Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/6690/05/13

    դատարանի որոշում                                               2015 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6690/05/13

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.07.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արարատ Ափոյանի ընդդեմ Ծառայության` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արարատ Ափոյանը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանն ընդունելու երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու մասին որոշում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 26.03.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.07.2014 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.03.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշումը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով իրավահարաբերությունների ծագման պահ է հանդիսանում Արարատ Ափոյանի` Ծառայությունից արձակվելու օրը, քանի որ ծառայությունից արձակվելու դեպքում է զինծառայողը ձեռք բերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք 20 օրացուցային և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության պայմաններում: Մինչդեռ ստորադաս դատարանները «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջների սխալ կիրառման արդյունքում գտել են, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն առավել բարենպաստ կարգավորումներ է սահմանել, քան «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նախկին իրավակարգավորումների պայմաններում Արարատ Ափոյանը կենսաթոշակի իրավունք ձեռք չի բերել, հետևաբար վերջինիս նկատմամբ զինվորական ծառայության ստաժը նախկին իրավակարգավորումներով հաշվարկելու հիմք առկա չէ:

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի թիվ ՎԴ/4892/05/09 նախադեպային որոշումը, որը վերաբերում է մինչև 01.01.2011 թվականը գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող իրավական ակտերի կիրառմանը և ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից ելնելով` կիրառելի չէ 01.01.2011 թվականից գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետից հետո սույն գործով առաջացած փաստական հանգամանքների նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Թիվ O3-018110 զինվորական գրքույկի համաձայն` Արարատ Ափոյանը 24.10.1986 թվականից մինչև 29.03.1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում (գ.թ. 11):

2) Ծառայության 17.07.2013 թվականի թիվ 6/ԿՎ տեղեկանքի և թիվ O3-018110 զինվորական գրքույկի համաձայն` Արարատ Ափոյանը 14.08.1995 թվականից մինչև 01.04.2012 թվականը ծառայել է Ծառայության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժանմունքում (գ.թ. 7, 11):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 25.07.2013 թվականին տրված գրության համաձայն` Արթիկ քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1.720-1.860 մետր բարձրությունների վրա, քաղաքի միջին մակերևույթը գրանցված է որպես 1.800 մետր Բալթիկ ծովի մակերևույթից (գ.թ. 8):

4) Ծառայության տնօրենի 30.03.2012 թվականի թիվ 165-Ագ հրամանով Արարատ Ափոյանը 01.04.2012 թվականին ազատվել է ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայությունից (գ.թ. 32):

5) 10.06.2013 թվականին Արարատ Ափոյանը դիմում է ներկայացրել Ծառայության տնօրենին` խնդրելով իրեն նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ (գ.թ. 31):

6) Ծառայության կադրերի վարչության պետի տեղակալ Ս. Մովսեսյանի 22.08.2013 թվականի թիվ 6/ԿՎ տեղեկանքի համաձայն` Արարատ Ափոյանի զինվորական ծառայության ընդհանուր ստաժն օրացուցային հաշվարկով կազմել է 18 տարի 2 ամիս 2 օր, որից 1 տարի 6 ամիս 15 օրը ԽՍՀՄ զինված ուժերում: Քաղաքացիական հաստատություններում Արարատ Ափոյանի աշխատանքային ստաժը կազմում է` 6 տարի 2 ամիս 14 օր:

Արարատ Ափոյանի ընդհանուր աշխատանքային ստաժը կազմել է 24 տարի 4 ամիս 16 օր (գ.թ. 33):

7) Ծառայության 26.06.2013 թվականի թիվ 6/1732 գրությամբ Արարատ Ափոյանին հայտնվել է, որ նա չունի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ, հետևաբար երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակ չի կարող ստանալ (գ.թ. 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն գործի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. զինվորական ծառայությունից արձակված զինծառայողին երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման համար արդյո՞ք կիրառելի են մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն օրենքն ուժի մեջ մտնելը գործող իրավակարգավորումները, եթե զինծառայողը ծառայությունից արձակվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (ուժի մեջ է մտել 01.01.2011 թվականին):

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե նույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում, և նրան նշանակվել է կենսաթոշակ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը կապված է որոշակի հանգամանքների հետ, որոնց օրենքը տալիս է իրավական նշանակություն (իրավաբանական փաստեր):

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը տարանջատել է «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները: Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի ծագման համար նախատեսվել են տարբեր իրավաբանական փաստեր: Մասնավորապես` կենսաթոշակի իրավունքը ծագում է օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը` կենսաթոշակի իրավունքի առկայությամբ պայմանավորված` համապատասխան մարմին սահմանված կարգով դիմելու պարագայում:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է պետական կենսաթոշակների «աշխատանքային» և «զինվորական» տեսակները, որոնցից յուրաքանչյուրի համար նույն հոդվածով սահմանվել են ենթատեսակներ: Մասնավորապես` զինվորական կենսաթոշակը ստորաբաժանված է «երկարամյա ծառայության», «հաշմանդամության» և «կերակրողին կորցնելու դեպքում» ենթատեսակների:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողներ, վարժական հավաքների կանչված զինապարտներ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողներ և դատական ակտերի հարկադիր կատարողներ:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության լույսի ներքո անդրադառնալով նույն օրենքի 17-րդ հոդվածին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ զինվորական կենսաթոշակի իրավունքը ծագում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում նշված անձանց մոտ, եթե վերջիններս բավարարում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված պայմաններին:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլուխը կարգավորում է զինվորական կենսաթոշակ նշանակելու հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, նշված գլխի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ զինվորական կենսաթոշակների հիմքում դրված են բացառապես ծառայողական (աշխատանքային) հարաբերությունները: Տվյալ դեպքում օրենսդիրը հաշվի է առել ծառայողական պարտականությունների` արտակարգ, կյանքի և/կամ առողջության համար առավել վտանգավոր պայմաններում կատարելու հանգամանքը` այս առումով միասնական և հավասար մոտեցում ցուցաբերելով նմանատիպ ծառայություն իրականացնող համակարգերին:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ է նշանակվում համապատասխան մարմիններում, ինչպես նաև քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձին, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

i

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են`

1) համապատասխան մարմինների համակարգերի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմերի պաշտոններում զինծառայության, քրեակատարողական ծառայողի և հարկադիր կատարողի ծառայության, ինչպես նաև համապատասխան մարմինների ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

2) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում զինվորական ծառայության, ինչպես նաև դրանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

3) դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների` կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

Վերը նշված վերլուծության ներքո անդրադառնալով «երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքի» և «երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի» համար հիմք հանդիսացող իրավաբանական փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված պայմանները հանդիսանում են այնպիսի իրավաբանական փաստերի ամբողջություն, որոնց հիման վրա «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում նշված անձանց մոտ ծագում է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը:

Այդ փաստերն են` զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելը և արձակվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունենալը: Այսինքն` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքի ծագման համար հիմք է հանդիսանում ծառայությունից արձակվելը և ծառայությունից արձակելու հիմքով պայմանավորված` ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ 20 օրացուցային տարվա զինվորական ստաժ ունենալը:

Ըստ այդմ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվել են, թե զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում ծառայության (աշխատանքի) իրականացման փաստացի ժամանակահատվածից բացի ինչ հավելյալ ժամկետներ են ներառվում: Դրանք այնպիսի ժամկետներն են, որոնց ընթացքում անձն իրականացրել է այնպիսի գործունեություն, կամ վերջինիս նկատմամբ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք հավասարեցված են զինվորական ծառայությանը: Այսպիսով, երկարամյա ծառայության կենսաթոշակի համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժն իր մեջ ներառում է փաստացի զինվորական ծառայության և դրան հավասարեցված այլ գործունեության և/կամ օրենքով սահմանված` զինվորական ծառայությանը հավասարեցված հանգամանքների ժամանակահատվածները, և դրանց հանրագումարը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված 20 օրացուցային տարվան հավասար և ավելի տարի լինելու դեպքում անձի մոտ կարող է ծագել երկարամյա կենսաթոշակի իրավունք:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի,եե ենթակետի համաձայն` զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են մեկուկեսի չափով 1973 թվականի ապրիլի 01-ից սկսած` ծովի մակերևույթից 1.500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից` 1.700-2.000 մետր բարձրության լեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` կենսաթոշակ նշանակվում է` զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ նույն օրենքի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքը այդպիսի կենսաթոշակի իրավունք ունեցող անձի մոտ ծագում է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնին դիմելու հիմքով կենսաթոշակ նշանակելու պարագայում:

Ընդ որում, երկարամյա կենսաթոշակի իրավունքի առկայության դեպքում անձին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելիս պետք է հաշվի առնել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնյալ ժամկետների հիմքերի առկայությունը: Այսինքն` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնյալ ժամկետները կազմում են երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացման բաղադրատարրեր` ի տարբերություն նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների, որոնք հիմք են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքի ծագման համար:

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործի փաստերի համաձայն` Արարատ Ափոյանը 24.10.1986 թվականից մինչև 29.03.1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 14.08.1995 թվականից մինչև 01.04.2012 թվականը ծառայել է Ծառայության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժանմունքում:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 25.07.2013 թվականին տրված գրության համաձայն` Արթիկ քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1.720-1.860 մետր բարձրությունների վրա, իսկ քաղաքի միջին մակերևույթը գրանցված է որպես 1.800 մետր Բալթիկ ծովի մակերևույթից:

Արարատ Ափոյանը 01.04.2012 թվականին ազատվել է ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայությունից:

Արարատ Ափոյանի զինվորական ծառայության ընդհանուր ստաժն օրացուցային հաշվարկով կազմել է 18 տարի 2 ամիս 2 օր, որից 1 տարի 6 ամիս 15 օրը ԽՍՀՄ զինված ուժերում, իսկ 16 տարի 7 ամիս 7 օրը` Ծառայությունում:

Դատարանը, հղում կատարելով Հմայակ Ղարիբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության թիվ ՎԴ/4892/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշմանը, գտել է, որ սույն գործով և թիվ ՎԴ/4892/05/09 վարչական գործով փաստական հանգամանքները նույնական են, և հայցը բավարարելու հիմքում դնելով թիվ ՎԴ/4892/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումը, գտել է, որ Արարատ Ափոյանի զինվորական ծառայության ստաժը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել մինչև 25.12.2000 թվականը գործող ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշմամբ հաստատված կարգով ամրագրված պայմանները, այն է` մինչև 25.12.2000 թվականն Արարատ Ափոյանի ստաժը պետք է հաշվել արտոնյալ կարգով` մեկ ամսվա ծառայությունը հաշվելով 1,5 ամիս, այնուհետև ստացված արդյունքին պետք է գումարել ոչ արտոնյալ կարգով ծառայության ստաժը` 25.12.2000 թվականից մինչև 01.04.2012 թվականն ընկած ժամանակահատվածի զինվորական ծառայության համար: Վերջնական հաշվարկ կատարելով` Դատարանը եզրահանգել է, որ ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ Արարատ Ափոյանի ընդհանուր աշխատանքային ստաժը կազմել է 20 տարի 10 ամիս 7,5 օր, որից 19 տարի 3 ամիս 22,5 օրը կազմել է աշխատանքային ստաժը, իսկ 1 տարի 6 ամիս 15 օրը` ԽՍՀՄ զինված ուժերում ծառայությունը, այսինքն` Արարատ Ափոյանն ունեցել է ավելի քան 20 տարվա զինվորական ծառայության ստաժ, ուստի ծագել է երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակ ստանալու նրա իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի եզրահանգումն առ այն, որ Արարատ Ափոյանը Ծառայությունից ազատվելու պահին` 01.04.2012 թվականին, ունեցել է ավելի քան 20 տարվա զինվորական ծառայության ստաժ, հետևաբար երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքն Արարատ Ափոյանի մոտ ծագել է, մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սույն գործով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ գործող իրավակարգավորումների և ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի թիվ ՎԴ/4892/05/09 որոշման կիրառումն իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-243-Ն օրենքի ուժի մեջ մտնելը, այն է` մինչև 01.01.2011 թվականը, կարգավորվել են նախ` «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» թիվ ՀՕ-49 օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց ապահովության և արտոնությունների մասին» ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշմամբ, այնուհետև` «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» թիվ ՀՕ-258 օրենքով, ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Վերոնշյալից հետևում է, որ այն դեպքերում, երբ իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, այդ ակտի գործողությունը տարածվում է միայն մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, չի տարածվում դրանից հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Այսինքն` ըստ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության համընդհանուր սկզբունքի` իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ եղած ժամանակահատվածում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Այլ կերպ ասած` իրավական ակտի կիրառելիության հարցն ուղղակիորեն կապված է կարգավորման առարկան կազմող իրավահարաբերության ծագման պահի հետ:

Սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերոնշյալ իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում իրավահարաբերությունների ծագման պահ է հանդիսանում Արարատ Ափոյանի` ծառայությունից արձակվելու օրը, քանի որ բոլոր դեպքերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքն անձի մոտ ծագում է ծառայությունից արձակվելու օրվանից, հետևաբար սույն գործով կիրառման ենթակա են Արարատ Ափոյանի ծառայությունից ազատվելու օրվա` 01.04.2012 թվականի դրությամբ գործող իրավակարգավորումները, որոնք իրենց հերթին սահմանված են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թե՛ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» թիվ ՀՕ-49 օրենքով, թե՛ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» թիվ ՀՕ-258 օրենքով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը պայմանավորվել է ծառայությունից ազատվելու պահին որոշակի զինվորական ստաժի առկայությամբ, այսինքն` նախկինում գործող կարգավորումներով ևս երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքն անձի մոտ կարող էր ծագել միայն ծառայությունից արձակվելու պահին, եթե առկա էր համապատասխան ծառայության ստաժ:

Այսպես, «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» թիվ ՀՕ-49 օրենքի (ուժը կորցրել է 30.11.1998 թվականին) 10-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն զինծառայողները, որոնք ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ:

«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» թիվ ՀՕ-258 օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետի (հոդվածն ուժը կորցրել է 22.12.2010 թվականին) համաձայն` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով զինվորական ծառայություն անցած այն զինծառայողները, ովքեր ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ):

Այսպիսով, թե՛ նախկին, թե՛ ներկա կարգավորումներով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքի ծագումն օրենսդիրը պայմանավորել է զինվորական ծառայությունից անձին արձակելու հետ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործող իրավական ակտերը կիրառելի կլինեին միայն այն դեպքում, եթե Արարատ Ափոյանի` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը ծագեր մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, այսինքն` եթե Արարատ Ափոյանը ծառայությունից արձակվեր մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը և արձակման օրվա դրությամբ ունենար «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընդհանուր զինվորական ծառայության ստաժ:

Մինչդեռ, վերջինս ծառայությունից արձակվել է 01.04.2012 թվականին, հետևաբար սույն գործով կիրառելի են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, որոնց համաձայն` զինծառայողը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք է բերում, մասնավորապես, եթե ծառայությունից արձակվելու պահին ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների կողմից վկայակոչած թիվ ՎԴ/4892/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի նախադեպային որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշման փաստական հանգամանքներն էականորեն տարբերվում են սույն գործի փաստական հանգամանքներից:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը 29.10.2010 թվականի թիվ ՎԴ/4892/05/09 որոշմամբ նշել է, որ մինչև 25.12.2000 թվականը գործող ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշման կարգը զինծառայողին տալիս էր ծովի մակերևույթից 1.500 մետր և ավելի բարձրության մեկ ամսվա ծառայությունն արտոնյալ պայմաններով մեկուկես ամիս հաշվելու հնարավորություն, իսկ 25.12.2000 թվականից գործող ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ սահմանված կարգն այդ հաշվարկի համար հիմք է ընդունել ծովի մակերևույթից 1.700-2.000 մետր բարձրությունը` սկսած 30.11.1998 թվականից: Այսինքն` ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ սահմանված կարգի նշված պահանջն անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է, քանի որ դրանով կատարվել է ծառայության ժամկետն արտոնյալ պայմաններով հաշվարկելու համար հիմք հանդիսացող` ծառայության վայրի` ծովի մակերևույթից սահմանային բարձրության փոփոխություն` սահմանային բարձրությունը 1.500 մետրից դարձնելով 1.700 մետր:

Վերոգրյալից ելնելով` Հմայակ Ղարիբյանի` մինչև 25.12.2000 թվականի մեկ ամսվա ծառայությունը հաշվարկվել է մեկուկես ամսով` ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան, քանի որ ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ սահմանված կարգն այդ առումով, որպես անձի վիճարկը վատթարացնող նորմ, հետադարձ ուժ չի կարող ունենալ:

Մինչդեռ, սույն գործով Արարատ Ափոյանի ծառայության վայրը` Արթիկ քաղաքը, գտնվում է ծովի մակերևույթից 1.800 մետր միջին բարձրության վրա, որը նրան տալիս է զինվորական ծառայության մեկ ամսվա ծառայությունը արտոնյալ` մեկուկես ամիս հաշվելու հնարավորություն ինչպես նախկին, այնպես էլ ներկայումս գործող իրավակարգավորումների դեպքում, այսինքն` ծառայության ժամկետն արտոնյալ պայմաններով հաշվարկելու համար հիմք հանդիսացող` ծառայության վայրի` ծովի մակերևույթից սահմանային բարձրության փոփոխություն տվյալ դեպքում առկա չէ: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքները տարբերվում են թիվ ՎԴ/4892/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի նախադեպային որոշմամբ հաստատված փաստական հանգամանքներից: Բացի այդ, նշված նախադեպային որոշումը վերաբերում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 26.05.1993 թվականի թիվ 277 որոշմամբ ու ՀՀ կառավարության 27.11.2000 թվականի թիվ 778 որոշմամբ սահմանված կարգերի պահանջների կիրառմանը, որոնք սույն գործով կիրառելի չեն` հաշվի առնելով, որ Արարատ Ափոյանը զինվորական ծառայությունից արձակվել է 01.04.2012 թվականին, ինչով պայմանավորված վերջինիս կենսաթոշակի իրավունքի նկատմամբ կիրառելի են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Այսինքն` թիվ ՎԴ/4892/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի նախադեպային որոշումը վերաբերում է մինչև 01.01.2011 թվականը գործող «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող այլ իրավական ակտերի կիրառմանը և ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից ելնելով` այն կիրառելի չէ 01.01.2011 թվականից գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից վկայակոչած այն փաստին, որ Արարատ Ափոյանը, 1995 թվականից ծառայելով ծովի մակերևույթից 1.700 մետր և ավելի բարձրության վրա գտնվող վայրում, ունեցել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ձեռք բերելու ակնկալիք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալ են կիրառել լեգիտիմ ակնկալիքի ինստիտուտը, որին անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը (տե՛ս, «Պետական կենսաթոշակների մասին» 73-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին ՀՀ սահմանադրական դատարանի 15.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-723 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ մինչև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելն առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում աշխատած և կենսաթոշակի նշանակում ստացած անձինք ակնկալիք են ունեցել, որ իրենց կենսաթոշակը ենթակա է հաշվարկման արտոնյալ կարգով, սակայն նույն օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով այդ արտոնյալ կարգը վերացվել է` անտեսելով նաև նշված պայմաններում աշխատած անձանց ակնկալիքն առ այն, որ իրենց կենսաթոշակը հաշվարկվելու է արտոնյալ կարգով: Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքն իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը:

Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը, արձանագրելով նշանակված կենսաթոշակի վերահաշվարկի արդյունքում դրա տեսակի փոփոխման (վատթարացման) արգելքը, միաժամանակ ճանաչել է նաև որոշակի պայմաններում աշխատած և կենսաթոշակի նշանակում ստացած անձանց` արտոնյալ կենսաթոշակ ստանալու հանդեպ լեգիտիմ ակնկալիքը: Ընդ որում, ՀՀ սահմանադրական դատարանը լեգիտիմ ակնկալիքի առկայությունը ճանաչել է միայն այն անձանց մոտ, որոնք աշխատել և կենսաթոշակի նշանակում են ստացել:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման` կենսաթոշակի հանդեպ լեգիտիմ ակնկալիքը ծագելու համար միայն աշխատելու փաստը բավարար չէ, անձի նկատմամբ պետք է արդեն իսկ նշանակված լինի կենսաթոշակ կամ վերջինս պետք է արդեն իսկ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած լինի, որպեսզի դրա հանդեպ լեգիտիմ ակնկալիքը գործի: Ըստ այդմ` ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է ոչ թե որոշակի պայմաններում աշխատած անձանց լեգիտիմ ակնկալիքը այդ ընթացքում գործող կարգավորումներով կենսաթոշակ ստանալու նկատմամբ, այլ արդեն իսկ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց լեգիտիմ ակնկալիքն այդ իրավունքը ձեռք բերելու պահին գործող կարգավորումներով կենսաթոշակ ստանալու և դրա չափը այլևս չնվազեցնելու հանդեպ:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ, որը, սակայն, չի կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում` արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա:

Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանն անձի կենսաթոշակ ստանալու լեգիտիմ իրավունքը կապել է կենսաթոշակ ստանալու իրավունքի հետ, մինչդեռ սույն գործով նախկինում գործող օրենսդրության հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքի ծագման փաստ առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կիրառելի են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ գործող օրենքի կարգավորումները, որոնք երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքի, ինչպես նաև զինվորական ստաժի արտոնյալ հաշվարկի (մեկուկես անգամ ավել չափով) համար նախատեսում են 20 օրացուցային տարվա ստաժի առկայություն:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Արարատ Ափոյանը ծառայությունից սահմանված կարգով ազատվելու պահին ունեցել է օրացուցային 18 տարի 2 ամիս 2 օր զինվորական ստաժ, հետևաբար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ծառայությունից արձակվելու պահին Արարատ Ափոյանը չի ունեցել երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Արարատ Ափոյանի մոտ ծագել է երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.11.2014 թվականի որոշմամբ հետաձգվել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով, ենթակա է բռնագանձման Արարատ Ափոյանից: Բացի այդ, նկատի ունենալով, որ Ծառայությունը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, Արարատ Ափոյանից հօգուտ Ծառայության պետք է բռնագանձել նաև 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.07.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Արարատ Ափոյանի հայցը` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:

2. Արարատ Ափոյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Արարատ Ափոյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2015
N ՎԴ/6690/05/13
Որոշում