Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ, 43-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԿԴ/1873/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1873/02/14       2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի                  

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Դավիթ Դանելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Սարգիս Աղաբեկյանի, Սիմա Ղուկասյանի, Լևիկ Աղաբեկյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությունից, Սարգիս Աղաբեկյանից, Սիմա Ղուկասյանից և Լևիկ Աղաբեկյանից բռնագանձել գումար, տոկոսներ, տուգանքներ և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 03.09.2014 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է` Ընկերությանը սնանկ ճանաչված լինելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.09.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ընկերությունը և Սարգիս Աղաբեկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ, 43-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 122-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները և, անտեսելով դրանք, սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ վերահաստատել է այն նույն եզրահանգումները, որոնք կատարել է ստորադաս դատարանը: Մասնավորապես, թե' Դատարանը, և թե' Վերաքննիչ դատարանը, անտեսելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի պահանջները, մորատորիումի գործողությունը տարածել են Բանկի գումարի բռնագանձման պահանջի նկատմամբ` գտնելով, որ գործի վարույթը, որպես մորատորիումի տարածման հետևանք, ենթակա է կարճման:

Դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ չնայած «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը սահմանում է մորատորիումի գործողության շրջանակներում պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող (գումարի բռնագանձման) քաղաքացիական գործի վարույթի կարճման անհրաժեշտությունը, սակայն, միաժամանակ, նույն 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետում սահմանվել է այդ ընդհանուր կանոնից բացառություն, ըստ որի` մորատորիումի գործողությունը չի տարածվում գրավով ապահովված պարտատիրոջ պահանջների բավարարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Մինչդեռ Բանկի կողմից հարուցված հայցը և դրա արդյունքում սկսված դատական վարույթն ամբողջությամբ ընդգրկվում են վկայակոչված բացառությունների ներքո, քանի որ առկա է դատական գործընթաց, որն ուղղված է Բանկի` գրավով ապահովված պահանջների բավարարմանը:

Այսպիսով` առկա են եղել մորատորիումի գործողությունը չտարածելու (հետևաբար նաև` քաղաքացիական գործի վարույթը չկարճելու) համար օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ հիմքերը (նախադրյալները), այն է` (ա) բանկի գրավով ապահովված պարտատեր հանդիսանալը, (բ) երկու գործերը (սնանկության և գումարի բռնագանձման) քննող դատարաններին մորատորիումի գործողությունը Բանկի պահանջի նկատմամբ չտարածելու մասին ծանուցման ներկայացումը:

Մինչդեռ Դատարանը գործի վարույթը կարճել է` փորձելով շրջանցել վերը նշված իրավանորմի պահանջները, նշելով, որ դա «վերաբերում է բացառապես պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու գործարքներին կամ գործընթացին», ինչն էլ կրկնել է Վերաքննիչ դատարանը:

Այնինչ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի կիրառումը չի սահմանափակվում բացառապես գործարքների արտադատական կատարմամբ, այլև իրավանորմի բառացի տեքստը վկայում է, որ մորատորիումի գործողությունը չի տարածվում ապահովված պարտատիրոջ պահանջների բավարարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա:

Բացի այդ, Դատարանը գործի վարույթը կարճել է ոչ իրավաչափ հիմքով, քանի որ պետք է քններ կոնկրետ հայցը և կայացներ վեճը բովանդակային տեսանկյունից լուծող դատական ակտ, ինչի արդյունքում էլ խախտվել է Բանկի արդար դատաքննության իրավունքը: Այսինքն` տվյալ դեպքում Բանկի համար զուտ ձևական առումով արդարադատությունը հասանելի է եղել, սակայն դատարանների սխալ գործողությունների հետևանքով ըստ էության արդարադատություն (հայցի ըստ էության քննություն) չի իրականացվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

2.1. Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Սույն գործով առկա է Ընկերության սնանկ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի պայմաններում Դատարանն իրավացիորեն կարճել է գործի վարույթը: Դատարանը չէր կարող շարունակել գործի ըստ էության քննությունը և կայացնել գումարի բռնագանձման մասին վճիռ, քանի որ այդ դեպքում կխախտեր պատասխանողների` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները:

Այսինքն` նման վեճերը պետք է քննվեն սնանկության գործի շրջանակներում: Վերոնշյալ հիմքով կարճման ենթակա է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին դատարանի վարույթում քննվող (ընթացիկ) քաղաքացիական գործի վարույթը:

 

2.2. Սարգիս Աղաբեկյանի վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Սարգիս Աղաբեկյանը` որպես պատասխանող, միանում և պնդում է Ընկերության կողմից 13.05.2015 թվականին արդեն իսկ ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում նշված դիրքորոշումը: Միաժամանակ նշել է, որ քանի դեռ Բանկի կողմից մորատորիում չտարածելու ծանուցման վերաբերյալ վերջնական դատական ակտ առկա չէր, վերջինս զրկված է եղել պատասխանողի դեմ բռնագանձման պահանջով դատարան դիմելու իրավունքից և պահանջել է Բանկի կողմից թիվ ԵԿԴ/1873/02/14 գործով ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ-ի միջև կնքվել են` ա) 03.06.2010 թվականին թիվ LGL 20100822 բանկային ծառայությունների պայմաններ, բ) 29.07.2013 թվականին թիվ LGL 20131066 վարկային ծառայության (վարկային) պայմանագիր գ) 29.07.2013 թվականին թիվ LGL 20131067 վարկային ծառայության (վարկային) պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 16-24).

2) Բանկի, Սարգիս Աղաբեկյանի և Ընկերության միջև 29.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ LGL 20131069, թիվ LGL 20131073 և թիվ LGL 20131070 պայմանագրերով Սարգիս Աղաբեկյանը Բանկի օգտին ի ապահովումն վերը նշված վարկային պայմանագրերով Ընկերության ստանձնած պարտավորությունների գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը: Նշված պայմանագրերից ծագող Բանկի գրավի իրավունքը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում ենթարկվել է պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 26-29, 37-39, 43-44, 50).

3) Բանկի, Լևիկ Աղաբեկյանի, Սիմա Ղուկասյանի (գրավատու) և Ընկերության միջև 29.07.2013 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ LGL 20131071 պայմանագրով Լևիկ Աղաբեկյանը, Սիմա Ղուկասյանը Բանկի օգտին ի ապահովումն վերը նշված վարկային պայմանագրերով Ընկերության ստանձնած պարտավորությունների գրավադրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը: Նշված պայմանագրից ծագող Բանկի գրավի իրավունքը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում ենթարկվել է պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 51-53).

4) ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականի (ներդիր թիվ 010) և կանոնադրության փոփոխության համաձայն` «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ-ն վերանվանվել է «ԱԼՏԷ» փակ բաժնետիրական ընկերություն (հատոր 1-ին, գ.թ. 68-69).

5) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2014 թվականի թիվ ԵԿԴ/0009/04/14 վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 104-105).

6) Հայցվորի ներկայացուցիչը 09.06.2014 թվականի մորատորիումի գործողությունը չտարածելու մասին դիմումով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0009/04/14 գործը քննող դատավոր Կ. Պետրոսյանին ծանուցել է Բանկի կողմից ընդդեմ Ընկերության` վերջինիս նկատմամբ ունեցած պահանջի նկատմամբ մորատորիումի գործողությունը չտարածելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 75-80):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար.

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում արդյո՞ք վերջինս կարող է իր պահանջների բավարարման համար դատական կամ արտադատական կարգով բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապահովված պահանջների բավարարման առանձնահատկությունները, ինչպես նաև ապահովված պահանջների բավարարման համար պարտապանի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առանձնահատկությունները կարգավորվում են նույն օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածներով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած` մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն:

Վկայակոչված հոդվածը, ի թիվս այլ իրավակարգավորումների (օրինակ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, արգելվում է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով և այլն), 2-րդ մասի «գ» կետով նախատեսել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ պարտապանի մասով:

Նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության գործի ավարտից հետո պարտապանի ֆինանսապես առողջացման դեպքում: Հակառակ դեպքում դատարանի սնանկության գործն ավարտելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է քաղաքացիական գործի վարույթի կարճման համար` լուծարված պարտապանի մասով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին և արձանագրել է, որ դրանում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը, այն է` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե՛ս, Մարինե Ավետիսյանն ընդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Վերոգրյալի հաշվառմամբ, միաժամանակ նկատի ունենալով բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական խնդիրը. ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել պարտապանի սնանկությունը` գրավով ապահովված պարտատիրոջ համար և ի՞նչ կարգով պարտատերը կարող է ստանալ իր ապահովված պահանջների բավարարում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն`մորատորիումի գործողությունը չի տարածվում գրավով ապահովված պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու կամ նրանց` գրավով ապահովված պահանջների բավարարման համար ցանկացած գործարքի կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա, եթե ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին ծանուցել է դատարանին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին:

Այդ դեպքում պարտատերերն անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չեն կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին չծանուցած գրավով ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր ապահովված պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պարտատերերի ցանկում ընդգրկված գրավով ապահովված պարտատերը կարող է պահանջել իր` գրավով ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պարտատերերի ցանկում ընդգրկված գրավով ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չգրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև գրավադրված գույքի իրացումը, քանի դեռ գրավադրված գույքի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանության տրամադրման դեպքերի: Եթե գրավադրված գույքի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակման) կամ վնասման արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` այդ նվազման չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` եթե համապատասխան գրավի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե գրավի առարկայի շուկայական արժեքը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի 5 տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի և Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականին կայացրած որոշմամբ վկայակոչված հոդվածների դրույթների վերլուծության արդյունքում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ընդհանուր կանոնի համաձայն` գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին: Այսինքն` օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռնելով ապահովված պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարումը գրավադրված գույքի հաշվին` շրջանցելով սնանկության գործով վարույթը, միաժամանակ սահմանել է այն պարտադիր պայմանը, որի պահպանման դեպքում միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը կարող է գործել: Նշված պայմանի չպահպանման դեպքում` գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը դրանից բավարարում կարող է ստանալ բացառապես սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում:

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ համար նախատեսել է իր բավարարումը ստանալու երկու այլընտրանքային եղանակ` սնանկության վարույթից դուրս և սնանկության վարույթի շրջանակներում` նշված երկու եղանակներից որևէ մեկի ընտրության հնարավորությունը թողնելով պարտատիրոջ հայեցողությանը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ թե՛ սնանկության վարույթից դուրս, թե՛ սնանկության վարույթի շրջանակներում բավարարում ստանալու եղանակներն ունեն իրենց առանձնահատկությունները:

Այսպես, եթե գրավով ապահովված պարտավորության պարտատերն ընտրում է սնանկության գործով վարույթը շրջանցելու միջոցով իր պահանջները բավարարելու եղանակը, ապա վերջինս բավարարում կարող է ստանալ բացառապես գրավադրված գույքի հաշվին, և անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ: Մինչդեռ այն դեպքում, երբ գրավով ապահովված պարտավորության պարտատերն ընտրում է սնանկության վարույթի շրջանակներում իր պահանջների բավարարում ստանալու եղանակը, ապա գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում, և այս դեպքում գրավով ապահովված պարտավորության պարտատերն իր պահանջների բավարարումը կարող է ստանալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

i

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` օրենսդրի կողմից նման տարբերակված կարգավորում սահմանելու նպատակն է սնանկության վարույթի առկայության պայմաններում երաշխավորել գրավով ապահովված պարտատերերի և մյուս պարտատերերի իրավունքների և օրինական շահերի միջև ողջամիտ հավասարակշռությունը: Այդ իսկ նկատառումով օրենսդիրը, գրավով ապահովված պարտատիրոջը հնարավորություն ընձեռելով կամովին ընտրելու իր պահանջների բավարարման եղանակը` շրջանցելով սնանկության վարույթը, կամ այդպիսի բավարարում ստանալ սնանկության վարույթի շրջանակներում, այդուհանդերձ, նախատեսել է որոշակի սահմանափակումներ: Այսպես` սնանկության վարույթի շրջանակներից դուրս իր պահանջների բավարարում ստանալու` գրավով ապահովված պարտատիրոջ` գրավով ապահովված պահանջների բավարարման իրավունքն օրենսդիրը սահմանափակել է գրավի արժեքի սահմաններով, ի տարբերություն քաղաքացիական շրջանառության բնականոն պայմանների, երբ գրավով ապահովված պարտատերն իրավունք ունի գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն իր պահանջները բավարարելու համար բավարար չլինելու պայմաններում պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ կետ): Միաժամանակ, սնանկության վարույթի շրջանակներում գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջն իրավունք վերապահելով պահանջել իր` գրավով ապահովված պարտավորությունն առաջնահերթ բավարարել գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից, պահանջի բավարարումը գրավից ազատ գույքից օրենսդիրը սահմանափակել է այնքան, քանի դեռ գրավադրված գույքի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին: Ընդ որում, գրավից ազատ գույքի հաշվին գրավով ապահովված պահանջատիրոջ պահանջները կարող են բավարարվել միայն որպես չապահովված պահանջ` գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից չբավարարված պահանջի մասով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով և պայմաններով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռնելով գրավով ապահովված պահանջի պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարում` շրջանցելով սնանկության գործով վարույթը, և այդ բավարարման չափը սահմանափակելով բացառապես գրավադրված գույքի արժեքով, որևէ կերպ չի սահմանափակել գրավով ապահովված պարտատիրոջ` գրավով ապահովված իր պահանջների բավարարման իրավունքի իրացման` օրենսդրությամբ սահմանված եղանակների ընտրության հնարավորությունը: Մասնավորապես` սահմանափակված չէ գրավադրված գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված` դատական կամ արտադատական կարգով իրացնելու հնարավորությունը: Ավելին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը, սահմանելով, որ գրավով ապահովված պահանջները սնանկության վարույթից դուրս բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին, մասնավորեցնելով նշել է` «այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու» հաշվին, ինչը նշանակում է, որ դատական կարգով գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հնարավորությունն ինքնին ենթադրվում է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ գրավով ապահովված պահանջի պարտատերն օգտվում է իր պահանջի բավարարումը սնանկության վարույթի շրջանակներից դուրս ստանալու` օրենքով իրեն վերապահված իրավունքից, վերջինս հնարավորություն ունի գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածել և իրացնել այն ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված` գրավադրված գույքի իրացման կանոններին համապատասխան:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով սահմանված` մորատորիումի գործողության տարածման բացառությունը հնարավորություն է տալիս գրավով ապահովված պարտատիրոջը մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում սնանկության վարույթը շրջանցելով գրավով ապահովված պահանջների համար դրամական կամ այլ բավարարում ստանալ, կամ գրավով ապահովված պահանջների բավարարման համար կնքել ցանկացած գործարք կամ իրականացնել այդպիսի գործարքի կատարմանն ուղղված ցանկացած գործողություն կամ գործընթաց:

Հետևաբար, եթե տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու մասին` գրավով ապահովված պահանջի պարտատերն ապահովել է սնանկության վարույթը շրջանցելով իր պահանջների բավարարում ստանալու համար օրենքով նախատեսված պարտադիր պայմանի կատարումը, այն է` ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին, ապա վերջինիս` գրավադրված գույքի արժեքի սահմաններում պահանջների դրամական կամ այլ բավարարում ստանալու իրավունքի իրացման` պարտատիրոջ կողմից ընտրված եղանակի վրա այլևս մորատորիումի գործողությունը չի կարող տարածվել, այդ թվում` չեն կարող գործել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերով նախատեսված սահմանափակումները, այն է` չի կարող գործել պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթ սկսելու արգելքը, ինչպես նաև չի կարող կարճվել գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական գործի վարույթը, որը վերաբերում է գրավադրված գույքի հաշվին գրավով ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարմանը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վերը նշված կարգավորումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերում, երբ սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների ապահովման համար գրավադրվել է երրորդ անձին պատկանող գույք: Նման եզրահանգումը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասից, համաձայն որի` պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար գրավադրված գույքը (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Ընկերության միջև կնքվել են վարկային ծառայության պայմանագրեր, իսկ ի ապահովումն վարկային պարտավորությունների կատարման` Բանկի, Ընկերության և սույն գործով մյուս պատասխանողների միջև կնքվել են անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագրեր:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2014 թվականի թիվ ԵԿԴ/0009/04/14 վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված` Բանկի 09.06.2014 թվականի գրությամբ վերջինս ներկայացրել է մորատորիումի գործողություն չտարածելու մասին ծանուցում:

Դատարանը, պատճառաբանելով, որ սույն վեճը վերաբերում է սնանկ ճանաչված Ընկերության գույքային պարտավորություններին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով կարճել է գործի վարույթը:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով գործի վարույթը կարճելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումները, նշել է, որ գրավով ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին կարող է ծանուցել միայն սնանկության գործի վարույթի շրջանակներում: Վերաքննիչ դատարանը գտել է, որ եթե գրավով ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու վերաբերյալ, ապա մորատորիումը չի տարածվում բացառապես պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու գործարքների կամ գործարքներին ուղղված գործողությունների կամ գործընթացների վրա:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, սահմանելով պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը, միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանել է մորատորիումի գործողությունը չտարածելու դեպքերը, որոնցից է գրավով ապահովված պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, եթե ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին ծանուցել է դատարանին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը դատարան է ներկայացրել մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցում, այսինքն` ապահովել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված այն պարտադիր պայմանի կատարումը, որը հնարավորություն է ընձեռնում վերջինիս` որպես գրավով ապահովված պարտատիրոջ պահանջների վրա չտարածել մորատորիումի գործողությունը, հետևաբար նաև` սնանկության վարույթը շրջանցելով իր պահանջների բավարարում ստանալ ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածների սխալ մեկնաբանության արդյունքում սխալ են գնահատել նաև Բանկի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված մորատորիումի գործողությունը չտարածելու մասին ծանուցումը, ինչն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ`  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.12.2015
N ԵԿԴ/1873/02/14
Որոշում