Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/10507/05/13

    դատարանի որոշում                      2015թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10507/05/13

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Զոյա Սիմեոնիդուի ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ Զոյա Սիմեոնիդուի հայցի ընդդեմ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք), երրորդ անձինք Արմեն Գալստյանի, Նունե Ալոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի թիվ 8820-Ա որոշումը և որպես հետևանք` Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի անվամբ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 31.03.2010 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Զոյա Սիմեոնիդուն պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի թիվ 8820-Ա որոշումը և որպես հետևանք` Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի անվամբ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 31.03.2010 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 19.06.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2014 թվականի որոշմամբ Զոյա Սիմեոնիդուի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.06.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զոյա Սիմեոնիդուի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի ներկայացուցիչը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 8-րդ հոդվածները և 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները, խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածները և 27-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, սույն գործի փաստական հանգամանքներն ու ձեռք բերված ապացույցները, այդ թվում` վկաների ցուցմունքները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չգնահատելու, ինչպես նաև «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթները սխալ մեկնաբանելու արդյունքում անտեսել է, որ Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի թիվ 8820-Ա որոշումն ընդունվել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող բնակելի տունն ինքնակամ կերպով կառուցվել է Զոյա Սիմեոնիդուի կողմից 1992 թվականին պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա: Զոյա Սիմեոնիդուն այդ բնակելի տունը կառուցելուց անմիջապես հետո բնակություն է հաստատել այնտեղ և հաշվառվել Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/34 հասցեում: Հետագայում` 1994 թվականին, Զոյա Սիմեոնիդուն դուրս է եկել հաշվառումից և մեկնել է Հունաստանի Հանրապետություն: Զոյա Սիմեոնիդուի մեկնելուց հետո Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող տանը բնակվել են վերջինիս ծնողները, իսկ նրանց մահից հետո Զոյա Սիմեոնիդուի և նրա եղբոր` Վալոդյա Գալստյանի գիտությամբ ու թույլտվությամբ` վերջինիս որդին` Արմեն Գալստյանն իր կնոջ` Նունե Ալոյանի հետ: Փաստորեն, ինչպես Արմեն Գալստյանի կամ Նունե Ալոյանի, այնպես էլ նրանց իրավանախորդներից որևէ մեկի անվամբ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող հողամասում երբևէ հողահատկացում չի եղել: Այսինքն` ի սկզբանե այդ բնակելի տան և դրանով ծանրաբեռնված հողատարածքի վերաբերյալ գույքային իրավունքներ սահմանող կամ հաստատող փաստաթուղթ առկա չի եղել:

Այլ կերպ ասած` Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեի հողամասը վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին ամբողջությամբ հանդիսացել է համայնքային սեփականություն, իսկ այնտեղ գտնվող շինությունն ամբողջությամբ ունեցել է ինքնակամ կառույցի կարգավիճակ, հետևաբար այն չէր կարող օրինականացվել Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի անվամբ` «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիմքով: Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող տան` որպես ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով` Զոյա Սիմեոնիդուին` որպես կառույցն իրականացրած անձի վերապահելով այն գնելու նախապատվության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վկաներ Գեղեցիկ Գալստյանը, Հայաստան Թովմասյանը Զոյա Սիմեոնիդուի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք են, իսկ Արթուր Մարտիրոսյանը և Մովսես Մարտիրոսյանը Զոյա Սիմեոնիդուի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող անձինք են, եզրահանգել է, որ վերոնշյալ անձինք, գտնվելով Զոյա Սիմեոնիդուի հետ նման կապի մեջ, կարող են լինել շահագրգռված գործի ելքով, հետևաբար վերջիններիս ցուցմունքները դիտել է անարժանահավատ: Փաստորեն, Վերաքննիչ դատարանը վկաների ցուցմունքների անարժանահավատ լինելու վերաբերյալ նման եզրահանգման է եկել` ընդամենը վկայակոչելով այդ վկաների և Զոյա Սիմեոնիդուի միջև ազգակցական կապի առկայության փաստը, և ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե սույն գործով վկաների ցուցմունքները գործի լուծման համար էական են, թե` ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Զոյա Սիմեոնիդուի վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և որոշման պատճառաբանական մասում նշել է իր կողմից պարզված հանգամանքները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքներն ու իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է բողոքարկվող որոշումը կայացնելիս:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետին հասցեագրված 27.07.2009 թվականի դիմումով Արմեն Գալստյանը խնդրել է «28.06.2008 թվականի թիվ ՀՕ-117-Ն օրենքի համաձայն օրինականացնել Մ. Խորենացի 231/34 հասցեի օրինական գույքին կից շինությունը և հողամասը» (հատոր 2-րդ, գ.թ. 10):

2) Կադաստրի աշխատակազմի Մարաշ տարածքային ստորաբաժանման 18.08.2009 թվականի թիվ 6973ա գրության համաձայն` Երևան քաղաքի Մ. Խորենացի թիվ 231/34 հասցեով Արմեն Գալստյանի անվամբ անշարժ գույք սեփականության իրավունքով գրանցված չէ (հատոր 2-րդ, գ.թ. 17):

3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 16.09.2009 թվականի թիվ 20-Ել-10953 գրության համաձայն` տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի վիճելի հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 206,96 քմ, որն ամբողջությամբ տնօրինվում է առանց փաստաթղթերի (հատոր 2-րդ, գ.թ. 26):

4) Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի 22.09.2009 թվականի թիվ Ե/570 գրությանը կից ցուցակի համաձայն` Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի վիճելի հասցեում գտնվող 206,96 քմ մակերեսով հողամասը, որին տրամադրվել է «Խորենացու փող. թիվ 231/97» հասցեն, փաստացի զբաղեցված է Արմեն Գալստյանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 18-19):

5) Երևան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 3 տեղամասի տնօրենի կողմից Արմեն Գալստյանին 13.10.2009 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/34 տան շինարարական աշխատանքները կատարվել են մինչև 1997 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 27):

6) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի բաժնի կողմից 01.08.1990 թվականին տրված թիվ 335967 ամուսնության վկայականի համաձայն` Արմեն Գալստյանը և Նունե Ալոյանն ամուսնացել են 01.08.1990 թվականին, որի մասին ամուսնության ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 559 գրառումը (հատոր 2-րդ, գ.թ. 12):

7) Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ, 05.11.2009 թվականին ընդունել է «Մ. Խորենացու փողոցի Հ.231/97 բնակելի տան նկատմամբ Արմեն Վալոդյայի Գալստյանի, Նունե Օգսենի Ալոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 8820-Ա որոշումը, որի 1-ին կետով վերականգնվել է Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Գալստյանի, Նունե Ալոյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 206,96 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 206,96 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, իսկ նույն որոշման 4-րդ կետով Մ. Խորենացու փողոցի թիվ 231/34 հասցեի բնակելի տանը տրամադրվել է հասցե` «Խորենացու փողոցի թիվ 231/97 տուն» (հատոր 2-րդ, գ.թ. 28-29):

8) Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 31.03.2010 թվականի թիվ 2764915 վկայականի` Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի թիվ 8820-Ա որոշման և 23.11.2009 թվականի թիվ 7235-2009 հողամասի գլխավոր հատակագծի հիման վրա Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 231/97 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի սեփականության իրավունքը Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ ԷԿ-12 մատյանի 000198-րդ համարի տակ (կադաստրային գործի պատճեն):

9) Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի կողմից 19.09.2013 թվականին տրված թիվ 24/1-8/Ս-316 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 231/97 հասցեի տունը Զոյա Սիմեոնիդուն կառուցել է իր ուժերով և իր միջոցներով, ուր բնակվել է մինչև 1994 թվականի դեկտեմբերը (հիմք` հարևանների հայտարարությունը) (հատոր 1-ին, գ.թ. 11):

10) Վալոդյա Գալստյանի և Կարեն Հայրապետյանի ստորագրությամբ 12.09.2013 թվականի հայտարարության համաձայն` Զոյա Սիմիոնիդուն 1992-1994 թվականներին գրանցված է եղել և բնակվել է Մ. Խորենացու փողոցի թիվ 231/34 տանը (հատոր 1-ին, գ.թ. 12):

11) Սույն գործի քննության ընթացքում վկաներ Մովսես Մարտիրոսյանը, Գեղեցիկ Գալստյանը, Արթուր Մարտիրոսյանը, Հայաստան Թովմասյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Երևան քաղաքի Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող հողամասը դեռևս 1990-ական թվականների սկզբին ձեռք է բերել Զոյա Սիմեոնիդուն և այդ հողամասում կառուցել է բնակելի տուն` բնակվելով այնտեղ մինչև Հունաստանի Հանրապետություն մեկնելը (հիմք` դատական նիստերի արձանագրություններ, հատոր 2-րդ, գ.թ. 62-67, 84):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ օրենսդրական համակարգում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման իրավական կառուցակարգի, ինչպես նաև վարչական դատավարությունում ապացույցների և, մասնավորապես, վկայի ցուցմունքի արժանահավատության գնահատման հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սխալ կիրառման, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով կարող է վերականգնվել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող ֆիզիկական անձի սեփականության իրավունքն այն պայմաններում, երբ տվյալ ֆիզիկական անձը, փաստացի տիրապետելով այդ անշարժ գույքը, չի ունեցել համապատասխան իրավունքներ դրա նկատմամբ,

2. վարչական դատավարության շրջանակներում հարցաքննված վկայի ցուցմունքը կարող է արդյո՞ք դիտարկվել որպես անարժանահավատ ապացույց միայն այն հիմքով, որ նշված ցուցմունքով ներկայացված փաստական տվյալները վերաբերում են այդ վկայի մերձավոր ազգականներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Երևան քաղաքի վարչական տարածքում մինչև 15.05.2001 թվականը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (...) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի որոշումը, որում պարտադիր նշվում են իրավունք ձեռք բերող ֆիզիկական անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին), բնակելի տան հասցեն, տեղեկատվություն բնակելի տան կառուցման տարեթվի մասին, տեղեկատվություն այն մասին, որ անշարժ գույքը բավարարում է նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմանները: (...) Նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում Երևանի քաղաքապետի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման և պատշաճ ձևակերպման հետ կապված հարաբերությունները: Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով օրենսդիրը սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը (քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը կամ հողհատկացման հիմքերը) չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքը համարվում է այն որպես սեփական գույք տիրապետող ֆիզիկական անձանց սեփականությունը:

Նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նշված օրենքի կարգավորման առարկային` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տների (օրինական կառույցների), դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերի նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերի և (կամ) հողհատկացման հիմքերի պահպանված չլինելու դեպքում օրինական կառույցի սեփականատիրոջ իրավունքների վերականգնման հարցերը: (...) Վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի առաջացման համար միայն այդ հասցեում հաշվառվելը և բնակվելը բավարար չեն «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար, քանի որ օրենքը կարգավորում է ոչ թե սեփականության իրավունքի ծագման, այլ արդեն իսկ ծագած սեփականության իրավունքի վերականգնման խնդիրը (տե՛ս, Նարինե, Լիանա և Օֆելյա Թովմասյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Գագիկ Թովմասյանի և այլոց թիվ ՎԴ/1864/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված և որոշակի չափանիշների բավարարող անշարժ գույքի նկատմամբ վերականգնվում է այն ֆիզիկական անձի սեփականության իրավունքը, ով փաստացի տիրապետում է այդ անշարժ գույքը` որպես սեփական գույք: Ընդ որում, վերոնշյալ իրավակարգավորումը վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր ոչ միայն փաստացի տիրապետում են համապատասխան անշարժ գույքը, այլ նաև հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, որոնց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման գործընթացն իրենից ներկայացնում է համապատասխան ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթ, քանի որ եզրափակվում է համապատասխան վարչական ակտով, այն է` Երևանի քաղաքապետի որոշմամբ: Այսպես, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Երևանի քաղաքապետի կողմից ընդունված համապատասխան անհատական իրավական ակտը (որոշումը), որով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով ճանաչվում է ֆիզիկական անձի սեփականության իրավունքի առկայությունը դրա վերականգնման միջոցով, հանդիսանում է վարչական ակտ, քանի որ այն համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածում նախատեսված վարչական ակտի հասկացության սահմանմանը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին իրավունք է վերապահում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը:

Օրենսդիրը հստակ սահմանել է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեության` վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման համար անհրաժեշտ` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը: Հետևաբար Երևանի քաղաքապետը կարող է որոշում կայացնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքները վերականգնելու մասին միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ դիմում ներկայացրած ֆիզիկական անձի, ինչպես նաև այդ դիմումում նշված անշարժ գույքի կարգավիճակը լիովին համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների միջոցով օրենսդիրը հետապնդում է հստակ նպատակ, այն է` որոշակի պահանջների բավարարող և իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքը փաստացի տիրապետող և դրա սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ հանդիսացող ֆիզիկական անձանց հնարավորություն տալ վերականգնելու իրենց սեփականության իրավունքն այդ անշարժ գույքի նկատմամբ: Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր պահանջներից մեկն այն է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ կարող է վերականգնվել միայն այդ անշարժ գույքը փաստացի տիրապետող այն ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը, ովքեր հանդիսանում են այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ:

Հետևաբար վարչական մարմինը պարտավոր է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում պարզել, inter alia, այն հանգամանքը, թե իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացրած ֆիզիկական անձը հանդիսանում է արդյոք այդ անշարժ գույքի սեփականատեր կամ սեփականատերերի իրավահաջորդ, թե` ոչ:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վկա կարող է լինել յուրաքանչյուր անձ, որին հայտնի է կամ կարող է հայտնի լինել տվյալ գործին վերաբերող որևէ փաստական հանգամանք: Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատարանում որպես վկա հանդես գալիս առանձին հարցի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք ունեն անձինք` (...) իրենց հետ արյունակցական մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց (...) վերաբերյալ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին, իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով: Մասնավորապես` եթե վկայի ցուցմունքը գնահատելիս դատարանը նախևառաջ պետք է հաշվի առնի վկայի անձնական հատկանիշները (ունա՞կ է արդյոք նա ընկալել և վերարտադրել համապատասխան փաստը, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց հետ և այլն), ապա գրավոր ապացույցների պարագայում դատարանը նախևառաջ պետք է պարզի այդ ապացուցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին (տե՛ս, Արմեն Կուրղինյանն ընդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել` առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն` ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների` միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում` կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել` տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով:

Այսպիսով, ապացույցների հավաստության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները: Պարզելով ապացույցների արժանահավատությունը` դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչադատավարական օրենսդրության համաձայն` վկայի ցուցմունքը համարվում է վարչական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ինքնուրույն միջոց` դատական ապացույցի առանձին տեսակ, որին վերաբերող իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վկան, որպես ապացուցողական տվյալների ստացման աղբյուր, գործի ելքում իրավաբանական շահագրգռվածություն չունեցող այն ֆիզիկական անձն է, որը կանչվում է դատարան` գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին իր կողմից անմիջականորեն ընկալված կամ այլ անձանց կողմից իրեն հաղորդված տեղեկությունները դատարանին հայտնելու համար: Վկայի ցուցմունքների գնահատումը դրանց տրամաբանական վերլուծությունն է, որի նպատակն է գործի իրական փաստական հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկությունների վերհանումը: Գնահատելով վկայի ցուցմունքները` դատարանը վերլուծում է վկայի անձնական հատկանիշները, նրա փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, վկայի կողմից տեղեկությունների ընկալման, պահպանման և փոխանցման ողջ գործընթացը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որոշ դեպքերում անձանց ազատել է որպես վկա ցուցմունք տալու պարտականությունից` սահմանելով վկայի իմունիտետ: Որոշակի կատեգորիայի անձանց ազատելով որպես վկա ցուցմունքներ տալու պարտականությունից ` օրենսդիրը նպատակ է հետապնդում ապահովել կոնկրետ հասարակական հարաբերությունների գաղտնիությունը, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և պաշտպանվող որոշակի արժեքների պահպանումը և անխոչընդոտ իրացումը: Նման իրավակարգավորումը, ըստ էության, բխում է հանրային և մասնավոր շահերի փոխպայմանավորված հարաբերակցությունից: Հանրային շահը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուրն աջակցի իրավապահպան գործառույթներ իրականացնող մարմիններին` իրավախախտումները բացահայտելու և կանխելու գործում` ցուցմունք տալով: Միևնույն ժամանակ, այդ աջակցությունը չպետք է ապահովվի` անձանց պատճառելով անընդունելի բարոյական զրկանքներ: Սահմանելով ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու իրավունքը կոնկրետ դեպքերում` ՀՀ Սահմանադրությունը և ճյուղային օրենսդրությունը վերացնում են ցուցմունք տալու հարցում հանրային և մասնավոր շահերի միջև հակասության դրսևորումներից մեկը` նախապատվություն տալով անձնական շահերին:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ամրագրված է վկայի հարաբերական իմունիտետը, որի դեպքում իմունիտետով օժտված վկան ինքն է որոշում` օգտվել ցուցմունք տալու ընթացքում որոշակի հարցերի պատասխանելուց հրաժարվելու իր իրավունքից, թե` ոչ, ինչը հիմնված է սահմանադրական այն դրույթի վրա, որ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայի հարաբերական իմունիտետի դատավարական ինստիտուտը վերաբերում է բացառապես վկայի` իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքին և չի կարող մեկնաբանվել այնպես, որ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ վկայի տված ցուցմունքներն անպայմանորեն համարվեն անարժանահավատ ապացույցներ: Այլ կերպ ասած` վկայի կողմից տրված ցուցմունքներն ինքնըստինքյան չեն կարող դիտվել որպես ոչ արժանահավատ ապացույցներ միայն այն հիմքով, որ այդ ցուցմունքները վերաբերում են այդ վկայի ամուսնուն կամ մերձավոր ազգականին: Հետևաբար վկայի` դատավարության մասնակիցների մերձավոր ազգականը կամ դատավարության մասնակցի ամուսինը հանդիսանալու հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վկայի տված ցուցմունքներն արժանահավատ ապացույց չհամարելու և գործով ձեռք բերված ապացույցների կազմից հանելու համար:

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ ապացույցի հավաստիության մասին կարելի է եզրահանգում կատարել նախևառաջ այդ տեղեկատվության աղբյուրի բնույթն ու հատկանիշները բացահայտելու միջոցով: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում գործով վկայի ցուցմունքները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի է առնել հետևյալ հատկանիշները.

- վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ,

- փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը,

- այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր (այսինքն` տեղը, ժամանակը, անձի ֆիզիկական և հոգեկան վիճակը, տարիքը),

- վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով, թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններն ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ և ճիշտ վերարտադրել ու հաղորդել դատարանին:

Նշված հատկանիշների վերհանումը դատարանի կողմից հնարավորություն է տալիս գնահատելու վկայի կողմից հայտնած տեղեկությունների հավաստիության աստիճանը:

Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատարանը, նախազգուշացնելով վկային սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, կարող է ակնկալել, որ վկայի հայտնած տեղեկությունները արժանահավատ են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել:

Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ապացույցի, այնպես էլ վկայի ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ վերջնական գնահատական տալու նպատակով դատարանը պարտավոր է վկայի ցուցմունքները համադրել գործով հավաքված այլ ապացույցների, այդ թվում` այլ անձանց ցուցմունքների հետ: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են հարուցվում` կապված գործով հրավիրված վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով` դատական ակտում պարտադիր պատճառաբանելով, թե ինչու են այս կամ այն ցուցմունքները դիտվել որպես ոչ արժանահավատ և իրականությանը չհամապատասխանող:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթը հարուցվել է Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի դիմումի հիման վրա, որով վերջիններս` որպես ամուսիններ, խնդրել են Երևանի քաղաքապետին «28.06.2008 թվականի թիվ ՀՕ-117-Ն օրենքի համաձայն օրինականացնել Մ. Խորենացի թիվ 231/34 հասցեի օրինական գույքին կից շինությունը և հողամասը»: Երևանի քաղաքապետը 05.11.2009 թվականին ընդունել է «Մ. Խորենացու փողոցի Հ.231/97 բնակելի տան նկատմամբ Արմեն Վալոդյայի Գալստյանի, Նունե Օգսենի Ալոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 8820-Ա որոշումը, որի 1-ին կետով վերականգնվել է Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Գալստյանի, Նունե Ալոյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 206,96 քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 206,96քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: Այսպես, նշված որոշմամբ Երևանի քաղաքապետը, հիմք ընդունելով այն, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ, այդ հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, գտել է, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող հողամասի և բնակելի տան նկատմամբ ենթակա է վերականգնման Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի սեփականության իրավունքը` ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի:

Դատարանը 19.06.2014 թվականի վճռով մերժել է Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի թիվ 8820-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին Զոյա Սիմեոնիդուի պահանջը` պատճառաբանելով, որ սույն վարչական գործով հաստատվում է, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող բնակելի տունը կառուցվել է մինչև 15.05.2001 թվականը, այն չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի գոտիներում և փաստացի զբաղեցված է Արմեն Գալստյանի կողմից: Այսինքն` Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող բնակելի տունը և հողամասը համապատասխանում են իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Հետևաբար, ըստ Դատարանի 19.06.2014 թվականի վճռի, վիճարկվող վարչական ակտն ընդունվել է օրենքի պահանջների պահպանմամբ, իրավաչափ է, և այն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են: Բացի այդ, Դատարանը, հետազոտելով սույն վարչական գործով հարցաքննված վկաների և Զոյա Սիմեոնիդուի միջև առկա արյունակցական կապը, իր 19.06.2014 թվականի վճռում նշել է, որ «(...) Գեղեցիկ Գալստյանը, Հայաստան Թովմասյանը հանդիսանում են [Զոյա Սիմեոնիդուի] հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, իսկ Արթուր Մարտիրոսյանը և Մովսես Մարտիրոսյանը հանդիսանում են [Զոյա Սիմեոնիդուի] հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ գտնվող, որոնք կարող էին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի հիմքով հրաժարվել որևէ հարցին պատասխանելուց, (...) գտնվելով [Զոյա Սիմեոնիդուի] հետ նման կապի մեջ` կարող են լինել շահագրգռված գործի ելքով (...)»:

Վերաքննիչ դատարանն իր հերթին 04.12.2014 թվականի որոշմամբ հիմնավոր է համարել Դատարանի վերոգրյալ եզրահանգումներն այն մասին, որ Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի թիվ 8820-Ա որոշումն ընդունվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ նշել է, որ «(...) Երևանի Մ. Խորենացու թիվ 231/97 (...) հասցեում գտնվող գույքը Զոյա Սիմեոնիդուի կողմից կառուցված լինելու վերաբերյալ գործի նյութերում առկա բոլոր ապացույցները կրում են միջնորդավորված բնույթ, իսկ նշված փաստը հավաստող որևէ ուղղակի ապացույց սույն գործի նյութերում առկա չէ: (...) Նշված հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Զոյա Սիմեոնիդուի իրավունքի խախտված լինելու փաստը չի հիմնավորվում սույն գործի նյութերով (...)»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ սույն գործով վկաներ Մովսես Մարտիրոսյանի, Գեղեցիկ Գալստյանի, Արթուր Մարտիրոսյանի և Հայաստան Թովմասյանի տված ցուցմունքներն արժանահավատ չեն, քանի որ վերջիններս 1-ին և 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ են գտնվում Զոյա Սիմեոնիդուի հետ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, 04.12.2014 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով Դատարանի 19.06.2014 թվականի վճիռը, գտել է, որ Դատարանը սույն գործում եղած ապացույցները գնահատել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչի արդյունքում կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում համապատասխան ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ, որի հիման վրա տվյալ ֆիզիկական անձն իրավական հնարավորություն է ստանում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը:

Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է, որ այն դեպքում, երբ նույն օրենքի ուժով վերականգնվում է գրանցված ամուսինների ընդհանուր սեփականությունը, ապա համապատասխան դիմումը կարող է ներկայացնել ամուսիններից մեկը:

Երևանի քաղաքապետը կարող է որոշում կայացնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքները վերականգնելու մասին միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ դիմում ներկայացրած ֆիզիկական անձի, ինչպես նաև այդ դիմումում նշված անշարժ գույքի կարգավիճակը լիովին համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի` որպես ամուսինների, դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացված, սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի թիվ 8820-Ա որոշմամբ լուծվել է Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի ընդհանուր սեփականության իրավունքի վերականգնման հարցը: Սույն գործի քննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող անշարժ գույքի օրինականացման վերաբերյալ Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի կողմից Քաղաքապետին հասցեագրված դիմումի ներկայացման պահին նշված հասցեում գտնվող անշարժ գույքը փաստացի տիրապետել են Արմեն Գալստյանը և Նունե Ալոյանը: Բացի այդ, սույն գործի քննության ընթացքում հիմնավորվել է նաև, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող անշարժ գույքը լիովին համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պահանջներին:

Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը պարզելու, այսինքն` սույն գործը լուծելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացրած ֆիզիկական անձինք` Արմեն Գալստյանը և Նունե Ալոյանը, փաստացի տիրապետելով Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող անշարժ գույքը, հանդիսանում են արդյոք այդ անշարժ գույքի սեփականատերեր կամ սեփականատերերի իրավահաջորդներ, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում վկաներ Մովսես Մարտիրոսյանը, Գեղեցիկ Գալստյանը, Արթուր Մարտիրոսյանը, Հայաստան Թովմասյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող հողամասը դեռևս 1990-ական թվականների սկզբին ձեռք է բերել Զոյա Սիմեոնիդուն և այդ հողամասում կառուցել է բնակելի տուն` բնակվելով այնտեղ մինչև Հունաստանի Հանրապետություն մեկնելը: Մինչդեռ թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանն արժանահավատ չեն համարել այդ ցուցմունքներն այն հիմքով, որ նշված վկաները 1-ին և 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ են գտնվում Զոյա Սիմեոնիդուի հետ:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ վկայի հարաբերական իմունիտետի դատավարական ինստիտուտը վերաբերում է բացառապես վկայի` իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքին. վկայի` դատավարության մասնակիցների մերձավոր ազգականը կամ դատավարության մասնակցի ամուսինը հանդիսանալու հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ վկայի տված ցուցմունքներն արժանահավատ ապացույց չհամարելու և գործով ձեռք բերված ապացույցների կազմից հանելու համար: Ինչպես ցանկացած ապացույցի, այնպես էլ վկայի ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ վերջնական գնահատական տալու նպատակով դատարանը պարտավոր է վկայի ցուցմունքները համադրել գործով հավաքված այլ ապացույցների, այդ թվում` այլ անձանց ցուցմունքների հետ:

Հետևաբար, թեև սույն գործով վկաներ Մովսես Մարտիրոսյանի, Գեղեցիկ Գալստյանի, Արթուր Մարտիրոսյանի և Հայաստան Թովմասյանի ցուցմունքները գնահատելիս պետք է հաշվի առնվեն այդ վկաների փոխհարաբերությունները դատավարության մասնակիցների, այդ թվում` սույն գործով հայցվոր Զոյա Սիմեոնիդուի հետ, սակայն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված վկաների ցուցմունքները չեն կարող համարվել անարժանահավատ ապացույցներ միայն այն հիմքով, որ վերջիններս Զոյա Սիմեոնիդուի մերձավոր ազգականներն են: Տվյալ դեպքում նշված վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ կապված կասկածներն անհրաժեշտ է փարատել այդ վկաների ցուցմունքները գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու միջոցով: Մինչդեռ ստորադաս դատարաններն անհիմն կերպով վկաներ Մովսես Մարտիրոսյանի, Գեղեցիկ Գալստյանի, Արթուր Մարտիրոսյանի և Հայաստան Թովմասյանի ցուցմունքները համարել են որպես ոչ արժանահավատ ապացույցներ` չգնահատելով այդ ցուցմունքները սույն գործում առկա ապացույցների համակցության մեջ և այդպիսի գնահատման արդյունքում չպատճառաբանելով, թե ինչու են այդ ցուցմունքները դիտվել որպես ոչ արժանահավատ և իրականությանը չհամապատասխանող:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վկաներ Մովսես Մարտիրոսյանի, Գեղեցիկ Գալստյանի, Արթուր Մարտիրոսյանի և Հայաստան Թովմասյանի կողմից տրված ցուցմունքների բովանդակությունից հետևում է, որ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (վերտառությամբ) «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժով սեփականության իրավունքի վերականգնման իրավունքը պատկանում է ոչ թե Արմեն Գալստյանին և Նունե Ալոյանին, այլ` Զոյա Սիմեոնիդուին: Հետևաբար նշված վկաների ցուցմունքների գնահատումը կարևոր նշանակություն ունի սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և ապացուցման առարկան կազմող այնպիսի հարցի պարզման համար, ինչպիսին է Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի մոտ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման իրավական նախադրյալների առկայությունը կամ բացակայությունը: Նշված հարցի պարզումն իր հերթին կանխորոշում է սույն գործով վիճարկվող վարչական ակտի` Երևանի քաղաքապետի 05.11.2009 թվականի «Մ. Խորենացու փողոցի Հ.231/97 բնակելի տան նկատմամբ Արմեն Վալոդյայի Գալստյանի, Նունե Օգսենի Ալոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» թիվ 8820-Ա որոշման և դրա հիման վրա Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի անվամբ Երևան քաղաքի Մ. Խորենացու թիվ 231/97 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 31.03.2010 թվականին կատարված իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկաներ Մովսես Մարտիրոսյանի, Գեղեցիկ Գալստյանի, Արթուր Մարտիրոսյանի և Հայաստան Թովմասյանի կողմից տրված ցուցմունքները սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ապացույցներ պահանջելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու նպատակով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.12.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ՎԴ/10507/05/13
Որոշում