Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԷԴ/0030/01/12   

    Քրեական գործ թիվ ԵԷԴ/0030/01/12                  2015 թ.

Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան

Դատավորներ` Գ. Մելիք-Սարգսյան

Հ. Տեր-Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի  

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի

                                              Հ. Ասատրյանի    

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի փետրվարի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ Տիգրան Ռուբենի Կոստանդյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 90278811 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով Հարություն Կառլենի Պետրոսյանը, Վահե Վարուժանի Պարանյանը, Նարեկ Արկադիի Սահակյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2011 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումներով Տիգրան Ռուբենի Կոստանդյանը, Գևորգ Սերոբի Խնուսյանը և Սերգո Արմենի Մելիքբեկյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2012 թվականի մարտի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Տ. Կոստանդյանը, Գ. Խնուսյանը, Հ. Պետրոսյանը, Վ. Պարանյանը, Ն. Սահակյանը և Ս. Մելիքբեկյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Ն. Սահակյանի, Վ. Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանը, Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանը և Վ. Բաբայանը:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Վ.Պարանյանի մասով պաշտպան Ժ. Վարոսյանի վերաքննիչ բողոքով և 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանի և Վ. Բաբայանի վերաքննիչ բողոքով վերաքննիչ վարույթները կարճվել են` իրենց դիմումների հիման վրա, իսկ Վերաքննիչ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Ն. Սահակյանի մասով պաշտպան Ժ. Վարոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը կարճվել է, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել:

4. Տ.Կոստանդյանի պաշտպան Գ. Մադոյանի, Գ. Խնուսյանի պաշտպաններ Կ. Գրիգորյանի և Վ. Բաբայանի, Վ. Պարանյանի պաշտպան Ժ. Վարոսյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, գործի վարույթը Տ. Կոստանդյանի, Գ. Խնուսյանի, Վ. Պարանյանի մասով կարճել, իսկ քրեական հետապնդումը` դադարեցրել:

Հ.Պետրոսյանի պաշտպան Ղ. Պապոյանի, Ս. Մելիքբեկյանի պաշտպան Ա. Քալաշյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը, Հ. Պետրոսյանին, Ս. Մելիքբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել` կարճելով քրեական գործի վարույթը:

Դատավարության մասնակիցները Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի, 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումները վճռաբեկության կարգով չեն բողոքարկել, և դրանք մտել են օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման դեմ Տ. Կոստանդյանի, Գ. Խնուսյանի պաշտպան Կ. Գրիգորյանի, իսկ նույն դատարանի 2013 թվականի ապրիլի 29-ի որոշման դեմ` մեղադրող Տ. Հարությունյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով բերվել են վճռաբեկ բողոքներ:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ վճռաբեկ բողոքները մասնակիորեն բավարարվել են, ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը Գ. Խնուսյանի և Տ. Կոստանդյանի մասով, նույն դատարանի Հ. Պետրոսյանի և Ս. Մելիքբեկյանի վերաբերյալ` 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումը բեկանվել են, գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

6. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 6-ի որոշմամբ պաշտպաններ Ա. Քալաշյանի, Ղ. Պապոյանի, Գ. Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել է ամբողջությամբ, իսկ պաշտպաններ Կ. Գրիգորյանի, Վ. Բաբայանի բողոքները` մասնակիորեն, այն է` Տ. Կոստանդյանի, Գ. Խնուսյանի, Հ. Պետրոսյանի և Ս. Մելիքբեկյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճիռը բեկանել է և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցրել:

7. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Գ. Խնուսյանի պաշտպան Կ. Գրիգորյանը: Տ. Կոստանդյանի կողմից վճռաբեկ բողոք չի ներկայացվել և նրա մասով դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Գ. Խնուսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոք է բերել Տ. Կոստանդյանի պաշտպան Կ. Գրիգորյանը: Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Տ.Կոստանդյանի պաշտպան Կ. Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Տ.Կոստանդյանին, Գ. Խնուսյանին, Հ. Պետրոսյանին, Վ. Պարանյանին և Ս. Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառայողներ, կոչումով կրտսեր սերժանտներ, 2011 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում, առանց որևէ պատճառի շուրջ 7-ից 10 րոպե տևողությամբ ծաղրուծանակի են ենթարկել, ստորացրել պատիվն ու արժանապատվությունը և բռնություն են գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Սամվել Արսենի Պապիկյանի նկատմամբ, այն է` ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 14):

10. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման համաձայն` «(...) գործի նյութերով հաստատված է, որ սույն գործով մեղադրանքի փաստական կողմը կազմող գործողությունները կատարելու համար Գևորգ Խնուսյանի, Վահե Պարանյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրամանատարի 15.10.2011 թ. թիվ 237 հրամանով նշանակվել է կարգապահական տույժ` 10-ական օր ժամանակով:

Նույն օրը Գևորգ Խնուսյանը, Վահե Պարանյանը և Տիգրան Կոստանդյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական Ոստիկանության կարգապահական մեկուսարան: Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում գտնվել են 15.10.2011 թ-ից մինչև 25.10.2011 թ., երբ 15.10.2011 թ. հարուցված սույն քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և մեղադրյալները տեղափոխվել են կալանավորվածներին պահելու վայր:

(...) Այսինքն` ամբաստանյալներ Գևորգ Խնուսյանը և Տիգրան Կոստանդյանը կարգապահական մեկուսարանում անազատության մեջ պահվել են 10 (տասը) օր (...): Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) Գևորգ Խնուսյանի և Տիգրան Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 (տասը) օր (...) կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:

(...)

Վերոգրյալի հիման վրա` վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գևորգ Խնուսյանի (...) և Տիգրան Կոստանդյանի կողմից կարգապահական կալանքը կրելուց հետո նույն արարքի համար նրանց դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը: Այսինքն` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը (...) և Տիգրան Կոստանդյանը կրկին անգամ դատվել են նույն արարքի համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 141-142):

11. Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման համաձայն` «(...) քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, քանի որ դրանցում նշված չէ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք:

Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք չմատնանշելով` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Գ. Խնուսյանի, Տ. Կոստանդյանի, Հ. Պետրոսյանի և Ս. Մելիքբեկյանի իրավունքները` թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:

(...)

[Վերոհիշյալ] դատավարական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի դատական ակտերը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի 2013 թվականի մարտի 19-ի և 2013 թվականի ապրիլի 29-ի որոշումներում առկա հակասությունը և իր որոշման մեջ հստակեցնի, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված որ հիմքով է կարճում քրեական գործի վարույթը և դադարեցնում քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 133-135):

12. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն` «(...) գործի քննության արդյունքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական սխալի, հետևաբար Դատարանի 23.08.2012 թ. դատավճիռը` քրեական գործով ըստ մեղադրանքի` Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, պետք է բեկանել և նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` կրկին դատապարտվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ»:

Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ. «Պաշտպաններ Կ. Գրիգորյանի և Վ. Բաբայանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Պաշտպաններ Ա. Քալաշյանի, Ղ. Պապոյանի և Գ. Մադոյանի վերաքննիչ բողոքները բավարարել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.08.2012 թ. դատավճիռը` քրեական գործով ըստ մեղադրանքի Գևորգ Սերոբի Խնուսյանի, Հարություն Կառլենի Պետրոսյանի, Տիգրան Ռուբենի Կոստանդյանի և Սերգո Արմենի Մելիքբեկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել ու նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթ 137-138):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

13. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966 թվականի միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների խախտում:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը շարադրել է վկայակոչված իրավանորմերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք դատական ակտեր, որից հետո եզրահանգել, որ թեև Տ. Կոստանդյանին կարգապահական մեկուսարանում պահելը հանդիսացել է կարգապահական տույժ, սակայն հաշվի առնելով արարքի ու դրա համար կիրառված պատժի բնույթը, Եվրոպական կոնվենցիայի իմաստով այն հավասարազոր է անձին քրեական մեղադրանքի համար դատապարտելուն: Հետևաբար սույն գործով Տ. Կոստանդյանի նկատմամբ կիրառված 10 օր կարգապահական կալանքն իր բնույթով և տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ:

Բողոք բերած անձը գտել է, որ այս պայմաններում Տ. Կոստանդյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելով և քրեական հետապնդումը դադարեցնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում:

14. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը և Տ. Կոստանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ իրավական հարցին. Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման առկայության պայմաններում օրինական և հիմնավորված է արդյոք Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը` քրեական գործի վարույթը կարճելու և Տ. Կոստանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով:

16. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

(...)

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի (...) դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

16.1. Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գ. Խնուսյանի վերաբերյալ որոշմամբ, որով դիրքորոշում է հայտնել այն մասին, որ. «(...) ստորադաս դատարանում գործի նոր քննության սահմանները կանխորոշվում են վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով և դրանով սահմանված նոր քննության ծավալով, ինչը բխում է արդարադատության արդյունավետության ապահովման խնդրից, մասնավորապես դատական ակտերի բողոքարկման և կրկին բեկանման շրջապտույտից խուսափելու անհրաժեշտությունից: Բացի այդ, նման կարգավորումն անհրաժեշտ նախապայման է վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթի արդյունավետ իրականացման համար: Միասնական դատական պրակտիկայի ձևավորումը հնարավոր է միայն ստորադաս դատարանի համար պարտադիր և ուղղորդող նշանակություն ունեցող իրավական դիրքորոշումների մշակմամբ:

(...)

[Ը]նդհանուր կանոնի համաձայն ստորադաս դատարանն իրավասու չէ դուրս գալ վճռաբեկ դատարանի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալներից և, միևնույն ժամանակ, պարտավոր է կատարել գործի նոր քննության ծավալով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողությունները: Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալը պարտադիր են ստորադաս դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, սակայն չեն կանխորոշում դրա արդյունքը:

[Օ]րենսդիրը նախատեսել է Վճռաբեկ դատարանի որոշման պարտադիրության ընդհանուր կանոնից բացառություն: Դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանը կարող է չկատարել Վճռաբեկ դատարանի որոշման պահանջները, որի դեպքում սակայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ պետք է հիմնավորի այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով: (...)» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 16-րդ և 18-րդ կետերը):

16.2. Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Գ. Խնուսյանի մասով գնահատելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալն իր համար պարտադիր բնույթ ունեն: Վերաքննիչ դատարանը, չկատարելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ղեկավարվելով ընդհանրական բնույթ ունեցող ու քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չհանդիսացող իրավական նորմով, իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը ոչ միայն խախտել է (...) մեջբերված իրավանորմերի պահանջները, այլև սահմանափակել է Գ. Խնուսյանի իրավունքները` թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում» (տե՛ս Գևորգ Սերոբի Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 20-րդ կետը):

16.3. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ անդրադարձել է Գ. Խնուսյանի մասով Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը և արձանագրել, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք` դրանով իսկ չկատարելով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման պահանջը, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել սահմանված ծավալով:

17. Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ օրենքով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք է բերվել միայն Գ.Խնուսյանի մասով, իսկ Տ. Կոստանդյանի մասով վճռաբեկ բողոք չի ներկայացվել (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), հետևաբար Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության միայն Գ.Խնուսյանի մասով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը), իսկ Տ. Կոստանդյանի մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

18. Հիմք ընդունելով Գ. Խնուսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը` քրեական գործի վարույթը կարճելու և Տ. Կոստանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, օրինական և հիմնավորված չէ:

19. Վերոգրյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը Տ. Կոստանդյանի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի նաև նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված համապատասխան հիմքը գործադրելու կապակցությամբ Գ. Խնուսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 22-29-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումները:

20. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերաքննիչ դատարանում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տիգրան Ռուբենի Կոստանդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ա. Պողոսյան

Ե. Դանիելյան

Ս. Ավետիսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.02.2015
N ԵԷԴ/0030/01/12
Որոշում