Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ5/0029/05/14

    դատարանի որոշում                      2015թ.

Վարչական գործ թիվ ՎԴ5/0029/05/14

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ջաջուռի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ Գյուղապետարանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է անվավեր ճանաչել Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ իրավունքների միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 25.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ Ջաջուռ համայնքում կատարված հողատարածքի գրանցումը` 0,04 հա մակերեսի մասով, ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2014 թվականի որոշմամբ Գյուղապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.08.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (1998 թվականի խմբագրությամբ) 2-րդ և 21-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման» կարգի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Գասպարյանները ստացել են հողամասեր, որոնք ներկայումս էլ տիրապետվում են վերջիններիս կողմից, և այդ հանգամանքը Գյուղապետարանի կողմից չի վիճարկվում: Մինչդեռ նշված որոշումները չեն առնչվում թիվ 005-009 ծածկագրով 0,16 հա մակերեսով հողամասին, և դրա նկատմամբ Գասպարյանների սեփականության իրավունքը գրանցելու որևէ իրավական ու փաստական հիմք առկա չէ, քանի որ նշված 0,16 հա մակերեսով հողամասը Գասպարյաններին հատկացնելու վերաբերյալ որոշում գոյություն չունի: Փաստորեն, Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով նույնացրել է թիվ 005-009 և թիվ 010-012 կադաստրային ծածկագրերով երկու տարբեր հողամասերը` հաշվի չառնելով այն, որ թիվ 005-009 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ Գասպարյանների սեփականության իրավունքը սխալմամբ գրանցվել է թիվ 010-012 կադաստրային ծածկագրով հողամասի համար տրամադրված քաղվածքի հիման վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը` չբավարարված մասով, բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 27.02.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 841069 վկայականի համաձայն` Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ գրանցված է Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների ընդհանուր սեփականության իրավունքը ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող թիվ «08-094 5-9» կադաստրային համարով 0,16 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ: Նշված պետական գրանցումը կատարվել է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

2) ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքից (գրանցում թիվ 118) տրված քաղվածքի համաձայն` Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների անվամբ գրանցված է 0,12 հա մակերեսով հողամաս (ծածկագիր` թիվ 010-012), որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով: Ընդ որում, նշված գրանցման համար հիմք են հանդիսացել հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումները (հատոր 1-ին, գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական դատավարությունում ապացույցների գնահատման օրենսդրական չափանիշների պահպանման և դրա հիման վրա պատճառաբանված դատական ակտ կայացնելու դատարանի պարտականության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին.

սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելիս Դատարանը պահպանել է արդյո՞ք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը (...) առաջարկում է (...) համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն` վճռի պատճառաբանական մասը բովանդակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը` շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի` դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը, եզրահանգում` որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին` հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես`

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մաս, 126-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետ, 130.1-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ), իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ` կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող ընկալվել որպես պահանջ` մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ ՈՒկրաինայի գործով ՄԻԵԴ 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով ՄԻԵԴ 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

Վերոնշյալ հարցի վերաբերյալ 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը` նշելով, որ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված):

Իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատարանի լիազորության իրացման առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձևական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետևողական: Իսկ այդպիսի հետևողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Միքանդ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0043/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Գյուղապետարանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ իրավունքների միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ կատարված սեփականության իրավունքի գրանցումը: Իր այդ պահանջի հիմքում Գյուղապետարանը դրել է այն հանգամանքը, որ թիվ 005-009 ծածկագրով հողամասի նկատմամբ Գասպարյանների սեփականության իրավունքի վիճարկվող գրանցումը կատարվել է Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին տրված քաղվածքի հիման վրա, մինչդեռ նշված փաստաթուղթը թիվ 005-009 ծածկագրով հողամասին չի առնչվում:

Դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ Ջաջուռ համայնքում կատարված հողատարածքի գրանցումը` 0,04 հա մակերեսի մասով, ճանաչվել է անվավեր: Դատարանն իր 25.08.2014 թվականի վճիռը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին տրված քաղվածքի համաձայն` հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Ֆերդինանտ Գասպարյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացվել է 0,12 հա մակերեսով հողամաս, մինչդեռ Գասպարյանների սեփականության իրավունքը գրանցվել է ոչ թե 0,12 հա, այլ` 0,16 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Հետևաբար, ըստ Դատարանի վճռի, իրավաչափ է միայն Գասպարյանների անվամբ 0,12 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ 0,04 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված պետական գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ 27.02.2003 թվականին Կադաստրի կողմից կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` 0,12 հա մակերեսով հողամասի մասով, իրավաչափ է, և հայցը ենթակա է բավարարման միայն նշված մակերեսից ավել գրանցված մասով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(...) Դատարանի կողմից չեն խախտվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջները, (...) Դատարանը եկել է ճիշտ եզրահանգման` կայացնելով հիմնավորված դատական ակտ (...)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով քննության առարկա է հանդիսանում Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ իրավունքների միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող 0,16 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման իրավաչափությունը, որը պարզելու նպատակով Դատարանը պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեր գործում առկա բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Այսպես, մասնակիորեն բավարարելով Գյուղապետարանի հայցը` Դատարանն իր 25.08.2014 թվականի վճռի հիմքում դրել է հետևյալ ապացույցները.

1) ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին նույն համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքից տրված քաղվածքը, որի համաձայն` հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների անվամբ գրանցված է 0,12 հա մակերեսով հողամաս,

2) 27.02.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 841069 վկայականը, որի համաձայն` Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ գրանցված է Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների ընդհանուր սեփականության իրավունքը ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող 0,16 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:

Համադրելով սույն գործով ձեռք բերված նշված ապացույցները` Դատարանը հանգել է այն եզրակացության, որ սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցումը, մասնակիորեն` 0,04 հա մակերեսի մասով, իրավաչափ չէ և պետք է ճանաչվի անվավեր, քանի որ այդ պետական գրանցման համար հիմք հանդիսացող հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների համաձայն` Ֆերդինանտ Գասպարյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացվել է ոչ թե 0,16 հա մակերեսով, այլ 0,12 հա մակերեսով հողամաս:

Մինչդեռ սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյաններին հատկացված հողամասի և հետագայում վերջիններիս անվամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ գրանցված հողամասի ծածկագրային տվյալները չեն համապատասխանում միմյանց: Այսպես` ըստ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին նույն համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքից տրված քաղվածքի` ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյաններին հատկացված 0,12 հա մակերեսով հողամասը կրում է թիվ «010-012» ծածկագիրը, իսկ վերջիններիս անվամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ սեփականության իրավունքով գրանցված 0,16 հա մակերեսով հողամասը` թիվ «08-094 5-9» ծածկագիրը:

Այսպիսով, սույն գործի փաստերից հետևում է, որ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների անվամբ սեփականության իրավունքով գրանցված ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող հողամասը և հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա նրանց հատկացված հողամասը տարբերվում են ոչ միայն մակերեսների չափերով, այլ նաև ծածկագրային տվյալներով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Սույն գործով ձեռք բերված ապացույցները գնահատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հաստատված համարելու սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյաններին ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հատկացված հողամասը և վերջիններիս անվամբ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ սեփականության իրավունքով գրանցված հողամասը նույնական են արդյոք, թե` ոչ: Այլ կերպ ասած` սույն գործով ձեռք բերված ապացույցները չեն հաստատում ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքի առկայությունը, ինչպիսին է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյաններին ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հատկացված հողամասի և վերջիններիս անվամբ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ սեփականության իրավունքով գրանցված հողամասի նույնական լինելը:

Փաստորեն, սույն գործով Դատարանը Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ իրավունքների միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող 0,16 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման իրավաչափությունը հաստատելու կամ հերքելու նպատակով չի կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը: Հետևաբար մասնակիորեն անվավեր ճանաչելով սեփականության իրավունքի վիճարկվող գրանցումը` Դատարանը չի պահպանել գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելու և հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը` խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջները, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքին համապատասխան Դատարանը պարտավոր էր ձեռնարկել համարժեք միջոցներ սույն գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը: Մասնավորապես` Դատարանը պարտավոր էր ձեռնարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համարժեք միջոցներ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը, այն է` հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյաններին ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հատկացված հողամասի և վերջիններիս անվամբ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ սեփականության իրավունքով գրանցված հողամասի նույնական լինելը, հաստատելու կամ հերքելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն փաստարկը, որ սույն գործով ներկայացված և Դատարանի կողմից հետազոտված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասի և հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա նրանց հատկացված հողամասի ծածկագրային տվյալների տարբերություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ դատավարական իրավունքի նորմերի խախտումները հաշվի չեն առնվել Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալի մասով ապացույցներ պահանջելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը նոր քննության ուղարկվում է 0,12 հա մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն նշված մասով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` 0,12 հա մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշումը և գործը` 0,12 հա մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.11.2015
N ՎԴ5/0029/05/14
Որոշում