Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Տ ...

02.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.2007  -ից մինչեւ   02.01.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 03.12.09 թիվ 1417-Ն որոշում)

i

040.0695.201199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» նոյեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 1999 թվականի թիվ 695

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ժնևի 1951 թվականի «Փախստականի կարգավիճակի մասին» կոնվենցիայի և «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց փախստականի վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը (կցվում են).

բ) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթ տալու կարգը և փաստաթղթի նկարագիրը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված փախստականի վկայականի և ճամփորդական փաստաթղթի պատրաստման աշխատանքները.

բ) մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը ապահովել փախստականի կարգավիճակ ստացած անձանց նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական անձնագրերի փոխարինումը փախստականի վկայականներով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված փախստականի վկայականի և ճամփորդական փաստաթղթի պատրաստման աշխատանքները ֆինանսավորելու վերաբերյալ:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանած փախստականներին «Փախստականի ընտանիքի վկայական» տալու մասին» N 524 որոշումը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

նոյեմբերի 20-ի N 695 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի

կարգավիճակ ստացած անձանց փախստականի

վկայական տալու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Փախստականների վկայականը (այսուհետև` վկայական) Հայաստանի Հանրապետությունում փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է:

2. Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ստացած` 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

3. Վկայականը տրվում է 3 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել ևս 2 տարի:

4. Ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա փոխանակման` սահմանված կարգով:

5. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:

6. Վկայականում փախստականի անձի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանուն, անուն, հայրանուն,

բ) սեռը,

գ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

7. Վկայականում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) վկայականի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից.

բ) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի մասին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից.

գ) անչափահաս երեխաների մասին` քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային մարմինների կողմից.

դ) արյան խմբի և ռեզուսի մասին` փախստականի ցանկությամբ` առողջապահության մարմինների կողմից.

ե) ընտանեկան դրության մասին` քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային մարմինների կողմից:

 

II. Վկայական տալու, փոխանակելու և դրանից օգտվելու կարգը

 

8. Փախստականներին վկայական տալիս կամ փոխանակում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները` ըստ նրանց մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի:

9. Վկայական ստանալու համար փախստականը ներկայացնում է`

i

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության որոշումն անձին փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ, իսկ 1988 թվականից մինչև 1992 թվականը Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձը` փախստականի ընտանիքի վկայականը.

բ) անձնագիրը.

գ) ծննդյան վկայականը (16 տարին նոր լրացած անձի համար).

դ) 35x45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր).

ե) անձը հաստատող այլ փաստաթուղթ, եթե փախստականը չի կարող ներկայացնել սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը:

(9-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

i

10. Վկայական տալիս 1988-1992 թվականների ընթացքում հանրապետություն բռնագաղթված անձանցից հետ են վերցվում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական անձնագրերը և փախստականի ընտանիքի վկայականները: Դրանք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից հանձնվում են ի պահ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

(10-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

11. Վկայականը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու և օգտագործվելու համար ոչ պիտանի լինելու դեպքերում:

12. Փախստականը վկայականի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա վկայականը, սահմանված ձևի դիմում և երկու գունավոր լուսանկար:

Փախստականը վկայականում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթուղթ:

13. Փախստականը վկայականը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում պարտավոր է հայտնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնին:

i

14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պատճառով փախստականի կարգավիճակը կորցնելու կամ դրանից զրկվելու դեպքում անձը պարտավոր է վկայականը հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնին:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը փախստականի կարգավիճակը դադարեցնելու կամ դրանից զրկելու որոշում ընդունելիս տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի համապատասխան մարմնին:

(14-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

15. Մահացած փախստականի վկայականը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմնին: Մահվան գրանցումը կատարելուց հետո վկայականն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնին, որն այնուհետև ի պահ է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

(15-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

16. Գտնված վկայականները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնին:

17. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված փախստականների վկայականները ժամանակավորապես վերցվում են հետաքննության` նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:

Խափանման միջոցի վերացման դեպքում կամ պատիժը կրելուց հետո կասկածյալների և մեղադրյալների վկայականները վերադարձվում են տերերին:

Փախստականի վկայականը վերացնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում է:

18. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները կատարում են վկայականների հաշվառում և վարում են տրված, անվավեր ճանաչված, փոխանակված վկայականների գրանցման մատյանները:

i

19. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները փախստականին վկայական տալու մասին տեղեկությունները հայտնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

(19-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

նոյեմբերի 20-ի N 695 որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳԻՐ

 

i

Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ

ստացած անձանց փախստականի վկայականի

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայականը (այսուհետև` վկայական) 88x125 մմ չափսի, 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:

Վկայականի շապիկը մուգ կարմիր գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում են «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:

Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում` «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:

Վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից` մինչև լուսանկարի համար հատկացված տեղը, տպագրվում են «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ այնուհետև, լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբ` «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ՀԱՅՐԱՆՈՒՆԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Վկայականի 1-ին էջի ձախ մասում «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերից ներքև տեղ է հատկացվում վկայականի տիրոջ 35x45 մմ չափսի լուսանկարի համար:

Վկայականի 1-ին էջի վերևի աջ մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:

Վկայականի 2-րդ և 3-րդ էջերի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը, 4-րդ և 5-րդ էջերում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը, որից ներքև` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ, ԱՄԻՍԸ, ԹԻՎԸ», 6-րդ և 7-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ», 8-12-րդ էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:

Վկայականի 3, 5, 7, 9 և 11-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:

Վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ 12 ԷՋԻՑ Է» բառերը:

Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնքվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնի կնիքով:

Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:

 

(նկարագիրը խմբ. 28.08.00 թիվ 518 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

նոյեմբերի 20-ի N 695 որոշմամբ

 

ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ

ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթ տալու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ճամփորդական փաստաթուղթը (այսուհետև` փաստաթուղթ) օտարերկրյա պետությունում փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է:

2. Ճամփորդական փաստաթուղթը տրվում է Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած 16 տարին լրացած անձանց:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները փախստականներին փաստաթուղթը տալիս են ըստ նրանց մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի` 1 տարի ժամկետով: Ժամկետը կարող է երկարաձգվել ևս 1 տարով` Հայաստանի Հանրապետությունում ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից, եթե անձը չի կորցրել փախստականի կարգավիճակը:

4. ժամկետանց փաստաթուղթն անվավեր է և ենթակա փոխանակման` սահմանված կարգով:

5. Փաստաթուղթը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

6. Փաստաթղթում փախստականի անձի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը,

բ) սեռը,

գ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

7. Փաստաթղթում կարող են կատարել հետևյալ նշումները`

ա) փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից:

բ) օտարերկրյա պետություններ ժամանակավորապես մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից:

Փախստականի փաստաթղթերում այլ նշումներ կատարելն արգելվում է:

8. Փախստականը փաստաթուղթ ստանալու համար վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. Փաստաթուղթ տալու, փոխանակելու և դրանից օգտվելու կարգը

 

9. Փախստականը փաստաթուղթ ստանալու համար ներքին գործերի մարմին է ներկայացնում`

ա) դիմում` Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու համար.

բ) փախստականի վկայականը.

գ) 35x54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր).

դ) անդորրագիր` պետական տուրքը վճարելու մասին:

Փախստականի հետ ճամփորդող յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ծննդյան վկայականը.

բ) 35x45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

10. Փաստաթուղթը տրվում է դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

11. «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածով սահմանված դեպքերում փաստաթուղթ տալը կարող է մերժվել:

12. Փաստաթուղթը փոխանակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից:

13. Փաստաթուղթը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործվելու համար ոչ պիտանի լինելու դեպքում:

14. Փախստականը փաստաթղթի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա փաստաթուղթը, սահմանված ձևի դիմում, փախստականի վկայականը և երկու 35x45 մմ չափսի լուսանկար (գունավոր):

Փախստականը փաստաթղթում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթուղթ:

15. Փախստականը պարտավոր է փաստաթուղթը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում հայտնել ներքին գործերի մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պատճառով փախստականի կարգավիճակը կորցնելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է ներքին գործերի մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

17. Օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

18. Մահացած փախստականի փաստաթուղթը փախստականի վկայականի հետ հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմնին: Մահվան գրանցումը կատարելուց հետո փաստաթուղթն ուղարկվում է ներքին գործերի համապատասխան մարմնին:

i

19. Օտարերկրյա պետություններում մահացած փախստականի փաստաթուղթը հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, որն այն հանձնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը: Վերջինս դրա մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

(19-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

20. Գտնված փաստաթղթերը հանձնվում են ներքին գործերի մարմնին:

21. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված փախստականների փաստաթղթերը վերցվում են հետաքննության` նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:

Խափանման միջոցի վերացման դեպքում կասկածյալների և մեղադրյալների փաստաթղթերը վերադարձվում են տերերին:

Պատիժը կրելուց հետո փախստականին կարող է տրվել նոր փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

Փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում է:

i

22. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները փախստականին փաստաթուղթ տալու մասին տեղեկությունները հայտնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

(22-րդ կետը փոփ. 03.05.07 թիվ 573-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվական ի

նոյեմբերի 20-ի N 695 որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳԻՐ

i

Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ

ստացած անձանց ճամփորդական փաստաթղթի

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի ճամփորդական փաստաթուղթը (այսուհետև` փաստաթուղթ) 88x125 մմ չափսի, 32 էջից բաղկացած` փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է:

Փաստաթղթի բովանդակությունը կազմող բոլոր կետերը տպագրվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Փաստաթղթի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի ձախ անկյունը 45 աստիճան թեքությամբ երիզվում է միմյանցից 10 մմ հեռավորությամբ և 3 մմ հաստությամբ երկու գծով: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շապիկի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շապիկի ներքևի մասում տպագրվում է «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը:

Փաստաթղթի շապիկի հաջորդ էջում գրվում է`

«ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏՐՎԱԾ Է ՆՐԱ ՏԻՐՈՋԸ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԾԱՌԱՅԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ», «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՐՈՂԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ», «ԵԹԵ ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ` ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ, ԵՎ ՑԱՆԿԱՆԱ ԱՅԴ ԵՐԿՐԻՑ ԿՐԿԻՆ ՃԱՄՓՈՐԴԵԼ, ԱՊԱ ՆԱ ՆՈՐ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ՆՈՐ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: ՆՈՐԸ ՇՆՈՐՀՈՂ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:

Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ») բառերը:

Փաստաթղթի 2-րդ էջի ներքևի մասում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Փաստաթղթի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ էջի ձախ մասից, ըստ հերթականության` «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ», «ՏԻՊ» , «ԿՈԴ», «ՓԱՍՏԱԹՈՒՂԹ N», «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ» բառերը: Էջի ներքևի ձախ մասում տեղ է հատկացվում փաստաթուղթ ստացող փախստականի 35x45 մմ չափսի գունավոր լուսանկարի համար:

Փաստաթղթի 4-րդ էջում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԱԾ Է» բառերը:

Փաստաթղթի 5-րդ էջում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը, և դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:

Փաստաթղթի 6-րդ և 7-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ԵՐԵԽԱՆԵՐԸ», բառը: Նշված էջերից յուրաքանչյուրի վրա տեղ է հատկացվում երկու երեխայի 35x45 մմ չափսի գունավոր լուսանկարները փակցնելու և նրանց տվյալները լրացնելու համար, իսկ յուրաքանչյուր լուսանկարի համար հատկացված տեղից ներքև տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԾՆՎԵԼ Է» և «ՍԵՌԸ» բառերը:

Փաստաթղթի 8-րդ և 9-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

Փաստաթղթի 10-32-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

Փաստաթղթի 8-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են «1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ» բառերը:

Փաստաթղթի 1-ին և 5-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են փաստաթղթի սերիան և համարը:

Փաստաթղթի շապիկի վերջին էջի ներսի կողմում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ», «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է 32 ԷՋԻՑ, ՉՀԱՇՎԱԾ ՇԱՊԻԿԸ» բառերը:

Փաստաթղթի բոլոր էջերը համարակալված են:

 

(նկարագիրը խմբ. 28.08.00 թիվ 518 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.11.1999
N 695
Որոշում