Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ, 136-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵԱՔԴ/0386/06/15

դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0386/06/15

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի  

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Օհանյանի      

                                              Հ. Ասատրյանի     

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի    

                                              Ա. Պողոսյանի

 

                   քարտուղարությամբ           Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ալինա Հենրիկի Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի` 2015 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90050215 քրեական գործը:

2015 թվականի մայիսի 7-ին թիվ 90050215 քրեական գործը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սարգսյանի որոշմամբ ընդունվել է վարույթ:

2015 թվականի հունիսի 1-ին Ալինա Հովսեփյանը ձերբակալվել է:

2015 թվականի հունիսի 4-ին Ա. Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագով):

2015 թվականի հունիսի 4-ին քննիչ Ս. Սարգսյանը միջնորդություն է հարուցել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ա. Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում 2 ամիս ժամկետով կիրառելու մասին:

2. Առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ նախաքննության մարմնի վերոհիշյալ միջնորդությունը մերժվել է:

3. Վերոնշյալ դատական ակտի դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազ Լ. Պետրոսյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հունիսի 18-ի որոշմամբ բավարարվել է մասնակիորեն, այն է` բողոքարկված դատական ակտը բեկանվել է, և մեղադրյալ Ա. Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 1 ամիս ժամկետով կալանավորումը:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա. Հովսեփյանի պաշտպան Գ. Խաչիկյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Քննիչ Ս. Սարգսյանը Ա. Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդությունը հիմնավորել է հետևյալ կերպ. «(...) Մեղադրյալ Ալինա Հենրիկի Հովսեփյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և ազատության մեջ մնալով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը կարող է մինչդատական վարույթում անօրինական ազդեցություն գործադրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա` դրանով իսկ խոչընդոտելով քրեական գործի քննությանը, ինչպես նաև (...) պետք է հաշվի առնել Ալինա Հովսեփյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հանրորեն վտանգավորության աստիճանը և այն, որ Ալինա Հովսեփյանին մեղսագրվող արարքի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժաչափը մեկ տարուց ավելի է» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4):

6. Առաջին ատյանի դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Անդրադառնալով միջնորդությամբ ներկայացված առաջին հիմքին` առ այն, որ Ալինա Հենրիկի Հովսեփյանը ազատության մեջ մնալով և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը կարող է անօրինական ազդեցություն գործադրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա` դրանով իսկ խոչընդոտելով քրեական գործի քննությանը, դատարանն արձանագրում է հետևյալը.

(...)

(...) միջնորդություն հարուցած անձի հիմնական փաստարկն այն էր, որ մեղադրյալ Ա. Հովսեփյանն ազդեցություն է գործադրել վկաներից մեկի` Գևորգ Նելսոնի Պողոսյանի վրա, որի արդյունքում վերջինս փոփոխել է իր ցուցմունքը:

(...)

Դատարանը գտնում է, որ փաստարկը հիմնավոր չէ և հերքվում է 01.06.2015 թվականի ՀՀ ՊՆ 142023 զորամասի հրամանատար ԲԾ գնդապետ Ա. Ա. Ասատուրյանի գրությամբ, որի համաձայն. «... 11.05.2015 թվականին թռիչքային բաժանմունք է ընդունվել 1971 թվականին ծնված Ալինա Հենրիկի Հովսեփյանը «զարկերակային հիպերտենզիա, խրոնիկ երկաթդեֆիցիտային անեմիա» ախտորոշմամբ: (...) Ներկա պահին հիվանդը գտնվում է ստացիոնար բուժման պայմաններում, վիճակը գնահատվում է բավարար»:

Բացի այդ, թե միջնորդության քննարկմանը մասնակցող անձանց հայտարարություններով, և թե 01.06.2015 թվականի բերման ենթարկելու մասին որոշմամբ հիմնավորվել է, որ Ալինա Հենրիկի Հովսեփյանը բերման է ենթարկվել հիշատակված բժշկական հաստատությունից և թե միջնորդություն հարուցած անձի և թե պաշտպանների հավաստմամբ առ այս պահը գտնվում է ստացիոնար բուժման մեջ:

Դատարանն արձանագրում է, որ վերը հիշատակված Գևորգ Նելսոնի Պողոսյանի դիրքորոշումը փոփոխություն է կրել 11.05.2015 թվականից (որպես վկա հարցաքննելու արձանագրություն) մինչև 13.05.2015 թվականը (...), սակայն այդ ամբողջ ժամանակահատվածում ըստ վերը նշված նյութերի, Ալինա Հենրիկի Հովսեփյանը գտնվել է թռիչքային բաժանմունքում ստացիոնար բուժման մեջ, որի պայմաններում առարկայազուրկ է միջնորդություն հարուցած անձի փաստարկը, որ մեղադրյալ Ա. Հովսեփյանն ազատության մեջ մնալով ապօրինի ազդեցություն է գործադրել վկայի նկատմամբ և առկա է հիմնավոր կասկած նաև հետագայում նման հնարավորության:

Բացի այդ, դատարանն արձանագրում է նաև, որ մինչև 01.06.2015 թվականին նրան բերման ենթարկելու պահը, Ալինա Հովսեփյանը գտնվել է ստացիոնար բուժման մեջ և շարունակում է բուժումն առ այս պահը:

Անդրադառնալով միջնորդությամբ ներկայացված երկրորդ հիմքին, առ այն, որ Ալինա Հովսեփյանի կողմից կատարված հանցագործության բնույթն ու հանրորեն վտանգավորության աստիճանը և այն, որ Ալինա Հովսեփյանին մեղսագրվող արարքի համար նախատեսված է ազատազրկման ձևով պատժաչափ մեկ տարուց ավելի, դատարանն արձանագրում է հետևյալը.

(...)

(...) ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք նախադեպային որոշումներով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մեղսագրվող հանցանքի ծանրությունը, թեև էական նշանակություն ունի ազատության մեջ գտնվող մեղադրյալի դրսևորվող վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, սակայն այն չի կարող գնահատվել որպես կալանքը` որպես խափանման միջոց ընտրելու ինքնուրույն հիմք և պետք է գնահատվի գործում առկա մնացած մատնանշված հանգամանքների համատեքստում, տվյալ դեպքում մեղադրյալի կողմից վարույթով գործին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու հնարավորությունը գնահատելիս, որը վերը հիշատակված փաստարկներով չի հիմնավորվել (...)» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 101-104):

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Մեղադրյալ Ալինա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելիս, Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել`

1. մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքների կատարման եղանակը` մասնավորապես այն, որ Ալինա Հովսեփյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 59559 զորամասի բուժկետի պետ և օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնելու լիազորություններով, (...) 2014 թվականի սեպտեմբերին բուժկետում բուժվող` նույն զորամասի կուրսանտ Միքայել Արմենի Մանուշյանից, անձամբ որպես կաշառք պահանջել է 80.000 ՀՀ դրամ գումար` վերջինիս նշիկների վիրահատության նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ուղեգրելու համար: Բացի այդ, 2014 թվականի հոկտեմբերի սկզբին, նույն զորամասի կուրսանտ Արթուր Հովհաննեսի Խաչատրյանից (...) Ալինա Հովսեփյանը պահանջել է նրա հոր բջջային հեռախոսահամարը, զանգահարել զրուցել է վերջինիս հոր` Հովհաննես Խաչատրյանի հետ և նրան հրավիրել իր մոտ: Բացի այդ, (...) նույն զորամասի կուրսանտ Գուրգեն Դավթի Բաբայանի մոր` Սվետլանա Հակոբի Պողոսյանի վիրահատությունը «Մեդ-լայն» ԲԿ-ում կազմակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ապահովելու նպատակով, Ալինա Հովսեփյանը կուրսանտ Գ. Բաբայանից անձամբ պահանջել է 41.000 ՀՀ դրամ կաշառք:

2. հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (...)

(...)

Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեղադրյալ Ալինա Հովսեփյանին վերագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանգում է այն հետևության, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում բարձր է հավանականությունն առ այն, որ մեղադրյալը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում առկա են մեղադրյալ Ալինա Հովսեփյանին կալանքի տակ պահելու ինչպես պայմանները, այնպես էլ հիմքերը:

(...)

Վերը նշվածից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ալինա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին վիճարկվող դատական ակտը հիմնավոր չէ (...)» (տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 46-62):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Վճռաբեկ բողոք բերած անձը կարծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր պնդման` բողոքաբերը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռք չի բերել, իսկ Վերաքննիչ դատարանն էլ չի նշել ոչ մի տվյալ առ այն, որ Ա. Հովսեփյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով: Ավելին, քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է մեղադրյալ Ա. Հովսեփյանի պաշտոնավարությունը, ուստիև վերացել է այն մտավախությունը, թե վերջինս կարող է օգտագործել իր պաշտոնեական դիրքը և ազդեցություն ունենալ կուրսանտների վրա:

9. Բողոքաբերը նշել է նաև, որ մեղադրյալ Ա. Հովսեփյանը ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, երկու անչափահաս երեխաների մայր է, դրական է բնութագրվում, բազմիցս ստացել է շնորհակալագրեր, ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորներ նախաքննական մարմնին հասցեագրած իրենց միջնորդություններով երաշխավորել են նրա պատշաճ վարքագիծը:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է կայացնել նոր դատական ակտ և մեղադրյալ Ա. Հովսեփյանին ազատել կալանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված է արդյոք մեղադրյալ Ա. Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

12. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել միայն օրենքով սահմանված կարգով և դեպքերում (...): Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր անձ ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

(...)

5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը` 1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին. 2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին. 3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը (...) խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում»:

13. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, քրեական գործի առկայություն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով (ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14 և այլն):

Ընդ որում, Ա. Ճուղուրյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(...)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ» (տե՛ս Ա. Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):

Իսկ Ա. Ավետիսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված խափանման միջոցի կիրառման հիմքերը չեն կարող այնպես մեկնաբանվել և կիրառվել, որ (...) դատական ակտը պատճառաբանելու համար ընդամենը բավարար լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված իրավական ձևակերպումների վկայակոչումը կամ վերարտադրումը: Հակառակ պարագայում անձի ազատության և անձնական անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական երաշխիքը կլինի պատրանքային, իսկ հիմնական իրավունքը փաստացի կբովանդակազրկվի:

(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք կարող են առաջ բերել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնական իրավունքի սահմանափակում, պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա» (տե՛ս Ա. Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 19-20-րդ կետերը):

14. Վերստին հաստատելով Ա. Ճուղուրյանի և Ա. Ավետիսյանի գործերով որոշումներում արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է, հետևաբար մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս դատարանը պետք է ներկայացնի ծանրակշիռ, գործի նյութերից բխող փաստարկներ մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու բարձր հավանականության վերաբերյալ: Այլ խոսքով` դատարանը պետք է կիրառի դատական ակտի պատճառաբանվածության ավելի բարձր չափանիշ և հիմնավորի, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը:

Վերոշարադրյալը բխում է անձին ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժեշտությունից: Հակառակ պարագայում կխախտվի հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի անհարկի սահմանափակման (տե՛ս, mutatis mutandis, Վ. Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշման 14-րդ կետը, Ա. Զյաբլիցևի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԿԴ/0020/06/13 որոշման 14-րդ կետը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, եզրահանգելով, որ առկա չեն Ա. Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր, մերժել է քննիչի միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնվելով ստորադաս դատարանի դիրքորոշման հետ, արձանագրել է, որ տվյալ քրեական գործի շրջանակներում առկա են մեղադրյալ Ա. Հովսեփյանին կալանքի տակ պահելու ինչպես պայմանները, այնպես էլ հիմքերը: Մասնավորապես, հաշվի առնելով մեղադրյալ Ա. Հովսեփյանին վերագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ա. Հովսեփյանի` ազատության մեջ գտնվելու պայմաններում բարձր է հավանականությունը, որ վերջինս կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն հիմնվել գործի նյութերում առկա փաստական տվյալների վրա: Մեղադրյալ Ա. Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման մեջ Վերաքննիչ դատարանը ծանրակշիռ, գործի նյութերից բխող փաստարկների վկայակոչմամբ չի հիմնավորել մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու հավանականությունը:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա. Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ: Վերաքննիչ դատարանը չի կիրառել դատական ակտի պատճառաբանվածության ավելի բարձր չափանիշ և հիմնավորել, որ տվյալ դեպքում առկա են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը: Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված հիմնավորումները չեն բխում կալանավորման թույլատրելի հիմքերը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ա. Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 136-րդ, 288-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և հանգեցրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է:

19. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ալինա Հենրիկի Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հունիսի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 4-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.08.2015
N ԵԱՔԴ/0386/06/15
Որոշում