, որ նշված գույքը պետք է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել և գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների բաժիններին համաչափ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, պատճառաբանել է, որ սույն գործով Դատարանի առաջին և հիմնական խնդիրն էր պարզել արդյոք պատասխանողները բացի ընդհանուր գույքից այլ գույք ունեն, թե` ոչ: Մինչդեռ, Դատարանը գործի քննության ընթացքում չի կատարել գործի արդյունավետ քննությունն իրականացնելու հետ կապված գործողություններ: Մասնավորապես` Դատարանը զրկված չի եղել գործը նախնական դատական նիստով անցկացնելու, կողմերի միջև ապացուցման բեռը բաշխելու, վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը սույն հարաբերությունների նկատմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի դրույթները` առանց պարզելու դրա դիսպոզիցիայում նշված հանգամանքների առկայությունը, որի դեպքում միայն հնարավոր կլիներ կիրառել վերը նշված հոդվածով նախատեսված իրավական հետևանքները: Այսինքն` գործի քննության արդյունքում ի վերջո չի պարզվել, թե պատասխանողները բացի վիճելի գույքից այլ գույք կամ դրամական միջոցներ ունեցել են, թե` ոչ:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Հայցվոր Լուարա Դավթյանը, դիմելով դատարան, հայցադիմումին կից ներկայացրել է Ծառայության 09.10.2012 թվականի թիվ 11405 գրությունը, որով վերջինիս հայտնվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ Արսեն Մակարյանը հանդիսանում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մյասնիկյան 23-րդ հասցեում գտնվող բնակելի տան, տնամերձ հողամասի, մառանի, լոգարանի, զուգարանի և կաթսայատան համասեփականատերը, և առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան` վերջինիս բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու նպատակով: Գործի քննության ընթացքում պատասխանողների կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր պատասխանող Արսեն Մակարյանի մոտ այլ գույքի առկայության փաստը:

Վերոնշյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լուարա Դավթյանը, իրացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետով իրեն վերապահված իրավունքը, պատշաճ կերպով իրականացրել է օրենսդրի կողմից իր վրա դրված ապացուցման պարտականությունը, այն է` ներկայացրել է թույլատրելի և վերաբերելի ապացույց, որը բավարար է հաստատված համարելու պարտապանի մոտ այլ գույքի բացակայության փաստը:

Մինչդեռ պատասխանող Արսեն Մակարյանը, կրելով այլ գույքի առկայության փաստն ապացուցելու պարտականությունը, գործի քննության ընթացքում ի հավաստումն այդ հանգամանքի` որևէ ապացույց չի ներկայացրել, հետևաբար և վերջինս էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով պետք է կրի դրանից բխող բացասական հետևանքները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի հիմնավորվածության և այդ փաստի ապացուցման բեռի բաշխման հարցերում, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հիմնավորվում է նաև պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մյուս պայմանների առկայությունը: Մասնավորապես, գործում առկա «ՈՒնիկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից 14.11.2012 թվականին տրված մասնագիտական եզրակացության համաձայն` ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Մյասնիկյան թիվ 76 հասցեում գտնվող բնակելի տնից Արսեն Մակարյանի բաժինը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել` առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու: Ինչ վերաբերում է պարտատիրոջ կողմից ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը գնելու առաջարկ ներկայացնելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Լիաննա Ղազարյանը և Ալլա Մակարյանը չեն ստացել Լուարա Դավթյանի գրավոր առաջարկը` Արսեն Մակարյանի բաժինը գնելու վերաբերյալ, սակայն դատաքննության ընթացքում արտահայտել են իրենց դիրքորոշումը նման առաջարկի վերաբերյալ հայտնելով, որ բավարար միջոցներ չունեն պարտապանի բաժնեմասը գնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.05.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.11.2013 թվականի վճռին:

2. Արսեն Մակարյանից, Լիաննա Ղազարյանից և Ալլա Մակարյանից համապարտությամբ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2014
N ԼԴ4/0280/02/12
Որոշում