Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆ ...

14.01.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2015  -ից մինչեւ   14.01.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 13.01.2022 թիվ 27-Ն որոշում)

i

040.1520.241215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1520-Ն

 

i

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 24-ի

N 1520-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում են ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի նպատակն է սահմանել կիրառման համար միասնական, պարտադիր պահանջներ` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և (կամ) շուկայահանված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգերի համար:

3. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին (այսուհետ` գազաբալոնային համակարգ) ներկայացվող պահանջները` մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանության, ինչպես նաև ռեսուրսախնայողության նպատակներով:

 

II. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգի օբյեկտ են գազաբալոնային համակարգի հետևյալ տարրերը (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի կոդերով)`

1) գազաբալոնները`

ա. մետաղական բալոն ՍԲԳ-1 (CNG-1)` 7311 00 1300,

բ. մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով բալոն ՍԲԳ-2 (CNG-2)` 7311 00 9100,

գ. մետաղական միջնաշերտով և միջնաշերտի ամբողջ մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով բալոն ՍԲԳ-3 (CNG-3)` 7311 00 9100,

դ. ոչ մետաղական միջնաշերտով, միջնաշերտի ամբողջ մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով և մետաղական միջադիր տարրերով բալոն ՍԲԳ-4 (CNG-4)` 7311 00 9100.

2) լցավորման կափույրը (ընդունիչ բնիկ)` 8481 30.

3) ճնշման կարգավորիչը` 8481 80 5910.

4) ջերմափոխանակիչ սարքվածքները` 8419 50 0000.

5) ապահովիչ հարմարանքը, ապահովիչ կափույրը` 8481 40 900.

6) գազի ֆիլտրը` 8421 39 800.

7) գազաօդային խառնիչը` 8409 99 000.

8) դոզավորող սարքը` 8481 80 5990.

9) ճկափողերը` 8307 10 000.

10) խողովակները` 7304 41 000:

5. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ գազաբալոնային համակարգերի վրա`

1) միամետաղ` եռակցված.

2) միամետաղ` ալյումինե համահալվածքից.

3) միամետաղ` քայքայակայուն պողպատից.

4) քայքայակայուն պողպատից` միջնաշերտով:

 

III. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) բալոն` հերմետիկ տարողություն, որն ունի փակիչ ամրանի տեղակայման համար մեկ կամ երկու պարուրակային անցք և նախատեսված է սեղմված գազի փոխադրման, պահման ու օգտագործման համար.

2) տարողություն` բալոնի ներքին ծավալ, որը որոշված է ըստ երկրաչափական չափերի.

3) գազանցիկություն` բալոնի պատերից գազի անցանելիություն, որը պայմանավորված է նյութի հատկություններով.

4) հերմետիկություն` պատերից և փակիչ ամրանի հետ միացումներից գազ կամ հեղուկ բաց չթողնելու բալոնի հատկություն.

5) բկանցք` բալոնի անցքի կառուցվածքային տարր, որն ունի փակիչ ամրանին միացման պարուրակ.

6) փորձարկման ճնշում` բալոնի ամրության փորձարկման հիդրավլիկ ճնշում.

7) աշխատանքային ճնշում` բալոնում գազի թույլատրելի առավելագույն ճնշումը 20 oC ջերմաստիճանում.

8) քայքայման ճնշում` առավելագույն ճնշում, որին հասնում են բալոնի կամ միջնաշերտի փորձարկման ժամանակ մինչև դրա քայքայումը.

9) հաշվարկային քայքայման ճնշում` բալոնի կամ միջնաշերտի քայքայման ճնշում` առաջադրված մշակողի կողմից.

10) բաղադրյալ նյութ (կոմպոզիտ)` նյութ, որը կազմված է անընդհատ թելքերից և պոլիմերային կապակցանյութից.

11) միջնաշերտ` բալոնի ներքին հերմետիկացնող թաղանթ, որը կարող է կրել բեռնվածքի որոշ մասը.

12) բալոնների խմբաքանակ` բալոնների խումբ, որոնք ունեն միատեսակ չափսեր, պատրաստված են նույն կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի հիման վրա, նույն տեխնոլոգիական սարքավորանքներով, նույն հալվածքի մետաղից, նույն մակնիշի ոչ մետաղական նյութերից և ջերմային մշակման նույն գործելակարգով.

13) բալոնի քայքայում` ներքին ճնշմանը դիմանալու բալոնի ունակության կորուստ.

14) կապակցանյութ` պոլիմերային նյութ, որն ապահովում է բաղադրյալ նյութի (կոմպոզիտ) միաձուլությունը և թելքերի միջև բեռնվածքի փոխանցումը.

15) հաշվարկային ծառայության ժամկետ` բալոնի շահագործման տևողություն, որը հաշվարկվում է պատրաստման (տեխնիկական վերահսկում անցնելու) ամսաթվից.

16) բաղադրյալ նյութով (կոմպոզիտային) բալոն` բալոն` պատրաստված խեժով տոգորված և մետաղական կամ ոչ մետաղական միջնաշերտի վրա փաթաթած անընդհատ թելքերից.

17) լցավորման ճնշում` ճնշում` լցավորած բալոնում.

18) գազի ջերմաստիճան` գազի ջերմաստիճանը բալոնում.

19) արտադրող` անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որը պատասխանատու է բալոնների նախագծման, արտադրման և փորձարկման համար.

20) թաղանթ` ամրանավորող խեժով թելքերի համակարգ, որով պատված է միջնաշերտը.

21) ծառայության ժամկետ` ժամկետ` արտահայտված տարիներով, որի ընթացքում բալոնները կարելի է անվտանգ օգտագործել` շահագործման ստանդարտ պայմաններին համապատասխան.

22) կայունացած ճնշում` գազի ճնշում, որի դեպքում հաստատվում է տրված կայունացած ջերմաստիճանը.

23) կայունացած ջերմաստիճան` գազի համասեռ ջերմաստիճան` լցավորմամբ առաջացած դրա որևէ փոփոխության անհետացումից հետո.

24) կափույր` հարմարանք, որի միջոցով կարելի է վերահսկել վառելիքի հոսքը.

25) փակիչ ամրան` ավտոմատ կափույր, որը թույլ է տալիս գազին հոսել միայն մեկ ուղղությամբ.

26) ապահովիչ կափույր` հարմարանք, որը կանխում է նախապես որոշված հոսքին հակառակ ճնշմանը գերազանցող ճնշումը.

27) սեղմված բնական գազ` բնական գազ, որը սեղմված է և պահվում է տրանսպորտային միջոցների համար որպես վառելիք օգտագործելու նպատակով.

28) ֆիլտր` պաշտպանական ցանց, որը գազի հոսքից հեռացնում է օտար մասնիկները.

29) կցամաս` միակցիչ, որն օգտագործվում է խողովակների, խողովակաշարերի կամ ճկափողերի համակարգի միացումներում.

30) գազաօդային խառնիչ` հարմարանք, որը շարժիչի համար խառնում է գազային վառելիքը և ներծծվող օդը.

31) ճնշման կարգավորիչ` հարմարանք, որն օգտագործում են գազային վառելիքը շարժիչին մատակարարելու ճնշումը վերահսկելու համար.

32) ապահովիչ հարմարանք` մեկանգամյա օգտագործման հարմարանք, որը գործարկվում է գերբարձր ջերմաստիճանի կամ ջերմաստիճանի և ճնշման դեպքում և իրականացնում է գազի արտանետում` բալոնը պայթումից պաշտպանելու համար.

33) շահագործման ճնշում` 20 ՄՊա (200 բար) հաստատուն ճնշում համասեռ գազի 15 oC ջերմաստիճանի դեպքում.

34) գազաբալոնային համակարգ` սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգ, որը ներառում է բալոն կամ բալոններ և ՀՍՏ ԻՍՕ 15501-1-2011 ստանդարտում նշված տարրերը:

 

IV. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, շուկայահանվող և հանրապետությունում արտադրվող գազաբալոնային համակարգերը պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է գազաբալոնային համակարգերի վրա:

8. Գազաբալոնային համակարգերը Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է շուկայահանել, եթե այն ուղեկցվում է համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ համապատասխանության հայտարարագրով` սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին և այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան, որոնց գործողությունը տարածվում է գազաբալոնային համակարգերի վրա:

 

V. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Գազաբալոնային համակարգը պետք է մշակվի (նախագծվի) և պատրաստվի այնպես, որպեսզի ըստ նշանակության դրանց կիրառման, շահագործման ու տեխնիկական սպասարկման ժամանակ ապահովվի համապատասխանությունն անվտանգության պահանջներին:

10. Գազաբալոնային համակարգի համար ռիսկերը որոշելու նպատակով պետք է հաշվի առնվեն վտանգավորության հիմնական տեսակները ներկայացնող հետևյալ գործոնները`

1) պայթյունավտանգ տարրերի առկայությունը.

2) թրթռումը.

3) կառուցվածքի, հավաքման միավորների և անվտանգության վրա ազդող անվտանգության սարքավորումների պարամետրերի անթույլատրելի շեղումները.

4) հրդեհը, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակները.

5) գերտաքացումը.

6) ճնշման գերազանցումը (աշխատանքային ճնշումը չպետք է գերազանցի թույլատրելին).

7) վնասվածքները` պայմանավորված գազաբալոնային համակարգի տարրերի ներքին մակերևույթին աշխատանքային միջավայրի խառնուկների կուտակմամբ.

8) քայքայումը կամ գազաբալոնային համակարգի տարրերի մակերևույթի մաշվածության այլ տեսակները.

9) ապահովիչ սարքվածքների և անվտանգության համակարգերի անսարքությունը.

10) օժանդակ սարքվածքի գործողության դադարումը:

11. Վտանգի տեսակների նույնականացման համար նախագծման ժամանակ իրականացվում է ռիսկերի գնահատում հաշվարկային, փորձարարական, փորձագիտական եղանակներով:

12. Գազաբալոնային համակարգի և անվտանգության սարքվածքների արտադրման ժամանակ արտադրողն ապահովում է դրանց` նախագծային փաստաթղթերով սահմանված պարամետրերի և բնութագրերի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի և տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին, ինչպես նաև գազաբալոնային համակարգին վերաբերող փաստաթղթերի պահպանումը` արտադրման օրվանից հետո առնվազն 15 տարվա ընթացքում:

13. Սպառողը, տեխնիկական փաստաթղթերով սահմանված անվտանգության ապահովման միջոցառումներն անվերապահորեն կատարելով, ապահովում է գազաբալոնային համակարգի անվտանգությունը ծառայության ամբողջ ժամանակահատվածում:

14. Գազաբալոնային համակարգին կցվող տեխնիկական փաստաթղթերը ներառում են`

1) բալոնի անձնագիրը.

2) անվտանգության հիմնավորման պատճենը.

3) ընդհանուր տեսքի գծագիրը.

4) ապահովիչ սարքվածքների անձնագրերը (նախագծային փաստաթղթերին համապատասխան` առկայության դեպքում).

5) ապահովիչ սարքվածքների թողունակության հաշվարկը (նախագծային փաստաթղթերին համապատասխան` առկայության դեպքում).

6) գազաբալոնային համակարգի ամրության հաշվարկը.

7) շահագործման ձեռնարկը (հրահանգը).

8) գծագրերը, սխեմաները, հաշվարկները և մատակարարման պայմանագրով նախատեսված այլ փաստաթղթեր:

15. Անձնագիրը գազաբալոնային համակարգի նույնականացման համար հիմնական փաստաթուղթն է, որի առկայությունը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում շուկայահանման համար արտադրանքի կենսացիկլի բոլոր փուլերում:

16. Բալոնի անձնագիրը ձևակերպում է արտադրողը` անձնագրի վրա դնելով իր կնիքը և նշելով դրա ձևակերպման ամսաթիվը:

17. Բալոնի անձնագիրը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

1) ընդհանուր տեղեկություններ`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ. պատրաստման (արտադրման) ամսաթիվը,

գ. գազաբալոնային համակարգի նշագիրը,

դ. միջավայրը, որում պետք է աշխատի գազաբալոնային համակարգը,

ե. գործարանային համարը.

2) տեղեկություններ տեխնիկական բնութագրերի և պարամետրերի մասին`

ա. աշխատանքային ճնշման` ՄՊա (կգ.ուժ/սմ2),

բ. փորձաճնշման` ՄՊա (կգ.ուժ/սմ2),

գ. բալոնի հիմնական չափերի, բալոնի գծապատկերի,

դ. տարողությանը` լ,

ե. զանգվածի` կգ,

զ. բկանցքի պարուրակի,

է. բկանցքի խցման,

ը. շահագործման ջերմաստիճանային միջակայքի,

թ. լցավորման առավելագույն քանակի,

ժ. ծառայության հաշվարկային ժամկետի` սկսած պատրաստման (արտադրման) ամսաթվից.

3) գազաբալոնային համակարգի տեղափոխմանն ու պահպանմանը ներկայացվող պահանջներ.

4) գազաբալոնային համակարգի տեղադրմանը ներկայացվող պահանջներ.

5) գազաբալոնային համակարգի շահագործմանը ներկայացվող պահանջներ.

6) այլ տեղեկություններ, որոնք ապահովում են գազաբալոնային համակարգի շահագործման անվտանգությունը:

18. Գազաբալոնային համակարգի անվտանգության հիմնավորումը պատրաստվում է դրա մշակման (նախագծման) փուլում, որի մեջ տրվում է գազաբալոնային համակարգի համար ռիսկերի վերլուծությունը, ինչպես նաև անվտանգության ապահովման համար նվազագույն անհրաժեշտ միջոցները:

19. Անվտանգության հիմնավորման բնօրինակը պահվում է մշակողի (նախագծողի) մոտ, իսկ պատճենը` գազաբալոնային համակարգ արտադրողի և գազաբալոնային համակարգը շահագործող կազմակերպության մոտ:

20. Գազաբալոնային համակարգ արտադրողն ապահովում է գազաբալոնային համակարգի մշակման (նախագծման) փուլում կազմված գազաբալոնային համակարգի շահագործման ձեռնարկի (այսուհետ` շահագործման ձեռնարկ) առկայությունը:

21. Շահագործման ձեռնարկը (հրահանգը) ներառում է`

1) տեղեկություններ գազաբալոնային համակարգի կառուցվածքի, աշխատանքի սկզբունքի, բնութագրերի (հատկությունների) վերաբերյալ.

2) ցուցումներ մոնտաժի, հավաքման, կարգավորման, գազաբալոնային համակարգի տեխնիկական սպասարկման և վերանորոգման վերաբերյալ.

3) ցուցումներ գազաբալոնային համակարգի օգտագործման և անվտանգության ապահովման միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել գազաբալոնային համակարգի շահագործման ժամանակ (ներառյալ շահագործման մեջ մտցնելը, ըստ նշանակության օգտագործումը, տեխնիկական սպասարկումը, վերանորոգման բոլոր տեսակները, պարբերական արատորոշումը, փորձարկումը, տեղափոխումը, փաթեթավորումը, պահպանումը և պահման պայմանները).

4) սահմանված ցուցանիշներ (պահպանման սահմանված ժամկետը, ծառայության սահմանված ժամկետը և (կամ) սահմանված ռեսուրսը)` կախված կառուցվածքային յուրահատկություններից, որոնց ավարտից հետո դադարեցվում է գազաբալոնային համակարգի շահագործումը և ընդունվում է որոշում այն վերանորոգման ուղարկելու կամ օգտահանման կամ ստուգման և նոր ցուցանիշների նշման համար (նշված ռեսուրսի, պահպանման ժամկետի, ծառայության ժամկետի).

5) կրիտիկական խափանումների ցուցակը, անձնակազմի հնարավոր սխալ գործողությունները, որոնք պատճառ են դառնում վթարի կամ պատահարի.

6) կրիտիկական խափանումների, վթարի կամ պատահարի դեպքում անձնակազմի գործողությունները.

7) սահմանային վիճակի չափանիշները.

8) շահագործումից հանելու և օգտահանման վերաբերյալ ցուցումները.

9) սպասարկող անձնակազմի որակավորման վերաբերյալ տեղեկություններ.

10) արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի անվանումը, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները:

22. Գազաբալոնային համակարգը մակնշվում է հստակ և չջնջվող մակագրությամբ, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

1) անվանումը և (կամ) գազաբալոնային համակարգի տեսակի, մակնիշի, մոդելի նշագիրը.

2) անվտանգության վրա ազդող պարամետրերն ու բնութագրերը.

3) նյութի անվանումը, որից պատրաստվել է (արտադրվել է) գազաբալոնային համակարգը (տարրերը).

4) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).

5) գործարանային համարը.

6) պատրաստման (արտադրման) ամսաթիվը:

23. Մակնշման տեղը որոշվում է նախագծող կազմակերպության կողմից և նշվում է շահագործման ձեռնարկում (հրահանգում):

24. Գազաբալոնային համակարգի տարրերը և օժանդակ արտադրանքը մակնշվում են ըստ մատակարարման պայմանագրի:

25. Գազաբալոնային համակարգի տարրերին ներկայացվող անվտանգության պահանջները սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ գլխում:

 

VI. ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

26. Գազաբալոնային համակարգի շուկայահանումն ուղեկցվում է համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ համապատասխանության հայտարարագրով:

27. ՍԲԳ-1 և ՍԲԳ-2 տեսակի գազաբալոնային համակարգերը ենթակա են սերտիֆիկացման, իսկ ՍԲԳ-3 և ՍԲԳ-4 տեսակի գազաբալոնային համակարգերը` հայտարարագրման:

28. Գազաբալոնային համակարգի համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրն է:

29. Համապատասխանության գնահատման գործընթացի իրականացման ժամանակ հայտատուն ձևավորում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին տվյալ արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի լրակազմը, որը ներառում է`

1) անվտանգության հիմնավորումը.

2) բալոնի անձնագիրը.

3) շահագործման ուղեցույցը (հրահանգը).

4) նախագծային փաստաթղթերը.

5) ամրության հաշվարկների և ապահովիչ սարքվածքների (նախագծում դրանց առկայության դեպքում) թողունակության հաշվարկների արդյունքները.

6) տեխնոլոգիական կանոնակարգեր և տեխնոլոգիական պրոցեսի վերաբերյալ տեղեկություններ.

7) կատարված փորձարկումների մասին տեղեկություններ.

8) արտադրողի (նրա կողմից լիազորված անձի) և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից կատարված գազաբալոնային համակարգի փորձարկումների արձանագրությունները.

9) նյութերի և համալրող մասերի (առկայության դեպքում) բնութագրերի հավաստման վերաբերյալ փաստաթուղթ` սերտիֆիկատներ, համապատասխանության հայտարարագրեր կամ փորձարկումների արձանագրություններ (առկայության դեպքում).

11) տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ազգային ստանդարտների ցանկը.

12) անձնակազմի որակավորումը հավաստող փաստաթղթերը.

13) այլ փաստաթղթեր, որոնք ուղղակի կամ անուղղակի հավաստում են գազաբալոնային համակարգի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (առկայության դեպքում):

30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին գազաբալոնային համակարգի համապատասխանության գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Համապատասխանության գնահատման ընթացակարգերը սահմանելու մասին» N 56-Ն որոշմամբ սահմանված գնահատման ընթացակարգերին համապատասխան:

31. Համապատասխանության հայտարարագիրը գրանցվում է սահմանված կարգով, որի գործողությունը սկսվում է դրա գրանցման օրվանից:

32. Գազաբալոնային համակարգի խմբաքանակի համար համապատասխանության հայտարարագիրը գործում է միայն կոնկրետ խմբաքանակին վերաբերող գազաբալոնային համակարգի նկատմամբ:

33. Գազաբալոնային համակարգի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջների անմիջական կատարման և տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանության կանխավարկած հանդիսացող ստանդարտների կամավոր կիրառման դեպքում:

34. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների նկատմամբ պետական վերահսկողությունը (հսկողություն) իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

VII. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ) ՏԱՐՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

35. Տրանսպորտային միջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազի համար նախատեսված բալոնները պետք է լինեն առավելագույն թեթև և միևնույն ժամանակ պետք է համապատասխանեն ճնշման տակ աշխատող անոթների անվտանգ շահագործման պահանջներին:

36. 35-րդ կետով սահմանված պահանջներն ապահովվում են հետևյալ եղանակներով`

1) շահագործման պայմանների ճշգրիտ և բազմակողմանի որոշմամբ.

2) համապատասխան մեթոդի օգտագործմամբ` ճնշումով ցիկլային բեռնավորման ժամանակ հոգնածային երկարակեցության գնահատման և մետաղական բալոններում կամ միջնաշերտերում (լեյներում) թույլատրելի արատների որոշման համար.

3) կառուցվածքի փորձարկումների անցկացմամբ.

4) պատրաստվող բոլոր բալոնների ստուգման համար չքայքայող հսկողության անցկացմամբ.

5) պատրաստվող բալոնների յուրաքանչյուր խմբաքանակից ընտրված բալոնների և նյութերի քայքայող փորձարկման անցկացմամբ.

6) արտադրողի կողմից որակի կառավարման սերտիֆիկացված համակարգի ներդրմամբ.

7) արտադրողի հրահանգներին և տեսչական մարմինների պահանջներին համապատասխան բալոնների պարբերական տեխնիկական հսկողությամբ.

8) արտադրողի կողմից բալոնների անվտանգ շահագործման ժամկետի սահմանմամբ:

37. Բալոնները պետք է ունենան հետևյալ հատկանիշները`

1) շահագործման սահմանված ժամկետը գերազանցող հոգնածային երկարակեցություն.

2) ճնշման տակ շահագործման կամ փորձարկումների ժամանակ հերմետիկության խախտման դեպքում բալոնի կառուցվածքը պետք է ապահովի «արտահոսք` մինչև քայքայվելը».

3) ամրության պահուստի գործակից` ոչ պակաս 2.4-ից.

4) հիդրավլիկ ճնշմամբ քայքայման փորձարկումների ժամանակ ունենան «քայքայող ճնշման ժամանակ լարման» և «աշխատանքային ճնշման ժամանակ լարման» հարաբերության ցուցանիշներ, որոնք գերազանցում են կառուցվածքի կոնկրետ տեսակի ու օգտագործվող նյութերի համար սահմանված արժեքները և ունենան քայքայման անբեկոր բնույթ:

38. Շահագործման սահմանված պայմանները ներկայացնում են բալոնների անվտանգ օգտագործման մասին տեղեկատվություն`

1) բալոններն արտադրողների համար.

2) բալոններն օգտագործողների համար.

3) նախագծողների և բալոնների տեղադրման համար պատասխանատու մոնտաժողների համար.

4) բալոնների լցավորման համար օգտագործվող սարքավորումները նախագծողների և դրանց սեփականատերերի համար.

5) բնական գազը մատակարարողների համար.

6) բալոնների շահագործման հսկողության համար լիազորված տեսչական մարմինների համար:

39. Ծառայության ժամկետը, որի ընթացքում բալոնների շահագործումն անվտանգ է, պետք է սահմանված լինի արտադրողի կողմից բալոնների շահագործման ստանդարտ պայմաններում դրանց օգտագործման հիման վրա.

1) ծառայության ժամկետը պետք է լինի 15 տարուց ոչ պակաս.

2) մետաղական բալոնների և մետաղական միջնաշերտերով (լեյներով) բալոնների համար ծառայության ժամկետները պետք է որոշվեն ցիկլային փորձարկումների ժամանակ` ըստ հոգնածային ճաքերի զարգացման.

3) յուրաքանչյուր բալոնի և միջնաշերտի գերձայնային կամ դրան համարժեք չքայքայող հսկողությունը պետք է ապահովի թույլատրելի առավելագույն չափը գերազանցող արատների բացակայությունը.

4) բեռնվածքներ չկրող ոչ մետաղական միջնաշերտերով ամբողջությամբ կոմպոզիցիոն բալոնների համար ծառայության ժամկետները պետք է հաստատվեն նախագծման համապատասխան մեթոդներով, կառուցվածքի ընդունման փորձարկումներով և արտադրման ժամանակ ստուգումներով:

40. Բալոնները պետք է նախատեսված լինեն անվտանգ շահագործման համար`

1) 20 ՄՊա կայունացած ճնշման դեպքում` 15 oC կայունացած ջերմաստիճանում.

2) 26 ՄՊա առավելագույն ճնշման դեպքում` անկախ լցավորման պայմաններից և կամ ջերմաստիճանից:

41. Այլ աշխատանքային ճնշումները թույլատրվում է կիրառել համապատասխան գործակցի միջոցով ճշգրտում կատարելով (25 ՄՊա աշխատանքային ճնշման դեպքում կպահանջվի լցավորման առավելագույն ճնշումը մեծացնել 1.25 անգամ):

42. Յուրաքանչյուր բալոն պետք է փորձարկվի 1,5 Պա-ից ոչ պակաս (Պա` աշխատանքային ճնշում) փորձարկման հիդրավլիկ ճնշումով:

43. ՍԲԳ-1, ՍԲԳ-2 և ՍԲԳ-3 տեսակի բալոնների փորձարկման դեպքում մնացորդային ծավալային ձևախախտումը փորձարկման ճնշման դեպքում պետք է կազմի լրիվ ծավալային ձևախախտման 5 տոկոսից ոչ ավելին:

44. ՍԲԳ-4 տեսակի բալոնների համար փորձարկման ճնշման դեպքում ծավալային ձևախախտման թույլատրելի արժեքը պետք է սահմանի մշակողը:

45. Բոլոր տեսակի բալոնները Պա-ին հավասար ճնշումով օդաճնշմամբ փորձարկման ժամանակ պետք է լինեն հերմետիկ:

46. ՍԲԳ-4 տեսակի բալոնների բնական գազի գազանցիկությունը փորձարկման ժամանակ, բալոնի տարողության յուրաքանչյուր լիտրի համար պետք է լինի 0,25 սմ3/ժ-ից ոչ ավելի:

47. Բալոնները պետք է մեկ տարվա շահագործման ընթացքում դիմանան 15 oC կայունացած ջերմաստիճանում 20 ՄՊա կայունացած ճնշման դեպքում ոչ պակաս 1000 անգամ լցավորմանը:

48. Ցիկլային երկարակեցության փորձարկման ժամանակ բալոնը պետք է դիմանա 1000 T (T` հաշվարկային ծառայության ժամկետը` տարիներով) ցիկլից ոչ պակաս բեռնավորմանը, որից հետո թույլատրվում է հոսաթողմամբ ուղեկցվող ճեղքվածքի տեսքով քայքայում:

49. Բալոնի կառուցվածքը պետք է պաշտպանված լինի ճնշման բարձրացումից ապահովիչ հարմարանքներով:

50. Բալոնը, դրա նյութերը, ապահովիչ հարմարանքները և մեկուսիչ կամ պաշտպանական լրացուցիչ նյութը պետք է մշակված լինեն այնպես, որ հրդեհի ժամանակ ապահովվի անհրաժեշտ անվտանգությունը:

51. Արտադրողը կարող է սահմանել տրանսպորտային միջոցի վրա ապահովիչ հարմարանքների այլընտրանքային տեղադրում` անվտանգությանը հասնելու նպատակով:

52. Փորձարկման ժամանակ բոցի ազդեցության տակ գտնվող բալոնները չպետք է պայթեն, իսկ բալոնից գազը պետք է դուրս գա ապահովիչ սարքվածքի միջով:

53. Արտաքին մակերևույթներին թթվի ազդեցությունից փորձարկման ժամանակ ՍԲԳ-2, ՍԲԳ-3 և ՍԲԳ-4 տեսակի բալոնները պետք է ունենան հաշվարկային քայքայման ճնշման 85 տոկոսից ոչ պակաս ճնշում:

54. Բաղադրյալ նյութից թաղանթի մակերևույթին արատ ունեցող ՍԲԳ-2, ՍԲԳ-3 և ՍԲԳ-4 տեսակի բալոնները փորձարկման ժամանակ պետք է դիմանան ճնշման 3000 ցիկլերին:

55. ՍԲԳ-2, ՍԲԳ-3 և ՍԲԳ-4 տեսակի բալոնների կայունությունը հարվածների նկատմամբ բետոնե մակերևույթին բախվելուց հետո պետք է դիմանա ճնշման 3000 ցիկլերին:

56. ՍԲԳ-2, ՍԲԳ-3 և ՍԲԳ-4 տեսակի բալոնները բեռնվածքի երկարատև ազդեցության տակ 65 oC ջերմաստիճանում և 1,3 Պա ճնշման տակ 1000 ժ պահելուց հետո պետք է ունենան հաշվարկային քայքայման ճնշման 85 տոկոսից ոչ պակաս ճնշում:

57. ՍԲԳ-4 տեսակի բալոններում բնական գազի գազանցիկությունը բալոնի տարողության յուրաքանչյուր լիտրի համար պետք է լինի 0,25 սմ3/ժ-ից ոչ ավելի:

58. Բալոնի վնասման ունակությունը ստուգելու համար մինչև (20+1) ՄՊա աշխատանքային ճնշմամբ սեղմված բնական գազով լցավորված բալոնին կրակում են 7,62 մմ-ից ոչ պակաս տրամաչափով հրազենային գնդակով (արձակման ուժգնությունը` առնվազն 3990 Ջ): Գնդակը պետք է ծակի բալոնի կողային մեկ կամ երկու պատ: ՍԳԲ-1 տեսակի բալոնի դեպքում գնդակը պետք է մտնի բալոնի կողային պատի մեջ 90 o անկյան տակ, իսկ ՍԲԳ-2, ՍԲԳ-3, ՍԲԳ-4 տեսակի բալոնների դեպքում` 45 o անկյան տակ: Բալոնը չպետք է պայթի:

59. Բալոնների շահագործման պայմանները`

1) ջերմաստիճանային միջակայքը`

ա. գազի կայունացած ջերմաստիճանը կարող է փոփոխվել - 40 oC-ից մինչև 65 oC,

բ. գազի լցավորման և բացթողման ժամանակ առաջացած ջերմաստիճանը կարող է փոփոխվել սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված ջերմաստիճանային սահմաններից դուրս.

2) բալոնների ջերմաստիճանը`

ա. բալոնները պետք է դիմանան բալոնի նյութի ջերմաստիճանին` -40 oC-ից մինչև 65 oC.

բ. 65 oC-ից բարձր ջերմաստիճանը պետք է լինի բավարար չափով տեղայնացված կամ կարճատև, որպեսզի բալոնում գազի ջերմաստիճանը չգերազանցի 65 oC-ը` բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում ներկայացված պայմանների.

3) բալոնների կառուցվածքը պետք է պիտանի լինի չոր կամ հեղուկ բնական գազով լցավորման համար.

4) չի թույլատրվում բնական գազին ավելացնել մեթանոլ և (կամ) գլիկոլ.

5) բալոնի չոր գազում ջրի գոլորշիների խտությունը պետք է լինի ոչ ավելի, քան 32 մգ/մ3 (ցողի ջերմաստիճանը -9 oC 20 ՄՊա ճնշման դեպքում).

6) բալոնում չոր գազի բաղադրությունը պետք է լինի`

ա) ծծմբաջրածին և այլ լուծելի սուլֆիդներ` 23 մգ/մ3-ից ոչ ավելի,

բ) թթվածին` 1 տոկոսից ոչ ավելի (ծավալային մաս),

գ) ջրածին` (950 ՄՊա-ից ավելի ամրության սահմանով պողպատե բալոնների համար) 2 տոկոսից ոչ ավելի (ծավալային մաս).

7) բալոնում հեղուկ գազի բաղադրությունը պետք է լինի`

ա) հեղուկ գազում ջրի գոլորշիների խտությունը` 32 մգ/մ3 -ից ոչ ավելի,

բ) ծծմբաջրածին և այլ լուծելի սուլֆիդներ` 23 մգ/մ3-ից ոչ ավելի,

գ) թթվածին` 1 տոկոսից ոչ ավելի (ծավալային մաս),

դ) ածխաթթու գազ` 4 տոկոսից ոչ ավելի (ծավալային մաս),

ե) ջրածին` 0.1 տոկոսից ոչ ավելի (ծավալային մաս):

60. Բալոնների արտաքին մակերևույթները պետք է դիմանան`

1) ջրին` պարբերաբար դրա մեջ սուզվելու կամ ճանապարհներից ցայտելու արդյունքում.

2) աղին` ծովի կամ օվկիանոսի մոտակայքում կամ այնպիսի վայրերում, որտեղ աղն օգտագործում են սառույցի հալեցման համար տրանսպորտային միջոցի աշխատելու դեպքում.

3) մանրախճի (կոպիճի) հարվածներին.

4) լուծիչների` թթուների, ալկալիների, հանքային պարարտանյութերի ազդեցությանը.

5) ավտոմոբիլային հեղուկների, այդ թվում` բենզինի, աշխատանքային հեղուկների, ակումուլյատորային թթվի, գլիկոլի և յուղերի ազդեցությանը.

6) աշխատած գազերի ազդեցությանը:

61. Ընդունիչ բնիկը պետք է ունենա գլխիկ` փոշու, հեղուկի կամ այլ օտար մասնիկների մուտքը կանխելու համար: Այդ գլխիկը պետք է կայուն կերպով ամրակցվի տրանսպորտային միջոցին:

62. Ընդունիչ բնիկի մոտ պետք է նշվեն հետևյալ տվյալները, որոնց զետեղումը պետք է կայուն լինի`

1) վառելիքի տեսակը (այսինքն` ՍԲԳ).

2) շահագործման ժամկետը` գազի բալոնների համար.

3) շահագործման ճնշումը` տրանսպորտային միջոցի համար:

63. Ճնշման կարգավորիչից հետո գտնվող տարրերը պետք է պաշտպանված լինեն կարգավորիչի անսարքության հետևանքով առաջացած բարձր ճնշումից:

64. Ապահովիչ հարմարանքը և ապահովիչ կափույրը պետք է պաշտպանված լինեն կեղտից և ջրի ներթափանցումից, իսկ այդ սարքվածքների գազի բացթողնման անցքերը պետք է գտնվեն տրանսպորտային միջոցում բոցավառման և ջերմության աղբյուրներից հնարավորինս մեծ հեռավորության վրա:

65. Ապահովիչ հարմարանքը պետք է գործարկվի չափազանց բարձր ջերմաստիճանի կամ ջերմաստիճանի և ճնշման դեպքում` բացթողնելով գազը` բալոնը պայթելուց պաշտպանելու համար:

66. Ապահովիչ կափույրը պետք է օգտագործվի ճնշման կարգավորիչի կամ կարգավորիչների առաջին աստիճանում գազի հոսքի համակարգի բարձր ճնշումը կանխելու համար: Բազմաթիվ ճնշման կարգավորիչների օգտագործման դեպքում կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ ապահովիչ կափույրների կիրառումը:

67. Խողովակները հնարավորության դեպքում պետք է տեղակայվեն հենասարքի (շասսի) վրա այնպես, որ տատանումների արդյունքում վնասվածքներ չառաջանան (օրինակ` ռեզոնանսը շարժիչի տատանման հետ) և չլինեն շփման կետեր: Երկու ամրակցման կետերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1 մետրը, և խողովակների տեղակայումն ու ճկումը պետք է կատարվի խողովակներ և կցամասեր արտադրողների կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2015
N 1520-Ն
Որոշում