Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐՈՇ ...

18.10.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.09.1989  -ից մինչեւ   18.10.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 12.09.01 ՀՕ-227 օրենք)

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՈՐՈՇ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Սահմանել Հայկական ԽՍՀ հետևյալ պատվավոր կոչումները. «Հայկական ԽՍՀ արդյունաբերության վաստակավոր աշխատող» , «Հայկական ԽՍՀ կապի վաստակավոր աշխատող» , «Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության վաստակավոր աշխատող» , «Հայկական ԽՍՀ ժողովրդական կրթության վաստակավոր աշխատող» , «Հայկական ԽՍՀ վաստակավոր ստեղծագործական կոլեկտիվ» , «Հայկական ԽՍՀ բնակչության սպասարկման ոլորտի վաստակավոր աշխատող» , «Հայկական ԽՍՀ բնության պահպանության վաստակավոր աշխատող»:

2. Վերացնել Հայկական ԽՍՀ հետևյալ պատվավոր կոչումները. «Հայկական ՍՍՀ վաստակավոր էներգետիկ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր գինեգործ» , «Հայկական ՍՍՀ կապի վաստակավոր աշխատող» , «Հայկական ՍՍՀ ձկնատնտեսության վաստակավոր աշխատող» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր ինժեներ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր ագրոնոմ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր անասնաբույժ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր զոոտեխնիկ» , «Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության վաստակավոր ինժեներ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր իռիգատոր» , «Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության վաստակավոր մեխանիզատոր» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր անտառաբույծ» , «Հայկական ՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր երկրաբան» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր կոնստրուկտոր» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր տեխնոլոգ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր մեքենաշինարար» , «Հայկական ՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցիչ» , «Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության վաստակավոր ուսուցիչ» , «Հայկական ՍՍՀ պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության վաստակավոր վարպետ» , «Հայկական ՍՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր գրադարանավար» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր անսամբլ» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր կոլեկտիվ» , «Հայկական ՍՍհ առևտրի և հասարակական սննդի վաստակավոր աշխատող» , «Հայկական ՍՍՀ բնակչության կենցաղային սպասարկման վաստակավոր աշխատող» , «Հայկական ՍՍՀ վաստակավոր հաշվապահ»:

Սույն հոդվածում թվարկված հայկական ԽՍՀ պատվավոր կոչումների արժանացած անձանց համար այդ կոչումները պահպանվում են:

3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1983 թվականի մարտի 30-ի հրամանագրով հաստատված` Հայկական ԽՍՀ պետական պարգևների մասին կանոնադրության (Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1983 թ., թիվ 6, հոդվ. 66, թիվ 19, հոդվ. 240, 1984 թ., թիվ 23, հոդվ. 271, 1985 թ., թիվ 13, հոդվ. 181, 1986 թ., թիվ 1, հոդվ. 1) 8-րդ և 9-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Հայկական ԽՍՀ-ում սահմանված են հետևյալ պատվավոր կոչումները.

 

ա) արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի բնագավառում`

«Հայկական ԽՍՀ արդյունաբերության վաստակավոր աշխատող» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարար» ,

«Հայկական ԽՍՀ տրանսպորտի վաստակավոր աշխատող» ,

«Հայկական ԽՍՀ կապի վաստակավոր աշխատող».

 

բ) գյուղատնտեսության բնագավառում`

«Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության վաստակավոր աշխատող».

 

գ) գիտության և տեխնիկայի բնագավառում`

«Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր գյուտարար» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր ռացիոնալիզատոր».

 

դ) ժողովրդական կրթության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում`

«Հայկական ԽՍՀ ժողովրդական կրթության վաստակավոր աշխատող» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ» ,

«Հայկական ԽՍՀ առողջապահության վաստակավոր աշխատող» ,

«Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող».

 

ե) կուլտուրայի, գրականության և արվեստի բնագավառում`

«Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ» ,

«Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ» ,

«Հայկական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ» ,

«Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ» ,

«Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ» ,

«Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր աշխատող» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր ստեղծագործական կոլեկտիվ».

 

զ) առևտրի և բնակչության կենցաղային սպասարկման բնագավառում`

«Հայկական ԽՍՀ բնակչության սպասարկման ոլորտի վաստակավոր աշխատող».

 

է) աշխատանքային գործունեության մյուս բնագավառներում`

«Հայկական ԽՍՀ երիտասարդության վաստակավոր վարպետ-դաստիարակ» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր տնտեսագետ» ,

«Հայկական ԽՍՀ վաստակավոր իրավաբան» ,

«Հայկական ԽՍՀ բնության պահպանության վաստակավոր աշխատող»:

 

«Հոդված 9. Հայկական ԽՍՀ պատվավոր կոչումները շնորհվում են.

 

Հայկական ԽՍՀ արդյունաբերության վաստակավոր աշխատող` արդյունաբերության ճյուղերի ձեռնարկությունների, միավորումների, գիտահետազոտական, կոնստրուկտորական, տեխնոլոգիական, էներգետիկական և մյուս հիմնարկների ու կազմակերպությունների առնվազն 15 տարի արդյունաբերությունում աշխատած բարձրորակ աշխատողներին` հանրային աշխատանքի արտադրողականության, արտադրանքի որակի բարձրացման, ինքնարժեքի իջեցման, էներգիայի խնայողության գործում ձեռք բերած աչքի ընկնող նվաճումների, նորագույն տեխնիկայի, տեխնոլոգիայի և իրենց տեխնիկատնտեսական ցուցանիշներով արդի մակարդակին համապատասխանող արտադրանքի նոր տեսակների մշակման ու ներդրման համար:

Հայկական ԽՍՀ վաստակավոր շինարար` բարձր որակավորում ունեցող շինարար-ինժեներներին, առաջատար պրոֆեսիաների շինարարական բանվորներին և շինարարական, մոնտաժային ու նախագծային կազմակերպությունների, գիտահետազոտական և այլ հիմնարկների մասնագետներին, որոնք առնվազն 15 տարի աշխատել են ըստ մասնագիտության` գերազանց պրակտիկ գործունեության և շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

Հայկական ԽՍՀ տրանսպորտի վաստակավոր աշխատող` երկաթուղային, օդային, ավտոմոբիլային, ջրային տրանսպորտի և քաղաքային էլեկտրատրանսպորտի, ճանապարհային մարմինների, ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շինարարության, նորոգման ու շահագործման բարձր որակավորում ունեցող բանվորներին, ինժեներատեխնիկական աշխատողներին և ծառայողներին, տրանսպորտային մինիստրությունների, գերատեսչությունների, տրանսպորտը սպասարկող ձեռնարկությունների, գիտահետազոտական և նախագծային ինստիտուտների, կոնստրուկտորական բյուրոների, լաբորատորիաների ու նորոգման արհեստանոցների աշխատողներին, որոնք համապատասխան մինիստրության, գերատեսչության, կազմակերպության սիստեմում անբասիր աշխատել են առնվազն 15 տարի և գիտության նվաճումները, նոր տեխնիկան ու աշխատանքի առաջավոր մեթոդները արտադրության մեջ ներդնելու միջոցով ապահովում են տրանսպորտի անվթար աշխատանքը, փոխադրամիջոցների ու սարքավորումների բարձր արտադրողական օգտագործումը, բարձր ցուցանիշներ արտադրական պլանների և առաջադրանքների կատարման գործում:

Հայկական ԽՍՀ կապի վաստակավոր աշխատող` կապի ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների առնվազն 15 տարի մասնագիտությամբ աշխատած բարձրորակ աշխատողներին` կապի միջոցներով ու ծառայություններով ժողովրդական տնտեսության ու բնակչության բարձրորակ սպասարկումն ապահովելու, նոր տեխնիկան ու տեխնոլոգիան մշակելու և արմատավորելու համար:

Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության վաստակավոր աշխատող` կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների և հանրապետության մյուս գյուղատնտեսական մարմինների աշխատողներին, որոնք գյուղատնտեսությունում աշխատել են առնվազն 15 տարի` գյուղատնտեսական արտադրության զարգացման մեջ ներդրած մեծ ավանդի համար:

Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ` գիտահետազոտական ինստիտուտների գիտական աշխատողներին և ձեռնարկությունների մասնագետներին` գիտության և տեխնիկայի բնագավառում աչքի ընկնող աշխատությունների, հատկապես կարևոր գիտական հայտնագործությունների և գյուտերի, բարձրօգուտ գիտապրոպագանդիստական և գիտամասսայական գործունեության համար:

Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, որպես կանոն, շնորհվում է այն գիտնականներին, որոնց դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունից հետո անցել է առնվազն 10 տարի:

Հայկական ԽՍՀ վաստակավոր գյուտարար` այն գյուտարարներին, որոնք ժողովրդական տնտեսության, կուլտուրայի, առողջապահության և երկրի պաշտպանության ցանկացած բնագավառում ներդրած իրենց գյուտերով նպաստել են էական տեխնիկական առաջադիմությանը, տալով զգալի տնտեսական արդյունք:

Հայկական ԽՍՀ վաստակավոր ռացիոնալիզատոր` այն ռացիոնալիզատորներին, որոնք իրենց ներդրած արժեքավոր ռացիոնալիզատորական առաջարկություններով նպաստել են կիրառվող տեխնիկայի և արտադրության տեխնոլոգիայի էական պարզեցմանը կամ բարելավմանը, որից ստացվել է զգալի նյութական արդյունք:

Հայկական ԽՍՀ ժողովրդական կրթության վաստակավոր աշխատող` բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներին, տարրական ութամյա, միջնակարգ, հատուկ դպրոցների ուսուցիչներին, մանկապարտեզների վարիչներին և դաստիարակներին, մանկավարժական ուսումնարանների, տեխնիկումների և նրանց հավասարեցված` միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների դասատուներին, ժողովրդական կրթության շրջանային ու քաղաքային բաժինների և Հայկական ԽՍՀ ժողովրդական կրթության մինիստրության բաժինների վարիչներին, տեսուչներին, տեխնիկական, հատուկ, միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանների, գյուղական միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանների դասատուներին, արտադրական ուսուցման վարպետներին, որոնք, որպես կանոն, ունեն բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն, առնվազն 15 տարի աշխատել են ժողովրդական կրթության բնագավառում և զգալի հաջողությունների են հասել գիտամանկավարժական և ուսումնադաստիարակչական աշխատանքում, խոշոր ավանդ են ներդրել բարձրորակ մասնագետների պատրաստման գործում, սիստեմատիկաբար աշխատում են իրենց քաղաքական, գիտատեսական մակարդակի և մանկավարժական վարպետության բարձրացման վրա` աճող սերնդի դաստիարակության և ուսուցման գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար:

Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ` կլինիկաներում, հիվանդանոցներում, հոսպիտալներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, դիսպանսերներում, ծննդատներում, բուժտեղամասերում, բուժկետերում և բուժպրոֆիլակտիկ ու սանիտարապրոֆիլակտիկ մյուս հիմնարկներում աշխատող բոլոր մասնագիտությունների քաղաքացիական և զինվորական բժիշկներին, որոնք առնվազն 15 տարի աշխատել են այդ հիմնարկներում և աչքի են ընկել իրենց պրակտիկ գործունեությամբ` ժողովրդական առողջապահության և բնակչության բուժսպասարկման բնագավառում ունեցած վաստակի համար:

Հայկական ԽՍՀ առողջապահության վաստակավոր աշխատող` առողջապահության հիմնարկների ու մարմինների բարձր որակավորում ունեցող դեղագործներին, կրտսեր, միջին բուժանձնակազմին և մյուս աշխատողներին, որոնք առնվազն 15 տարի անբասիր աշխատել են բուժպրոֆիլակտիկ, սանիտարապրոֆիլակտիկ, առողջարարական հիմնարկներում, գիտահետազոտական ինստիտուտներում, լաբորատորիաներում և առողջապահության մյուս հիմնարկներում, հատկապես աչքի են ընկել ժողովրդական առողջապահության բնագավառում իրենց պրակտիկ գործունեությամբ:

Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող` ֆիզկուլտուրային շարժման առավել աչքի ընկած կազմակերպիչներին, ականավոր գիտնականներին և մարզիչներին, ֆիզկուլտուրայի կոլեկտիվների, սպորտային կառույցների, ֆիզկուլտուրային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների այն աշխատողների, որոնք մեծ վաստակ ունեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում, և այն անձանց, որոնք ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում հասարակական հիմունքներով աշխատել են առնվազն 15 տարի:

Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ` թատրոնների, ֆիլհարմոնիայի, կինոյի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` բարձր վարպետության, աչքի ընկնող բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, թատերական բեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու, խորհրդահայ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ` խորհրդահայ կերպարվեստի ականավոր գործիչներին` գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ և կիրառական արվեստի բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու համար:

Հայկական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ` քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման գործում ունեցած առանձնահատուկ վաստակի համար` ականավոր ճարտարապետներին, որոնք ստեղծել են հասարակական, քաղաքացիական, արդյունաբերական և գյուղական ժամանակակից եզակի համալիրներ, շենքեր ու կառույցներ, մեծ ավանդ են ներդրել ճարտարապետության հուշարձանների վերակառուցման գործում, ակնառու ծառայություններ ունեն ճարտարապետական գիտության մեջ:

Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ` թատրոնների, ֆիլհարմոնիայի, կինոյի, էստրադայի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին և ստեղծագործական մյուս աշխատողներին, երաժիշկտ-կատարողներին` բարձր վարպետության և խորհրդահայ արվեստի զարգացմանը նպաստող գործունեության համար:

Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ` կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական, թատերադեկորացիոն արվեստի գործիչներին և ժողովրդական գեղարվեստական արհեստագործության վարպետներին, որոնք ստեղծել են բարձրարժեք գեղարվեստական գործեր և իրենց գործունեությամբ նպաստում են խորհրդահայ արվեստի զարգացմանը:

Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ` կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին և արվեստի մյուս գործիչներին` արվեստի իրենց կողմից ներկայացվող բնագավառում ցուցաբերած վարպետության կամ խորհրդահայ արվեստի զարգացման բնագավառում կադրերի դաստիարակության և պատրաստման գործում ունեցած մեծ վաստակի, արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու համար:

Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ` առնվազն 15 տարի ըստ մասնագիտության աշխատած ճարտարապետներին` խորհրդահայ ճարտարապետության զարգացման գործում ունեցած վաստակի և ճարտարապետական կադրերի պատրաստմանը ակտիվորեն մասնակցելու համար:

Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ` խորհրդային գրականության, կուլտուրայի զարգացման բնագավառում աչքի ընկնող վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների, մամուլի, հրատարակչությունների բարձր որակավորում ունեցող աշխատողներին, որոնք առնվազն 15 տարի աշխատել են կուլտուրայի բնագավառում, մեծ վաստակ ունեն խորհրդային կուլտուրայի զարգացման, աշխատավորական լայն մասսաների կոմունիստական դաստիարակության գործում:

Հայկական ԽՍՀ կուլտուրայի վաստակավոր աշխատող` կուլտուր-լուսավորական հիմնարկների, կուլտուրայի տների և պալատների, ակումբների, զբոսայգիների, թանգարանների բարձր որակավորում ունեցող աշխատողներին. թատրոնների, համերգային կազմակերպությունների, հրատարակչությունների, կուլտուրայի հարցերով զբաղվող զանազան հիմնարկների աշխատողներին. կինոֆիկացիայի, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների, պոլիգրաֆիական արդյունաբերության, գրքի առևտրի աշխատողներին. «Գիտելիք» ընկերության անդամ դասախոսներին, կուսակցական կոմիտեների դասախոսներին ու պրոպագանդիստներին. պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության բնագավառի աշխատողներին, գեղարվեստական ինքնագործունեության խմբակների ղեկավարներին, որոնք աշխատել են առնվազն 15 տարի և վաստակ ունեն խորհրդային կուլտուրայի զարգացման, աշխատավորական լայն մասսաների կոմունիստական դաստիարակության գործում:

Հայկական ԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ` ժուռնալիստների միության անդամներին, որոնք առնվազն 20 տարի անբասիր աշխատել են խորհրդային ժուռնալիստիկայի բնագավառում և վաստակ ունեն նրա զարգացման գործում` մամուլի օրգաններում, հեռուստատեսության, ռադիոհաղորդումների մարմիններում ստեղծագործական ակտիվ գործունեության համար:

Հայկական ԽՍՀ վաստակավոր ստեղծագործական կոլեկտիվ` երաժշտական, խմբերգային, պարային և մյուս կոլեկտիվներին` կատարողական բարձր վարպետության, խորհրդահայ արվեստի զարգացմանը նպաստող գեղարվեստական-ստեղծագործական հաջող գործունեության համար:

Հայկական ԽՍՀ բնակչության սպասարկման ոլորտի վաստակավոր աշխատող` առևտրի, հասարակական սննդի և բնակչության կենցաղային սպասարկման բարձրորակ աշխատողներին, որոնք այդ ոլորտում աշխատել են առնվազն 15 տարի և հատկապես աչքի են ընկել բնակչության սպասարկման բարձր կուլտուրայով` առևտրի և կենցաղային ծառայության առաջադիմական ձևերի ու մեթոդների ներդրման համար:

Հայկական ԽՍՀ երիտասարդության վաստակավոր վարպետ-դաստիարակ` բարձր որակավորում ունեցող բանվորներին, կոլտնտեսականներին, արտադրության վարպետներին, ինժեներատեխնիկական աշխատողներին, գյուղատնտեսության մասնագետներին, որոնք առնվազն 10 տարի աշխատել են երիտասարդության հետ, մեծ վաստակ ունեն երիտասարդությանը պրոֆեսիոնալ վարպետություն ուսուցանելու գործում, նրանց մեջ դաստիարակում են աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունք, կոմունիզմ կառուցողի բարձր գաղափարական և բարոյական հատկություններ:

Հայկական ԽՍՀ վաստակավոր տնտեսագետ` բոլոր ճյուղերի բարձր որակավորում ունեցող տնտեսագետներին, որոնք ունեն տնտեսագիտական բարձրագույն կրթություն, առնվազն 20 տարի անբասիր աշխատել են ըստ մասնագիտության և աչքի են ընկել իրենց գործունեությամբ:

Հայկական ԽՍՀ վաստակավոր իրավաբան` բարձր որակավորում ունեցող իրավաբաններին, որոնք իրավաբանական բարձրագույն կրթություն ունեն, ըստ իրավաբանական մասնագիտությունների անբասիր աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ և զգալի վաստակ սոցիալիստական օրինականության ու իրավակարգի ամրապնդման ուղղությամբ պրակտիկ գործունեության բնագավառում:

Հայկական ԽՍՀ բնության պահպանության վաստակավոր աշխատող` բնության պահպանության բնագավառի աշխատողներին, որոնք խորհրդային մարմիններում, մինիստրությունների ու գերատեսչությունների համակարգում, ինչպես նաև տնտեսական, հասարակական ու կոոպերատիվ կազմակերպություններում ակտիվ ու անբասիր աշխատել են առնվազն 10 տարի և իրենց արդյունավետ գործունեությամբ, գիտական նվաճումների, առաջարկությունների և առաջավոր փորձի ներդրմամբ, գիտական և պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմամբ աչքի են ընկել բնության պահպանության բնագավառում բնակչության էկոլոգիական կրթության, դաստիարակության ու պրոպագանդայի լավագույն կազմակերպման համար»:

 

13 սեպտեմբերի 1989 թվականի,

թիվ 1588-XI.

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
13.09.1989
N 1588-XI
Հրամանագիր