Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 15 ...

26.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.12.2015  -ից մինչեւ   26.07.2019  -ը:
 

 

040.1349.241115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2015 թվականի N 1349-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ ստեղծելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման վերնագիրը «դեպարտամենտի» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերով, իսկ «ստեղծելու» բառից առաջ` «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերով.

i

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.

«6.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 6.1 հավելվածի.

6.2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի կառուցվածքը` համաձայն N 6.2 հավելվածի».

i

3) որոշման 2-րդ կետը «դեպարտամենտ» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերով.

i

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս` կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ռազմաարդյունաբերական վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի, որի կապակցությամբ որոշման N 2 հավելվածի II գլուխը լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե» բառերով, իսկ III գլխից հանել «Ռազմաարդյունաբերական վարչություն» բառերը.

i

5) որոշումը լրացնել նոր` NN 6.1 և 6.2 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 19-ի

N 1349-Ն որոշման

 

«Հավելված N 6.1

ՀՀ կառավարության

2008 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1554-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) ռազմարդյունաբերության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված ստորաբաժանում է:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

3. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է «Պաշտպանության մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Կոմիտեն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից` օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կոմիտեի հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ:

7. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե, հայերեն կրճատ` ՀՀ ՊՆ ՌԱՊԿ.

2) ռուսերեն լրիվ` Գօսուդարստվեննիյ Վօեննօ-Պրօմիշլեննիյ Կօմիտետ Մինիստերստվա Օբօրօնի ՐԱ, ռուսերեն կրճատ` ԳՎՊԿ ՄՕ ՐԱ.

3) անգլերեն լրիվ` State Military Industrial Committee of Ministry of Defence of the Republic of Armenia, անգլերեն կրճատ` SMIC MD RA:

8. Կոմիտեի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:

9. Կոմիտեի համակարգը կազմված է նախագահից, նախագահի տեղակալներից, կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Կոմիտեի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների մշակումը և իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) կազմակերպությունների, սպառազինության և ռազմական տեխնիկայի ու ռազմատեխնիկական ունեցվածքի զարգացման ծրագրերի իրականացման ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական քաղաքականության իրականացումը և ՌԱՀ-ի արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

4) զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պահանջմունքների բավարարումը:

11. Կոմիտեի խնդիրներն են`

1) զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի և դրանց առանձին հանգույցների ու սարքավորումների վերականգնման և արդիականացման աշխատանքների, ինչպես նաև նոր նմուշների մշակման ու արտադրության կազմակերպումը.

2) ՌԱՀ-ում ռազմական պատվերի կատարման որակի հսկման կառավարման համակարգի ներդրումը.

3) ՌԱՀ-ի կազմակերպությունների միջոցով զինված ուժերին ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովումը.

4) ռազմարդյունաբերական ոլորտում միջազգային համագործակցության ապահովումը.

5) ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող գիտական և գիտատեխնիկական մշակումներին նպաստելը.

6) ՌԱՀ-ի կադրերի պատրաստման պետական ծրագրերի մշակման և համապատասխան պետական պատվերների ձևավորման աշխատանքների կազմակերպումը.

7) նախարարության կառավարմանը վերապահված` 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող` ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ընդգրկված ընկերությունների կառավարման իրականացումը.

8) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կազմակերպումը.

9) զինված ուժերի սպառազինման ծրագրերի իրականացման ֆինանսական և տեխնոլոգիական ռիսկերի գնահատման համակարգի մշակման աշխատանքների իրականացումը.

10) ՌԱՀ-ի միասնական տեղեկատվավերլուծական համակարգի մշակման, ներդրման աշխատանքների կազմակերպումը.

11) ռազմական դրության պայմաններում զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային առաջադրանքների կատարումը.

12) պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի մշակմանը մասնակցություն.

2) իր իրավասության սահմաններում սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի զարգացման ու պահպանման, ռազմարդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության նախագծերի մշակում և իրականացում, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցություն.

3) ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական բազայի ստեղծում.

4) սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների միջոցառումների մշակում և իրականացում.

5) սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների պետական պատվերի (ներհանրապետական գնումներ, նորոգման, արդիականացման ու հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) ու դրա ձևավորման կարգի նախագծի մշակում և նախարարության միջոցով` սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման ներկայացնելը.

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագծի մշակում և նախարարության միջոցով` սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման ներկայացնելը.

7) ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդների, դրանց կիրառման մեխանիզմների ու ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագծի մշակում և նախարարության միջոցով` սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման ներկայացնելը.

8) պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի նախագծի մշակում և նախարարության միջոցով` սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման ներկայացնելը.

9) ՌԱՀ-ում ռազմական պատվերի կատարման որակի կառավարման համակարգի (ռացիոնալ կառուցվածքի ու կազմի ձևավորում) ներդրում և իրականացում.

10) զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային առաջադրանքների մշակումներին մասնակցություն.

11) պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի և վարման կարգի նախագծի մշակում.

12) ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգի նախագծի մշակում.

13) հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների տակտիկատեխնիկական պահանջների, տեխնիկական առաջադրանքների ելակետային տվյալների և մեթոդական-նորմատիվային փաստաթղթերի ստեղծման աշխատանքներին մասնակցություն.

14) ՌԱՀ-ին առնչվող հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական ծրագրերի պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննության կազմակերպման աշխատանքներին մասնակցություն.

15) նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների կազմակերպում.

16) հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների, փորձանմուշների, ներհանրապետական արտադրանքի տեսականու մասին տեղեկությունների և տեխնիկական փաստաթղթերի հավաքում ու հաշվառում.

17) պաշտպանական պատվերի և օգտահանման աշխատանքների գնագոյացման և շահութաբերությունը խթանող միջոցառումների իրականացում.

18) Հայաստանի Հանրապետությունում առկա` ռազմարդյունաբերությանն առնչվող տեխնոլոգիաների հաշվառում և համապատասխան բազայի ստեղծում ու վարում.

19) ՌԱՀ-ի ինժեներատեխնիկական, գիտատեխնիկական և միջին մասնագիտության մասնագետների պատրաստման ծրագրերի միջոցառումների իրականացում.

20) նախարարության համակարգում միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման նախագծերի մշակմանը մասնակցություն.

21) ՌԱՀ-ի գործունեությունը կարգավորող ու համակարգող կարգերի նախագծերի մշակում և նախարարության միջոցով` սահմանված կարգով դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման ներկայացնելը.

22) մարտական զենքի արտադրության համար լիցենզիա տրամադրող լիազոր մարմնի գործառույթի, ինչպես նաև տրամադրվող լիցենզիայի պայմանների նկատմամբ հսկողության իրականացում.

23) կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և կառուցվածքների մշակում:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Կոմիտեի կառավարումն իրականացնում է նախարարը: Կոմիտեի ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:

14. Կոմիտեի նախագահին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` նախարարի ներկայացմամբ:

15. Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարի հրամաններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

16. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:

17. Կոմիտեի նախագահը`

1) ղեկավարում է կոմիտեի գործունեությունը, պատասխանատու է կոմիտեին առաջադրված խնդիրների ու գործառույթների պատշաճ իրականացման, իրեն վերապահված ոլորտներում տիրող իրավիճակի և դրանց հեռանկարային զարգացման ապահովման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` սահմանված կարգով, նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից.

4) համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.

5) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

6) նախարարին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի զինվորական, քաղաքացիական հատուկ ծառայության և այլ պաշտոններում պաշտոնի նշանակման ու պաշտոնից ազատման, զինվորական, քաղաքացիական հատուկ ծառայության հատուկ կոչումներ (դասային աստիճաններ) շնորհելու վերաբերյալ, իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի կանոնադրությունում և կառուցվածքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները.

9) նախարարի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

10) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված գույքի նպատակային օգտագործման և պահպանության նկատմամբ.

11) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

18. Կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

19. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` նախարարի հանձնարարությամբ կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

20. Կոմիտեի նախագահի տեղակալը`

1) համակարգում է կոմիտեի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` իր լիազորությունների սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում ենթակա ստորաբաժանումներին ու մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

6) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի և կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում է կոմիտեի նախագահին.

7) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ.

8) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է օրենքով սահմանված համապատասխան ծրագրերի, պլանների մշակման և իրականացման աշխատանքները.

9) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

10) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ գործառույթներ:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Օրենքով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացմանն աջակցում են նախարարության աշխատակազմը, նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբը:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 19-ի

N 1349-Ն որոշման

 

«Հավելված N 6.2

ՀՀ կառավարության

2008 թվականի դեկտեմբերի 25-ի

N 1554-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

1. Աշխատակազմ

2. Ռազմատեխնիկական բաժին

3. Արտադրության և վերանորոգման կազմակերպման բաժին

4. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման բաժին

5. Զինվորական ներկայացուցչության բաժին

6. Ռազմատեխնիկական համագործակցության, արտահանման և ներկրման կազմակերպման բաժին

7. Ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժին

8. Ֆինանսատնտեսագիտական բաժին

9. Օգտահանման բաժին:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2015
N 1349-Ն
Որոշում