Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1184-ՐԴ, 11...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1184-ՐԴ, 1186-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԱՔԴ/2174/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2174/02/11  2016թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                       Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ամալյա Ստեփանյանի և նրա ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարինա Բադեմյանի (Պողիկյան) և Ամելիա Հարությունյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Բադեմյանի (Պողիկյան) ընդդեմ Լուիզա Հարությունյանի և Ամալյա Ստեփանյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգական զանգվածից բաժնեմասն առանձնացնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ամալյա Ստեփանյանի ընդդեմ Մարինա Բադեմյանի (Պողիկյան), Ամելիա Հարությունյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Բադեմյանի (Պողիկյան), Լուիզա Հարությունյանի խնամակալ Սոֆյա Ավետիսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգությունը բաժանելու պահանջների մասին, և ըստ հայցի Լուիզա Հարությունյանի խնամակալ Սոֆյա Ավետիսյանի ընդդեմ Ամալյա Ստեփանյանի, երրորդ անձինք Մարինա Բադեմյանի (Պողիկյան) և Ամելիա Ստեփանյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգությունը բաժանելու, բաժինը փոխհատուցելու և հաշվանց կատարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարինա Բադեմյանը (Պողիկյան)` նաև որպես Ամելիա Հարությունյանի օրինական ներկայացուցիչ, պահանջել է իրեն և անչափահաս Ամելիա Հարությունյանին ճանաչել 16.09.2010 թվականին մահացած Ռազմիկ Հարությունյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ և ժառանգական զանգվածի մեջ մտնող անշարժ և շարժական գույքից առանձնացնել իրենց պատկանող բաժնեմասը: Մասնավորապես, ի թիվս այլ գույքային միավորների` պահանջել է ճանաչել իրենց սեփականության իրավունքը Ռազմիկ Հարությունյանի կողմից Ամալյա Ստեփանյանի հայաստանյան բանկային հաշվին փոխանցված 230.000 եվրոյից 180.000 եվրոյի 1/2 մասի նկատմամբ և այն առանձնացնել ժառանգության զանգվածից (քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0559/02/11):

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ամալյա Ստեփանյանը պահանջել է իրեն ճանաչել 16.09.2010 թվականին մահացած Ռազմիկ Հարությունյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և ժառանգական զանգվածի մեջ մտնող անշարժ ու շարժական գույքը բաժանել կողմերի միջև:

Դիմելով դատարան` Լուիզա Հարությունյանի օրինական ներկայացուցիչ Սոֆյա Ավետիսյանը, ի թիվս այլ գույքային միավորների` պահանջել է ճանաչել Լուիզա Հարությունյանի սեփականության իրավունքը Ռազմիկ Հարությունյանի կողմից Ամալյա Հարությունյանի բանկային հաշվին փոխանցված 230.000 եվրոյից 164.206 եվրոյի նկատմամբ և այն վերադարձնել (քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2174/02/11):

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2012 թվականի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/0559/02/11 և թիվ ԵԱՔԴ/2174/02/11 քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում, և միացված գործի վարույթը շարունակվել է թիվ ԵԱՔԴ/2174/02/11 համարի ներքո:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2014 թվականին վճռել է. «Մարինա Բադեմյանի (Պողիկյան), Ամելիա Հարությունյանի (օրինական ներկայացուցիչ Մարինա Բադեմյան (Պողիկյան)), Ամալյա Ստեփանյանի, Լուիզա Հարությունյանի խնամակալ Սոֆյա Ավետիսյանի հայցապահանջները բավարարել մասնակի. Մարինա Բադեմյանին (Պողիկյան) ճանաչել քաղաք Երևան, Ազատության պողոտա 9/3 շենքի թիվ 22 բնակարանի` Ռազմիկ Հարությունյանի անվամբ սեփականության իրավունքով ձևակերպված 1/4 մասի և Ռազմիկ Հարությունյանի անվամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում հաշվին առկա 7.500 եվրո գումարի նկատմամբ համատեղ սեփականատեր: Մարինա Բադեմյանին (Պողիկյան), Ամելիա Հարությունյանին, Լուիզա Հարությունյանին և Ամալյա Ստեփանյանին ճանաչել հանգուցյալ Ռազմիկ Հարությունյանի ժառանգական զանգվածի` Ամալյա Ստեփանյանի անվամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում հաշվեհամարին գտնվող 180.000 եվրո գումարի, քաղաք Երևան, Ազատության պողոտա, 9/3 շենքի թիվ 22 բնակարանի` Ռազմիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 1/8-ական մասի, «Սաքսոֆոն» տիպի երաժշտական գործիքի, Ռազմիկ Հարությունյանի անվամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում առկա հաշվեհամարի 3.750 եվրո գումարի և տոկոսների նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ` յուրաքանչյուրը 1/4 մասով: «Սաքսոֆոն» տիպի երաժշտական գործիքը թողնել Ամալյա Ստեփանյանի տնօրինության տակ` դադարեցնելով Մարինա Բադեմյանի (Պողիկյան), Ամելիա Հարությունյանի և Լուիզա Հարությունյանի սեփականության իրավունքը նշված երաժշտական գործիքի նկատմամբ` Ամալյա Ստեփանյանի կողմից նրանց բաժիններին համապատասխան 25.000-ական դրամ փոխհատուցում տալու պահից: Դադարեցնել Ամալյա Ստեփանյանի, Մարինա Բադեմյանի (Պողիկյան) և Ամելիա Հարությունյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան, Ազատության պողոտա 9/3 շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ` յուրաքանչյուրին իր բաժնեմասին համապատասխան Լուիզա Հարությունյանի կողմից Մարինա Բադեմյանին (Պողիկյան) և Ամելիա Հարությունյանին` 5.610.939 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելու պահից, Ամալյա Ստեփանյանին` 935.156,5 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելու պահից` ճանաչելով Լուիզա Հարությունյանին քաղաք Երևան, Ազատության պողոտա 9/3 շենքի թիվ 22 բնակարանի միանձնյա սեփականատեր: Թիվ ԵԱՔԴ/2174/02/12 քաղաքացիական գործի վարույթը` «Հոնդա Ակորդ» մակնիշի 21 ՕԼ 944 պետհամարանիշի ավտոմեքենայի պահանջի մասով, կարճել: Մնացած մասով Մարինա Բադեմյանի (Պողիկյան), Ամելիա Հարությունյանի (օրինական ներկայացուցիչ Մարինա Բադեմյան (Պողիկյան)), Ամալյա Ստեփանյանի, Լուիզա Հարությունյանի խնամակալ Սոֆյա Ավետիսյանի հայցապահանջները մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2015 թվականի որոշմամբ Ամալյա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. որոշվել է Դատարանի 09.12.2014 թվականի վճիռը մասնակիորեն` Ամալյա Ստեփանյանից պետական տուրք բռնագանձելու մասով, բեկանել և փոփոխել այն` Ամալյա Ստեփանյանի մասով պետական տուրքի հարցը համարել լուծված: Դատարանի 09.12.2014 թվականի վճիռը` մնացած մասերով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ամալյա Ստեփանյանը և նրա ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ, 280-րդ, 1184-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռազմիկ Հարությունյանի կողմից Ամալյա Ստեփանյանին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված գումարն Ամալյա Ստեփանյանին հանձնվել է օրինական հիմքերով, ուստի Ամալյա Ստեփանյանի անվամբ արտարժութային հաշվեհամարում եղած 180.000 եվրոն հանդիսացել է վերջինիս սեփականությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճելի գումարը Ռազմիկ Հարությունյանի կողմից փոխանցվել է ոչ թե իր անձնական հաշվեհամարին, այլ իր մոր` Ամալյա Ստեփանյանի հաշվեհամարին` որպես սեփականություն իր հայեցողությամբ այն տնօրինելու իրավունքով և պայմանով, ուստի վիճելի գումարը ժառանգության բացման ժամանակ ժառանգատուին չի պատկանել և չէր կարող մտնել ժառանգության զանգվածի մեջ ու բաժանվել ժառանգների միջև: Ընդ որում, Ամալյա Ստեփանյանի կողմից Ռազմիկ Հարությունյանից վերոնշյալ գումարն օրինական հիմքով ի սեփականություն ստանալու հանգամանքը հիմնավորվում է նաև գործում առկա գրավոր ապացույցով, այն է` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի կողմից Ամալյա Ստեփանյանին տրված թիվ 220318000142002 հաշվեհամարով կատարված գործարքների քաղվածքի բնօրինակով, որի ուսումնասիրությունից հետևում է, որ նշված գումարն Ամալյա Ստեփանյանն իր իսկ անվամբ ձևակերպվել է որպես ավանդ, ինչպես նաև նշված հաշվեհամարից գումարային փոխանցումները կատարվել են բացառապես վերջինիս հանձնարարությամբ: Հետագայում Ամալյա Ստեփանյանը գումարն ամբողջությամբ հանել է հաշվեհամարից, և սույն գործի քննության պահին նշված գումարն այլևս գոյություն չի ունեցել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցերը մասնակիորեն` Ռազմիկ Հարությունյանի կողմից Ամալյա Ստեփանյանի հայաստանյան բանկային հաշվին ուղարկված 180.000 եվրոն ժառանգական զանգվածի մեջ ներառելու և այն ժառանգների միջև բաժանելու պահանջների մասով, մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Լուիզա Հարությունյանը ժառանգատու Ռազմիկ Հարությունյանի և Լիաննա Ավետիսյանի (մահացած 15.01.2006 թվականին) դուստրն է` Ռազմիկ Հարությունյանի առաջին ամուսնությունից ծնված երեխան (հատոր 1-ին գ.թ. 32, հատոր 3-րդ գ.թ. 20):

2) Ամալյա Ստեփանյանը ժառանգատու Ռազմիկ Հարությունյանի մայրն է, իսկ Մարինա Բադեմյանը (Պողիկյան) և Ամելիա Հարությունյանը հանդիսանում են համապատասխանաբար ժառանգատու Ռազմիկ Հարությունյանի երկրորդ կինը և երկրորդ ամուսնությունից ծնված երեխան (հատոր 1-ին գ.թ. 41, 55):

3) 22.09.2010 թվականի թիվ ԱԲ038903 մահվան վկայականի համաձայն` Ռազմիկ Հեկտորի Հարությունյանը մահացել է 16.09.2010 թվականին (հատոր 1-ին գ.թ. 42):

4) Ահաբեկչական գործողությունների և հանցանքների զոհերի երաշխիքային հիմնադրամի կողմից տրված և 03.10.2008 թվականին հաստատված «Համաձայնության հաստատում» փաստաթղթի համաձայն` «Գործ TL200674677-1, Արությունյան CIVIL Թուլուզից, Ռեֆ. CIVI 08/00276, Պարոն Ռազմիկ Արությունյանը /ծնված` 17.09.1970թ., ք. Կիրովաբադում, բնակվող` Ռ. Կընոյի 1-ին փակուղի, բն. 324, Կաստանե Թոլուսան 31320 հասցեում, մի կողմից և երաշխիքային հիմնադրամը, որի նստավայրն է Վենսեն 94 ՍԵԴԵՔՍ, Դևֆրանս փող. 64, մյուս կողմից կնքեցին սույն փաստաթուղթը հետևյալի մասին. 15 հունվարի 2005 թվականին Կաստանե Թոլուսանում /31320/ տեղի ունեցած դեպքերից հետո, որը պատճառ հանդիսացավ, մասնավորապես, տիկին Լիանա Արությունյանի մահվան, ինչպես նաև պարոն Ռազմիկ Արությունյանին հասցրած լուրջ վնասվածքների, իրեն հատկացվող փոխհատուցումը` որպես բարոյական վնաս, կապված կնոջ կորստյան, ինչպես նաև ցանկացած պատճառների արդյունքում առաջացած ֆինանսական վնաս, ամրագրվում է ընդհանուր համաձայնությամբ, ըստ փոխհատուցման գործարքի, 273.676,01 եվրո գումարի չափով, որի մանրամասները ներկայացված են փոխհատուցմանը վերաբերող կից փաստաթղթերում» (հատոր 1-ին, գ.թ. 34):

5) «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի «Արաբկիր» մասնաճյուղի կողմից 08.10.2010 թվականին տրամադրված` Ամալյա Ստեփանյանի բանկային հաշվի քաղվածքի համաձայն` 10.02.2010 թվականին Ամալյա Ստեփանյանին փոխանցվել է (մուտք) 230.000 եվրո գումար, որը 11.02.2010 թվականին (ելք) ձևակերպվել է որպես ավանդ: Միաժամանակ 04.02.2010 թվականից սկսած Ամալյա Ստեփանյանի կողմից իրականացվել են տարբեր գործարքներ, ինչի արդյունքում մնացորդը տվյալ հաշվի վրա 30.06.2010 թվականի դրությամբ կազմել է 0 (զրո) (հատոր 1-ին, գ.թ. 53-54):

6) «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի կողմից 30.05.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Ամալյա Ստեփանյանը 07.04.2010 թվականին բանկում ունեցած իր հաշվից կատարել է 109.000 ԱՄՆ դոլարի փոխանցում` «փոխանցում հաշվին բնակարանի արժեք» նկարագրությամբ (հատոր 3-րդ, գ.թ. 104-105):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ, 1186-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք ժառանգատուի կողմից իրեն պատկանող դրամական միջոցներն այլ անձի բանկային հաշվին փոխանցած լինելու պայմաններում այդ դրամական միջոցները կարող են ներառվել ժառանգության զանգվածի մեջ ու բաժանվել ժառանգների միջև:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես`

1) ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները.

2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը.

3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները.

4) այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ժառանգումը մահացած անձի իրավունքների և պարտականությունների` օրենքով սահմանված կարգով փոխանցումն է այլ անձանց: Օրենսդիրը, կարգավորելով այդ կապակցությամբ ծագած հարաբերությունները, ժառանգման ինստիտուտի յուրաքանչյուր տարրին հասցեագրված հստակ պահանջներ է ամրագրել: Այսպես, ժառանգության ինստիտուտի առանցքային տարրերից է ժառանգության զանգվածը, որի բովանդակությունը կազմում են ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Ժառանգության զանգվածի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումից հետևում է, որ օրենսդիրը, ընդհանրական կերպով սահմանելով ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմը, միաժամանակ նախատեսել է հետևյալ սահմանափակումները`

ա) ժառանգության զանգվածի կազմում չեն կարող ներառվել ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները.

բ) ժառանգության զանգվածի կազմում կարող է ներառվել միայն ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը:

Վերը նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ բխում են ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններից:

Ժառանգման իրավահարաբերությունների հիմքում ընկած է ընդհանուր իրավահաջորդության դրույթը, հետևաբար փոխանցման ենթակա է ոչ թե ցանկացած գույք կամ գույքային իրավունք կամ պարտականություն, այլ ժառանգության բացման պահին ժառանգատուին պատկանող համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը կամ պարտականությունը: Միևնույն ժամանակ փոխանցման ենթակա է ոչ թե ժառանգատուին պատկանող ցանկացած գույք կամ գույքային իրավունք կամ պարտականություն, այլ միայն նրանք, որոնք ժառանգատուի մահվան պարագայում անգամ շարունակում են իրենց օբյեկտիվ գոյությունը: Հետևաբար ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված այն իրավունքները և պարտականությունները, որոնք, ըստ էության, սերտաճելով ժառանգատուի անձի հետ, դադարում են նրա մահվամբ, չեն կարող ժառանգության զանգվածի մեջ մտնել և փոխանցվել իրավահաջորդության կարգով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ժառանգության զանգվածի մաս կարող են կազմել նաև դրամական միջոցները: Դրամը` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, միաժամանակ սեփականության իրավունքի օբյեկտ է: Որպես սեփականության իրավունքի օբյեկտ` այն կարող է քաղաքացիական շրջանառությունում հանդես գալ կանխիկ և անկանխիկ եղանակով: Եթե կանխիկ շրջանառության պարագայում անձի սեփականության իրավունքը հավաստվում է դրամական միջոցների` համապատասխան անձի կողմից տիրապետման փաստով, ապա անկանխիկ շրջանառության պարագայում առաջնային նշանակություն են ձեռք բերում տվյալ անձի անունով առկա դրամական միջոցների հաշիվները և դրանցում մուտք եղած դրամական միջոցները:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ժառանգության իրավահարաբերություններից բխող վեճերով որպես ժառանգության զանգվածի մաս վկայակոչվում են դրամական միջոցները, դատարանները, որպես գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ, պետք է պարզեն հետևյալ փաստական տվյալները`

- վկայակոչված դրամական միջոցներն արդյո՞ք գոյություն ունեն օբյեկտիվ իրականությունում,

- եթե` այո, ապա կանխիկ, թե անկանխիկ եղանակով,

- եթե` կանխիկ, ապա արդյո՞ք այդ դրամական միջոցները մինչև ժառանգության բացման օրը փաստացի գտնվել են ժառանգատուի տիրապետման ներքո,

- եթե` անկանխիկ, ապա արդյո՞ք համապատասխան բանկային հաշիվը պատկանել է ժառանգատուին (նշված փաստի հավաստիք կարող է, օրինակ, լինել բանկային հաշվի պայմանագիրը):

Սույն գործի փաստերի համաձայն` Ահաբեկչական գործողությունների և հանցանքների զոհերի երաշխիքային հիմնադրամի կողմից 03.10.2008 թվականին հաստատված «Համաձայնության հաստատում» վերտառությամբ փաստաթղթով Ռազմիկ Հարությունյանը` որպես բարոյական վնաս, կապված իր կնոջ` Լիաննա Ավետիսյանի կորստյան (մահվան) հետ, ինչպես նաև որպես իրեն հասցրած վնասվածքների հատուցում, ստացել է 273.676,01 եվրո գումար: Հետագայում` 10.02.2010 թվականին, Ռազմիկ Հարությունյանը նշված գումարից 230.000 եվրո գումարը փոխանցել է իր մոր` Ամալյա Ստեփանյանի համապատասխան հաշվեհամարին: 11.02.2010 թվականին Ամալյա Ստեփանյանը 230.000 եվրո գումարը ձևակերպվել է որպես ավանդ իր անվամբ: Ըստ գործում առկա` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի «Արաբկիր» մասնաճյուղի կողմից 08.10.2010 թվականին տրամադրված` Ամալյա Ստեփանյանի բանկային հաշվի քաղվածքի համաձայն` 10.02.2010 թվականին Ամալյա Ստեփանյանին փոխանցվել է (մուտք) 230.000 եվրո գումար, որը 11.02.2010 թվականին (ելք) ձևակերպվել է որպես ավանդ: Միաժամանակ 04.02.2010 թվականից սկսած Ամալյա Ստեփանյանի կողմից իրականացվել են տարբեր գործարքներ, ինչի արդյունքում մնացորդը տվյալ հաշվի վրա 30.06.2010 թվականի դրությամբ կազմել է 0 (զրո) դրամ: Մասնավորապես, ըստ գործում առկա` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի կողմից 30.05.2012 թվականին տրված տեղեկանքի` Ամալյա Ստեփանյանը 07.04.2010 թվականին բանկում ունեցած իր հաշվից կատարել է 109.000 ԱՄՆ դոլարի փոխանցում` «փոխանցում հաշվին բնակարանի արժեք» նկարագրությամբ:

Սույն գործով Դատարանը, արձանագրելով, որ Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Ամալյա Ստեփանյանի և Ռազմիկ Հարությունյանի միջև կնքված է եղել որևէ, այդ թվում նաև` նվիրատվության գործարք, որի շրջանակներում փոխանցվել է 230.000 եվրոն, գտել է, որ Ամալյա Ստեփանյանի հաշվին փոխանցված 230.000 եվրոն պատկանել է հանգուցյալ Ռազմիկ Հարությունյանին և մտնում է վերջինիս ժառանգության զանգվածի մեջ:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ներկայացվել է ժառանգատուին ենթադրաբար պատկանող դրամական միջոցները ժառանգության զանգվածում ներառելու և այն ժառանգների միջև բաժանելու պահանջ: Հետևաբար սույն գործով նախևառաջ պետք է հիմնավորվեին տվյալ դրամական միջոցների առկայությունը և դրանք ժառանգատուին պատկանելու փաստը:

Սույն գործում առկա տեղեկանքի համաձայն`ժառանգատու Ռազմիկ Հարությունյանը վիճելի դրամական միջոցները դեռևս իր կենդանության օրոք` 10.02.2010 թվականին, փոխանցել է պատասխանող Ամալյա Ստեփանյանի` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում առկա բանկային հաշվին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 912-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բանկային հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրությունները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բանկն իրավունք չունի որոշել և վերահսկել հաճախորդի դրամական միջոցների օգտագործման ուղղությունները կամ սահմանել օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով չնախատեսված այլ սահմանափակումներ իր դրամական միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա իրավունքների նկատմամբ:

Վկայակոչված իրավակարգավորումից հետևում է, որ դրամական միջոցները համապատասխան անձի բանկային հաշվին մուտքագրվելու պահից դրանց նկատմամբ պահանջի իրավունքը պատկանում է միայն տվյալ անձին և վերջինս իրավունք ունի դրանք տնօրինելու սեփական հայեցողությամբ: Հետևաբար դրամական միջոցները համապատասխան անձի բանկային հաշվին մուտքագրվելու պահից գործում է այդ միջոցների` տվյալ անձի սեփականությունը լինելու կանխավարկածը, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:

Վերոգրյալի համատեքստում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանող Ամալյա Ստեփանյանի` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում առկա բանկային հաշվին 10.02.2010 թվականին կատարված փոխանցմամբ դադարել է 230.000 եվրոյի, համապատասխանաբար նաև դրա մաս կազմող` 180.000 եվրոյի նկատմամբ Ռազմիկ Հարությունյանի սեփականության իրավունքը, ինչը միաժամանակ պայմանավորել է այդ դրամական միջոցների նկատմամբ Ամալյա Ստեփանյանի սեփականության իրավունքի ծագման փաստը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է նաև կողմերի դրսևորած հետագա վարքագծի գնահատմամբ:

Այսպես,

- Ռազմիկ Հարությունյանը, դրամական միջոցները փոխանցելով Ամալյա Ստեփանյանի բանկային հաշվին, որևէ կամք չի դրսևորել այդ միջոցների հետագա տնօրինման վերաբերյալ.

- Ամալյա Ստեփանյանը դրամական միջոցներն իր բանկային հաշվին մուտքագրվելուց հետո տնօրինել է նշված դրամական միջոցները` բանկային ավանդի պայմանագիր, հետագայում նաև` այլ գործարքներ կնքելով,

- գործում առկա չէ որևէ ապացույց, որը հիմնավորում է Ռազմիկ Հարությունյանի և Ամալյա Ստեփանյանի միջև պարտավորական հարաբերությունների առկայության փաստը:

Վերը շարադրված փաստական հանգամանքները ևս անուղղակիորեն վկայում են, որ Ռազմիկ Հարությունյանի կողմից վիճելի դրամական միջոցների փոխանցումն իրականացվել է առանց դրանց նկատմամբ սեփականության իրավունքի պահպանման մտադրության, հետևաբար Ամալյա Ստեփանյանի բանկային հաշվին մուտքագրվելու պահից դրանք դադարել են հանդիսանալ Ռազմիկ Հարությունյանի սեփականությունը և վերջինիս ժառանգության բացման ժամանակ չէին կարող մտնել նրա ժառանգության զանգվածի մեջ:

Ավելին, գործում առկա ապացույցի համաձայն` փոխանցված դրամական միջոցներով 04.02.2010 թվականից սկսած Ամալյա Ստեփանյանի կողմից իրականացվել են տարբեր գործարքներ, ինչի արդյունքում մնացորդը վերջինիս բանկային հաշվի վրա 30.06.2010 թվականի դրությամբ կազմել է 0 (զրո) դրամ: Այսինքն` վիճելի դրամական միջոցները ժառանգության բացման պահին այլևս գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում, որպիսի հանգամանքը ևս բացառում է դրանց` ժառանգության զանգվածում ներառելու և ժառանգների միջև բաժանելու հնարավորությունը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի դրամական միջոցները (230.000 եվրոյի մաս կազմող 180.000 եվրոն) Ռազմիկ Հարությունյանի ժառանգության զանգվածի մաս չեն կազմում, հետևաբար չէին կարող ներառվել ժառանգության զանգվածում և բաժանվել ժառանգների միջև, մինչդեռ ստորադաս դատարանները վերոգրյալի անտեսմամբ` սխալ եզրահանգման են եկել գործի լուծման համար նշանակություն ունեցող նշված փաստերի վերաբերյալ, ինչը հանգեցրել է վեճի սխալ լուծմանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանում է միայն Դատարանի վճիռը` Մարինա Բադեմյանին (Պողիկյան), Ամելիա Հարությունյանին, Լուիզա Հարությունյանին և Ամալյա Ստեփանյանին հանգուցյալ Ռազմիկ Հարությունյանի ժառանգական զանգվածի` Ամալյա Ստեփանյանի անվամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում հաշվեհամարին գտնվող 180.000 եվրոյի նկատմամբ ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելու և այն ժառանգների միջև բաժանելու բավարարված պահանջների մասով օրինական ուժի մեջ թողնելու մասով, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է միայն այդ մասով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ նույն կետի «բ» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջի գործերով` բազային տուրքի 20-պատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Ամալյա Ստեփանյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք և միջնորդել է պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.10.2015 թվականի որոշմամբ բավարարվել է:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ հայցերը մասնակիորեն` Ռազմիկ Հարությունյանի կողմից Ամալյա Ստեփանյանի բանկային հաշվին փոխանցված դրամական միջոցները ժառանգական զանգվածի մեջ ներառելու և այն ժառանգների միջև բաժանելու պահանջի մասով, մերժման, միաժամանակ նկատի ունենալով, որ մասնակի մերժման ենթակա հայցերը հարուցվել են առանձին և մեկ վարույթում քննվել են գործերի միացման արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորներից յուրաքանչյուրից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 30.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար:

Միաժամանակ հայցվորներից յուրաքանչյուրից հօգուտ Ամալյա Ստեփանյանի ենթակա է բռնագանձման 10.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի կես մասի գումար, ինչպես նաև 5.000-ական ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի կես մասի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2015 թվականի որոշման` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.12.2014 թվականի վճիռը` Մարինա Բադեմյանին (Պողիկյան), Ամելիա Հարությունյանին, Լուիզա Հարությունյանին և Ամալյա Ստեփանյանին հանգուցյալ Ռազմիկ Հարությունյանի ժառանգական զանգվածի` Ամալյա Ստեփանյանի անվամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում հաշվեհամարին գտնվող 180.000 եվրոյի նկատմամբ` յուրաքանչյուրին 1/4 մասով, ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու մասով, օրինական ուժի մեջ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` Մարինա Բադեմյանի (Պողիկյան), Ամելիա Հարությունյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Բադեմյանի, Լուիզա Հարությունյանի խնամակալ Սոֆյա Ավետիսյանի հայցերը` Ամալյա Ստեփանյանի անվամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում հաշվեհամարին գտնվող 180.000 եվրոյի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և այն բաժանելու պահանջների մասով, մերժել:

2. Մարինա Բադեմյանից (Պողիկյան) ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար:

Սոֆյա Ավետիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար:

Մարինա Բադեմյանից (Պողիկյան) հօգուտ Ամալյա Ստեփանյանի բռնագանձել 15.000 ՀՀ դրամ, որից 10.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի կես մասի գումար, 5.000 ՀՀ դրամը` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի կես մասի գումար:

Սոֆյա Ավետիսյանից հօգուտ Ամալյա Ստեփանյանի բռնագանձել 15.000 ՀՀ դրամ, որից 10.000 ՀՀ դրամը` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի կես մասի գումար, 5.000 ՀՀ դրամը` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի կես մասի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԵԱՔԴ/2174/02/11
Որոշում