Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ Տ ...

 

 

020.1277.030616

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 հունիսի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան 23.05.2016թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի ռեժիմի կիրառման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ստեղծման նպատակով:

Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 15 գլխից, Համաձայնագրին կից երկու Արձանագրություններից, ունի նաև 5 հավելվածներ` 8 ենթահավելվածներով:

Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում Ռուսաստանի և Վիետնամի միջև կնքված 1-ին և 2-րդ Արձանագրությունները:

2. Համաձայնագիրը նպատակ ունի`

1) ազատականացնել և դյուրացնել Կողմերի միջև ապրանքների առևտուրը, մասնավորապես, սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման և մաքսային ձևակերպումների պարզեցման միջոցով.

2) ազատականացնել և դյուրացնել Կողմերի միջև ծառայությունների առևտուրը.

3) դյուրացնել, խթանել և ամրապնդել ներդրումային հնարավորությունները Կողմերի միջև` բարենպաստ ներդրումային միջավայրը զարգացնելու միջոցով.

4) աջակցել Կողմերի միջև տնտեսական և առևտրային համագործակցությանը.

5) պատշաճ և արդյունավետ պաշտպանել մտավոր սեփականությունը ու խթանել այդ ոլորտում համագործակցությունը.

6) ստեղծել հիմքեր Համաձայնագրով համաձայնեցված բնագավառներում սերտ համագործակցությունն ամրապնդելու համար, ինչպես նաև դյուրացնել Կողմերի միջև հաղորդակցությունը:

3. Համաձայնագրով նախատեսվում է փոխադարձ առևտրում մաքսատուրքի դրույքաչափերի նվազեցում, մասնավորապես`

- Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո որոշ ապրանքների հանդեպ 0 տոկոս մաքսատուրքի կիրառում,

- համապատասխան ժամանակացույցի համաձայն` մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում մինչև 0 տոկոս,

- Համաձայնագրով սահմանված են ազատ առևտրի ռեժիմից բացառություններ, որոնց նկատմամբ կիրառվելու են առավել բարենպաստ ռեժիմի շրջանակներում գործող մաքսատուրքի դրույքաչափերը:

4. Համաձայնագրի դրույթներին համապատասխան ստեղծվում են Համատեղ կոմիտե, Առևտրային կոմիտե և ոլորտային կոմիտեներ:

Համատեղ կոմիտեն բաղկացած է յուրաքանչյուր Կողմի ներկայացուցիչներից: Համատեղ կոմիտեն համատեղ նախագահում են երկու ներկայացուցիչներ, մեկը` Եվրասիական տնտեսական միությունից կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից և մյուսը` Վիետնամից:

Համատեղ կոմիտեն քննարկում է Համաձայնագրի կիրարկման և գործողության, ինչպես նաև Կողմերի միջև առևտրային հարաբերություններն էլ ավելի ամրապնդելուն առնչվող ցանկացած հարց, վերահսկում է Համաձայնագրի շրջանակներում ստեղծված բոլոր կոմիտեների և մյուս մարմինների աշխատանքը, առաջարկություններ է ներկայացնում Համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, իրականացնում է Համաձայնագրին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ այլ գործողություններ` Կողմերի հնարավոր համաձայնությամբ:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, գործելով համատեղ կամ առանձին` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից բխող ՀՀ իրավասության համապատասխան ոլորտներում ստանձնում է մասնավորապես հետևյալ պարտավորությունները.

(պատվիրակել բարձրաստիճան պաշտոնյա` յուրաքանչյուր Կողմի ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ կոմիտեում Հայաստանի Հանրապետությանը ներկայացնելու նպատակով,

(պահպանել Համաձայնագրի համապատասխան մյուս Կողմի` գաղտնի տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը` ՀՀ համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն,

(ՀՀ համապատասխան օրենքների կամ կարգավորումների համաձայն ապահովել, որպեսզի օրենքները և կարգավորումները, ինչպես նաև ՀՀ համապատասխան միջազգային համաձայնագրերը, որոնք առնչվում են Համաձայնագրի շրջանակներում ընդգրկված որևէ հարցի, պատշաճ կերպով հրապարակվեն կամ որևէ այլ կերպ հանրորեն մատչելի դարձվեն,

(մյուս Կողմի խնդրանքով անմիջապես պատասխանել առանձին հարցերի և տրամադրել տեղեկություններ Համաձայնագրի 1.13-րդ հոդվածի 1-ին կետում նշված օրենքների և կարգավորումների մասին, ինչպես նաև անհապաղ տրամադրել մյուս Կողմին ներմուծման կամ արտահանման համար կիրառվող մաքսատուրքերի և ցանկացած տեսակի գանձումների առնչությամբ,

(աստիճանաբար նվազեցնել կամ վերացնել մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքների համար կիրառվող մաքսատուրքերը` Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված սակագնային պարտավորությունների ՀՀ ժամանակացույցին համապատասխան, և չավելացնել որևէ մաքսատուրք կամ չընդունել որևէ նոր մաքսատուրք, ինչի արդյունքում մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքների համար մաքսատուրքերի դրույքաչափը կարող է գերազանցել Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված սակագնային պարտավորությունների ՀՀ ժամանակացույցում սահմանված մակարդակը, եթե Համաձայնագրում այլ բան նախատեսված չէ,

(ապահովել, որպեսզի ՀՀ իրավասու մարմիններն իրենց պաշտոնական կայքէջերի միջոցով հասանելի դարձնեն ՀՀ կողմից կիրառվող վճարների և գանձումների մասին տեղեկությունները,

(ձգտել ներդնել ԾՍՍԷՀ-ն (Ծագման սերտիֆիկացման և ստուգման էլեկտրոնային համակարգ) Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ձևավորել աշխատանքային խումբ, որը ջանքեր կգործադրի ԾՍՍԷՀ-ի մշակման և ներդրման համար,

(ապահովել, որպեսզի ՀՀ մաքսային մարմինները կիրառեն ռիսկերի կառավարման համակարգ` ռիսկերի պարբերական գնահատման միջոցով` ստուգումները բարձր ռիսկային ապրանքների վրա կենտրոնացնելու և ցածր ռիսկային ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների կիրառումը պարզեցնելու նպատակով,

(ապահովել, որպեսզի ՀՀ կենտրոնական մաքսային մարմինները հայտարարատուներին ապահովեն ապրանքներն էլեկտրոնային եղանակով հայտարարագրելու հնարավորությամբ,

(որպես ներմուծող Կողմ ապահովել, որպեսզի Կողմերի միջև շրջանառվող արտադրանքի (ապրանքների) անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պահանջները կիրառվեն մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու անհրաժեշտության սահմաններում,

(մյուս Կողմի քաղաքացիների համար ՄՍԻԱՀ («Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիր) համաձայնագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով սահմանված մտավոր սեփականության պաշտպանության առումով ապահովել ՀՀ քաղաքացիների համար ապահովվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմ,

(չհակասելով այն միջազգային համաձայնագրերով սահմանված պարտավորություններին, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն, երաշխավորել և ապահովել հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների` համապատասխանաբար իրենց ստեղծագործությունների, կատարումների, հնչյունագրերի և հեռարձակումների հետ կապված շահերի արդյունավետ պաշտպանությունը,

(ապահովել ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանների համարժեք ու արդյունավետ պաշտպանություն` ՀՀ համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերի համաձայն, որոնց Հայաստանի Հանրապետությունը կողմ է հանդիսանում,

(ապահովել գյուտերի համարժեք ու արդյունավետ պաշտպանություն` ՀՀ համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերի համաձայն, որոնց Հայաստանի Հանրապետությունը կողմ է հանդիսանում, ինչպես նաև ՄՍԻԱՀ համաձայնագրին համապատասխան,

(ՀՀ համապատասխան օրենքներով և կարգավորումներով, ՄՍԻԱՀ համաձայնագրի համաձայն, ապահովել չբացահայտված տեղեկատվության համարժեք ու արդյունավետ պաշտպանություն,

(հաշվի առնելով առկա ռեսուրսները` ընդունել պետական գնումների ոլորտում համագործակցության կարևորությունը` ՀՀ օրենքներին և կարգավորումներին համապատասխան և համագործակցել պետական գնումների ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացման, արդար մրցակցության և էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործման խթանման նպատակներով, ինչպես նաև հնարավորինս շուտ տեղեկացնել մյուս Կողմերին ՀՀ համապատասխան օրենքներում և կարգավորումներում և (կամ) պետական գնումների ընթացակարգերում ցանկացած կարևոր փոփոխության մասին,

(ընդունել ՀՀ առևտրային հարաբերություններում ազատ և չխաթարված մրցակցության կարևորությունը և հարգել մրցակցային քաղաքականության ոլորտում Կողմերի կարողությունների միջև առկա տարբերությունները, ինչպես նաև ՀՀ համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն ձեռնարկել ՀՀ կողմից նպատակահարմար համարվող միջոցները` արգելելով հակամրցակցային բիզնես վարքագիծը` ՀՀ համապատասխան շուկայի արդյունավետ գործունեությունն ու սպառողների բարեկեցությունը խթանելու նպատակով,

(որպես վեճի Կողմ` ընդունել կոնկրետ վեճի առնչությամբ արբիտրաժային խմբի վերջնական զեկույցի վերջնական և պարտադիր լինելը և անմիջապես ապահովել արբիտրաժային խմբի որոշումների կատարումը, իսկ եթե գործնականում հնարավոր չէ ապահովել դրանց անմիջապես կատարումը, ապա կատարել որոշումները ողջամիտ ժամկետում,

(Համաձայնագրի նպատակների իրականացմանը նպաստելու նպատակով իրականացնել Համաձայնագրի ընդհանուր վերանայումը Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո և դրանից հետո` յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ:

6. Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 հունիսի 2016 թվականի

ՍԴՈ-1277

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.06.2016
N ՍԴՈ-1277
Որոշում