Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ` 3-ՐԴ ՀՈԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/9770/05/13

    դատարանի որոշում                       2015թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9770/05/13

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.04.2015 թվականի որոշման դեմ, ըստ «Անջելս տուր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Նախարարության` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության (այսուհետ` Վարչություն) 05.08.2013 թվականի թիվ 1004257 ստուգման ակտը մասնակի` 5-րդ կետի մասով, վերացնելու կամ առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն վերացնել կամ առ ոչինչ ճանաչել Վարչության 05.08.2013 թվականի թիվ 1004257 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 17.11.2014 թվականի վճռով վճռվել է. ««Անջելս տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2013 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1004257 ստուգման ակտը մասնակի` 5-րդ կետի մասով, վերացնելու կամ առոչինչ ճանաչելու պահանջների մասին, բավարարել մասնակի: Մասնակի` 5-րդ կետի մասով անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2013 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1004257 ստուգման ակտը: Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 08.10.2013 թվականի թիվ 49/3 որոշումը, դրա իրավաբանական ուժը կորցրած համարելով սույն դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը: «Անջելս տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության` ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2013 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1004257 ստուգման ակտը մասնակի` 5-րդ կետի մասով առոչինչ ճանաչելու պահանջի մասին, մերժել»:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.04.2015 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.11.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճիռ կայացնելիս պատճառաբանել է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով նախատեսված կարգավորումը վերաբերելի է այն իրավաբանական անձանց, որոնց կանոնադրական կապիտալի 20 և ավելի տոկոս բաժնեմասը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջը և ոչ թե ֆիզիկական անձին, այսինքն` Ընկերության կապիտալը կազմող 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր հանդիսացել է ոչ թե Ա/Ձ Սևան Շիրվանին, այլ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սևան Շիրվանին, հետևաբար վիճարկվող ստուգման ակտի 5-րդ կետով ընկերությանը լրացուցիչ պարտավորություններ են առաջադրվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի դրույթների սխալ մեկնաբանության հետևանքով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելու պայմաններում կհանգեր այն եզրակացության, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետով նախատեսված կարգավորումը վերաբերելի է Ընկերությանը, քանի որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի 09.08.2013 թվականի թիվ 1335-13 գրության` Սևան Շիրվանին` որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառման է կանգնել 31.05.2006 թվականին (վկայականի համարը` 01Ա100387) և հաշվառումից հանվել է 20.08.2012 թվականին: Այսինքն` 31.05.2006 թվականից մինչև 20.08.2012 թվականն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սևան Շիրվանին հանդիսացել է անհատ ձեռնարկատեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.04.2015 թվականի որոշումը և «կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 04.06.2013 թվականի թիվ 1004257 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ. 15):

2. Վարչության 05.08.2013 թվականի թիվ 1004257 ստուգման ակտի համաձայն` Ընկերությանն ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ գանձման ենթակա գումար` 13.027.574 ՀՀ դրամի չափով 2010 թվականի 2-4-րդ, 2011 թվականի 1-4-րդ և 2012 թվականի 1-4-րդ եռամսյակների համար (գ.թ. 16-18):

3. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 08.10.2013 թվականի թիվ 49/3 որոշման համաձայն` Վարչության 05.08.2013 թվականի թիվ 1004257 ստուգման ակտը թողնվել է անփոփոխ (գ.թ. 23-28):

4. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի 09.08.2013 թվականի թիվ 1335-13 գրության համաձայն` Սևան Շիրվանին` որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառման է կանգնել 31.05.2006 թվականին (վկայականի համարը` 01Ա100387) և հաշվառումից հանվել է 20.08.2012 թվականին (գ.թ. 26):

5. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 29.05.2009 թվականին գրանցված Ընկերության 50 տոկոսի մասնակից է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սևան Շիրվանին (գ.թ. 61-71):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա հիմնված ներքին համոզման հանգելու իրավասության խնդրին:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետի համաձայն` նույն հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարողներ են համարվել օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և նույն օրենքի 6-րդ հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

Օրենսդիրը վերը նշված կարգավորումից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ և 3-րդ հոդվածներում նախատեսել էր բացառություններ: Մասնավորապես` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում օրենսդիրը նախատեսել էր, որ անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ավելացված արժեքի հարկ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը գերազանցող մասի համար: Օրենսդիրը սահմանել էր նաև, որ նշված չափի որոշման նպատակով պետք է հաշվի առնվեն նաև ավելացված արժեքի հարկին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ համարվող գործունեության տեսակների իրականացումից ստացման ենթակա հասույթը:

Միաժամանակ օրենսդիրը նախատեսել էր այն փաստակազմերը, որոնց առկայության դեպքում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված, վերը նշված կարգավորումը կիրառելի չէր: Այդպիսի փաստակազմ էր նախատեսված նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 5-րդ պարբերության «դ» կետում: Այս կետի համաձայն` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթները չեն տարածվում այն կազմակերպության նկատմամբ, որի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի:

Ամփոփելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կազմակերպության նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված իրավական հետևանքը կիրառելի է միայն այն դեպքում, եթե տվյալ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) չի պատկանում այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի: Հետևաբար ցանկացած իրավասու մարմին մինչև կոնկրետ կազմակերպության նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված իրավական հետևանքի կիրառելիության հարցը լուծելը, պետք է պարզեր` արդյոք տվյալ կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոսը կամ ավելի մասը (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) պատկանում է այլ առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացիները կարող են զբաղվել ձեռնարկատիրական և չարգելված ցանկացած այլ գործունեությամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը: Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ...:

i

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 6-րդ պարբերությունների համաձայն` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որպես ֆիզիկական անձ, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն:

i

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական հաշվառման պահից և դադարում են այդ ֆիզիկական անձի իրավունակության կամ գործունակության դադարման, ինչպես նաև` օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

i

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ պարբերության «ա» կետի համաձայն` անհատ ձեռնարկատերն իրավունք ունի` օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը:

Վերոնշյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ քաղաքացու (ֆիզիկական անձի) կողմից ձեռնարկատիրական գործունեություն է համարվում ինքնուրույն այն գործունեությունը, որն իրականացվում է սեփական ռիսկով և ուղղված է պարբերական շահույթ հետապնդելուն: Քաղաքացու կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայման են հանդիսանում վերջինիս իրավունակությունն ու գործունակությունը և պետական հաշվառումը որպես ձեռնարկատեր:

Այսինքն` ֆիզիկական անձի անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի առկայությունը որոշվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառման փաստով` անկախ այն փաստից, թե ինչ կարգավիճակով է տվյալ ֆիզիկական անձը գրանցված առևտրային իրավաբանական անձի մասնակիցների (հիմնադիր, բաժնետեր, մասնակից) կազմում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 06.06.2013 թվականի թիվ 1004257 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Վարչության 05.08.2013 թվականի թիվ 1004257 ստուգման ակտի համաձայն` Ընկերությանն ավելացված արժեքի հարկի գծով առաջադրվել է լրացուցիչ գանձման ենթակա գումար` 13.027.574 ՀՀ դրամի չափով 2010 թվականի 2-4-րդ, 2011 թվականի 1-4-րդ և 2012 թվականի 1-4-րդ եռամսյակների համար: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 08.10.2013 թվականի թիվ 49/3 որոշման համաձայն` Ընկերության վարչական բողոքը` Վարչության 05.08.2013 թվականի թիվ 1004257 ստուգման ակտի դեմ, մերժվել է: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 29.05.2009 թվականին գրանցված Ընկերության 50 տոկոս բաժնետեր է հանդիսանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սևան Շիրվանին: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի 09.08.2013 թվականի թիվ 1335-13 գրության համաձայն` Սևան Շիրվանին` որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառման է կանգնել 31.05.2006 թվականին (վկայականի համարը` 01Ա100387) և հաշվառումից հանվել է 20.08.2012 թվականին:

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակի բավարարելով, նշել է, որ Ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր հանդիսացել է ոչ թե Ա/Ձ Սևան Շիրվանին, այլ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սևան Շիրվանին: Նշված հանգամանքը Դատարանը հաստատված է համարել Ընկերության հիմնադիր փաստաթղթերի, այդ թվում` ընկերության կանոնադրության հիման վրա:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ. ««Անջելս տուր» ՍՊԸ-ի կանոնադրության հավելվածը հանդիսացող` ընկերության մասնակիցների ցուցակի (հատոր 1-ին, գ.թ. 71) ուսումնասիրությունից պարզվում է, որ Ընկերության 20 տոկոս և ավելի բաժնեմասը չի պատկանում որևէ անհատ ձեռնարկատիրոջ, այլ պատկանում է քաղաքացիներ (այսինքն` ֆիզիկական անձ) Սևան Շիրվանիին և Ռոման Մուշեղյանին, իսկ այն հանգամանքը, որ Սևան Շիրվանին նշված ժամանակահատվածում հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, սույն վեճի լուծման համար նշանակություն ունենալ չի կարող, քանի որ Ընկերության մասնակիցների ցուցակում չկա նշում Ընկերության բաժնեմասն անհատ ձեռնարկատիրոջ (թեկուզև` անհատ ձեռնարկատեր Սևան Շիրվանիի) անվամբ գրանցված լինելու, այսինքն` որևէ անհատ ձեռնարկատիրոջ պատկանելու վերաբերյալ», և գտել, որ «վիճարկվող` ստուգման ակտի 5-րդ կետով ընկերությանը լրացուցիչ պարտավորություններ են առաջադրվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի` նախկին խմբագրությամբ 5-րդ պարբերության «դ» կետի դրույթների սխալ մեկնաբանության հետևանքով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով վիճարկվող վարչական ակտի 5-րդ կետը ենթակա է անվավեր ճանաչման»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ նշված հիմքով ակտի անվավերությունն արդեն իսկ անիմաստ է դարձնում այլ հիմքերով ակտի անվավերության քննարկումները, անհրաժեշտ չի համարել անդրադառնալ ինչպես վճռով, այնպես էլ բողոքում բերված մյուս հիմք-հիմնավորումների քննարկմանը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի 09.08.2013 թվականի թիվ 1335-13 գրության համաձայն` Սևան Շիրվանին` որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառման է կանգնել 31.05.2006 թվականին (վկայականի համարը` 01Ա100387) և հաշվառումից հանվել է 20.08.2012 թվականին: Այսինքն` 31.05.2006 թվականից մինչև 20.08.2012 թվականն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սևան Շիրվանին հանդիսացել է անհատ ձեռնարկատեր: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, որպիսի խախտման արդյունքում հաշվի չի առել այն հանգամանքը, որ ֆիզիկական անձի` անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունենալը պետք է պարզվի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառված լինելու փաստով, որը չի կարող արգելք լինել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ընկերությունների հիմնադիր, մասնակից, բաժնետեր լինելու համար առանց անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ վկայակոչելու:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո վերաքննիչ բողոքի վերը նշված հիմքը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նույն դատարան նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.04.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.12.2015
N ՎԴ/9770/05/13
Որոշում