Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿ ...

 

 

020.1253.020216

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 57-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 փետրվարի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ գլխավոր դատախազի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ գլխավոր դատախազի` 2015թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 20.10.2015թ. ՍԴԱՈ-61 աշխատակարգային որոշմամբ որոշել է ՀՀ գլխավոր դատախազի` վերը նշված դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի` «Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում» վերտառությամբ 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է`... հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, վերացնել քննիչի կայացրած որոշումը քրեական գործը կարճելու մասին, դատարանի միջնորդության հիման վրա հարուցել քրեական գործ, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ»:

Նույն հոդվածի նույն մասի 3-րդ կետը սահմանում է. «Դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է`... հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար»:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ամրագրում է. «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է`... ստուգել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարումը հետաքննության մարմնի կողմից»:

Նույն մասի 2-րդ կետը նախատեսում է. «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է`... ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում»:

Օրենսգրքի` «Հետաքննության մարմնի լիազորությունները» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանում է. «Հետաքննության մարմինը`... հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին և քննիչին»:

Վիճարկվող դրույթներից 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-91-Ն ՀՀ օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի մայիսի 25-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հունիսի 20-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի հուլիսի 8-ին: Նշված օրենքով ՀՀ Ազգային ժողովն օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը լրացրել է «ինչպես նաև իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ» բառերով:

Վիճարկվող մյուս դրույթները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունումից ի վեր փոփոխությունների կամ լրացումների չեն ենթարկվել:

2. Թիվ 61202415 քրեական գործի առնչությամբ սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. որպես քրեական գործ հարուցելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված առիթ 2015 թվականի ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ն. Միսակյանի 2015 թվականի ապրիլի 9-ի 36/15-15 թվակիր զեկուցագիրը:

Հիշյալ զեկուցագրով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն ըստ էության հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության` հետաքննության մարմնի լիազորությամբ օժտված պաշտոնատար անձինք չեն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված պարտականությունը, այն է` հայտնաբերված հանցագործության մասին անհապաղ տեղյակ չեն պահել դատախազին, ինչի արդյունքում դատախազը զրկվել է կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումները հետաքննության մարմնի կողմից ընդունելու, գրանցելու և լուծելու մասին օրենքի պահանջների կատարումը ստուգելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված բացառիկ լիազորությունն իրացնելու հնարավորությունից:

Մասնավորապես, ըստ զեկուցագրի` ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչությունից ՀՀ գլխավոր դատախազությունում մուտքագրվել է «Հով-Գրիգ Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թվականի փետրվարի 25-ի որոշման պատճենը` օրինականությունն ստուգելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի կողմից 2015 թվականի ապրիլի 18-ին կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ վերացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի կողմից 2015 թվականի ապրիլի 18-ին կայացված որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` պաշտոնեական անփութության դեպքի առիթով հարուցվել է թիվ 61202415 քրեական գործը:

2015 թվականի հուլիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մուտքագրվել են թիվ 61202415 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի 2015 թվականի հուլիսի 24-ի որոշումը և քրեական գործը:

Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2015 թվականի հուլիսի 31-ին կայացված որոշմամբ, ապօրինի լինելու պատճառաբանությամբ, վերացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի 2015 թվականի հուլիսի 24-ին կայացրած որոշումը:

2015 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մուտքագրվել են թիվ 61202415 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի 2015 թվականի օգոստոսի 19-ի որոշումը և քրեական գործը:

Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2015 թվականի օգոստոսի 27-ին կայացված որոշմամբ, ապօրինի լինելու պատճառաբանությամբ, վերացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի 2015 թվականի օգոստոսի 19-ի որոշումը:

Թիվ 61202715 քրեական գործի առնչությամբ սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. որպես քրեական գործ հարուցելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված առիթ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բ. Պետրոսյանի 2014 թվականի հոկտեմբերի 21-ի 36/15-14 թվակիր զեկուցագիրը:

Հիշյալ զեկուցագրով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալն ըստ էության հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության` հետաքննության մարմնի լիազորությամբ օժտված պաշտոնատար անձինք չեն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված պարտականությունը, այն է` հայտնաբերված հանցագործության մասին անհապաղ տեղյակ չեն պահել դատախազին, ինչի արդյունքում դատախազը զրկվել է կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումները հետաքննության մարմնի կողմից ընդունելու, գրանցելու և լուծելու մասին օրենքի պահանջների կատարումը ստուգելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված բացառիկ լիազորությունն իրացնելու հնարավորությունից:

Մասնավորապես, ըստ զեկուցագրի` ՀՀ ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության պետի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 10903/13-14 գրությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն է ուղարկվել մաքսային միջնորդ Մարտին Հակոբի Ավետիսյանի վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2014 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման պատճենը` օրինականությունն ստուգելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի կողմից 2014 թվականի նոյեմբերի 10-ին կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացված 2015 թվականի մայիսի 11-ի որոշմամբ վերացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի կողմից 2014 թվականի նոյեմբերի 10-ին կայացված որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` պաշտոնեական անփութության դեպքի առիթով հարուցվել է թիվ 61202715 քրեական գործը:

2015 թվականի հուլիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մուտքագրվել են թիվ 61202715 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի 2015 թվականի հուլիսի 24-ի որոշումը և քրեական գործը:

Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2015 թվականի հուլիսի 31-ին կայացված որոշմամբ, ապօրինի լինելու պատճառաբանությամբ, վերացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի 2015 թվականի հուլիսի 24-ին կայացրած որոշումը:

2015 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մուտքագրվել են թիվ 61202715 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի 2015 թվականի օգոստոսի 19-ի որոշումը և քրեական գործը:

Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2015 թվականի օգոստոսի 27-ին կայացված որոշմամբ, ապօրինի լինելու պատճառաբանությամբ, վերացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի 2015 թվականի օգոստոսի 19-ի որոշումը:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները հակասում են 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածի 5-րդ մասին, 103-րդ հոդվածին:

Ըստ դիմողի` օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված` «հայտնաբերված հանցագործության» և «գործով սկսված հետաքննության» դրույթները պայմաններ ամրագրող նորմեր չեն, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությունը վերաբերում է պայմաններ ամրագրող նորմերին: Հետևաբար` հետաքննության մարմինը պարտավոր է դատախազին տեղյակ պահել ոչ միայն գործով սկսված հետաքննության մասին, այլ նաև` հետաքննության մարմնի կողմից հայտնաբերված հանցագործության մասին: Մինչդեռ իրավակիրառական պրակտիկայում օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված` «հայտնաբերված հանցագործության» և «գործով սկսված հետաքննության» դրույթներն ընկալվում են որպես «և» շաղկապով տարանջատված միաժամանակյա պայմաններ ամրագրող նորմեր, դրանք մեկնաբանվում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կանոններով, ինչի արդյունքում օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված դրույթներն ստանում են այլ իմաստ: Արդյունքում, ըստ իրավակիրառական պրակտիկայի` հետաքննության մարմինը պարտավոր է դատախազին անհապաղ տեղյակ պահել հայտնաբերված հանցագործության մասին միայն գործով հետաքննություն սկսելու պարագայում:

Դիմողն արձանագրում է, որ օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` հայտնաբերված հանցագործության մասին դատախազին տեղյակ պահելու պարտականությունը սահմանող դրույթը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, դատախազին հնարավորություն չի տալիս մինչև հետաքննության մարմնի կողմից քրեական գործ հարուցելը /հետաքննություն սկսելը/ իրացնելու հետաքննության մարմնի կողմից հայտնաբերված հանցագործության դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ինքնուրույնաբար քրեական գործ հարուցելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը, հետաքննության մարմնի կողմից հայտնաբերված հանցագործության դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը քննիչին հանձնարարելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունը, կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումները հետաքննության մարմնի կողմից ընդունելու, գրանցելու և լուծելու մասին օրենքի պահանջների կատարումը ստուգելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը, ինչպես նաև հետաքննության մարմնի կողմից հայտնաբերված հանցագործության դեպքի վերաբերյալ նյութերը ստուգման համար պահանջելու կամ դրանց ծանոթանալու կամ դրանք ստուգելու իրենց գտնվելու վայրում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը:

Վիճարկվող իրավադրույթների` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածի 5-րդ մասին և 103-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ իր դիրքորոշումները հիմնավորելու համար դիմողը մեջ է բերում Տ.Քամալյանի վերաբերյալ գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածների կիրառման վերաբերյալ Եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծությունը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները, Յանկովիչն ընդդեմ Խորվաթիայի գործով և Բեկոսը և Կուտրոպուլոսն ընդդեմ Հունաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1985 թվականի նոյեմբերի 29-ի` «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքները» A/RES/40/34 հռչակագրում և Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 1985 թվականի հունիսի 28-ի` «Քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում տուժածի կարգավիճակի մասին» R(85)11 հանձնարարականում տուժողների իրավունքների պաշտպանության համար ազգային մակարդակներով միջոցներ ձեռնարկելու`առաջարկվող մոտեցումները:

4. Պատասխանող կողմը պնդում է, որ դատախազության լիազորությունների օրենսդրական ամրագրումն ու կարգավորումն առաջին հերթին իրականացվել է այն հաշվով, որ երաշխավորվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացումը: Այդ պատճառով օրենսդիրը դատախազությանը վերապահել է այնպիսի լիազորություններ, որոնք թեև դուրս են գալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` նախնական քննություն կոչվող փուլի շրջանակներից, բայց անհրաժեշտաբար ապահովում են դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակից բխող սոցիալ-իրավական նշանակություն ունեցող խնդիրների լուծումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ դատախազական հսկողությունն սկսվում է քրեական գործի հարուցման փուլից, այս փուլի օրինականությունից է կախված քրեական դատավարության խնդիրների իրականացումը` անձի, հասարակության և պետության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Քրեական գործի հարուցման օրինականության նկատմամբ դատախազության հսկողական լիազորություններից է կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հետաքննության մարմնի կողմից հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարման ստուգումը:

Հղում կատարելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի մասին» 2000թ. դեկտեմբերի 6-ի թիվ Rec(2000)19 հանձնարարականին, ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված` «Դատախազների դերի վերաբերյալ ղեկավար սկզբունքներին», Դատախազների միջազգային ասոցիացիայի կողմից 1993թ. ապրիլի 23-ին ընդունված` «Դատախազների մասնագիտական պատասխանատվության չափորոշիչների, հիմնական իրավունքների և պարտականությունների մասին» փաստաթղթին` պատասխանողը գտնում է, որ դրանք ելակետային նշանակություն ունեն ներպետական օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի ձևավորման համար:

Պատասխանող կողմը նաև նշում է, որ դիմողի կողմից առաջ քաշված խնդիրն իրավական լուծում է ստացել ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի իրավակարգավորումներում: Նոր օրենսգրքի նախագծում նախատեսվում է վերացնել քրեական գործի հարուցման փուլը` այն ներառելով նախաքննության փուլի մեջ: Քրեական վարույթն սկսվում է հանցագործության մասին հաղորդում ստանալու պահից և ավարտվում քրեական վարույթը դատարան ուղարկելով կամ այն կարճելով:

Ամփոփելով` պատասխանողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին, քանի որ դրանք կոչված են ապահովելու հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողական լիազորությունների իրականացումը, հանցավոր ոտնձգություններից անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

5. Սահմանադրական դատարանը նշում է, որ դիմողի ներկայացրած երկու դիմումների հիման վրա գործերը քննության ընդունելու պահին գործել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, և դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները վիճահարույց է համարում այդ խմբագրությամբ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 103-րդ հոդվածի տեսանկյունից:

Միաժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրության`

ա/ 18-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը տեղ է գտել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում,

բ/ 103-րդ հոդվածը շարունակում է գործել` համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով կատարված փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի:

6. Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում նախ անդրադառնալ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրաիրավական բովանդակությանը` նկատի ունենալով, որ դրանց կատարվող հղումներն են հիմք ծառայել վեճի առարկա նորմերն իրավակիրառ պրակտիկայում տարակերպ մեկնաբանելու հարցում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` «Իրավական ակտի մեկնաբանումը» վերտառությամբ 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:

Նույն օրենքի`»Օրենսդրական տեխնիկայի այլ կանոններ» վերտառությամբ 45-րդ հոդվածի 10-րդ կետի 1-3-րդ պարբերությունների համաձայն. «Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել «կամ» շաղկապը: Այս դեպքում պետք է կիրառվեն «և» կամ «ու» շաղկապները:

Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ կետի 1-3-րդ պարբերությունների դրույթների վերլուծությունից բխում է, որ դրանք վերաբերում են բացառապես պայմաններ ամրագրող նորմերին: Այսինքն` այն դեպքերին, երբ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է լինում «և» կամ «ու» շաղկապով բաժանված միաժամանակյա դերակատարություն ունեցող և իրավակարգավորման նպատակի իրացումը երաշխավորող պայմաններին:

ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ օրենսդրության մեջ, այդ թվում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, առկա են «և» շաղկապով տարանջատված տարաբնույթ իրավական նորմեր, որոնցից ոչ բոլորն են ամրագրում տվյալ նորմի կիրառման միաժամանակյա անհրաժեշտ պայմանները: Դրանք կարող են, ի թիվս այլնի, լինել նորմ-սկզբունքներ, նորմ-նպատակներ, նորմ-խնդիրներ, ինչպես նաև կոնկրետ կարգավորիչ նշանակություն ունեցող այնպիսի նորմեր, որոնք չեն ամրագրում որևէ պայման, կամ որ նույնն է` տվյալ նորմի կիրառումը չեն պայմանավորում պայմանների համակցությամբ: Այդպիսի կոնկրետ կարգավորիչ նշանակություն ունեցող նորմերից է, օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որը, ի թիվս այլնի, պարունակում է հետևյալ դրույթները. «հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ», «բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները»:

Վերը նշված առաջին դրույթի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնկրետ հանցագործության դեպքի առիթով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը հնարավոր չի համարում միաժամանակ իրականացնել հետաքննություն և նախաքննություն, քանի որ, որպես կանոն, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության` հետաքննությունը նախորդում է նախաքննությանը:

Վերը նշված երկրորդ դրույթի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը պարտադիր չի համարում, որ կոնկրետ քրեական գործով առաջին ատյանի դատարանը միաժամանակ կայացնի և՛ դատավճիռ, և՛ այլ վերջնական որոշում: Ընդհանուր կանոնն այն է, որ կոնկրետ քրեական գործով առաջին ատյանի դատարանը կայացնում է դատավճիռ, իսկ վերադաս դատարանները` որոշում /միաժամանակ և՛ դատավճիռ, և՛ այլ վերջնական որոշում կայացնելու դեպքը նախատեսված է օրենսգրքի 360.1 հոդվածով և վերաբերում է դատարանի լրացուցիչ որոշմանը, որը կայացվում է դատավճռի կամ որոշման հետ միաժամանակ/:

Վերը նշված առաջին և երկրորդ դրույթների առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դրանք սահմանում են համապատասխանաբար` դատախազական հսկողության և դատախազի այլ գործառույթների բնագավառները և դատախազի լիազորությունների իրականացումը պայմանավորում են համապատասխան դեպքի, փաստի կամ իրադարձության առկայությամբ: Այդ դրույթներից յուրաքանչյուրում «և» շաղկապից առաջ և հետո ամրագրված են երկու համազոր, սակայն միմյանցից անկախ հասկացություններ, որոնք ենթադրում են դատախազի լիազորությունների իրականացման երկու ինքնուրույն, միմյանցից անջատ նախադրյալներ, երբ դիտարկվող դրույթների կիրառման համար բավական է «և» շաղկապից առաջ և հետո ամրագրված դեպքերից առնվազն մեկի առկայությունը: Այսինքն` վերը նշված օրինակում, եթե տվյալ կոնկրետ գործով ընթանում է հետաքննություն, ապա դատախազը հսկողություն է իրականացնում հետաքննության նկատմամբ, եթե ընթանում է նախաքննություն, ապա դատախազը հսկողություն է իրականացնում նախաքննության նկատմամբ, եթե տվյալ կոնկրետ գործով առկա է միայն դատավճիռ, այլ ոչ թե բողոքարկման ենթակա այլ վերջնական դատական ակտ, ապա դատախազն իրավասու է բողոքարկել դատավճիռը, անկախ նրանից, թե տվյալ գործով առկա է, արդյոք, բողոքարկման ենթակա այլ վերջնական դատական ակտ, թե` ոչ:

Իրավական նորմի մեկնաբանությունը պետք է շաղկապել ինքնուրույն գործառույթի առկայության և դրա իրացման պայմանների հետ, այլ ոչ թե դրսևորել մեխանիկական մոտեցում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հստակ սահմանված է, որ «... դատախազի բացառիկ լիազորությունն է`... ստուգել կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին օրենքի պահանջների կատարումը հետաքննության մարմնի կողմից»: Ինքնուրույն լիազորության իրականացումը չի կարող պայմանավորվել այլ լիազորությամբ պայմանավորված իրավակարգավորման օբյեկտի միաժամանակյա առկայությամբ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կանոնները կիրառելի չեն ինքնուրույն իրավակարգավորման օբյեկտների թվարկումների նկատմամբ և վեճի առարկա դրույթում ներկայացված չէ կոնկրետ իրավահարաբերությանը վերաբերող երկու միաժամանակյա անհրաժեշտ պայմանների առկայության պահանջ: Նույնը վերաբերում է նաև օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դրույթին /վերացնել հետաքննության մարմնի և քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին/: Որպես օրինակ կարող է ծառայել նաև օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը /քննիչը լիազորված է հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր և հարուցել քրեական գործ/: Այս դեպքում, ըստ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության` քննիչը չի կարող հանցագործության դեպքով նախապատրաստել նյութեր, քանի դեռ տվյալ հանցագործության առիթով առկա չէ հարուցված քրեական գործ, կամ քննիչը պարտավոր է հանցագործության դեպքով նախապատրաստված նյութերի հիման վրա անպայման հարուցել քրեական գործ` անկախ նրանից, որ առկա են քրեական գործի հարուցումը մերժելու հիմքեր:

Բացի դրանից, օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման համար պետք է այն ներկայացնել իր իրավական բովանդակության ամբողջականության մեջ, դիտարկել օրենսգրքի այլ դրույթների հետ օրգանական փոխկապվածության համատեքստում: Խոսքը վերաբերում է օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերին, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին: Դրանցով սահմանված լիազորությունները ենթադրում են կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների և այլ դեպքերի մասին անհապաղ դատախազին տեղյակ պահելու` հետաքննության մարմնի պարտականության կատարում` անկախ տվյալ գործով հետաքննություն սկսելու կամ չսկսելու հանգամանքից: Դիտարկվող պարտականությունը չկատարելը կամ այդ պարտականությունը գործով հետաքննություն սկսելու հանգամանքով պայմանավորելը կխաթարի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դատախազական հսկողության էությունը, կխոչընդոտի դատախազի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացմանը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա դրույթներն իրավակիրառական պրակտիկայում սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա մեկնաբանելու և կիրառելու պայմաններում կարող են ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածին համահունչ լիարժեք երաշխավորել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման մասին հետաքննության մարմնի կողմից օրենքի պահանջների կատարման ստուգման` դատախազի լիազորությունների բնականոն և արդյունավետ իրականացումը, և նման պարագայում սահմանադրականության խնդիր չեն առաջացնում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Հետաքննության մարմնի լիազորությունները» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` «Հետաքննության մարմինը`... հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին և քննիչին» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից ելնելով այն իրավակիրառ պրակտիկայում չի կարող մեկնաբանվել որպես «հայտնաբերված հանցագործության» և «գործով սկսված հետաքննության» եզրույթների` «և» շաղկապով տարանջատված միաժամանակյա անհրաժեշտ պայմանների ամրագրում` կիրառելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության իրավակարգավորումը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 փետրվարի 2016 թվականի

ՍԴՈ-1253

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.02.2016
N ՍԴՈ-1253
Որոշում