Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ ...

 

 

040.0399.210415

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2015 թվականի N 399-Ն

 

i

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի ապրիլի 9-ի

N 399-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Փորձաքննությունը, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասի, իրականացվում է երկու փուլով` նախնական և հիմնական:

i

3. Փորձաքննության նախնական և հիմնական փուլերում, համաձայն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, կարող է պայմանագրային հիմունքներով ներգրավվել համապատասխան ոլորտի իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող փորձագետ, որի կողմից կազմվում և փորձաքննական կենտրոն է ներկայացվում մասնագիտական եզրակացություն:

4. Հիմնադրութային փաստաթղթերի փորձաքննության դեպքում գործընթացում ներգրավվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, որի կողմից տրվում է եզրակացություն կամ կարծիք:

5. Փորձաքննության նախնական փուլում` 10 աշխատանքային օրվա, իսկ հիմնական փուլում` 20 աշխատանքային օրվա ընթացքում պետական կառավարման մարմիններից հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիք, եզրակացություն չստանալու դեպքում դրանք համարվում են դրական: Մինչև ժամկետը լրանալը ուշացման վերաբերյալ ներկայացված պատճառաբանությունը լիազոր մարմնի կողմից հիմնավոր համարվելու դեպքում` սույն կետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով: Լիազոր մարմինը ժամկետի երկարաձգման կամ մերժման մասին սահմանված կարգով տեղեկացնում է ներկայացրած մարմնին` պատճառաբանության ստացման օրվանից ոչ ուշ, քան երրորդ օրը: Հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ երկարաձգված ժամկետում, իսկ ժամկետի երկարաձգումը մերժվելու դեպքում նախատեսված ժամկետում կարծիք, եզրակացություն չստանալու դեպքում դրանք համարվում են դրական:

6. Փորձաքննության նախնական փուլում փորձաքննության է ենթարկվում ձեռնարկողի կողմից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Ձեռնարկողի կողմից փորձաքննության են ներկայացվում փաստաթղթի թղթային և էլեկտրոնային տարբերակները:

7. Ձեռնարկողի նախաձեռնությամբ քաղաքաշինական ոլորտի հիմնադրութային փաստաթղթերի նախնական գնահատման հայտի փորձաքննությունը և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքի համաձայնեցման գործընթացները կարող են համատեղվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման դեպքում:

8. Փորձաքննության հիմնական փուլում փորձաքննության է ենթարկվում ձեռնարկողի կողմից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին հաշվետվությունը: Ձեռնարկողի կողմից փորձաքննության են ներկայացվում փաստաթղթի թղթային և էլեկտրոնային տարբերակները:

9. Ձեռնարկողն ընդերքօգտագործման բնագավառի համապատասխան փաստաթղթերը փորձաքննության է ներկայացնում ոլորտի լիազոր մարմնի միջոցով:

 

II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` Ա, Բ, Գ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

10. Ձեռնարկողը, որը մտադիր է իրականացնել օրենքի 14-րդ հոդվածով սահմանված հիմնադրութային փաստաթղթի դրույթները կամ նախատեսվող գործունեությունը, գրավոր դիմում է լիազոր մարմին` ներկայացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը` համապատասխան փաստաթղթերով: Լիազոր մարմինը երկօրյա ժամկետում` սահմանված կարգով, համապատասխան ընթացք տալու մասին հանձնարարականով հայտը և համապատասխան փաստաթղթերը տրամադրում է փորձաքննական կենտրոնին:

i

11. Փորձաքննական կենտրոնը հայտի լրակազմ չլինելու և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության մեջ անճշտությունների առկայության դեպքում, լիազոր մարմնի հանձնարարությամբ, օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, հայտի ստացման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտը վերադարձնում է ձեռնարկողին` լրակազմելու և (կամ) անճշտությունները վերացնելու համար: Հայտի վերադարձման պահից նախնական փուլի ժամկետը համարվում է դադարեցված` մինչև ձեռնարկողի լրակազմած հայտը փորձաքննական կենտրոն ներկայացնելու պահը:

i

12. Նախնական փորձաքննության արդյունքում` օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշման ընդունման դեպքում 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը կամ, լիազոր մարմնի հանձնարարությամբ, փորձաքննական կենտրոնը ձեռնարկողին է տրամադրում հիմնադրութային փաստաթղթի դրույթի կամ նախատեսվող գործունեության անթույլատրելիության վերաբերյալ գրություն` համապատասխան հիմնավորումներով:

13. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշման ընդունման դեպքում 30 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրութային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության հայտը` համապատասխան հիմնավորումներով վերադարձվում է ձեռնարկողին` լրակազմման:

14. Փորձաքննական կենտրոնը լրակազմ հայտն ստանալուց հետո յոթօրյա ժամկետում այն տեղադրում է իր էլեկտրոնային կայքում և դրա մասին տեղեկացնում է` հիմնադրութային փաստաթղթի դեպքում` մարզպետին, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին և տվյալ ազդակիր վարչական շրջանի ղեկավարին, իսկ նախատեսվող գործունեության դեպքում` ազդակիր համայնքի ղեկավարին (այսուհետ` քննարկումների պատասխանատու)` համատեղ հանրային ծանուցում և քննարկումներ կազմակերպելու նպատակով:

i

15. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված որոշման ընդունման դեպքում 30 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին տեղեկացվում է, որ հիմնադրութային փաստաթուղթը կամ նախատեսվող գործունեությունը ենթակա է անդրսահմանային համատեքստում ազդեցության գնահատման: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների համաձայն:

16. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով սահմանված որոշման ընդունման դեպքում` հիմնադրութային փաստաթղթի և Ա, Բ կատեգորիաների գործունեության տեսակների համար, համաձայն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի, փորձաքննական կենտրոնը 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և ձեռնարկողին է տրամադրում տեխնիկական առաջադրանք` լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով:

17. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման ընդունման դեպքում փորձաքննական կենտրոնը 30 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և լիազոր մարմնի կողմից հաստատումից հետո ձեռնարկողին է տրամադրում փորձաքննական եզրակացություն:

18. Հիմնադրութային փաստաթղթի և Ա, Բ կատեգորիաների գործունեության տեսակների վերաբերյալ լրակազմման վերադարձնելու որոշման ընդունման դեպքում լրամշակված հայտը ձեռնարկողի կողմից փորձաքննական կենտրոն ներկայացվելուց հետո, համաձայն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 4-րդ կետի, փորձաքննական կենտրոնը 30 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին է տրամադրում տեխնիկական առաջադրանք:

19. Գ կատեգորիայի գործունեության տեսակների վերաբերյալ լրակազմման վերադարձնելու որոշման ընդունման դեպքում լրամշակված հայտը ձեռնարկողի կողմից փորձաքննական կենտրոն ներկայացվելուց հետո, համաձայն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, փորձաքննական կենտրոնը 30 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին է տրամադրում փորձաքննական եզրակացություն:

 

III. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ` Ա, Բ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Փորձաքննության հիմնական փուլում օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տեխնիկական առաջադրանքին համապատասխան կազմված հաշվետվությունը` կից փաստաթղթերով, ձեռնարկողը ներկայացնում է փորձաքննական կենտրոն:

21. Փորձաքննական կենտրոնը հաշվետվությունների և կից փաստաթղթերի վերաբերյալ կարծիքները, եզրակացություններն ստանալուց հետո դիմում է քննարկումների պատասխանատուին` հանրային ծանուցում և քննարկումներ կազմակերպելու համար:

22. Փորձաքննական կենտրոնը հաշվետվությունը` կից փաստաթղթերով ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում (կարծիքներ, եզրակացություններ, առաջարկություններ ստանալուց հետո) իրականացնում է հանրային ծանուցում, իսկ ծանուցումից հետո յոթ աշխատանքային օրվանից ոչ շուտ քննարկումների պատասխանատուի հետ, ձեռնարկողի աջակցությամբ, իրականացնում է հանրային քննարկում:

23. Հաշվետվությունների վերաբերյալ կարծիքները, եզրակացությունները, հանրային քննարկման արձանագրությունները և հանրության հիմնավորված դիտողություններն ու առաջարկություններն ստանալուց հետո փորձաքննական կենտրոնը, համաձայն օրենքի 20-րդ հոդվածի, կազմում է փորձաքննական եզրակացության նախագիծ:

24. Հիմնադրութային փաստաթղթի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` 60 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` 40 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննական կենտրոնը կազմում և լիազոր մարմնի կողմից հաստատումից հետո ձեռնարկողին է տրամադրում պետական փորձաքննական եզրակացություն:

25. Փորձաքննական կենտրոնի հիմնավորված որոշմամբ փորձաքննության հիմնական փուլի ժամկետը կարող է երկարաձգվել` հիմնադրութային փաստաթղթի և Ա կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` մինչև 30 աշխատանքային օր, իսկ Բ կատեգորիայի գործունեության տեսակների դեպքում` մինչև 20 աշխատանքային օր, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ, գրավոր` համապատասխան հիմնավորումներով, դրա մասին տեղեկացնելով ձեռնարկողին:

26. Փորձաքննական կենտրոնը սույն կարգի 25-րդ կետի համաձայն ներկայացված դիտողություններին ձեռնարկողի կողմից բավարար պատասխաններ չտրվելու դեպքում գրավոր տեղեկացնում է ձեռնարկողին` նշելով հայտնաբերված անհամապատասխանությունները, թերացումները, սխալները, դրանք վերացնելու համար տրամադրվում է մինչև 10 աշխատանքային օր:

27. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը և լրամշակումները ձեռնարկողի կողմից փորձաքննական կենտրոն չներկայացվելու կամ թերություններով, ոչ լիարժեք ներկայացվելու դեպքում ձեռնարկողին տրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված բացասական եզրակացություն:

28. Ձեռնարկողի կողմից համապատասխան փաստաթղթերը սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով սահմանված ժամկետներում լրակազմ ներկայացվելու դեպքում փորձաքննական կենտրոնը լիազոր մարմնի կողմից հաստատված եզրակացությունը տրամադրում է ձեռնարկողին: Եզրակացությունը յոթ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2015
N 399-Ն
Որոշում