Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 58-ՐԴ, 59-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 58-ՐԴ, 59-ՐԴ, 86-ՐԴ ՀՈԴՎԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԿԴ1/0006/01/14             2015 թ.
Գործ թիվ   ԿԴ1/0006/01/14
Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան
                   Դատավորներ`  Կ. Ղազարյան
                                                  Մ. Պետրոսյան

  

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ` Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Արայիկ Օնիկի Խաչատրյանի պաշտպան Գ. Մադոյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հուլիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի և 34-138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20116413 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2013 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ Արայիկ Օնիկի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-138-րդ հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով նա դատապարտվել է ազատազրկման` 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման` 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով պատիժները լրիվ գումարելու միջոցով ամբաստանյալ Ա. Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա. Խաչատրյանի և նրա պաշտպան Գ.Մադոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է և Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Խաչատրյանի պաշտպան Գ.Մադոյանը:

Վճռաբեկ դատարանի 2015 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ ամբաստանյալ Ա. Խաչատրյանի պաշտպան Գ. Մադոյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Ամբաստանյալ Ա.Խաչատրյանը դատապարտվել է այն բանի համար, որ «նա 2013թ-ի հուլիսի 28-ին ժամը 23:30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած և հարբած վիճակում պահանջել է Աննա Ավակիմյանից, որ վերջինս իր` Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի 43-րդ տան մուտքի դուռը բացի և իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները և վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով այնտեղից տուն մուտք կգործի, որից հետո կոտրելով նշված տան պատուհանի ապակիները, կոտրված ապակու տեղով Աննա Ավակիմյանի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա տուն, որից հետո նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն Աննա Ավակիմյանը դիմադրել է, մահակով հարվածել է և փախել տանից, ինչի հետևանքով Արայիկ Խաչատրյանն իր հանցավոր մտադրությունը` Աննա Ավակիմյանի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալն ավարտին չի հասցրել» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 161):

6. 2013 թվականի նոյեմբերի 14-ի դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 12-2928 եզրակացության (այսուհետ նաև` Փորձագիտական եզրակացություն) «հետևություններ» մասի համաձայն` «(...) Աննա Ավակիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ: Վերը նշված ախտորոշմանը բնորոշ փոփոխությունները /զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկապությունը, դատողությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը/ արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից: (...) Իր ներկա հոգեկան վիճակով Աննա Ավակիմյանը կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գործողությունները:

(...)

Աննա Ավակիմյանին բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը (...):

(...) Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխհարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 166):

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Թեև փորձագետի եզրակացության համաձայն` տուժող Աննա Ավակիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, ինչի բնորոշ փոփոխություններն (զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկապակցվածությունը, դատողությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը) արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից, նա կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գործողությունները, նրան բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը, սակայն Դատարանը գտնում է, որ սույն դեպքի կապակցությամբ Աննա Ավակիմյանի ցուցմունքն արժանահավատ է և այն պետք է դնել սույն դատավճռի հիմքում, քանի որ սույն գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների տեսանկյունից նշված ցուցմունքում դեպքի կապակցությամբ նրա կողմից հայտնված տվյալների մի մասը, ինչպես միմյանց, այնպես էլ սույն քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով ստացված տվյալների հետ համընկնում ու փոխկապակցվում են (...):

(...) Դատարանը գտնում է, որ եթե տուժող Աննա Ավակիմյանն ունակ է ճիշտ ընկալելու և վերարտադրելու վերը թվարկված փաստական հանգամանքները, հետևապես ողջամտորեն չի կարող կասկածի տակ առնվել նրա ցուցմունքում նշված այն տվյալները, որ Արայիկ Խաչատրյանը նրա կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, ինչպես նաև նրա կամքին հակառակ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Ավելին` փորձագետի եզրակացության համաձայն` Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխհարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 166):

8. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն. «Գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք հանդիսանալ տուժող Աննա Ավակիմյանի կողմից տված ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար, առավել ևս, որ դրանցում որևէ էական հակասություն չկա և դրանք հաստատվում են նաև գործով ձեռք բերված մյուս ապացույցներով` վկաներ Լուսիկ Մարտիրոսյանի, Շուշանիկ Գրիգորյանի, Տիգրան Սամվելյանի, Արա Բաղդասարյանի (...) ցուցմունքներով, որոնք իրենց համակցությամբ թույլատրելի և բավարար են ամբաստանյալ Խաչատրյանին մեղսագրված հանցանքը հիմնավորված համարելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 121):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտնում է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ հոդվածների, 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 105-րդ և 210-րդ հոդվածների պահանջները:

Մասնավորապես բողոքաբերը նշել է, որ Ա.Խաչատրյանի վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքում դրվել են տուժող Ա.Ավակիմյանի ցուցմունքներն ու նրա մասնակցությամբ կատարված առերես հարցաքննության արձանագրությունը: Մինչդեռ Փորձագիտական եզրակացության համաձայն Ա.Ավակիմյանը տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, որը նրան զրկում է երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից: Հետևաբար տուժող Ա. Ավակիմյանի ցուցմունքներն ու նրա մասնակցությամբ կատարված առերես հարցաքննության արձանագրությունը անթույլատրելի ապացույցներ են և չեն կարող դրվել ամբաստանյալի դատապարտման հիմքով:

10. Բողոքաբերը նշել է նաև, որ քրեական գործով վկաներ Լ.Մարտիրոսյանի, Շ.Գրիգորյանի, ոստիկանության աշխատակիցներ Ա.Բաղդասարյանի և Ա.Սամվելյանի ցուցմունքները գնահատելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեին, որ վկաների իրազեկվածության աղբյուրը եղել է տուժող Ա.Ավակիմյանը: Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանության աշխատակիցներ Ա.Բաղդասարյանը և Ա. Սամվելյանը, համաձայն իրենց ցուցմունքների, ականատես են եղել դեպքի վայր ժամանելուց հետո կատարված իրադարձություններին, ապա դա չի կարող բավարար համարվել Ա. Խաչատրյանի կողմից իրեն մեղսագրված արարքը կատարելը ապացուցելու համար:

11. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ նախաքննության ընթացքում չեն առգրավվել տուժողի և ամբաստանյալի հագուստները, դրանք չեն զննվել, չեն նշանակվել անհրաժեշտ միկրոմասնիկային և դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց արդյունքում կպարզվեր տուժողի և Ա. Խաչատրյանի հագուստների վրա մյուս կողմի հագուստների միկրոմասնիկների առկայությունը կամ բացակայությունը, դրանց տեղակայումը, բացի այդ, տուժողի հագուստների վրա սերմնահեղուկի հետքերի առկայությունը կամ բացակայությունը, առկայության դեպքում` դրանց տեղակայումը և Ա.Խաչատրյանի կողմից թողնված լինելու հնարավորությունը: Արդյունքում ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ նախաքննության մարմինը պատշաճ չի իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտման համար օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկելու իր պարտականությունը:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` ճանաչելով ու հռչակելով Ա.Խաչատրյանի անմեղությունը նրան առաջադրված մեղադրանքում կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հոգեկան կամ ֆիզիկական պակասություններ ունեցող տուժողի կողմից ցուցմունք տալու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավասու էին արդյո՞ք ստորադաս դատարանները տուժող Աննա Ավակիմյանի ցուցմունքները և ամբաստանյալի հետ առերես հարցաքննության արձանագրությունը դնել ամբաստանյալի դատապարտման հիմքում այն դեպքում, երբ տուժողը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

15. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի (...) իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար (...) արդարության բոլոր պահանջների պահպանմամբ (...) իր գործի (...) քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն`

«Տուժողի հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

i

«Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել`

1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները (...)»:

i

15.1. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ տուժողն այն անձն է, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է կամ այդ արարքը կատարելն ավարտվելու դեպքում կարող էր պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մաս): Նա քրեական դատավարությանը մասնակցում է որպես մեղադրանքի կողմի սուբյեկտ և գործով օժտված է սեփական շահերով, որոնց ապահովման համար սահմանված են տուժողի մի շարք դատավարական իրավունքներ և պարտականություններ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված), որոնցից է նաև ցուցմունք տալու իրավունքը և պարտականությունը: Հետևաբար տուժողի ցուցմունքն իր բնույթով ոչ միայն ապացույցի ինքնուրույն տեսակ է, այլև վերջինիս իրավունքների և շահերի պաշտպանության միջոց (տե՛ս Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵՇԴ/0121/01/12 որոշման 25-րդ կետը):

Զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած տուժողի ցուցմունք տալու իրավական առանձնահատկություններին` նրա հարցաքննության նկատմամբ օրենսդիրը տարածել է վկայի հարցաքննության կանոնները: Մասնավորապես տուժողը չի կարող կանչվել և հարցաքննվել այն դեպքում, երբ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները: Այլ խոսքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է տուժողի` ցուցմունք տալու պարտականությունից բացառություն, ինչպես նաև նրա ցուցմունք տալու իրավունքի սահմանափակման հիմք: Նշված սահմանափակումը նպատակ է հետապնդում ապահովել ամբաստանյալի արդար դատաքննության իրավունքը, համաչափ է հետապնդվող նպատակին և չի իմաստազրկում տուժողի` իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու բուն իրավունքը, քանի որ վերջինս օժտված է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության այլ իրավական միջոցներով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված): Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված են տուժողին հարցաքննելու սահմանափակման հիմքերը: Մասնավորապես որպես տուժող չի կարող կանչվել և հարցաքննվել այն անձը, ով.

1. ունի ֆիզիկական կամ հոգեկան պակասություններ,

2. (1) կետում նշված հանգամանքի հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները:

Ընդ որում վերոնշյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը պարտադիր է քննարկվող սահմանափակումը կիրառելու համար: Օրենսդրական նման կարգավորումը պայմանավորված է նրանով, որ անձի մոտ ֆիզիկական կամ հոգեկան բնույթի առանձին շեղումների առկայությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ անձն առհասարակ չի կարող ճիշտ ընկալել և վերարտադրել օբյեկտիվ իրականության փաստերը: Մասնավորապես հնարավոր են դեպքեր, երբ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի մոտ ժամանակավորապես վերականգնվի օբյեկտիվ իրականության փաստերը ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունը, կամ տվյալ հիվանդությունն իր բնույթով այնպիսին լինի, որ անձին չզրկի երևույթների նշանակությունը հասկանալու և դրանք վերարտադրելու ունակությունից և այլն: Հետևաբար անձը չի կարող հարցաքննվել, եթե ֆիզիկական կամ հոգեկան պակասությունը զրկում է նրան քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունից:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն. «Տուժողը պարտավոր է (...) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունը.»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն`

«Քրեական գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`

(...)

3) (...) տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները` դատահոգեբուժական փորձագետի եզրակացությունը.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի` (...) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն.

«1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու տուժողի ունակությունը կասկածի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում վարույթն իրավականացնող մարմինը պետք է նշանակի փորձաքննություն: Իսկ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները կարող է հաստատվել միայն դատահոգեբուժական փորձագետի եզրակացությամբ:

i

Ընդ որում փորձագետի եզրակացությունը ապացույցների տեսակներից մեկն է և որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ կիրառելի են ապացույցների գնահատման ընդհանուր կանոնները (ապացույցների գնահատման կանոնների վերաբերյալ մանրամասն տե՛ս օրինակ Արարարտ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31-31.3-րդ կետերը)` հաշվի առնելով ապացույցի այդ տեսակի առանձնահատկությունները:

17. Այսպես` փորձագետի եզրակացությունը արժանահավատության տեսանկյունից գնահատելիս վարույթ իրականացնող մարմինը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի օրենքով փորձագետի եզրակացությանը ներկայացվող պահանջների պահպանվածությունը: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-252-րդ հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ փորձագետի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված, բավարար չափով հստակ և լրիվ: Այլ խոսքով փորձագետի եզրակացությունում կատարված հետազոտությունների ողջ ընթացքն ու արդյունքները պետք է շարադրվեն ամբողջական և հնարավորին չափ մանրամասն, կատարված հետազոտությունների և հետևությունների միջև պետք է առկա լինի տրամաբանական կապ, բացառվեն իմաստային հակասությունները: Միայն այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն կունենա հասկանալ հետազոտության էությունը և պատշաճ գնահատել դրա արդյունքները: Միևնույն ժամանակ այն դեպքում, երբ փորձագետի եզրակացությունը չի համապատասխանում նշված պահանջներին, օրենսդիրը, հիմք ընդունելով փորձագետի եզրակացության` որպես որոշակի հանգամանքներ հաստատելու համար թույլատրելի ապացույցի անփոխարինելիությունը, վարույթն իրականացնող մարմնին օժտել է այդ պահանջների պահպանումն ապահովելու այնպիսի լծակներով, ինչպիսիք են լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելը, փորձագետին հարցաքննելը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ փորձագետի եզրակացությունը չի համապատասխանում հիմնավորվածության, բավարար չափով հստակության կամ լրիվության պահանջներին, այն չի կարող գնահատվել որպես արժանահավատ ապացույց, քանի դեռ օրենքով սահմանված միջոցներով չեն վերացվել այդ խախտումները:

18. Սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան կամ ֆիզիկական պակասություններ ունեցող անձանց ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և դրանք մեղադրական դատավճռի հիմքում դնելու հարցը պարզելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է որոշել, թե տվյալ անձը արդյոք ունակ է ճիշտ ընկալել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը և վերարտադրել դրանք: Այս հանգամանքները կարող են հաստատվել միայն հիմնավորվածության, լրիվության և հստակության պահանջներին համապատասխանող դատահոգեբուժական փորձաքննությամբ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալի և տուժողի մրցակցող իրավունքները (համապատասխանաբար` արդար դատաքննության և իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության), ինչպես նաև տուժողի վերոնշյալ ունակությունների հանգամանքը հաստատելու համար փորձագետի եզրակացության անփոխարինելիությունը` վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները փորձագետի եզրակացության արժանահավատությունն ապահովելու համար:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Խաչատրյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2013 թվականի հուլիսի 28-ին ժամը 23:30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած և հարբած վիճակում պահանջել է Աննա Ավակիմյանից, որ վերջինս իր` Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի 43-րդ տան մուտքի դուռը բացի և իրեն ներս թողնի, հակառակ դեպքում կկոտրի տան պատուհանի ապակիները և վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով այնտեղից տուն մուտք կգործի, որից հետո կոտրելով նշված տան պատուհանի ապակիները, կոտրված ապակու տեղով Աննա Ավակիմյանի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա տուն, որից հետո նրա կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն Աննա Ավակիմյանը դիմադրել է, մահակով հարվածել և փախել տանից, ինչի հետևանքով Արայիկ Խաչատրյանն իր հանցավոր մտադրությունը` Աննա Ավակիմյանի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալը, ավարտին չի հասցրել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Գործի նյութերում առկա դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 12-2928 եզրակացության համաձայն` «(...) Աննա Ավակիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ: Վերը նշված ախտորոշմանը բնորոշ փոփոխությունները /զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկապությունը, դատողությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը/ արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից: (...) Իր ներկա հոգեկան վիճակով Աննա Ավակիմյանը կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գործողությունները:

(...)

Աննա Ավակիմյանին բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը (...):

(...) Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխհարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետ):

Առաջին ատյանի դատարանը անդրադառնալով տուժող Ա. Ավակիմյանի ցուցմունքների գնահատմանը, գտել է, որ թեև փորձագետի եզրակացության համաձայն` տուժող Աննա Ավակիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, սակայն սույն դեպքի կապակցությամբ Աննա Ավակիմյանի ցուցմունքն արժանահավատ է և այն պետք է դնել դատավճռի հիմքում, քանի որ նշված ցուցմունքում դեպքի կապակցությամբ հայտնված տվյալների մի մասը, ինչպես միմյանց, այնպես էլ գործով ձեռք բերված այլ ապացույցներով ստացված տվյալների հետ համընկնում ու փոխկապակցվում են: Բացի այդ դատարանը գտել է, որ եթե տուժող Աննա Ավակիմյանն ունակ է ճիշտ ընկալելու և վերարտադրելու թվարկված փաստական հանգամանքները, հետևապես ողջամտորեն չեն կարող կասկածի տակ առնվել նրա ցուցմունքում նշված այն տվյալները, որ Արայիկ Խաչատրյանը նրա կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, ինչպես նաև նրա կամքին հակառակ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Ավելին` փորձագետի եզրակացության համաձայն` Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխհարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետ):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը, եզրահանգել է, որ գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք հանդիսանալ տուժող Աննա Ավակիմյանի կողմից տված ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար, առավել ևս, որ դրանցում որևէ էական հակասություն չկա և դրանք հաստատվում են նաև գործով ձեռք բերված մյուս ապացույցներով` վկաներ Լուսիկ Մարտիրոսյանի, Շուշանիկ Գրիգորյանի, Տիգրան Սամվելյանի, Արա Բաղդասարյանի ցուցմունքներով, որոնք իրենց համակցությամբ թույլատրելի և բավարար են ամբաստանյալ Խաչատրյանին մեղսագրված հանցանքը հիմնավորված համարելու համար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 15-18-րդ կետերում մեջբերված նորմերի և իրավական վերլուծությունների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Փորձագիտական եզրակացության հետևություններում առկա են հակասություններ: Մասնավորապես, դրանում նշված է «ախտորոշմանը բնորոշ փոփոխությունները /զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկապությունը, դատողությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը/ արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից», միևնույն ժամանակ նշված է, որ «իր ներկա հոգեկան վիճակով Աննա Ավակիմյանը կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գործողությունները», ավելին` «Աննա Ավակիմյանը բավարար տեղեկացված է սեռերի միջև փոխհարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ»: Մեջբերված հետևություններից բավարար չափով պարզ չէ` Ա.Ավակիմյանը կարող է աղավաղել օբյեկտիվ իրականության փաստերը, թե աղավաղում է դրանք, և արդյոք «սեռերի միջև փոխհարաբերությունների, սեռական հարաբերությունների վերաբերյալ» հանգամանքների մասին «բավարար տեղեկացված լինելու» պայմաններում նա զրկված է այդպիսի բնույթի փաստերը ճիշտ ընկալելու, գիտակցելու և վերարտադրելու ունակությունից: Բացի այդ Փորձագիտական եզրակացությունը թերի է, քանի որ դրանում առկա չեն Ա.Ավակիմյանի հիվանդության զարգացման ընթացքի և փուլի, դրանց դրսևորման առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկություններ:

Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, չձեռնարկելով Փորձագիտական եզրակացությունում առկա վերը նշված անհստակությունները, հակասությունները և բացը վերացնելուն ուղղված որևէ միջոց, գտել է, որ «թեև փորձագետի եզրակացության համաձայն` տուժող Աննա Ավակիմյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, ինչի բնորոշ փոփոխություններն (զառանցական մտքերի առկայությունը, մտածողության անկապակցվածությունը, դատողությունների թեթևակշռությունը, անհեթեթությունը) արտահայտված են այն աստիճան, որ զրկում են երևույթները ճիշտ գիտակցելու, ընկալելու, ինչպես նաև վերարտադրելու ունակությունից, նա կարող է աղավաղել իր հետ կատարված և կատարվող գործողությունները, նրան բնորոշ է զառանցական մտքերի առկայությունը, սակայն Դատարանը գտնում է, որ սույն դեպքի կապակցությամբ Աննա Ավակիմյանի ցուցմունքն արժանահավատ է և այն պետք է դնել սույն դատավճռի հիմքում, քանի որ սույն գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների տեսանկյունից նշված ցուցմունքում դեպքի կապակցությամբ նրա կողմից հայտնված տվյալների մի մասը, ինչպես միմյանց, այնպես էլ սույն քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով ստացված տվյալների հետ համընկնում ու փոխկապակցվում են»: Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ «գործի փաստական տվյալներով չի արձանագրվել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք հանդիսանալ տուժող Աննա Ավակիմյանի կողմից տված ցուցմունքներն անարժանահավատ համարելու համար»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Փորձագիտական եզրակացության վերոնշյալ անհստակությունների, հակասությունների և բացի, ինչպես նաև ստորադաս դատարանների կողմից դրանք վերացնելուն ուղղված միջոցներ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-252-րդ հոդվածներով նախատեսված) չձեռնարկելու, իսկ վճռաբեկ վարույթում այդպիսիք ձեռնարկելու իրավական անհնարինության պայմաններում հնարավոր չէ պատասխանել բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, տուժող Աննա Ավակիմյանի կողմից քրեական գործով պարզման ենթակա հանգամանքները ընկալելու և վերարտադրելու ունակությունը արժանահավատ ապացույցներով չպարզելով, չեն իրականացրել սույն գործի բազմակողմանի և լրիվ քննություն` թույլ տալով ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ, 210-րդ հոդվածների խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված` դատավարական իրավունքի խախտում:

Վերոնշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության: Ընդ որում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է ձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ (հարցաքննի փորձագետին կամ նշանակի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն) սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բողոքաբերի մնացած փաստարկները (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը), կարող են քննության առարկա դարձվել սույն որոշմամբ արձանագրված խախտումները գործի նոր քննության ընթացքում վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արայիկ Օնիկի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-138-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2015
N ԿԴ1/0006/01/14
Որոշում