Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵԿԴ/0039/01/15        

դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0039/01/15

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

    Դատավորներ`        Ս. Համբարձումյան

                       Գ. Մելիք-Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Դ. Ավետիսյանի   

                   մասնակցությամբ դատավորներ Հ. Ասատրյանի  

                                             Ս. Ավետիսյանի  

                                             Ե. Դանիելյանի  

                                             Ա. Պողոսյանի  

                                             Ս. Օհանյանի   

 

                   քարտուղարությամբ          Հ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ դատախազ    Տ. Ենոքյանի   

                   պաշտպան                   Վ. Քոսյանի  

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մհեր Սամվելի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի պաշտպան Վ. Քոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի մարտի 30-ին թիվ Ն/ՏՍ-06/1-3308 գրությամբ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) գործադիր տնօրեն Դ. Բաղդասարյանը յուրացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Ա. Դավթյանին:

 

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության (այսուհետ նաև` ՔԳՎ) Երևան քաղաքի քննչական վարչության (այսուհետ նաև` ՔՎ) Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Գեղամյանի` 2014 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ վերոհիշյալ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2014 թվականի հուլիսի 15-ին ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Գևորգյանը քննիչ Ա. Գեղամյանի` 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն:

Երևան քաղաքի դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանը 2014 թվականի օգոստոսի 1-ի թիվ 50/726դ-14 գրությամբ պատասխանել է, որ բաց է թողնվել օրենքով նախատեսված բողոքարկման ժամկետը` միևնույն ժամանակ նշելով, որ քննիչ Ա. Գեղամյանի` 2014 թվականի հուլիսի 4-ի որոշման օրինականությունը հաստատվել է Երևան քաղաքի դատախազությունում:

Ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Գևորգյանը 2014 թվականի օգոստոսի 6-ին բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել Ա. Գեղամյանի` 2014 թվականի հուլիսի 4-ի որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ բողոքը մերժվել է:

Ընկերության ներկայացուցիչ Ա. Ասատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և նյութերն ուղարկել դատախազին` օրենքի պահանջի համաձայն ընթացքը լուծելու համար:

Մինչ այդ` 2014 թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում Արամայիս Ասատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է թիվ 13804014 քրեական գործը` Մ. Հովհաննիսյանի կողմից յուրացման եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի` 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ Մ. Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և հայտարարվել հետախուզում:

2014 թվականի նոյեմբերի 28-ին թիվ 13804014 քրեական գործով վարույթը կասեցվել է Մ. Հովհաննիսյանի գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառաբանությամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Կ. Հովհաննիսյանի` 2014 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Գեղամյանի` 2014 թվականի հուլիսի 4-ի որոշումը վերացվել է, հարուցվել թիվ 13212714 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

2015 թվականի փետրվարի 9-ին Մ. Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նույն օրը թիվ 13804014 քրեական գործով վարույթը վերսկսվել է, և Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2015 թվականի փետրվարի 11-ին թիվ 13804014 քրեական գործը միացվել է թիվ 13212714 քրեական գործին:

2015 թվականի փետրվարի 12-ին Մ. Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2015 թվականի փետրվարի 27-ին Մ. Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը դատաքննության արագացված կարգի կիրառմամբ 2015 թվականի մարտի 19-ի դատավճռով Մ. Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ` 5 (հինգ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը` ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխվել, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

3. Ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 19-ի դատական ակտը` թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի պաշտպան Վ. Քոսյանը:

Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի պաշտպան Վ. Քոսյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

i

5. Մ. Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա, 2013 թվականի դեկտեմբերի 25-ից հանդիսանալով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերության գործակալ, 2014 թվականի փետրվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ընդհանուր թվով 44 պայմանագիր է կնքել «Տրանս Կոմֆորտ» և «Կինգ Դելյուքս» ՍՊ ընկերությունների հետ և համատեղ միասնական դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է դրանց դիմաց ստացած, իր վստահությանը հանձնված, ապահովագրական ընկերությանը պատկանող ընդհանուր առանձնապես խոշոր չափի հասնող 3.567.000 ՀՀ դրամ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 332-333):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում (...) ամբաստանյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի կողմից ծանր հանցագործություն կատարած լինելը և դրա` հանրության համար վտանգավորության աստիճանը, այն, որ ամբաստանյալին մեղսագրված, իրեն վստահված ուրիշի գույքի յուրացման առանձնապես խոշոր չափը առավել մոտ է տվյալ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես խոշոր չափի (...) նվազագույն սահմանին:

Դատարանը հաշվի է առնում նաև հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, այն, որ Մ. Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, տուժողին պատճառված գույքային վնասը մասնակիորեն կամովին հատուցել է:

Որպես հանցավորի անձը բնութագրող հատկանիշ դատարանը հաշվի է առնում նրա` աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, այն, որ հանդիսանալով Ընկերության գործակալ` յուրացման եղանակով հափշտակել է Ընկերությանը պատկանող, առանձնապես խոշոր չափի` 3.567.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարը, որից հետո մեկնելով Հայաստանի Հանրապետությունից` խուսափել է վարույթն իրականացնող մարմնից:

Վերոհիշյալը համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ և հաշվի առնելով նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը գտնում է, որ Մհեր Սամվելի Հովհաննիսյանն իր կատարած (...) հանցագործության համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով` առանց գույքի բռնագրավման, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 65-69):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «Մ. Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննելիս առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բավարար չափով ստուգման ու բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի վերաքննիչ բողոքում մատնանշված բոլոր հանգամանքները, (...) պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում վերջինիս նկատմամբ նշանակել է ազատազրկման ձևով ռեալ պատիժ, ինչն արդարացի է, բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից (...):

Անդրադառնալով ամբաստանյալի վերաքննիչ բողոքի փաստարկին և այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարան ներկայացված ապացույցներին այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 19.06.2013 թվականի թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված լինելով ազատազրկման և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու արդյունքում իր կամքով պարտավորվել է ավտովթարի հետևանքով մահացած տուժող Գ. Թովմասյանի երկու անչափահաս երեխաներին` մինչև նրանց չափահաս դառնալը վճարել ամսական 30.000 ՀՀ դրամ` որպես նրանց կենսաապահովման միջոց և բարոյական պարտականություն, ինչը չի կարող կատարել անազատության մեջ գտնվելու պայմաններում, ապա Վերաքննիչ դատարանն այն քննության առարկա չի դարձնում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործը որևէ առնչություն չունի քննվող թիվ ԵԿԴ/0039/01/15 քրեական գործի հետ:

Ինչ վերաբերում է (...) ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանին տրված դրական բնութագրին, ինչպես նաև (...) Ընկերության գործադիր տնօրեն Հ. Գևորգյանի կողմից 28.04.2015 թ-ին տրված տեղեկանքին այն մասին, որ (...) Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունը (...) ամբողջությամբ կատարվել է, և Ընկերությունը այս պահին որևէ պահանջ չունի ամբաստանյալի նկատմամբ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքները սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 66-75):

8. Քրեական գործի նյութերում առկա են հետևյալ փաստական տվյալները.

1) 2015 թվականի փետրվարի 12-ի թիվ 18 օրդերը, ըստ որի` Մ. Հովհաննիսյանի կողմից «Նաիրի Ինշուրանս» ընկերության հաշվեհամարին փոխանցվել է 2.000.000 ՀՀ դրամ (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 299):

2) «Նաիրի Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Հ. Գևորգյանի կողմից 2015 թվականի ապրիլի 28-ին տրված տեղեկանքն այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Մ. Հովհաննիսյանի գործակալական թիվ Գ13-113 պայմանագրից բխող և ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունը վերջինիս կողմից ամբողջությամբ կատարվել է, և ընկերությունն այս պահին որևէ պահանջ չունի նրա նկատմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 40):

3) Ա. Բադալյանի 2015 թվականի ապրիլի 3-ին տրված հայտարարությունն այն մասին, որ ավտովթարի հետևանքով իր ամուսնու` Գ. Թովմասյանի մահից հետո Մ. Հովհաննիսյանը պարտավորվել է իրենց երկու անչափահաս երեխաներին մինչև չափահաս դառնալը վճարել ամսական 30.000 ՀՀ դրամ, որն էլ պարտաճանաչ կատարում է (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 38):

4) Երևան քաղաքի Ն. Շենգավիթ 10/11 շենքի համայնքի նախագահի կողմից ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանին տրված դրական բնութագիրը (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 39):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ, 62-րդ, 70-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ հոդվածների, 358-րդ հոդվածի 4-րդ մասի և 360-րդ հոդվածի պահանջների խախտումներ:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը հաշվի չի առել հանցավորի անձը բնութագրող և արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող քրեական գործում առկա փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ ամբաստանյալը տուժողի վնասն ամբողջությամբ վերականգնել է, նախկինում արատավորված չի եղել, կամավոր ներկայացել է նախաքննական մարմին, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, օգնել է նախաքննական մարմնին հանցագործությունը բացահայտելուն, տուժողը բողոք չունի և խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ սահմանել:

Բացի այդ, ըստ բողոք բերած անձի` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել վերաքննիչ բողոքում փաստարկված այն հանգամանքը, որ ամբաստանյալը մեկ այլ` ավտովթարի վերաբերյալ քրեական գործով, առանց դատարանի որոշման, կամավոր իր վրա է վերցրել տուժողի մանկահասակ երեխաներին որպես կենսաապահովման գումար` ամսական 30.000 ՀՀ դրամ, հատկացնելու պարտավորություն և շուրջ երեք տարի պարտաճանաչ կատարում է ստանձնած պարտավորությունը, ինչը չի կարող անել անազատության մեջ գտնվելու պայմաններում:

10. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի` նույնանման փաստական հանգամանքներով թիվ ՎԲ-124/07, թիվ ՎԲ-192/07, թիվ ԵԿԴ/0126/01/10, թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08, թիվ ԵՔՐԴ/0571/01/08, թիվ ԼԴ/0019/01/09 և թիվ ՍԴ/0226/01/09 որոշումներում սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական խնդրի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

11. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանել և փոփոխել. ամբաստանյալ Մ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

12. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյոք Մ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14 և այլն):

14. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքներից հանցավորի անձը բնութագրող տվյալների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) «հանցավորի անձնավորություն» եզրույթն ի տարբերություն «հանցագործության սուբյեկտ» եզրույթի, ավելի ընդարձակ է, և օժտված է սոցիալ-ժողովրդագրական, բարոյահոգեբանական և քրեաիրավական բնութագրերով: (...)

(...) Պատժի անհատականացման ժամանակ հանցավորի անձը բնութագրող տվյալները հաշվի առնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես պատժի նպատակների իրականացման, այնպես էլ անձի արժանապատվության հարգման սահմանադրական պահանջի առկայությամբ» (տե՛ս Ս. Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12 որոշման 36-37-րդ կետերը):

Իսկ Ս. Աղախանյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(...) Յուրաքանչյուր գործով նշանակված պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների (...), պետք է բազմակողմանի վերլուծության ու գնահատման ենթարկի հանցավորի անձը: (...) պատասխանատվության և պատժի անհատականացման և հետևաբար նաև նշանակված պատժի կրման հարցի լուծման համար էական նշանակություն ունեն հանցավորի անձի ոչ միայն ֆիզիկական ու հոգեկան, այլև սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները» (տե՛ս Ս. Աղախանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12 որոշման 19-րդ կետը):

Ս. Սարգսյանի և Ս. Աղախանյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը վերահաստատել է նաև Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` ընդգծելով, որ. «Յուրաքանչյուր դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը որոշելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում կարևոր նշանակություն ունի հանցավորի անձը բնութագրող տվյալների ամբողջական վերլուծությունը: Մասնավորապես, հանցավորի անձը դրականորեն բնութագրող սոցիալ-հոգեբանական, սոցիալ-ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո դրսևորած դրական վարքագիծը (կատարվածի համար զղջալը, ճշմարտացի ցուցմունքներ տալը, քննությանը չխոչընդոտելը, պատճառված վնասը հատուցելը և այլն) կարող են վկայել, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ խոսքով` հանցավորի անձը բնութագրող տվյալները բացահայտելու և օբյեկտիվորեն հաշվի առնելու դատարանի պարտականությունն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի տրամաբանությունից, որի համաձայն` պատժի նպատակը, սոցիալական արդարությունը վերականգնելուց բացի, դատապարտյալի ուղղումն է և նոր հանցագործությունների կանխումը» (տե՛ս Ջ. Շիրվանյանի և Ա. Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0091/01/14 որոշման 13-րդ կետը):

14.1. Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ե. Սարգսյանի և Գ. Պետրոսյանի գործերով որոշումներում քննարկման առարկա դարձնելով սեփականության դեմ ուղղված հանցագործություններով պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական խնդիրը` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ. «(...) Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար էական նշանակություն ունի պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքը» (տե՛ս Ե. Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ/0109/01/08 որոշման 31-րդ կետը, Գ. Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԿԴ/0126/01/10 որոշման 22-րդ կետը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Մ. Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի է առել հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործությունը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ Մ. Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, տուժողին պատճառված գույքային վնասը մասնակիորեն կամովին հատուցել է: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ Մ. Հովհաննիսյանը ենթակա է պատժի ազատազրկման ձևով, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը, մատնանշել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտում հիմք ընդունված ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը և արդյունքում եզրահանգել, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը արդարացի է, բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված սկզբունքից: Միևնույն ժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործով ամբաստանյալն իր կամքով պարտավորվել է ավտովթարի հետևանքով մահացած տուժողի երկու անչափահաս երեխաներին մինչև նրանց չափահաս դառնալը վճարել ամսական 30.000 ՀՀ դրամ` որպես նրանց կենսաապահովման միջոց և բարոյական պարտականություն, ինչը չի կարող անել անազատության մեջ գտնվելու պայմաններում` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այն քննության առարկա չի դարձնում` նկատի ունենալով, որ թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործը որևէ առնչություն չունի սույն քրեական գործի հետ:

Քննարկման առարկա դարձնելով բնակության վայրից ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանին տրված դրական բնութագիրը, ինչպես նաև հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ հատուցած լինելու մասին 2015 թվականի ապրիլի 28-ի տեղեկանքը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)` Վերաքննիչ դատարանը փաստել է, որ վերոգրյալ հանգամանքները սույն գործի շրջանակներում չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու համար (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում շարադրված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թեպետ արձանագրել է գործում առկա ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, սակայն դրանք պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել նշանակված պատժի կրման անհրաժեշտության հարցը որոշելիս:

Այսպես` Վերաքննիչ դատարանը պատշաճ ստուգման և գնահատման չի ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող սոցիալ-հոգեբանական և ժողովրդագրական հատկանիշները, հանցագործությունից հետո նրա դրսևորած վարքագիծը, մասնավորապես` Մ.Հովհաննիսյանի` դրական բնութագրվելը, վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայանալը, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ հատուցելը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վերջին հանգամանքը էական նշանակություն ունի նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման տեսանկյունից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննության առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքի այն փաստարկը, որ թիվ ԱՎԴ4/0021/01/13 քրեական գործով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու արդյունքում ամբաստանյալն իր կամքով պարտավորվել է ավտովթարի հետևանքով մահացած տուժողի երկու անչափահաս երեխաներին մինչև նրանց չափահաս դառնալը վճարել ամսական 30.000 ՀՀ դրամ (որպես նրանց կենսաապահովման միջոց և բարոյական պարտականություն)` Վերաքննիչ դատարանը չի ներկայացրել բովանդակային պատճառաբանություն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ երկու առանձին քրեական գործերի միմյանց հետ կապված չլինելը դեռևս չի կարող վկայել դրանցից մեկում առկա որևէ հանգամանքի` մեկ այլ գործի համար բացարձակ նշանակություն չունենալու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 419-րդ հոդվածների` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 19-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մայիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Մհեր Սամվելի Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.12.2015
N ԵԿԴ/0039/01/15
Որոշում