Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը, այսուհետ` «Կողմեր»,

ցանկանալով զարգացնել համագործակցությունը զինվորական և քաղաքացիական անձնակազմի վերապատրաստման ոլորտում,

հաշվի առնելով 1999թ. հուլիսի 26-ին Բուխարեստում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության մասին» Համաձայնագիրը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կփոխանակեն զինվորական և քաղաքացիական անձնակազմ (այսուհետ` «ՈՒսանողներ») Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստելու նպատակով` ըստ Կողմերի կողմից հաստատվող առկա տեղերի քանակի, մասնագիտացման և դասընթացի փուլերի:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Կողմերի կողմից համաձայնեցված դասընթացները ներառված են «Համագործակցության ծրագրում» (այսուհետ` «Ծրագիր»), որը ստորագրվում է յուրաքանչյուր տարի: Ծրագրի տիպային ձևը նախատեսված է սույն Արձանագրության Հավելվածում:

2. Վերապատրաստումը կիրականացվի Ընդունող Կողմի պետության պաշտոնական լեզվով կամ օտար լեզվով` ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական պլանին և ծրագրերին համապատասխան: Կողմերը 10 օրյա ժամկետում միմյանց գրավոր ձևով կտեղեկացնեն ուսումնական պլաններում փոփոխությունների կամ լրացումների մասին: Այն ՈՒսանողների համար, որոնք չեն կարող բավարարել Ընդունող կողմի պետության լեզվի իմացության նախապայմանները, Ընդունող կողմը կարող է կազմակերպել մինչև մեկ տարի տևողությամբ դասընթաց: Դասընթացի ծրագիրը կներառի ընդհանուր և մասնագիտացված տերմինաբանություն:

3. Յուրաքանչյուր տարի, մինչև վերապատրաստման տարվան նախորդող տարվա հունվարի 31-ը, որի համար ստորագրվել է Ծրագիրը, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Կողմերը գրավոր ձևով ներկայացնում են միմյանց մյուս Կողմի զինվորական և քաղաքացիական անձնակազմի մասնակցության համար նախատեսված դասընթացների ցանկը: Այս ցանկն իր մեջ կներառի դասընթացների մասնագիտացումը, ներկայության չափանիշները, որոնք պետք է բավարարվեն մասնակիցների կողմից և դասընթացների նպատակն ու խնդիրները:

4. Յուրաքանչյուր տարի, մինչև ապրիլի 31-ը, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, յուրաքանչյուր Կողմ գրավոր ձևով կուղարկի պաշտոնական հայտ, որը ներառում է.

1) մասնագիտացումը, տարբեր ձևերի վարժանքների և դասընթացների մասով ազատ տեղերի քանակը, գիտական կոչում ունեցողների համար` աստիճանը, անունը, զինվորական կրթությունը և գիտական ատենախոսության թեման,

2) հայերեն կամ ռումիներեն նախնական ընդհանուր և հատուկ տերմինաբանության դասընթացին մասնակցության անհրաժեշտությունը,

3) Մինչև տվյալ տարվա օգոստոսի 31-ը, Կողմերը կհաստատեն հայցված թվաքանակով ՈՒսանողներ վերապատրաստելու հնարավորությունը առաջարկվող մասնագիտացման համար և կստորագրեն Ծրագիրը:

5. Դասընթացը սկսելուց երկու ամիս առաջ Կողմերը կփոխանակեն ՈՒսանողների անուններով ցուցակները, որոնք իրենց մեջ ներառում են զինվորական կոչումը, անունը, ծննդյան ամսաթիվն ու տարեթիվը, զինվորական և քաղաքացիական կրթությունը և մասնագիտացումը: Ցուցակները կկազմվեն յուրաքանչյուր ընդունող ռազմաուսումնական հաստատության համար:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Ընդունող Կողմը, փոխադարձության հիմքի վրա, առաջարկվող դասընթացների համար իր միջոցների հաշվին կապահովի.

1) դասախոսական կազմ,

2) ուսումնական պլանին և ծրագրերին համապատասխան կրթական գործընթացի ապահովման համար անհրաժեշտ սարքավորումներ, նյութեր և այլ անհրաժեշտ միջոցներ,

3) դասընթացի ամբողջ ժամանակահատվածում սահմանված չափանիշներին համապատասխան կեցավայր և սնունդ,

4) գրադարաններ, ընթերցասրահներ, մարզասրահներ, ինչպես նաև դասընթացի ընթացքում անհրաժեշտ այլ տարածքներ մուտք գործելու հնարավորություն,

5) անհետաձգելի բժշկական և ատամնաբուժական օգնություն, ներառյալ` ստացիոնար բուժում և դեղորայք,

6) փոխադրումներ` ուսումնական գործընթացը բարենպատ պայմաններում իրականացնելու նպատակով,

7) հատուկ հանդերձանք և դաշտային համազգեստ` դասընթացի ամբողջ ժամանակահատվածում Ընդունող Կողմի պետության գործող օրենսդրությամբ սահմանված համապատասխան հաստատություններում աշխատելու համար: Հանդերձանքը ենթակա է վերադարձման դասընթացի ավարտից հետո,

8) փոխադրումը կեցավայրից դեպի վերապատրաստման անցկացման վայր և հակառակ ուղղությամբ:

2. Եթե ՈՒղարկող կողմը դիմում է լրացուցիչ թափուր տեղերի կամ այլ ձևի վարժանքների և դասընթացների համար, քան փոխադարձության հիմքով առաջարկվածները, ապա դրանց հետ կապված բոլոր ծախսերը կհոգա ՈՒղարկող Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. ՈՒղարկող Կողմը պատասխանատու է ՈՒսանողների ընտրության և նրանց բժշկական հետազոտության համար` Ընդունող Կողմի առաջարկություններին և պահանջներին համապատասխան:

2. ՈՒղարկող կողմը կերաշխավորի.

1) ՈՒսանողների` ժամանումը Ընդունող Կողմի ռազմաուսումնական հաստատություններ մինչև Ծրագրում նախատեսված վերջնաժամկետը լրանալը, ինչպես նաև ՈՒսանողների վերադարձը արձակուրդից մինչև դասընթացի սկիզբը,

2) արձակուրդի/դասընթացի սկզբում և վերջում ՈՒսանողների միջազգային փոխադրումներն իրենց երկիր և հակառակ ուղղությամբ,

3) ծառայողական անհրաժեշտության դեպքերում ՈՒսանողների միջազգային փոխադրումները:

3. Վերապատրաստման ընթացքում ՈՒսանողի մահվան դեպքում, ՈՒղարկող Կողմն իր սեփական միջոցների հաշվին պատասխանատու կլինի առնչվող միջոցների ձեռնարկման, ինչպես նաև մահացածի դին տեղափոխելու համար: ՈՒղարկող Կողմն իրավասու է տեղեկացված լինելու մահվան պատճառների և դրա հետ կապված ցանկացած այլ տեղեկատվության մասին: Վերոնշյալ դեպքում Ընդունող Կողմն ՈՒղարկող Կողմին պետք է ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն:

4. Դասընթացի ընթացքում, ռազմական տեսանկյունից, ՈՒսանողները կլինեն Ընդունող Կողմի պետությունում ՈՒղարկող Կողմի ռազմական կցորդի ենթակայության ներքո, որը ռազմաուսումնական հաստատության համապատասխան ներկայացուցիչների հետ կլուծի ՈՒսանողների կրթության և Ընդունող Կողմի պետության տարածքում նրանց կեցության հետ կապված բոլոր հարցերը:

5. Ընդունող Կողմի թույլտվությամբ, ՈՒղարկող Կողմի ներկայացուցիչները կարող են այցելել ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ ուսանում են իրենց ՈՒսանողները` ծանոթանալու վերջիններիս առաջադիմությանը, ինչպես նաև կազմակերպչական և կեցության պայմաններին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. ՈՒսանողները ռազմաուսումնական հաստատություն պետք է ներկայանան հետևյալ փաստաթղթերով.

1) անձնագիր, որը վավեր է դասընթացն ավարտելուց հետո առնվազն վեց ամիս ժամանակահատվածով,

2) կրթությունը հավաստող փաստաթղթերի պատճենները,

3) բժշկական տեղեկանք, որը տրվել է դասընթացը սկսելուց առավելագույնը երկու ամիս առաջ,

4) ՈՒղարկող Կողմի տրամադրած առողջության ապահովագրության վկայականը, որը գործում է դասընթացի տևողության ողջ ժամանակահատվածի համար,

5) ՄԻԱՎ (ՁԻԱՀ) վարակի առկայությունը բացառող բժշկական տեղեկանք:

2. ՈՒսանողներին կտրամադրվի նաև ծառայողական համազգեստ և հանդերձանք:

3. Այն ՈՒսանողները, որոնց չի հաջողվում գրանցվել դասընթացի գրանցման համար սահմանված ժամկետներում կորցնում են դասընթացին մասնակցելու իրավունքը:

4. Դասընթացի ընթացքում ՈՒսանողները կհարգեն այն պետության օրենսդրությունը, որտեղ նրանք ուսանում են և պետք է ղեկավարվեն Ընդունող Կողմի ռազմաուսումնական հաստատությունների կարգապահական կանոններով և կանոնակարգերով:

5. Այն ՈՒսանողները, որոնք խախտում են սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դրույթները կամ չեն բավարարում ուսումնական պլանի և ծրագրերի պահանջները կամ առողջական խնդիրների պատճառով չեն կարող շարունակել իրենց ուսումը, կամ նրանք, ովքեր ՈՒղարկող Կողմի պահանջով պարտադրված են վերադառնալ իրենց պետություն մինչև դասընթացի ավարտը, կուղարկվեն հետ ՈՒղարկող Կողմի միջոցների հաշվին: Ընդունող Կողմը ՈՒղարկող Կողմին նախապես կտեղեկացնի ՈՒսանողին իր պետություն հետ ուղարկելու պատճառների մասին:

6. Այն ՈՒսանողներին, որոնք ավարտել են ուսումնական պլանով նախատեսված դասընթացի պարտադիր բովադակությունը, հանձնել են քննություններ և հաջողությամբ կատարել են ավարտական աշխատանքները, հանձնարարականները, առաջադրանքները, կշնորհվեն ավարտական վկայականներ և տարբերանշաններ: Կրթական հաստատությունները ՈՒսանողներին կտրամադրեն համապատասխան առաջադիմության թերթիկը և դասընթացի մասին հաշվետվություններ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Ընդունող Կողմի ռազմաուսումնական հաստատություններում սովորող ՈՒսանողներին կհատկացվի տարեկան արձակուրդ` նրանց ուսման վայրի` ռազմաուսումնական հաստատության ժամանակացույցին և պայմաններին համապատասխան:

2. Ընդունող Կողմը պարտավորված չէ կազմակերպել ՈՒսանողների արձակուրդը:

3. Ռազմաուսումնական հաստատություններում դասընթացի ընթացքում, ՈՒսանողների ընտանիքի անդամները և մերձավոր ազգականները կարող են այցելել նրանց` սեփական միջոցների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Եթե հիվանդության կամ այլ լուրջ խնդիրների հետևանքով ՈՒսանողի բացակայությունը դասընթացին գերազանցում է հատկացված ընդհանուր ժամաքանակի 20 տոկոսը, ապա Կողմերը ՈՒսանողին իր պետություն են ուղարկում:

2. ՈՒսանողի մեղքով Ընդունող Կողմի սեփականությանը վնաս հասցնելու կամ կորստի դեպքում, ՈՒղարկող Կողմը պետք է վճարի Ընդունող Կողմին վերանորոգման ծախսերը` Ընդունող Կողմի պետությունում մոտավոր արժեքի չափով, կամ կորցված սեփականության դեպքում ապահովի համապատասխան փոխարինմամբ:

3. Սեփականության վերանորոգման կամ փոխարինման համար վճարումն ՈՒղարկող Կողմն Ընդունող Կողմին պետք է տրամադրի հասցված վնասի և մոտավոր արժեքի մասին տեղեկատվությունը ստանալուց հետո` 45 օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Կողմերի վերջին գրավոր ծանուցումը ստանալու ամսաթվին, որով նրանք հաստատում են դրա` ուժի մեջ մտնելու համար նախատեսված անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերի ավարտված լինելը:

2. Սույն Արձանագրությունը ցանկացած ժամանակ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լրացվել: Փոփոխություններն ու լրացումներն կկատարվեն գրավոր ձևով և ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

3. Սույն Արձանագրությունը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին կարող է գրավոր ձևով ծանուցել այն դադարեցնելու իր մտադրության մասին: Այս դեպքում Արձանագրությունը կդադարեցվի այդպիսի ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո:

4. Եթե Արձանագրության դադարեցման պահին առկա են չլուծված ֆինանսական հարցեր կամ այլ պահանջներ, ապա սույն Արձանագրության համապատասխան դրույթները կգործեն մինչև դրանց վերջնական լուծումը:

5. Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանումից կամ կիրառումից ծագած ցանկացած տարաձայնություն կլուծվի Կողմերի լիազորված ներկայացուցիչների միջև բանակցությունների միջոցով:

Կատարված է Բուխարեստում 2014թ. նոյեմբերի 26-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման տարաձայնությունների դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Հավելված

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ________ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետությունում

 

N Ռազմաուսումնական հաստատության անվանումը, դասընթացի տեսակը, դասընթացի անվանումը Դասընթացի սկիզբը Թափուր տեղերի քանակը Դասընթացի տևողությունը (ամիսներ, օրեր)
1.        
2.        
...        

 

Ռումինիայում

 

N Ռազմաուսումնական հաստատության անվանումը, դասընթացի տեսակը, դասընթացի անվանումը Դասընթացի սկիզբը Թափուր տեղերի քանակը Դասընթացի տևողությունը (ամիսներ, օրեր)
1.        
2.        
...        

 

 

Սույն Ծրագիրը լրացվել է _______________-ում _______________ (ամսաթիվ), 2 (երկու) բնօրինակից` հայերեն, ռումիներեն և անգլերեն:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 19-ին:

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
26.11.2014
Արձանագրություն