Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

2 հունիսի 2015 թվականի N 6

 

i

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին անդամակցելու հետ կապված Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքներից ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված համապատասխան կարգավորումներ սահմանված են պայմանագրի անբաժանելի մաս համարվող` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» 18-րդ հավելվածով ներկայացված արձանագրությամբ, «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» (այսուհետ` «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին») և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-րդ հոդվածի համաձայն` ԱՏԳ ԱԱ դասակարգչի որոշ ծածկագրերին դասվող ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետները հետաձգվում են այդ հոդվածով սահմանված համապատասխան ժամկետներով: Օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված են նաև հետաձգված ԱԱՀ-ի գումարների վճարման, դրանց նկատմամբ հսկողություն իրականացման, տույժերի հաշվարկման և վճարված գումարների հաշվանցմանը վերաբերող համապատասխան դրույթներ:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի դրույթների կիրառման վերաբերյալ` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման ժամկետը որոշվում է հիմք ընդունելով ներմուծման հարկային հայտարարագրում արտացոլված «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշվող այդ ապրանքների հարկման բազայի մեծությունը: Անկախ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ծանուցագրի ներկայացման հանգամանքից ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար հիմք է ընդունվում հետաձգման ժամկետը կիրառելու օրվա դրությամբ հարկային մարմին ներմուծողի ներկայացրած ներմուծման հարկային հայտարարագրում լրացված հարկման բազայի մեծությունը:

2. Օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման ժամանակաշրջանի սկիզբ է համարվում`

1) ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը (օրը),

2) ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթիվը, բայց ոչ ուշ, քան տվյալ ապրանքների ներմուծման օրվան (ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան) հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն` հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե`

1) մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը, կամ

2) հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում: Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) հարկ վճարողի կողմից մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով` հարկային մարմիններին ներկայացված գրավոր հայտարարությամբ` հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարի չափով: Հետաձգումը դադարեցնելու օր է համարվում հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը:

4. Օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով` հարկային մարմինը: Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով` որպես հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:

5. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում, որոնց մասով հարկային մարմիններին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված համապատասխան ժամկետներով, հարկային մարմին ներկայացվում է ներմուծման հարկային հայտարարագիր` լրացնելով նաև ԱԱՀ-ի գումարը, ու ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն` հայտարարությունում լրացնելով «լգօտա» բառը (հայտարարությունում այդ ապրանքների մասով ԱԱՀ-ի գումար չի լրացվում):

6. Օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ապրանքների ներմուծման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում (հաշվարկի 15-րդ կետի [Ա] վանդակում) արտացոլվում է միայն մաքսային արժեքով, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում միայն հարկման բազան, իսկ հետաձգված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի հաշվարկում չի արտացոլվում (օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն վճարումը հետաձգված ԱԱՀ-ի գումարը հաշվարկի 15-րդ կետի [Բ] վանդակում չի ներառվում):

7. Օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարման պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի հանդեպ պարտավորության գումարներ, արտացոլվում են պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները (ԱԱՀ-ի հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ներմուծված ապրանքների մաքսային արժեքը և հարկման բազան, իսկ [Բ] վանդակում` առաջացած ԱԱՀ-ի պարտավորության գումարը): ԱԱՀ-ի հաշվարկի 18-րդ կետում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանի Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:

ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է անկախ օրենքի 6.1-րդ հոդվածին համաձայն պետական բյուջե ԱԱՀ-ի գումարների վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված անձի ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից: Տվյալ դեպքում ԱԱՀ վճարող չհամարվող անձինք պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ հաշվարկում լրացնում են հաշվարկի միայն 18-րդ կետի [Ա] և [Բ] վանդակները` առանց 16.2 կետի [Ա] վանդակի լրացման:

8. Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` վերադարձի վերաձևակերպված գումարները ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որպես ներմուծված ապրանքների համար վճարված գումարներ` օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները արտացոլելով ԱԱՀ-ի հաշվարկի 16.2 կետի [Ա] վանդակում` որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացում):

9. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ներմուծված ապրանքների նկատմամբ, որոնց մասով օրենքի 6.1-րդ հոդվածի` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրության համաձայն հետաձգված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը լրանում է 2015 թ. հունվարի 1-ից (ներառյալ) հետո և ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը չի դադարել օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով մինչև 2014 թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով տույժերի հաշվարկը և այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների կողմից և այդ գումարները վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ: Այդ ապրանքների մասով հետաձգված ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը, կամ մաքսային մարմիններին հարկ վճարողի կողմից ներկայացված գրավոր հայտարարության հիման վրա ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում:

10. Մինչև օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման ժամկետների լրանալը իրավաբանական անձի գործունեության դադարեցման (լուծարման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման դեպքերում հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև իրավաբանական անձի գործունեության դադարեցումը (լուծարումը) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
02.06.2015
N 6
Պաշտոնական պարզաբանում