Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 113-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 113-ՐԴ ԵՎ 265-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԱՔԴ/3085/02/13
 2016թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3085/02/13  
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
                   Դատավորներ` Ա. Պետրոսյան
                                                 Գ. Կարախանյան  

    

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

                   

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հովհաննես Սողոմոնյանի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հովհաննես Սողոմոնյանը պահանջել է վերացնել Ընկերության գլխավոր տնօրենի 29.11.2013 թվականի «Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 3658-Կ հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 02.02.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.05.2015 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.02.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ, 113-րդ և 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակում Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը` որպես առանձին կառուցվածքային միավոր, բացակայում է, իսկ Հովհաննես Սողոմոնյանի կողմից նախկինում զբաղեցված Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության, Կենտրոնի վաճառքի ուղղություն ստորաբաժանման տարածքային մասնագետի պաշտոնը կրճատված է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) ծառայությունում առկա Կենտրոնի վաճառքի և սպասարկման գրասենյակների ուղղությունը թե՛ Ընկերության 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակում և թե՛ 02.09.2013 թվականի թիվ 14/13 հաստիքացուցակում ընդգրկում է Կենտրոնի վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի պաշտոնը, ընդ որում, թե՛ Ընկերության 13.11.2013 թվականի թիվ 17/13 հաստիքացուցակում և թե՛ 02.09.2013 թվականի թիվ 14/13 հաստիքացուցակում նշված ստորաբաժանման հաստիքները և քանակները չեն փոփոխվել, հետևաբար Կենտրոնի վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի հաստիքը որևէ կապ չունի հայցվորի զբաղեցրած պաշտոնի հետ: Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ նշված հաստիքը հայցվորի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու պահին թափուր չի եղել:

Սույն քաղաքացիական գործով որպես ապացույց Ընկերության կողմից ներկայացվել են և~ թիվ 14/13, և՛ թիվ 17/13 հաստիքացուցակները, ինչպես նաև վերաքննիչ բողոքում նշվել է վիճահարույց պաշտոնների ոչ նույնական լինելու հանգամանքը, մինչդեռ հիշյալ հանգամանքները ստորադաս դատարանների կողմից պատշաճ հետազոտման և անհրաժեշտ իրավական գնահատման չեն արժանացել: Մասնավորապես` նշված հաստիքացուցակներով ապացուցվում է, որ թիվ 17/13 հաստիքացուցակով Շարժական բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով հաստիքների քանակը կազմում է 504` նախկին 544-ի փոխարեն: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաճառքի ուղղությամբ սպասարկող աշխատողների թվաքանակի կրճատում տեղի չի ունեցել, այլ ընդհակառակը` ավելացում է կատարվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.05.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 06.03.2013 թվականին Ընկերության և Հովհաննես Սողոմոնյանի միջև կնքվել է թիվ 6282 աշխատանքային պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), համաձայն որի` Հովհաննես Սողոմոնյանն Ընկերությունում զբաղեցրել է Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Կենտրոնի վաճառքի ուղղություն ստորաբաժանման տարածքային մասնագետի պաշտոնը (աշխատանքի վայրը` Արմավիրի մարզ)` անմիջականորեն ենթարկվելով Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Կենտրոնի վաճառքի ուղղության ղեկավարին (հատոր 1-ին, գ.թ. 7-10):

2) 27.11.2013 թվականի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցմամբ Հովհաննես Սողոմոնյանը ծանուցվել է Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված Ընկերության տնօրենների խորհրդի 13.11.2013 թվականի թիվ 17/13 որոշման հիման վրա աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով 29.11.2013 թվականից աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Ծանուցմամբ միաժամանակ հայտնվել է, որ Ընկերությունում Հովհաննես Սողոմոնյանին այլ աշխատանք չի առաջարկվում` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 12):

3) «Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» Ընկերության գլխավոր տնօրենի 27.11.2013 թվականի թիվ 3658-Կ հրամանով Ընկերությունում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով 29.11.2013 թվականից լուծվել է 06.03.2013 թվականին Հովհաննես Սողոմոնյանի հետ կնքված թիվ 6282 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 13):

4) Համաձայն 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշման` ըստ Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակից քաղվածքի` Շարժական կապի բլոկն ունեցել է, մասնավորապես` Կոմերցիոն տնօրինություն, որում ներառված է եղել Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը: ԱԱՑ ծառայությունն իր մեջ ներառել է Երևանի վաճառքի բաժին, Արևելքի, Արևմուտքի, Կենտրոնի, Հյուսիսի և Հարավի վաճառքի ուղղություններ: Կենտրոնի վաճառքի ուղղությունում առկա են եղել Կենտրոնի վաճառքի ուղղության ղեկավարի 1, ավագ տարածքային մասնագետի 1, տարածքային մասնագետի 1 հաստիքներ: Շարժական կապի բլոկն ունեցել է նաև Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) միջոցով վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղություն: Կենտրոնի գրասենյակների ուղղությունում առկա են եղել գրասենյակների ուղղության ղեկավարի 1, գրասենյակի մենեջերի 6, գրասենյակի առաջատար մասնագետի 19, գրասենյակի ավագ մասնագետի 13 և գրասենյակի մասնագետի 44 հաստիքներ (հատոր 1-ին, գ.թ. 49-53, 61-64):

5) Համաձայն 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշման` ըստ Շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրինության և ֆիքսված կապի բլոկի կոմերցիոն տնօրինության մասով Ընկերության հաստիքացուցակից քաղվածքի` Շարժական կապի բլոկում առկա չէ Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայություն: Շարժական կապի բլոկում առկա է Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառել է Երևանի, Կենտրոնի, Հյուսիսի, Հարավի գրասենյակների ուղղություն: Կենտրոնի գրասենյակների ուղղությունում առկա են գրասենյակների ուղղության ղեկավարի 1, գրասենյակի մենեջերի 6, գրասենյակի առաջատար մասնագետի 19, գրասենյակի ավագ մասնագետի 13 և գրասենյակի մասնագետի 44 հաստիքներ: Ավելացել է նաև վաճառքի և սպասարկման գրասենյակների սեկտորի առաջատար մասնագետի 2 հաստիք (հատոր 1-ին, գ.թ. 54-57, 65-69):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 265-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու պարագայում աշխատողին աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին` վերահաստատելով իր կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը, մասնավորապես`

1. պայմանագիրը պետք է կնքված լինի անորոշ կամ որոշակի ժամկետով.

2. պայմանագրի լուծումը պետք է պայմանավորված լինի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ.

3. պետք է կրճատված լինեն աշխատողների քանակը և (կամ) հաստիքները.

4. գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պետք է աշխատողին առաջարկած լինի նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը պետք է հրաժարված լինի առաջարկված աշխատանքից, կամ

5. գործատուի մոտ պետք է բացակայեն աշխատողին` նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունները:

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործատուի մոտ միայն արտադրության ծավալների, տնտեսական պայմանների, տեխնոլոգիական պայմանների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությունն ինքնին բավարար չէ աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու համար, եթե նշված հանգամանքները չեն հանգեցրել աշխատողների թվաքանակի կրճատմանը (տե՛ս, Արտակ Մուրադյանը, Հովհաննես Դերձակյանը, Սրբուհի Հարությունյանը, Սուրեն Թադևոսյանը և Եվգենիա Մանուկյանն ընդդեմ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի թիվ ԵԿԴ/3613/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկություններին, փաստել է, որ գործատուն չի կարող աշխատողին առաջարկել ցանկացած աշխատանք, այլ պարտադիր պայման է համարվում, որ գործատուի մոտ առկա հնարավորությունների սահմաններում առաջարկված աշխատանքը համապատասխանի աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին: Միայն աշխատողի կողմից մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան առաջարկված աշխատանքից հրաժարումը կարող է հանգեցնել գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծմանը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացությունները պետք է առավել լայն մեկնաբանության առարկա դարձվեն` հաշվի առնելով նաև այնպիսի կարևոր հանգամանք, ինչպիսին է տվյալ աշխատողի նախկինում զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն, որ օրենքի վերոնշյալ հոդվածը նպատակ է հետապնդում պաշտպանության տակ առնելու աշխատողներին այն բոլոր դեպքերում, երբ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում համապատասխան աշխատողի կողմից զբաղեցրած պաշտոնի փոխարեն նույն գործատուի մոտ դեռևս առկա է (կամ առաջանում է) նախկինում կատարած աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանք (տե՛ս, Գայանե Դանիլովան ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/2378/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հարցին այն դեպքերում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք: Մասնավորապես, Անաստաս Գիշյանը, Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքում աշխատողներ Անաստաս Գիշյանի և Նորայր Եղիկյանի նախկին հաստիքային միավորը գոյություն չունի, իսկ գործող գյուղական մոդեռնիզացված անալոգային կոորդինատային կայանների սպասարկման համար նախկին աշխատակիցների անհրաժեշտությունը չլինելու, ինչպես նաև չսպասարկվող կայանները կարիքն առաջանալու դեպքում կայանային խմբի ղեկավարի և ճարտարագետի կողմից սպասարկվելու պայմաններում, գործատուի մոտ բացակայում են նաև նրանց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքներ, իսկ հայցվորները չեն ապացուցել, որ Ընկերության վարչակազմակերպչական կառուցվածքում իրենց նախկին հաստիքային միավորի գոյություն ունենալու, ինչպես նաև ընկերությունում իրենց մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք լինելու փաստերը, գտել է, որ հայցվորների հետ աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի (ներկայիս գործող խմբագրությամբ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի) և 3-րդ մասի պահանջների պահպանմամբ (տե՛ս, Անաստաս Գիշյանը և Նորայր Եղիկյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատարանը պետք է վերականգնի աշխատողին իր նախկին պաշտոնում այն դեպքում, երբ ընկերության գործող վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է հայցվորը, ըստ էության, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` աշխատողին աշխատանքում չվերականգնելու հիմքի առկայության պայմաններում դատարանի կողմից ընկերության վրա չի կարող դրվել այնպիսի պարտավորություն, որի փաստացի կատարումն օբյեկտիվորեն անհնար է, և նման դեպքերում դատարանի կողմից վերը նշված հոդվածը չկիրառելը կհանգեցնի գործատուի համար լրացուցիչ պարտավորության` ստեղծելու կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք, իսկ նման պարտավորության սահմանումը կհանգեցնի գործատուի` ՀՀ Սահմանադրության` իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակմանը: Նշվել է նաև, որ այդ իսկ նպատակով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս, Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադարձել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով աշխատանքում վերականգնելու առանձնահատկություններին` արձանագրելով, որ`

1. ոչ բոլոր դեպքերում է, որ առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխելը, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելը կարող է հիմք հանդիսանալ աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու համար.

2. այդ կանոնից բացառություն է այն դեպքը, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում անգամ վերը նշված խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է նաև տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով.

i

3. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը գնում է միայն նախկին աշխատանքում վերականգնվելու մասին, այսինքն` այն աշխատանքում, որն աշխատողը հրամանի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարել է աշխատանքից ազատվելու հրամանն արձակելու պահի դրությամբ (տե՛ս, Քրիստինա Նեբիշն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Հովհաննես Սողոմոնյանը 06.03.2013 թվականից Ընկերությունում զբաղեցրել է Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինության արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայության Կենտրոնի վաճառքի ուղղություն ստորաբաժանման տարածքային մասնագետի պաշտոնը` աշխատանքի վայրը` Արմավիրի մարզ: «Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» Ընկերության գլխավոր տնօրենի 27.11.2013 թվականի թիվ 3658-Կ հրամանով Հովհաննես Սողոմոնյանի հետ կնքված թիվ 6282 աշխատանքային պայմանագիրը 29.11.2013 թվականից լուծվել է` աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և հաստիքների կրճատման պատճառով: 27.11.2013 թվականի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցմամբ Հովհաննես Սողոմոնյանին հայտնվել է, որ Ընկերությունում վերջինիս այլ աշխատանք չի առաջարկվում` համապատասխան հնարավորության բացակայության պատճառով:

13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկում բացակայում է Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը, որն առկա էր 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ գործով չեն հաստատվել հայցվորի նախկին հաստիքի կրճատման, ինչպես նաև հայցվորին նոր աշխատանք առաջարկելու համապատասխան հնարավորության բացակայության հանգամանքները: Դատարանը գտել է նաև, որ Ընկերությունը չի ապացուցել, որ 13.11.2013 թվականի հաստիքացուցակով նախատեսված «Կենտրոնի վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետը» բովանդակային առումով օժտված է այլ պարտականություններով` 02.09.2013 թվականի հաստիքացուցակով նախատեսված «Կենտրոնի վաճառքի ուղղության տարածքային մասնագետի» համեմատությամբ, և արձանագրել է, որ Ընկերության 13.11.2013 թվականի հաստիքացուցակով նախատեսված հաստիքի անվանումը Դատարանի կողմից չի կարող ընկալվել որպես նախկին հաստիքի կրճատում և նոր աշխատանք առաջարկելու «համապատասխան հնարավորության բացակայություն»` եզրակացնելով, որ «Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» Ընկերության գլխավոր տնօրենի 27.11.2013 թվականի թիվ 3658-Կ հրամանը չի կարող գնահատվել որպես ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթներին համապատասխանող:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, իր որոշմամբ վերահաստատել է ստորադաս դատարանի կողմից վերը նշված պատճառաբանություններն ու եզրահանգումները` միաժամանակ գտնելով, որ Դատարանը Հովհաննես Սողոմոնյանին վերականգնել է ոչ թե իր նախկին աշխատանքում, այլ նույն բաժնում առկա այլ թափուր հաստիքում` «Կենտրոնի վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետ»-ի պաշտոնում:

Մինչդեռ ստորադաս դատարանների եզրահանգումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործի փաստերի համաձայն` թե՛ 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում և թե՛ 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկում առկա է Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայություն, որն իր մեջ ներառում է Կենտրոնի գրասենյակների ուղղությունը` գրասենյակների ուղղության ղեկավարի 1, գրասենյակի մենեջերի 6, գրասենյակի առաջատար մասնագետի 19, գրասենյակի ավագ մասնագետի 13 և գրասենյակի մասնագետի 44 հաստիքներով:

Մինչդեռ 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկի Կոմերցիոն տնօրինությունում ներառված Արտաքին առևտրային ցանցի (ԱԱՑ) միջոցով վաճառքի ծառայությունը` դրանում ներառված Կենտրոնի գրասենյակների ուղղություն ստորաբաժանմամբ (որտեղ հայցվորը զբաղեցրել է տարածքային մասնագետի պաշտոնը) 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում ընդհանրապես գոյություն չունի, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը «նույն բաժնում առկա այլ թափուր հաստիքում» հայցվորին վերականգնելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով Դատարանը, անվավեր ճանաչելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Ընկերության 27.11.2013 թվականի թիվ 3658-Կ հրամանը և Հովհաննես Սողոմոնյանին վերականգնելով Ընկերությունում Կենտրոնի վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի պաշտոնում, իսկ Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի եզրահանգումները, չեն նշել այն ապացույցները, որոնք կհաստատեն Կենտրոնի վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետի պաշտոնը հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան լինելու, ինչպես նաև հայցվորի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու պահին այն թափուր լինելու փաստերը:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` նոր հաստիքներ ավելանալու վերաբերյալ, հետևյալ պատճառաբանությամբ.

1) 02.09.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 14/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում Շարժական կապի բլոկում առկա հաստիքների քանակը կազմում է 507 միավոր, իսկ 13.11.2013 թվականի Ընկերության տնօրենների խորհրդի թիվ 17/13 որոշմամբ հաստատված հաստիքացուցակում` 420 միավոր, և կրճատվել է հայցվորի` նախկինում զբաղեցրած պաշտոնն ընդգրկող ամբողջ ստորաբաժանումը, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վկայում է աշխատողների թվաքանակի կրճատման մասին, որպիսի պայմաններում Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայությունում ավելացած հաստիքները հետևանք են վարչակազմակերպչական կառուցվածքի փոփոխության և չեն կարող հերքել Ընկերությունում աշխատողների թվաքանակի կրճատման փաստը:

2) Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված հաստիքներն ավելացել են հայցվորի կողմից նախկինում զբաղեցրած պաշտոնն ընդգրկող ստորաբաժանումից տարբերվող այլ ստորաբաժանումում, այն է` Վաճառքի և սպասարկման գրասենյակների (ՎևՍԳ) վաճառքի ծառայությունում:

3) Հայցվորը վերականգնվել է ոչ թե վարչակազմակերպչական կառուցվածքի փոփոխության արդյունքում առաջացած հաստիքներից որևէ մեկում (ինչի համար ևս անհրաժեշտ կլիներ նշված հաստիքների` հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխանությունը), այլ նախկինում արդեն իսկ գոյություն ունեցող հաստիքում, հետևաբար նոր հաստիքներ առաջանալու հանգամանքը սույն գործի լուծման համար որևէ նշանակություն չունի:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չեն իրականացրել, ինչն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԵԱՔԴ/3085/02/13
Որոշում