Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ...

 

 

020.0181.211099

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 հոկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև քաղաքացիների փոխայցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ծանոթանալով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ս. Աբրահամյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունիսի 28-ին Երևանում` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում նրանց քաղաքացիների` առանց վիզաների տեղաշարժման մասին 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված համաձայնագրի մասնակիցների կազմից Թուրքմենստանի դուրս գալուց հետո:

Սույն համաձայնագրի նպատակն է ապահովել երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը, ամրապնդել երկկողմ քաղաքական, տնտեսական, առևտրական, գիտատեխնիկական և մշակութային կապերը: Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են իրենց քաղաքացիների փոխայցելությունների համար անհրաժեշտ պայմանների մասին:

Համաձայնագրի Կողմերը փոխադարձաբար պարտավորվում են թույլատրել առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ մուտք գործել`

ա) դիվանագիտական և ծառայողական վավերական անձնագրեր ունեցող քաղաքացիներին (հոդված 3),

բ) իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պաշտոնական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ հանդիսացող քաղաքացիներին և նրանց ընտանիքների անդամներին (հոդված 4),

գ) քաղաքացիական ավիացիայի օդանավերի, երկաթուղային գնացքների անձնակազմերի անդամներին, միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցներին` համաձայնագրով նախատեսված փաստաթղթերի առկայության դեպքում (հոդված 5):

Կողմերը պարտավորվում են բազմակի մուտքի արտոնագրեր ձևակերպել միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող համապատասխան տրանսպորտային միջոցների վարորդների և այն անձանց համար, ովքեր ընդունող կողմի տարածքում ունեն մշտապես բնակվող ազգականներ, ինչպես նաև արտոնագրերի ձևակերպման պարզեցված կարգ կիրառել զբոսաշրջիկության նպատակով միմյանց տարածքներ այցելող քաղաքացիների համար:

Հյուպատոսական գանձումների սակագները Կողմերը պարտավորվում են սահմանել փոխադարձության հիման վրա: Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են նաև մուտքի արտոնագրի համար նախատեսված հյուպատոսական գանձումներ չկատարել մի Կողմի պետության տարածքում գտնվող ուսումնական հաստատություններում սովորող մյուս Կողմի պետության քաղաքացիներից, ինչպես նաև այն անձանցից, ովքեր մյուս Կողմի տարածք պետք է մուտք գործեն ընտանիքի հիվանդ անդամին կամ մերձավոր ազգականին այցելելու, կամ նրանց թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:

Համաձայնագրի 2 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ճամփորդական փաստաթուղթ է նաև Հայաստանի Հանրապետության ծառայողական անձնագիրը, որը վավերական է մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը: Մինչև նույն ժամկետը վավերական է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիրը, որը նույն համաձայնագրին համապատասխան ճամփորդական փաստաթուղթ է համարվել 1999 թվականի հոկտեմբերի 19-ին Աշգաբադում Կողմերի ստորագրած արձանագրությամբ համաձայնագրում կատարված լրացմամբ: Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը սահմանվում է 17 հոդվածով:

Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով ու ուժը կորցնում է դրա գործողության դադարեցման մասին որևէ Կողմից մյուսին պաշտոնապես տեղեկացնելուց հետո` 30-րդ օրը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև քաղաքացիների փոխայցելությունների մասին 1999 թվականի հունիսի 28-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 հոկտեմբերի 1999 թ.

ՍԴՈ-181

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.10.1999
N ՍԴՈ-181
Որոշում