Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1252.260116

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 244-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 հունվարի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2015 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Հաշվի առնելով այն, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերոհիշյալ դիմումով սույն գործով վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացրել էր ՀՀ Սահմանադրության 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով 2-րդ գլխի դրույթների շրջանակներում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2016 թվականի հունվարի 14-ին ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել լրամշակված դիմում` հստակեցնելով սույն գործով վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ իր դիրքորոշումները` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության գործող (2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի մեջ մտած) 2-րդ գլխի դրույթներին համապատասխան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2003 թվականի ապրիլի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից:

ՀՀ քրեական օրենսգրքի` սույն գործով վիճարկվող «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը» վերտառությամբ 244-րդ հոդվածը սահմանում է.

«Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից` սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Վիճարկվող հոդվածը փոփոխության է ենթարկվել 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-119-Ն ՀՀ օրենքով:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածն առաջացնում է սահմանադրականության խնդիր և խնդրում է որոշել հիշյալ հոդվածի` ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 65-րդ և 66-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:

Դիմողի կարծիքով` «վիճարկվող նորմի ձևակերպումից և տառացի մեկնաբանությունից հետևում է, որ դրա իրական նպատակը ոչ թե պատահարից տուժած անձանց պաշտպանությունը և/կամ վերջինիս օգնություն ցույց տալն է, այլ` իրավապահ մարմիններին օժանդակելը ճանապարհատրանսպորտային դեպքը քննելու հարցում»:

Ըստ դիմողի` վիճարկվող հոդվածը ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ մեղավոր անձին պարտադրում է, նախևառաջ, հենց դեպքի վայրում գիտակցել և ընդունել իր մեղավորությունը, այնուհետև` չհեռանալ դեպքի վայրից: Այսինքն` վիճարկվող նորմը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներին պարտադրում է գործել իրենց սեփական մեղավորության կանխավարկածից ելնելով, քանի որ պատահարի պահին ու անմիջապես դրանից հետո (հատկապես` վիճահարույց դեպքերում) ոչ ոք չի կարող վստահ լինել, թե, ի վերջո, ով կարող է այդ պատահարի մեղավոր կողմ ճանաչվել:

Ի հիմնավորումն իր դիրքորոշումների, դիմողը վկայակոչում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում լռելու և իր դեմ ցուցմունք չտալու իրավունքի, անմեղության կանխավարկածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներ, ինչպես նաև խնդրո առարկա հարցի վերաբերյալ մի շարք օտարերկրյա պետությունների սահմանադրական արդարադատության մարմինների արտահայտած իրավական դիրքորոշումներ: Դիմողը վկայակոչում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի (ԵԱՆԴ/0122/01/12) որոշմամբ խնդրո առարկա հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները:

3. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկներին` գտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելը պայմանավորված է տուժողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ և, մասնավորապես, հետապնդում է պատժի սպառնալիքով հարկադրել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներին չհեռանալ և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել պատահարի արդյունքում տուժած անձանց:

Ըստ պատասխանողի` ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի իրավական բովանդակությունն ամբողջապես ընկալելու համար հարկ է անդրադառնալ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին (մասնավորապես` 24-րդ հոդված), որով սահմանվում են տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների պարտականությունները:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտած անձանց ցուցմունք տալու պարտականությանը և քրեական հետապնդման սպառնալիքի ներքո հայտնվելու վտանգին` պատասխանող կողմը նշում է, որ օրենքը չի պարտադրում երթևեկության կանոնները խախտած անձին ցուցմունքներ տալ: Ավելին, ինչպես ՀՀ Սահմանադրությունը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ոչ միայն կասկածյալին, այլև վկային իրավունք է վերապահում հրաժարվել իր դեմ ցուցմունք տալուց, եթե դրա հետևանքով անձը կարող է հայտնվել քրեական հետապնդման սպառնալիքի ներքո: Իսկ վկայություն տալուց հրաժարվելու իրավունքը գործում է նաև այն դեպքում, երբ այդպիսի վկայությունը ոչ միայն ուղղակիորեն, այլև անուղղակիորեն կարող է անձին վկայի կարգավիճակից վերածել կասկածյալի:

Պատասխանող կողմի կարծիքով` ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

4. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները և ելնելով սույն գործով դիմողի փաստարկներից և եզրահանգումներից, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

ա) վիճարկվող իրավակարգավորման իրավական նպատակները և հիմքերը,

բ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների շրջանակը,

գ) վիճարկվող իրավակարգավորման պարագայում ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքների իրացման իրավական երաշխավորվածությունը և ապահովումը:

5. ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի խնդիրներն են` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքները, սեփականությունը, շրջակա միջավայրը, հասարակական կարգը և անվտանգությունը, սահմանադրական կարգը, խաղաղությունը և մարդկության անվտանգությունը, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Այդ խնդիրների իրականացման համար ՀՀ քրեական օրենսգիրքն ամրագրում է քրեական պատասխանատվության հիմքն ու քրեական օրենսդրության սկզբունքները, որոշում, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցագործություններ, և սահմանում է պատժի տեսակներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ` դրանք կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 2-րդ հոդված): ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասով սահմանվում է նաև պատժի նպատակը, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները (ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մաս):

Օրենսդիրը, արարքի հանրային վտանգավորության գնահատման և դրա քրեականացման իր իրավասության շրջանակներում, ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի վերոհիշյալ խնդիրներից և նպատակներից, սույն գործով վիճարկվող հոդվածն ամրագրել է ՀՀ քրեական օրենսգրքի` «Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 23-րդ գլխում: Հիշյալ կանոնակարգմամբ տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը համարելով հանցագործություն` օրենսդիրն այդ արարքը որպես այդպիսին որակելը պայմանավորում է ՀՀ քրեական օրենսգրքի` «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» վերտառությամբ 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների պարտադիր վրա հասնելու հանգամանքով: Այդ հետևանքներն են` մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, անզգուշությամբ մարդու մահ առաջացնելը, անզգուշությամբ երկու կամ ավելի մարդու մահ առաջացնելը:

Վիճարկվող իրավակարգավորմամբ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը չթողնելու իրավական պահանջ սահմանելը, ինչպես փաստում է սույն գործով պատասխանող կողմը, նպատակաուղղված է տուժողների իրավունքների պաշտպանությանը և պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների կատարման անհրաժեշտությամբ:

Վերոշարադրյալից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ դիմողի այն փաստարկը, որ «... օրենսդիրը ճանապարհատրանսպորտային վայրը թողնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելիս նպատակ է հետապնդել տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձանց քրեական պատժի սպառնալիքի տակ պարտավորեցնել մնալ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում` բացառապես իրավապահ մարմիններին օժանդակություն ցուցաբերելու նպատակով»:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես, «Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է.

«դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում`

1) անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաև օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).

2) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում` համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.

3) սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ազատել երթևեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությունը խոչընդոտված է.

4) պատահարի մասին հայտնել ոստիկանություն և սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժողներ չկան, ապա վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային մարմին` պատահարը սահմանված կարգով ձևակերպելու համար»:

Վերոհիշյալ իրավակարգավորումից հետևում է, որ օրենսդիրը ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների մեջ, ի թիվս այլնի, ընդգրկել է ոչ միայն իրավապահ մարմինների հետ փոխհարաբերություններով պայմանավորված պարտականությունները, այլ նաև տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտականությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»:

Հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1246-րդ հոդվածով սահմանվում է վարչական պատասխանատվություն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելու համար: Մասնավորապես, հիշյալ հոդվածի 3-րդ մասով վարչական պատասխանատվություն է սահմանվում ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելու համար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ:

Ճանապարհային երթևեկության վերաբերյալ ՀՀ օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, հիշյալ օրենքով սահմանվող համանման իրավակարգավորումներով գործել է նաև ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները հաստատելու մասին» N 924-Ն որոշումը:

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորման վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի (ԵԱՆԴ/0122/01/12) որոշմամբ: Հիշյալ որոշման, մասնավորապես, 18-րդ կետում ՀՀ վճռաբեկ դատարանը նշում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը նպատակ է հետապնդում պատժել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված այն անձանց, ովքեր, թողնելով դեպքի վայրը, խուսափել են ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելուց, չեն ցանկացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին և աջակցել կատարված արարքի, դրա հետևանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանը»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակցություն ունենալու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի համար կատարված արարքի, դրա հետևանքների հետ կապված հանգամանքների բացահայտմանն աջակցելու պարտականություն և այն չկատարելու համար պատասխանատվություն օրենքով սահմանված չեն: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` հանցագործության բացահայտմանն աջակցելը համարվում է որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք: Հետևաբար, իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բացառի օրենսդրական կանոնակարգումից դուրս անձի վրա պարտականություն և որպես հետևանք` այն չկատարելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելը:

Վերոհիշյալի վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսելը պայմանավորված է ճանապարհային երթևեկության մասնակիցների, մասնավորապես, տուժած անձանց շահերի պաշտպանության, ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի պարտականությունների կատարման ապահովման անհրաժեշտությամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվություն սահմանելով` պետությունն իրացնում է, մասնավորապես, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության իր սահմանադրական պարտականությունը:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից, հետագա օրենսդրական զարգացումների ընթացքում, սույն գործով վիճարկվող հոդվածով նախատեսված արարքի քրեականացման քաղաքականության պահպանման դեպքում, տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար անհրաժեշտ կլինի է՛լ ավելի բարձրացնել իրավակարգավորման իրավական որոշակիության և իրավական կանխատեսելիության մակարդակը` հաշվի առնելով սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

6. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով) 65-րդ և 66-րդ հոդվածներով:

ՀՀ Սահմանադրության` «Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը» վերտառությամբ 65-րդ հոդվածը սահմանում է, որ` «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր»:

ՀՀ Սահմանադրության` «Անմեղության կանխավարկածը» վերտառությամբ 66-րդ հոդվածը սահմանում է, որ` «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքները համանման կարգավորմամբ ամրագրված էին նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 21-րդ և 22-րդ հոդվածներով:

Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի իրավունքներն ուղղակի կամ անուղղակի ամրագրված են նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 11-րդ հոդվածը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում են անմեղության կանխավարկածի իրավունքը: Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Saunders v. The United Kingdom (Application no. 19187/91) գործով իր 1996 թվականի դեկտեմբերի 17-ի վճռում արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` թեև լռելու իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող` իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում հիշատակված չեն, այնուամենայնիվ, դրանք հանդիսանում են հանրաճանաչ միջազգային չափորոշիչներ, որոնք ընկած են արդար դատական ընթացակարգի հիմքում: Նույն վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև եզրահանգել է, որ լռելու իրավունքը սերտ փոխկապակցված է անմեղության կանխավարկածի հետ:

ՀՀ սահմանադրական դատարանը ևս իր որոշումներում անդրադարձել է ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքների լիարժեք իրացման երաշխավորվածության և ապահովման խնդիրներին: Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վկայակոչել իր` 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշման մեջ արտահայտած, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումը.

«... անմեղության կանխավարկածի սկզբունքը` նպատակ ունենալով պաշտպանել անձին հանիրավի մեղադրանքից, միաժամանակ չի կարող բացառել իրավասու մարմնի կողմից նրան քրեական հանցագործության մեջ կասկածելու հանգամանքը`մինչև այն պահը, երբ այդ կասկածներն այդ մարմնի իրավաչափ գործողությունների արդյունքում հնարավոր չի եղել հիմնավորվել»:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքների իրացման իրավական երաշխիքներն օրենսդիրն ապահովել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, մասնավորապես` «Անմեղության կանխավարկածը» վերտառությամբ 18-րդ հոդվածով և «Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը» վերտառությամբ 20-րդ հոդվածով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում են վերոհիշյալ իրավունքների իրացման ապահովման այլ երաշխիքներ ևս: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ցուցմունքներ տալը կամ ցուցմունքներ տալուց հրաժարվելը, բացատրություններ տալը կամ բացատրություններ տալուց հրաժարվելն ամրագրվել են որպես կասկածյալի (63-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետեր) և մեղադրյալի (65-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետեր) իրավունքներ: Բացի դրանից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է կասկածյալին (211-րդ հոդվածի 3-րդ մաս) և մեղադրյալին (212-րդ հոդվածի 8-րդ մաս) նրանց իրավունքները` ներառյալ ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը, հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչի կողմից բացատրելու, ինչպես նաև վկային իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների դեմ չվկայելու իր իրավունքի մասին առերեսման սկզբում քննիչի կողմից նախազգուշացնելու (216-րդ հոդվածի 2-րդ մաս) և իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ վկայելուց հրաժարվելու նրա իրավունքը հարցաքննությունից առաջ նախագահողի կողմից պարզաբանելու (339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) իրավական պահանջները:

Պետք է նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի` «Ցուցմունք տալուց հրաժարվելը» վերտառությամբ 339-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ` «Իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք տալուց հրաժարված անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»:

Համադրելով վերոգրյալը սույն գործով դիմողի այն եզրահանգման հետ, համաձայն որի` ՀՀ քրեական օրենսգրքի սույն գործով վիճարկվող 244-րդ հոդվածն «առաջացնում է սահմանադրականության խնդիր, այնքանով որքանով այն հակասում է անձի` իր դեմ ցուցմունք չտալու սկզբունքին, ինչպես նաև անմեղության կանխավարկածին», ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ, քանի որ ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքների իրացման իրավական երաշխավորվածության և ապահովման անմիջական կարգավորումը դուրս է ՀՀ քրեական օրենսդրության և, բնականաբար, նաև սույն գործով վիճարկվող իրավակարգավորման առարկայի շրջանակից: Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու և անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքների իրացման իրավական երաշխիքները` համակարգային ամբողջականության մեջ ապահովվում են ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 հունվարի 2016 թվականի

ՍԴՈ-1252

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.01.2016
N ՍԴՈ-1252
Որոշում