Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.12.1991  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «18» նոյեմբերի 1991թ. Ն-0431-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը մշտապես գործող մարմին է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքով:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության նախագահն ու փոխնախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, պետական արբիտրները միաժամանակ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհուրդը գումարվում է նախորդ գումարման Գերագույն խորհրդի նախագահության կողմից ոչ ուշ, քան ընտրություններից երկու ամիս անց:

Հայաստանի Հանրապետության նոր գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը բացում և մինչև Գերագույն խորհրդի նախագահի ընտրվելը վարում է Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ այնուհետև` Գերագույն խորհրդի նախագահը կամ նրա առաջին տեղակալը կամ տեղակալը, կամ քարտուղարը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն իր կողմից ընտրվող մանդատային հանձնաժողովի ներկայացմամբ որոշում է ընդունում պատգամավորների լիազորությունները ճանաչելու մասին, իսկ ընտրությունների մասին օրենսդրության խախտման դեպքում` առանձին պատգամավորների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը իր գործունեությունն իրականացնում է նստաշրջանների, նիստերի, նախագահության, մշտական և այլ հանձնաժողովների միջոցով:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարվում է Գերագույն խորհրդի նախագահության կողմից` իր նախաձեռնությամբ, կամ Գերագույն խորհրդի պատգամավորների մեկ երրորդի, կամ Գերագույն խորհրդի նախագահի պահանջով, կամ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից:

 

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանները գումարվում են` գարնանային նստաշրջանը - փետրվարի սկզբից մինչև հուլիսի վերջը, աշնանային նստաշրջանը - սեպտեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի վերջը:

 

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը, Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներին, Գերագույն խորհրդի պատգամավորներին և կուսակցական խմբակցություններին, Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին, գերագույն դատարանին, գլխավոր դատախազին, գլխավոր պետական արբիտրին:

Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն նաև հասարակական-քաղաքական կազմակերպությունները:

 

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության օրենքները և Գերագույն խորհրդի որոշումներն ընդունվում են Գերագույն խորհրդի նիստերում:

Օրենքների նախագծերը և հանրապետության պետական կյանքի մյուս առավել կարևոր հարցերը Գերագույն խորհրդի կամ նրա նախագահության որոշմամբ կարող են դրվել ժողովրդական քննարկման, հրապարակվել պաշտոնական մամուլում:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը

1) ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները և նրանց մեջ կատարում փոփոխություններ.

2) իրականացնում է ազգային անվտանգության ապահովման, սեփականության հարաբերությունների, ժողովրդական տնտեսության և սոցիալ-մշակութային ոլորտի կառավարման կազմակերպման, բյուջետաֆինանսական համակարգի, աշխատանքի վարձատրության, գնագոյացման և հարկման, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ազատությունների ու պարտականությունների իրացման և այլ հարաբերությունների օրենսդրական կարգավորումը.

3) սահմանում է պետական իշխանության, պետական կառավարման և դատական իշխանության մարմինների իրավասությունը, կազմակերպման և գործունեության կարգը.

i

4) որոշում է ազգային դրամանիշի կիրառման և էմիսիայի իրականացման կարգը.

5) հաստատում է Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման հանրապետական ծրագրերը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, վերահսկողություն է իրականացնում իր կողմից հաստատված ծրագրերի և բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ, հաստատում է դրանց կատարման մասին հաշվետվությունները և իր կողմից հաստատված ծրագրերի և բյուջեի մեջ կատարում է փոփոխություններ.

6) սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կառուցվածքին վերաբերող հարցերի լուծման կարգը, որոշում և փոխում է վարչատարածքային միավորների սահմանները, որոշում դրանց կարգավիճակը.

7) մեկնաբանում է Հայաստանի Հանրապետության օրենքները.

8) որոշում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը.

9) օրենքով սահմանված դեպքերում վավերացնում և չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կնքած միջազգային պայմանագրերը. վերահսկողություն է իրականացնում օտարերկրյա պետություններին պետական փոխառություններ, տնտեսական և այլ օգնություն տրամադրելու, ինչպես նաև օտարերկրյա պետական փոխառությունների և վարկերի վերաբերյալ համաձայնագրերի կնքման նկատմամբ.

10) որոշումներ է ընդունում հանրաքվե անցկացնելու մասին.

11) նշանակում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունները.

12) հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների, Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների և Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը.

13) ընտրում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ.

14) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի ներկայացմամբ ընտրում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ և տեղակալ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար.

15) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների թվից ընտրում է Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների անդամներ և հանձնաժողովների նախագահներ.

16) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման բնագավառի հիմնական միջոցառումները.

17) լսում է Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա հաղորդումները հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի, Հայաստանի Հանրապետության օրենքների և Գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին.

18) որոշում է լսել Հայաստանի Հանրապետության նախագահի արտահերթ հաղորդումները.

19) Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացմամբ ընտրում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներին, գերագույն դատարանի նախագահին, նրա տեղակալներին, գերագույն դատարանի անդամներին, գլխավոր պետական արբիտրին, նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, հաստատում է գերագույն դատարանի նախագահության կազմը, ընտրում է շրջանային և քաղաքային ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորներին, օրենքով սահմանված կարգով լուծում է նշված պաշտոնատար անձանց հետկանչի կամ ազատման հարցը.

20) լսում է իր կողմից կազմվող կամ ընտրվող մարմինների, իր կողմից նշանակվող կամ ընտրվող պաշտոնատար անձանց հաշվետվությունները կամ հաղորդումները.

21) Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ հաստատում և վերանայում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը.

22) Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է վերանայել կառավարության, նրա նախագահի կամ որևէ անդամի նշանակման հարցը, օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում նշված պաշտոնատար անձանց լիազորությունները դադարեցնելու մասին.

23) հաստատում է զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի որոշումները` դրանք ստանալուց 24 ժամվա ընթացքում.

24) Հայաստանի Հանրապետության նախագահին համաձայնություն է տալիս արտակարգ դրության ժամկետը երկարացնելու համար.

25) որոշում է Հայաստանի Հանրապետության տարածքում այլ պետությունների զորքերի տեղաբաշխման հարցը և նրանց կարգավիճակը.

26) որոշումներ է ընդունում ամնիստիայի մասին.

27) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների պատասխանատվության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը.

28) լուծում է Գերագույն խորհրդի պատգամավորներին կամ պատգամավորության թեկնածուներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հարցը.

29) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության նախագահի կամ փոխնախագահի կողմից իրենց լիազորությունները շարունակելու անհնարինության հարցը.

30) օրենքով սահմանված կարգով հարց է բարձրացնում և որոշում կայացնում Հայաստանի Հայաստանի նախագահին կամ փոխնախագահին պաշտոնանկ անելու մասին.

31) դիմում է սահմանադրական դատարանին Հայաստանի Հանրապետության օրենքները և Գերագույն խորհրդի ընդունած այլ ակտերը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, պատգամավորների շրջանային ու հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների որոշումները` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին համապատասխանեցնելու մասին եզրակացություններ ներկայացնելու առաջարկությամբ.

32) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա վերացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը և օրենքներին հակասող հրամանագրերն ու կարգադրությունները.

33) իրավունք ունի վերացնել Գերագույն խորհրդի նախագահության որոշումները.

34) վերացնում է պատգամավորների շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների` Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը հակասող որոշումները.

35) հիմնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ, սահմանում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոչումներ, դիվանագիտական և այլ դասեր, պատվավոր կոչումներ:

 

Հոդված 11. Պատերազմ հայտարարելու իրավունքը պատկանում է Գերագույն խորհրդին:

 

Հոդված 12. Գերագույն խորհրդի ընդունած օրինագիծը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է այն:

Այդ ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է չստորագրել օրինագիծը և իր առարկություններով հանդերձ վերադարձնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` կրկնական քննարկման և քվեարկության համար: Եթե Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ նախագահի առարկություններին համապատասխան փոփոխություն է կատարում օրինագծում կամ նիստին մասնակցող պատգամավորների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան պատգամավորների ընդհանուր թվի ձայների բացարձակ մեծամասնությամբ վերահաստատում է իր ընդունած օրինագիծը, ապա Հայաստանի Հանրապետության նախագահը օրինագիծը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն:

Եթե երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահը չի ստորագրում կամ չի վերադարձնում օրինագիծը, ինչպես նաև սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված դեպքերում հնգօրյա ժամկետում չի ստորագրում օրինագիծը, ապա այն հրապարակվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի ստորագրությամբ:

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հաշվետու մարմին է, որը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի աշխատանքը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը իր լիազորությունները պահպանում է մինչև Հայաստանին Հանրապետության նոր գումարման Գերագույն խորհրդի առաջին նիստը:

 

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կազմում ի պաշտոնե մտնում են` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը, Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալը և տեղակալը, Գերագույն խորհրդի քարտուղարը, Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների նախագահները:

 

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը`

1) նախապատրաստում և գումարում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանները և նիստերը.

2) կազմակերպում և կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական և այլ հանձնաժողովների աշխատանքը.

3) աջակցում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին ինֆորմացիայով.

4) նախապատրաստում և անց է կացնում Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի և հանրապետության պետական կյանքի առավել կարևոր հարցերի ժողովրդական քննարկումները.

5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, դատախազության կոլեգիայի անդամներին և դատավորներին շնորհում է դասային աստիճաններ.

6) շրջանային և քաղաքային ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորների թվից հաստատում է այդ դատարանների նախագահներին.

7) կատարում է շրջանների և բնակավայրերի վերանվանում.

8) լուծում է տեղական խորհուրդների պատգամավորներին և պատգամավորության թեկնածուներին քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությունը.

9) Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հրավիրում է հատուկ նիստ.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը ընդունում է որոշումներ:

16) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը, նախագահի առաջին տեղակալը, նախագահի տեղակալը, Գերագույն խորհրդի քարտուղարը ընտրվում են Գերագույն խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի ձայների բացարձակ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ: Գերագույն խորհրդի նախագահը հաշվետու է Գերագույն խորհրդին:

Գերագույն խորհրդի նախագահը, նախագահի առաջին տեղակալը, նախագահի տեղակալը, Գերագույն խորհրդի քարտուղարը կարող են հետ կանչվել Գերագույն խորհրդի պատգամավորների ընդհանուր թվի ձայների բացարձակ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ:

 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է Գերագույն խորհրդի և նրա նախագահության աշխատանքը.

2) Գերագույն խորհրդին ներկայացնում է թեկնածություններ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի և տեղակալի, Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոններում ընտրվելու համար.

3) Հայաստանի Հանրապետության նախագահի և փոխնախագահի կողմից միաժամանակ իրենց լիազորությունների կատարման անհնարինության դեպքում զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը.

4) սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերում ստորագրում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության օրենքները.

5) ստորագրում և հրապարակում է Գերագույն խորհրդի և նրա նախագահության որոշումներն ու այլ ակտերը.

6) արձակում է կարգադրություններ:

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալը և տեղակալը Գերագույն խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում են առանձին լիազորություններ: Գերագույն խորհրդի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է նրա առաջին տեղակալը:

 

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովները նախապատրաստում և քննարկում են օրենքների և այլ ակտերի նախագծերը, Գերագույն խորհրդի և նրա նախագահության իրավասությանը վերապահված այլ հարցեր, ինչպես նաև վերահսկողություն են իրականացնում դրանց կատարման նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը անհրաժեշտության դեպքում համապետական նշանակության հարցերի ուսումնասիրման և Գերագույն խորհրդին համապատասխան առաջարկություններ ներկայացնելու համար իր իրավասության սահմաններում կարող է ստեղծել այլ հանձնաժողովներ:

 

Հոդված 20. Սույն օրենքի 10 հոդվածի 19-րդ կետում և 15 հոդվածի 6-րդ կետում նշված պաշտոնատար անձանց նշանակումն ու ընտրությունը կատարվում են Գերագույն խորհրդի համապատասխան մշտական հանձնաժողովների եզրակացության առկայության դեպքում:

Պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել Գերագույն խորհրդի հանձնաժողովների` նրանց իրավասության սահմաններում ներկայացված պահանջները, տրամադրել անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր: Գերագույն խորհրդի հանձնաժողովների` նրանց իրավասության սահմաններում ներկայացված հանձնարարականները ենթակա են պարտադիր քննարկման պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից: Քննարկման արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին հաղորդվում է հանձնաժողովներին` օրենքով սահմանված ժամկետում:

 

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորը Գերագույն խորհրդի նստաշրջաններում իր իրավասության սահմաններում իրավունք ունի հարցապնդումով դիմելու Հայաստանի Հանրապետության նախագահին, Գերագույն խորհրդի նախագահին, կառավարությանը, Գերագույն խորհրդի կողմից կազմվող կամ ընտրվող մարմինների ղեկավարներին: Այդ մարմինը կամ պաշտոնատար անձը, որին ուղղված է Գերագույն խորհրդի կողմից ընդունված հարցապնդումը, պարտավոր է ԳԵրագույն խորհրդի սահմանած ժամկետում բանավոր կամ գրավոր պատասխան տալ Գերագույն խորհրդի նիստում:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորը պաշտոնական կամ ծառայողական պարտականությունների կատարումից ազատվում է Գերագույն խորհրդի նախագահությունում, մշտական հանձնաժողովներում ընտրվելու դեպքում, ինչպես նաև Գերագույն խորհրդի նիստերին մասնակցելու համար անհրաժեշտ ժամկետով:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորը կամ պատգամավորության թեկնածուն չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, նրա ազատությունը սահմանափակող միջոցների, կալանավորել կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել առանց Գերագույն խորհրդի համաձայնության:

 

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և նրա մարմինների գործունեության կարգը սահմանվում է Գերագույն խորհրդի կանոնակարգով և այլ օրենսդրական ակտերով:

 

 

pin
ՀՀ 19.11.1991
N Ն-0437-I օրենք