Սեղմել Esc փակելու համար:
ՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ ՈՐՊԵՍ ԱՆՁԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԷԴ/0048/01/14

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0048/01/14

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան

                       Լ. Թադևոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ մեղադրող    Տ. ՈՒզոյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 16-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Էդվարդ Գրիգորի Ադամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12105814 քրեական գործը:

2014 թվականի մարտի 5-ին Էդվարդ Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2014 թվականի մարտի 12-ին Էդ. Ադամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2014 թվականի ապրիլի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2014 թվականի հունիսի 3-ի դատավճռով Էդ.Ադամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների մեղադրող դատախազության ավագ դատախազ Տ. ՈՒզոյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 3-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Էդ.Ադամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա 2014 թվականի հունվարի 24-ին` ժամը 13:50-ի սահմաններում, իրեն պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի 41 DQ 111 պետհամարանիշի ավտոմեքենայով անցնելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան բակում կայանած Արայիկ Հայրապետյանին պատկանող «Օպել Տիգրա» մակնիշի 33 00 944 պետհամարանիշի ավտոմեքենայի կողքով, որի դուռը գտնվել է բաց վիճակում, նկատել է, որ աջ նստատեղին դրված է պայուսակ և նպատակադրվել է գաղտնի հափշտակել այն: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ավտոմեքենան կայանել է ծննդատան բակում, իջել ավտոմեքենայից, մոտեցել է «Օպել Տիգրա» ավտոմեքենայի առջևի աջ դռանը, բացել այն և ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է Հրանուշ Ավետիսյանին պատկանող 4000 ՀՀ դրամ արժողության պայուսակը, որի մեջ եղել է 1.572.648 ՀՀ դրամին համարժեք 3850 ԱՄՆ դոլար և 10.000 ՀՀ դրամ գումար, նստել իր ավտոմեքենան ու դիմել փախուստի` Հ.Ավետիսյանին պատճառելով խոշոր չափերի հասնող` 1.586.648 ՀՀ դրամ գույքային վնաս:

Այսպիսով, Էդվարդ Ադամյանը Հրանուշ Ավետիսյանին պատկանող խոշոր չափերի գույքը գաղտնի հափշտակելով` կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 174-176, 212-217):

6. Վկա Ռազմիկ Ներսիսյանի ցուցմունքների համաձայն` «(...) նկատել է, որ (...) «Օպել Տիգրա» ավտոմեքենայի վարորդի մյուս կողմի աջ հատվածի դռան մոտ շուրջ 30 տարեկան մի տղա հեռախոսով է խոսել և կողպեքները նայել, նույն ավտոմեքենայից փակվելու ձայն է լսել, ուշադրություն է դարձրել դուռը փակողին, որը (...) անմիջապես նստել է սև գույնի «Լադա Պրիորա» մակնիշի 41 DQ 111 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին ու վայրկյաններ անց հեռացել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 215):

7. Վկա Գևորգ Գևորգյանի ցուցմունքների համաձայն` «(...) իրեն մոտեցել է Ռազմիկը և հայտնել, որ ականատես է եղել կատարվածին (...): Այդ ընթացքում ցածր արագությամբ հիվանդանոցի կողմից դեպի ծննդատան բակի կողմ է եկել սև գույնի «Լադա Պրիորա» մակնիշի 41 DQ 111 պետհամարանիշի ավտոմեքենան, որը մատնանշելով` Ռազմիկը հայտնել է, որ գողը նշված ավտոմեքենայով է հեռացել: (...) ինքը մեքենայի վարորդից պահանջել է, որ կանգ առնի, սակայն վերջինս չի ենթարկվել և բարձր արագությամբ վարելով մեքենան` հեռացել է» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 215):

8. Որպես կասկածյալ հարցաքննվելիս` Էդ. Ադամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իմացել է ոստիկանների կողմից իր անձը բացահայտելու հանգամանքի մասին և այդ պատճառով գնացել է Գորիս քաղաք և այնտեղ թաքնվել մեկ ամսից ավել ժամկետով` ծախսելով գումարի մի մասը: Սակայն արդյունքում հասկացել է, որ երկար չի կարող թաքնվել ու որոշել է ներկայանալ ոստիկանություն:

Վերոնշյալ ցուցմունքները Էդ. Ադամյանը պնդել է նաև որպես մեղադրյալ հարցաքննվելիս (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 121, 123, 178):

9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) [Ա]մբաստանյալ Էդվարդ Ադամյանի անձը բնութագրող տվյալների ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինիս նախկին դատվածություններն օրենքով սահմանված կարգով մարված են: Այլ կերպ` Էդ. Ադամյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, հետևաբար սույն քրեական գործի շրջանակներում նրա նախկին դատվածությունները որևէ իրավական հետևանք չեն կարող առաջացնել:

(...)

Դատարանը հաշվի է առնում, որ ամբաստանյալ Էդվարդ Ադամյանը կատարած արարքի համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել և զղջացել է, ինչը դրսևորվել է նաև նրանով, որ վերջինս մեղայականով ներկայացել է նախաքննություն իրականացնող մարմին, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, վերադարձրել է հափշտակած գումարը, բնութագրվում է դրականորեն: Դատարանը հաշվի է առնում նաև տուժողի դրական բնութագիրն ու վերաբերմունքն ամբաստանյալի անձի նկատմամբ, ինչը գնահատում է, որպես գործած արարքում անկեղծորեն զղջալու մասին: Բացի այդ, ամբաստանյալին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն, խնամքին ունի երկու մանկահասակ երեխա և կենսաթոշակառու հայր, ընտանիքի միակ կերակրողն է: Որպես այլ հանգամանք, դատարանը հաշվի է առնում նաև ամբաստանյալի ընտանեկան այն իրավիճակը, որ մայրը, երիտասարդ քույրն ու եղբայրը մահացել են և կենսաթոշակառու հոր միակ սփոփանքն ընտանիքի միակ անդամը հանդիսացող ամբաստանյալն է: Գործով բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:

(...)

Հաշվի առնելով վերոգրյալները և քննարկելով ամբաստանյալ Էդվարդ Գրիգորի Ադամյանի նկատմամբ նշանակվող պատժի հարցը դատարանը գտնում է, որ (...) ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայով նախատեսված տուգանքի ձևով պատիժ նշանակելը լիովին բավարար է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանը հասնելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 62-64):

10. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) [Դ]ատարանն ամբաստանյալ Էդվարդ Ադամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս բավարար չափով հաշվի առնելով ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, վերջինիս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում` պահպանելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայի շրջանակներում նշանակել է արդարացի և համաչափ պատիժ, որը կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները:

(...)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է թողնել օրինական ուժի մեջ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 113-114):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

11. Բողոք բերած անձի պնդմամբ` Առաջին ատյանի դատարանը Էդ. Ադամյանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելով, իսկ Վերաքննիչ դատարանը նշանակված պատիժն անփոփոխ թողնելով` թույլ են տվել դատական սխալ` ամբաստանյալի նկատմամբ նշանակել են անարդարացի, ակնհայտ մեղմ պատիժ, ինչը հիմք է դատական ակտը բեկանելու համար:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել կատարված հանցանքի հանրային վտանգավորությունը, դրա կատարման արդյունքում վնասված հասարակական հարաբերությունների կարևորությունը, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճն ու տարածվածությունը: Որպես տուգանքի դատապարտման հիմնավորում` նշվել են Էդ. Ադամյանի նախկինում դատապարտված չլինելը, անկեղծորեն զղջալը, մեղայականով ներկայանալը, ընտանիքի միակ կերակրողը լինելը, խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխա ունենալը, դրականորեն բնութագրվելը:

12. Բողոքի հեղինակը, անդրադառնալով ամբաստանյալի դատվածություններին, նշել է, որ դրանց մարվելու հանգամանքն ամենևին էլ չի վկայում, որ հանցավորը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց: Ընդհակառակը, նախկինում կատարված հանցանքների համար Էդ. Ադամյանի նկատմամբ մեղմ պատիժներ նշանակելը, համաներում կիրառելը, երկու անգամ պայմանական վաղաժամկետ պատժի կրումից ազատելը չեն նպաստել ամբաստանյալի ուղղմանն ու նրա կողմից նոր հանցանքների կատարման կանխմանը:

Ըստ բողոքաբերի` անհիմն է նաև Էդ. Ադամյանի մեղայականով ներկայանալը դիտել որպես նրա պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, քանի որ փախուստի դիմելու պահին նա նկատվել է ականատես վկայի կողմից, իսկ քիչ անց ոստիկանության աշխատակիցը հիվանդանոցի տարածքում փորձել է կանգնեցնել նրան, սակայն վերջինս փախուստի է դիմել: Նույն օրը ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվել են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ, որոնք ժամանակավորապես արդյունք չեն տվել: Գիտակցելով, որ հայտնի է դարձել ինչպես իր կողմից գողություն կատարելու հանգամանքը, այնպես էլ իր անձը` Էդ. Ադամյանը ներկայացել է իրավապահ մարմիններին, որպիսի պայմաններում խոսք չի կարող լինել մեղայականով ներկայանալու մասին:

Ինչ վերաբերում է դատարանի այն հիմնավորումներին, որ Էդ. Ադամյանը դրականորեն է բնութագրվում, ընտանիքի միակ կերակրողն է, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, հարազատները մահացել են, տուժողը դրականորեն է վերաբերվում ամբաստանյալի անձին, ապա բողոք բերած անձը նշել է, որ Էդ. Ադամյանը չի աշխատել, իրականում ընտանիքը գտնվել է նրա հոր խնամքին (ինչի մասին վկայում է նաև այն, որ Էդ. Ադամյանը հանցագործությունը կատարելուց հետո 1 ամիս 10 օր մնացել է Գորիս քաղաքում, գողացված գումարի մի մասը ծախսել է և այդ ընթացքում որևէ կերպ հոգ չի տարել իր ընտանիքի մասին): Հետևաբար նախկինում հանցանքներ կատարելը, չաշխատելը խիստ կասկածի տակ են դնում Էդ. Ադամյանի դրական բնութագրվելու հանգամանքը, իսկ երկու երեխաների առկայության և հարազատների մահվան հանգամանքը չեն նվազեցնում կատարված հանցանքի և այն կատարած անձի հանրային վտանգավորության աստիճանը, բավարար չեն եզրահանգելու, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժ նշանակելու:

13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 25-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության, մասնավորապես, իրավունքի զարգացման գործառույթի իրացման ապահովումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղայականով ներկայանալը որպես անձի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյոք Էդ. Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի շրջանակներում տուգանք պատժատեսակ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

i

16. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է`

(...)

2) խոշոր չափերով,

(...)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

i

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա. Ավետիսյանի գործով որոշման մեջ` արձանագրելով, որ «(...) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ցանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանգամանքները վերաբերում են ինչպես հանցագործությանը, այնպես էլ հանցավորի անձնավորությանը կամ միաժամանակ բնութագրում են հանցագործությունն ու հանցավորի անձնավորությունը: Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս (...)» (տե՛ս Անդրանիկ Մեսրոպի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՆԴ/0091/01/09 որոշման 20-րդ կետը):

17. Վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն համապատասխան քրեաիրավական սանկցիաները, որոնք կրում են հարաբերականորեն որոշակի (պատիժ են նախատեսում որոշակի սահմաններում) կամ այլընտրանքային բնույթ (նախատեսում են պատժի մի քանի տեսակներ): Ընդ որում, այլընտրանքային սանկցիաները հանցավորի պատասխանատվության անհատականացման ավելի լայն սահմաններ են նախատեսում:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան այլընտրանքային է, այսինքն` թույլ է տալիս դատարանին իր հայեցողության շրջանակներում երկու հնարավոր պատժատեսակներից (տուգանք և ազատազրկում) ընտրել այնպիսին, որը համաչափ է հանցագործության ծանրությանը, հանցավորի անձին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին` ապահովելով պատժի նպատակների իրագործումը:

Հոդվածի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատժատեսակ և պատժաչափ ընտրելիս դատարանը թեև օժտված է իր ներքին համոզմունքին և իրավագիտակցությանը համապատասխան որոշակի հայեցողություն դրսևորելու ազատությամբ, սակայն այն չի կարող բացարձակ և կամայական բնույթ կրել:

Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողությունը սահմանափակվում է օրենքով կանխորոշված որոշակի շրջանակներով` հանցավոր արարքի հանրային վտանգավորության բնույթով և աստիճանով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, որոնք դատարանն անպայման պետք է հաշվի առնի պատժի արդարացիության ապահովման համար (պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ mutatis mutandis տե՛ս Նարեկ Գևորգի Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշումը):

i

18. ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են` (...) մեղայականով ներկայանալը (...)»:

Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ա.Ավետիսյանի գործով որոշման մեջ` իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «Մեղայականով ներկայանալը նշանակում է, որ անձը կամավոր ներկայանում է իրավապահ մարմիններին (ոստիկանություն, դատախազություն և այլն) և հայտնում է իր կողմից միանձնյա կամ այլ անձի հետ կատարած հանցագործության մասին: Այլ կերպ` մեղայականով ներկայացած անձը կամավոր, անկեղծ խոստովանություն է անում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին բանավոր կամ գրավոր կերպով հայտնում իր կողմից կամ իր մասնակցությամբ կատարված հանցագործության մասին: Հնարավոր են իրավիճակներ, երբ հանցագործություն կատարած անձը չի կարող անձամբ ներկայանալ և հայտնել հանցագործության մասին, և Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում հեռախոսով կամ փոստով հաղորդումները ևս պետք է դիտվեն որպես մեղայականով ներկայանալ:

Շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե կատարված հանցագործության փաստով հարուցված քրեական գործով այդ հանցանքը կատարած անձը պարզված չէ, ապա հանցանք կատարած անձի կողմից դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնելը ևս պետք է դիտվի որպես մեղայականով ներկայանալ (...)» (տե՛ս Անդրանիկ Մեսրոպի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՆԴ/0091/01/09 որոշման 23-րդ կետը):

19. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղայականով ներկայանալու ինստիտուտը կարևոր նշանակություն ունի թե՛ հանցանք կատարած անձի և թե՛ վարույթն իրականացնող մարմնի համար: Դա պայմանավորված է նրանով, որ այն մի կողմից հանգեցնում է հոդվածի սանկցիայի շրջանակներում համեմատաբար մեղմ պատժի նշանակման` խրախուսելով անձի հետհանցավոր դրական վարքագիծը, իսկ մյուս կողմից հեշտացնում է հանցագործությունների բացահայտումը և գործով քննության իրականացումը: Բացի այդ, օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում մեղայականով ներկայանալը կարող է հիմք հանդիսանալ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար (գործուն զղջալ):

Մեղայականով ներկայանալու էությունը կայանում է նրանում, որ հանցագործությունը կամ այն կատարող անձը (անձինք) անհայտ լինելու պայմաններում հանցավորը կամովին և մեղայականով ներկայանում է համապատասխան մարմիններ և հայտնում իր կողմից միանձնյա կամ այլ անձանց հետ համատեղ կատարած հանցանքի մասին, անում է անկեղծ խոստովանություն, քրեական հետապնդման մարմիններին բանավոր կամ գրավոր հայտնում հանցագործության հանգամանքները: Ընդ որում, քննարկվող մեղմացնող հանգամանքը հաշվի առնելու համար որևէ նշանակություն չունի` ինչքան ժամանակ է անցել հանցանք կատարելուց հետո, ինչպես նաև որոնք են ներկայանալու շարժառիթները (զղջում, պատասխանատվության ենթարկվելու վախ, ամոթ և այլն):

20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վարույթ իրականացնող մարմին ներկայանալու ոչ բոլոր դեպքերն են իրենց բնույթով և հատկանիշներով համարվում մեղայականով ներկայանալ և հանգեցնում պատասխանատվության ու պատժի պարտադիր մեղմացման: Հարկ է նկատել, որ թեև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը պարունակում է միայն մեղայականով ներկայանալու եզրույթը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է պարզել` արդյոք այն եղել է նաև կամովին և հակառակը` կամովին ներկայանալու դեպքերը արդյոք պարունակում են մեղայականով ներկայանալուն բնորոշ հատկանիշները:

Այսպես, ներկայանալը կարող է համարվել կամովին այն դեպքում, երբ անձն ինքնակամ, սեփական կամահայտնությամբ դիմում է համապատասխան մարմիններին` գիտակցելով քննությունից թաքնվելու հնարավորությունը: Ընդ որում, ներկայանալու նախաձեռնությունը կարող է բխել ինչպես հանցավորից, այնպես էլ այլ անձանցից (օրինակ` մերձավորների կողմից համոզելու, հորդորելու, խորհուրդներ տալու և այլ դեպքերում): Տվյալ պարագայում սկզբունքայինն անձի նկատմամբ հոգեկան կամ ֆիզիկական հարկադրանքի բացակայությունն է:

Միաժամանակ կամովին ներկայանալը կհամարվի մեղայականով ներկայանալ, եթե հանցավորն ընդունի իր մեղքը հանցանքի կատարման կամ դրան հանցակցելու մեջ, անկեղծորեն զղջա կատարվածի համար և տա ճշմարտացի ցուցմունքներ գործին վերաբերող իրեն հայտնի բոլոր հանգամանքների վերաբերյալ:

Միայն վերոնշյալ հատկանիշների միաժամանակյա առկայությունն է վկայում հանցավորի անկեղծ զղջալու, հանցագործության բացահայտմանն աջակցելու պատրաստակամության և, հետևաբար, նրա հանրային վտանգավորության աստիճանի էական նվազման մասին, ինչն էլ հիմք է նրա նկատմամբ համապատասխան հոդվածի սանկցիայի շրջանակներում մեղմ պատիժ նշանակելու համար:

21. Սույն որոշման նախորդ կետում շարադրված դատողությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցավորի կողմից իրավապահ մարմին ներկայանալը և իր կամ իր մասնակցությամբ կատարված հանցագործության մասին հայտնելը չի կարող դիտվել որպես մեղայականով ներկայանալ և, հետևաբար, հանդիսանալ պատասխանատվության ու պատժի պարտադիր մեղմացման պայման, եթե հանցավորը նախապես իմացել է իր մերկացման մասին: Այսինքն` եթե հանցանք կատարած անձը ներկայանում է իրավապահ մարմին` նախապես իմանալով, որ հայտնի է հանցանքն իր կողմից կատարելու փաստը, և գիտակցելով քննությունից երկար թաքնվելու հնարավորության բացակայությունը, ապա խոսք չի կարող լինել ներկայանալու կամովին բնույթի և կատարվածի համար անկեղծորեն զղջալու մասին:

22. Վերոշարադրյալ եզրահանգումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի իմաստով մեղայականով համապատասխան մարմիններ ներկայանալը դիտվում է որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, եթե`

1) հայտնի չէ հանցագործության դեպքը ու այն կատարած անձը, և նա կատարվածի վերաբերյալ կամովին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններ (այս դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեղայականով ներկայանալը հանդիսանում է քրեական գործ հարուցելու առիթ),

2) հայտնի է հանցագործության դեպքը, սակայն հայտնի չէ հանցավորի անձը, և վերջինս կամովին ներկայանում է համապատասխան մարմիններ,

3) հայտնի է ինչպես հանցագործության դեպքը, այնպես էլ այն կատարած անձը, և հանցավորը կամովին ներկայանում է` չգիտակցելով, որ ինքն արդեն իսկ մերկացված է հանցագործության կատարման մեջ (օրինակ` անձը գտնվում է հետախուզման մեջ, սակայն չգիտի այդ մասին և համոզված է, որ իրավապահ մարմիններին հայտնի չէ հանցագործության կամ այն իր կողմից կատարելու հանգամանքը և այլն),

4) հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվելուց հետո կամովին հայտնում է իր կողմից կատարված այլ հանցանքի մասին այն պարագայում, երբ մինչ այդ իրավապահ մարմինները չեն տիրապետել բավարար տվյալներ, որոնք կվկայեին նրա առնչությունն այդ դեպքին:

Հարկ է նշել, սակայն, որ Վճռաբեկ դատարանը չի բացառում, որ որոշ դեպքերում վարույթ իրականացնող մարմին հանցանք կատարած անձի զուտ ներկայանալու փաստը, որը չի ենթադրում մեղայականով ներկայանալ, դատարանը կարող է ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով գնահատել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող այլ հանգամանք` հաշվի առնելով հանցավորի փաստացի ներկայանալու նշանակությունը հանցագործության արագ բացահայտման և գործի քննության համար:

23. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էդ. Ադամյանը 2014 թվականի հունվարի 24-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան բակում կայանած Ա.Հայրապետյանին պատկանող «Օպել Տիգրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել է Հ. Ավետիսյանին պատկանող 4.000 ՀՀ դրամ արժողությամբ պայուսակը, որի մեջ եղել է 1.572.648 ՀՀ դրամին համարժեք 3850 ԱՄՆ դոլար և 10.000 ՀՀ դրամ գումար, ու դիմել փախուստի` Հ. Ավետիսյանին պատճառելով խոշոր չափերի հասնող` 1.586.648 ՀՀ դրամի գույքային վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Դեպքի վայրից հեռանալու պահին ամբաստանյալ Էդ. Ադամյանը նկատվել է ականատես վկայի կողմից, իսկ քիչ անց ոստիկանության աշխատակիցը հիվանդանոցի տարածքում փորձել է կանգնեցնել նրան, սակայն վերջինս փախուստի է դիմել: Այնուհետև ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվել են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

Էդ. Ադամյանի նախաքննական ցուցմունքների համաձայն` ինքն իմացել է ոստիկանների կողմից իր անձը բացահայտելու հանգամանքի մասին և այդ պատճառով գնացել է Գորիս քաղաք ու այնտեղ թաքնվել մեկ ամսից ավել ժամկետով, սակայն հասկացել է, որ երկար չի կարող թաքնված մնալ ու որոշել է ներկայանալ ոստիկանություն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Էդ. Ադամյանի նկատմամբ պատժի տեսակ և չափ ընտրելիս արձանագրել է, որ նա համարվում է դատվածություն չունեցող անձ, քանի որ նախկին դատվածություններն օրենքով սահմանված կարգով մարված են: Դատարանը որպես հանցավորի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, ի թիվս այլնի, հաշվի է առել վարույթն իրականացնող մարմնին մեղայականով ներկայանալը, իրեն մեղավոր ճանաչելը և զղջալը: Դատարանը հաշվի է առել նաև այն, որ Էդ. Ադամյանի մայրը, երիտասարդ քույրն ու եղբայրը մահացած են: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայով նախատեսված տուգանքի ձևով պատիժ նշանակելը լիովին բավարար է նույն օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանը հասնելու համար (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, հիմնավորված համարելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները, անփոփոխ է թողել դատական ակտը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

24. Սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով 16-22-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Էդ. Ադամյանի գործողություններում բացակայում են մեղայականով ներկայանալու հատկանիշները:

Այսպես, գործի փաստական հանգամանքների վերլուծությունը վկայում է, որ մինչ իրավապահ մարմին ներկայանալը Էդ. Ադամյանին հայտնի է եղել կատարված հանցագործության մեջ իր մերկացման հանգամանքը: Էդ. Ադամյանը հանցագործությունը կատարելուց հետո շուրջ մեկ ամիս տաս օր գտնվել է փախուստի մեջ, ծախսել է հափշտակված գումարի մի մասը, իսկ իրավապահ մարմիններ ներկայացել է միայն իր դեմ վկայող բավարար տվյալների ճնշման պատճառով` գիտակցելով այլևս թաքնված մնալու հնարավորության բացակայությունը: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի ներկայանալը պայմանավորված է եղել ոչ թե կատարվածի համար զղջալու, մեղքն ընդունելու ցանկությամբ, այլ իր դեմ վկայող բավարար փաստերի ճնշմամբ, այսինքն` այն եղել է ոչ թե կամովին, այլ հարկադրված, ուստի խոսք չի կարող լինել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված մեղայականով ներկայանալու մասին:

25. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ այլընտրանքային սանկցիաների միջև ընտրություն կատարելիս պատժի արդարացիության սկզբունքի ապահովման հիմնական երաշխիքը դատարանների կողմից յուրաքանչյուր գործի քննության ժամանակ այնպիսի հանգամանքների բացահայտումն է, որոնք ազդում են անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա: Սույն գործով ստորադաս դատարաններն ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատժատեսակ նշանակելու վերաբերյալ իրենց որոշումը հիմնավորել են նաև նրանով, որ Էդ. Ադամյանի մայրը, երիտասարդ քույրն ու եղբայրը մահացած են: Մինչդեռ նշված հանգամանքը չի կարող ողջամտորեն նվազեցնել հանցավորի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, ուստի և չի կարող հաշվի առնվել նրա նկատմամբ պատիժ նշանակելիս:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկի հետ, որ նախկինում ունեցած դատվածությունները մարվելու հանգամանքն ամենևին էլ չի նշանակում, որ Էդ. Ադամյանը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը): Մարված կամ հանված դատվածության պայմաններում անձը քրեական օրենքի իմաստով համարվում է հանցագործություն չկատարած և նրա նախկին դատվածությունը քրեաիրավական հետևանք առաջացնել չի կարող, այդ թվում` չի կարող անդրադառնալ նոր հանցագործության համար նշանակվելիք պատժի վրա (տե՛ս Սեյրան Աղախանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 21-րդ կետը, Արտաշ Շաքարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵԿԴ/0163/01/13 որոշման 15-րդ կետը):

26. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Էդ. Ադամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի շրջանակներում տուգանք պատժատեսակն ընտրելիս ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել գործի փաստական հանգամանքները: Մասնավորապես, անտեսելով այն, որ հանցանքը կատարելուց շուրջ մեկ ամիս տասը օր հետո վարույթն իրականացնող մարմին ամբաստանյալի ներկայանալը պայմանավորված է եղել ոչ թե կատարվածի համար զղջալու, մեղքն ընդունելու ցանկությամբ, այլ իր դեմ վկայող բավարար փաստերի ճնշմամբ` ստորադաս դատարանները որպես Էդ. Ադամյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք են գնահատել վարույթն իրականացնող մարմնին մեղայականով ներկայանալը: Բացի այդ, դատարաններն ամբաստանյալ Էդ. Ադամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առել այնպիսի հանգամանքներ, որոնք որևէ կերպ չեն ազդում անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա, ուստի չեն կարող հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդ.Ադամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի շրջանակներում տուգանք պատժատեսակ նշանակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

27. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի նորմերով, մասնավորապես` 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտումներ, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է: Նշված հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորի Ադամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.12.2014
N ԵԷԴ/0048/01/14
Որոշում